Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (11-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.0071.290110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2010 թվականի N 71-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(11-րդ մաս)

 

128. Հարավային պայտաքիթ, Rhinolophus euryale Blasius, 1853

Կարգ` ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ, CHIROPTERA

 

Ընտանիք` Պայտակթայիններ, Rhinolophidae

 

Կարգավիճակը: Հազվադեպ, քիչ ուսումնասիրված տեսակ է` սահմանափակ նեղ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab+2a:

Տարածվածությունը: Հարավային Եվրոպայից` Հյուսիսային Աֆրիկայից և Փոքր Ասիայից մինչև Կովկաս և Անդրկովկաս, դեպի արևմուտք` մինչև Հարավ-Արևմտյան Թուրքմենիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում տեսակի արեալը սահմանափակվում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերով (Արենի, Չիվա, Ելփին, Զառիթափ, Մարտիրոս, Հեր-հեր, Խնձորեսկ գյուղերի և ք. Կապանի շրջակայքեր):

Ապրելավայրերը: Բացառապես լեռնատափաստանային, անտառատափաստանային և անապատային գոտիների քարանձավներում բնակվող տեսակ է:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ակտիվությունը սկսվում է մինչև մութն ընկնելը և շարունակվում մինչև մայրամուտը: Ի տարբերություն այլ պայտաքթայինների` ագրեսիվ չէ: Հունիսի սկզբին էգը ծնում է մեկ ձագ, որը մշտապես մնում է մոր կրծքին կպած: Ձմեռում են ամառային թաքստոցներում: Սնվում են մանր թեփուկաթևավորներով, երկթևավորներով և բզեզներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը հանրապետությունում վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու այցելությունները քարանձավներ բազմացման և ձմեռման շրջաններում:

Պահպանության միջոցառումները: Քարանձավների մի մասը ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում: 2008 թ.-ին Հասարակական կազմակերպությունների միջոցներով Նորավանքի կիրճի «Մագիլի» քարանձավը (Եղեգնաձորի շրջան) փակվել է այցելուների համար:

Անհրաժեշտ է հարավային պայտաքթի ապրելավայրեր հանդիսացող քարանձավների մուտքը փակել այցելուների համար:

 

129. Մեհելիի պայտաքիթ չղջիկ, Rhinolophus mehelyi Matschie, 1901

Կարգ` ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ, CHIROPTERA

 

Ընտանիք` Պայտակթայիններ, Rhinolophidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1)

«Vulnerable A4c» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` B1a+2ab(iii):

Տարածվածությունը: Անդրկովկասն այս տեսակի արեալի արևելյան սահմանն է, Հայաստանը` հարավային: Ռումինիա, Ֆրանսիա, Իսպանիա, Հյուսիսային Աֆրիկա, Լեռնային Ղարաբաղ, Վրաստան, Ադրբեջան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1945 թ.-ին, Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղում: Ներկայումս դրանց փոքր խմբերին (3-15 առանձնյակ) կարելի է հանդիպել Երևանի շրջակայքում (Կարմիր Բլուր, Ջրվեժ), Հրազդան գետով դեպի վեր` մինչև գ. Մեղրաձոր (Կոտայքի մարզ): Ընդհանուր առմամբ, տեսակի արեալը ներառում է ք. Գորիսից (գ. Խնձորեսկ) դեպի արևմուտք` մինչև ք. Արմավիր, և ք. Երևանից դեպի հյուսիս` մինչև Իջևանի շրջան (Տավուշի մարզ) տարածքները:

Ապրելավայրերը: Քարանձավներ, անձավներ, տաճարներ, եկեղեցիներ, փլատակներ, նկուղներ, թունելներ, հանքահորեր և այլն: Պայտաքթերին կարելի է հանդիպել ինչպես անտառային զանգվածներում, այնպես էլ կիսաանապատներում:

Ապրելավայրի մոտակայքում պարտադիր է ջրավազանի առկայությունը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ակտիվ են օրվա մութ ժամերին: Ամռան սկզբում էգը ծնում է մեկ ձագ: Սնվում են մանր և միջին չափերի թեփուկաթևավորներով, երկթևավորներով և կարծրաթևավորներով: Երբեմն ձմեռում են ամառային թաքստոցներում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայաստանի ամբողջ տարածքում նկատվում է թվաքանակի զգալի կրճատում, իսկ որոշ տեղերում (Կարմիր Բլուր, Մագիլի, Չայկենդ) մնացել են եզակի առանձնյակներ:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու այցելությունները քարանձավներ բազմացման, ձագերի զարգացման և ձմեռման շրջաններում: Եկեղեցիների, շինությունների, կամուրջների, հանքահորերի վերականգնումը կամ քանդումը:

Պահպանության միջոցառումները: Քարանձավների մի մասը ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում: Նորավանի կիրճի «Մագիլի» քարանձավը (Եղեգնաձորի շրջան) փակվել է այցելուների համար: Մեհելիի պայտաքթի ապրելավայրերին տալ արգելավայրերի կարգավիճակ: Անհրաժեշտ է Մեհելիի պայտաքթի ապրելավայրեր հանդիսացող քարանձավների մուտքը փակել այցելուների համար:

 

130. Բլազիի պայտաքիթ, Rhinolophus blasii Peters, 1866

Կարգ` ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ, CHIROPTERA

 

Ընտանիք` Պայտակթայիններ, Rhinolophidae

 

Կարգավիճակը: Հազվադեպ, անհետացող, չուսումնասիրված տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+2a:

Տարածվածությունը: Հարավային Եվրոպայի միջերկրածովային երկրներ, Հյուսիսային Աֆրիկա, Հարավ-Արևմտյան Թուրքմենիա, Հարավային Անդրկովկաս, Իրան: Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանը տեսակի արեալի հյուսիսային սահմանն է: Հայտնաբերված է Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի և Իրանին սահմանակից Սյունիքի մարզի հարավում գտնվող երեք քարանձավներում:

Ապրելավայրերը: Հանրապետության լեռնատափաստանային և կիսաանապատային գոտիներում բացառապես քարանձավներում ապրող տեսակ է:

Կենսաբանության առանձնահատկությունները: Կենսաբանական առանձնահատկությունները լավ ուսումնասիրված չեն: Էգը տարեկան ծնում է մեկ ձագ: Կեր հայթայթելու համար քարանձավներից դուրս են գալիս մթնշաղին և վերադառնում լուսաբացին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հազվադեպ հանդիպող, քիչ ուսումնասիրված տեսակ է սահմանափակ և նկատելիորեն կրճատվող արեալով:

Վտանգման հիմնական գործոնները: Հայտնի չեն:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում:

Անհրաժեշտ է Բլազիի պայտաքթի ապրելավայրեր հանդիսացող քարանձավների մուտքը փակել այցելուների համար:

 

131. Սովորական երկարաթև չղջիկ, Miniopterus schreibersi Kuhl, 1819

Կարգ` ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ, CHIROPTERA

 

Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

Տարածվածությունը: Իսպանիա, Աֆրիկա, Մադագասկար, Հնդկաստան, Չինաստան, Միջին Ասիա, Մալայան արշիպելագ, Ճապոնիա, Ավստրալիա, Նոր Գվինեա, Ղրիմ, Կովկաս, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Տարածված է բոլոր շրջաններում, բացի Շիրակի ու Արագածոտնի մարզերից, ինչպես նաև Գեղարքունիքի հյուսիսից: Առավել հաճախ կարելի է հայտնաբերել ք. Երևանում, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:

Ապրելավայրերը: Բացառապես քարանձավային տեսակ է: Գերադասում են կարստային ծագում ունեցող լայն, լավ օդափոխվող քարանձավները: Սրանց հաճախ կարելի է հանդիպել այլ հարթաքթայինների և պայտաքթայինների հետ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ձմռանը լքում են թաքստոցները և հաճախ չվում հանրապետության սահմաններից դուրս: Ակտիվ են վաղ գարնանից մինչև ուշ աշուն: Թռչում են արագ` միջատներին բռնելով ջրի մակերեսից, ավտոճանապարհներից և այլ բաց տարածություններից (անտառեզրեր, կիրճեր, գյուղերի և քաղաքների հրապարակներ): Մայիսի վերջում - հունիսի սկզբում էգը ծնում է մեկ ձագ: Որոշ դեպքերում ձևավորում են բազմաքանակ մայրական գաղութներ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայումս թվաքանակը գաղութներում և երկարաթև չղջիկների ընդհանուր թվաքանակը պոպուլյացիաներում զգալիորեն կրճատվել է:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու կողմից անհանգստացնելը բազմացման և ձագերի զարգացման ընթացքում: Ձմեռման խանգարումը:

Պահպանության միջոցառումները: Քարանձավների մի մասը ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում: «Մագելի», «Մոզրով» և «Արջի-Մեդվեժյա» քարանձավները փակվել են այցելուների համար:

Անհրաժեշտ է սովորական երկարաթև չղջիկի ապրելավայրեր հանդիսացող քարանձավների մուտքը փակել այցելուների համար:

 

132. Արաքսյան գիշերաչղջիկ, Myotis schaubi araxenus Dahl, 1947

Կարգ` ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ, CHIROPTERA

 

Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae

 

Կարգավիճակը: 1987 թ.-ին այս տեսակը Հայաստանի Կարմիր գրքում գրանցվել է որպես Նատերերի գիշերային չղջիկի (Myotis nattereri) ենթատեսակ` Նատերերի արաքսյան գիշերային չղջիկ: Այսօր այն առանձնացվել է որպես ինքնուրույն տեսակ գիշերային չղջիկների Myotis ցեղի կազմում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Data Deficient» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a+2a:

Տարածվածությունը: Հայտնաբերված է միայն Անդրկովկասի հարավում:

Տարածվածությունը Հայաստանում: Վայոց ձորի (Վայքի և Եղեգնաձորի շրջաններ) և Սյունիքի (Կապանի և Մեղրիի շրջաններ) մարզերում:

Ապրելավայրերը: Բնակվում է քարանձավներում, անձավներում, ժայռերի ճեղքերում, ծառերի փչակներում, նկուղներում, տների ձեղնահարկերում, անասնագոմերում և այլն:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հավաստի տեղեկություններ չկան: Հայտնի է միայն, որ էգը հունիսի վերջին ծնում է մեկ ձագ: Ապրում են 2-7 առանձնյակներից կազմված փոքր խմբերով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ծայրաստիճան հազվադեպ, քիչ ուսումնասիրված և նեղ արեալով տեսակ է: Սակավաթվության հետևանքով կարող է լիովին անհետանալ:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու կողմից անհանգստացնելը բազմացման և ձմեռման ընթացքում:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում: Քարանձավների մի մասը ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում:

Անհրաժեշտ է Արաքսյան գիշերաչղջիկի ապրելավայրեր հանդիսացող քարանձավների մուտքը փակել այցելուների համար:

 

133. Հայկական գիշերաչղջիկ, Myotis hajastanicus, Argyropulo, 1939

Կարգ` ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ, CHIROPTERA

 

Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae

 

Կարգավիճակը: Առաջին անգամ տեսակը նկարագրվել է Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափի տարածքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Critically Endangered D» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1a+D:

Տարածվածությունը: Առաջին անգամ հայտնաբերվել է (2000-2001 թթ.) Սևանա լճի ափին (Գեղարքունիքի մարզ)` Արտանիշի տեղամասի անձավներում, և Ծափաթաղ գյուղի մոտակայքում:

Տարածվածությունը Հայաստանում: Սևանի լեռնաշղթայի հարավ-արևելյան լանջին բռնվել և գրանցվել են դետեկտորի օգնությամբ (Pettersson-200), 11 կմ երկարությամբ տարածքում:

Ապրելավայրերը: Բնորոշ բիոտոպերն են կրա-խճաքարային լանջերն անձավների և ճեղքերի առկայությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: ՈՒսումնասիրված չէ: Հայտնի է, որ բնակվում են 2000-2300 մ ծ.մ.բ. բարձրություններում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ծայրաստիճան հազվադեպ, քիչ ուսումնասիրված և նեղ արեալով տեսակ է: Արեալի նման սահմանափակությունը դիտվում է առաջին անգամ:

Վտանգման հիմնական գործոնները: Հայտնի չեն:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում:

Անհրաժեշտ է ուժեղացնել հսկողությունը «Սևան» ազգային պարկի սահմաններում գտնվող ապրելավայրերի նկատմամբ: Անհրաժեշտ է Հայկական գիշերաչղջիկի ապրելավայրեր հանդիսացող քարանձավների մուտքը փակել այցելուների համար:

 

134. Բեխշտեյնի գիշերաչղջիկ, Myotis bechsteinii Kuhl, 1818

Կարգ` ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ, CHIROPTERA

 

Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near

Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a:

Տարածվածությունը: Անգլիա, Մերձբալթյան երկրներ, Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Շվեյցարիա, Հունգարիա, Լեհաստան, Հարավային Կովկաս և Անդրկովկաս` ներառյալ Լեռնային Ղարաբաղը:

Տարածվածությունը Հայաստանում: Առաջին անգամ տեսակը նկարագրվել է 2003 թ.-ին Սյունիքի մարզի հյուսիս-արևելքում (Գորիսի շրջան), իսկ 2004 թ.-ին` Լեռնային Ղարաբաղին սահմանակից գյուղերում:գ. Խնձորեսկ և ք. Գորիսի շրջակայքը (գգ. Թեղ և Կոռնիձոր):

Ապրելավայրերը: Բնորոշ ապրելավայրերն են անտառապատ լանջերը և լեռնային գետակների կիրճերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ապրում են անհատորեն կամ փոքր խմբերով` առավելապես ծառերի փչակներում, կամ կեղևի տակ, երբեմն` բնակելի շինությունների, ցախատների և գերանածածկ անասնագոմերի տանիքների տակ: Ակտիվ են օրվա մթնշաղին: Կերը բռնում են` թռչելով ծառերի կամ ջրավազանների վրայով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հազվադեպ, քիչ ուսումնասիրված տեսակ է: Թվաքանակը և պոպուլյացիաների սահմաններն ուսումնասիրված չեն:

Վտանգման հիմնական գործոնները: Անտառների հատումը և թունաքիմիկատներով մշակումը:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում:

Պահպանության միջոցառումներում ներառել այն ծառերը, որոնց փչակներում բնակվում են չղջիկները:

 

135. Ասիական լայնականջ չղջիկ, Barbastella leucomelas Gretzschmar, 1830

Կարգ` ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ, CHIROPTERA

 

Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii):

Տարածվածությունը: Անդրկովկասից մինչև Դաղստան, Հարավային Թուրքմենիա, ամբողջ լեռնային Թուրքմենիան և Հիմալայները, մինչև Սի Չուան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանն այս սակավաթիվ տեսակի արեալի արևմտյան սահմանն է: ք. Երևանի շրջակայքը, Կոտայքի մարզ (Գառնի, Գեղարդ, Արզնի, Աբովյան), Վայոց ձորի մարզ (գգ. Արփի, Ելփին, Չիվա, Արենի, Հեր-հեր, Մարտիրոս և այլն), Սյունիքի մարզ (գգ. Խնձորեսկ, Նյուվադի, քք. Մեղրի և Գորիս), Տավուշի և Լոռու մարզեր:

Ապրելավայրերը: Սովորաբար, ապրում և ձմեռում են քարանձավներում և անձավներում, հազվադեպ` տարբեր շինությունների նկուղներում և ձեղնահարկերում: Գերադասում են բնակվել նոսրանտառներում, ջրավազաններին մոտ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Երբեք մեծ գաղութներ չեն առաջացնում, ավելի հաճախ ապրում են անհատորեն կամ փոքր խմբերով (2-7 առանձնյակ): Ակտիվ են օրվա բոլոր մութ ժամերին: Էգը մայիսի վերջին - հունիսի սկզբին ծնում է մեկ, հազվադեպ` երկու ձագ: Ձմռանն անցնում են ավելի խոր և համեմատաբար տաք թաքստոցներ: Սնվում են ճանճերով, մոծակներով, մանր թիթեռներով և բզեզներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Արեալը նկատելիորեն կրճատվում է հյուսիսից դեպի հարավ: Այս տեսակի հանդիպման սովորական վայրերում ևս թվաքանակը կրճատվել է:

Վտանգման հիմնական գործոնները: Բնական հարմար թաքստոցների կրճատումը և քանդումը:

Պահպանության միջոցառումները: Քարանձավների մի մասը ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում: «Մագիլի» քարանձավը փակվել է այցելուների համար:

Փակել քարանձավները այցելուների համար: Անհրաժեշտ է հարավային պայտաքթի ապրելավայրեր հանդիսացող «Պտիչյա» և «Չայկենդ» քարանձավների մուտքը փակել այցելուների համար:

 

136. Գորշ ականջեղ, Plecotus auritus L., 1758

Կարգ` ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ, CHIROPTERA

 

Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae

 

Կարգավիճակը: Սակավաթիվ տեսակ է թվաքանակի կրճատման միտումով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a:

Տարածվածությունը: Հարավային Եվրոպա և Սիբիր, Մանչժուրիա, Հյուսիսային Մոնղոլիա, Ալթայ, Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանները:

Ապրելավայրերը: Բնակվում են տարբեր շինությունների նկուղներում և ձեղնահարկերում: Սրանց կարելի է հանդիպել նաև ծառերի փչակներում, ժայռերի ճեղքերում` մինչև 2450 մ ծ.մ.բ. բարձրությունում: Գերադասում են լեռնատափաստանային, անտառատափաստանային և անտառային բացատները ջրավազաններին մոտ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Միասեռ ձմեռող գաղութները կարող են կազմված լինել 170 և ավելի առանձնյակներից: Էգերը երիտասարդ չղջիկների հետ միասին ձմեռում են արուներից առանձնացված: Ակտիվ են գիշերը: թռիչքը սավառնող է: Էգը հունիսի կեսերին ծնում է մեկ, հազվադեպ` երկու ձագ: Սնվում են մանր թեփուկաթևավորներով, մոծակներով, հաճախ հավաքում է թրթուրներ և մանր թիթեռներ ծառերի ու թփերի ճյուղերից:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Արեալը նկատելիորեն կրճատվում է: Գաղութներում և պոպուլյացիաներում թվաքանակը ևս կրճատվում է:

Վտանգման հիմնական գործոնները: Հաստաբուն, փչակավոր ծառերի հատումը, հին փայտյա շինությունների քանդումը:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում:

Անհրաժեշտ է գորշ ականջեղի ապրելավայրեր հանդիսացող տեղամասերին տալ արգելավայրերի կարգավիճակ:

 

137. Ծալքաշուրթ լայնականջ չղջիկ, Tadarida teniotis Rafinesque, 1819

Կարգ` ՁԵՌՔԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ, CHIROPTERA

 

Ընտանիք` Բուլդոգայիններ, Molossidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Ամենուրեք հազվադեպ: Այս տեսակի առանձին առանձնյակներ նշվել են Աֆրիկայի մերձարևադարձային շրջաններում, Եվրոպայում, Ասիայում, կովկասում, Անդրկովկասում լեռնային Ղարաբաղում, Իրանում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանը, ամենայն հավանականությամբ, արեալի արևմտյան սահմանն է: 1974-1975 թթ.-ին այն նկատվել է Տավուշի մարզում (Բերդ, Ենոքավան, Պապանինո), իսկ 2004 թ.-ին` Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին, Լեռնային Ղարաբաղի սահմանին մոտ:

Ապրելավայրերը: Գերադասում է անտառային հատվածները ջրավազաններին մոտ: Զբաղեցնում է ծառերի փչակները, ժայռերի ճեղքերը և ծառերի անջատված կեղևի տակ դատարկությունները:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բավարար չափով ուսումնասիրված չէ: Էգերը հունիսին ծնում են մեկ ձագ: Կարող են թռչել ծառերի սաղարթների վրայով, նույնիսկ մինչև արևի մայր մտնելը, և դրանց կարելի է շփոթել ջրածիծառների հետ: Բազմաքանակ գաղութներ չեն առաջացնում, ավելի հաճախ ձևավորում են 2-6 առանձնյակներից կազմված խմբեր:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: 30 տարի անց հայտնաբերվել է երկրորդ առանձնյակը, որը վկայում է տեսակի խիստ սակավաթվության և խիստ վտանգված լինելու մասին:

Վտանգման հիմնական գործոնները: Հաստաբուն, փչակավոր ծառերի հատումը և էկոլոգիայի խախտումը ապրելավայրերում:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում:

Անհրաժեշտ է ուսումնասիրել տեսակի կենսաբանական առանձնահատկությունները, ճշգրտել պոպուլյացիայի սահմանները և մշակել պահպանության միջոցառումներ:

 

138. Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ, Hystrix indica Kerr, 1792

Կարգ` ԿՐԾՈՂՆԵՐ, RODENTIA

 

Ընտանիք` Վայրենակերպեր, Hystricidae Ենթատեսակ` Hystrix indica hirsutirostris Brandt,1835

 

Կարգավիճակը: Նեղ արեալային տեսակ է խիստ մասնատված արեալով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2a:

Տարածվածությունը: Փոքր, Առաջավոր և Միջին Ասիա, Լևանտ, Արևմտյան Արաբիա, Անդրկովկաս, Հսրավային Ղազախստան, Հնդկաստան, Տիբեթ, Շրի Լանկա: Ենթատեսակը տարածված է Փոքր Ասիայում, Հարավային և Հարավ-Արևելյան Հայաստանում, Արցախում, Թալիշում և, հավանաբար, Ադրբեջանում` Նախիջևանում:

Տարածվածությունը Հայաստանում: Բնակեցնում է Սյունիքը, հանդիպում է «Խոսրովի անտառ» արգելոցում, Արդանիշի թերակղզում, 550-1900 մ ծ.մ.բ. բարձրություններում, վայրենակերպի ասեղներ հայտնաբերվել են Վայքում:

Ապրելավայրերը: Գերադասում է տարբեր թփերով և բարձր խոտաբույսերով ծածկված ժայռային բիոտոպերը, հանդիպում է կիրճերում և գետերի հովտում` տամարիքսի թփերով և եղեգնուտներով ծածկված քարքարոտ ու ժայռային ելքերով: Երբեմն հանդիպում է նոսրացված արիդային անտառներում` շիբլյակի մացառուտներում, գիհու նոսրանտառներում, ընտրելով քարքարոտ և ժայռային տեղամասերը: Երբեմն, ժամանակավորապես կարող է բնակվել բանջարանոցների և բոստանների մոտակայքում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Շատ զգույշ է: Վարում է թաքնված կենսակերպ և ցերեկային ժամերին դուրս չի գալիս: Ակտիվ է բացառապես գիշերը: Լեռներում և նախալեռներում, սովորաբար, ինքնուրույն փորում է բավականին բարդ կառուցվածքով, ճյուղավորված, մինչև 20 մ երկարությամբ բներ, սակայն հաճախ բնակվում է քարայրներում և անձավներում, ժայռերի միջև եղած դատարկություններում և քարերի ցրվածքներում: Սնվում է խոտաբույսերով, սոխուկներով, կոճղարմատներով, բանջարաբոստանային կուլտուրաներով, ընկույզներով, վայրի և մշակովի բույսերի պտուղներով և հատապտուղներով: Հաճույքով հավաքում է այգիներում ծառերից թափված պտուղները, սնվում հասած խաղողով: Ձմռանը սնվում է ծառերի կեղևով և տարբեր թփերի ու ծառերի երիտասարդ ընձյուղներով: Քուն չի մտնում, սակայն ձմռանը սակավակտիվ է: Բազմանում է տարեկան մեկ անգամ` գարնանը, սակայն զուգավորման և ձագեր ունենալու ժամկետները կախված են ապրելավայրերի բարձրությունից և տատանվում են մարտից մինչև ապրիլի վերջը: Բերում են 2-4 ձագ, որոնք սեռահասուն են դառնում կյանքի երկրորդ տարում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ամենուրեք հազվադեպ տեսակ է, կրճատվող, մասնատված արեալով և խիստ փոքր թվաքանակով: Նորավանքի պոպուլյացիան անհետացել է, ինչպես և, հավանաբար, Արփա գետի հովտում բնակվող առանձնյակները:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու տնտեսական գործունեությունն արեալի տարածքներում, մասնավորապես, բնական կիրճերի գետակների հունի փոփոխումը և մացառախոզերի բնակության համար հարմար կիրճերում ջրամբարների ստեղծումը, որսագողությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ», «Շիկահող» արգելոցներում և «Սևան» ազգային պարկի Արդանիշի արգելոցային գոտում:

Անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը որսագողության դեմ, նաև նվազեցնել մացառախոզերի ապրելավայրերում անհանգստացնող գործոնների թիվը:

 

139. Դալի ավազամուկ, Meriones dahli Shidlovski, 1962

Կարգ` ԿՐԾՈՂՆԵՐ, RODENTIA

 

Ընտանիք`Ավազամկնանմաններ, Gerbillidae

 

Կարգավիճակը: Արարատյան հարթավայրի էնդեմիկ տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered B1ab(iii)» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տարածաշրջանում անհետացած»` RE:

Տարածվածությունը: Նախիջևան (սահմանամերձ գ. Սադարակի շրջակայք), հավանաբար, Թուրքիայի արալիխյան ավազուտներ: Արաքս գետի ձախափնյա շրջանում տարածման մակերեսը գնահատվում է մոտ 300 հա:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում Դալի ավազամուկը հայտնաբերվել է գգ. Գոռավանի, Շիդլուի, Փոքր Վեդու, Ռանչպարի, Մարգարայի շրջակայքում` ռելիկտային ավազուտներում: Վերջին տարիների հետազոտությունների արդյունքում Հայաստանի տարածքում Դալի ավազամկան պոպուլյացիաներ չեն հայտնաբերվել:

Ապրելավայրերը: Ստենոբիոնտ է` տիպիկ պսամոֆիլ: Հայաստանի սահմաններում ապրելավայրերը կապված են ավազուտային, հիմնականում` բլրային, թույլ կապված ավազների հատվածների հետ, 600-1000 մ ծ.մ.բ. բարձրություններում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Ակտիվ է կլոր տարի: Ձմռանը ակտիվ է ամբողջ օրվա ընթացքում, մակերես դուրս գալու պարբերականությունը և տևողությունը կապված են եղանակի պայմաններից: Գարնանը և աշնանը սովորաբար, ակտիվ են առավոտյան, ինչպես նաև մթնշաղին և գիշերը: Ամառային ակտիվությունը (մայիսից մինչև սեպտեմբեր) մթնշաղային-գիշերային է: Բները, սովորաբար, տեղադրվում են ավազուտային բլուրներում` ջուզգունի կամ թամարիքսային թփուտների առկայությամբ: Տարբերվում են պաշտպանական, կերային, ձմեռելու և բազմացման բներ: Սնվում են ապրելավայրերի շուրջն աճող տարբեր բույսերով: Ամռանը և ձմռանը հիմնական կերը սերմերն են: Սնվում են նաև միջատներով: Մաշկափոխությունը` տարեկան երկու անգամ: Սեռական ակտիվությունը դրսևորվում է առաջին հերթին ձմեռած, ծեր արուների մոտ: Բազմացումը տեղի է ունենում մարտի վերջին - ապրիլի սկզբին: Հղիության տևողությունը` 20-22 օր: Մեկ տարում տալիս են մինչև 3 սերունդ: Ձագերի թվաքանակը` 2-7 (ավելի հաճախ` 4-6):

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հազվադեպ, սակավաթիվ տեսակ է: Պոպուլյացիայի վիճակը ծայրաստիճան խոցելի է: Հայաստանում տեսակը կանգնած անհետացման եզրին: Ավազամկան պոպուլյացիաներ չեն հայտնաբերվել:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու տնտեսական գործունեությունը: Ենթաարաքսյան պոպուլյացիաների համար` նաև գետի հորդությունները, որոնք ուժեղացել են` կապված կլիմայի փոփոխման հետ:

Պահպանության միջոցառումները: Դալի ավազամուկը «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում պահպանվող օբյեկտներից մեկն է:

Պահպանության առաջարկվող միջոցառումները: Անհրաժեշտ է ճշգրտել Դալի ավազամկան արդի կարգավիճակը Հայաստանում, արգելել «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում ցանկացած տնտեսական գործունեությունը: Անհրաժեշտ է նաև ստեղծել կայուն լաբորատոր պոպուլյացիաներ Դալի ավազամկան բազմացման և Հայաստանի նախկին ապրելավայրերում ռեինտրոդուկցման համար:

 

140. Հայկական մկնիկ, Sicista armenica Sokolov et Baskevich,1988

Կարգ ԿՐԾՈՂՆԵՐ, RODENTIA

 

Ընտանիք` Մկնիկանմաններ, Sicista

 

Կարգավիճակը: Էնդեմ տեսակ է, փոքր թվաքանակով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered B1ab(iii)» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1a:

Տարածվածությունը: Հայաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Հայկական մկնիկը (ընդամենը 9 կենդանիներ) հայտնաբերվել է Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների ենթալպյան գոտում, մասնավորապես` դրանց հատման տեղում` գ. Հանքավանի, ք. Կիրովականի շրջակայքում, Մայմեխ լեռան վրա: Կան գրականության տվյալներ Սյունիքում մկնիկի հայտնաբերման մասին, սակայն հետագայում դրանք չեն հաստատվել:

Ապրելավայրերը: Բնակվում է բարձր և խիտ տարատեսակ խոտաբույսերի առկայությամբ ենթալպյան բիոտոպերում` անտառի վերին եզրին, 2000-2200 մ ծ.մ. բարձրության վրա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Գրեթե հետազոտված չեն: Սնվում են խառը կերով, մեծ մասամբ` կանաչ, սերմեր, պտուղներ: Կարող է նաև սնվել միջատներով և խմել ջուր: Ակտիվությունը, հավանաբար, ինչպես և այլ մկնիկների ակտիվությունը, մթնշաղային-գիշերային է:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Սակավաթիվ, հազվադեպ տեսակ է, որը հետազոտման և պահպանման կարիք ունի:

Վտանգման հիմնական գործոնները: Ենթալպյան գոտում մարդու գործունեությունը, մասնավորապես, անասունների արածեցումը, ինչպես նաև կլիմայի արիդացումը (ավելի չորայինի փոփոխվելը):

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում:

Անհրաժեշտ է հայտնի բիոտոպերում ստեղծել արգելավայրեր:

 

141. Փոքրասիական գետնասկյուռ, Spermophilus xanthoprymnus Bennet 1835

Կարգ` ԿՐԾՈՂՆԵՐ, RODENTIA

 

Ընտանիք` Սկյուռանմաններ, Sciuridae

 

Կարգավիճակը: Նեղ արեալային տեսակ է խիստ մասնատված արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B2ab (ii, iii, iv):

Տարածվածությունը: Թուրքիա` Կենտրոնական և Արևելյան Անատոլիա, հավանաբար` Լևանտ:

Տարածվածությունը Հայաստանում: Բնակեցնում է հիմնականում Հայաստանի արևմտյան և հյուսիս-արևմտյան շրջանները: Արագածոտնի, Շիրակի և Լոռվա հարավ-արևմտյան անտառազուրկ տարածքները:

Ապրելավայրերը: Բնակեցնում է նախալեռնային կիսաանապատի վերին մասերը, լեռնային տափաստանը, մարգագետնային տափաստանը և, երբեմն` ենթալպյան գոտու ստորին մասը 1100-2400 մ ծ.մ. բարձրություններում` գերադասելով խոպան հողերը: Գետնասկյուռի ապրելատեղեր կարելի հանդիպել Փամբակի հովտում և Շիրակի հարթավայրում` ցանքատարածքների, դաշտերի ու բանջարանոցների եզրերի մոտ, երբեմն` գյուղական գերեզմաններում, հին, լքված գյուղերի փլատակներում, երկաթուղային գծերի մոտ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հիմնականում բուսակեր է` սնվում է բույսերի ավելի քան 30 տեսակներով: Ձմեռմանն անցնելուց առաջ սնվում է, խիստ ճարպակալում և պահեստում վայրի ու մշակովի հացազգիների մեծ քանակությամբ սերմեր: Ձմեռումից դուրս գալու ժամկետը կախված է ուղղահայաց գոտիականությունից և եղանակից և տատանվում է մարտի սկզբից մինչև ապրիլի վերջը: Արեալի տարբեր մասերում ձմեռման տևողությունը կազմում է 6,5-8,5 ամիս: Գետնասկյուռի բները երկու տեսակի են` պաշտպանական և բազմացման: Բույնը, սովորաբար, գտնվում է 1,5 մ խորության վրա: Ակտիվ են ցերեկային ժամերին: Կերի հայթայթման ժամանակ կարող են անցնել 300-500 մ: Տեղաշարժվում են արագ կրկնավազքերով` օգտագործելով պոչը որպես ղեկ վազքի ուղղությունը փոխելու ժամանակ: Շատ զգույշ են: Իրար հետ հաղորդակցվում են սուլոցով: Զուգավորման ակտիվությունը սկսվում է ձմեռումից դուրս գալուց 5-7 օր հետո և տևում 10-15 օր: Հղիությունը տևում է 28-30 օր: Ձագերը արեալի հյուսիսային մասում ծնվում են, սովորաբար, մայիսին, հարավային մասում` ապրիլի երկրորդ կեսում: Սաղմերի թիվը` կախված էգի տարիքից և ֆիզիոլոգիական վիճակից, հասնում է 2-10 (առավել հաճախ` 4-6): Անբարենպաստ պայմանների առկայության դեպքում կարող է դիտվել սաղմի ռեզորբցիա (քայքայում):

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Արեալի սահմաններում ֆոնային` ձմեռող տեսակ է, բավականին կայուն թվաքանակով: Միջին թվաքանակն արեալի տարբեր մասերում կազմում է. հյուսիսային և բարձր լեռնային շրջաններում` 0,5-2, արեալի այլ մասերում` 16,8-19,2 առանձնյակ 1 հա վրա: Հայաստանում արեալի մակերեսը կազմում է մինչև 350.000 հա: Տարածման փաստացի շրջանը չի գերազանցում 15-25 հազ. հա, քանի որ բնակեցման վայրերն ունեն ցրված բնույթ և տեղադրված են մարդաբնակ վայրերում, մեկուսացված փոքր (1-30, հազվադեպ` 100 հա) հատվածների տեսքով:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդածին սթրեսը, կլիմայի փոփոխությունները: Արեալի հարավային և կենտրոնական մասերում խոշոր բնակեցման վայրերը կամ լիովին ոչնչացել են, կամ էլ լքվել գետնասկյուռի կողմից` այգիներ ստեղծելու և գյուղատնտեսական նպատակներով տարածքները յուրացնելու հետևանքով:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում:

Անհրաժեշտ է պահպանել խոպան հողերի բիոտոպերը:

 

142. Շիդլովսկու դաշտամուկ, Microtus (Sumeriomys) schidlovskii Argyropulo, 1933

Կարգ` ԿՐԾՈՂՆԵՐ, RODENTIA

 

Ընտանիք` Համստերանմաններ, Cricetidae

 

Կարգավիճակը: էնդեմիկ ենթատեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1ab (ii, iii, v):

Տարածվածությունը: Կենտրոնական Վրաստան:

Տարածվածությունը Հայաստանում: Արագածոտնի արևմտյան և հյուսիսային մասեր, Շիրակի մարզի հարավային, Փամբակի լեռնաշղթայի արևմտյան և կենտրոնական մասերը, 1400-1700 մ ծ.մ.բ. բարձրություններում:

Ապրելավայրերը: Չոր-լեռնային, լեռնային և մարգագետնային խոպան տափաստանները, դաշտերի միջակոսները, ցանքատարածությունները, այգիները և բանջարանոցները, որոնք գտնվում են համապատասխան բարձրություններում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանը բնակեցնող, նոմինատիվ ենթատեսակ է, որը մի փոքր խոշոր է Վրաստանում ապրող Microtus (S) schid. goriensis Argyropulo, 1935 ենթատեսակից: Արտաքնապես շատ նման է Փոքր Ասիայում հանդիպող հարթալեռնային դաշտամկանը` Microtus guenthrie: Առաջացնում է գաղութներ: Բներն ավելի հասարակ են, քան հասարակական և սովորական դաշտամկներինը: Սնվում է հիմնականում խոտաբույսերով, սակայն ագրոցենոզներում կարող է սնվել նաև հացահատիկային, տեխնիկական և բանջարոնացային կուլտուրաներով: Բազմացման ցիկլի սկիզբը կապված է գարնան եղանակային պայմաններից և կարող է դիտվել փետրվարի վերջից մինչև ապրիլի սկիզբը: Հղիության տևողությունը` 22 օր: Հասուն էգը տարեկան կարող է ծննդաբերել մինչև 4 անգամ` բերելով 10-11 (միջինը` 7-8) ձագ: Առաջին սերնդի երիտասարդ էգերը կարող են նույն սեզոնում զուգավորվել և ունենալ մինչև 2 սերունդ, սովորաբար, ավելի քիչ քանակությամբ ձագերով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նեղ արեալային էնդեմ ենթատեսակ է կրճատվող թվաքանակով: Սկսած անցած դարի 80-ականների վերջից և, հատկապես 90- ականների կեսերին արեալի սահմաններում թվաքանակը զգալիորեն կրճատվել է, որից հետո` մինչև այսօր, միայն դաշտամկների համար բացառապես բարենպաստ` 2003 թ.-ին տեսակի թվաքանակն առանձին բիոտոպերում մոտ էր թվաքանակի երկարամյա միջին մեծություններին: Որոշ պոպուլյացիաներ, որոնք 70-ական թթ.-ին համարվել են կայուն (օր.` Մաստարինի հարթակում), համարյա անհետացել են:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու տնտեսական գործունեությունը և կլիմայի փոփոխությունները, որոնք ուղեկցվում են հորդառատ անձրևներով վաղ գարնանը և դրանց հաջորդող ուժեղ երաշտներով ամռանը, որն ազդում է դաշտամկների կերային բազայի վրա:

Պահպանության միջոցառումները: Չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պահպանել խոպան հողերի բիոտոպերը:

 

143. Փոքր ճագարամուկ, Allactaga elater Lichtenstein, 1825

Կարգ` ԿՐԾՈՂՆԵՐ, RODENTIA

 

Ընտանիք` Ճագարամկնանմաններ, Allactagidae

 

Ենթատեսակ` Արալիխի փոքր ճագարամուկ,

 

Allactaga elater aralychensis Satunin, 1901

 

Կարգավիճակը: Արարատյան հարթավայրի նեղ արեալային էնդեմիկ տեսակ է, խիստ մասնատված արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN B1ab (ii, iii, iv):

Տարածվածությունը: Արևմտյան սահմանը` գ. Ախուրյանի ցածրամասերը, հավանաբար, երկու, դեռ չհաստատված, մեկուսացված պոպուլյացիաներ Ղարսի շրջանում, դեպի արևելք` մեկուսահատված Թուրքիայում` Արարատի ստորոտում, հյուսիսային սահմանը` Հայաստանում և Նախիջևանում Արարատյան հարթավայրի նախալեռները` դեպի արևելք, մինչև Յայջի գյուղը: Հարավում` փոքր մեկուսացված Իրանի ք. Մաքուի շրջակայքում:

Տարածվածությունը Հայաստանում: Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզեր` 800-1200 մ ծ.մ.բ. բարձրություններում: Հայտնաբերված է նաև ք. Երևանի շրջակայքում:

Ապրելավայրերը: Կավային և խճաքարային կիսաանապատներ, աղուտներ և փոքր ավազուտներ (տակիրներ), չոր լեռնատափաստանի աղուտային և անապատացած բիոտոպեր, հաճախ աղուտային, ավելի հազվադեպ` օշինդրային բուսական խմբավորումներով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայկական արեալի սահմաններում սովորական, սակայն սակավաքանակ տեսակ է: Վարում է բացառապես մթնշաղա-գիշերային ապրելակերպ: Ըստ սնման եղանակի սերմնակեր-կանաչակեր կրծող է, որը, սակայն, գերադասում է սերմերը: Կերաբաժնում հատուկ տեղ են գրավում միջատները: Ձմռանը քուն է մտնում նոյեմբերի կեսերին-վերջին, ձմեռումից դուրս է գալիս մարտի սկզբին - կեսերին: Ձմռան քունը խորը չէ, ընդհատվող, ձմռանը հալոցքի դեպքում կարող է արթնանալ և մի քանի օր ակտիվ լինել: Արևելյան Անդրկովկասում քուն չի մտնում: Բներն ունեն մեկ մուտք, երկարությունը` մինչև 2 մ, բնային խցիկը` 1 մ խորության վրա: Պաշտպանական բներ հազվադեպ են հանդիպում: Տեղաշարժվում է կամ վազքով` կատարելով անհամաչափ թռիչքներ, կամ քայլելով: Բազմացման շրջանը սկսվում է մարտից և ավարտվում նոյեմբերին: Հասուն էգերը ծննդաբերում են 2-3, առաջին տարվա էգերը` 1 անգամ: Ձագերի միջին թվաքանակը` 3-6:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Նեղ արեալային էնդեմ ենթատեսակ է կրճատվող թվաքանակով և ապրելավայրերով` օպտիմալ բիոտոպերի ոչնչացման հետևանքով:

Վտանգման հիմնական գործոնները: Մարդու տնտեսական գործունեությունը Արարատյան հարթավայրում: Համեմատաբար հարթ խոպան հողերի մշակումը ցանքատարածքներ, բանջարանոցներ և բոստաններ ստեղծելու նպատակով: Այդ հողերում այգիների և ձկնաբուծարանների ստեղծումը: Վայրիացած շների և շնագայլերի թվաքանակի մեծացումը:

Պահպանության միջոցառումները: Փոքր ճագարամկան ոչ մեծ պոպուլյացիաները պահպանվում են «Խոսրովի անտառ» արգելոցում: Հավանաբար, մի քանի առանձնյակներ կան «Էրեբունի» արգելոցում:

Անհրաժեշտ է նաև դեռևս պահպանված ապրելավայրերին տալ արգելավայրերի կարգավիճակ, և կարգավորել վայրիացած շների թվաքանակը համապատասխան տարածքներում և դրանց շրջակայքում:

 

144. Գորշ արջ, Ursus arctos Linnaeus,1758

Կարգ` ԳԻՇԱՏԻՉՆԵՐ, CARNIVORA

 

Ընտանիք` Արջեր, Ursidae

 

Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Գրանցված է եղել նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում, սակայն 1972 թ.-ից հետո` որպես անորոշ կարգաբանական ձև, հանվել է: Ներկայումս տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1 b(iii):

Տարածվածությունը: Շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է 400-500 մինչև 3000 մ ծ.մ. բարձրություններում:

Ապրելավայրերը: Բնակվում է չորային նոսրանտառներում, սաղարթավոր անտառներում, լեռնային մարգագետնատափաստաններում, ենթալպյան և ալպիական մարգագետիններում: Արեալը զգալի չափով ներառում է այն վայրերը, որտեղ աճում են պտղատու ծառեր, հատապտուղներ և ընկուզենիներ, որոնցով արջը սնվում է: Երբեմն արջերը հարձակվում են վայրի կաթնասունների, ավելի հազվադեպ` ընտանի կենդանիների վրա:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բազմանում են մայիսին: Հղիությունը տևում է մոտ 7 ամիս: Ձագերը (առավել հաճախ` 2, հազվադեպ` 1 կամ 3-4) ծնվում են բնում դեկտեմբերի վերջից մինչև մարտ: Լավ բազմանում է անազատ պայմաններում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը հայտնի չէ, սակայն կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը: Անազատ պայմաններում արջերի թվաքանակի վերաբերյալ տվյալներ չկան: Պահվում է Երևանի Կենդանաբանական այգում:

Վտանգման հիմնական գործոնները: Որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը, մարդու կողմից անհանգստություն պատճառելը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Սևան», «Արևիկ» և «Դիլիջան» ազգային պարկերում և մի շարք արգելավայրերում:

Անհրաժեշտ է ուժեղացնել բիոտայի վրա մարդածին գործոնների ազդեցության վերահսկողությունը: Անհրաժեշտ է կատարել էկոլոգիական և կարգաբանական հետազոտություններ:

 

145. Խայտաքիս, Vormela peregusna (Guldenstaedt, 1770)

Կարգ` ԳԻՇԱՏԻՉՆԵՐ, CARNIVORA

 

Ընտանիք` Կզաքիսներ, Mustelidae

 

Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2c» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU A2c+B1 b(iii):

Տարածվածությունը: Տեսակը տարածված է Հարավ-Արևելյան Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք, Հարավային Չինաստան և Մոնղոլիա:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Հայաստանի համարյա բոլոր շրջաններում, 1000-2000 մ ծ.մ. բարձրություններում: Արեալը և էկոլոգիան բոլորովին ուսումնասիրված չեն:

Ապրելավայրերը: Կիսաանապատներ, լեռնային չոր տափաստաններ, լեռնային մարգագետնատափաստաններ և ենթալպյան մարգագետիններ: Արեալը կապված է խայտաքիսի հիմնական կեր հանդիսացող` կրծողների տարածման շրջանների հետ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բազմանում են, հավանաբար, ձմռան վերջում: Հղիությունը տևում է մոտ 2 ամիս, որից հետո` ապրիլ-մայիսին, ծնվում են 4-8 ձագեր: Լավ բազմանում է անազատ պայմաններում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայտնի չէ: Անհրաժեշտ է կատարել համապատասխան հետազոտություններ: Հավանաբար, կրճատվում է բիոտոպերի` որպես գյուղատնտեսական տարածքների, օգտագործման հետ:

Վտանգման հիմնական գործոնները: Բիոտոպերի ոչնչացումը: Թվաքանակի աճին խոչընդոտող հիմնական սահմանափակող գործոնը կիսանապատային և լեռնատափաստանային հողերի մշակումն է, դրանց ապրելավայրերում անասունների գարնանային արածեցումը, ինչպես նաև մեծ քանակությամբ պեստիցիդների և քիմիական պարարտանյութերի օգտագործումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Էրեբունի» արգելոցներում, «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում և մի շարք արգելավայրերում:

Անհրաժեշտ է կատարել էկոլոգիական և կարգաբանական հետազոտություններ:

Անհրաժեշտ է ուժեղացնել արեալի սահմաններում գյուղատնտեսական գործունեության վերահսկողությունը, դադարեցնել կրծողների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը:

 

146. Ջրասամույր, Lutra lutra (Linnaeus,1758)

Կարգ` ԳԻՇԱՏԻՉՆԵՐ, CARNIVORA

 

Ընտանիք` Կզաքիսներ, Mustelidae

 

Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN D:

Տարածվածությունը: Տեսակը տարածված է Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Հայաստանի համարյա բոլոր շրջաններում:

Ապրելավայրերը: Մաքուր ջրով և ձկնապաշարներով հարուստ լճեր, գետեր և գետակներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բազմացումը սկսվում է ձմռանը-գարնանը: ՈՒնենում են 1-5, ավելի հաճախ` 2-3 ձագեր, որոնք հիմնականում ծնվում են երկու տարին մեկ անգամ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայտնի չէ, սակայն խիստ կրճատված: Անհրաժեշտ է կատարել համապատասխան հետազոտություններ: Հավանաբար, կրճատվում է բիոտոպերի` գետերի աղտոտման և հիդրոտեխնիկական կառույցների ստեղծման հետ:

Վտանգման հիմնական գործոնները: Բիոտոպերի ոչնչացումը, ջրերի աղտոտումը, ձկների գերորսը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան», Արևիկ» և «Արփի լիճ» ազգային պարկերում:

Անհրաժեշտ է ուժեղացնել արեալի սահմաններում, ջրավազանների մոտակայքում գյուղատնտեսական գործունեության վերահսկողությունը: Անհրաժեշտ է կատարել էկոլոգիական և կարգաբանական հետազոտություններ:

 

147. Անտառակատու, Felis silvestris Schreber,1777

Կարգ` ԳԻՇԱՏԻՉՆԵՐ, CARNIVORA

 

Ընտանիք` Կատվազգիներ, Felidae

 

Ենթատեսակ` Եվրոպական անտառակատու, Felis silvestris silvestris Schreber, 1775

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii):

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Եվրոպայում, իսկ տեսակը` Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում, 700-2500 մ ծ.մ.բ. բարձրություններում: Հավանաբար, մտնում է նաև Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր:

Ապրելավայրերը: Սաղարթավոր անտառներ, չորային նոսրանտառներ: Հիմնական պայմանը` ապրելավայրում կերային բազայի (կրծողներ, թռչուններ) առատությունն է և խուլ, մարդու ազդեցությունից զուրկ տեղամասերի առկայությունը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բազմացումը սկսվում է փետրվար-մարտին: Ապրիլ-մայիսին ունենում են 3-8, ավելի հաճախ` 4-5 ձագեր: Հեշտությամբ բազմացվում են անազատ պայմաններում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը հայտնի չէ, սակայն կայուն: Անհրաժեշտ է կատարել հաշվառումներ և հետազոտել անտառակատվի էկոլոգիան հանրապետությունում:

Վտանգման հիմնական գործոնները: Տեսակի գոյատևման համար լուրջ վտանգ է ներկայացնում անտառակատվի հիբրիդացումը ընտանի, հատկապես վայրիացած կատուների հետ և մրցակցությունը տափաստանային կատվի (Felis silvestris lybica) հետ: Այդ տեսանկյունից, անհրաժեշտ է կատարել համապատասխան գիտական հետազոտություններ:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկերում և մի քանի արգելավայրերում: Անհրաժեշտ է ուժեղացնել սաղարթավոր անտառների և չորային նոսրանտառների գոտում մարդածին գործոնների ազդեցության (անտառահատումներ, ճանապարհաշինություն և այլն), ինչպես նաև վայրիացած կատուների թվաքանակի կարգավորման վերահսկողությունը:

 

148. Ընձառյուծ, Panthera pardus (Linnaeus, 1758)

Կարգ` ԳԻՇԱՏԻՉՆԵՐ, CARNIVORA

 

Ընտանիք` Կատվազգիներ, Felidae

 

Ենթատեսակ` Կովկասյան ընձառյուծ Panthera pardus ciscaucasica (Satunin, 1914) =

 

Պարսկական ընձառյուծ Panthera pardus saxicolor Pocock, 1927

 

Կարգավիճակը: Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i) + D:

Տարածվածությունը: Արեալը ներառում է Հյուսիսային Կովկասը, Անդրկովկասը, Արևելյան Թուրքիան, Հարավային Թուրքմենստանը, Իրանը, Աֆղանստանը:

Տարածվածությունը Հայաստանում: Բնակեցնում է Հարավ-Արևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից (Խոսրով և Խաչաձոր տեղամասեր) մինչև հայ-իրանական սահմանը Գեղամա, Զանգեզուրի, Վայոց Ձորի, Բարգուշատի և Մեղրիի լեռնաշղթաների սահմաններում: Արեալի սահմաններն անցնում են. հյուսիս-արևմուտքում` Ազատ գետով, հյուսիսում` Վարդենիսի լեռնաշղթայով, արևմուտքում` Արարատյան հարթավայրի կիսաանապատային գոտիով, հարավ-արևմուտքում և արևելքում` Ադրբեջանի հետ սահմանագծով և ալպիական մարգագետինների և նիվալ գոտու միջև անցումային գոտիով, հարավում` Արաքս գետով, հայ-իրանական սահմանի երկարությամբ: Մինչև 70-ականների սկիզբը ընձառյուծը բնակվել է նաև Հայաստանի հյուսիս-արևելքում:

Ապրելավայրերը: Չոր լեռնատափաստաններ, արիդային նոսրանտառներ, հարավային լանջերի լեռնային, ենթալպյան և ալպյան մարգագետիններ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Մարգագետիններն ընձառյուծն օգտագործում է միայն ձնազուրկ ժամանակ տեղափոխվելու համար, քանի որ ձնածածկը կարևոր սահմանափակող գործոն է: Շատ կարևոր է նաև դժվարհասանելի ժայռերի առկայությունը, որոնք հնարավորություն են տալիս ընձառյուծին բեզոարյան այծերին որսալու ժամանակ հանկարծակի դուրս գալու, ինչպես նաև հանգստանալու համար: Բացի այդ, ժայռերը առավել դժվարհասանելի են մարդկանց և ընտանի կենդանիների համար: Բացի բեզոարյան այծերից, որսում են նաև վայրի խոզ, այծյամ, հնդկական մացառախոզ, գորշ նապաստակ: Որպես բույն օգտագործում են քարանձավները, ժայռաճեղքերը, խիտ թփուտները:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայաստանում ընձառյուծի պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 10-15 առանձնյակ է` հասուն, երիտասարդ առանձնյակները և ձագերը ներառյալ: Պոպուլյացիան բազմացող է և կազմում է համաշխարհային պոպուլյացիայի 0,008-0,01%-ը (մոտ 1300 առանձնյակ): Ընձառյուծի ներկայիս տարածման տարածքը կազմում է 7497,2 կմ2, կամ Հայաստանի տարածքի 25,2%-ը: Բնակեցման տարածքը կազմում է 2856,8 կմ2 (9,6%): Այն ներառում է մշտական և ժամանակավոր բնակեցման տարածքները և անցուղիները: Միայն երկու վայրերում` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական ու արևելյան տեղամասում (207.9 կմ2) և գ. Ըռնաձորից (Նյուվադի) դեպի հյուսիս (296.9 կմ2) գտնվող տեղամասում գիշատիչը բնակվում է մշտապես: Նշված տեղամասերը գտնվում են արեալի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում և իրարից բաժանված են բավականին նեղ, խաչվող անցուղիների ցանցով: Պոպուլյացիայի նման կառուցվածքի պատճառով այն լիովին կախված է անցուղիների գործառնությունից:

Վտանգման հիմնական գործոնները: Առավել վտանգավոր գործոններից է արեալի մասնատված լինելը, որի հիմնական պատճառը որսագողությունն ու մարդու տնտեսական գործունեությունն է. բույսերի և սնկերի հավաքը, լեռնագործությունը, ճանապարհների կառուցումը, անտառահատումները, անտառային հրդեհները, անասունների արածեցումը: Լեռնային բիոտոպերն իրենց բնույթով միատարր չեն, ինչը խորացնում է արեալի մասնատման բացասական ազդեցությունը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում: 2002 թ-ից սկսած Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվում են ընձառյուծի պահպանության և մոնիթորինգի աշխատանքներ:

Անհրաժեշտ է մշակել միջոցառումներ արեալի մասնատման գործոնը նվազեցնելու նպատակով: Մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել կերային հարուստ բազա ունեցող բիոտոպերի միավորումը խոշոր (արգելոցներ, ազգային պարկեր) և մանր (արգելավայրեր) պահպանվող տարածքների ցանցում:

 

149. Մանուլ, Otocolobus manul (Pallas, 1776)

Կարգ` ԳԻՇԱՏԻՉՆԵՐ, CARNIVORA

 

Ընտանիք` Կատվազգիներ, Felidae

 

Կարգավիճակը: Հանրապետության տարածքում, ամենայն հավանականությամբ, անհետացել է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near

Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տարածաշրջանում անհետացած»` RE:

Տարածվածությունը: Տարածված է Կենտրոնական Ասիայում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայտնաբերվել է միայն երկու կետերում` ՈՒրծի լեռնաշղթայում և Մեղրիի շրջանում, ընդ որում վերջինը` 1935 թ.-ին: Հանդիպման հարակից շրջաններն են Ղարաբաղը, Նախիջևանը և գ. Արաքսին հարող Իրանի տարածքները:

Ապրելավայրերը: Չոր տափաստանները և կիսաանապատները քարազանգվածների և ժայռերի առկայությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: 1927 թ. մայիսի 19-ին հայտնաբերված էգի արգանդում կային մորթիով ծածկված երեք սաղմեր: Կարող են ունենալ մինչև 10, սովորաբար` 3-4 ձագ:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ամենայն հավանականությամբ, Հայաստանի տարածքում այլևս չի հանդիպում: Մյուս կողմից, մանուլը լավ հայտնի է իր թաքնվելու ունակությամբ, որի պատճառով նրան դժվար է հայտնաբերել:

Վտանգման հիմնական գործոնները: Պոտենցիալ վտանգ են ներկայացնում որսագողությունը և բիոտոպերի քայքայումը:

Պահպանության միջոցառումները: Խստացնել արեալի սահմաններում որսագողության և գյուղատնտեսական գործունեության վերահսկողությունը:

 

150. Բորենի, Hyaena hyaena (Linnaeus, 1758)

Կարգ` ԳԻՇԱՏԻՉՆԵՐ, CARNIVORA

 

Ընտանիք` Բորենիներ, Hyenidae

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near

Threatened» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տարածաշրջանում անհետացած»` RE:

Տարածվածությունը: 1980-ականների սկզբին պահպանվել էր Արևելյան Վրաստանի, Ադրբեջանի հարավ-արևելքի (Զուվադանի ստորոտ, Թալիշի լեռներ) և հյուսիս-արևմուտքի (Մինգեչաուրի ջրավազան) որոշ մասերում:

Տարածվածությունը Հայաստանում: Մինչև 1940-ականները հազվադեպ նկատվում էր Արարատյան հարթավայրի կիսաանապատային լանդշաֆտներում, սակայն հետագայում Հայաստանում բորենու առկայության վերաբերյալ տվյալները բացակայում են: Հանդիպում է Ղարաբաղի և գ. Արաքսի միջև ընկած կիսաանապատային գոտում:

Ապրելավայրերը: Չոր տափաստաններ և կիսաանապատներ: Հայաստանում նման բիոտոպերի մակերևույթն ի սկզբանէ մեծ չի եղել, և դրանք ինտենսիվորեն յուրացվում են մարդու կողմից գյուղատնտեսական նպատակներով, ուստի հանրապետությունում բորենու պահպանման հավանականությունը չնչին է:

Կենսաբանության առանձնահատկությունները: Կարող են զուգավորվել և ձագեր ունենալ տարվա ցանկացած եղանակին:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ամենայն հավանականությամբ, Հայաստանում այլևս չի բնակվում: Պահվում է Երևանի Կենդանաբանական այգում:

Վտանգման հիմնական գործոնները: Որսագողությունը և բիոտոպերի ոչնչացումը:

Պահպանության միջոցառումները: Տվյալներ չկան:

Խստացնել որսագողության և գյուղատնտեսական գործունեության վերահսկողությունը:

 

151. Բեզոարյան այծ, Capra aegagrus Erxleben, 1777

Կարգ` ԶՈՒՅԳՍՄԲԱԿԱՎՈՐՆԵՐ, ARTIODACTILA

 

Ընտանիք` Սնամեջ եղջյուրավորներ, Bovidae

 

Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU C2a(i):

Տարածվածությունը: Տեսակի արեալը ներառում է Հյուսիսային Կովկասից (Դաղստան) մինչև Պակիստան և Աֆղանստան ընկած տարածաշրջանը:

Տարածվածությունը Հայաստանում: Արեալը ներառում է Սևանի լեռնաշղթան (գ. Շորժայի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, ՈՒրձի, Վարդենիսի, Վայոց Ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրիի լեռնաշղթաները և Նորավանքի կիրճը: Մեկուսացած խմբեր պահպանվել են Խուստուպ լեռան վրա, գ. Որոտանի կիրճում, գ. Արփայի հովտի վերին մասում: Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է:

Ապրելավայրերը: Բնորոշ բիոտոպերն են ժայռային լեռները դժվար հասանելի ժայռերի և չորային նոսրանտառների առկայությամբ: Պարտադիր պայման է խիտ ծառաթփային բուսականության, քարաթափվածքների և թաքստոցների առկայությունը: Այծերը պարբերաբար կատարում են ուղղահայաց միգրացիաներ. ձմռանը` դեպի նախալեռներ, ամռանը` դեպի բարձունքներ: Տարածքային մեծ տեղափոխություններ չեն կատարում` մնալով նույն բիոտոպերում:

Կենսաբանության առանձնահատկությունները: Զուգավորումը տեղի է ունենում նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբը, ձագերը (սովորաբար, զույգ) ծնվում են մայիսի կեսերին: Պահվում է Երևանի Կենդանաբանական այգում: Հեշտությամբ բազմացվում է անազատ պայմաններում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս գնահատմամբ` բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ: Այն զգալիորեն գերազանցում է այլ հեղինակների ավելի վաղ տվյալները: Պոպուլյացիան խիստ մասնատված է մանր, իրարից տարանջատված խմբավորումների:

Վտանգման հիմնական գործոնները: Որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը, անասունների արածեցումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում:

WWF աջակցում է բեզոարյան այծի արիալի սահմաններում նոր պահպանվող տարածքների ստեղծման և զարգացման աշխատանքներին:

Անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը որսագողության դեմ և խստացնել բնապահպանական ռեժիմը:

 

152. Վայրի ոչխար, մուֆլոն Ovis orientalis Gmelin, 1774

Կարգ` ԶՈՒՅԳՍՄԲԱԿԱՎՈՐՆԵՐ, ARTIODACTILA

 

Ընտանիք` Սնամեջ եղջյուրավորներ, Bovidae

 

Ենթատեսակ` Հայկական մուֆլոն Ovis orientalis gmelinii (Blyth, 1841)

 

Կարգավիճակը: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1)

«Vulnerable A2cde» կարգավիճակով: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»` EN D:

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Նախիջևանում, Հայաստանում և Հյուսիս-Արևմտյան Իրանում` մինչև ՈՒրմիա լիճը: Արևմտյան Թուրքիայի սահմանակից շրջանում հանդիպող մուֆլոնի կարգավիճակը պարզ չէ: Ընդհուպ մինչև XX դարի կեսերը մուֆլոնի արեալի կովկասյան և իրանական մասերը փոխկապակցված էին` շնորհիվ գ. Արաքսով կենդանիների միգրացիաների, սակայն հետագայում դրանք ընդհատվեցին սահմանային ինֆրակառուցվածքի ամրացման հետևանքով:

Տարածվածությունը Հայաստանում: Ենթատեսակի արեալը ներառում է ՈՒրծի (Արարատի մարզ), Վայոց Ձորի (գգ. Աղավնաձոր, Խնձորուտ, Մարտիրոս, Բարձրունի), Բարգուշատի և Զանգեզուրի (Սյունիքի շրջանի Դաստակերտ գյուղից դեպի հարավ) լեռնաշղթաները: Ամենայն հավանականությամբ, մուֆլոնի պոպուլյացիան կազմված է իրարից մեկուսացած երկու խմբավորումներից` ՈՒրծ-Վայոց Ձոր և Սյունիք:

Ապրելավայրերը: Լեռնային չոր տափաստաններ գիհու, նշենու և այլ չորասեր բուսականության առկայությամբ (ՈՒրծի լեռնաշղթա), ենթալպյան և ալպիական մարգագետիններ (Վայոց Ձոր և Սյունիք): Գերադասում են կիրճերի, ժայռաբեկորների և նման այլ տեղամասերի հետ համակցված բաց բիոտոպերը 1000-3000 մ ծ.մ.բ. բարձրություններում: Հայաստանում մուֆլոնը ապրում է մշտապես` չքոչելով ձմռանը, իսկ տարվա տաք եղանակներին դիտվում է արուների ներհոսք Նախիջևանի կողմից: Մուֆլոնը պարբերաբար կատարում է ուղղահայաց միգրացիաներ. ձմռանը` դեպի նախալեռներ, ամռանը` դեպի բարձունքներ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Զուգավորումը տեղի է ունենում նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբը, ձագերը (սովորաբար, զույգ) ծնվում են մայիսի կեսերից մինչև հունիսի սկիզբը: Պահվում է Երևանի Կենդանաբանական այգում: Հեշտությամբ բազմացվում է անազատ պայմաններում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս գնահատմամբ, մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250-300 առանձնյակները: Պոպուլյացիայի հիմնական մասն ապրում է Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում (200 առանձնյակներից ոչ ավել):

Վտանգման հիմնական գործոնները: Որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը, անասունների արածեցումը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում:

WWF աջակցում է մուֆլոնի արիալի սահմաններում նոր պահպանվող տարածքների ստեղծման և զարգացման աշխատանքներին:

Անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը որսագողության դեմ և խստացնել բնապահպանական վերահսկողությունը:

 

153. Ազնվացեղ եղջերու, Cervus elaphus Linnaeus, 1758

 

Կարգ` ԶՈՒՅԳՍՄԲԱԿԱՎՈՐՆԵՐ, ARTIODACTILA

 

Ընտանիք` Եղջերուներ, Cervidae

 

Ենթատեսակ` Կովկասյան ազնվացեղ եղջերու, մարալ, Cervus elaphus maral Gray, 1840

 

Կարգավիճակը: Տեսակը և ենթատեսակը ընդգրկված չ.ն ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR D:

Տարածվածությունը: Ենթատեսակն հանդիպում է Կովկասի, Փոքր Ասիայի և Հյուսիսային Իրանի լեռնային անտառներում:

Տարածվածությունը Հայաստանում: Արդեն 1954 թ.-ից ազնվացեղ եղջերուն դիտարկվել է որպես Վրաստանից և Ադրբեջանից հանրապետության տարածք պատահականորեն մտած, իսկ մինչ այդ տեսակը լայնորեն տարածված է եղել Հյուսիսային, Արևելյան և Հարավային Հայաստանի անտառներում: 2005 թ.-ին Մեղրիի լեռնաշղթայի հարավային լանջին, գ. Ըռնաձորից (նախկին Նյուվադի) վերև հայտնաբերվել են առնվազն 5-10 տարվա վաղեմության եղջուրներ: Չհաստատված տվյալներով` մի քանի առանձնյակներ հանդիպում են «Դիլիջան» ազգային պարկում, որոնք այստեղ են անցնում, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի հյուսիս-արևմտյան շրջաններից:

Ապրելավայրերը: Լայնատերև լեռնային անտառներ խոտաբուսածածկի առատությամբ և ենթաալպիական մարգագետիններ: Ձմռանն իջնում են նախալեռներ կամ դեպի հարավային լանջեր, նույնիսկ գիհու նոսրանտառներ և չոր տափաստաններ (Մեղրիի լեռնաշղթա): Էկոլոգիապես ազնվացեղ եղջերուն նման է այծյամին, սակայն սննդի հիմնական մասը կազմում է ծառաթփային կերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Զուգավորումը տեղի է ունենում աշնանը (սեպտեմբեր-հոկտեմբեր), հղիության տևողությունը` 249-269 օր: Բծավոր ձագերը (սովորաբար, մեկ, երբեմն` երկու) ծնվում են մայիս-հունիսին: Հեշտությամբ բազմացվում է անազատ պայմաններում:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հաշվառվում է առանձին անհատներով: Տեսակն իր գոյությունը ներկայումս պահպանում է բացառապես Ադրբեջանից գաղթող առանձնյակների շնորհիվ:

Վտանգման հիմնական գործոնները: Որսագողությունը, բիոտոպերի քայքայումը` անտառահատումների, անասունների արածեցման և լեռնահանքափորության հետևանքով, գայլերի առատությունը:

Պահպանության միջոցառումները: Պահվում է Երևանի Կենդանաբանական այգում: Հարմար անտառային, մասամբ ենթալպյան բիոտոպերը պահպանվում են «Դիլիջան» ազգային պարկում և «Շիկահող» արգելոցում: Մեղրիի լեռնաշղթայի հարավային լանջերը գտնվում են «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: 2006 թ-ի. WWF շրջանակներում կատարվել են դաշտային հետազոտություններ` «Դիլիջան» ազգային պարկի և «Շիկահող» արգելոցի սահմաններում մարալի ռեինտրոդուկցման հնարավորության գնահատման ուղղությամբ:

Անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը որսագողության դեմ, ինչպես նաև անասունների արածեցման և լեռնահանքափորության վերահսկողությունը, զարգացնել «Դիլիջան» ազգային պարկի, «Շիկահող» արգելոցի և հատկապես «Արևիկ» ազգային պարկի նյութատեխնիկական և մասնագիտական բազաները, բարձրացնել բնակչության էկոլոգիական տեղեկացվածությունը և խթանել տեղի բնակչության տնտեսական զարգացումը, որը կարող է նվազեցնել բնական ռեսուրսների օգտագործումը: Նպատակահարմար է ազնվացեղ եղջերուի ռեինտրոդուկցիան «Շիկահող» արգելոցում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2010
N 71-Ն
Որոշում