Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (10-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.0072.290110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2010 թվականի N 72-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(10-րդ մաս)

 

257. Onobrychis meschetica Grossh.

Կորնգան մեսխեթական

(Էսպարցետ մեսխետսկիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Անդրկովկասի էնդեմիկ է: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 40-60 սմ բարձր.: Միջին և վերին տերևների տերևիկները օվալ կամ էլիպսաձև, գագաթում` բութ-կլորավուն: Ծաղկաբույլը բազմածաղիկ, ծաղկելուց հետո երկարացող: Պսակը դեղին, նուրբ վարդագույն շերտավոր: Դրոշը արտաքինից թավոտ, 14-17 մմ երկ.: ՈՒնդերը երիկամաձև, ոտիկով, մերկ, փայլուն, սովորաբար մուգ թխավուն; մեջքային կարը կորացած:

Տարածում. Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Շամբ գյուղի և Տաթև ՀԷԿ-ի շրջակայք): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 20 կմ է: Հայաստանից բացի աճում է Կենտրոնական և Հարավ-արևմտյան Անդրկովկասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600-1400 մ բարձրությունների վրա. շիբլյակում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, ռեկրեացիայի ազդեցություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ են. հետազոտական աշխատանքներ` պոպուլյացիայի ծավալի և կառուցվածքի բացահայտման նպատակով, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

258. Onobrychis takhtajanii Sytin

Կորնգան Թախտաջյանի

(Էսպարցետ Տախտադժյանա)

 

Կատեգորիա. EN B 1 ab (i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է մեկ մասնատված պոպուլյացիա, որի տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աճում է հողերի ինտենսիվ յուրացման տարածքներում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 20-90 սմ բարձր.: Տերևիկները 4-8 զույգ, 10-30 մմ երկ., նեղ- կամ լայն-գծային: Ծաղկակիրները 6-25 սմ երկ.: Ծաղկաբույլը ծաղկելուց հետո երկարացող: Բաժակը մերկ, ատամիկները երկարավուն-եռանկյուն, միայն ներքևի կեսում եզրերից վեր ուղղված թարթիչներով: Պսակը վարդագույն-սպիտակ կամ սպիտակ: ՈՒնդերը նստադիր, հակաեռանկյուն կամ կիսակլոր, խիտ և առսեղմ թավոտ, փշերը կատարի և սկավառակի վրա 1-5-ական, 0,5-1,5 մմ երկ.; մեջքային կարը ուղիղ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Տիգրանաշեն, Զանգակատուն, ՈՒրծալանջ գյուղերի շրջակայք) և Դարեղեգիսի (Սելիմի լեռնանցք, Այարի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 530 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1600-2200 մ բարձրությունների վրա. մարգագետիններում, մարգագետնա-տափաստանում, խճաքարոտ և կրաքարային լանջերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Այարի կիրճում: Պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

259. Oxytropis armeniaca Sosn. ex Mulk.

Գառնառվույտ հայկական

(Օստռօկիլյնիցա առմյանսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Արեալը խիստ մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա անցողուն բույս 15-30 սմ բարձր., ծածկված երկար դեղին և սպիտակ մազիկներով: Տերևները 8-18 սմ երկ.: Տերևիկները 12-19 զույգ: Ծաղկակիրները ամուր, ուղիղ` տերևները գերազանցող: Ծաղկաբույլը բազմածաղիկ, կլորավուն-ձվաձև, գլխիկա-ձվաձև, պտղի ժամանակ երկարացող: Պսակը մանուշակա-երկնագույն: Դրոշը 17-22 մմ երկ.: ՈՒնդերը երկարավուն-ձվաձև, կարճ սև- և սպիտակ-մազոտ, 23 մմ երկ., 8-9 մմ լայն.:

Տարածում. Հանդիպում է Լոռու (Ձորագետի վերին հոսանք), Սևանի (Շորժա և Ջիլ գյուղերի շրջակայք) և Գեղամի (Գռիձոր) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1860 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտիներում, ծ. մ. 1950-2700 մ բարձրությունների վրա. մարգագետիններում, չոր քարքարոտ-խճաքարոտ և կրաքարային լանջերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, թույլ գեներատիվ վերարտադրություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ինտենսիվ արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

260. Oxytropis karjaginii Grossh.

Գառնառվույտ Կարյագինի

(Օստռօկիլյնիցա Կարյագինա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii) + 2 ab(i,ii)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ մասնատված պոպուլյացիա 500 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա երկարամազ մոխրագույն անցողուն բույս: Տերևները 4-16 սմ երկ.: Տերևիկները 6-10 զույգ, երկարավուն-էլիպսաձև: Ծաղկակիրները համարյա տերևներին հավասար, 5-16 (25) սմ երկ.: Ծաղկաբույլը գլխիկանման, 4-8 (14) ծաղիկներով: Պսակը վառ-ծիրանի-մանուշակագույն, 11-14 մմ երկ.: ՈՒնդերը երկարավուն, թույլ կորացած, 15-25 մմ երկ., երկար, խիտ, փափուկ սպիտակամազ:

Տարածում. Հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Խաչիկ գյուղի շրջակայք, Այարի կիրճ, Սելիմի լեռնանցք): EOO 150 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Հյուսիս-արևելյան Անատոլիայում և Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1200-2400 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, խճաքարոտ տեղերում, տափաստանային և մարգագետնա-տափաստանային զոնայի քարաթափվածքների վրա: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Այարի կիրճում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

261. Oxytropis lazica Boiss.

Գառնառվույտ լազիստանյան

(Օստռօկիլյնիցա լազիստանսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Արեալը խիստ մասնատված է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 3 կարգավիճակով` կրճատվող տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա գետնամերձ անցողուն բույս, ծածկված երկար դեղին և սպիտակ մազիկներով: Տերևները 2-6 սմ երկ.: Տերևիկները 9-15 զույգ: Ծաղկակիրները թույլ, ծաղկաբույլի հետ միասին 2,5-8 սմ երկ.: Ծաղկաբույլը սակավածաղիկ, 4-10 ծաղիկներով, պտղի ժամանակ չերկարացող: Պսակը բաց մանուշակա-երկնագույն: Դրոշը 17-20 մմ երկ.: ՈՒնդերը ձվաձև-երկարավուն, թեթևակի կորացած, մինչև 20 մմ երկ., կարճամազ:

Տարածում. Հանդիպում է Սևանի (Արտանիշի թերակղզի) և Գեղամի (լեռնագագաթներ Սևսար, Զիարեթ, Հադիս, Քյանքան գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 440 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 5: Հայաստանից բացի աճում է Արևմտյան Անդրկովկասում և Հյուսիս-արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան լեռնային գոտիներում, ծ. մ. 2000-3300 մ բարձրությունների վրա. մարգագետիններում, քարքարոտ լանջերին և քարաթափվածքների վրա: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, թույլ վերարտադրություն, ինտենսիվ արածեցում:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

262. Sphaerophysa salsula DC.

Սֆերոֆիզա աղուտային

(Սֆեռօֆիզա սօլօնցօվա)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Խոցելի տեսակ: Ներկայումս հայտնի են երկու պոպուլյացիաներ, որոնց տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Նկատի ունենալով տեսակի լայն ընդհանուր տարածումը և Հայաստանի տարածքում նրա տարածման ընդլայնումը սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս ուղիղ կանգնած ցողուններով 30-100 սմ բարձր.: Տերևները կենտ փետրաձև: Տերևիկները 6-11 զույգ, առսեղմ թավոտ, մոխրագույն, էլիպսաձև, բութ գագաթով: Ծաղկաբույլը 7-15 ծաղիկներով: Պսակը ծիրանագույն, 10-12 մմ երկ.: ՈՒնդը երկար ոտիկի վրա, փքված, թաղանթային, մերկ, 2-2,5 սմ երկ.:

Տարածում. Հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արմավիր, Արարատ): EOO 190 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Ռուսաստանի եվրոպական մասի հարավում, Միջին Ասիայում, Ղազախստանում, Իրանում, Աֆղանստանում, Ալթայում, Տուվայում, Մոնղոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-900 մ բարձրությունների վրա. աղակալած ճահիճներում, առուների ափերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ճահիճների չորացման, արածեցման, բուսականության այրման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. ՀՀ Կառավարության 2008 թ որոշմամբ Արարատի աղակալած ճահիճները ընդգրկվել են բնության հուշարձանների ցանկում, որպես «Աղակալած ճահճուտ»: Անհրաժեշտ է տարածքի պահպանության կազմակերպում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

263. Trifolium angustifolium L.

Երեքնուկ նեղատերև

(Կլեվեռ ուզկօլիստիյ)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա 10 քառ. կմ-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով: Նկատի ունենալով տեսակի լայն ընդհանուր տարածումը սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև EN:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա թավոտ բույս 10-60 սմ բարձր.: Տերևակիցների միաձուլված մասում գծային-նշտարաձև, ազատ մասում` գծային-բզաձև: Տերևիկները գծային, մինչև 8 սմ երկ., 2-4 մմ լայն.: Ծաղկաբույլը միայնակ, հասկանման, 1,5-8 սմ երկ.: Բաժակը խիտ թավոտ, երախում ճեղքանման նեղացած` կոշտուկային հաստացումով; ատամիկները բզաձև, պտղի ժամանակ աստղաձև չռված: Պսակը վարդագույն, բաժակին հազիվ գերազանցող, 10-12 մմ երկ.:

Տարածում. Հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Կապանի, Ճակատենի, Ներքին Հանդի, Ծավի շրջակայք): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 15 կմ է: Հայաստանից բացի աճում է Դաղստանում, Անդրկովկասում, Ղրիմում, Միջերկրածովյան ավազանում, Մակրոնեզիայում, Անատոլիայում, Իրանում, Հյուսիսային Աֆրիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1000 մ բարձրությունների վրա. չոր լանջերին, թփերի մեջ, անտառների եզրերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

264. Trifolium grandiflorum Schreb. (= T. speciosum Willd.)

Երեքնուկ խոշորածաղիկ

(Կլեվեռ կռուպնօցվետկօվիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Խոցելի տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա, որը գտնվում է ինտենսիվ տնտեսական գործունեության գոտում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Նկատի ունենալով տեսակի մեծ ընդհանուր տարածումը սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս 10-30 սմ բարձր.: Ծայրային տերևիկը կոթունիկով, եզրինները` նստադիր: Ծաղկաբույլը նոսր, գլխիկանման, 8-20 ծաղիկներով: Բաժակը կանոնավոր, համարյա մերկ, վերին 2 ատամիկը շատ կարճ ներքևի երեքից: Պսակը մանուշակագույն, ծաղկելուց մուգ-մանուշակա-դարչնագույն: Դրոշը 9-11 մմ երկ., վերին մասում լայնացած` կլորավուն հովհարաձև թիթեղի ձևով, 5-7 մմ լայն., ներքևում` նեղացած սեպաձև եղունգիկի:

Տարածում. Հանդիպում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Ագարակ, Կարչևան, Լեհվազ, Կուրիս, Նյուվադի գյուղերի շրջակայք): EOO 150 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Թալիշում, Հարավ-արևելյան Եվրոպայում, Հարավ-արևմտյան Ասիայում, Անատոլիայում, Իրաքում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1100 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ-ժայռոտ լանջերին, թփերի մացառուտներում, ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, պոպուլյացիայի փոքր խտություն, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` լեռնա-արդյունահանող արդյունաբերության ակտիվացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Մեղրու շրջանի Ագարակ ավանի շրջակայքում: Պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

265. Trifolium sebastianii Savi

Երեքնուկ Սեբաստիանի

(Կլեվեռ Սեբաստիանա)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Խոցելի տեսակ: Հայտնի է երկու ոչ մեծ պոպուլյացիաներ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Նկատի ունենալով տեսակի մեծ ընդհանուր տարածումը սպառնալիքի կատեգորիան իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա բույս 15-40 սմ բարձր.: Տերևիկները երկարացած, երկու ծայրերում նեղացած: Ծաղկակիրները բարակ: Ծաղկաբույլերը նոսր, 8-20 ծաղիկներով: Ծաղկակոթերը ծաղկման սկզբում ուղիղ, այնուհետև ներքև թեքված: Բաժակը բաց մերկ երախով: Պսակը 3-4 մմ երկ., դեղին, պտղի ժամանակ կարմրավուն-դարչնագույն:

Տարածում. Հանդիպում է Իջևանի (Նոյեմբերյանի շրջակայք) և Զանգեզուրի (Ճակատեն գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: AOO 8 քառ. կմ, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 260 կմ է: Հայաստանից բացի աճում է Նախակովկասում, Դաղստանում, Ղարաբաղում, Թալիշում, Միջերկրածովյան ավազանում, Հյուսիս-արևմտյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 1000 մ բարձրության վրա. անտառային բացատներում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված անտառտնտեսական գործունեության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

266. Trigonella astroides Fisch et C.A.Mey.

Հացհամեմ աստղաձև

(Պաժիտնիկ զվեզդօվիտնիյ)

 

Կատեգորիա. EN 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայտնի են երեք ոչ մեծ պոպուլյացիաներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա բույս 5-15 սմ բարձր., բարակ, թույլ հիմքից ճյուղավորված ցողուններով: Ծաղկաբույլը հովանոցանման, 1 սմ երկ. ոտիկի վրա, 3-8 ծաղիկներով: Պսակը դեղին, 4-5 մմ երկ.: ՈՒնդերը հորիզոնական աստղաձև չռված, ուղիղ կամ թեթևակի կորացած, 10-20 մմ երկ., 1 մմ լայն.:

Տարածում. Հանդիպում է Երևանի (Քաղցրաշեն գյուղի շրջակայք), Դարեղեգիսի (Եղեգնաձորի շրջակայք) և Մեղրու (Նյուվադի գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1130 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Արևելյան Միջերկրածովյան ավազանում, Հարավ-արևմտյան Ասիայում, Անատոլիայում և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600-1300 մ բարձրությունների վրա. երրորդական դարաշրջանի կարմիր կավերի վրա, չոր քարքարոտ լանջերին: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Երասխի լեռնաշղթայի վրա, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

267. Trigonella capitata Boiss.

Հացհամեմ գլխիկավոր

(Պաժիտնիկ գօլօվչատիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա` մասնատված արեալով, որը աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա բույս սնամեջ, ճյուղավորված ցողուններով 20-50 սմ բարձր.: Տերևիկները երկարավուն: Ծաղկաբույլերը երկար ծաղկակիրների վրա, խիտ, կիսագնդաձև, ծաղկելուց հետո երկարացող, բայց չնոսրացող: Պսակը սպիտակա-մանուշակագույն, 4 մմ երկ.: ՈՒնդերը ձվաձև, մերկ, 1 սերմով, հանկարծակի ձգված բարակ, վերևում կորացած կտուցի:

Տարածում. Հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Մխչյան, Խորոնք, Զեյվա գյուղերի շրջակայք): EOO 200 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Ղարաբաղում, Անատոլիայում և Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-900 մ բարձրությունների վրա. ճահիճներում և ճահճացած տեղերում, առուների ափերին: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման հետևանքով, ճահիճների չորացում, մելիորացիա:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ են հետազոտական աշխատանքներ` պոպուլյացիայի ծավալը և կառուցվածքը բացահայտելու նպատակով, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

268. Vavilovia formosa (Steven) Fed.

Վավիլովիա նրբագեղ

(Վավիլօվիյա ազյաշնայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես կուլտուրական ոլոռի վայրի ազգակից: Արեալը մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս սողացող կոճղարմատով: Ցողունը մինչև 20 սմ երկ.: Տերևակիցները մանր: Տերևները 1 զույգ տերևիկներից, առանց բեղիկների; տերևի առանցքը սրածայրով վերջացող: Ծաղկակիրները տերևները գերազանցող, մեկ ծաղկով: Պսակը վառ-վարդագույն, դրոշը 16-18 մմ երկ.: ՈՒնդը կողքերից սեղմված, նշտարաձև: Սերմերը հարթ:

Տարածում. Հանդիպում է Գեղամի (լեռնագագթներ Սևսար, Զիարեթ) և Զանգեզուրի (լեռնագագաթներ Կապուտջուղ, Փառական, Մեծ Իշխանասար, ՈՒխտասար) ֆլորիստիկական շրջաններում: EOO 3750 քառ. կմ է, AOO` 28 քառ. կմ, լոկալիտետները` 5: Հայաստանից բացի աճում է Մեծ Կովկասի լեռնաշղթայի վրա, Արևելյան Անդրկովկասում, Հարավային և Արևելյան Անատոլիայում, Հյուսիսային և Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում, ծ. մ. 3000-3500 մ բարձրությունների վրա. սև հրաբխային խարամի վրա և խճաքարոտ շարժուն թափվածքների վրա: Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Գեղամա լեռնաշղթայի վրա, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

269. Vicia pisiformis L.

Վիկ ոլոռնանման

(Վիկա գօռօխօվիդնայա)

 

Կատեգորիա. .R B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հազվագյուտ տեսակ է Կովկասում: Անդրկովկասում հայտնի միակ պոպուլյացիան գտնվում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս թույլ ցողուններով մինչև 200 սմ երկ.: Տերևիկները 3-5 զույգ, ձվաձև, բութ, 30-80 մմ երկ., 20-55 մմ լայն., ներքևի զույգը ծածկում է տերևակիցները: Տերևակիցները երկար, դրանց ներքևի մասը տարբեր ձևերի, ատամնավոր, եզրերից առանց մազիկների, նեղ մասը բզաձև, եզրերից երկարամազոտ: Բեղիկը ճյուղավորված: Ծաղկաբույլը երկար ծաղկակրի վրա, բազմածաղիկ: Պսակը բաց-դեղին: Դրոշը 12-17 մմ երկ.: ՈՒնդերը ոլոռնանման, մերկ:

Տարածում. Հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ճակատեն գյուղի շրջակայք, «Շիկահող» պետական արգելոց): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Տեսակը լայն տարածում ունի ամբողջ Եվրոպայում, հանդիպում է նաև Արևմտյան Նախակովկասում և Արևմտյան Կովկասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 1100 մ բարձրության վրա. անտառում, թփերի մեջ: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անտառի հատման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Fagaceae - Հաճարազգիներ - (Բուկօվիե)

270. Castanea sativa Mill.

Շագանակենի ցանովի

(Կաշտան պօսեվնօյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii)+ 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Ներկայումս բնության մեջ հայտնի են երկու բնական պոպուլյացիաներ (Սովետական տարիներին շատ շրջաններում այս տեսակը օգտագործվել է անտառատնկման ժամանակ): Բնակության շրջանը` 500 քառ. կմ-ից պակաս է: Երկու լոկալիտետների միջև տարածությունը 230 կմ է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` անտառտնտեսական աշխատանքների պատճառով առաջացած աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Ծառ` մինչև 35 մ բարձր.: Տերևները մեծ, ամբողջական, երկարավուն-նշտարաձև, ատամնաեզր, գագաթում սրացած: Պտուղը կաշենման պտղապատով, ընդգրկված սուր-փշոտ, փայտացած պտղագավաթի մեջ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Իջևանի (Իջևանի շրջակայք) և Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոց) ֆլորիստիկական շրջաններում: AOO 20 քառ. կմ է: Լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Նախակովկասում, Անդրկովկասի տարբեր շրջաններում, Եվրոպայի հարավում, Միջերկրածովյան ավազանի երկրներում, Հյուսիս-Արևելյան Թուրքիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ծ. մ. 900-1300 մ բարձրությունների վրա. անտառներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-հոկտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Մեկ պոպուլյացիան պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է արգելել հատումները, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Frankeniaceae - Ֆրանկենիազգիներ - (Ֆռանկենիեվիե)

271. Frankenia pulverulenta L.

Ֆրանկենիա փոշապատ

(Ֆռանկենիյա պօռօշիստայա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է մեկ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Միամյա բույս 4-40 սմ բարձր., չռված ճյուղավորությամբ: Տերևները հակաձվաձև, տակից ծածկված սպիտակ ալյուրանման փառով: Ծաղիկները ծայրային վահանիկանման դիխազիաներով: Բաժակը գլանաձև, մերկ: Պսակաթերթերը վարդագույն, 4-5 մմ երկ.:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատ): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Նախակովկասում, Արևելյան Կովկասում, Արևելյան Անդրկովկասում, Արևելյան Եվրոպայի հարավային շրջաններում, Հյուսիսային, Միջին, Կենտրոնական և Արևմտյան Ասիայում, Հյուսիսային և Հարավային Աֆրիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-850 մ բարձրությունների վրա. աղիավուն ճահիճներում, խոնավ աղուտներում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` մարդածին գործոնների հետևանքով (արածեցում, հերկում, ճահիճների չորացում, բուսականության այրում):

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիան աճում է Արարատի ճահիճներում, որը ՀՀ Կառավարության 2008 թ. որոշմամբ ընդգրկված է բնության հուշարձանների ցանկում` որպես «Աղակալած ճահճուտ»: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Fumariaceae - Ծխաբուսազգիներ - (Դիմյանկօվիե)

272. Corydalis marschalliana Pers.

Անձխոտ Մարշալի

(Խօխլատկա Մարշալլա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հանդիպում է միայն Հյուսիսային Հայաստանում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում` կապված անտրոպոգեն գործոնների` հատկապես անտառահատումների և անտառտնտեսական աշխատանքների հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս` 10-15 սմ բարձր.: Արմատը գնդաձև, անկանոն-անկյունավոր պալարով: Ցողունային տերևները 2, հերթադիր, կրկնակի եռմասնյա, կազմված էլիպսաձև կամ երկարավուն ամբողջաեզր մասերից: Ծաղիկները զիգոմորֆ, խոշոր ծաղկակիցներով` խմբված ողկույզ ծաղկաբույլում: Բաժակը թաղանթանման, վաղ թափվող: Պսակը տարբեր գույնի` դեղին, վարդագույն-դեղին, ծիրանագույնից մինչև սևավուն, լավ արտահայտված երկար խթանով: Տուփիկը երկարավուն, 1.5-2 սմ երկ., կախված: Սերմերը մանր սև փայլուն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Կողբ, Բերդ, Իջևան, Աչաջուր): EOO 770 քառ. կմ է, AOO` 24 քառ. կմ: Լոկալիտետները` 4: Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևմտյան Նախակովկասը, Արևմտյան Կովկասը, Կենտրոնական, Հարավ-Արևմտյան և Հարավային Անդրկովկասը, Ղարաբաղը, Թալիշը, Հարավ-Արևելյան Եվրոպան, Ղրիմը, Անատոլիան և Հյուսիսային Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ծ. մ. 500-1300 մ բարձրությունների վրա. կաղնու-բոխու անտառներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիսին: Հայաստանում այս տեսակի անհատները ցուցաբերում են մեծ փոփոխականություն, որը արտահայտվում է ծաղկի գույնով` ծիրանագույնից մինչև սևավուն, թեև տեսակը հայտնի է դեղինի տարբեր երանգներով: ՈՒնի գեղազարդային հատկանիշներ:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, տնտեսական գործունեության ազդեցություն` անտառների հատում:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, հատուկ ուշադրության արժանացնել անտառաշինական աշխատանքների ժամանակ:

 

273. Corydalis verticillaris DC.

Պոպուլիկ օղակադիր

(Խօխլատկա մուտօվչատայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բույս գնդաձև պալարով: Ցողունային տերևները 2, հակադիր, նստադիր կամ կարճակոթ, 3 (2)-փետրաձև; առաջին կարգի սեգմենտները երկար կոթերով, 3-4-ական ամեն կողմից, համարյա հակադիր; վերջին կարգի սեգմենտները խոր 2-3-բլթակով: Ծաղկաբույլը ողկույզ, 3-8 ծաղիկներով: Պսակը 16-35 մմ երկ., վարդագույն կամ բոսորագույն, գագաթին մուգ-ծիրանագույն պուտով; խթանը 1,5-2 անգամ արտաքին պսակաթերթից երկար, համարյա ուղիղ կամ կորացած:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (լեռնագագաթներ Գազանասար և Խուստուփ) և Մեղրու (Լեհվազ գյուղի և Բողաքարի միջև, Ճգնավոր լեռ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 220 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Հյուսիսային Իրաքում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտուց մինչև ալպիական գոտի, ծ. մ. 1900-3100 մ բարձրությունների վրա. քարափլուզուտներում, քարքարոտ և կավոտ լանջերին, տրագականտային համակեցություններում: Ծաղկում է ապրիլ-հուլիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Gentianaceae - Բոգազգիներ - (Գօրեչավկօվիե)

274. Gentiana olivieri Griseb.

Բոգ Օլիվյեի

(Գօրեչավկա Օլիվյե)

 

Կատեգորիա. VU * B 1 ab (iii) + 2ab (iii)

Խոցելի տեսակ: Ներկայումս հայտնի է երեք պոպուլյացիաներ: Արեալը խիստ ֆրագմենտացված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. պակաս է: Քանի որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվում է մինչև VU: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման պատճառով առաջացող աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս 20-70 սմ բարձր.: Արմատամերձ տերևները մինչև 10 սմ երկ., առաջացնում են վարդակ, ցողունային տերևները` սակավաթիվ (2-3 զույգ) նեղ-նշտարաձև: Ծաղիկները բազմաթիվ, գագաթնային կոմպակտ ծաղկաբույլերում, մեծ, կապույտ կամ մանուշակագույն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Երևանի շրջակայք, ՈՒրծի և Երախի լեռնաշղթաներ) և Շիրակի (Լուսաղբյուր գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1120 քառ. կմ. է, AOO` 24 քառ. կմ: Լոկալիտետները` 5. Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Նախիջևանում, Փոքր և Միջին Ասիայում, Իրաքում, Իրանում, Աֆղանստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ծ. մ. 900-1400 մ բարձրությունների վրա. կիսաանապատային և տափաստանային բուսականության մեջ: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման, արածեցման, կլիմայի փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

275. Lomatogonium carinthiacum (Wulf.) A.Br.

Լոմատոգոնիում կարինտյան

(Լօմատօգօնիում կարինտիյսկիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Ներկայումս հայտնի են չորս պոպուլյացիաներ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս է: Քանի որ, տեսակի հիմնական արեալը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվում է մինչև VU: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում` կապված կլիմայի փոփոխության պատճառով աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Միամյա խոտաբույս մինչև 10-15 սմ բարձր.: Ցողունները հիմքից բազմաթիվ, բարակ: Ցողունային տերևները մինչև 1 սմ երկ., ավելի մեծ ամենաներքևի տերևներից: Ծաղիկները միայնակ, երկար ծաղկակոթերով, դժգույն-երկնագույն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Գեղամի (Գեղամի լեռնաշղթայի բարձր լեռնային հատված) և Զանգեզուրի (Որոտան գետի վերնագավառ, Գորիսի շրջակայք, լեռնագագաթ Կապուտջիղ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 2775 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ: Լոկալիտետները` 4. Հայաստանից բացի տեսակը հանդիպում է Նախակովկասում, Ադրբեջանում, Եվրոպայում, Սիբիրում, Հյուսիս-Արևելյան Անատոլիայում, Միջին և Կենտրոնական Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան գոտիների ծ. մ. 2600-3300 մ բարձրությունների վրա. ճահճացած և գերխոնավ տեղերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, արածեցում, կլիմայի փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

Geraniaceae - Խորդենազգիներ - (Գերանիեվիե)

276. Erodium sosnowskianum Fedor.

Ճայկտուց Սոսնովսկու

(Ժուռավելյնիկ Սօսնօվսկօգօ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Սպառնացող վտանգներն են արեալի սահմանափակությունը և կլիմայի փոփոխությունը

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա խոտաբույս: Ցողունները, 5-10 սմ երկ., գեղձային թավոտությամբ: Տերևները փետրաձև հատված, կոթունավոր, մասերը բազմաթիվ, գծային կամ սեպաձև: Ծաղկաբույլը 3-5 ճառագայթներով: Ծաղիկները մանր, մանուշակագույն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Արագածի (լեռնագագաթ Արագած) և Գեղամի (Ակնա լճի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 70 կմ է: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպյան գոտում, ծ. մ. 2500-3000 մ բարձրությունների վրա. ալպյան մարգագետիններում: Ծաղկում է հունիս ամսում, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման շրջան, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

277. Geranium albanum Bieb.

Խորդենի արևելա-կովկասյան

(Գերայն վօստօչնօ-կավկազսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Վտանգված է հազվագյուտության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս իլիկանման հաստացած արմատներով: Ցողունը 20-60 սմ երկ., ծածկված երկար ցցված մազիկներով: Տերևները 6-8 սմ լայն., երիկամաձև-կլոր, ստորինները` 7-բաժան, վերինները` 5-բաժան սեպաձև եռաբաժան ատամնավոր մասերով: Ծաղիկները ծիրանագույն, պսակաթերթերը 15-20 մմ երկ., գոգավոր: Պտղի փեղկերը մեջքի կողմից սանրաձև հաստացած ուռուցքներով, մազոտ; կտուցը թելանման, թավոտ:

Տարածում. Հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում («Շիկահող» պետական արգելոց, Ճակատեն գյուղի շրջակայք): EOO 35 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 2: Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան Անդրկովկասը և Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1200 մ բարձրությունների վրա. թփուտների մեջ, անտառի եզրերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի խախտում գերարածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Grossulariaceae - Կոկռոշազգիներ - (Կռիժօվնօկօվիե)

278. Ribes achurjani Mulk.

Հաղարջենի ախուրյանի

(Սմօռօդինա ախուրյանսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Ներկայումս հայտնի է մեկ շատ մասնատված պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Թուփ 60-70 սմ բարձր., բարակ ընձյուղներով և մոխրագույն ճյուղերով: Տերևները կանաչ, մանր, մինչև 2-3 սմ երկ., թեթևակի եռաբլթակ: Ծաղիկները կարճ 2-4 սմ երկարություն ծաղկաբույլերով; իգական ծաղիկները 2-4-ական խմբված կարճ ողկույզներում: Պտուղները մանր, 2-4 մմ տրամագծով, գնդաձև, բաց-կարմիր:

Տարածում. Հանդիպում է Վերին-Ախուրյանի (Արփի լճի շրջակայք, Ամասիայի շրջակայք) և Շիրակի (Ախուրյան գետի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 185 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ: Լոկալիտետները` 4: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին, վերին և ենթալպյան գոտիների ծ. մ. 1500-2400 մ բարձրությունների վրա. ժայռոտ տեղերում, գետերի ժայռոտ ափերին: Ծաղկում մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի գլոբալ փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

279. Ribes armenum Pojark.

Հաղարջենի հայկական

(Սմօռօդինա առմյանսկայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) +2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի են երկու պոպուլյացիաներ, որոնց միջև տարածությունը 200 կմ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Թուփ` հաճախ ավելի քան 1 մ բարձր.: Տերևները ավելի քան 5 սմ երկար., պատած բազմաթիվ դեղին գեղձերով: Ծաղիկները բաց մանուշակագույն կամ վարդա-մոխրագույն պսակաթերթերով, 4-9-ական խմբված մինչև 5-6 սմ երկ. ողկույզներում: Պտուղները սև, մերկ, երկար կոթուններով:

Տարածում. Հանդիպում է միայն Վերին-Ախուրյանի (Ամասիայի շրջակայք) և Դարեղեգիսի (Ջերմուկ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1800 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ է: Լոկալիտետները` 2: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտու ծ. մ. 1600-2200 մ բարձրությունների վրա. ժայռոտ և քարքարոտ տեղերում, անտառի եզրերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

Hyacinthaceae - Հակինթազգիներ - (Գիացինտօվիե)

280. Bellevalia longistyla (Miscz.) Grossh.

Բելեվալիա երկարառնակ

(Բելլեվալիյա դլիննօստօլբչատայա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա սոխուկավոր բույս 20-30 սմ բարձր., ուղիղ ամուր ծաղկասլաքներով: Տերևները 6-7 հատ, 10-20 սմ երկ., 2-4 սմ լայն., լայն նշտարաձև մանր թարթիչավոր, խորդուբորդ կամ մերկ: Ծաղիկները հավաքված լայն կոնուսաձև ողկույզում; ներքևի ծաղկակոթերը վերիններից երկար: Ծաղկապատը 9-12 մմ երկ., երկարավուն զանգակաձև, դժգույն բաց մանուշակագույն-գորշավուն, ավելի բաց գույնի ետծալի մասերով: Տուփիկը 12-14 մմ երկ., 8 մմ լայն.:

Տարածում. Հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (ՈՒրծի լեռնաշղթա, Ձորաղբյուր, Շորբուլախ, Ձորափ): EOO 680 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 5: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Զուվանդում, Արևելյան Անատոլիայում և Արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորինից սկսած մինչև վերին լեռնային գոտիներում, 600-2000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ և խճաքարոտ լանջերին, կիսաանապատում, տափաստաններում և մարգագետնատափաստանում: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման շրջան, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

281. Hyacintella atropatana (Grossh.) Mordak. & Zahar.

Հակինթիկ ատրպատականյան

(Գիացինտիկ ատռօպատենսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հարավային Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես Scilla atropatana 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Շատ փոքր, 3-5 սմ բարձր., սոխուկավոր բույս ձվաձև սոխուկով և թղթանման մուգ-գորշ կամ մոխրագույն թեփուկներով: Տերևները փքված, բարակ, 2-5 հատ: Ծաղկասլաքը 3-5 սմ երկ., պտղի ժամանակ ձգվող: Ծաղկապատը սպիտակ, բաց-երկնագույն կամ երկնագույն-մանուշակագույն, զանգականման կամ թեթևակի սափորանման: Փոշանոթները կարմիր կամ մուգ-մանուշակագույն: Տուփիկը հակաձվաձև-սրտանձև կարճ կտուցիկով: Սերմերը սև:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Դարեղեգիսի (Արենի և Ամաղու գյուղերի միջև) և Մեղրու (Ագարակ, Աստազուր, Նյուվադի գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1200 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է նաև Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 600-1000 մ բարձրությունների վրա. չոր խճաքարոտ և քարքարոտ լանջերին: Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում` մարտ-ապրիլին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա գյուղատնտեսական գործունեության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ և նոր ԲՀՊՏ-ի ստեղծում Ագարակ ավանի շրջակայքում:

 

282. Muscari palens (M.Bieb.) Fisch.

Պապլոր դժգույն

(Գադյուչիյ լուկ բլեդնիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Սոխուկավոր բույս 10-17 սմ բարձր., ձվաձև սոխուկով և դարչնագույն արտաքին թեփուկներով: Տերևները արմատամերձ, գծային: Ծաղկաբույլը խիտ կարճ ողկույզի ձևով: Ծաղկասլաքը 3-5 սմ երկ., պտղի ժամանակ երկարացող: Պտղատու ծաղիկները երախի մոտ թույլ ձգվացքով, համարյա սպիտակ կամ դժգույն-երկնագույն: Տուփիկը 4-5 մմ երկ., կլորավուն: Սերմերը սև:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Իջևանի (Իջևանի և Դիլիջանի միջև) և Սևանի (Սոտքի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 890 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Մեծ Կովկասը, Դաղստանը, Արևմտյան, Կենտրոնական և Հարավային Անդրկովկասը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտի, ծ. մ. 800-2100 մ բարձրությունների վրա. բաց կրաքարային ժայռոտ տեղերում, անտառներում: Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղաբերում` մայիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` Սոտքի ոսկի արդյունահանող կոմբինատի, հանքը բաց եղանակով մշակումը, ընդլայնելու հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

283. Ornithogalum gabrielianae Agapova

Աստղաշուշան Գաբրիելյանի

(Պտիցեմլեչնիկ Գաբրիէլյան)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր, որովհետև տեսակը նկարագրվել է 1997 թ.: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա սոխուկավոր բույս 10-25 (30) սմ բարձր., նուրբ թեթևակի պառկած ծաղկասլաքով: Սոխուկը կորացած վզիկով: ստորգետնյա ընձյուղ առաջացնող: Տերևները 20-30 սմ երկ., 0,3-1,5 սմ լայն., նուրբ, տափակ կամ ակոսավոր, առանց սպիտակ երկարավուն շերտի` ծաղկասլաքը գերազանցող: Ծաղկաբույլը նեղ, խիտ, կարճացած ողկույզ 3-6 սմ երկ., սպիտակ ծաղիկներով և շատ կարճ կոթերով: Տուփիկը փոքր ի շատե մոտեցած զույգ-զույգ բութ կողերով:

Տարածում. Հանդիպում է միայն Արագածի ֆլորիստիկական շրջանում (լեռնագագաթ Արագած): AOO 8 քառ. կմ է, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 9 կմ է: Հայաստանի էնդեմիկ է:

 

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան գոտում, ծ. մ. 2000-2800 մ բարձրությունների վրա. հացազգային տարախոտերում, սևահողերի վրա, անտառի վերին սահմանի երկարությամբ: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ինտենսիվ արածեցման և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր պոպուլյացիաների որոնում:

 

284. Scilla mischtschenkoana Grossh.

Մկնասոխ Միսչենկոյի

(Պռօլեսկա Միշենկօ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա սոխուկավոր բույս, 10-15 սմ բարձր., նուրբ, ծաղկից հետո պառկած ծաղկասլաքով: Սոխուկը փոքր, 15-18 մմ երկ., 10-15 մմ լայն., մուգ-գորշ թեփուկներով: Տերևները գծային, ծաղկասլաքից կարճ: Ծաղկաբույլը 2-5 ծաղիկներով: Ծաղիկները դժգույն-մանուշակագույն, կապույտ կամ համարյա սպիտակ: Տուփիկը գնդաձև: Սերմերը գնդաձև, սև, հարթ, սերմը կիսաօղակի նման գրկող սպիտակ սերմնաթիկնոցով` նկատելի նույնիսկ սերմի զարգացման վաղ փուլում:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Կարչևան, Լեհվազ, Նյուվադի): EOO 270 քառ. կմ է, AOO` 40 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում և Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1000-1700 մ բարձրությունների վրա. բնական ծածկերի տակ, ժայռերի ճեղքերում, ֆրիգանանման բուսականության մեջ, արիդ նոսրանտառում: Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղաբերում` ապրիլ մայիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված հողերի յուրացման և ճանապարհաշինության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր պոպուլյացիաների որոնում:

 

285. Scilla rosenii K.Koch

Մկնասոխ Ռոզենի

(Պռօլեսկա Ռօզենա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայկական բարձրավանդակի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա սոխուկավոր բույս մինչև 20 սմ բարձր., ուղիղ կանգնած ծաղկասլաքով: Սոխուկը ձվաձև 3-3,5 սմ բարձր., 2-2,5 սմ լայն., մուգ-մոխրագույն թեփուկներով: Տերևները 2-3, ցողունից կարճ, լայն-գծային, բաց-կանաչ, փայլուն,: Ծաղիկները մեծ, 2-3 սմ տրամագծով, ծաղկապատի մասերը հետ թեքված, երկարավուն, կապույտ կամ վարդագույն, մի քիչ հիմքի մոտ դժգույն, միջին ջղի ուղղությամբ ավելի մուգ շերտով: Տուփիկը ձվաձև: Սերմերը 2-3 մմ տրամագծով, ձվաձև, սպիտակ գլանաձև սերմնաթիկնոցով:

Տարածում. Հանդիպում է Վերին Ախուրյանի (Արփի լիճ, Սարի գյուղ) և Գեղամի (Գեղամի լեռնաշղթա, Գռիձոր) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1290 քառ. կմ է, AOO` 18 քառ. կմ, լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևմտյան և Արևելյան Անդրկովկասը, Հյուսիս-արևելյան Անատոլիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտիներում, ծ. մ. 2000-2500 մ բարձրությունների վրա. խոնավ մարգագետիններում, ճահճացած տեղերում, լեռնային գետակների ափերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման և ինտենսիվ արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիան պահպանվում է «Սևան» ազգային պարկի պահպանական գոտում և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում:

 

Hypericaceae - Սրոհունդազգիներ - (Զվեռօբօյնիե)

286. Hypericum armenum Jaub. & Spach

Սրոհունդ հայկական

(Զվեռօբօյ առմյանսկիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) + 2 ab(iI,ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի են երկու, միմյանցից 198 կմ հեռավորության վրա գտնվող, պոպուլյացիաներ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում, հատկապես անտրոպոգեն գործոնների արդյունքում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 4` անորոշ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա, ցածրահասակ բույս` 7-10 (15) սմ բարձր.: Տերևները էլիպսաձև կամ ձվաձև-էլիպսաձև, ամբողջաեզր, ցողունի վրա հակադիր դասավորված: Ծաղկաբույլը ընդհատված հասկանման հուրան, համարյա նստադիր եզրային ճյուղերով: Բաժակաթերթերը 5, հիմքում միաձուլված, եզրերից միաշարք, խիտ դասավորված գեղձերով: Պսակաթերթերը 5, դեղին, եզրերից սև գույնի միաշարք գեղձերով: Պտուղը ձվաձև տուփիկ, բազմաթիվ մանր սերմերով:

Տարածում. Հանդիպում է Իջևանի (Իջևանի լեռնաշղթա Հովք գյուղի մոտ) և Զանգեզուրի (Գեղի գետի հովիտ) ֆլորիստիկական շրջաններում: AOO 8 քառ. կմ, լոկալիտետներ` 2: Աճելավայրերը իրարից հեռացած են 198 կմ: Ընդհանուր արեալը, ընդգրկում է նաև Թուրքիայի Հյուսիս-Արևելյան մասը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային գոտում ծ. մ. 2000-2200 մ բարձրությունների վրա. ժայռոտ տեղերում և ժայռաճեղքերում: Ծաղկում է հունիսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտ լինելը, սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիաներից մեկը պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է նոր աճելավայրերի որոնում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

287. Hypericum eleonorae Jelen.

Սրոհունդ Էլեոնորայի

(Զվեռօբօյ Էլեօնօռի)

 

Կատեգորիա. CR B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի են մեկական պոպուլյացիաներ Հյուսիսային և Հարավային Հայաստանից: Աճելավայրերի միջև տարածությունը 230 կմ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում հազվագյուտության և, հատկապես, մարդածին գործոնների արդյունքում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա, ցածրահասակ բույս` 15-25 սմ բարձր.: Ցողունները բազմաթիվ: Տերևները ձվաձև կամ կլորավուն-ձվաձև, ամբողջաեզր, ցողունի վրա հակադիր դասավորված: Ծաղիկները միայնակ, հազվադեպ 2-3, ցողունների գագաթներին: Բաժակաթերթերը 5, եզրերից միաշարք, խիտ դասավորված նստադիր կամ ոտիկավոր գեղձերով, հազվադեպ առանց գեղձերի: Պսակաթերթերը 5, դեղին, եզրերից սև գույնի միաշարք գեղձերով: Պտուղը ձվաձև տուփիկ, բազմաթիվ մանր սերմերով:

Տարածում. Հանդիպում է Իջևանի (Իջևանի լեռնաշղթա լեռնագագաթ Աղայա) և Զանգեզուրի (լեռնագագաթ Խուստուփ) ֆլորիստիկական շրջաններում: AOO` 8 քառ. կմ, լոկալիտետները` 2: Աճելավայրերը գտնվում են 230 կմ հեռավորության վրա: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին և ալպյան լեռնային գոտիներում ծ. մ. 2100-3100 մ բարձրությունների վրա. գագաթնամերձ ժայռոտ-քարքարոտ և կրաքարային լանջերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտ լինելը, տարածման և բնակության շրջանների սահմանափակություն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, նոր պոպուլյացիաների հայտնաբերում, կանոնավոր մոնիթորինգ, նոր պահպանվող տարածքի ստեղծում Խուստուպ լեռան վրա:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2010
N 72-Ն
Որոշում