Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի «ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                              ԵՄԴ/0039/01/09   

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵՄԴ/0039/01/09

Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան

    Դատավորներ`        Գ. Մելիք-Սարգսյան,

                       Մ. Պետրոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ`

Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                           Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                Հ. Ասատրյանի

                                             Ե. Դանիելյանի

                                             Հ. Ղուկասյանի

                                             Ա. Պողոսյանի

                                             Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                         Մ. Պետրոսյանի

 

    12 փետրվարի 2010 թվական                               ք. Երևան

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Մաջիդ Ռոհոլլահի Սոլթանիի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշման դեմ ամբաստանյալ Մ. Սոլթանիի և պաշտպան Գուրգեն Գրիգորյանի վճռաբեկ բողոքը

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Թիվ 58202909 քրեական գործը հարուցվել է 2009 թվականի մարտի 20-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2009 թվականի մարտի 30-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել 58.300 ԱՄՆ դոլարը և 9.000 եվրոն իրեղեն ապացույց ճանաչելու մասին, միաժամանակ նշված գումարներն ի պահ են հանձնվել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը:

Նախաքննության մարմնի 2009 թվականի մարտի 31-ի որոշմամբ Մաջիդ Ռոհոլլահի Սոլթանին որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով:

2. 2009 թվականի մայիսի 8-ին Մ. Սոլթանիի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճռով Մ. Սոլթանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է ազատազրկման 3 /երեք/ տարի ժամկետով` գույքի, այն է` մաքսանենգության առարկաների բռնագրավմամբ:

«Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Մ. Սոլթանին ազատվել է նշանակված պատժի կրումից: Իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանն ի պահ հանձնված 58.300 /հիսունութ հազար երեք հարյուր/ ԱՄՆ դոլարը և 9.000 /ինը հազար/ եվրոն հանձնվել է պետական բյուջե:

3. Ամբաստանյալը և պաշտպան Գ. Գրիգորյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել վերը նշված դատավճռի դեմ` վիճարկելով Մ. Սոլթանիի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայությունը և խնդրելով նրան արդարացնել:

Ամբաստանյալ Մ. Սոլթանիի և պաշտպան Գ. Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռը` թողնվել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ամբաստանյալը և պաշտպանը` պնդելով Մ. Սոլթանիի արարքում հանցակազմի բացակայության վերաբերյալ իրենց նախկին դիրքորոշումը և պահանջելով նրան արդարացնել:

2009 թվականի դեկտեմբերի 4-ին բողոքաբերները Վճռաբեկ դատարանին հասցեագրված դիմումով խնդրել են նշված բողոքը քննության չառնել, փոխարենը, բողոքարկման մեկամսյա ժամկետի պահպանմամբ, ներկայացրել են նոր վճռաբեկ բողոք: Ներկայացված բողոքում բողոքաբերները հայտնել են, որ այլևս չեն վիճարկում Մ. Սոլթանիի արարքի քրեաիրավական որակման հարցը, այն քննարկման առարկա չեն դարձնում և այդ մասով համաձայն են ստորադաս դատարանների դատական ակտերի հետ:

Նոր բողոքում բողոքաբերները խնդրել են ՀՀ Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը` իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանն ի պահ հանձնված 58.300 ԱՄՆ դոլարը և 9.000 եվրոն պետական բյուջե հանձնելու մասով բեկանել և փոփոխել, կիրառել «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 9-րդ կետը և Մ.Սոլթանիին ազատել լրացուցիչ պատժից` գույքի բռնագրավումից:

2009 թվականի դեկտեմբերի 17-ին Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար») բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները.

5. Մաջիդ Ռոհոլլահի Սոլթանին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել այն արարքի համար, որ 2009 թվականի մայիսի 19-ին «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Թեհրան թիվ RV 7807 չվերթով մեկնելիս, տաբատի և պիջակի գրպաններում տեղադրելով, մաքսային հսկողությունից թաքցրել և մաքսային տարածքից դուրս է հանել 58.300 ԱՄՆ դոլար և 9.000 եվրո: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից Մ. Սոլթանին ենթարկվել է զննության, որի ժամանակ նրա մոտից հայտնաբերվել են 58.300 ԱՄՆ դոլարը և 9.000 եվրո:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակները, մեջբերելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 29-ի թիվ 386-Ն որոշմամբ հաստատված` «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման կարգի» 2.1-րդ կետը, որի հիման վրա Մ. Սոլթանին արժույթն արտահանելիս հայտարարագրելու պարտականություն չուներ, նա իրավունք ուներ կանխիկ արտահանել 5.000.000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ:

7. Բողոքի հեղինակները նշել են նաև, որ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, Մ. Սոլթանիին ազատել է հիմնական պատժի կրումից, սակայն չի կիրառել նույն որոշման 9-րդ կետը, որը պետք է կիրառեր և ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման 12-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա Մ. Սոլթանիին ազատեր նաև լրացուցիչ պատժից` գույքի, այն է` մաքսանենգության առարկաների բռնագրավումից, առավել ևս, որ բռնագրավումն ի կատար չի ածվել համաներման որոշման հրապարակման պահին:

8. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները` բողոք բերած անձինք գտնում են, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, այն է` չի կիրառել ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման 9-րդ կետի պահանջները և կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան` լրացուցիչ պատժի մասով, որը չպետք է կիրառեր:

Վերոգրյալից բացի, բողոքաբերները փաստարկել են, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը Մ. Սոլթանիի համար առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես` վերջինս զրկվել է օրենքով իրեն վերապահված իրավունքներից և իր սեփականությունը հանդիսացող գումարից:

9. Բողոքի հեղինակները խնդրել են Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը` իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանն ի պահ հանձնված 58.300 ԱՄՆ դոլարը և 9.000 եվրոն պետական բյուջե հանձնելու մասով բեկանել և փոփոխել, կիրառել «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 9-րդ կետը և Մ.Սոլթանիին ազատել լրացուցիչ պատժից` գույքի բռնագրավումից, և նրան հանձնել իրեղեն ապացույց ճանաչված գումարները:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը ճի՞շտ են որոշել արդյոք մաքսանենգության առարկա հանդիսացած արժութային արժեքների չափը:

11. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ռեզիդենտներն ու ոչ ռեզիդենտները կարող են առանց որևէ սահմանափակումների և առանց հայտարարագրման ՀՀ տարածք փոխադրել, առաքել, արտահանել արժութային արժեքներ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»:

Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու, տնտեսական ռիսկերը կանխարգելելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ վիճակագրական նպատակներով նորմատիվ իրավական ակտով ՀՀ կառավարության լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է սահմանել արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման կարգ և պայմաններ»:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից 2005 թվականի հուլիսի 29-ին ընդունվել է թիվ 386-Ն որոշումը` «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման կարգը հաստատելու մասին»:

Արժութային արժեքների փոխադրումը, առաքումը, արտահանումը և ներմուծումը սահմանված է վերը նշված կարգի 2-րդ գլխի 2.1-րդ կետում, համաձայն որի` «Ֆիզիկական և իրավաբանական անձինք (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների և ինկասացիոն կազմակերպությունների) իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթերի առկայության, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, Հայաստանի Հանրապետությունից արտահանել մինչև 5 միլիոն կանխիկ ՀՀ դրամ և համարժեք կանխիկ արտարժույթ (...)` արտահայտված թղթադրամների և մետաղադրամների տեսքով, ինչպես նաև վճարային արժեթղթեր:

Սույն կետում նշված գումարը գերազանցելու դեպքում ՀՀ դրամի և արտարժույթի արտահանումն իրականացվում է անկանխիկ եղանակով, իսկ վճարային արժեթղթերի արտահանումը` գրավոր մաքսային հայտարարագրի լրացմամբ»:

Վերը շարադրված դրույթների վերլուծությունից երևում է, որ առանց որևէ փաստաթղթի առկայության Հայաստանի Հանրապետությունից կարող է արտահանվել մինչև 5 միլիոն կանխիկ ՀՀ դրամ կամ համարժեք կանխիկ արտարժույթ: Արժույթի և արտարժույթի նշված չափը հանդիսանում է կանխիկ արժութային արժեքի այն թույլատրելի չափը, որը կարող է արտահանվել Հայաստանի Հանրապետությունից` առանց հայտարարագրման:

12. Սույն գործի նյութերից երևում է, որ Մ. Սոլթանին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 58.300 ԱՄՆ դոլար և 9.000 եվրո մաքսային հսկողությունից թաքցնելու և մաքսային տարածքից դուրս հանելու համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Մ. Սոլթանին իրավունք ուներ առանց հայտարարագրման Հայաստանի Հանրապետությունից արտահանել մինչև 5 միլիոն կանխիկ ՀՀ դրամ կամ դրան համարժեք կանխիկ արտարժույթ (տե՛ս սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերը):

13. Հիմք ընդունելով սույն որոշման 11-րդ կետում արտահայտված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանները սխալ են որոշել մաքսանենգության առարկա հանդիսացած արժութային արժեքի չափը և այն ամբողջությամբ պետական բյուջե հանձնելով, թույլ են տվել նյութական իրավունքի խախտում:

ՈՒստի, ելնելով այն հանգամանքից, որ նշված խախտումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածների համաձայն հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելու և փոփոխելու համար, բացի այդ, սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս փոփոխված մասով կայացնել նոր դատական ակտ և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 58.300 ԱՄՆ դոլարը և 9.000 եվրոն պետական բյուջե հանձնելու մասով Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը պետք է բեկանել և փոփոխել, նշված գումարից 5.000.000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը վերադարձնել ամբաստանյալ Մաջիդ Ռոհոլլահի Սոլթանիին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունից առանց հայտարարագրման արտահանվող` կանխիկ դրամի կամ համարժեք կանխիկ արտարժույթի թույլատրելի չափի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

14. Ինչ վերաբերում է արժութային արժեքը բյուջե հանձնելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկին, ապա սույն գործի նյութերից երևում է, որ վերոնշյալ արժութային արժեքները հանդիսացել են իրեղեն ապացույց և ի պահ հանձնված են եղել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը (տե՛ս սույն որոշման 1-ին կետը), ուստի Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների որոշումներով դրանք տնօրինվել են որպես իրեղեն ապացույցներ:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: 58.300 /հիսունութ հազար երեք հարյուր/ ԱՄՆ դոլարը և 9.000 /ինը հազար/ եվրոն պետական բյուջե հանձնելու մասով Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը բեկանել և փոփոխել` նշված գումարից 5.000.000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը վերադարձնել ամբաստանյալ Մաջիդ Ռոհոլլահի Սոլթանիին: Դատական ակտի մնացած մասը թողնել անփոփոխ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.02.2010
N ԵՄԴ/0039/01/09
Որոշում