Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187-ՐԴ, «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ2/0095/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ2/0095/05/09                             2010 թ.

Նախագահող դատավոր` Հ. Թորոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 2-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 08.07.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Բաբկեն Թամրազյանի ընդդեմ ՀՀ Տավուշի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան), Արմեն Հակոբյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դիլիջանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ՀՀ Տավուշի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) 23.02.2007 թվականի թիվ 12-Ա և 27.05.2007 թվականի թիվ 34-Ա որոշումները, աճուրդի անցկացման վերաբերյալ արձանագրությունները և որպես հետևանք Մարզպետարանի և Արմեն Հակոբյանի միջև 03.04.2007 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Արմեն Հակոբյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և վկայականն անվավեր ճանաչելու, ինչպես նաև վիճելի հողամասի նկատմամբ Բաբկեն Թամրազյանի ձեռքբերման նախապատվության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բաբկեն Թամրազյանը պահանջել է անվավեր ճանաչել Մարզպետի 23.02.2007 թվականի թիվ 12-Ա և 27.05.2007 թվականի թիվ 34-Ա որոշումները, աճուրդի անցկացման վերաբերյալ արձանագրությունները և որպես հետևանք Մարզպետարանի և Արմեն Հակոբյանի միջև 03.04.2007 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Արմեն Հակոբյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և վկայականը, ինչպես նաև ճանաչել Բաբկեն Թամրազյանի ձեռքբերման նախապատվության իրավունքը վիճելի հողամասի նկատմամբ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 08.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Հակոբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բաբկեն Թամրազյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասը, 31-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ, 24-րդ հոդվածները, 25-րդ հոդվածի 1-ին մասը, 26-րդ հոդվածի 2-րդ մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասը, 305-րդ հոդվածը, ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը, 65-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 67-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը Մարզպետի 23.02.2007 թվականի թիվ 12-Ա և 27.05.2007 թվականի թիվ 34-Ա որոշումներն անվավեր ճանաչելու մասով հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ «հայցվորը դեռևս 1995 թ-ից սկսած, մինչև հողամասն աճուրդային կարգով մարզպետի կողմից թիվ 12-Ա որոշմամբ համաձայնություն տալը, այն է` 2007 թ. փետրվարի 23-ը, հայցվոր Բաբկեն Թամրազյանը տասը տարի անընդմեջ, բարեխիղճ և բացահայտ տիրապետել, օգտագործել է վիճելի հողամասը» և, որ «աճուրդից առաջ մարզպետը պետք է պարզեր կան արդյոք անձինք, ովքեր վիճելի հողամասի նկատմամբ գնման նախապատվության իրավունքի ուժով սեփականության իրավունքով այն ձեռք բերելու իրավունք ունեն, թե ոչ, աճուրդի է հանել պետական սեփականություն հանդիսացող 1.394 քմ մակերեսով հողամասը»: Դատարանի գնահատմամբ մարզպետի այդ պարտականությունը բխում է ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ և 67-րդ հոդվածների դրույթներից:

Դատարանն ըստ էության հաստատված համարելով այն փաստը, որ վեճի առարկա հողամասը գտնվում է գյուղական համայնքների սահմաններից դուրս և սեփականության իրավունքով պատկանում է պետությանը, որն իրավասու է իր հայեցողությամբ տնօրինել այն, այդուհանդերձ հիմք ընդունելով Բաբկեն Թամրազյանի կողմից ներկայացված առանց պատշաճ վավերապայմանների ու առանց ամիս-ամսաթվի, ջնջումներով, Թեղուտի գյուղապետարանի հետ մեկ տարի ժամկետով 2000, 2001 և 2004 թվականներին կնքված` 26, 129 և 171 թվագրված վարձակալության պայմանագրերի լուսապատճենները` դրանք համարել է թույլատրելի ապացույց և դրել հայցը բավարարելու հիմքում: Այնինչ նշված առոչինչ պայմանագրերով վարձակալության հանձնված հողամասը չի համապատասխանում Մարզպետարանի 27.03.2007 թվականի թիվ 34-Ա որոշմամբ աճուրդի հանված հողամասի հասցեին, չափերին, տեղակայմանը, հաստատված հատակագծին, ինչպես նաև գործառնական նշանակությանը:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասը տվյալ դեպքում կիրառելի չէ, քանի որ դրա մեկնաբանությունից հետևում է, որ այն վերաբերում է սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուն, այլ ոչ թե սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքի ճանաչմանը: Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Արմեն Հակոբյանը գործարքի հիման վրա ձեռք է բերել վիճելի հողամասը: Մինչդեռ վիճելի հողամասի աճուրդը չէր կարող իրականացվել միայն այն դեպքերում, երբ`

այդ հողամասի նկատմամբ իրականացվում է դատական վարույթ,

առկա է ՀՀ հողային օրենսգրքի 65-րդ և 66-րդ հոդվածներով նախատեսված դեպքեր, իսկ նման ապացույցներ վարչական գործում առկա չեն:

Վարչական գործում առկա չէ նաև որևէ ապացույց այն մասին, որ աճուրդն իրականացվել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմամբ, որը կարող էր հանգեցնել աճուրդի և դրա արդյունքներով հաղթած անձի` Արմեն Հակոբյանի հետ կնքված պայմանագրի, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման անվավերության, ինչը նշանակում է, որ աճուրդը տեղի է ունեցել սահմանված կարգով ու այն անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են:

2. Դատարանը չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը, որը պետք է կիրառեր:

Դատարանը բավարարել է նաև Արմեն Հակոբյանին 23.04.2007 թվականի տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2104113 վկայականն անվավեր ճանաչելու պահանջը: Այնինչ, Դատարանը նշված մասով գործի վարույթը պետք է կարճեր, քանի որ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը վարչական ակտ չէ, և դրա անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մնում վարչական ակտ հանդիսացող անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 08.07.2009 թվականի վճիռը և փոփոխել` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճել, իսկ մնացած մասով հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

ՀՀ հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի բովանդակությունից հետևում է, որ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնց նկատմամբ օրենքով կամ պայմանագրով անձանց մոտ առկա է գնման նախապատվության իրավունք, ապա դրանք պետք է օտարվեն միայն ուղղակի վաճառքի ձևով: Օրենսդիրն այդ հողամասերի այլ կարգ, այդ թվում` աճուրդի միջոցով, չի թույլատրում: Հողամասերն աճուրդով կարող են վաճառվել, երբ հողամասերը չեն համապատասխանում ՀՀ հողային օրենսգրքի 65-րդ և 66-րդ հոդվածներով նախատեսված դեպքերին: Հետևաբար, հողամասը չէր կարող աճուրդային կարգով վաճառվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Մարզպետի 23.02.2007 թվականի թիվ 12-Ա որոշմամբ տրվել է համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի վարչական սահմաններում, համայնքների վարչական սահմաններից դուրս, Դիլիջան-Իջևան ճանապարհին գտնվող, Հաղարծնի վանք տանող ճանապարհի խաչմերուկի մոտակա տարածքից 1.394 քմ հասարակական կառուցապատման նպատակով, աճուրդային կարգով հողատարածք օտարելու համար (1-ին հատոր, գ.թ. 9):

2. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 21.02.2007 թվականի համարում տպագրվել է հայտարարություն 20.03.2007 թվականին հայտարարված աճուրդի մասին (1-ին հատոր, գ.թ. 11):

3. Մարզպետի 27.03.2007 թվականի թիվ 34-Ա որոշմամբ հաստատվել է 20.03.2007 թվականին կայացած աճուրդի արդյունքները (1-ին հատոր, գ.թ. 23):

4. Մարզպետարանի և Արմեն Հակոբյանի միջև 23.04.2007 թվականին կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր (1-ին հատոր, գ.թ. 114):

5. Ձեռք բերված հողամասի նկատմամբ Արմեն Հակոբյանի սեփականության իրավունքը գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 11-029-4-2 մատյանի թիվ 166 համարի տակ գրանցվել է 23.04.2007 թվականին, և տրվել է թիվ 2104113 վկայականը (1-ին հատոր, գ.թ. 116-117):

6. Թեղուտի գյուղապետարանի և Բաբկեն Թամրազյանի միջև մեկ տարի ժամկետով 2000, 2001 և 2004 թվականներին կնքված թիվ 26, 129 և 171 թվագրված վարձակալության պայմանագրերի համաձայն` Թեղուտ համայնքում` «Լագեր մոյկի մոտ» Բաբկեն Թամրազյանը վարձակալել է հողամաս (1-ին հատոր, գ.թ. 19-21):

7. ՀՀ Տավուշի մարզի Թեղուտի գյուղապետարանի 11.06.2009 թվականի թիվ 79 գրության համաձայն` Բաբկեն Թամրազյանի կողմից «Շիշքար» ՍՊԸ-ի հարևանությամբ ինքնակամ զբաղեցրած 1.500 քմ գյուղատնտեսական նշանակության հողամասը գտնվում է Թեղուտի վարչական տարածքից դուրս: Բաբկեն Թամրազյանին օրենքով սահմանված կարգով Թեղուտի վարչական տարածքում վարձակալությամբ հատկացված որևէ հողամաս չկա (2-րդ հատոր, գ.թ. 40):

8. ՀՀ Տավուշի մարզի Թեղուտի գյուղապետարանի 24.06.2009 թվականի թիվ 91 գրության համաձայն` Բաբկեն Թամրազյանի կողմից օգտագործվող Թեղուտ գյուղի վարչական սահմաններից դուրս գտնվող Դիլիջան-Իջևան միջպետական մայրուղուն կից «Շիշքար» ՍՊԸ-ի հարևանությամբ գտնվող հողամասի համար Թեղուտի գյուղապետարանում 1995 թվականից մինչև 2007 թվականը մուծվել են վարձավճարներ (2-րդ հատոր, գ.թ. 61):

9. ՀՀ Տավուշի մարզի Թեղուտի գյուղապետարանի 11.06.2009 թվականի թիվ 80 գրության համաձայն` 1394 քմ մակերեսով հողամասը, որը ՀՀ Տավուշի մարզպետի 27.03.2007 թվականի թիվ 34-Ա որոշմամբ աճուրդային կարգով վաճառվել է Արմեն Հակոբյանին, մտնում է 1.500 քմ տարածքի մեջ (1-ին հատոր, գ.թ. 118):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1. վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ հողային օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության հողային պաշարների պետական կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` Կառավարություն)` անմիջականորեն կամ կառավարման լիազոր մարմինների միջոցով:

ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը, բացառությամբ սույն օրենսգրքի 65-րդ և 66-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, կատարվում է աճուրդով:

ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աճուրդի կազմակերպիչը համայնքի ղեկավարն է, համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզպետը (Երևանում` Երևանի քաղաքապետը) կամ վերջիններիս կողմից լիազորված աշխատակազմի պաշտոնատար անձը:

ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է` օրենքներով և պայմանագրերով գնման նախապատվության իրավունք ունեցող անձանց:

ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձևակերպման օգտվում են պետության կամ համայնքի հողերից, ունեն այդ հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք, եթե արգելված չէ սեփականության իրավունքով տվյալ հողամասերը ձեռք բերելը կամ, եթե դրանք վաճառվում կամ անհատույց փոխանցվում են միևնույն նպատակային նշանակության համար և, եթե հողամասերը համապատասխանում են սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին: Ձեռքբերման վաղեմության իրավունքը տրամադրվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով կամ դատական կարգով:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ պետական սեփականության հողերի վաճառքը որոշ բացառություններով կատարվում է միայն աճուրդով, որը համայնքների վարչական սահմաններից դուրս կազմակերպում է մարզպետը: Այսինքն` օրենսդրի կողմից մարզի վարչական սահմաններում գտնվող պետության սեփականության հողերն աճուրդով վաճառելու լիազորությունը ՀՀ հողային օրենսգրքով վերապահված է մարզպետին: Իսկ ՀՀ հողային օրենսգրքի 65-րդ և 66-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերը մարզպետի կողմից սեփականության իրավունքով տրամադրվում են անհատույց կամ ուղղակի վաճառքի ձևով:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Տավուշի մարզպետի 23.02.2007 թվականի թիվ 12-Ա որոշմամբ տրվել է համաձայնություն` ՀՀ Տավուշի մարզի վարչական սահմաններում և համայնքների սահմաններից դուրս գտնվող` Հաղարծնի վանք տանող ճանապարհի խաչմերուկի մոտակա տարածքից 1.394 քմ հասարակական կառուցապատման նպատակով աճուրդային կարգով հողատարածք օտարելու համար: Նշված փաստով 20.03.2007 թվականին հայտարարված աճուրդի մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 21.02.2007 թվականի համարում տպագրվել է հայտարարություն: ՀՀ Տավուշի մարզպետի 27.03.2007 թվականի թիվ 34-Ա որոշմամբ հաստատվել է 20.03.2007 թվականին կայացած աճուրդի արդյունքները, որի հիման վրա Մարզպետարանի և Արմեն Հակոբյանի միջև 23.04.2007 թվականին կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր: Իսկ հողամասի նկատմամբ Արմեն Հակոբյանի սեփականության իրավունքն իրավունքների պետական գրանցման միասնական 11-029-4-2 մատյանի թիվ 166 համարի տակ գրանցվել է 23.04.2007 թվականին, և տրվել է թիվ 2104113 վկայականը:

Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ «հայցվորը դեռևս 1995 թվականից սկսած, մինչև հողամասը աճուրդային կարգով վաճառելու վերաբերյալ Մարզպետի կողմից թիվ 12-Ա որոշմամբ համաձայնություն տալը, այն է` 2007 թ. փետրվարի 23-ը, հայցվոր Բաբկեն Թամրազյանը տասը տարի անընդմեջ, բարեխիղճ և բացահայտ տիրապետել, օգտագործել է վիճելի հողամասը», «Դատարանի եզրահանգումը` վիճելի հողը 1995 թ. սկսած հայցվորի կողմից տիրապետելու վերաբերյալ, բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի, նշված օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի այն դրույթներից, որոնց համաձայն հողի անընդմեջ, բարեխիղճ և բացահայտ տիրապետման մեջ պետք է հաշվարկել նաև 1999 թ. հունվարի 1-ից առաջ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո շարունակվող հողի տիրապետման ժամկետը», «Դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ հայցվոր Բաբկեն Թամրազյանը տասը տարուց ավելի անընդմեջ, բարեխիղճ և բացահայտ, սակայն առանց իր իրավունքների իրավաբանական ձևակերպման տիրապետում է վիճելի հողամասը», «Սույն գործով Մարզպետը որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ վիճելի հողամասը մտնում է այն հողամասերի ցանկի մեջ, որոնց նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանափակվում է ձեռքբերման նախապատվության իրավունքով դրանք որպես սեփականություն գնելը», «աճուրդից առաջ Մարզպետը պետք է պարզեր` կան արդյոք անձինք, ովքեր վիճելի հողամասի նկատմամբ գնման նախապատվության իրավունքի ուժով սեփականության իրավունքով այն ձեռք բերելու իրավունք ունեն, թե ոչ»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վերը նշված եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Մարզպետի 23.02.2007 թվականի թիվ 12-Ա որոշմամբ տրվել է համաձայնություն` ՀՀ Տավուշի մարզի վարչական սահմաններում, համայնքների վարչական սահմաններից դուրս, Դիլիջան-Իջևան ճանապարհին գտնվող, Հաղարծնի վանք տանող ճանապարհի խաչմերուկի մոտակա տարածքից 1.394 քմ հասարակական կառուցապատման նպատակով աճուրդային կարգով հողատարածք օտարելու համար: ՀՀ Տավուշի մարզի Թեղուտի գյուղապետարանի 11.06.2009 թվականի թիվ 79 գրության համաձայն` Բաբկեն Թամրազյանի կողմից «Շիշքար» ՍՊԸ-ի հարևանությամբ ինքնակամ զբաղեցրած 1.500 քմ գյուղատնտեսական նշանակության հողամասը գտնվում է Թեղուտի վարչական տարածքից դուրս: Բաբկեն Թամրազյանին օրենքով սահմանված կարգով Թեղուտի վարչական տարածքում վարձակալությամբ հատկացված որևէ հողամաս չկա (2-րդ հատոր, գ.թ. 40):

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հանգամանքը, որ Բաբկեն Թամրազյանը Թեղուտ համայնքին վճարել է վարձավճարներ, չի կարող էական նշանակություն ունենալ սույն վեճի լուծման համար, քանի որ վիճելի հողամասը Թեղուտ համայնքի վարչական սահմաններում չի գտնվում, հետևաբար Թեղուտ համայնքին վարձավճարները վճարված լինելու փաստը չի կարող հողամասն ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ և բացահայտ տնօրինելու փաստը հավաստող հանգամանք հանդիսանալ:

ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այլ սեփականատիրոջը պատկանող հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագումը կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը պետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի նկատմամբ կիրառելի չէ (Տես` Գրիգոր Խաչատրյան ընդդեմ Թամո Թամոյան, Երևանի քաղաքապետարան, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 2007 թվականի մարտի 27-ի թիվ 3-153 (ՎԴ) որոշումը):

2. Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ դատարանում քննության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներում արդեն իսկ արտահայտել է դիրքորոշում, որի համաձայն` նման պահանջը ենթակա չէ դատարանում քննության, քանի որ անշարժ գույքի սեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականն իրավունք առաջացնող վարչական ակտ չէ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքները համարվում են գրանցված` գրանցման մատյանում գրանցելու պահից: Հետևաբար, վարչական ակտն անշարժ գույքի գրանցամատյանի գրանցումն (գրառումն) է: Սեփականության իրավունքի գրանցման վկայականը սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ է, և այդ փաստաթղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մնում վարչական ակտը` անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը (տե՛ս Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի որոշումը կայացված` քաղաքացիական գործով ըստ Սիսիանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Շահեն Սարգսյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սիսիանի ստորաբաժանման, Կորյուն Օհանյանի` 26.08.2002 թվականին կնքված պայմանագիրը լուծելու, Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև 11.09.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին):

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 08.07.2009 թվականի վճիռը և այն փոփոխել: Բաբկեն Թամրազյանի հայցը` ՀՀ Տավուշի մարզպետի 23.02.2007 թվականի թիվ 12-Ա և 27.05.2007 թվականի թիվ 34-Ա որոշումները, աճուրդի անցկացման վերաբերյալ արձանագրությունները և որպես հետևանք Մարզպետարանի և Արմեն Հակոբյանի միջև 03.04.2007 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա Արմեն Հակոբյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև հողամասի նկատմամբ Բաբկեն Թամրազյանի ձեռքբերման նախապատվության իրավունքը ճանաչելու պահանջների մասին մերժել: Արմեն Հակոբյանին 23.04.2007 թվականին տրված թիվ 2104113 սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.04.2010
N ՎԴ2/0095/05/09
Որոշում