Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (6-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.0072.290110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2010 թվականի N 72-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

130. Peltariopsis planisiliqua (Boiss.) N. Busch

Վահանակերպ տափակապատիճակ

(Շիտնիկ պլօսկօստուչկօվիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է անհետացում` կապված տեսակի բնակության միջավայրի փոփոխության և արածեցման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Երկամյա խոտաբույս` 30-60 սմ բարձր.: Ցողունը ճիպոտանման, միջին մասից ճյուղավորված: Ստորին տերևները ցողունի հիմքում վարդականման խմբված, հակաձվաձև, մսալի, կարմրավուն, թիթեղին հավասար կոթուններով: Ողկույզները նոսր: Ծաղիկները սպիտակ, քառատիպ: Պտուղը պատիճակ, (4)7 - 8(10) մմ երկ., 3-5 մմ լայն., թելանման կոթուններով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Դարեղեգիսի (Աուշ, Շատին, Թերփ, Խաչիկ, Բարձրունի, Ալայազի կիրճ, Հեր-Հեր) և Զանգեզուրի (Անգեղակոթ) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 890 քառ. կմ, AOO` 32 քառ. կմ, լոկալիտետները` 5: Տեսակը, բացի Հայաստանից, աճում է նաև Նախիջևանում, հյուսիս-արևելյան Անատոլիայում, հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է հիմնականում միջին լեռնային գոտում ծ. մ. 1300-1900 մ բարձր. վրա. լեռնալանջերի քարքարոտ, երբեմն ավազոտ տեղերում, չոր նոսր անտառներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղակալում` մայիսին-հունիսին:

Սահմանափակող գործոններ. միջավայրի կորուստ կամ դեգրադացիա գյուղատնտեսական տարածքների ընդարձակման և արածացման պատճառով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրության արժանացնել տեսակը, իրականացնել մոնիթորինգ:

 

131. Physoptychis caspica (Hablitz) V.V. Botschantz.

Գնդապտուղ կասպիական

(Շառօգնեզդկա կասպիսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված հատկապես կլիմայի փոփոխության պատճառով բնակության միջավայրի փոփոխության:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: Ընդգրկված է նաև ՍՍՍՀՄ Կարմիր գրքում: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյան մոխրագույն բույս, աստղաձև մազիկների խիտ թավոտությամբ: Ցողունը 5-15 սմ բարձր.: Տերևները ցողունի հիմքում խմբված, Էլիպսաձև-նշտարաձև, ներքևից դուրս ցցված միջին ջղով: Ծաղիկները քառատիպ, պսակաթերթերը դեղին: Պտուղը պատիճակ, փքված, գնդաձև, 15-20 մմ տրամագծով, նուրբ մոխրագույն թավոտությամբ: Պտղի բները 4 սերմերով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաշղթաներ) և Մեղրու (Գոխտան սար) ֆլորիստիկական շրջաններից: EOO` 135 քառ. կմ, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 3: Տեսակը, բացի Հայաստանից, աճում է նաև Նախիջևանում, Արևելյան Անատոլիայում, հյուսիսային և հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում ծ. մ. 2900-3200 մ բարձրությունների վրա ժայռոտ, քարքարոտ տեղերում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանի սահմանաակություն, կլիմայի գլոբալ փոփոխություն

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ցուցաբերել հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, իրականացնել պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

132. Pseudoanastatica dichotoma (Boiss.) Grossh.

Կեղծճանկաթաթիկ դիխոտոմիկ

(Պսեվդօանաստատիկա դիխօտօմօչեսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է միայն Արարատի մարզից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված անտրոպոգեն գործոնների հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա նուրբ բույս` 3-10 (15) սմ բարձր.: Ցողունը դիխոտոմիկ կամ եռաճեղ ճյուղավորված, կոտրատվող: Տերևները երկարավուն-ձվաձև, 5 ջղերով: Ծաղկաբույլը կարճացած ողկույզ` ծածկված վերին տերևներով: Ծաղիկները քառատիպ, դեղին: Պատիճակները չբացվող, ձվաձև, տափակ, միաբույն, միասերմ, ծածկված պարզ գլխիկավոր մազիկներով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Վեդի, Արարատ, Սուրենավան, Արմաշ, Ենգիջա, Երախի և ՈՒրծի լեռնաշղթաներ) ֆլորիստիկական շրջանում: EOO` 300 քառ. կմ, AOO` 28 քառ. կմ, լոկալիտետները` 5: Տեսակը, բացի Հայաստանից, աճում է նաև Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 800-1000 մ բարձրությունների վրա չոր քարքարոտ լանջերին, ֆրիգանոիդներում: Ծաղկում է ապրիլ ամսին, պտղակալում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. միջավայրի կորուստ կամ դեգրադացիա կապված գյուղատնտեսական տարածքների ընդարձակման և արածացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ցուցաբերել հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, իրականացնել պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

133. Pseudovesicaria digitata (Boiss.) Rupr.

Կեղծափուչիկ մատնաձև

(Լժեպուզիրնիկ պալյչատիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Կովկասի էնդեմիկ: Հայտնի է միայն Արագած լեռազանգվածից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված հազվագյուտության և կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: Ընդգրկված է նաև ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Երկամյա մերկ, թխակապույտ բույս` 5-10 (20) սմ բարձր. ցողունով: Տերևները մսալի, վերին մասում 3-5 կլորացած բլթակներով: Ծաղկաբույլը խիտ ողկույզ: Ծաղիկները քառատիպ, պսակաթերթերը սպիտակ, ամբողջական: Պտուղը պատիճակ, փքված, էլիպսաձև կամ հակաձվաձև, 7-10 (15-25) մմ երկ., թաղանթային, ցանացաջիղ միջնորմով բացվող: Պտղի բները 2-4 (6) սերմերով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Արագածի ֆլորիստիկական շրջանում` խառնարանում, հյուսիսային լեռնագագաթի ստորոտին և հյուսիսային ու արևմտյան լեռնագագաթների միջև գտնվող լեռնաթմբի վրա: AOO` 8 քառ. կմ, լոկալիտետը` 1: Տեսակը աճում է Կովկասում` ընդգրկելով Մեծ Կովկասը և Հարավային Անդրկովկասը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում ծ. մ. 3600-3900 մ բարձրությունների վրա քարաթափվածքներում և քարափլուզումներում: Ծաղկում է հուլիս ամսին, պտղակալում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանի սահմանափակություն, միջավայրի կորուստ կամ դեգրադացիա կապված կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ցուցաբերել հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, իրականացնել պոպուլյացիայի վիճակի և կազմի հետազոտություններ, մոնիթորինգ:

 

134. Rorippa spaskajae V.I.Dorof.

Բողկուկ Սպասկայի

(Ժերուշնիկ Սպասսկօյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում հիմնականում կլիմայի փոփոխության հետ կապված` աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս ուղիղ կանգնած ցողունով 30-40 սմ բարձր.: Տերևները պարզ: Ծաղիկները դժգույն դեղին: Պատիճները երկարավուն-էլիպսաձև, 5-7 մմ երկ., 3-4 մմ լայն:

Տարածում. Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Որոտան գետի վերնագավառում: AOO 8 քառ. կմ է: Լոկալիտետը` 1:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտու ծ. մ. մոտ 2000 մ բարձրության վրա գետերի ափերին: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում`օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու և պոպուլյացիայի կարգավիճակը և ծավալի ճշտելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

135. Sameraria cardiocarpa Trautv. (=Sameraria odontophora Bordz.)

Սռնալրջուն սրտապտուղ

(Սամեռարիյա սերդցեպլօդնայա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii,iv) + 2 ab(iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված տնտեսական գործունեության զարգացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Միամյա մերկ, թխակապույտ բույս, ճյուղավորված ցողուններով 25-35 սմ բարձր.: Ցողունային տերևները լայն-նշտարաձև, հիմքում խոր-սրտաձև, լայն ականջուկներով, արմատամերձները` երկարավուն-նշտարաձև: Ծաղիկները քառատիպ, պսակաթերթերը դժգույն դեղին: Պտուղը պատիճակ, չբացվող, կլորավուն-ձվաձև, հիմքում սրտաձև, գագաթում թեթևակի գոգավոր, եզրերից կարերի ուղղությամբ նեղ թևերով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Արենի, Չայքենդ): AOO` 8 քառ. կմ, լոկալիտետները` 2: Դրանց միջև տարածությունը 33 կմ է: Հայաստանից բացի հանդիպում է նաև արևելյան Նախակովկասում և Միջին Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1300-1500 մ բարձր. վրա չոր լանջերին տափաստաններում և ֆրիգամոիդներում: Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանի սահմանափակություն, բնակավայրի կորուստ կամ դեգրադացիա կապված տարածքների օգտագործման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ցուցաբերել հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ: Պետք է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

136. Samerararia glastifolia (Fisch. & C.A.Mey.) Boiss.

Սռնալրջուն լրջունատերև

(Սամեռարիյա վայդօլիստնայա)

 

Կատեգորիա. CR B1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հանդիպում է երկու ֆլորիստիկական շրջաններում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը` 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված հանքարդյունաբերության զարգացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Միամյա մերկ, թխակապույտ բույս, ճյուղավորված ցողուններով 15-40 սմ բարձր.: Ցողունային տերևները երկարավուն, հիմքում խոր-սրտաձև, լայն ականջուկներով, արմատամերձները` երկարավուն: Ծաղիկները քառատիպ, պսակաթերթերը դժգույն դեղին: Պտուղը պատիճակ, չբացվող, կլորավուն, հիմքում սրտաձև, գագաթում թեթևակի գոգավոր, եզրերից կարերի ուղղությամբ լայն կաշենման թևերով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Դարեղեգիսի (Արենի) և Մեղրու (Ագարակ) ֆլորիստիկական շրջաններում: AOO` 8 քառ. կմ: Լոկալիտետները` 2: Տեսակը բացի Հայաստանից աճում է նաև Նախիջևանում, հյուսիս-արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 400-900 մ բարձր. վրա, չոր, աղային, կավային հողերի վրա ֆրիգանոիդներում: Ծաղկում է ապրիլ ամսին, պտղակալում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանի սահմանափակություն, բնակավայրի կորուստ կամ դեգրադացիա կապված հանքարդյունաբերության արդյունաբերության զարգացման և ճանապարհաշինության հետ

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ցուցաբերել հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

137. Thlaspi umbellatum Stev.

Շնկոտեմ հովանոցավոր

(Յառուտկա զօնտիչնայա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հանդիպում է միայն Հայաստանի ծայր հարավում` Զանգեզուրում: Երկու լոկալիտետները միմյանցից հեռացած են 17 կմ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 100 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված հազվագյուտության և տնտեսական գործունեության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Միամյա նուրբ բույս, բազմաթիվ ցողուններով 5-15(30) սմ բարձր.: Տերևները լայն-նշտարաձև կամ երկարավուն, հիմքում սրտաձև, ականջուկներով: Ծաղիկները քառատիպ, պսակաթերթերը սպիտակ, խմբված վահանիկանման կարճացած գագաթնային ողկույզում: Պտուղը պատիճակ, 4-6 մմ երկ., հակաեռանկյունաձև, կողքերից տափակացած, հիմքում սեպաձև, գագաթում թեթևակի գոգավոր, անկյունավոր ճառագայթաձև ջղավորված թևերով,

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ճակատեն, Ներքին Հանդ): AOO` 8 քառ. կմ, լոկալիտետներ` 2: Դրանց միջև տարածությունը 17 կմ: Հայաստանից բացի հանդիպում է նաև արևելյան Նախակովկասում և արևելյան Անդրկովկասում, ինչպես նաև հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 700-900 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, թփուտների մեջ: Ծաղկում է մայիսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանի սահմանափակություն, Հազվագյուտություն, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` կապված տնտեսական գործունեության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է ցուցաբերել հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, իրականացնել պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

138. Thlaspi zangezuricum Tzvel.

Շնկոտեմ զանգեզուրի

(Յառուտկա զանգեզուրսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է միայն Հայաստանի ծայր հարավից` Զանգեզուրից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է անհետացում` կապված հազվագյուտության և կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյա նուրբ բույս, բազմաթիվ ցողուններով 3-10 սմ բարձր.: Տերևները ամբողջաեզր, արմատամեձները կոթունավոր, ցողունայինները` նստադիր, առանց ականջուկների: Ծաղիկները քառատիպ, վարդագույն պսակաթերթերով: Պատիճակները 6-9 մմ երկ., անթև, երկու գագաթներին նեղացած, սռնակը 1 մմ երկ.:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (լեռնագագաթ Խուստուփ, Արավուս) և Մեղրու (Վարդանաձոր) ֆլորիստիկական շրջաններում: EOO 630 քառ. կմ է, AOO 12 քառ. կմ է: Լոկալիտետները` 3:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան գոտիների ծ. մ. 2000-3100 մ բարձրությունների վրա, ժայռաճեղքերում: Ծաղկում է հունիսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված կլիմայի փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ցուցաբերել հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ: Պետք է կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու և պոպուլյացիայի կարգավիճակը և ծավալը ճշտելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: Ստեղծել ԲՀՊՏ Խուստուփի ենթալպյան և ալպյան գոտիներում:

 

139. Zuvanda meyeri (Boiss.) Askerova (= Malcolmia meyeri Boiss.)

Զուվանդա Մեյերի

(Զուվանդա Մեյեռա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Հանրապետությունում հայտնի է միայն ծայր հարավից` Մեղրու ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում և անհետացում` կապված բնակավայրերի ընդարձակման և հանքարդյունաբերության զարգացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս` մերկ կամ ծածկված մանր ելունդիկներով: Ցողունը բարակ, ճյուղավորված, 10-25 սմ բարձր.: Ցողունային տերևները ձվաձև-երկարավուն, ամբողջաեզր, ցողունագիրկ ականջուկներով: Ծաղիկները քառատիպ; պսակաթերթերը վառ-վարդագույն: Պատիճները քառանիստ, երկարավուն ակոսներով, փայլուն 4-6 սմ երկ.: Սերմերը դասավորված մեկ շարքով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Մեղրի, Ագարակ, Գուդեմնիս, Կարչևան, Շվանիձոր, Նյուվադի): EOO 260 քառ. կմ է, AOO` 28 քառ. կմ: Լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Նախիջևանը, Արևելյան Անդրկովկասը և Թալիշը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտու ծ. մ. 800-1500 մ բարձրությունների վրա խճաքարոտ, քարքարոտ լանջերին: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. միջավայրի կորուստ կամ դեգրադացիա` կապված բնակության տարածքների ընդարձակման և հանքարդյունաբերության զարգացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել նոր ԲՀՊՏ-ի ստեղծում Ագարակի մոտ, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Caesalpiniaceae - Ցեզալպինազգիներ - (Ցեզալյպինիեվիե)

140. Cercis griffithii Boiss.

Հուդայածառ Գրիֆիթի

(Իուդինօ դերեվօ Գրիֆֆիտա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Ներկայումս հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա` կազմված 2 լոկալիտետներից, որոնց միջև տարածությունը 20 կմ է: Ընդ որում տարածման և բնակության շրջանների մակերեսը` 10 քառ. կմ-ից փոքր: Տեսակին սպառնում է անհետացում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության, պտղատու և խաղողի այգիների հիմնման պատճառով տարածքների յուրացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միջին (3-4 մ) բարձրության ծառ, պարզ ամբողջական տերևներով և թափվող տերևակիցներով: Ծաղիկները զիգոմորֆ, համարյա թիթեռնանման, փնջերով, պայծառ վարդագույն կամ կապտավուն: Գեղազարդային տեսակ է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Շվանիձոր և Նյուվադի): AOO 8 քառ. կմ է: Լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Ադրբեջանում, Միջին Ասիայում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտու ծ. մ. 700-900 մ բարձրությունների վրա. կիսաանապատներում, չոր քարքարոտ լանջերին, երբեմն սահմանաշերտերում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղակալում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Callitrichaceae - Վարսագեղազգիներ - (Բօլօտնիկօվիե)

141. Callitriche hermaphroditica L.

Վարսագեղ հերմաֆրոդիտ

(Բօլօտնիկ գեռմաֆռօդիտնիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Կովկասում հայտնի է միայն Հայաստանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում`կապված հազվագյուտության, կլիմայի գլոբալ փոփոխության և անտրոպոգեն գործոնների հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Ամբողջությամբ ջրում սուզված միամյա լողացող բույս: Տերևները մանր, գծային, մուգ-կանաչ, թափանցիկ, մեկ ջղով: Ծաղիկները տերևների անութներում, առանց ծաղկակիցների: Ծաղկապատը բացակայում է: Պտուղը չոր, լայն-թևավոր չորս բլթակներով, և չորս սերմերով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Ապարանի ֆլորիստիկական շրջանում, Չիլի լճում: AOO 4 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է բարեխառը Եվրասիան և Հյուսիսային Ամերիկան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտու ծ. մ. 2000 մ բարձրությունների վրա. լճակներում, ճահճացած տեղերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտություն, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Պետք է կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու և պոպուլյացիայի կարգավիճակը և ծավալի ճշտելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Campanulaceae - Զանգակազգիներ - (Կօլօկօլյչիկօվիե)

142. Campanula caucasica M. Bieb.

Զանգակ կովկասյան

(Կօլօկօլյչիկ կավկազսկիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii) Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնաբերված է վերջերս, հայտնի է մեկ պոպուլյացիա տեսակի ընդհանուր արեալի հարավային սահմանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս, լոկալիտետը` 1: Տեսակին սպառնում է աճելավայրերի պայմանների փոփոխություն Սոտքի ոսկու արդյունահանման կոմբինատի գործունեության ընդլայնման և արածեցման պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս: Ցողունները ուղիղ կանգնած, 10-20 սմ բարձր.: Ծաղիկները (1)3-7(10) հատ, մանուշակա-կապույտ, խմբված հուրանանման ծաղկաբույլերում: Վարդակի և ստորին ցողունային տերևները (լայն-) նշտարաձև, ձգված կոթունի, թիթեղի երկարության 1-2-ին հավասար: Ծաղիկները զանգականման կապտա-մանուշակագույն:

Տարածում. Հայաստանում հայտնի է միայն Սևանի ֆլորիստիկական շրջանից Սոտք գյուղի շրջակայքից: AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Կովկասի էնդեմիկ է: Տեսակի հիմնական պոպուլյացիան գտնվում է Կովկասի Գլխավոր լեռնաշղթայի արևելյան ծայրամասում: Հայտնի են նաև 2 աճելավայրեր Ղարաբաղում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտում, ծ. մ. 2150-2250 մ բարձրությունների վրա. մարգագետնա-տափաստանում քարերի մեջ: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` լեռնա-արդյունահանող արդյունաբերության և արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է միակ պոպուլյացիան արժանացնել հատուկ ուշադրության: Պետք է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

143. Campanula massalskyi Fomin

Զանգակ Մասալսկու

(Կօլօկօլյչիկ Մասսալյսկօգօ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում մարդածին գործոնների ազդեցության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կիսաթփիկ, խիտ թավշյա թավոտությամբ: Ցողունները 4--20 սմ բարձր.: Ծաղիկները 1-5, հավաքված վահանիկանման-ողկուզային ծաղկաբույլերում, կապույտ: Տերևները ձվաձև-սեպաձև, մսալի, ալիքավոր եզրերով:Ծաղիկները բաց երկնագույն: Գեղազարդային բույս:

Տարածում. Հայաստանում հայտնի միայն Արտենի (Բոգուտլու) լեռնագագաթից, Շիրակի ֆլորիստիկական շրջանից: EOO 12 քառ. կմ է, AOO` 8 քառ. կմ, լոկալիտետը` 1: Հայաստանից դուրս հայտնի են 2 աճելավայրեր Հյուսիս-արևելյան Անատոլիայում, որոնցից 1 (Դիգոր-չայ, Բեշկիլիս ա)` մոտիկ է հայկականին:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1100-1700 մ բարձրությունների վրա. հրաբխային ժայռերի վրա: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` Արտենի լեռից օբսիդիանի և պեռլիտի արդյունահանման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է. պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ և արգելավայրի ստեղծում Արտենի լեռնագագաթի վրա:

 

144. Campanula minsteriana Grossh. (=C. karakuschensis Grossh.)

Զանգակ Մինստերի

(Կօլօկօլյչիկ Մինստեռա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Ընդհանուր արեալի հյուսիսային սահմանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է, լոկալիտետները` 3:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր C. karakuschensis Grossh. անվանումով 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կիսաթփիկ, բարձիկանման ճիմ առաջացնող բույսեր: Ցողունները վեր բարձրացող, 4-16 սմ բարձր.: Վարդակային տերևները թիանման, սեպաձև ձգված կոթունի: Ծաղիկները 1-4, վահանիկանման ծաղկաբույլերում, մանուշակագույն-կապույտ: Գեղազարդային բույս է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Տիգրանաշեն և Զանգակատուն գյուղերի միջև, Խաչիկ, Գնիշիկ, Գանձակ, Խնձորուտ): EOO 380 քառ. կմ է, AOO` 28 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Արևելյան Անատոլիայում, Հյուսիս-արևմտյան Իրանում, որտեղ նույնպես հազվագյուտ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջինից մինչև ալպյան գոտի, ծ. մ. 1200-3000 մ բարձրությունների վրա. կրաքարային ժայռերին: Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` հուլիս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

145. Campanula propinqua Fisch. & C. A. Mey.

Զանգակ ազգակից

(Կօլօկօլյչիկ ռօդստվեննիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա տեսակի ընդհանուր արեալի հյուսիսային սահմանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում, ինչպես նաև միջավայրի պայմանների վատացում, մարդածին գործոնների ազդեցության հետևանքով: Նկատի ունենալով, որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանից դուրս, սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Եղանաձև ճյուղավորված միամյա խոտաբույս 3-15 (30) սմ բարձր.: Ստորին ցողունային տերևները թիանման, ձգված ոչ պարզ երևացող կոթունի: Ծաղիկները գագաթնային և ճյուղավորված ցողունների անկյուններում, կարճ կոթերով, զանգականման-ձագարաձև, կապտա-մանուշակագույն, հիմքում` դեղնավուն: Գեղազարդային բույս է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Դարբ գետի հովիտ, Արփա, Եղեգիս): EOO 360 քառ. կմ է, AOO` 32 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Հարավային և Արևելյան Անատոլիայում, Սիրիական կիսաանապատում, Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1200-1600 մ բարձրությունների վրա. խճաքարոտ և ավազային թափվածքների վրա: Ծաղկում է մայիս-հւնիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` Արփա և Դարբ գետերի կիրճերում հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

146. Campanula zangezura (Lipsky) Kolak. & Serdyuk.

Զանգակ Զանգեզուրի

(Կօլօկօլյչիկ զանգեզուրսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Սահմանափակ արեալով տեսակ է: Հայտնի է մեկ պոպուլյացիա Զանգեզուրի լեռնաշղթայի հարավում և Մեղրու լեռնաշղթայի վրա: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում հանքերի բաց շահագործման հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես Symphyandra zangezura Lipsky. 3 կարգավիճակով` կրճատվող տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս: Ցողունը 10-40 սմ բարձր., պարզ կամ թույլ ճյուղավորված, 1 կամ սակավաթիվ ծաղիկներով: Վարդակային և ցողունային տերևները, մատնաձև-հատված, կոթունավոր:Պսակը ծիրանի-վարդագույն, համարյա անիվանման; փոշանոթները միաձուլված: Գեղազարդային տեսակ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում (Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային մաս, Մեղրու լեռնաշղթա, դեպի արևելք մինչև Խուստուփ): EOO 430 քառ. կմ է, AOO` 60 քառ. կմ, լոկալիտետը` 5: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում (Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային հատված) և Հյուսիս-արևմտյան Իրանում (Կարադաղ լեռնաշղթա):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջինից մինչև ալպյան գոտի, ծ. մ. 1600-3200 մ բարձրությունների վրա. ժայռոտ տեղերում: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` լեռնա-արդյունաբերական գործունեության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Caryophyllaceae - Մեխակազգիներ - (Գվօզդիչնիե)

147. Allochrusa takhtajanii Gabrielian & Dittr.

Ալոխրուզա Թախտաջյանի

(Ալօխրուզա Տախտադժյանա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii,v) + 2 ab(iii,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա 10 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջաններով: Աճում է գյուղատնտեսական հանդակների համար ինտենսիվ յուրացվող հողերի վրա:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կիսաթուփ 20-40 սմ բարձր.: Ամբողջ բույսը ծածկված պարզ, ոչ գեղձային մազիկներով: Ծաղկաբույլը աղքատացած: Բաժակը 5-5.5 (6) մմ երկ., ատամիկներով 1.5 մմ երկ.: Պսակաթերթերը սպիտակ, բաժակից հազիվ դուրս ցցված, թույլ գոգավոր պսակաթերթով:

Տարածում. Հայաստանում հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Սուրենավան գյուղի շրջակայք): AOO` 4 քառ. կմ, լոկալիտետը` 1: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800 մ բարձրության վրա. չոր քարքարոտ լանջերին` կիսաանապատում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

148. Arenaria brachypetala (Grossh.) T. N. Popova

Որմնաբույս կարճաթերթիկավոր

(Պեսչանկա կօռօտկօլեպեստնայա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա 10 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջաններով: Տեսակին սպառնում է աճելավայրերի պայմանների կորուստ` կապված տնտեսական գործունեության ակտիվացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 20-40 սմ բարձր.: Պսակաթերթերը բաժակաթերթերից կարճ, դեղնավուն-կանաչավուն: Բաժակաթերթերը բթացած: Բույսը ներքևի մասում մահացած տերևների մնացորդներով:

Տարածում. Հայաստանում հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանից (Երախի լեռնաշղթա, լեռնագագաթ Փոքր Իլկասար): AOO` 8 քառ. կմ, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Հյուսիս-Արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-900 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, կիսաանապատում և ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, փոքրաթիվ լոկալիտետներ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական գործունեության ակտիվացման և անասունների կողմից տրորման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ԲՀՊՏ-ի ստեղծում Երասխի լեռնաշղթայի վրա:

 

149. Bufonia takhtajanii Nersesian

Դոդոշախոտ Թախտաջյանի

(Բյուֆօնիյա Տախտադժյանա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii,iv,v) + 2 ab(ii,iii,iv,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Առկա է աճելավայրերի խախտման սպառնալիք` անասունների տրորման և շինարարական աշխատանքների արդյունքում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 15-30 սմ բարձր.; հաստացած ցողունաարմատով և բարակ, փխրուն ճյուղերով: Տերևները գծային, կոշտ: Պսակաթերթերը բաժակից երկար, սպիտակ:

Տարածում. Հայտնի է Երևանի ֆլորիստիկական շրջանից (Երախի լեռնաշղթա): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 900-1000 մ բարձրությունների վրա. քարքարոտ գիպսակիր լանջերին, ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է հւլիսին ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, փոքրաթիվ լոկալիտետներ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ճանապարհաշինության և անասունների կողմից տրորման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է Երասխի լեռնաշղթայի վրա ԲՀՊՏ-ի ստեղծում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

150. Cerastium capillatum I.V.Sokolova

Ճռճռուկ մազոտ

(Յասկօլկա վօլօսատայա)

 

Կատեգորիա. CR B 1 ab (ii,iii,iv,v) + 2 ab(ii,iii,iv,v); D

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը` 10 քառ. կմ-ից պակաս է: Տնտեսական գործունեության և կլիմայի փոփոխության հետ կապված աճելավայրերի պայմանների փոփոխությունները կարող են առաջացնել տարածման շրջանի և պոպուլյացիայի անհատների թվաքանակի կրճատում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 10-15 սմ բարձր.: Տերևները գծայինից մինչև գծային-նշտարաձև, 20-40(50) մմ երկ.: Բաժակաթերթերը 8-11 մմ երկ.:

Տարածում. Հայաստանում հայտնի է Իջևանի (Հալաբի լեռնաշղթա) և Լոռու (Բազումի լեռնաշղթա) ֆլորիստիկական շրջաններից: AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Հարավային Ղարաբաղում և Արևելյան Թուրքիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտում, ծ. մ. 1800-1260 մ բարձրությունների վրա. մարգագետիններում, քարքարոտ լանջերին: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անասունների կողմից տրորման հետևանքով, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի կառուցվածքի և անհատների թվաքանակի ճշտում, դրա վիճակի մոնիթորինգ:

 

151. Coccyganthe flos-cuculi L. (=Coronaria flos-cuculi (L.) A.Br.)

Կկվածաղիկ

(Կուկուշկին ցվետ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Աճում է ճահճացած տեղամասում, մայրուղու հարևանությամբ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է ճանապարհաշինությունը և մելիորացիոն աշխատանքների անցկացումը:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա, համարյա մերկ բույս 30-70 սմ բարձր.: Տերևները նշտարաձև: Ծաղիկները բաց-մանուշակագույն, կախված: Պսակաթերթերի թիթեղը 4-բաժան; բաժակը 6-8 մմ երկ.: Բարձրարժեք գեղազարդային բույս է:

Տարածում. Հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Լերմոնտովո գյուղի շրջակայք): AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Նախակովկասում և ամբողջ Եվրոպայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1700 մ բարձրության վրա. խոնավացած տեղերում: Ծաղկում է հուլիսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ճանապարհաշինության և գյուղատնտեսական հանդակների ընդլայնման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

152. Coronaria coriacea (Moench) Schishk.& Gorschk. (=Lychnis coronaria (L.)Desr.)

Կորոնարիա կաշեկերպ

(Կօռօնարիյա կօժիստայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab (ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է չափից ավելի հավաքը` որպես գեղազարդային բույս, անտառտնտեսական գործունեությունը, ճանապարհաշինությունը, գյուղատնտեսական հանդակների ընդարձակումը:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 30-70 սմ բարձր.: Տերևները երկարավուն կամ էլիպսաձև: Պսակաթերթերը բոսորագույն կարմիր կամ ծիրանագույն, 20-25 մմ երկ.:

Տարածում. Հայաստանում հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանից («Շիկահող» պետական արգելոց, Սրաշեն, Ներքին Հանդ): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 2: Հայաստանից բացի հանդիպում է Նախիջևանում, Թալիշում, Կենտրոնական և Հարավային Եվրոպայուն, Հյուսիս-Արևմտյան Աֆրիկայում, Հյուսիսային Իրանում, Միջին Ասիայում (Թուրքմենիա):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1300 մ բարձրության վրա. անտառում, անտառի եզրերին, ճամփեզրերին: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անտառտնտեսական գործունեության, ճանապարհաշինության, գյուղատնտեսական հանդակների ընդարձակման նպատակով, չափից ավելի հավաք` որպես բարձրարժեք գեղազարդային բույս:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

153. Dianthus cyri Fisch. & C.A.Mey.

Մեխակ քուռի

(Գվօզդիկա կուրինսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii) + 2 ab(ii,iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է 2 պոպուլյացիա Երևանի ֆլորիստիկական շրջանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Ինտենսիվ տնտեսական գործունեությունը, հողերի յուրացումը գյուղատնտեսական հանդակների համար, ճահիճների չորացումը և բուսականության այրումը կարող է առաջացնել տեսակի տարածման և բնակության շրջանների կրճատում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս 15-30 սմ բարձր.: Բաժակը գորտնուկավոր, 15 մմ երկ.: Պսակաթերթերը բաց-մանուշակագույն, ճեղքված-ատամնավոր, մերկ:

Տարածում. Հայաստանում հայտնի է Երևանի ֆլորիստիկական շրջանից (Արարատ ավանի շրջակայք, Վեդի, Աշտարակ): EOO 360 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետներըը` 3: Հայաստանից բացի հանդիպում է Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում, Արաբական թերակղզում, Իրաքում, Իրանում և Աֆղանստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 900-1200 մ բարձրությունների վրա. գետերի ավազոտ ափերին, աղակալված ճահիճներում, շիբլյակում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, ճահիճների չորացման, արածեցման, բուսականության այրման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Ներկայումս Արարատի ճահիճները առանձնացվել են որպես բնության հուշարձան, սակայն պահպանության իրական գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիան կարիք ունի մեծ ուշադրության: Պետք է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

154. Dianthus grossheimii Schischk.

Մեխակ Գրոսհայմի

(Գվօզդիկա Գռօսսգեյմա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) +2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է երկու պոպուլյացիա Սևանի և Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջաններում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է աճելավայրերի պայմանների փոփոխություն` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման և ռեկրեացիայի ինտենսիվացման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 20-40 սմ բարձր.: Բաժակը 12-17 մմ երկ.: Ծաղիկները վահանիկանման ծաղկաբույլերում կամ միայնակ: Ծաղկակից թեփերը 4-6(8): Պսակաթերթերը վարդագույն կամ ծիրանագույն, անհավասար ատամնաեզր, վերևում` մազիկներով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Սևանի (Սևան, Արգիճի) և Դարեղեգիսի (Սելիմի լեռնանցք, Քարվանսարայի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 410 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1800-2200 մ բարձրությունների վրա. քարքարոտ լանջերին, լեռնային տափաստանում և մարգագետնա-տափաստանում, մարգագետիններում: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, արեալի մասնատվածություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, արածեցման, խոտհունձի, ռեկրեացիոն տրորման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան «ազգային պարկի պահպանական գոտում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

155. Dianthus libanotis Labill.

Մեխակ Լիբանանի

(Գվօզդիկա լիվանսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Արեալը մասնատված է և կազմված 3 լոկալիտետներից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակը աճում է ինտենսիվ տնտեսական գործունեության տարածքներում, սակայն հիմնական սպառնալիքը կապված է գյուղատնտեսական հանդակների ընդլայնման հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 25-60 սմ բարձր.: Բաժակը 30-40 մմ երկ: Տերևները կոշտ, փշոտ: Ծաղկակից թեփերը 4-6 հատ, հետ թեքված փշոտ սրածայրի: Պսակաթերթերի թիթեղները սպիտակ, հիմքի մոտ կարմրավուն խալով, մինչև կեսը բաժանված թելանման մասերի:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (ՈՒրծի լեռնաշղթա, լեռնագագաթ Իլկասար, Զովաշեն և Գառնի գյուղերի միջև) և Դարեղեգիսի (Արենի գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 310 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի հանդիպում է Նախիջևանում, Հարավ-Արևմտյան Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1400 մ բարձրությունների վրա. կիսաանապատում, ֆրիգանանման բուսականության մեջ, չոր քարքարոտ և կավային լանջերին: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդարձակման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Երասխի լեռնաշղթայի վրա, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

156. Gypsophila aretioides Boiss.

Սապնարմատ արեցանման

(Կաչիմ արեցիեվիդնիե)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Հիմնական սպառնալիքը` աճելավայրերի խախտում ճանապարհային ցանցի զարգացման հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բույսեր` մինչև 2 մ տրամագծով խիտ բարձիկներ առաջացնող: Տերևները լայնակի կտրվածքում եռանկյուն, 1-4 մմ երկ. 1 մմ լայն, կղմինդրաձև միմյանց վրա դասավորված: Բաժակը 2-3 մմ երկ., բութ ատամիկներով: Ծաղկակոթերը 1-3(3,5) մմ երկ.: Պսակաթերթերը բաժակից երկար, ամբողջական, սպիտակ կամ վարդագույն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (ՈՒրծի լեռնաշղթա, Տիգրանաշեն, Էլփին գյուղերի շրջակայք) և Զանգեզուրի (Որոտան գետի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 600 քառ. կմ է, AOO` 30 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Հյուսիսային Իրանում, Միջին Ասիայում (Թուրքմենիայում):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1300-1900 մ բարձրությունների վրա. Ժայռոտ տեղերում: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` սեպտեմբերին: Հաճախ նկատվում է երկրորդ ծաղկումը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված ճանապարհաշինության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

157. Gypsophila stevenii Fisch. ex Schrank.

Սապնարմատ Ստևենի

(Կաչիմ Ստեվենա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii) + 2 ab(ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Անդրկովկասի էնդեմիկ է: Հայտնի է 1 պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է աճելավայրերի պայմանների խախտում բնակավայրերի ենթակառուցվածքի զարգացման և ճանապարհաշինության հետևանքով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 20-40 (60) սմ բարձր.: Տերևները գծային, 1-3 մմ լայն.: Բաժակը 3-3.5 մմ երկ.: Պսակաթերթերը սպիտակ, 1,5 անգամ բաժակից երկար: Ծաղկաբույլի մասում բույսը ծածկված կարճ գեղձային մազիկներով:

Տարածում. Հայաստանում հայտնի Իջևանի ֆլորիստիկական շրջանից (Իջևանի շրջակայք, գյուղ Հովք): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի հանդիպում է Արևելյան Անդրկովկասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1200 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, շիբլյակում: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված բնակավայրերի ինֆրաստրուկտուրայի զարգացման և ճանապարհաշինության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

158. Minuartia sclerantha (Fisch. & C.A.Mey.) Thell.

Մինուարցիա կոշտածաղիկ

(Մինուարցիյա ժեստկօցվետնայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի են երկու պոպուլյացիաներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աճում է յուրացվող տարածքներում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս 3-7 սմ բարձր.: Ծաղկակիցների և բաժակաթերթերի ջղերը ծածկված բյուրեղային վահանակներով: Ծաղկակիցները կարթանման ներս թեքված, երկարությամբ ծաղկաբույլի փնջերին հավասար կամ մի քիչ դրանցից երկար: Բաժակը հիմքում հատված կամ սապատով: Պսակաթերթերը չկան կամ ռեդուկցված: Տուփիկը 2-3 սերմերով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Գոռավան, Երասխ) և Մեղրու (Կարչևան, Նյուվադի) ֆլորիստիկական շրջաններում: EOO 750 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Արևելյան Անդրկովկասում, Թալիշում, Անատոլիայում, Իրաքում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտիներում, ծ. մ. 550-900 մ բարձրությունների վրա. ավազների վրա, չոր լանջերին, անապատում, կիսաանապատում, ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման և ճանապարհաշինության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

159. Scleranthus perennis L.

Կարծրածաղիկ, կնճռուկ բազմամյա

(Դիվալա մնօգօլետնյայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի են 2 պոպուլյացիաներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Հիմնական սպառնալիքը գյուղատնտեսական հանդակների ընդլայնումն է և ենթակառուցվածքի զարգացումը:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 5-10 սմ բարձր.: Բաժակաթերթերը սպիտակ լայն, (լայնությամբ համարյա հավասար կենտրոնական կանաչ շերտին), թաղանթային եզրով, պտղի ժամանակ միացող:.

Տարածում. Հայաստանում հայտնի է Վերին Ախուրյանի (Ամասիայի շրջակայք) և Արագածի (Բայսըզ և Բյուրական գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններից: EOO 930 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Արևմտյան, Հարավ-արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Եվրոպայում, Միջերկրածովյան ավազանի երկրներում և Հյուսիս-արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1900-2200 մ բարձրությունների վրա. մարգագետիններում և մարգագետնա-տափաստանում, չոր քարքարոտ և խճաքարոտ լանջերին: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման, ճանապարհաշինության և ինտենսիվ արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

160. Silene araxina Trautv.

Ծվծվուկ Արաքսի

(Սմօլեվկա առակսինսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(ii,iii,iv,v) + 2 ab(ii,iii,iv,v)

Վտանգված տեսակ: Հայտնի են 2 պոպուլյացիաներ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Հիմնական սպառնալիքները` ճանապարհաշինություն և ռեկրեացիոն տրորորում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 20-40 սմ բարձր.: Արմատամերձ տերևները կոթունավոր, ցողունայինները` նստադիր: Ցողունների հիմքում խմբված են մահացած տերևների կոշտ չռված հիմքերը: Պսակաթերթերը վարդագույն, ենթաբաժակով: Բարձրարժեք գեղազարդային բույս:

Տարածում. Հայաստանում հայտնի է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Սելիմի լեռնանցք, Ջերմուկ քաղաքի շրջակայք): EOO 120 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Հյուսիս-արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում, ծ. մ. 1900-2400 մ բարձրությունների վրա. ժայռոտ տեղերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ճանապարհաշինության և ռեկրեացիոն տրորման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

161. Silene arenosa K.Koch

Ծվծվուկ ավազուտային

(Սմօլեվկա պեսչանայա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(ii,iii,iv) + 2 ab(ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ փոքր պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս 5-25 սմ բարձր.: Ցողունները և ծաղկակոթերը բարակ, կոշտ: Պսակաթերթերը սպիտակ:

Տարածում. Հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանից (Գոռավան, Զվարթնոց): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2: Բացի Հայաստանից աճում է Նախիջևանում, Հյուսիս-արևելան Անատոլիայում, Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-900 մ բարձրությունների վրա. ավազային անապատում,չոր լանջերին, աղակալած հողերի վրա, աղակալած ճահիճներում, կիսաանապատում: Ծաղկում է մայիս ամսին, պտղակալում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

162. Silene chustupica Nersesian

Ծվծվուկ Խուստուպի

(Սմօլեվկա խուստուպսկայա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii,iv) + 2 ab(iii,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բարձիկանման կիսաթփիկ 15-20 սմ երկ.: Տերևները գծային, կոշտավուն: Պսակաթերթերի թիթեղը ծիրանագույն: Բարձրարժեք գեղազարդային տեսակ:

Տարածում. Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Խուստուփ լեռնագագաթ): AOO 4 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում, ծ. մ. 3000-3200 մ բարձրությունների վրա. քարքաթափվածքների վրա: Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանություն չի իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր ԲՀՊՏ-ի ստեղծումը Խուստուփ լեռնագագաթի վրա:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2010
N 72-Ն
Որոշում