ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/7039/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ/7039/05/08 2010 թ.
Նախագահող դատավոր` Ք. Մկոյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Խունդկարյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի ապրիլի 22-ին
դռնբաց դատական նիստում քննելով ««Տոնտոն» ինվեստիցիոն» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «ԱՄՖ» լիակատար տնտեսական ընկերակցության հիմնադիր Ֆրունզիկ Գալստյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ «ԱՄՖ» ՍՊԸ-ի` «ԱՄՖ» ՍՊԸ-ի անվամբ 30.09.1999 թվականին ՀՀ անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 3-1-Ա մատյանի 40 և 41 համարների տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ֆրունզիկ Գալստյանը պահանջել է անվավեր ճանաչել «ԱՄՖ» ՍՊԸ-ի անվամբ 30.09.1999 թվականին ՀՀ անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 3-1-Ա մատյանի 40 և 41 համարների տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով որպես գործին մասնակից չդարձված անձ վճռաբեկ բողոք է ներկայացրել ««Տոնտոն» ինվեստիցիոն» ՍՊԸ-ն (այսուհետ` Ընկերություն):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ֆրունզիկ Գալստյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը սույն վարչական գործին Ընկերությանը մասնակից չի դարձրել, իսկ այդ գործով ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճռի մասին բողոքաբեր Ընկերությունը տեղեկացել է 07.11.2009 թվականին, երբ ՀՅՔԴ/0414/04/08 քաղաքացիական գործով Ընկերության ներկայացուցչի` 14.08.2009 թվականի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացել է 05.11.2009 թվականի գրությունը, որին կցված էր վիճարկվող վճիռը:
«ԱՄՖ» ՍՊԸ-ն ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի վճռով ճանաչվել է սնանկ և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.04.2009 թվականի որոշմամբ նշված վճիռն օրինական ուժ է ստացել: Նշված սնանկության գործով պարտապան «ԱՄՖ» ՍՊԸ-ի պարտատերերի պահանջների նախնական ցուցակում, ի թիվս այլ անձանց, ընդգրկվել է նաև սույն գործով բողոք բերած Ընկերությունը` 66.168.919 ՀՀ դրամի պահանջով:
Դատարանի 30.06.2009 թվականի վճռի հետևանքով նվազեցվել է այդ գործով երրորդ անձ ներգրավված «ԱՄՖ» ՍՊԸ-ի ունեցվածքը, մինչդեռ վերջինս ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի թիվ ՀՅՔԴ/0414/04/08 վճռով արդեն իսկ ճանաչված էր սնանկ: Արդյունքում` Դատարանը, Ընկերությանը գործին մասնակից չդարձնելով, կայացրել է վճիռ, որով շոշափվում են Ընկերության իրավունքները, քանի որ այդ վճիռը բացասաբար է անդրադարձել Ընկերության` ՀՅՔԴ/0414/04/08 քաղաքացիական գործի շրջանակներում պարտապան «ԱՄՖ» ՍՊԸ-ի գույքի հաշվին սեփական պահանջների լիարժեք (պատշաճ) բավարարում ստանալու իրավունքի վրա:
Վերոգրյալի հիման վրա Ընկերությունը պահանջել է բեկանել Դատարանի 30.06.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները
Ընկերության իրավունքների և պարտականությունների վերաբերյալ չի կայացվել և չէր էլ կարող կայացվել գործն ըստ էության լուծող դատական ակտ, քանի որ վերջինս այդ դատական ակտի հետ ընդհանրապես կապ չունի: Ընկերությունը բողոքում չի նշել, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 19.12.2008 թվականի որոշմամբ բեկանել և փոփոխել է ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի թիվ ՀՅՔԴ 0414/04/08 վճիռը և «ԱՄՖ» ՍՊԸ-ն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումն ընդունելու պահից սնանկ չի եղել մինչև ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշման կայացման պահը:
Ընկերության 66.168.919 ՀՀ դրամի չափով պահանջի քննությունը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2009 թվականի որոշմամբ կասեցվել է, քանի որ Ընկերության և «ԱՄՖ» ՍՊԸ-ի միջև առկա է վեճ, և այդ ընկերությունների փոխադարձ պարտքերի հաշվանցումից հետո պարզ կդառնա, որ իրականում Ընկերությունն է պարտք մնում «ԱՄՖ» ՍՊԸ-ին:
Այնուհանդերձ, եթե հիմք ընդունվի բողոքաբերի տրամաբանությունը, ապա կստացվի, որ ցանկացած իրավաբանական անձի վերաբերող քաղաքացիական կամ վարչական գործ քննելիս դատարանը նրա բոլոր պահանջատերերին պետք է ներգրավի որպես դատավարության մասնակից, որովհետև հետագայում, եթե տվյալ իրավաբանական անձը երբևէ անցնի սնանկության փուլ, ինչ-որ անհայտ ժամանակ կայացված ցանկացած դատական ակտ կառնչվի իրավաբանական անձի պահանջատերերի կամ պարտատերերի իրավունքներին և պարտականություններին:
ԵՎ վերջապես, Դատարանի վճիռը չի կարող ազդել բողոքաբերի իրավունքների վրա, որովհետև ինչպես երևում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2009 թվականի որոշումից, Ընկերության պահանջը գրավով ապահովված առաջնահերթ պահանջ է, իսկ գրավադրված գույքը «ԱՄՖ» ՍՊԸ-ին պատկանող «Սպորտ» ԲԲԸ-ի 56 տոկոս բաժնետոմսերն են, որոնց արժեքն էլ «ԷՍԿՈ-Կոնցեռն» ՓԲԸ-ի գնահատմամբ կազմում է 200.000.000 ՀՀ դրամ:
Վերոգրյալի հիման վրա Ֆրունզիկ Գալստյանը պահանջել է մերժել Դատարանի 30.06.2009 թվականի վճռի դեմ Ընկերության ներկայացրած վճռաբեկ բողոքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 30.09.1999 թվականի թիվ 0098959 և 0098960 վկայականների համաձայն` ք. Հրազդան, Շահումյան փողոցի հասցեում գտնվող 969,23 քմ մակերեսով կիսակառույց սպորտային ակումբի և 2.557,22 քմ մակերեսով կահույքի ֆաբրիկայի նկատմամբ գրանցվել է «ԱՄՖ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը, որի վերաբերյալ գրանցումները կատարված են համապատասխանաբար ՀՀ անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 3-1-Ա մատյանի 41 և 40 համարների տակ:
2) ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի թիվ ՀՅՔԴ/0414/04/08 վճռով Ընկերության դիմումը բավարարվել է և «ԱՄՖ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2008 թվականի թիվ ՀՅՔԴ/0414/04/08 որոշմամբ «ԱՄՖ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է. մասնակիորեն բեկանվել է ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի թիվ ՀՅՔԴ/0414/04/08 վճիռը և այն փոփոխվել է` «ԱՄՖ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին Ընկերության դիմումը մերժվել է (ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխանին կից):
4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.04.2009 թվականի թիվ ՀՅՔԴ/0414/04/08 որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարվել է. բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2008 թվականի որոշումը և օրինական ուժ է տրվել ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի վճռին: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, վերլուծելով գործով հաստատված փաստական այն հանգամանքները, որ ««Դրամական պարտավորությունների կարգավորման մասին» 11.05.2006 թվականի համաձայնագրով «ԱՄՖ» ՍՊԸ-ի չկատարված դրամական պարտավորությունը Նախարարության հանդեպ կազմել է 55.834.617 ՀՀ դրամ, 16.05.2006 թվականի երաշխավորության պայմանագրով »»Տոնտոն» ինվեստիցիոն» ՍՊԸ-ն երաշխավորել է 11.05.2006 թվականի համաձայնագրով «ԱՄՖ» ՍՊԸ-ի ստանձնած պարտավորության 40.533.200 ՀՀ դրամի չափով կատարումը, ի կատարումն 16.05.2006 թվականի երաշխավորության պայմանագրի Նախարարությունը, փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտով «»Տոնտոն» ինվեստիցիոն» ՍՊԸ-ին է հանձնել 55.834.617 ՀՀ դրամ պահանջը հաստատող փաստաթղթերը: Տվյալ ակտում ա, բ և գ կետերի 55.834.617 ՀՀ դրամ պահանջի հիմքում դրված են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր», որ «բացի այդ, գործում առկա է Ծառայության «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 07.08.2008 թվականի որոշումը, որի համաձայն` 05.08.2008 թվականի «Սպորտ» ԲԲԸ-ում «ԱՄՖ» ՍՊԸ-ին պատկանող 2.972 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը 42.363.957,8 ՀՀ դրամ մեկնարկային գնով հանձնվել է գործով պահանջատեր «»Տոնտոն» ինվեստիցիոն» ՍՊԸ-ին, որպես սեփականություն, և 04.08.2008 թվականի դրությամբ «ԱՄՖ» ՍՊԸ-ի պարտքը «»Տոնտոն» ինվեստիցիոն» ՍՊԸ-ի նկատմամբ կազմում է 14.292.117 ՀՀ դրամ», եզրահանգում է արել այն մասին, որ «»ԱՄՖ» ՍՊԸ-ի ընդհանուր դրամական պարտավորությունը «»Տոնտոն» ինվեստիցիոն» ՍՊԸ-ի նկատմամբ 55.834.617 ՀՀ դրամից կազմում է 14.292.117 ՀՀ դրամ, տվյալ դրամական պարտավորության հիմքում ընկած են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, ուստի «ԱՄՖ» ՍՊԸ-ի վճարային պարտավորությունն անվիճելի է» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերից հետևում է, որ սույն վարչական գործի դատաքննության ընթացքում և վճռի կայացման պահին առկա է եղել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.04.2009 թվականի թիվ ՀՅՔԴ/0414/04/08 որոշումը, որով Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարվել է. բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2008 թվականի որոշումը և օրինական ուժ է տրվել ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի վճռին, որպիսի դատական ակտով բավարարվել էր «ԱՄՖ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին Ընկերության դիմումը: Միաժամանակ նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը հաստատված է համարել այն հանգամանքները, որ ««ԱՄՖ» ՍՊԸ-ի ընդհանուր դրամական պարտավորությունը «Տոնտոն» ինվեստիցիոն» ՍՊԸ-ի նկատմամբ 55.834.617 ՀՀ դրամից կազմում է 14.292.117 ՀՀ դրամ, տվյալ դրամական պարտավորության հիմքում ընկած են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, ուստի «ԱՄՖ» ՍՊԸ-ի վճարային պարտավորությունն անվիճելի է»:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն առնչվում է Ընկերության իրավունքներին և պարտականություններին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` արգելվում է պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող որևէ քաղաքացիական կամ վարչական գործի վարույթի սկսումը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով: Նույն հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն` կարճվում է սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:
Վերը նշված նորմերի վերլուծության և սույն գործի փաստական հանգամանքների համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գալիս է եզրահանգման, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 17.04.2009 թվականի թիվ ՀՅՔԴ/0414/04/08 որոշման առկայության պայմաններում (որով օրինական ուժ է տրվել ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի վճռին, որպիսի դատական ակտով բավարարվել էր «ԱՄՖ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին Ընկերության դիմումը) սույն վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին, քանի որ սույն գործով պատասխանող կողմում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ հանդես է եկել վարչական գործի դատաքննության ընթացքում և վճռի կայացման պահին արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սնանկ ճանաչված «ԱՄՖ» ՍՊԸ-ն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 5-րդ ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը:
Այսպիսով, Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ և 240-րդ հոդվածների ուժով Դատարանի 30.06.2009 թվականի վճիռը բեկանելու և գործի վարույթը կարճելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. ««Տոնտոն» ինվեստիցիոն» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճիռը և վարչական գործի վարույթը կարճել:
2. Ֆրունզիկ Գալստյանից հօգուտ ««Տոնտոն» ինվեստիցիոն» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ե. Խունդկարյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան