Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ, 154-ՐԴ, 279-ՐԴ, 297-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ/0332/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ/0332/05/09                             2010 թ.

Նախագահող դատավոր` Ա. Ղազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2010 թվականի ապրիլի 2-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 08.12.2009 թվականի վճռի դեմ` ըստ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) հայցի ընդդեմ Վարդիթեր Մարտիրոսյանի` գումար բռնագանձելու և տարածքը նախկին տեսքի բերելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Վարդիթեր Մարտիրոսյանից 200.000 ՀՀ դրամ և պարտավորեցնել վերջինիս տարածքը բերել նախկին տեսքի:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 08.12.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածը, 154-րդ հոդվածի 1-ին մասը, 279-րդ, 297-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ Քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/12 որոշումը Վարդիթեր Մարտիրոսյանը չի բողոքարկել, այն որևէ դատական ակտով անվավեր չի ճանաչվել: Հետևաբար Դատարանը պետք է ելներ այն կանխավարկածից, որ Քաղաքապետի նշված որոշումն օրինական ուժի մեջ է, և այն ենթակա է պարտադիր կատարման: Նման իրավական դիրքորոշում է հայտնել նաև Վճռաբեկ դատարանը 27.05.2009 թվականի որոշմամբ:

Դատարանը, ի պաշտոնե քննելով գործը, պարտավոր էր պարզել Վարդիթեր Մարտիրոսյանի կողմից վարչական իրավախախտում կատարելու հանգամանքը, ինչը չի արել:

Դատարանը եզրակացրել է, որ Քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/12 որոշումը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթների խախտմամբ և հղում է կատարել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածին և նշված օրենսգրքի 219.1-րդ հոդվածի 1-ին մասին: Մինչդեռ, Դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ կառավարության 03.10.2002 թվականի թիվ 1788-Ն որոշման համաձայն` Քաղաքապետը Քաղաքապետարանի միջոցով Երևանում իրականացնում է պետական կառավարում, իրագործում է ՀՀ կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: Իսկ ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրի համաձայն` տարածքային քաղաքականությունը մի շարք բնագավառներում Քաղաքապետն իրականացնում է Քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների միջոցով:

Տվյալ դեպքում վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովը ստեղծվել է Քաղաքապետի որոշմամբ, և այն ընդամենը համարվում է իրավախախտման վերաբերյալ գործերն ուսումնասիրող և նախապատրաստման աշխատանքներ իրականացնող մարմին, որը վարույթի նախապատրաստման նյութերը ներկայացնում է Քաղաքապետին` դրանց հիման վրա որոշում կայացնելու համար:

Բացի այդ, ՀՀ վարչական դատարանի կողմից նույն փաստական հանգամանքներով բազմիցս կայացվել են վճիռներ, որոնցով Քաղաքապետարանի հայցերը նույն փաստական հանգամանքներով և հիմնավորումներով բավարարվել են:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 08.12.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/12 որոշմամբ Վարդիթեր Մարտիրոսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու համար ենթարկվել է 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի: Նույն որոշմամբ Վարդիթեր Մարտիրոսյանին առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ (գ.թ. 6):

2) Քաղաքապետի նշված որոշումը Վարդիթեր Մարտիրոսյանը չի վիճարկել, այն չի վերացվել, և չի հաստատվել դրա առոչինչ լինելը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն` վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատարանը գործը հարուցում, քննում և լուծում է միայն հայցի հիման վրա և միմիայն հայցի շրջանակներում: Իսկ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում իր նախաձեռնությամբ անդրադառնալով վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառելով դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը` ՀՀ վարչական դատարանը դուրս է գալիս հայցի շրջանակներից: Այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության ուժով վարչական ակտի չվիճարկման պայմաններում յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ վարչական ակտն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված վարչական մարմնի լիազորությունների շրջանակում և այն ենթակա է կատարման: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ չվիճարկված վարչական ակտն իրավաչափ է և որևէ անձ, այդ թվում` պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել դրա իրավաչափությունը (իրավական հիմնավորումը տես նաև` ըստ Երևանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Հրաչյա Քարամյանի` ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին, թիվ ՎԴ/2068/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.05.2009 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/12 որոշումը կայացվել է առանց գործը քննելու, որպիսի պայմաններում այն իրավաչափ վարչական ակտ չէ: ՈՒստի Քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/12 որոշման դրույթները կիրառելի չեն, այն կատարման ենթակա չէ և հայցի հիմքում դրվել չի կարող:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/12 որոշումը չի վիճարկվել: Հետևաբար Դատարանը պարտավոր էր ելնել այն կանխավարկածից, որ նշված որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված Քաղաքապետի լիազորությունների շրջանակում, և այն ենթակա է կատարման: Այսինքն` Դատարանը իրավասու չէր կասկածի տակ դնել դրա իրավաչափությունը:

Նշվածի արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը Քաղաքապետարանի հայցը մերժելիս դուրս է եկել դրա շրջանակներից, քանի որ Քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/12 որոշման իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում իր նախաձեռնությամբ անդրադարձել է նշված որոշման իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի մյուս հիմնավորումներին չի անդրադառնում, քանի որ Քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/12 որոշման չվիճարկման պայմաններում դրանք սույն գործի լուծման համար չունեն որևէ իրավական նշանակություն:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ինչ վերաբերում է տարածքը նախկին տեսքի բերելու Քաղաքապետարանի պահանջին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանն ընդհանրապես չի անդրադարձել նշված պահանջին և ըստ էության չի իրականացրել դրա քննությունը: Հետևաբար սույն գործի շրջանակներում տարածքը նախկին տեսքի բերելու Քաղաքապետարանի պահանջի իրավաչափության վերաբերյալ հնարավոր չէ հանգել որևէ եզրակացության: ՈՒստի այդ մասով սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ և 118-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վարչական դատարանի 08.12.2009 թվականի վճիռը բեկանել: Վճռի` գումար բռնագանձելու պահանջը մերժելու մասը փոփոխել. Երևանի քաղաքապետարանի հայցը բավարարել` Վարդիթեր Մարտիրոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 200.000 ՀՀ դրամ: Վճռի` տարածքը նախկին տեսքի բերելու մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Վարդիթեր Մարտիրոսյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք: Մնացած մասով պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.04.2010
N ՎԴ/0332/05/09
Որոշում