Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ/3815/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ/3815/05/09                             2010 թ.

Նախագահող դատավոր` Ռ. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ԿԱ ՊԵԿ Սպանդարյանի հարկային տեսչության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 20.10.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչության ընդդեմ «Ռաֆայել-1» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) ավագ վաճառող Թադևոս Դերմենջյանի` 2.000.000 ՀՀ դրամ տուգանքը բռնագանձելու պահանջի մասին և Թադևոս Դերմենջյանի հակընդդեմ հայցի ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` 26.05.2009 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 102364 որոշումը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ՀՏԱՀ վարչության (այսուհետ` Վարչություն) 11.05.2009 թվականի թիվ 1302385 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Թադևոս Դերմենջյանից 2.000.000 ՀՀ դրամ տուգանք:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Թադևոս Դերմենջյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 26.05.2009 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 102364 որոշումը և ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀՏԱՀ վարչության 11.05.2009 թվականի թիվ 1302385 ստուգման ակտը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 20.10.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Թադևոս Դերմենջյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել և սխալ է կիրառել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցի մերժման հիմքում է դրել այն հանգամանքը, որ ստուգմանը մասնակից անձ է դարձվել հանձնարարագրում չնշված անձ, մինչդեռ տվյալ ստուգումը կատարելու համար օրենքը չի սահմանում, որ ստուգող անձը պետք է գնում կատարի, այսինքն` նշանակություն չունի թե գումարը ով է հանձնում վաճառողին` կենտրոնական բանկի աշխատակից, թե` այլ քաղաքացի:

Հիմնավոր չէ Դատարանի եզրահանգումը, որ Թադևոս Դերմենջյանը գործարքը կատարել է ՀՀ դրամով, քանի որ վերջինս իր բացատրությամբ ընդունել է իրավախախտում կատարելու փաստը, հետևաբար` վերջինիս նկատմամբ արդարացիորեն նշանակվել է վարչական տույժ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 20.10.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետն իր մեջ չի պարունակում որևէ նորմ, որը թույլ կտար ստուգումն սկսելուց առաջ հանձնարարագիրը չհանձնել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

Նշված օրենքի թիվ 2 հավելվածի «Հսկիչ գնումների անցկացման կարգ»-ի 1.4 կետի համաձայն հսկիչ գնում կատարելու լիազորությունը կարող է հաստատվել միայն հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի կողմից տրված գրավոր հանձնարարագրով:

Մինչդեռ, հսկիչ գնում իրականացրած անձը չի ունեցել համապատասխան հանձնարարագիր:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 08.05.2009 թվականի թիվ 02517166 հանձնարարագրով գլխավոր հարկային տեսուչներ` Դավիթ Ներսիսյանին, Կարեն Սարգսյանին և ավագ հարկային տեսուչ` Արման Միքայելյանին հանձնարարվել է Կոոպերատիվում կատարել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի և արժութային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգում: Ստուգումը փաստացի սկսվել է 08.05.2009 թվականին (գ.թ. 25):

2. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի և արժութային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգման արդյունքներով Վարչության 11.05.2009 թվականի թիվ 1302385 ստուգման ակտով արձանագրվել է, որ ստուգման արդյունքում Երևանի, Աբովյան 3/1 հասցեում գտնվող Կոոպերատիվին պատկանող խանութից 08.05.2009 թվականին ժամը 12:10-ի սահմաններում կատարվել է գնում: Գնվել է թվով 1 փողկապ 40.000 ՀՀ դրամ արժողությամբ, որի դիմաց վճարվել է 108 ԱՄՆ դոլար: Նշված գումարը վաճառող Դերմենջյանի կողմից ընդունվել է ԱՄՆ դոլարով և այն վերածելով ՀՀ դրամի մուտքագրվել է ՀԴՄ: Խախտվել է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը (գ.թ. 26):

3. 19.05.2009 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 512 արձանագրության մեջ Թադևոս Դերմենջյանի բացատրության համաձայն. «Խախտումը կատարել եմ ես թյուրիմացաբար հաճախորդի շտապողականության պատճառով» (գ.թ. 3):

4. 26.05.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 102364 որոշմամբ Կոոպերատիվի ավագ վաճառող Թադևոս Դերմենջյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության` տուգանքի 2.000.000 /երկու միլիոն/ դրամի չափով (գ.թ. 4):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, ընթացիկ արժութային գործարքների դիմաց վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքները կանխիկ և անկանխիկ իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերում նշված դեպքերի:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպես նաև այդ գործարքների դիմաց դրամական (փողային) վճարումները Հայաստանի Հանրապետության դրամով իրականացնելու պահանջը չկատարելը` առաջացնում են տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործարքների դիմաց դրամական վճարումները պետք է կատարվեն ՀՀ դրամով, ընդ որում նշված պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում:

Դատարանը հայցի մերժման և հակընդդեմ հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Թադևոս Դերմենջյանը գործարքը կատարել է ՀՀ դրամով և ստուգման ակտը կազմվել է օրենսդրության պահանջների խախտմամբ, մասնավորապես` ստուգման հանձնարարագիրը չի հանձնվել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին և ստուգմանը ներգրավվել է հանձնարարագրում չնշված անձ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Թադևոս Դերմենջյանը գործարքը կատարել է ՀՀ դրամով, քանի որ հսկիչ-դրամարկղային մեքենա մուտքագրվել է ՀՀ դրամ, անհիմն է:

Մասնավորապես, սույն գործի փաստերի համաձայն` գումարը Թադևոս Դերմենջյանի կողմից ընդունվել է ԱՄՆ դոլարով: Վարչության 11.05.2009 թվականի թիվ 1302385 ստուգման ակտի բացատրական մասում նշվել է, որ վճարվել է 108 ԱՄՆ դոլար:

Բացի այդ, Թադևոս Դերմենջյանն ընդունել է այն փաստը, որ իր կողմից վաճառված փողկապի արժեքը ստացել է ԱՄՆ դոլարով:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերով հիմնավորվում է Թադևոս Դերմենջյանի կողմից գործարքը ԱՄՆ դոլարով կատարելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է Դատարանի եզրահանգմանն այն մասին, որ ստուգումը կատարվել է հանձնարարագրում չնշված անձի կողմից, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ Կենտրոնական բանկի աշխատակիցը ստուգմանը մասնակից անձ չէ, այլ զուտ կատարել է գնում, որից հետո հանձնարարագրում նշված անձինք կատարել են ստուգում և հայտնաբերել են վերոնշյալ խախտումը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 20.10.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչության հայցը բավարարել` «Ռաֆայել-1» արտադրական կոոպերատիվի ավագ վաճառող Թադևոս Դերմենջյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը: Հակընդդեմ հայցը մերժել:

2. Թադևոս Դերմենջյանից բռնագանձել հօգուտ Հայաստանի Հանրապետության 40.000 ՀՀ դրամ հայցադիմումի համար և հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչության` 60.000 ՀՀ դրամ վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարները:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2010
N ՎԴ/3815/05/09
Որոշում