Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (11-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.0072.290110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2010 թվականի N 72-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(11-րդ մաս)

 

288. Hypericum formosissimum Takht.

Սրոհունդ գեղատես

(Զվեռօմօյ կռասիվեյշիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է միայն Վայոց Ձորից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է վտանգ աճելավայրերի պայմանների փոփոխության մարդածին ազդեցության պատճառով: Գեղազարդային բույս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա, ցածրահասակ բույս 5-7 (15) սմ բարձրության: Ցողունները բազմաթիվ, բարակ, համարյա թելանման, փռված: Տերևները ձվաձև կամ երկարավուն, մինչև 1 սմ երկ., ամբողջաեզր, ցողունի վրա հակադիր դասավորված: Ծաղիկները սակավաթիվ, 1-3-ական ճյուղերի գագաթներին: Բաժակաթերթերը 5, հիմքում միաձուլված, եզրերից միաշարք, նոսր դասավորված գեղձերով: Պսակաթերթերը 5, դեղին, եզրերից առանց գեղձերի: Պտուղը ձվաձև տուփիկ, բազմաթիվ մանր սերմերով:

Տարածում. Հանդիպում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Արենի, Արփա, Նորավանքի կիրճ, Խաչիկ գյուղի մոտ): EOO` 50 քառ. կմ, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետներ` 3: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է նաև Նախիջևանը (գյուղ Ազնաբերդ) և Թուրքիայի Հյուսիս-արևելյան մասը (Բիթլիս):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1100-1500 մ բարձրությունների վրա. կրաքարային ժայռերի ճեղքերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտություն, բնական գործոնների, օրինակ` կրաքարային ժայռերի փլուզում և անտրոպոգեն գործունեության ազդեցություն, հատկապես, բնակավայրերի սահմանների ընդարձակում, ճանապարհաշինություն և այլն:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է տեսակի աճելավայրերը ներառել պլանավորված պահպանվող տարածքների սահմաններում կամ Արենի գյուղի մոտ գտնվող ժայռոտ տեղամասը, որտեղից նկարագրված է այս տեսակը, վերցնել հատուկ պահպանության տակ` բնության հուշարձանի կարգավիճակով և իրականացնել մոնիթորինգ, կազմակերպել ex-situ պահպանություն:

 

Iridaceae - Հիրիկազգիներ - (Կասատիկօվիե)

289. Gladiolus dzhavakheticus Eristavi

Թրաշուշան Ջավախքի

(Շպաժնիկ դժավախետսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Անդրկովկասի էնդեմիկ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` աճելավայրերի փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Պալարասոխուկավոր բույս: Ցողունը 40-60 սմ բարձր.: Տերևները 3, անհավասար ջղավորությամբ: Ծաղկաբույլը միակողմանի կան անորոշ երկկողմ, 4-6 ծաղիկներով, բոլոր ծաղիկները ծաղկելիս վերև ուղղված: Ծաղկապատը անորոշ երկշուրթ, համարյա ակտինոմորֆ, մուգ-ծիրանագույն: Գեղազարդային տեսակ է:

Տարածում. Հայաստանում տարածված է Վերին Ախուրյանի (Արփի լճի ավազան, Ջավախեթի լեռնաշղթա), Շիրակի (Մեծ Մանթաշ գյուղի շրջակայք) և Լոռու (Շահնազար, Տաշիր, ՈՒրասար գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1490 քառ. կմ է, AOO` 36 քառ. կմ, լոկալիտետները` 5: Հայաստանից բացի աճում է Հարավ-արևմտյան Անդրկովկասում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1400-2200 մ բարձրությունների վրա. մարգագետիններում, մարգագետնա-տափաստանում, տնկարկներում, խոնավ, ճահճացած տեղերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` արածեցման և հերկի հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

290. Gladiolus hajastanicus Gabrielian

Թրաշուշան հայաստանյան

(Շպաժնիկ առմյանսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայաստանի էնդեմիկ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Արեալը խիստ մասնատված է:

 

Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Պալարասոխուկավոր բույս: Ցողունը 25-40 սմ բարձր., բարակ: Տերևները 1-2, համարյա զուգահեռ ջղերով: Ծաղկաբույլը 1-2 (3) ծաղիկներով: Ծաղկապատը երկշուրթ, ծիրանագույն: Գեղազարդային տեսակ է:

Տարածում. Հայաստանում տարածված է Արագածի, Սևանի, Դարեղեգիսի և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններում: EOO 3550 քառ. կմ է, AOO` 40 քառ. կմ, լոկալիտետները` 8: Հայաստանի էնդեմիկ է:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին և ենթալպյան գոտիներում, ծ. մ. 1800-2900 մ բարձրությունների վրա. մարգագետիններում, կաղնու ենթալպյան նոսրանտառներում, ժայռոտ տեղերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

291. Gladiolus szovitsii Grossh.

Թրաշուշան Շովիցի

(Շպաժնիկ Շօվիցա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է մեկ ոչ մեծ պոպուլյացիա: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` ներքին գործոնների և աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր սխալ անունով, որպես G. halophilus, 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Պալարասոխուկավոր բույս: Ցողունը 15-30 սմ բարձր.: Տերևները 2 (3), զուգահեռաջիղ: Ծաղկաբույլը միակողմանի կամ երկկողմանի, 2-3 (7) ծաղիկներով: Ծաղկապատը լավ արտահայտված երկշուրթ, լայն բացված, վարդա-մանուշակագույն: Գեղազարդային բույս է:

Տարածում. Հայաստանում աճում է Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Մեղրի, Ալդարա, Շվանիձոր): AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 2, որոնց միջև հեռավորությունը 15 կմ է: Հայաստանից բացի աճում է Ադրբեջանում (Զանգելանի շրջան), Հյուսիս-արևմտյան և Հյուսիսային Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 400-1100 մ բարձրությունների վրա. բաց քարքարոտ և կավային լանջերին, օշինդրային կիսաանապատում, շիբլյակում, կաղնու-գիհու նոսրանտառում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` տնտեսական գործունեության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Մեղրու շրջանում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

292. Iris atropatana Grossh.

Հիրիկ ատրպատականյան

(Կասատիկ ատռօպատանսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Սոխուկավոր բույս: Տերևները տափակ, երկարությամբ ծալված, մանգաղաձև կորացած, թխակապույտ, սպիտակ կռճիկանման ծայրերով, հիմքի մոտ 2-4 սմ լայն: Ցողունները 5-10 սմ բարձր.: Ծաղիկները 1-2, մոխրագույն-դեղին, հազվադեպ բաց-կապտավուն:

Տարածում. Հայաստանում տարածված է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Հերհեր, Բարձրունի, Մարտիրոս, Խնձորուտ, Սերս, Գետապ, Եղեգնաձոր, Ագարակաձոր, Մալիշկա): EOO 470 քառ. կմ է, AOO` 44 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում և Արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1200-2000 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, կավային, գիպսակիր, խճաքարոտ լանջերին, տրագականտային և ֆրիգանանման բուսականության մեջ, գիհու նոսրանտառում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` մարդածին գործոնների ազդեցության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

293. Iris elegantissima Sosn.

Հիրիկ նրբագեղ

(Կասատիկ էլեգանտնեյշիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Արեալը մասնատված է: Հիմնական պոպուլյացիան գտնվում է Երևանի շրջակայքում, որի մի մասը արդեն մտել է քաղաքի սահմանների մեջ և անհետացել: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` հողերի յուրացման և ծաղկեփնջերի համար ինտենսիվ հավաքի պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 3 կարգավիճակով` կրճատվող տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կոճղարմատավոր բույս: Ցողունը 10-35 սմ բարձր.: Տերևները ցողունագիրկ, մանգաղաձև հետ թեքված: Ծաղիկները մեծ; ծաղկապատի արտաքին մասերի ետծալը 6-8 սմ տրամագծով, խիտ ծածկված մուգ-դարչնագույն ջղերով և պուտերով, կենտրոնական մասում` մեծ կլորավուն սև թավշյա պուտով. ներքինները` 6-8 սմ տրամագծով, սովորաբար կրեմագույն կամ սպիտակ, բարակ մանուշակագույն ջղերով:

Տարածում. Հայաստանում տարածված է Շիրակի (Գետափ, Բագրավան, Հայկաձոր, Արագած գյուղերի շրջակայք, Արտենի լեռնագագաթ), Երևանի (Երզնկա գյուղից հյուսիս մինչև Աշտարակ քաղաք արևմուտքում, և Վեդի հարավ-արևելքում), Ապարանի (գյուղ Քուչակ), Արագածի (Բյուրական) և Սևանի (Շորժա գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 4930 քառ. կմ է, AOO` 88 քառ. կմ, լոկալիտետները` 7: Հայաստանից բացի աճում է Արևելյան Անատոլիայում և հյուսիս-արևմտյան Իրանում (Մակու):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 750-2000 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, մերգելային լանջերին, երրորդական դարաշրջանի կարմիր կավերի վրա, օշինդրային կիսաանապատում, ֆրիգանոիդներում, լեռնային տափաստանում: Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` շինարարության, գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման հետևանքով, վաճառքի համար ինտենսիվ հավաք:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Սևան» ազգային պարկի, «Էրեբունի» և «Խոսրովի անտառ» պետական արգելոցների տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ներդնել ծաղկաբուծության բնագավառ:

 

294. Iris grossheimii Woronow ex Grossh.

Հիրիկ Գրոսհեյմի

(Կասատիկ Գռօսսգեյմա)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կոճղարմատավոր բույս: Տերևները նեղ-մանգաղաձև, հաճախ խիստ ոլորված: Ծաղկապատի արտաքին մասերի ետծալը 4-5 սմ երկ. 1,5-2 սմ լայն, գագաթում կլորավուն, հաստ ծիրանագույն ջղերով կլորավուն սև պուտով; ներքինները` 4-5 (6) սմ երկ. 2-3 սմ լայն., դարչնագույն-ծիրանագույն:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Զանգեզուրի և Մեղրու լեռնաշղթաներ): EOO 300 քառ. կմ է, AOO` 36 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի, ծ. մ. 1200-2400 մ բարձրությունների վրա. տափաստանում, գիհու և կաղնու նոսրանտառներում, մարգագետիններում, չոր քարքարոտ լանջերին: Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` լեռնահանքային արդյունաբերության և արածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: Ներդնել ծաղկաբուծության բնագավառ:

 

295. Iris iberica Hoffm.

Հիրիկ վրացական

(Կասատիկ իբերիյսկիյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii,iv,v) + 2 ab(iii,iv,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա տեսակի ընդհանուր տարածման հարավային սահմանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում հողերի յուրացման պատճառով:

Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կոճղարմատավոր բույս: Ցողունը 8-20 սմ բարձր.: Տերևները ցողունագիրկ, սովորաբար ուղիղ կամ սրանման: Ծաղիկները մեծ; ծաղկապատի արտաքին մասերի ետծալը 4-5 (16) սմ երկ., 2,5-4 սմ լայն., խիտ ծածկված դարչնագույն ջղերով և պուտերով,կենտրոնական մասում մեծ հակաձվաձև սևավուն պուտով; ներքինները` 3-5 (6) տրամագծով, սպիտակավուն կամ բաց-կապտավուն, դժգույն-մանուշակագույն ջղերով: Գեղազարդային բարձրարժեք հատկանիշներով օժտված բույս է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում, Այրում կայարանի շրջակայքում: AOO` 4 քառ. կմ, լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում Վրաստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 400-600 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, շիբլյակում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` մարդածին գործոնների ազդեցության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր աճելավայրերի որոնում: Ներդնել ծաղկաբուծության բնագավառ:

 

296. Iris lineolata (Trautv.) Grossh.

Հիրիկ նեղգծային

(Կասատիկ ուզկօլինեյչատիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Կոճղարմատավոր բույս 10-15 սմ բարձր.: Տերևները նեղ-մանգաղաձև, հաճախ ուժեղ ոլորված: Ծաղկապատի արտաքին մասերի ետծալը 4-5 սմ երկ. 1,5 սմ լայն., սրագագաթ բաց գույնի բարակ մուգ ջղերով, կիսակլորավուն պուտով, ներքինները` 4-5 (6) սմ երկ. 1,5-2 սմ լայն. սրածայր, բաց մոխրագույն, մուգ-դարչնագույն-մանուշակագույն ջղերով: Գեղազարդային բույս:

Տարածում. Հայաստանում տարածված է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Սիսիան և Գորիս քաղաքների շրջակայք, Վաղատին, Շուրնուխ, Ներքին Հանդ, Շիկահող, Որոտան գետի կիրճ): EOO 750 քառ. կմ է, AOO` 28 քառ. կմ, լոկալիտետները` 3: Հայաստանից բացի աճում է Արևելյան Անդրկովկասում, Թալիշում, Հարավ-արևելյան Անատոլիայում և Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-2000 մ բարձրությունների վրա. լեռնային տափաստանում, շիբլյակում, մարգագետիններում, չոր քարքարոտ լանջերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական գործունեության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: Ներդնել ծաղկաբուծության բնագավառ:

 

297. Iris lycotis Woronow

Հիրիկ գայլականջ

(Կասատիկ վօլչյե ուխօ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կոճղարմատավոր բույս: Ցողունը 10-35 սմ բարձր.: Տերևները ցողունագիրկ, մանգաղաձև կորացած: Ծաղիկները մեծ; ծաղկապատի արտաքին և ներքին մասերը դարչնագույն-ծիրանագույն; արտաքինները 4,5-6 սմ լայն., կենտրոնում մեծ թավշյա սև պուտով; ներքինները` 5-8 սմ տրամագծով: Գեղազարդային բարձրարժեք հատկանիշներով օժտված բույս է:

Տարածում. Հայաստանում տարածված է Երևանի (Երանոսի և ՈՒրծի լեռնաշղթաներ, Տիգրանաշեն և Էլփին գյուղերի միջև) և Դարեղեգիսի (Արփա և Մարտիրոս գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO 685 քառ. կմ է, AOO` 40 քառ. կմ, լոկալիտետը` 5: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Հարավ-արևելյան Անատոլիայում, Հյուսիս-արևելյան Իրաքում և Արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի, ծ. մ. 1000-2600 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, կավային լանջերին, կիսաանապատում, լեռնային տափաստանում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` տնտեսական գործունեության հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: Ներդնել ծաղկաբուծության բնագավառ:

 

298. Iris musulmanica Fomin

Հիրիկ մուսուլմանական

(Կասատիկ մուսուլյմանսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv,v) + 2 ab(i,ii,iii,iv,v)

Վտանգված տեսակ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս: Պոպուլյացիան գտնվում է ակտիվ գյուղատնտեսական գործունեության շրջանում: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում ճահիճների չորացման և հերկի պատճառով, բացի այդ ծաղիկները ինտենսիվ հավաքվում է վաճառքի համար:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կոճղարմատավոր բույս: Ցողունները 40-90 սմ բարձր.: Տերևները նեղ գծային, ցողունից կարճ: Ծաղիկները 3-5, բաց-կապույտ կամ դժգույն բաց-կապույտ, հազվադեպ սպիտակավուն: Գեղազարդային տեսակ:

Տարածում. Հայաստանում տարածված է Երևանի (Մխչյան, Զանգիբասար, Ռեանլու, Մասիս, Արարատ, Սուրենավան գյուղերի շրջակայք) և Ապարանի (Արաիլեռ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 810 քառ. կմ է, AOO` 20 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, ինչպես նաև Արևելյան Անատոլիայում և Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 700-1500 մ բարձրությունների վրա. աղիավուն ճահիճներում, խոնավ աղակալած մարգագետիններում, ոռոգիչ ջրանցքների ափերին: Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` ճահիճների չորացման և հերկման, ինչպես նաև վաճառքի համար ինտենսիվ հավաքի հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը աճում է ՀՀ Կառավարության 2008 թ. որոշմամբ հաստատված «Աղակալած ճահճուտ» բնության հուշարձանի տարածքում:

Անհրաժեշտ է կարգավիճակի բարձրացում և Արարատի աղակալած ճահճի իրական պահպանություն, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ: Ներդնել ծաղկաբուծության բնագավառ:

 

299. Iris pseudocaucasica Grossh.

Հիրիկ կեղծ կովկասյան

(Կասատիկ լօժնօկավկազսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Սոխուկավոր բույս: Ցողունը 10-25 սմ բարձր.: Տերևները տափակ, երկարությամբ ծալված, մանգաղաձև թեքված, սպիտակ կռճիկային ծայրերով, 1-1,5 սմ լայն.: Ծաղիկները 2-3, բաց-կապտավուն, կեղտոտ-կապտավուն-մանուշակագույն կամ կանաչավուն-դեղնավուն:

Տարածում. Հայաստանում տարածված է Երևանի (ՈՒրծի լեռնաշղթայի միջին մաս) և Մեղրու (Այգեձոր, Վարդանաձոր, Գուդեմնիս, Շվանիձոր, Գյումարանց, Նյուվադի) ֆլորիստիկական շրջաններում: EOO 1200 քառ. կմ է, AOO` 32 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Արևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում, Հյուսիսային և Հյուսիս-արևմտյան Իրանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 600-1600 (2000) մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, կավային լանջերին և շիբլյակում և գիհու նոսրանտառում: Ծաղկում է մարտ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` լեռնահանքային արդյունաբերության ընդլայնման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր ԲՀՊՏ-ի ստեղծում Մեղրու շրջանում:

 

300. Iris sibirica L.

Հիրիկ սիբիրյան

(Կասատի սիբիռսկիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii) Խոցելի տեսակ: Պոպուլյացիան մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում գերարածեցման պատճառով: Նկատի ունենալով, որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանից դուրս, սպառնալիքի կարգավիճակը իջեցվել է մինչև VU:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ հիշատակվում էր որպես հազվագյուտ տեսակ, Iris ցեղի ծանոթագրության մեջ, առանց կարգավիճակի: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կոճղարմատավոր բույս: Ցողունը 40-70 (100) սմ բարձր.: Տերևները նեղ-գծային, ցողունից կարճ: Ծաղիկները 2-3 «աղկասլաքի գագաթում, խոշոր 6-9 սմ տրամագծով կապույտ: Գեղազարդային բույս:

Տարածում. Հայաստանում տարածված է Վերին Ախուրյանի, Լոռու և Իջևանի ֆլորիստիկական շրջաններում: EOO 1330 քառ. կմ է, AOO` 32 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի տարածված է Կովկասում, Եվրոպայում, Սիբիրում, Հյուսիս-արևելյան Անատոլիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 1600-2000 մ բարձրությունների վրա. խոնավ մարգագետիններում, ճահճացած տեղերում, գետերի և լճերի մոտ, անտառներում: Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գերարածեցման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Juncaceae - Կնյունազգիներ - (Սիտնիկօվիե)

301. Juncus acutus L.

Կնյուն սուր

(Սիտնիկ օստռիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հայտնի է Արարատյան դաշտի աղակալված ճահիճներից: Տեսակի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված կլիմայի գլոբալ փոփոխության և մարդածին ակտիվ գործունեության հետ (ճահիճների չորացում, արածեցում հողի աղազրկում, բուսականության այրում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների ցուցակներում բացակայում է:

Նկարագրություն. Ճիմաթմբեր առաջացնող բույսեր: Ցողունը (30) 50 - 80 (120) սմ բարձր.: Տերևները արմատամերձ, լավ զարգացած տերևաթիթեղներով` 1-2 մմ տրամագծով, գլանաձև, ամուր, սրածայրով վերջացող, ներսում համատարած սպունգային հյուսվածքով, հիմքի մոտ կարմրավուն-շագանակագույն տերևապատյաններով: Ծաղկաբույլը 4 - 6(10) ճյուղերով, նստադիր կամ 4 - 5 սմ երկ. ծաղկակիրներով: Պտուղը տուփիկ, կանաչ, 5-6 սմ մմ երկ., ձվաձև, առանց կտուցի: Սերմերը երկարավուն կամ օվալ, սպիտակավուն պոչանման հավելուկով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատ, Յուվա, Շահումյան, Երախի լեռնաշղթա): EOO` 250 քառ. կմ, AOO` 16 քառ կմ, լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Կովկասը` մասնավորապես Արևմտյան, Արևելյան և Հարավային Անդրկովկասը և Թալիշը, ինչպես նաև Եվրոպան, Միջերկրածովյան ավազանի երկրները, Անատոլիան, Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 800-1000 (1200) մ բարձրությունների վրա. աղակալված ճահիճներում, հանքային աղբյուրների և տրավերտինների մոտ, աղուտային խոնավ հողերի վրա: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` օգոստոս-սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանների սահմանափակություն, մարդածին տնտեսական գործունեության ակտիվ ազդեցություն (ոռոգում, ճահիճների չորացում, արածեցում, հողի աղազրկում, բուսականության այրում, կլիմայի փոփոխություն:

Պահպանության միջոցառումներ. 2008 թ. Արարատ քաղաքի մոտ հատուկ առանձնացվել է «Աղակալված ճահճուտ» բնության հուշարձանը, սակայն ներկայումս պահպանումը չի իրականացվում:

Անհրաժեշտ են պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

302. Luzula forsteri (Smith) DC. subsp. caspica (Rupr. ex Bordz.) Novikov

Փայլուկ Ֆորսթերի

(Օժիկա Ֆօռստեռա)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է ընդամենը մեկ ոչ մեծ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս են: Տեսակին սպառնում է անհետացում` կապված սահմանափակ տարածման և աճելավայրի պայմանների փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս` 20-40 սմ բարձր.: Տերևները 1.5-8 մմ լայն., տափակ, գծային, եզրերից ցրված մազոտ: Ծաղիկները մանր, 3.5-5 մմ երկ., միայնակ կամ խմբված դեպի վեր ուղղված հովանոցանման-հուրանային ծաղկաբույլերում: Սերմերը, երբեմն սերմին հավասար երկարությամբ, խոշոր հավելուկով:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Խուստուփ լեռան վրա: AOO 4 քառ. կմ է: Լոկալիտետը` 1: Հայաստանից բացի աճում է Փոքր Ասիայում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտու ծ. մ. 1400-1700 մ բարձրությունների վրա. անտառներում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է արժանացնել մեծ ուշադրության, կազմակերպել որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրեր հայտնաբերելու և պոպուլյացիայի կարգավիճակը և ծավալը ճշտելու նպատակով, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

Lamiaceae - Շրթնազգիներ - (Գուբօցվետնիե)

303. Dracocephalum austriacum L.

Վիշապագլուխ ավստրիական

(Զմեեգօլօվնիկ ավստրիյսկիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում գյուղատնտեսական գործունեության արդյունքում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի «Հավելված 2»-ում: CITES-ի կոնվենցիայի Հավելվածում բացակայում է:

Նկարագրություն. Բազմամյա բույս` 30 - 60 սմ բարձր.: Տերևները փետրաձև բաժանված 3 - 5 բլթակների: Ծաղիկները օղակաձև դասավորված վերին տերևների ծոցերում: Ծաղկաօղակները մոտեցած, կազմում են հասկանման նոսր ծաղկաբույլ: Բաժակը երկշուրթ, վերին շուրթի միջին ատամը մյուսներից լայն: Պսակը մանուշակագույն, երախում լայնացած խողովակով և երկշուրթ ետծալով: Փոշանոթները մազոտ: Պտուղը 4 մասերից` էրեմներից: Էրեմները` հարթ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Սևանի (Շորժա, Բաբաջան, Դարա, Արդանիշ) և Գեղամի (Լճաշեն) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 300 քառ. կմ, AOO` 16 քառ. կմ., լոկալիտետները` 4: Ընդհանուր արեալը ընդգրկում է Միջին Եվրոպան, Բալկանյան թերակղզին, Կովկասը, այդ թվում Նախակովկասը, Արևմտյան և Հարավային Անդրկովկասը, ինչպես նաև Անատոլիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտիներում ծ. մ. 1940-2500 մ բարձրությունների վրա. մարգագետիններում, անտառային բացատներում, քարքարոտ լանջերին: Ծաղկում է հունիսին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա, գյուղատնտեսական տարածքների լայնացման կապակցության և գերարոտացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, մոնիթորինգ:

 

304. Dracocephalum botryoides Stev.

Վիշապագլուխ ողկույզային

(Զմեեգօլօվնիկ կիստեվօյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Տեսակի ընդհանուր արեալի ծայր հարավային հատվածը գտնվում է Հայաստանում: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս: Հայաստանում տեսակին սպառնում է տարածման շրջանի նվազում և անհետացում` կապված կլիմայի գլոբալ փոփոխության և անտրոպոգեն գործոնների հետ: Գեղազարդային բույս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս` 5 - 15 սմ բարձրությամբ, ստորին մասում փայտացած ցողուններով: Տերևները փետրաձև բաժանված: Ծաղկաբույլը խիտ, համարյա գլխիկանման: Բաժակը երկշուրթ, վերին շուրթի միջին բլթակը 2-3 անգամ եզրային նշտարաձև բլթակներից լայն: Պսակը բաց-մանուշակագույն: Փոշանոթները մերկ: Պտուղը 4 մասերից` էրեմներից: Էրեմները մերկ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Արագածի (Գեղարոտի կիրճ) և Զանգեզուրի (Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաշղթաների` Կապուտջուղ, Գազանալեռ, Արամազդ լեռնագագաթներ, գյուղ Արավուս) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 1660 քառ. կմ, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 4: Ընդհանուր արեալը ընդգրկում է Դաղստանը, Արևելյան Կովկասը և Հարավային Անդրկովկասը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ալպիական լեռնային գոտում ծ. մ. 2800 և ավելի բարձրությունների վրա. ժայռոտ քարքարոտ լանջերին, քարաթափվածքներին: Ծաղկում է հուլիսին, պտղաբերում` օգոստոսին (սեպտեմբերին): ԳԱԱ-ի Երևանի բուսաբանական այգու Հայաստանի ֆլորայի հողամասում հաջողությամբ աճել է երկար տարիներ: Ցուցաբերել է մեծ հարմարողականություն Երևանի կիսաանապատային գոտու միջավայրի նկատմամբ:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` կապված կլիմայի գլոբալ փոփոխության և տնտեսական գործունեության, հատկապես, արածեցման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, մոնիթորինգ, ex-situ պահպանություն ցուցադրական էքսպոզիցիաներում:

 

305. Micromeria fruticosa (L.) Druce subsp. serpyllifolia (Bieb.) Davis

Միկրոմերիա թփային

(Միկռօմերիյա կուստառնիկօվայա)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Կովկասում հայտնի է միայն Հայաստանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում`կապված աճելավայրերի պայմանների կորստի կամ դեգրադացիայի հետ: Տեսակի համաշխարհային մասշտաբով շատ լայն տարածման պատճառով կատեգորիան իջեցված է մեկ աստիճանով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կիսաթփիկ` 8-15 սմ բարձրությամբ, բարակ ուղիղ չճյուղավորված ճյուղերով: Տերևները համարյա նստադիր, մանր, ձվաձև-երկարավուն, եզրից շրջված: Ծաղկաբույլը փուխր` կազմված կարճ կոթունավոր 1-5 ծաղիկներից բաղկացած կիսահովանոցներից: Ծաղիկները երկշուրթ: Բաժակը նեղ խողովակաձև, 13-15 ջղերով, բութ ատամներով: Պսակը երկշուրթ, նուրբ մանուշակագույն: Առէջները պսակի ներսում իրար մոտեցած, վերին շուրթի տակ: Պտուղը կազմված է 4 մասերից` էլիպսաձև էրեմներից:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Վեդի և Խոսրով գետերի ավազաններ, Երախի լեռնաշղթա): EOO` 150 քառ. կմ, AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 2: Ընդհանուր արեալը ընդգրկում է Հայաստանը, Ղրիմը, Միջերկրածովյան ավազանի արևելյան մասը, Հյուսիս-Արևելյան Թուրքիան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտու 1000-1800 մ բարձրությունների վրա, ֆրիգանոիդ բուսականության մեջ` ժայռոտ տեղերում, քարաթափվածքների վրա, ժայռաճեղքերին: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտ լինելը, սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` ենթակառուցվածքի զարգացման պատճառով

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

306. Nepeta lamifolia Willd.

Կատվադաղձ խուլեղինջատերև

(Կօտօվնիկ յաստնօկօլիստնիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հայտնի են 2 պոպուլյացիաներ` Սևանա լճի ավազանի բարձրադիր տարածքներից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում` կապված հատկապես կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս` 20-50 սմ բարձրությամբ: Տերևները եռանկյուն-կլորավուն, սրտաձև հիմքով, ստորինները` երկար կոթուններով: Ծաղիկները խմբված խիտ կիսահովանոցային ծաղկաբույլերում, ստորինները` իրարից հեռացած, վերինները` համարյա գլխիկանման խմբված: Բաժակը 8-10 մմ երկ., թեք հատված, 5 ատամիկներով: Պսակը մինչև 20 մմ երկ, գույնը, երկշուրթ: Էրեմները մերկ, եռանիստ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Սևանի (Սևանի լեռնաշղթա) և Գեղամի (Ակնա լճի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում: EOO` 495 քառ. կմ, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Տեսակը, բացի Հայաստանից, հանդիպում է Արևելյան Կովկասում, Փոքր Ասիայում և Իրաքում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան գոտում ծ. մ. 2000-3200 մ բարձրությունների վրա. քարքարոտ տեղերում, քարաթափվածքների վրա: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում` սեպտեմբերին:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտություն, սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` կապված հատկապես կլիմայի գլոբալ փոփոխության հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն տեսակի նկատմամբ, պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

307. Salvia spinosa L.

Եղեսպակ փշոտ

(Շալֆեյ կօլյուչիյ)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(i,ii,iii) + 2 ab(i,ii,iii)

Վտանգված տեսակ: Հազվագյուտ տեսակ է նաև Կովկասում, որտեղ հայտնի է միայն Հայաստանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին Հայաստանում սպառնում է անհետացում` կապված անտրոպոգեն գործոնների հետ: Տեսակի շատ լայն Հայաստանից դուրս տարածման պատճառով կարգավիճակը իջեցված է` EN:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս 40-50 սմ բարձրությամբ: Տերևները պարզ, .խոշոր, ստորինները և վերինները նստադիր, հարթ, երկու կողմից դեղնավուն: Ծաղկաբույլերը հուրանաձև: Ծաղիկները երկշուրթ, ավելի քան 20 մմ երկ.: Վերին շուրթի միջի ատամը եզրիններից կարճ: Պսակը սպիտակ, երկար խողովակով, երկշուրթ ետծալով: Էրեմները մոտ 3 մմ երկարությամբ, համարյա սև:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Հացավան, Զովաշեն) ֆլորիստիկական շրջանում: AOO` 8 քառ. կմ, լոկալիտետը` 1: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է նաև Նախիջևանը, ինչպես նաև Միջերկրածովյան ավազանի հարավային մասը, Փոքր և Միջին Ասիան, Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ծ. մ. 1000-1300 մ բարձրությունների վրա. լեռնային տափաստանի չոր քարքարոտ տեղերում: Ծաղկում է հունիսին, պտղաբերում` հուլիսին: Եթերայուղատու բույս է` հաճելի բուրմունքով:

Սահմանափակող գործոններ. Տարածման և բնակության շրջանի սահմանափակություն: Հազվագյուտություն, աճելավայրերի կորուստ կապված գյուղատնտեսական տարածքների լայնացման հետ

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ են որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրերի հայտնաբերման նպատակով, պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ:

 

308. Salvia suffriticosa Moentbr. & Auch. ex Benth.

Եղեսպակ կիսաթփային

(Շալֆեյ պօլուկուստառնիկօվիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում հիմնականում անտրոպոգեն գործոնների պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Կիսաթուփ` մինչև 50 սմ բարձրությամբ, հիմքի մոտ ճյուղավորված և փայտացած ցողունով: Տերևները փետրաձև: Ծաղկաբույլը պարզ, կազմված 4-8 իրարից հեռացած, օղակաձև դասավորված 6-10 ծաղիկներից: Ծաղիկները երկշուրթ, վերին` սաղավարտաձև և ստորին` եռաբլթակ շուրթերով: Բաժակը կանաչավուն, ձուլված խողովակով, վերևում` եզրերից կարճ, հաստ, բաց գույնի (երբեմն դեղնավուն) գեղձերով պատված ատամիկներով: Պսակը դեղնավուն 15-18 մմ երկարությամբ: Պտուղը կազմված 4 մասերից` Էրեմներից:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Երևանի (Գեղադիր, Գառնի, Հացավան, Երանոսի լեռնաշղթա) ֆլորիստիկական շրջանում: EOO` 60 քառ. կմ, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետը` 1: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է նաև Նախիջևանը, Անատոլիան, Հյուսիսային Իրաքը, Հյուսիսային և Արևմտյան Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1200-1700 մ բարձրությունների վրա. լեռնային տափաստանների չոր քարքարոտ, խճաքարոտ լանջերին: Ծաղկում է հունիսին, պտղաբերում` հուլիսին: Եթերայուղատու բույս է: Եթերայուղը ունի մշկընկույզի հոտն հիշեցնող հաճելի բուրմունք:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտ լինելը, սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` կապված անտրոպոգեն գործունեության, հատկապես, տարածքների յուրացման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև որոնողական աշխատանքներ` նոր պոպուլյացիների հայտնաբերման նպատակով:

 

309. Teucrium canum Fisch. & C.A.Mey.

Լերդախոտ ալեհեր

(Դուբռիվնիկ սեդօյ)

 

Կատեգորիա. CR B 1 ab(iii) + 2 ab(iii)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանում հայտնի է միայն Շիրակից: Կովկասի էնդեմիկ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը` 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է անհետացում` կապված անտրոպոգեն գործոնների հետ, հատկապես տուֆի արդյունահանության պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2` հազվագյուտ տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս, ամբողջությամբ սպիտակա-մոխրագույն կարճ առսեղմ մազիկների թավոտությամբ, ավելի լավ արտահայտված տերևների ստորին մակերեսին: Տերևները պարզ, երկարավուն-էլիպսաձև, աղեղնաեզր, սեպաձև հիմքով, կարճ կոթերով: Ընդհանուր ծաղկաբույլը հասկանման, սակավաթիվ ծաղիկների միմյանցից մի փոքր հեռացած օղակներով: Բաժակը համարյա կանոնավոր, զանգակաձև, 5 ատամիկներով: Պսակը վարդագույն-ծիրանագույն, հնգատամ, թվում է միաշուրթ, քանի որ վերին շուրթը ճեղքված է մինչև հիմքը և դրա բլթակները մոտեցած են ստորին շուրթին: Պտուղը կազմված 4 մասերից` հակաձվաձև էրեմներից:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Շիրակի ֆլորիստիկական շրջանում (Արթիկ, Պեմզաշեն): AOO` 8 քառ. կմ, լոկալիտետը` 1: Ընդհանուր արիալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Դաղստանը, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1750-1800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, կավային լանջերին տափաստաններում: Ծաղկում է հունիսին-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտ լինելը, սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` կապված անտրոպոգեն գործունեության հետ` տուֆի հանքի բաց շահագործում:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է ճշտել պոպուլյացիաների ներկա վիճակը, իրականացնել վիճակի մոնիթորինգ, որոնողական աշխատանքներ` նոր աճելավայրերի հայտնաբերման նպատակով:

 

310. Teucrium hyrcanicum L.

Լերդախոտ հիրկանիական

(Դուբռօվնիկ գիռկանսկիյ)

 

Կատեգորիա. VU * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Խոցելի տեսակ: Հայտնի է միայն Հարավային Հայաստանից` Զանգեզուրից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում, նախ և առաջ, գյուղատնտեսական գործունեության հետ կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ: Տեսակի համաշխարհային մասշտաբով լայն տարածման պատճառով և պոպուլյացիայի բավական լավ վիճակի Շիկահողի պետական արգելոցում, կատեգորիան իջեցված է մեկ աստիճանով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա բույս 60-80 սմ բարձր.: Տերևները կոթունավոր, ձվաձև-երկարավուն, աղեղնաեզր, սրտաձև հիմքով: Ընդհանուր ծաղկաբույլը նեղ, համարյա գլանաձև, հասկանման, բազմաթիվ ծաղիկների միմյանց շատ մոտեցած օղակներով: Բաժակը համարյա երկշուրթ, վերին շուրթը լայն-ձվաձև միջին ատամիկով: Պսակը մուգ-ծիրանագույն, հնգատամ, թվում է միաշուրթ, քանի որ վերին շուրթը ճեղքված է մինչև հիմքը և դրա բլթակները մոտեցած են ստորին շուրթին: Պտուղը կազմված 4 մասերից` հակաձվաձև Էրեմները:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Կապանի շրջակայք, Ծավ գետի հովիտ, լեռնագագաթ Խուստուփ): EOO` 200 քառ. կմ,

AOO` 24 քառ. կմ, լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Արևմտյան և Արևելյան Անդրկովկասը, Թալիշը, Անատոլիան և Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ներքին և միջին լեռնային գոտում ծ. մ. 700-1800 մ բարձրությունների վրա. անտառներում, անտառի եզրերին, բացատներում, թփուտներում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիսին-օգոստոսին: Օժտված է գեղազարդային հատկանիշներով:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` անտրոպոգեն գործունեության` հողերի յուրացում գյուղատնտեսության համար, անտառտնտեսական աշխատանքներ, արածեցում և խոտհունձ:

Պահպանության միջոցառումներ. Աճելավայրերը հիմնականում պահպանվում են «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է կազմակերպել ex-situ պահպանություն, մոնիթորինգ, ներդնել կուլտուրայում:

 

Lentibulariaceae - Ջրապզուկազգիներ - (Պուզիռչատկօվիե)

311. Utricularia intermedia Hayne

Ջրապզուկ միջին

(Պուզիռչատկա սրեդնյայա)

 

Կատեգորիա. EN * B 1 ab(iii) + 2 ab(iii)

Վտանգված տեսակ: Հանդիպում է միայն Լոռու սարահարթի լճերում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում` կապված, հատկապես, կլիմայի փոփոխության պատճառով աճելավայրերի պայմանների փոփոխության և լճերի բնական բուսածածկման հետ: Տեսակի համաշխարհային մասշտաբով շատ լայն տարածման պատճառով կատեգորիան իջեցված է մեկ աստիճանով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ կարգավիճակով: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա, առանց արմատների, կարճացած ընձյուղներով ջրային բույս: Ցողունները 10 - 30 սմ երկ., երկձև ընձյուղներով; մի քանիսը` կանաչ թելանման բաժանված տերևներով, առանց բշտիկների, մյուսները` բշտիկ կրող անգույն տերևներով: Ծաղկակիրները 2 - 4 (6) ծաղիկներով: Ծաղկակոթերը պտղի ժամանակ ուղիղ բարձրացող: Պսակը դժգույն - դեղին: Պտուղը գնդաձև տուփիկ, չբացվող կամ ճեղքերով բացվող:

Տարածում. Հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանում (Կլոր և Կիզ-Կալա լճեր): AOO` 8 քառ. կմ, աճելավայրերը` 2: Աճելավայրերը իրարից հեռացած են 18 կմ: Ընդհանուր արեալը ընդգրկում է արկտիկական և տրոպիկական Եվրասիան, Հյուսիսային Ամերիկան:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում ծ. մ. 1500-1700 մ բարձրությունների վրա. լճերում, ճահճացող ջրերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` օգոստոսին: Միջատակեր բույս է:

Սահմանափակող գործոններ. Հազվագյուտ լինելը, սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա` կապված կլիմայի փոփոխության և լճերի բուսածածկման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է իրականացնել հետազոտական աշխատանքներ, պոպուլյացիաների վիճակի և կազմի հետազոտություններ և մոնիթորինգ, ստեղծել նոր «Լոռու լճակներ» արգելավայր:

 

Liliaceae - Շուշանազգիներ - (Լիլեյնիե)

312. Fritillaria collina Adam (=F. lutea auct. non Mill.)

Արքայածաղիկ բլրակային

(Ռյաբչիկ խօլմօվօյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Կովկասի էնդեմիկ է: Հայաստանում հայտնի է հինգ ֆլորիստիկական շրջաններից, սակայն ամենուրեք շատ հազվագյուտ է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես

Fritillaria lutea 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա սոխուկավոր բույս, սպիտակ գնդաձև սոխուկով: Ցողունը 12-20 սմ բարձր., մերկ, ստորին մասում անտերև, կեսից վերև 4-6 հերթադիր նեղ-նշտարաձև տերևներով: Ծաղիկը բաց-դեղին, խոշոր, 30-40 մմ երկ., լայն-զանգականման: Տուփիկը օվալ-գուրզաձև, բութ-եռանիստ:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Վերին Ախուրյանի, Շիրակի, Լոռու, Իջևանի և Սևանի ֆլորիստիկական շրջաններում: EOO 2790 քառ. կմ է, AOO` 60 քառ. կմ, լոկալիտետները` 6: Ընդհանուր արեալը ընդգրկում է Մեծ Կովկասը և Արևմտյան, Հարավ-Արևմտյան, Կենտրոնական, Արևելյան և Հարավային Անդրկովկասը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի, ծ. մ. 1700-2500 մ բարձրությունների վրա. կաղնու և կաղնու-բոխու անտառների եզրերին, անտառային մարգագետնիկներում, կեչու կորաբուն անտառում, ենթալպյան մարգագետինների ժայռոտ տեղերում: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հունիս-օգոստոսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` կապված հողերի յուրացման, ինտենսիվ արածեցման, ռեկրեացիոն տրորման հետ:

Պահպանության միջոցառումներ. Պահպանվում է «Դիլիճան» ազգային պարկի տարածքում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն և պոպուլյացիաների վիճակի մոնիթորինգ:

 

313. Gagea lutea (L.) Ker Gawl.

Սագասոխուկ դեղին

(Գուսինիյ լուկ ժօլտիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Վտանգված տեսակ: Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Արեալը Հայաստանում մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աճում է անտառային գոտում, որը ենթարկվում մարդածին զգալի ճնշման և ինտենսիվ յուրացվող տարածքներում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Բազմամյա սոխուկավոր բույս 15-20 սմ բարձր.: Սոխուկը ոչ մեծ, երկարավուն-ձվաձև, թղթանման մոխրա-դարչնագույն թեփուկներով: Արմատամերձ տերևը մեծ, լայն-նշտարաձև: Ծաղկաբույլը 5-10 ծաղիկներով, հովանոցանման: Ծաղկակից տերևները 3-4 հատ: Ծաղիկները մեծ, ծաղկապատի մասերը 1,4-1,6 սմ երկ., գծային, արտաքինից` կանաչավուն, ներսում` վառ-դեղին: Տուփիկը լայն-հակաձվաձև:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Իջևանի (Վանաձորի և Նոյեմբերյանի շրջակայք) և Դարեղեգիսի (Զառիթափ և Խնձորուտ գյուղերի միջև) ֆլորիստիկական շրջաններում: EOO 4230 քառ. կմ է, AOO` 12 քառ. կմ, լոկալիտետները` 3: Ընդհանուր արեալը ընդգրկում է Նախակովկասը, Արևմտյան, Հարավ-Արևմտյան, Կենտրոնական և Հարավային Անդրկովկասը, Եվրոպան, Սիբիրը, Հեռավոր Արևելքը, Հյուսիսային Իրանը և Աֆղանստանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1200-1500 մ բարձրությունների վրա. անտառներում, թփերի մացառուտների մեջ: Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղաբերում` ապրիլ-մայիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` անտառտնտեսական աշխատանքների և հողերի յուրացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր պոպուլյացիաների որոնում:

 

314. Rhinopetalum gibbosum (Boiss.) Losinsk.et Vved.

Կնճիթաթերթիկ սապատավոր

(Ռինօպետալյում գօռբատիյ)

 

Կատեգորիա. CR * B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Աղետալի անհետանում է աճելավայրերի խախտման պատճառով` ավազուտներից ավազի դուրս բերման և Արարատյան հարթավայրում` հողերի յուրացման հետևանքով: Նկատի ունենալով տեսակին սպառնացող իրական վտանգը սպառնալիքի կատեգորիան բարձրացվել է մինչև CR:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով` հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա բույս փոքր գնդաձև սոխուկով: Ցողունը 6-20 սմ բարձր., ներքևում մերկ, վերևում մանր ծծիչներով: Տերևները նշտարաձև կամ ձվաձև: Ծաղկապատի մասերը 13-15 մմ երկ., 6-10 մմ լայն., բաց- կամ մուգ-վարդագույն, ներքևի մասում մուգ-մանուշակագույն: Տուփիկը հորիզոնական տափակացած, 12-14 մմ երկ., 16-20 մմ լայն.:

Տարածում. Հայաստանում հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանից (Երախի լեռնաշղթա, Վեդի, Գոռավան, Արարատ): EOO 85 քառ. կմ է, AOO` 16 քառ. կմ, լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Իրանում, Միջին Ասիայում, Աֆղանստանում և Պակիստանում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 850-1000 մ բարձրությունների վրա. չոր կավա-խճաքարոտ, ավազոտ, քարքարոտ լանջերին, ավազային անապատում, կիսաանապատում: Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների ընդլայնման համար հողերի յուրացման և շինարարության համար անապատային տարածքից ավազի դուրս բերման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիա մի մասը պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կազմում: Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

315. Tulipa confusa Gabrielian

Վարդակակաչ խճճված

(Տյուլպան զապուտաննիյ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայաստանում հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններից: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աղետալիորեն անհետանում է ծաղկեփնջերի համար իրականացվող գիշատիչ հավաքի պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա 20-30 սմ բարձր., լայն-ձվաձև մինչև 30 մմ լայն. սոխուկով և սևավուն-գորշ կամ մուգ-դարչնագույն կաշենման, ներսից արծաթավուն-մազոտ թեփուկներով: Ստերիլ ընձյուղների տերևները օվալ, միշտ ուղղահայաց կանգնած: Ծաղիկը 5-7 սմ տրամագծով գավաթանման, ֆուքսինի-վարդագույն կամ լիմոնի-դեղին, նուրբ բուրմունքով, կամ, հազվադեպ, կարմիր` առանց հոտի: Առէջները սև կամ դեղին առէջաթելերով, թեթևակի լայնացած: Սպին նստադիր: Պտուղը 4-6 սմ երկ., 2 սմ լայն: Բարձրարժեք գեղազարդային տեսակ է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Քաջարան, լեռնագագաթ Խուստուփ, «Շիկահող» պետական արգելոց, Ծավ, Ներքին Հանդ) և Մեղրու (Գյումարանց, Մեղրու լեռնաշղթայի կատարի երկարությամբ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 600 քառ. կմ է, AOO` 44 քառ. կմ, լոկալիտետները` 5: Աճում է Հարավային Անդրկովկասում և Ղարաբաղում:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի, ծ. մ. 1800-2700 մ բարձրությունների վրա. բացատներում, ժայռոտ տեղերում, կաղնու-բոխու անտառում, անտառի եզրերին, փոքր ի շատե խոնավ լանջերին, ենթալպյան մարգագետիններում, լեռնային սևահողերի վրա: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հուլիսին: Մեզոֆիլ տեսակ է: Բնության մեջ հանդիպում են երեք ձևեր; լիմոնի-դեղին ծաղիկներով, ֆուքսինի-վարդագույն` նուրբ լիմոնի բուրմունքով և կարմիր` առանց հոտի: Վերջինիս հասուն բույսի մոտ առաջանում է բազմաթիվ սոխուկներ-ձագուկներ: Միշտ ծաղկում է երկու շաբաթ ուշ քան Tulipa sosnovskyi տեսակը, որը աճում է նույն վայրերում:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` հողերի յուրացման հետևանքով, հավաք ծաղկեփնջերի համար:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 

316. Tulipa florenskyi Woronow

Վարդակակաչ Ֆլորենսկու

(Տյուլպան Ֆլօռենսկօգօ)

 

Կատեգորիա. EN B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Վտանգված տեսակ: Հայտնի է միայն մեկ ֆլորիստիկական շրջանից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Աղետալիորեն անհետանում է ծաղկեփնջերի համար իրականացվող գիշատիչ հավաքի պատճառով:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն. Բազմամյա սոխուկավոր բույս 10-20 սմ բարձր.: Սոխուկի թեփուկները առսեղմ-մազոտ: Ցողունը բարակ մերկ: Տերևները թխակապույտ, ալիքավոր եզրերով, սրանման, հաճախ հետ թեքված, 8-10,5 սմ երկ., սովորաբար երկարությամբ ծալված: Ծաղիկը մեծ, 3-5 սմ տրամագծով միայնակ, մուգ-կարմիր կամ լիմոնի-դեղին; ծաղկապատի մասերը կարմրածաղիկ ձևի մոտ` դեղին, դեղնածաղիկի մոտ` մոխրագույն պուտով կամ առանց պուտի: Առէջաթելերը մերկ, սև: Տուփիկը սրացած կտուցով: Բարձրարժեք գեղազարդային բույս է:

Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Ագարակ, Մեղրի, Կարչևան, Շվանիձոր, Նյուվադի): EOO 350 քառ. կմ է, AOO` 40 քառ. կմ, լոկալիտետները` 4: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Հարավ-արևմտյան Ադրբեջանում և Արևմտյան Իրանում (Շախպուր):

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 550-1000 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ և կավային լանջերին, շիբլյակում, արիդ նոսրանտառներում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` մայիս-հունիսին:

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, հավաք ծաղկեփնջերի համար:

Պահպանության միջոցառումներ. Պահպանության գործողություններ չեն իրականացվում:

Անհրաժեշտ է պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, նոր ԲՀՊՏ-ի ստեղծում Ագարակ ավանի շրջակայքում: Ներդնել ծաղկաբուծության բնագավառ:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2010
N 72-Ն
Որոշում