ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ
դատարանի որոշում ԵՄԴ/0688/02/08
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0688/02/08 2010 թ.
Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան
Դատավորներ` Ա. Մկրտչյան
Ն. Բարսեղյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի ապրիլի 2-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Տիգրան Սանասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Խաչիկ Գալստյանի ընդդեմ Տիգրան Սանասարյանի, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին և Տիգրան Սանասարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Խաչիկ Գալստյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Խաչիկ Գալստյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի «Նոյ» թաղամասի 10/2 հասցեի հողամասի` տան մի հատվածով ծանրաբեռնված 250 քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տիգրան Սանասարյանը պահանջել է Խաչիկ Գալստյանի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնել Երևանի «Նոյ» թաղամասի 10/2 հասցեի 250 քմ մակերեսով հողամասը:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 11.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.10.2009 թվականի որոշմամբ Դատարանի 11.06.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Սանասարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, ինչի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա ապացույցները: Ավելին, Վերաքննիչ դատարանը չի պարզել, թե վիճելի հողամասը երբ է անցել Խաչիկ Գալստյանի տիրապետմանը, այլ միայն 1994 թվականին շինանյութեր ձեռք բերելու վերաբերյալ փաստաթղթերի առկայությունն անհասկանալիորեն կապել է սույն վեճի հետ և եզրահանգել, որ Խաչիկ Գալստյանն այդ թվականից տիրապետում է վիճելի հողամասը: Մինչդեռ, սույն գործում առկա չէ որևէ հիմնավոր ապացույց վիճելի հողամասը Խաչիկ Գալստյանի տիրապետմանն անցնելու և դրա վրա բնակելի տուն կառուցելու ժամանակի վերաբերյալ:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցադիմումով հաստատվում է Խաչիկ Գալստյանի` իր տիրապետման անբարեխղճության մասին իմանալու հանգամանքը, քանի որ Տիգրան Սանասարյանը միշտ դեմ է եղել շինարարությանը:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, թե արդյոք գույքի սեփականատերը հրաժարվել է իր գույքից, մասնավորապես` անտեսել է, որ Տիգրան Սանասարյանը 1991 թվականից անընդմեջ բնակվում է «Նոյ» թաղամասի 10/2 հասցեում, վճարում է հողի, ջրի, էլեկտրաէներգիայի վարձերը և այդտեղ տնտեսություն է վարում: Ավելին, նշված հասցեում գտնվող հողակտորի մնացած մասը 2005 թվականին օրինականացրել է և դրա համար մեծ գումարներ է վճարել, ինչը վկայում է այն մասին, որ Տիգրան Սանասարյանը չէր կարող հրաժարվել անհատույց տրամադրված հողամասից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.10.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր փաստաթղթերը և նյութերը, սխալ է վերլուծել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, քանի որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայություն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևան քաղաքի Ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 24.03.1994 թվականի թիվ 9/149 որոշման համաձայն` ինը քաղաքացիների, այդ թվում` Խաչիկ Գալստյանին և Տիգրան Սանասարյանին Շահումյանի անվան նախկին կոլտնտեսությանը տրամադրված հողամասից (ներկայումս` «Նոյ» թաղամաս) բնակելի տուն կառուցելու համար հատկացվել են 400-ական քմ մակերեսով տնամերձ հողամասեր (հ. 1, գ.թ. 28):
2) Երևանի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչության 15.02.1999 թվականի շինարարության թույլտվության համաձայն` Խաչիկ Գալստյանին թույլատրվել է Շահումյանի անվան նախկին կոլտնտեսության թիվ 10/1 հողակտորում իրականացնել բնակելի տուն կառուցելու շինարարական աշխատանքներ (հ. 1, գ.թ. 16, 17-22):
3) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 23.08.2005 թվականի թիվ 2030024 վկայականի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.02.2009 թվականի գրության համաձայն` Երևանի քաղաքապետի 26.04.2005 թվականի թիվ 875-Ա որոշմամբ «Նոյ» թաղամասի 10/2 հասցեում Տիգրան Սանասարյանի կողմից կառուցված ինքնակամ շինությունն օրինականացվել է և 1618.2 քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով գրանցվել է Տիգրան Սանասարյանի անվամբ, որի մեջ վիճելի 250 քմ մակերեսով հողամասը ներառված չէ (հ. 1, գ.թ. 30-31, 77-78):
4) Գործում առկա շինանյութերի ձեռքբերման անդորրագրերում բացակայում է այն ձեռքբերողի անուն-ազգանունը (հ. 1, գ.թ. 17-22):
5) Տիգրան Սանասարյանին պատկանող Երևանի «Նոյ» թաղամասի 10/2 հասցեի 250 քմ մակերեսով հողամասը ծանրաբեռնված է Խաչիկ Գալստյանի կողմից Երևանի «Նոյ» թաղամասի 10/1 հասցեում կառուցված շինությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` օրենսգրքի 187-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ գույքի տիրապետումն սկսվել է 1999 թվականի հունվարի 1-ից առաջ և շարունակվում է օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը ձեռք է բերում և տիրապետելու է որպես սեփականություն,
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,
3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս ըստ հայցի Մարուսյա Աբրահամյանի, Ռուբիկ Սիմոնյանի ընդդեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջի մասին թիվ 3-1451(ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ վեճի առարկա հողամասի վրա է գտնվում Խաչիկ Գալստյանի կառուցած բնակելի տան մի մասը, այդ հողամասն առանձնացված է Տիգրան Սանասարյանի հողամասից, 1994 թվականից Խաչիկ Գալստյանն սկսել է հողամասի վրա շինարարական աշխատանքներ, ինչպես նաև Տիգրան Սանասարյանը, 23.08.2005 թվականին սեփականաշնորհելով իր կողմից օգտագործվող ամբողջ հողամասը և դրա վրա գտնվող անշարժ գույքը, դրանում չի ներառել վիճելի հողամասը, հանգել է այն հետևության, որ Խաչիկ Գալստյանն ավելի քան տասը տարի բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ օգտագործում է վիճելի հողամասը որպես սեփական գույք:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պատճառաբանությունները բավարար չեն եզրահանգելու, որ անշարժ գույքի սեփականատերը հրաժարվել է գույքի սեփականության իրավունքից կամ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտ վկայում են առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Խաչիկ Գալստյանը որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, թե որ հանգամանքն է իրեն բավարար հիմքեր տվել ենթադրելու, որ ինքը վիճելի հողամասը ձեռք է բերում օրինական հիմքերով և տիրապետելու է որպես սեփականություն, որպիսի պայմաններում ապացուցված չէ տիրապետողի բարեխղճությունը:
Բացի այդ, վիճելի հողամասը Խաչիկ Գալստյանի կողմից տասը տարուց ավելի տիրապետելու փաստը Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել 1994 թվականի շինանյութերի ձեռքբերման անդորրագրերի հիման վրա` եզրակացնելով, որ այդ ժամանակից վիճելի հողամասի վրա շինարարական աշխատանքներ են իրականացվել:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` չի անդրադարձել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչության շինարարության թույլտվությանը, որով Խաչիկ Գալստյանին շինարարություն իրականացնելու թույլտվություն է տրվել միայն 15.02.1999 թվականին: Այսինքն` նշված փաստական հանգամանքը հակասում է վիճելի հողամասը Խաչիկ Գալստյանի կողմից 1994 թվականից տիրապետելու փաստին: Բացի այդ, 1994 թվականի շինանյութերի ձեռքբերման անդորրագրերը հիմք չեն ապացուցված համարելու, որ դրանցում նշված շինանյութերը ձեռք են բերվել և օգտագործվել են կոնկրետ Խաչիկ Գալստյանի կողմից նրա տան կառուցման համար, առավել ևս այն դեպքում, երբ դրանցում բացակայում է ձեռքբերողի անուն-ազգանունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել վեճի առարկա հողամասի սեփականատիրոջ կողմից իր գույքից հրաժարվելու, ինչպես նաև Խաչիկ Գալստյանի կողմից այն ձեռքբերման վաղեմության ուժով ձեռք բերելու, այն է` տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ և որպես սեփական գույք տիրապետելու փաստը, առանց հիմնավորելու իր եզրահանգումները:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է համարում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան