Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՆԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ4/0105/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ4/0105/05/09                               2010 թ.

Նախագահող դատավոր` Ա. Ծատուրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի       

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի        

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի      

                                              Ե. Խունդկարյանի  

                                              Է. Հայրիյանի       

                                              Տ. Պետրոսյանի    

 

2010 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էջմիածնի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 25.08.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Անդրանիկ Առաքելյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արմավիրի մարզային բաժնի (այսուհետ` Ծառայություն)` «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անդրանիկ Առաքելյանը պահանջել է վերացնել «Կատարողական վարույթը կարճելու մասին» Ծառայության 27.02.2009 թվականի որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 25.08.2009 թվականի վճռով Անդրանիկ Առաքելյանի հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անդրանիկ Առաքելյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև չի կիրառել «Անշարժ գույքի իրավունքների նկատմամբ պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Քաղաքապետարանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, սակայն Քաղաքապետարանը գործի քննությանը մասնակից չի դարձվել:

Դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի հետևանքով հանգել է գործի սխալ լուծմանը:

Մասնավորապես, Դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման 27.02.2009 թվականի թիվ 255 ներկայացրած գրության մեջ բացակայում է որևէ նշում օրենքի կամ նորմատիվային ակտի խախտման վերաբերյալ, ինչը վկայում է այն մասին, որ Էջմիածնի քաղաքային համայնքի կողմից տրամադրված հողամասի իրավիճակային հատակագիծը չի հակասում ՀՀ օրենսդրությանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 25.08.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Էջմիածնի քաղաքային համայնքը գործով մասնակից չի դարձվել, քանի որ Քաղաքապետարանը գործով կողմ չէ: Մասնավորապես, Անդրանիկ Առաքելյանը դիմել է Դատարան ընդդեմ Ծառայության` կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջով, իսկ այդ պահանջը Քաղաքապետարանին չի վերաբերում, որովհետև կատարողական վարույթ իրականացնող մարմին չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Դատարանի 19.08.2008 թվականի թիվ ՎԴ4/0093/05/08 վճռով Էջմիածնի քաղաքապետարանը պարտավորեցվել է ուղղել 27.02.1997 թվականի թիվ 064900 պետական ակտով Անդրանիկ Առաքելյանին հատկացված 0,73 հա անօգտագործելի հողամասի չափերը և այդ հողամասի վերաբերյալ տալ նշված ակտում պատկերված սխեմա-հատակագծին լրիվ համապատասխան իրավիճակային հատակագիծ (գ.թ. 8-9):

2. 23.09.2008 թվականին տրվել է կատարողական թերթ (գ.թ.10):

3. Ծառայության ավագ հարկադիր կատարող Տ. Ղազարյանի 27.02.2009 թվականի որոշմամբ կատարողական վարույթը կարճվել է կատարողական թերթի պահանջը փաստացի կատարվելու պատճառաբանությամբ (գ.թ.12):

4. Քաղաքապետարանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վճռաբեկ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

Նշված հոդվածից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` կատարողական վարույթի կողմերն են պահանջատերն ու պարտապանը: Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են, որոնց իրավունքները շոշափվում են կամ կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս ըստ հայցի Լաուրա Մկրտչյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական խնդրին:

Սույն գործով Անդրանիկ Առաքելյանը վիճարկում է Ծառայության «Կատարողական վարույթը կարճելու մասին» 27.02.2009 թվականի որոշումը, որի շրջանակներում որպես պարտապան հանդես է գալիս Քաղաքապետարանը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն ուղղակիորեն առնչվում է Քաղաքապետարանի իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ Քաղաքապետարանը գործի քննությանը մասնակից չի դարձվել:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետարանը սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել է գործին մասնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար սահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է նրա` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 25.08.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2010
N ՎԴ4/0105/05/09
Որոշում