Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 28.07.2007 ԹՎԱԿԱՆԻ «...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 28.07.2007 ԹՎԱԿԱՆԻ «ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ դատարանի որոշում                 Քաղաքացիական գործ թիվ

    Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1345/02/08                 ԵՇԴ/1345/02/08

    Նախագահող դատավոր` Տ. Նազարյան                              2010 թ.

           Դատավորներ` Կ. Հակոբյան

                       Տ. Սահակյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հայկ Նարիմանյանի ընդդեմ Ընկերության` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հայկ Նարիմանյանը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 1.045.300 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում:

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 23.06.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.10.2009 թվականի որոշմամբ Դատարանի 23.06.2009 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ կառավարության 28.07.2007 թվականի «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշման (այսուհետ` ՃԵԿ) 65-րդ և 66-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, գործում առկա ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտության արդյունքում արդարացիորեն գտել է, որ «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մեղքի և տեղի ունեցած վթարի միջև պատճառահետևանքային կապ չկա: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հիմնվել է ենթադրությունների վրա և գտել, որ եթե «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենան կայանած չլիներ երթևեկությանը հակառակ ուղղությամբ, ապա վթարը տեղի չէր ունենա, իսկ անվտանգության համապատասխան նշանները վերջինիս կողմից տեղադրված լինելու դեպքում հնարավոր է` «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի առջևից 6-7 մ հեռավորության վրա ընթացող «Բոգդան» մակնիշի ավտոբուսը, դրանք նկատելով, ավելի վաղ մանևրեր ձախ` հնարավորություն ընձեռելով «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդին նկատել տեղադրված նշանները և կանխել վթարը: Սակայն, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ փորձագետի տված բացատրությամբ չի պարզվել, թե վթարին նախորդող պահին ինչ պետք է աներ «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որպեսզի բացառվեր «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի բախումը «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենային:

Բացի այդ, «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի պահպանել Կանոնների 65-րդ և 66-րդ հոդվածների պահանջները, այն է` գերազանցել է սահմանված արագությունը` հաշվի չառնելով երթևեկության ինտենսիվությունը, ճանապարհային պայմանները, տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ, չի ընտրել այնպիսի արագություն, որը հնարավորություն է տալիս ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.10.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 23.06.2009 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 23.07.2008 թվականի դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն` 07.07.2008 թվականին Երևանի Մյասնիկյան և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում Նորայր Հակոբյանը տրոլեյբուսին սնուցող հոսանքալարը վերանորոգելու նպատակով Ընկերությանը պատկանող «ԳԱԶ 52» մակնիշի 689 ՏԼ 68 պ/հ ավտոմեքենան կանգնեցրել է Երևանի Մյասնիկյան և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում` ճանապարհի կենտրոնական մասում, երթևեկությանը հակառակ ուղղությամբ, չի միացրել ավտոմեքենայի վթարային ազդանշանը, այդ վայրում տեղակայված մեքենան չի նշել համապատասխան ճանապարհային նշաններով, ուղղորդող կամ ցանկապատող սարքավորումներով, ինչի արդյունքում թույլ է տրվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում (հատոր 1-ին, գ.թ. 19-24):

2. 07.07.2008 թվականին` ժամը 10:00-ի սահմաններում Երևանի Մյասնիկյան և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում Ռուբեն Սարգսյանի կողմից վարած Հայկ Նարիմանյանին պատկանող «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է Ընկերությանը պատկանող «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենային (հատոր 1-ին, գ.թ. 19):

3. 23.07.2008 թվականի դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն` վթարին նախորդող պահին «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի առջևից 6-7 մետր հեռավորության վրա նույն ուղղությամբ ընթացել է «Բոգդան» մակնիշի ավտոբուս, որի վարորդը, առանց թարթիչը միացնելու, կտրուկ ձախ է մանևրել, որից հետո «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մոտ 20-25 մետր հեռավորության վրա միայն նկատել է երթևեկությանը հակառակ կանգնած «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տվյալ ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել (հատոր 1-ին, գ.թ. 20):

4) 18.07.2008 թվականի ապրանքագիտական փորձաքննության եզրակացության համաձայն` «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը հասցվել է 1.045.300 ՀՀ դրամի նյութական վնաս (հատոր 1-ին, գ.թ. 24):

5) 09.07.2008 թվականի «Ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննության մասին» արձանագրության 25-րդ կետի «ա» և «բ» կետերի համաձայն` դեպքի վայրում անվադողի և արգելակման հետքեր չեն հայտնաբերվել (հատոր 1-ին, գ.թ. 15):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ճանապարհի վրա աշխատանք կատարելու համար պատասխանատու պաշտոնատար անձը պարտավոր է այդ աշխատանքը կազմակերպել` ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը: Ճանապարհի վրա աշխատանքի կատարման վայրը, ինչպես նաև այդ վայրում տեղակայված ճանապարհային մեքենաները, շինարարական նյութերը, կառուցվածքները և աշխատանքի կատարման համար անհրաժեշտ այլ առարկաները նշվում են համապատասխան ճանապարհային նշաններով, ուղղորդ կամ ցանկապատող սարքավորումներով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում` նաև կարմիր կամ դեղին ազդանշանային լույսերով:

ՃԵԿ-ի 65-րդ կետի համաձայն` վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ:

ՃԵԿ-ի 66-րդ կետի համաձայն` վարորդը պետք է ընտրի այնպիսի արագություն, որը հնարավորություն է տալիս նրան կանոնների պահանջներին համապատասխան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը:

ՃԵԿ-ի 67-րդ կետի համաձայն` երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը:

Վերոնշյալ դրույթներից հետևում է, որ վարորդը պետք է տրանսպորտային միջոցը վարի այնպիսի արագությամբ, որը նրան հնարավորություն կտա երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում ժամանակին իջեցնել արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև արգելակել` խուսափելով հնարավոր վթարային իրավիճակներից:

Սույն գործի փաստերի համաձայն` 07.07.2008 թվականին` ժամը 10:00-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում Նորայր Հակոբյանը տրոլեյբուսին սնուցող հոսանքալարը վերանորոգելու նպատակով Ընկերությանը պատկանող «ԳԱԶ 52» մակնիշի 689 ՏԼ 68 պ/հ ավտոմեքենան կանգնեցրել է Երևանի Մյասնիկյան և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում` ճանապարհի կենտրոնական մասում, երթևեկությանը հակառակ ուղղությամբ: Նույն պահին Ռուբեն Սարգսյանի կողմից վարած Հայկ Նարիմանյանին պատկանող «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է Ընկերությանը պատկանող «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենային: Վթարին նախորդող պահին «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի առջևից 6-7 մետր հեռավորության վրա նույն ուղղությամբ ընթացել է «Բոգդան» մակնիշի ավտոբուս, որի վարորդը, առանց թարթիչը միացնելու, կտրուկ ձախ է մանևրել, որից հետո «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մոտ 20-25 մետր հեռավորության վրա միայն նկատել է երթևեկությանը հակառակ կանգնած «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տվյալ ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել:

Դատարանը արձանագրելով «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման փաստը, այդուհանդերձ նշել է, որ վնասն Ընկերության մեղքով չի պատճառվել, «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կամ ճանապարհի այդ հատվածում աշխատանք կատարելու համար պատասխանատու պաշտոնատար անձի գործողության (անգործության) և տեղի ունեցած պատահարի միջև պատճառահետևանքային կապ չկա, քանի որ անգամ «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից հիշյալ օրենքի պահանջները պահպանելու դեպքում էլ, միևնույն է, վթարն անխուսափելի էր: «ԳԱԶ 3110» ավտոմեքենայի վարորդը տեխնիկական տեսակետից չի ունեցել ժամանակին կատարված արգելակումով մեքենան կանգնեցնելու տեխնիկական հնարավորություն:

Վերաքննիչ դատարանը, բեկանել է Դատարանի վճիռը և գործն ուղարկել է նոր քննության` պատճառաբանելով, որ եթե «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենան կանգնեցված չլիներ երթևեկությանը հակառակ ուղղությամբ, վթարը տեղի չէր ունենա: Բացի այդ, գործը նոր քննության ուղարկելը պայմանավորել է վթարի պահին «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի արագությունը պարզելու անհրաժեշտությամբ, ինչը պարզելուց է կախված Ընկերության կողմից հատուցման ենթակա գումարի չափը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը անտեսել է այն փաստը, որ թեև «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից խախտվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչը վարչական պատասխանատվության ենթարկելու հիմք է, սակայն նշված խախտման և տեղի ունեցած պատահարի միջև պատճառահետևանքային կապը սույն գործով չի հիմնավորվել:

Մասնավորապես, «ԳԱԶ 52» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից կատարված խախտումը ճանապարհային նշաններ չտեղադրելն է: Մինչդեռ, սույն գործով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ նման նշանների տեղադրման դեպքում վթարը տեղի չէր ունենա: «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր պահպանել ՃԵԿ-ի 67-րդ կետի պահանջը և վտանգը հայտնաբերելու պահից պետք է արգելակեր մեքենան: Մինչդեռ, գործում առկա 09.07.2008 թվականի «Ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննության մասին» արձանագրության 25-րդ կետի «ա» և «բ» կետերի համաձայն` դեպքի վայրում անվադողի և արգելակման հետքեր չեն հայտնաբերվել, ինչը անտեսվել է նաև 23.07.2008 թվականի դատաավտոտեխնիկական փորձաքննության ժամանակ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր իր առջևից ընթացող «Բոգդան» մակնիշի ավտոբուսից պահպանել այնպիսի հեռավորություն, որի դեպքում նա ժամանակ կունենար ավելի վաղ նկատել վտանգը և ժամանակին արգելակել:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 23.06.2009 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2010
N ԵՇԴ/1345/02/08
Որոշում