Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (5- ...

 

 

040.0859.080710

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հուլիսի 2010 թվականի N 859-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011-2013 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

(5-րդ մաս)

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն մասնագիտական կրթության զարգացումները պայմանավորված են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի դրույթներով, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացին ՀՀ բարձրագույն կրթական համակարգի ինտեգրվելով:

ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումն իրականացվում է երկաստիճան համակարգով` բակալավրի և մագիստրոսի ծրագրերով, զուգահեռաբար գործել է նաև դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով մասնագետների պատրաստման համակարգը, որն իր վերջին շրջանավարտները տվեց 2008 թվականին: Ներկայումս բարձրագույն մասնագիտական կրթությունն իրականացվում է պետական բուհերում` անվճար և վճարովի հիմունքներով և ոչ պետական բուհերում` վճարովի հիմունքներով:

Բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստումը պետական համակարգում իրականացվում է 18 պետական բուհերում, միջպետական համաձայնագրերով և պետության մասնակցությամբ հիմնադրված` համապատասխանաբար, 2 և 1 բուհերում, ինչպես նաև պետական բուհերի 12 մասնաճյուղերում: Բուհերում ներկայումս մասնագետներ պատրաստվում են շուրջ 200 մասնագիտությունների գծով, ուսուցման առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով, ընդ որում պետական բուհերում սովորում են 82.6 հազար ուսանողներ, որոնցից շուրջ 24.2 հազարը` հեռակա համակարգում, իսկ 68 ոչ պետական բուհերում` 25.2 հազար ուսանող: Ոչ պետական բուհերից 35-ը հավատարմագրված է ամբողջությամբ, իսկ 10-ը` առանձին մասնագիտություններով:

Բարձրագույն մասնագիտական կրթության առկա վիճակը Հայաստանում առանձնահատուկ է նրանով, որ արդեն որոշակի քայլեր են ձեռնարկված ներկայումս ձևավորվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին (ԵԲԿՏ) ինտեգրվելու համար:

Իրականացվել է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների գործող ցանկի վերլուծություն մասնագիտությունների խոշորացման, ինչպես նաև աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխանության տեսանկյունից: Հանրապետության բուհերում ներդրվել են մի շարք ժամանակակից նոր մասնագիտություններ:

Հաստատվել են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր, մասնավորապես. մշակվել է «Բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսման գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման օրինակելի կարգ»: Բուհերն արդեն կուտակել են որոշակի դրական փորձ նոր համակարգին անցնելու կապակցությամբ: 2006 թվականի սեպտեմբերից ՀՀ պետական բուհերում կիրառվել է մրցակցային կրթության գաղափարը` ըստ առաջադիմության ուսանողների փոխատեղումը վճարովի ուսուցման համակարգից` անվճար և հակառակը: Որոշակի մասնագիտությունների գծով մի քանի բուհերում /ՀՊՃՀ, ԵՊՀ, ԵրՏՀ, ԵրԼՀ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան, մանկավարժական բուհեր և այլն/ ձեռք է բերվել համաձայնություն միասնական չափանիշներով կրեդիտային համակարգին անցնելու կապակցությամբ և 2007-2008 ուսումնական տարվանից բուհերը ընդունելությունը կատարել են կրեդիտային համակարգով:

Հաստատվել է նաև բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին և աշխատաշուկայի պահանջներին: Իրականացվում է բարձրագույն կրթության նոր մասնագիտությունների ներդրում (Հատուկ հոգեբանություն, շտկող մանկավարժություն և հատուկ հոգեբանություն /նախադպրոցական/, զինվորական մանկավարժություն և հոգեբանություն, մանկավարժություն և սոցիոլոգիա, արվեստի կառավարում և այլն), հենքային հումանիտար պատրաստության ընդլայնում (իրավունք, տնտեսագիտություն և հումանիտար այլ պարտադիր ու այլընտրանքային դասընթացների ներմուծում):

Հանդիսանալով Լիսաբոնի կոնվենցիայի հիմնադրույթների տեղայնացման գործիքն ազգային մակարդակում` «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն»-ն իր գործունեությունը ծավալում է երկրում և եվրոպական տարածաշրջանում ընթացող կրթական բարեփոխումներին և զարգացումներին համապատասխան: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ձևավորմանը` օտարերկրյա որակավորումների ճանաչման և կրթական համակարգերի վերաբերյալ հավաստի տեղեկատվության տրամադրման միջոցով: 2008-2009 թվականին հիմնադրամը շարունակել է իր գործունեությունը հետևյալ ուղղություններով` օտարերկրյա որակավորումների ճանաչում, խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում քաղաքացիներին, բարձրագույն կրթական հաստատություններին և օտարերկրյա ու տեղական կազմակերպություններին: 2009 թվականին նախորդ տարվա համեմատ 22%-ով աճել է հիմնադրամի կողմից տրամադրվող խորհրդատվության ծավալը և 24%-ով աճել են որակավորման ճանաչման դեպքերը: Հիմնադրամն ակտիվորեն մասնակցում է Լիսաբոնի կոնվենցիայի ճանաչման միջկառավարական կոմիտեի աշխատանքներին, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացին հետամուտ միջազգային խմբերի աշխատանքներին: 2009 թվականին այն մասնակցել է Գնահատման զեկույցի պատրաստմանը, որում ներկայացված են Բոլոնիայի գործընթացին միացած 46 երկրների հաջողությունները 2007-2009 թվականներին:

2008 թվականին ստեղծվեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը, որը պետք է իրականացնի նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության գծով հավատարմագրման փորձաքննություն: Նշված հիմնադրամի շահառուներն են հանդիսանում ՀՀ-ում մասնագիտական կրթություն ապահովող ուսումնական հաստատությունները և կազմակերպությունները` իրենց համակազմերով, ուսանողները և գործատուները: Հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 2009 թվականի հունվարից: Վերջինիս գործառույթներն են. մասնագիտական ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման չափանիշների և ընթացակարգերի մշակում, որակի ապահովման ներքին համակարգերի գնահատում, դրանց բարելավման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում, մասնագիտական հաստատությունների վարկանիշային ցուցանիշների հրապարակում:

Հայաստանի Հանրապետությունում Նախնական և միջին մասնագիտական կրթության (ՆՄՄԿ) զարգացումները պայմանավորված են «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի դրույթներով: Նշված օրենքը կարգավորում է ՆՄՄԿ համակարգում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպա-իրավական և ֆինանսատնտեսական հիմքերը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներն ու պարտականությունները:

ՀՀ կառավարության կողմից 2009 թվականին հավանության է արժանացել «Հայաստանի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության» հայեցակարգը: Հայեցակարգում սահմանվել է ՀՀ կառավարության և սոցիալական գործընկերների` գործատուների և արհեստակցական միությունների միջև համագործակցությունը, որի արդյունքում նախատեսվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի հեղինակության, ուսումնական հաստատությունների շրջանավարտների մրցունակության բարձրացում և շահերի պաշտպանվածություն աշխատաշուկայում, որն իր հերթին կհանգեցնի աղքատության հաղթահարմանն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

2008 թվականին ստեղծվել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը, որը ձևավորվել է սոցիալական գործընկերության պատշաճ ներգրավմամբ և նպատակ ունի իրականացնելու բարեփոխումներ ՀՀ-ում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում, ինչպես նաև նպաստել սոցիալական գործընկերության զարգացման և կոորդինացման գործընթացին:

Մշակվել և հաստատվել են ոլորտը կարգավորող մի շարք իրավական փաստաթղթեր, այդ թվում` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը, որոնք ներառում են արհեստագործական կրթության 102 մասնագիտություն` շուրջ 350 որակավորմամբ, որից ներկայումս ուսուցանվում է 54-ը, և միջին մասնագիտական կրթության 352 մասնագիտություն, որից ուսուցանվում է 102-ը:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունն իրականացվում է նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում` արհեստագործական ուսումնարաններում, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` քոլեջներում, ինչպես նաև կրթահամալիրներում: Այս կրթության նպատակը հիմնական կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական մասնագիտական` արհեստագործի որակավորմամբ կադրերի` արհեստավորի պատրաստումն է: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական ծրագրեր իրականացվում են 54 պետական ուսումնական հաստատություններում: 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գործում է 30 արհեստագործական ուսումնարան, որտեղ սովորում է շուրջ 7410 ուսանող (որոնցից` 1255-ը վճարովի հիմունքներով) և աշխատում է շուրջ 495 դասախոս և արտադրական ուսուցման վարպետ:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում անվճար ուսուցմամբ սովորողների թիվը մինչև 2008 թվականն աճել է, իսկ 2009 թվականից սկսած` նվազման միտում ունի, չնայած դրան` ֆինանսական մուտքերն աճել են, պայմանավորված աշխատավարձերի բարձրացմամբ:

Միջին մասնագիտական (արհեստագործական) կրթությունն իրականացվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` քոլեջներում, հիմնադրամում, կրթահամալիրում, ինչպես նաև մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում` առանձին կրթական ծրագրի ձևով: Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական ատեստավորումն անցած շրջանավարտներին շնորհվում է մասնագետի որակավորում:

ՈՒսուցումը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում իրականացվում է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով: Ներկայումս միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացվում են 83 պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և 23 ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում (հավատարմագրված և ոչ հավատարմագրված): 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գործում է 78 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, որտեղ սովորում է շուրջ 28.7 հազար ուսանող (որոնցից` 21.2 հազարը վճարովի հիմունքներով) և աշխատում է շուրջ 3435 դասախոս և արտադրական ուսուցման վարպետ:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվճար ուսուցման տեղերում սովորող ուսանողների թիվը մինչև 2008 թվականն աճել է, զուգահեռաբար աճ է գրանցվել նաև ուսուցման ծախսերում` պայմանավորված մանկավարժների աշխատավարձի բարձրացմամբ: Վերջին 5 տարիների ընթացքում վճարովի համակարգում սովորող ուսանողների թիվը գրեթե չի փոփոխվել: Միաժամանակ, 2007 թվականից սկսած, նկատվել է այդ համակարգից ստացվող ֆինանսական մուտքերի կտրուկ աճ: Դա պայմանավորված է ուսման վարձավճարների բարձրացմամբ, մասնավորապես` արվեստի, առողջապահության, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ու սպասարկման ոլորտներին առնչվող մասնագիտությունների գծով:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում մրցութային կարգով ընտրվել են 12 մասնագիտական կրթական ուսումնական հաստատություններ, որոնց նյութատեխնիկական բազայի տրամադրումից հետո` վերջիններս պետք է դառնան բազմագործառութային ուսումնական հաստատություններ: Հաստատություններում իրականացվել են շուրջ 810 մլն դրամի շինարարական աշխատանքներ:

Սակայն բարեփոխումները հիմնականում իրականացվել են օրենսդրական դաշտի, անձնակազմի վերապատրաստումների, ուսումնամեթոդական նյութերի արդիականացման ուղղությամբ, իսկ նյութատեխնիկական բազայի հարստացման ուղղությամբ իրականացված բարեփոխումները դեռևս շատ հեռու են արդիական լինելուց, ինչը հանդիսանում է ուսումնական գործընթացի կազմակերպման, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման կարևորագույն գործոններից մեկը, եթե ոչ առաջնայինը:

 

1.2 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Չնայած հանրակրթության ոլորտի բարելավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին, նշված ոլորտում դեռևս առկա են հիմնախնդիրներ, մասնավորապես.

- կրթության որակի համապատասխանեցումը ՀՀ հանրակրթության պետական կրթակարգով նախատեսված չափանիշներին և միջնակարգ կրթության պետական չափորոշիչներով սահմանված պահանջներին,

- ավագ դպրոցի հայեցակարգի համաձայն` ավագ դպրոցների ցանցի ձևավորումը, տեղաբաշխումը, դպրոցի բովանդակության համապատասխանեցումը հայեցակարգին,

- մանկավարժական և ղեկավար կադրերի որակավորման բարձրացումը, վերապատրաստումների իրականացումը,

- մանկավարժական կադրերի ատեստավորման համակարգի գործունեության ապահովումը, բովանդակային սպասարկումը,

- սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման չափանիշների և դրանց իրականացման մեխանիզմների մշակման և կատարելագործման ապահովումը,

- տարրական, հիմնական և ավագ դպրոցի ավարտական քննական նյութերի և առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովումը, դպրոցի ավարտական և բուհերի ընդունելության միասնական քննությունների կազմակերպումն ու անցկացումը,

- սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման ազգային և միջազգային ստուգատեսների անցկացումը,

- գնահատման մեթոդների կատարելագործման նպատակով փորձարարական ծրագրերի մշակումն ու իրականացումը,

- դպրոց-կենտրոնների գործունեության, կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ընդլայնումը և զարգացումը,

- ժամանակակից ՏՀՏ միջոցներով, կրթության ժամանակակից մեթոդներին տիրապետող մանկավարժական կադրերով կրթական համակարգի համալրումը:

Հայաստանի հանրակրթության ոլորտում ՏՀՏ-ի կիրառության մակարդակը չի կարելի բավարար համարել. մեծ քանակությամբ համակարգիչներ հնացած են, խիստ անբավարար են ուսումնական գործընթացում կիրառվող էլեկտրոնային ձեռնարկները, օժանդակ և մեթոդական նյութերը: ՈՒսուցիչները, այդ թվում նաև ինֆորմատիկայի ուսուցիչները, ոչ լիարժեք են տիրապետում ժամանակակից ՏՀՏ միջոցներին և դասապրոցեսում դրանց կիրառման մեթոդներին, դպրոցների համակարգչային ուսումնական կենտրոնները և ներքին ցանցերը սպասարկող մասնագետներից շատերի գիտելիքներն ու փորձը չեն բավարարում օրեցօր բարդացող խնդիրները լուծելու համար: Հանրակրթական հաստատությունների ղեկավարներից շատերը դեռևս բավարար չափով պատրաստ չեն ժամանակակից տեխնոլոգիաները դպրոցներում ներդնելու, դրանք կրթական ու կառավարչական նպատակներով արդյունավետ կիրառելու համար:

Դպրոցների որոշ մասը նորոգվել է, սակայն դեռ շատ դպրոցներ հիմնանորոգման կարիք ունեն: Դպրոցների ուսումնանյութական բազան աղքատիկ է, լաբորատորիաները հագեցված չեն անհրաժեշտ սարքերով, սարքավորումներով և նյութերով և հատկապես կարևորվում է ավագ դպրոցների նյութատեխնիկական վիճակի բարելավումը:

Հիմնախնդիրներից է նաև սփյուռքի երիտասարդների` Հայաստանի հետ կապի հետագա ամրապնդումը:

Արտադպրոցական դաստիարակության ոլորտի հիմնախնդիրներն են.

. արտադպրոցական կրթական ոլորտի աստիճանական զարգացումը, նորացումն ու

կատարելագործումը, արտադպրոցական կրթական նոր ծրագրերի մշակումը,

. կրթական ծրագրերի ուղղումը դպրոցականների հետ տարվող կրթադաստիարակչական

աշխատանքների նորացմանը, անձի ձևավորմանն ու անհատականության ազատ

դրսևորմանը, բազմաֆունկցիոնալ արտադպրոցական կրթական

հաստատությունների` տարբերակված ծրագրերով գործարկման ապահովումը,

. դպրոց-արտադպրոցական հաստատություն համագործակցության ձևերի ու

միջոցների կատարելագործումը,

. արտադպրոցական կրթադաստիարակչական հաստատությունների մանկավարժների

սոցիալական պաշտպանվածության բարելավումը, մանկավարժական և ղեկավար

աշխատողների աշխատավարձերի բարձրացումը,

. արտադպրոցական հաստատությունների հիմնանորոգումը, ջեռուցման համակարգերի

վերագործարկումը, նյութատեխնիկական բազայի համալրումը:

Նախադպրոցական կրթության համակարգում առանձնացվում են հետևյալ հիմնախնդիրները.

. նախադպրոցական ծառայությունների մատչելիությունը խիստ անհավասար է

Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում և նախադպրոցական

հաստատություններում, հատկապես շատ ցածր է գյուղական վայրերում

երեխաների ընդգրկվածությունը,

. նախադպրոցական կրթության հաստատությունների շենքային պայմանները,

երեխաների խնամքի և կրթադաստիարակչական աշխատանքների իրականացման,

ուսուցման, դաստիարակության պայմաններն անբավարար են, ինչը լուրջ

խոչընդոտ է հանդիսանում հաստատություններում երեխաների ընդգրկվածության

մեծացման տեսանկյունից,

. մանկավարժական կադրերի մասնագիտական որակավորման մակարդակի բարձրացման,

վերապատրաստման խնդիրը դեռևս լիարժեք չի լուծվում:

Բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտ

Բոլոնյան հռչակագիրը, ինչպես նաև նրան հաջորդող մյուս բոլոր փաստաթղթերը, հստակ սահմանեցին բարեփոխումների խնդիրները, որոնք պետք է իրականացնեն գործընթացին միացած երկրները: Մասնավորապես.

. ներդնել համընթեռնելի և համատեղելի բարձրագույն կրթական փաստաթղթեր,

որի կարևոր մասն է կազմում Դիպլոմի հավելվածը (Diploma Supplement),

. անցում կատարել կրթական եռաստիճան համակարգի` բակալավր, մագիստրոս և

դոկտորական,

. ներդնել դյուրընթեռնելի և համատեղելի կրեդիտների համակարգ, որը

հանդիսանում է Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգը (European

Credit Transfer System),

. ստեղծել որակավորումների ազգային համակարգ, որը համատեղելի կլինի

որակավորումների համընդհանուր եվրոպական համակարգի հետ և կդյուրացնի

որակավորումների համընթեռնելիությունը,

. մշակել և ներդնել համատեղելի չափանիշներ և ընթացակարգեր ուսման որակի

ապահովման բնագավառում,

. ապահովել ուսանողների և աշխատակազմի շարժունությունը:

Բարձրագույն կրթության ոլորտում արձանագրված ֆինանսավորման ցածր մակարդակի պատճառով կառավարման և որակի ապահովման գործառույթները բավարար մակարդակի վրա չեն: Բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման ցուցանիշները զգալիորեն ցածր են տարածաշրջանային միջինից, ինչով մասամբ պայմանավորված է այն, որ երկրի անկախացումից հետո բարձրագույն կրթության մեջ ընդգրկվածությունն աճել է ընդամենը 20-ից մինչև 24 տոկոս: Վերջին տասնամյակում պետական ֆինանսավորման աճի ցածր տեմպերին զուգընթաց` էապես մեծանում է ուսման վարձավճարներից պետական բուհերի կախվածությունը: Պետական բուհերում ուսման վարձավճարները կազմում են մեկ շնչի հաշվով եկամտի 30-40 տոկոսը` ի համեմատություն, օրինակ, ԱՄՆ-ի կամ Ճապոնիայի, որտեղ այդ ցուցանիշը կազմում է 11 տոկոս: ՈՒսման բարձր վարձավճարները սահմանափակում են կրթության մատչելիությունն աղքատ բնակչության համար: Աղքատ ընտանիքներն ի վիճակի չեն վճարել պետական կամ մասնավոր բուհերի վճարովի տեղերում սովորելու համար պահանջվող վարձավճարը: Ֆինանսավորման այլ աղբյուրներից օգտվելու հնարավորությունից զուրկ այդ ընտանիքների համար ըստ առաջադիմության տրամադրվող ուսանողական նպաստները միակ տարբերակն են իրենց երեխաներին բարձրագույն կրթություն տալու համար, սակայն նպաստների քանակը սահմանափակ է: Ավելին, աղքատ ընտանիքները չեն կարող իրենց երեխաներին ապահովել մասնավոր պարապմունքներով, ինչի արդյունքում նրանց երեխաների ընդունելության քննությունների արդյունքները հիմնականում ցածր են լինում: Արդյունքում բնակչության ամենաանապահով հատվածին բաժին է ընկնում ուսանողական պետական նպաստների միայն 6%-ը, այն դեպքում, երբ բնակչության ամենաապահով հատվածին բաժին ընկնող մասը կազմում է շուրջ 40%:

Ներկայումս մասնագիտական կրթության բնագավառի խնդիրն է կրթության որակի բարձրացումը, համակարգի արդյունավետ գործունեությունը և քաղաքացիների` իրենց ձգտումներին ու ընդունակություններին համապատասխան կրթություն ստանալու հավասար մատչելիությունը:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում դեռևս առկա են հիմնախնդիրներ, որոնք պայմանավորված են`

. երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով,

. ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գիտության և տեխնիկայի արագընթաց

փոփոխություններով,

. ազգային ինքնության ձևավորման, պահպանման ու զարգացման գործում

կրթության խաթարված դերով,

. կրթության շարունակական զարգացման համար անհրաժեշտ պայմանների

բացակայությամբ,

. կառուցվածքային գործազրկության մեծ ծավալներով,

. գյուղական երիտասարդության համար կրթական համակարգի ոչ մատչելիությամբ,

. առկա ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործմամբ և այլն:

Հայաստանում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի կարևորագույն խնդիրներից է աշխատաշուկայի պահանջներին միտված մասնագիտական կրթության և կրթական ծառայությունների մատուցման բարձր որակի ապահովումը: Համակարգը ծերացման կայուն միտում ունի և առկա է որակյալ մանկավարժական կադրերի արտահոսք: Վերջինս պայմանավորված է ներկայումս առկա ցածր աշխատավարձերով:

Համակարգված չեն դասավանդող անձնակազմի վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման ծրագրերը: Լուծված չեն նախնական և միջին մասնագիտական կրթական գործընթացի արդյունավետության բարձրացման համար առանցքային նշանակություն ունեցող տեղեկատվական հաղորդակցման և դասավանդման նոր տեխնոլոգիաների ներդրման խնդիրները, թույլ է ձեռնարկություն-ուսումնական հաստատություն կապը, բացակայում են արդյունավետ մեխանիզմները ուսումնական և արտադրական պրակտիկաների կազմակերպման առումով:

Աշխատաշուկան, ի դեմս գործատուների, թույլ է ներգրավված այս համակարգի կառավարման աշխատանքներում: Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում դեռևս լիարժեք ձևավորված չէ սոցիալական գործընկերությունը:

Ներկայումս նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացում գործնական աշխատանքների կազմակերպմանը մեծապես խոչընդոտում է նաև այն հանգամանքը, որ նյութատեխնիկական բազան կամ խիստ վերազինման կարիք ունի, կամ որոշ դեպքերում ընդհանրապես գոյություն չունի:

 

7.1.2 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 2.1 ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

2011-2013 թվականների ժամանակահատվածում կրթության ոլորտում` համակարգի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող միջոցառումները դիտվում են որպես կրթության որակի բարձրացման գրավական:

Հանրակրթության ոլորտում ծրագրային ժամանակահատվածում կշարունակվեն բարեփոխումները, որոնք նպատակ են հետապնդում լրիվ միջնակարգ կրթության որակի բարձրացումը, բնակչության բոլոր խավերի համար որակյալ լրիվ միջնակարգ կրթության հավասար մատչելիության ապահովումը միջնակարգ դպրոցի բոլոր, հատկապես` ավագ դպրոցի մակարդակներում և համակարգի արդյունավետության շարունակական բարձրացումը:

Հանրակրթական հաստատությունների համակարգի արդյունավետության բարձրացման ուղղություններից մեկը առանձին գործող ավագ դպրոցների ցանցի ձևավորումն է: Այն հանրակրթության վերջին օղակն է և պետք է պատրաստի սովորողներին ինքնուրույն կյանքի և աշխատանքի շուկա մտնելուն: Այսինքն, ուսուցումն ավագ դպրոցում հնարավորություն կտա ապահովել սովորողների` իրենց հակումներին, ընդունակություններին, կարողություններին և նախասիրություններին համապատասխան նախնական, միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը: 2011 թվականին առանձին գործող ավագ դպրոցների ցանցում ընդգրկված կլինի շուրջ 150 դպրոց` ընդգրկելով հանրապետության ամբողջ տարածքը, և ամբողջովին ներդրված կլինի եռամյա ավագ դպրոցի ծրագիրը:

Կրթության ոլորտի բարեփոխումների շրջանակներում կիրականացվեն միջոցառումներ` նպատակ ունենալով.

. երեխաներին նախապատրաստել տարրական դպրոցին` ապահովելով հավասար

մեկնարկային հնարավորություններ,

. մեծացնել նախադպրոցական կրթության ծրագրերում երեխաների

ընդգրկվածությունը` ներառելով սոցիալապես անապահով ընտանիքների

երեխաներին: Մասնավորապես, նախատեսվում է դրամաշնորհների տրամադրում

նախադպրոցական ծրագրեր իրականացնող հաստատություններին, նախադպրոցական

կրթության հաստատությունների մանկավարժների և դաստիարակների

վերապատրաստում:

. մանկավարժական կրթության արդիականացում և ուսուցչական կադրերի

պատրաստման որակի բարձրացում` մանկավարժական կրթություն իրականացնող

բուհերի բարեփոխման միջոցով:

Ծրագրային ժամանակահատվածում կշարունակվեն նաև.

. Կրթության բովանդակային սպասարկումը և նորմատիվ դաշտի բարելավումը, որը

ենթադրում է առարկայական չափորոշիչների, ծրագրերի, ձեռնարկների և

մեթոդական այլ նյութերի մշակում և փորձարկում, կրթության բնագավառը

կանոնակարգող նորմատիվ փաստաթղթերի մշակում,

. Մանկավարժական և ղեկավար կադրերի վերապատրաստումները,

. Հանրակրթական հաստատությունների բոլոր մակարդակների սովորողների ընթացիկ

և ավարտական, ինչպես նաև բուհ ընդունվողների գիտելիքների,

կարողությունների, հմտությունների միասնական գնահատման իրականացման

համար առարկայական թեստերի, գնահատման չափորոշիչների և դրանց

իրականացման մեխանիզմների մշակումը և կատարելագործումը, գնահատման

մեթոդների հետագա կատարելագործման նպատակով փորձարարական ծրագրերի

կատարելագործումը,

. Սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման

ազգային և միջազգային ստուգատեսներին Հայաստանի Հանրապետության

մասնակցությունը,

. Համակարգչային սարքավորումներով հանրակրթական դպրոցների համալրումը,

դպրոցներում համակարգչային ուսումնական կենտրոնների ստեղծումը,

Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնումը, կրթական

էլեկտրոնային նյութերի ստեղծումը,

. ՀՀ քաղաքացիների կրթության համար արդիականացված շենքային պայմաններ

ապահովելու նպատակով` կրթական օբյեկտների հիմնանորոգման, գազով աշխատող

կաթսայատների կառուցման գծով աշխատանքների իրականացումը,

. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար

հավասար պայմանների ստեղծումը և կարիքին համապատասխան որակյալ կրթության

հնարավորություն տալը, ներառական կրթության ընդլայնմանը զուգընթաց հատուկ

դպրոցների ընդունելության համակարգի բարելավումը:

Սփյուռքի հետ կապերի ընդլայնումը և համատեղ ծրագրերի իրագործումը նպատակ ունեն ճշտել այդ ոլորտում համագործակցության բնույթը, ուղիներն ու միջոցները, քննել նրանց հուզող կրթական հարցերը և ցուցաբերել մեթոդաբանական, մեթոդական և ուսումնադաստիարակչական բնույթի այլ աջակցություն:

 

Արտադպրոցական դաստիարակության ոլորտում անհրաժեշտ է`

. նպաստել սովորողների հետաքրքրությունների և նախասիրությունների

բավարարմանը, հոգևոր, մարդասիրական, գեղագիտական, ֆիզիկական,

ստեղծագործական կարողությունների զարգացմանը, հայրենասիրական

դաստիարակությանը, բնապահպանական, կիրառական և հումանիտար գիտելիքների

կատարելագործմանը:

. նպաստել արտաուսումնական կրթական ոլորտի աստիճանական զարգացմանը,

նորացմանն ու կատարելագործմանը, մշակել արտադպրոցական կրթական նոր

ծրագրեր,

. կատարելագործել դպրոց-արտադպրոցական հաստատություն համագործակցության

ձևերն ու միջոցները,

. գեղարվեստական խմբակներում ընդգրկված սաների գեղարվեստական

ստեղծագործության ունակությունների, հակումների, հետաքրքրությունների

ոլորտի զարգացում,

. օժտված և շնորհալի երեխաների բացահայտում,

. մանկավարժական և ղեկավար աշխատողների աշխատավարձերի բարձրացում,

. կրթական և մշակութային հիմնարկների օժտված կադրերի ներգրավում

արտադասարանական խմբակների աշխատանքին:

Մարզական օբյեկտների հիմնանորոգման, շինարարության համար անհրաժեշտ կապիտալ ներդրումները նպաստավոր պայմաններ կստեղծեն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում բնակչության առողջ ապրելակերպի, ֆիզիկապես առողջ մարդու ձևավորման համար:

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտական կրթության բնագավառում կարևորվում է մասնագիտական կրթության որակի բարձրացմանը և աշխատաշուկայի պահանջներին, երկրի կրթական ու գիտական զարգացման ռազմավարական նպատակներին և միջազգային ստանդարտներին ու Բոլոնիայի համաձայնագրի դրույթներին դրա համապատասխանեցմանն ուղղված բարեփոխումների շարունակումը:

Հաշվի առնելով եվրոպական բարձրագույն կրթական տարածքին միանալու անհրաժեշտությունը, սահմանվում են ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների հետևյալ ռազմավարական նպատակները.

. մշակել բարձրագույն և հետբուհական կրթության համալիր վերակառուցման

ռազմավարություն, միջոցառումներ և ժամանակացույց,

. եվրոպական որակավորումների շրջանակին համապատասխան մշակել և ներդնել

որակավորումների ազգային շրջանակ,

. ավարտել անցումը բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի,

. ապահովել բարձրագույն կրթության ավարտական փաստաթղթերի փոխճանաչումը և

համարժեքությունը,

. խթանել ուսանողների շարժունությունը, անցումը գնահատման նոր համակարգին,

. կայուն ֆինանսավորման ապահովում:

Բարձրագույն կրթության որակի ապահովումը ենթադրում է`

- Որակի ապահովման նոր, ժամանակակից համակարգի մշակում և ներդրում,

- Որակի ապահովման շրջանակներում եվրոպական համագործակցության խթանում,

- Անդամակցում Որակի ապահովման Եվրոպական ընդհանուր համակարգին և Եվրոպական որակի ապահովման ռեգիստրին,

- Բուհերի վարկանիշային համակարգի ներդրում:

Անցումը եռաստիճան համակարգին`

- Բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերի բովանդակության, որակավորման բնութագրիչների և ավարտական ատեստավորման պահանջների համադրում և ներդաշնակում,

- Հետբուհական գիտակրթական ծրագրի վերակազմակերպում և համապատասխանեցում Եվրոպական կրթական 3-րդ աստիճանի հետ,

- Հետբուհական կրթական ծրագրերի մասնագիտությունների դասընթացների ցանկի հաստատում:

Ավարտական փաստաթղթերի փոխճանաչումը`

- Փաստաթղթերի փոխճանաչման կամ համարժեքության վերաբերյալ նորմատիվ-իրավական փաստաթղթերի մշակում, ավարտական փաստաթղթերի փոխճանաչման խթանում,

- Աշխատանքային շուկայի հետ կապերի խթանում, ուսումնական հաստատության և գործատուների կապերի խորացում:

Կրթության մատչելիությունը և շարժունությունը`

- Գնահատման նոր համակարգի ամբողջական ներդրում, սովորողների համար հավասար պայմանների, միասնական չափանիշների, օբյեկտիվ գնահատման ապահովում,

- Օտարերկրյա բուհերի և կրթաթոշակների վերաբերյալ տեղեկատվության համակարգում և տարածում,

- Ընդգրկվածության հնարավորինս բարձր մակարդակի ապահովում,

- Միջբուհական համագործակցության խթանում, միջբուհական համատեղ կրթական ծրագրերի ձևավորում` ընդհանուր ծրագրային չափորոշիչներին համապատասխան և ընդհանուր որակավորման շնորհումով,

- Հայաստանյան ուսանողների անարգել միջբուհական տեղափոխումների և միջազգային շարժունության համար նպաստավոր պայմանների ստեղծում:

Կայուն ֆինանսավորումը և բուհական անկախությունը`

- Ֆինանսական և նյութական ռեսուրսների օգտագործման արդյունավետության գնահատման համակարգի մշակում և ներդրում.

- Աջակցություն հետազոտական դրամաշնորհային ծրագրերի ձևավորմանը,

- ՈՒսման վարկավորման համակարգի ներդրում,

- Վերապատրաստման դասընթացների կազմակերպում:

Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում բարեփոխումների հիմնական նպատակներն են.

ՄԿՈՒ հաստատությունների ինտեգրում կրթության գլոբալ համակարգերին,

ՄԿՈՒ որակավորումների համակարգի համապատասխանեցում որակավորումների եվրոպական շրջանակին,

Կրեդիտների կուտակման և փոխանցման միասնական համակարգի ներդրում,

Մասնագիտական կրթության ոլորտում տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծում,

Բաց և ժողովրդավարական ՄԿՈՒ համակարգի ստեղծում,

ՄԿՈՒ համակարգի արդյունավորության և արդյունավետության ապահովում,

Մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվության արդյունավետ համակարգի ստեղծում,

Աշխատաշուկայի վերլուծության և մասնագիտական չափորոշիչների վրա հիմնված կարողութենամետ կրթական չափորոշիչների ձևավորում,

Սոցիալական գործընկերության ձևավորում մասնագիտական կրթության ոլորտում,

ՄԿՈՒ հաստատությունների օպտիմալ ցանցի ձևավորում,

Մասնագիտական կրթական ծառայությունների մատուցման (ՄԿՈՒ իրականացման) որակի բարելավում,

ՄԿՈՒ հաստատությունների ժամանակակից կառավարման մեխանիզմների ձևավորում,

ՄԿՈՒ հաստատությունների սովորողների և շրջանավարտների մասնագիտական հմտությունների ապահովում` տնտեսության և աշխատաշուկայի կարիքներին համապատասխան,

ՄԿՈՒ ֆինանսավորման միջոցների ծախսերի արդյունավետության ապահովում:

Ողջ կյանքի ընթացքում ՄԿՈՒ համակարգում ուսումնառություն ապահովելու նպատակով նախատեսվում է`

. Ապահովել կրթության շարունակականությունը /մեկ կրթական մակարդակից

մյուսին անցում/,

. Ապահովել քաղաքացու մրցունակությունը աշխատաշուկայում,

. Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության արդյունքների ճանաչում:

Ստեղծել նպաստավոր պայմաններ ողջ կյանքի ընթացքում (մասնագիտական, քաղաքացիական, մշակութային և անձի զարգացմանն ուղղված) ուսումնառության համար:

Ելնելով վերոնշյալ գերակա նպատակներից և խնդիրներից` առավել կարևորվում են իրականացվելիք հետևյալ միջոցառումները`

. Խթանել ՄԿՈՒ հաստատությունների անդամակցումը միջազգային ծրագրերին և

ցանցերին,

. Հայաստանում գործող որակավորումների համակարգի կառուցվածքը

համապատասխանեցնել Որակավորումների Եվրոպական Շրջանակին,

. Ձևավորել սոցիալական երկխոսության միջավայր` ազգային, մարզային և

տեղական մակարդակներով,

. Սոցիալական գործընկերներին ներգրավել մասնագիտական կրթության

քաղաքականության և ռազմավարության մշակման, մասնագիտական ուսումնական

հաստատությունների կառավարման գործընթացներում: Սահմանել սոցիալական

գործընկերության դերն ու պատասխանատվությունները ազգային,

տարածաշրջանային և տեղական մակարդակներով,

. Հնարավորինս վերանորոգել նախնական և միջին մասնագիտական ուսումնական

հաստատությունների շենքերը, ապահովել ջեռուցման համակարգերի անխափան

աշխատանքը,

. Հարստացնել և արդիականացնել նախնական և միջին մասնագիտական

ուսումնական հաստատությունների ուսումնալաբորատոր, արհեստանոցային

բազան,

. Բարձրացնել մանկավարժական և ղեկավար աշխատողների աշխատավարձերը,

. Մշակել մասնագիտական (զբաղմունքների) չափորոշիչներ,

. Ներդնել և ընդլայնել կրթական տեղեկատվական և հաղորդակցության

տեխնոլոգիաներ,

. Իրականացնել ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարների և դասավանդողների

պարբերական վերապատրաստումներ, ուսումնական այցեր,

. Կազմակերպել պրակտիկաները և արտադրական ուսուցումը գործատուների մոտ,

. Ապահովել մասնագիտական կրթության տարբեր մակարդակներում ստացած

կրեդիտների կուտակումը և փոխանցելիությունը:

 

2.2 ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կրթության բնագավառի զարգացումը ՀՀ կառավարության կողմից դիտվում է որպես տնտեսության առաջընթացի առաջնային գերակայություն, այդ իսկ պատճառով կպահպանվի կրթության ոլորտի գերակա վիճակը 2011-2013 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի ողջ ժամանակահատվածում:

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Ինչպես նշված է նաև «Կայուն զարգացման ծրագրում»` կրթության ոլորտի գերակայություն է համարվում հանրակրթությունը, որին էլ առաջիկա տարիներին կուղղվի կրթության բնագավառին նախատեսվող պետական հատկացումների գերակշիռ մասը:

Նախատեսված բարեփոխումների շրջանակում լրիվ միջնակարգ կրթությունը, ներառյալ ներդրվող եռամյա ավագ դպրոցը, կոչված է ապահովելու շրջանավարտների` աշխատաշուկա մտնելու պատրաստվածությունը և իրենց հակումներին ու ընդունակություններին համապատասխան մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը:

Լուծելով հիմնական ընդհանուր կրթության որակի բարձրացման խնդիրները` պետությունը, դրանով իսկ, բավարար հիմքեր է ստեղծում ավագ դպրոցում և մասնագիտական կրթության ոլորտում ընդգրկվածության մակարդակների բարձրացման համար` հատկապես ի հաշիվ անապահով ընտանիքների երեխաների:

Հանրակրթության ոլորտի հիմնական գերակայություն են`

. կրթության բովանդակային բարեփոխումը, նորմատիվ դաշտի բարելավումը,

. մանկավարժական կադրերի վերապատրաստումների իրականացումը, մեթոդական

սպասարկումը, մանկավարժական կադրերի ատեստավորման համակարգի

գործունեության ապահովումը,

. 12-ամյա կրթության անցումն ապահովող նյութերի և նորմատիվային

փաստաթղթերի մշակումն ու ներդրումը,

. առանձին գործող ավագ դպրոցների ցանցի ընդլայնումը, ընթացիկ

վերահսկողությունը և գնահատումը,

. տարրական դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացումը և

հավասար մեկնարկային հնարավորությունների ստեղծումը,

. աշխատավարձերի բարձրացումը,

. գնահատման նոր համակարգի ներդրումը (սովորողների ընթացիկ և ամփոփիչ

գնահատման նոր համակարգի, ավարտական և բուհի ընդունելության միասնական

քննությունների ամբողջական ներդրում),

. դպրոց-կենտրոնների գործունեության ընդլայնումը,

. հանրապետության դպրոցների ինտերնետային ցանցում նոր դպրոցների

ընդգրկումը,

. միջազգային առարկայական օլիմպիադաներին, ինչպես նաև սովորողների

գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման ազգային և

միջազգային ստուգատեսներին մասնակցությունը:

Չնայած դպրոցների շենքային պայմանների բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումներին, այնուամենայնիվ առաջնային են մնում կրթական հաստատությունների ուսումնական շենքերով ապահովվածության, դրանց հիմնանորոգման, կաթսայատների միջոցով ջեռուցման կազմակերպման աշխատանքների շարունակական իրականացումը:

Սփյուռքի հետ տարվող աշխատանքներում գերակա ուղղություններն են. սփյուռքի կրթօջախների համար ուսումնական գրականության և այլ օժանդակ նյութերի ստեղծումը և տրամադրումը, համահայկական միջոցառումների անցկացումը:

Հանրակրթության ոլորտում շարունակում է գերակայություն մնալ նաև հատուկ կրթության համակարգը: Նշված ոլորտում կարևորվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հավասար պայմանների ստեղծումը և կարիքին համապատասխան որակյալ կրթության հնարավորություն տալը, ներառական դպրոցների ցանցի զարգացումը, հատուկ հաստատություններում երեխաների կրթության և խնամքի որակի բարելավումը, հատուկ հաստատություններում իրականացվող ծառայությունների ապակենտրոնացումը:

Նախադպրոցական կրթության ոլորտում գերակա ուղղություններն են` նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումը, ծառայությունների ցանցի ընդլայնումը: Առանձնակի կարևորվում է նախադպրոցական ավագ տարիքի երեխաների` 5-6 տարեկանների, տարրական կրթությանն արդյունավետ նախապատրաստելու խնդիրը, ինչը կապահովի երեխաների համար հավասար մեկնարկային պայմաններ տարրական դպրոցում ուսումը շարունակելու համար:

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նշված ոլորտում գերակայություն են դիտվում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի, Լիսաբոնի կոնվենցիայի պահանջների ապահովումը, Բոլոնիայի գործընթացին ՀՀ բարձրագույն կրթական համակարգի ինտեգրման գծով հիմնական ուղղությունների իրականացումը`

. համընթեռնելի և համադրելի բարձրագույն կրթական փաստաթղթերի ներդրում,

. որակավորումների ազգային համակարգի ստեղծում,

. ՀՀ կրթական համակարգի վերաբերյալ տեղեկատվության պատրաստում և

տրամադրում շահառուներին:

Կարևորելով նաև մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) դերը` սահմանվել են համակարգի զարգացման միջնաժամկետ ծրագրի հետևյալ գերակայությունները.

- Նախնական և միջին մասնագիտական կրթության միասնական պետական կրթական չափորոշիչների և ուսումնական ծրագրերի մշակում և ներդրում,

- Հայաստանում գործող որակավորումների համակարգի կառուցվածքի համապատասխանեցում Որակավորումների Եվրոպական Շրջանակին,

- ՄԿՈՒ համակարգում կրեդիտային համակարգի ներդնում,

- Սոցիալական երկխոսության միջավայրի ձևավորում, սոցիալական գործընկերների ներգրավում մասնագիտական կրթության քաղաքականության և ռազմավարության մշակման, մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացներում,

- Մանկավարժական և ղեկավար աշխատողների աշխատավարձերի բարձրացում,

- Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքերի վերանորոգում, ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովում,

- Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսումնալաբորատոր, արհեստանոցային բազայի արդիականացում,

- ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարների և դասավանդողների պարբերական վերապատրաստումների իրականացում:

Հանրակրթության և մասնագիտական ծրագրերի ծախսերի կառուցվածքը` ըստ կրթական տարբեր մակարդակների, ներկայացված է Գծանկար 7.1.-ում:

 

Գծանկար 7.1. Կրթության բնագավառում պետական ծախսերը 2009-2013 թթ.` ըստ

կրթական մակարդակների (%` բնագավառի ընդհանուր ծախսերի

նկատմամբ)

 

--------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Հանրակրթական ծրագրեր Մասնագիտական կրթական ծրագրեր Այլ ծրագրեր

Ծանոթություն. Հանրակրթական ծրագրերը ներառում են տարրական, հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունը (հանրակրթական ուսուցում, ներառական կրթություն, հատուկ կրթություն և այլն), ինչպես նաև հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում նախատեսված մի շարք ծրագրեր: Մասնագիտական կրթական ծրագրերը ներառում են նախնական մասնագիտական /արհեստագործական/, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերը, ինչպես նաև նշված ծրագրերի իրականացմանն օժանդակող մի շարք ծրագրեր:

 

7.1.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

Կրթության բնագավառի պետական ֆինանսավորման ծավալների աճը և վիճակի բարելավումը դիտվելու է որպես առաջնահերթ խնդիր նաև ՀՀ 2011-2013 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի ողջ ժամանակահատվածում:

2011-2013 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով կրթության ոլորտի գծով (ներառյալ հիմնանորոգման, վարկային ծրագրի և ՀՍՆՀ-ի գծով ծախսերը, առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նախատեսվել են ծախսեր` 2011 թվականին 108318.5 մլն, 2012 թվականին` 106706.5 մլն և 2013 թվականին` 111765.5 մլն դրամի չափով: 2012 թվականի ծախսերի նվազումը 2011 թվականի նկատմամբ 1612.0 մլն դրամով պայմանավորված է հետևյալով. նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կապիտալ ծախսերը, ինչպես նաև վարկային ծրագրերի գծով կապիտալ ծախսերը նվազել են 3118.5 մլն դրամով, միաժամանակ` կրթության ոլորտի ընթացիկ ծախսերն աճել են 1506.5 մլ ն դրամով:

2011-2013 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով կրթության ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերը 2011 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 3.03%-ը, 2012 թվականին` 2.78%-ը և 2013 թվականին` 2.7%-ը:

 

Գծանկար 7.2. Պետական բյուջեի ծախսերի ծրագրային ցուցանիշները կրթության

բնագավառում (%-ը ՀՆԱ-ում)

 

--------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Աղյուսակ 7. 2. Կրթության ոլորտի պետական ծախսերը 2009-2013 թվականներին`

ըստ ուղղությունների

(մլն դրամ)

._____________________________________________________________________.

|Խմբերի անվանումը      |ՀՀ 2009 |ՀՀ 2010  |ըստ ՀՀ 2011-2013 թվականների|

|                      |թվականի |հաստատված|ՄԺԾԾ-ի                     |

|                      |պետական |պետական  |___________________________|

|                      |բյուջե  |բյուջե   |2011    |2012    |2013     |

|                      |(փաստ)  |         |        |        |         |

|______________________|________|_________|________|________|_________|

|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ`      |106947.8| 99294.6 |108318.5|106706.5| 111765.5|

|______________________|________|_________|________|________|_________|

|01,02 Նախադպրոցական և | 71573.3| 70300.5 | 73431.0| 77026.3| 80959.9 |

|տարրական ընդհանուր    |        |         |        |        |         |

|կրթություն, Միջնակարգ |        |         |        |        |         |

|ընդհանուր կրթություն  |        |         |        |        |         |

|______________________|________|_________|________|________|_________|

|03. Նախնական          | 4679.1 |  4881.2 | 5013.4 | 5040.0 |  5293.5 |

|մասնագիտական          |        |         |        |        |         |

|(արհեստագործական) և   |        |         |        |        |         |

|միջին մասնագիտական    |        |         |        |        |         |

|կրթություն            |        |         |        |        |         |

|______________________|________|_________|________|________|_________|

|04. Բարձրագույն       | 7469.6 |  7522.6 | 7724.8 | 7710.1 |  8137.9 |

|կրթություն            |        |         |        |        |         |

|______________________|________|_________|________|________|_________|

|05. Ըստ մակարդակների  | 3119.5 |  3265.9 | 3591.2 | 3579.9 |  3770.6 |

|չդասակարգվող          |        |         |        |        |         |

|կրթություն            |        |         |        |        |         |

|______________________|________|_________|________|________|_________|

|06. Կրթությանը        | 20106.3| 13324.4 | 18558.1| 13350.2| 13603.6 |

|տրամադրվող օժանդակ    |        |         |        |        |         |

|ծառայություններ       |        |         |        |        |         |

._____________________________________________________________________.

 

Ծրագրային ժամանակահատվածի վերջում, կրթության ոլորտի ծախսերի կառուցվածքում ընթացիկ ծախսերին բաժին կընկնի ընդհանուր մասհանումների 93.8%-ը, իսկ կապիտալ ծախսերին` 6.2%-ը: Ընթացիկ ծախսերում գերակշռող մասը կազմում են աշխատավարձի և պարտադիր սոցիալական ապահովության վճարները:

 

Գծանկար 7.3. Կրթության ոլորտի 2010-2013 թվականների պետական ծախսերը` ըստ

տնտեսագիտական դասակարգման հոդվածների (%` բնագավառի

ընդհանուր ծախսերի նկատմամբ)

 

--------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Աղյուսակ 7.3 Կրթության ոլորտի պետական ծախսերը 2011-2013 թվականներին`

ըստ գոյություն ունեցող և նոր ծրագրերի

(մլն դրամով)

.____________________________________________________________________.

|                                         |2011 թ. |2012 թ. |2013 թ. |

|_________________________________________|________|________|________|

|Գոյություն ունեցող պարտավորությունների   |108293.0|106681.0|111740.0|

|ընդհանուր ծախսերը                        |        |        |        |

|_________________________________________|________|________|________|

|Նոր նախաձեռնությունների ընդհանուր ծախսերը|  25.5  |  25.5  |  25.5  |

|_________________________________________|________|________|________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                                 |108318.5|106706.5|111765.5|

.____________________________________________________________________.

 

Հանրակրթական ծրագրեր

2011-2013 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվող կրթության ոլորտի ծախսերի աճի հիմնական մասը կուղղվի հանրակրթության ոլորտին, որը հնարավորություն կտա ապահովելու համակարգի արդյունավետության բարձրացման և հանրակրթության ռացիոնալացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շարունակումը:

2011 թվականին նախադպրոցական և տարրական ընդհանուր կրթության, միջնակարգ ընդհանուր կրթության, ինչպես նաև հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում նախատեսված մի շարք ծրագրերի գծով ծախսերը 2010 թվականի նկատմամբ կաճեն 7.7%-ով և կկազմեն 87483.2 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 80.8%-ը: 2012 թվականին նշված ծրագրերի գծով ծախսերը 2011 թվականի նկատմամբ կաճեն 2.3%-ով և կկազմեն 89524.4 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 83.9%-ը, իսկ 2013 թվականին` 2012 թվականի նկատմամբ ծախսերը կաճեն 3.8%-ով` կազմելով 92956.9 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 83.2%-ը:

Հանրակրթության ոլորտում պետական ծախսերի ծրագրվող աճը կհանգեցնի մեկ աշակերտի հաշվով կատարվող ծախսերի ավելացման` 2013 թվականին մեկ աշակերտի հաշվով ծախսերը 2010 թվականի համապատասխան ցուցանիշի համեմատ կաճեն 5.6 տոկոսով:

 

Աղյուսակ 7.4. Մեկ աշակերտի հաշվով պետական ծախսերը հանրակրթության

ոլորտում

._______________________________________________________________.

|                                       |2008 |2009 |2010 |2011 |

|_______________________________________|_____|_____|_____|_____|

|Ինդեքս (2010 թ. = 100)                 |100.0|105.2|101.2|105.6|

|_______________________________________|_____|_____|_____|_____|

|Հուշագրային հոդվածներ                  |     |     |     |     |

|_______________________________________|_____|_____|_____|_____|

|Աշակերտների թվաքանակը (2010 թ. = 100)  |100.0|102.4|108.9|108.4|

|_______________________________________|_____|_____|_____|_____|

|Պետական ծախսերը հանրակրթության ոլորտում|100.0|107.7|110.2|114.5|

|(2010 թ. = 100)                        |     |     |     |     |

._______________________________________________________________.

 

Հանրակրթության ոլորտում առաջնահերթ խնդիրներից են ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը, եռամյա ավագ դպրոցի ծրագրի ամբողջությամբ ներդրումը, ուսուցիչների վերապատրաստումները: Այս ուղղությամբ իրականացվող միջոցառումները դիտվում են որպես կրթության որակի բարձրացման գրավական:

Մասնավորապես 2011-2013 թվականներին նախատեսվում է`

. ՈՒսուցիչների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը 2013 թվականին

կբարձրացվի 7.3 տոկոսով, միաժամանակ, հաշվի առնելով ավագ դպրոցներում

մանկավարժական անձնակազմի աշխատավարձի 20% հավելումը, ուսուցիչների միջին

ամսական հաշվարկային աշխատավարձը կհասցվի. 2011 թվականին` 117.5 հազ.

դրամի, 2012 թվականին` 117.6 հազ.դրամի, 2013 թվականին` 126.2 հազ.

դրամի (ուսուցիչների տարեկան աշխատավարձի չափը 2011 թվականին մեկ շնչին

բաժին ընկնող տարեկան ՀՆԱ-ի մակարդակը կգերազանցի 1.3 անգամ, իսկ 2012-2013 թվականներին` 1.2 անգամ): . Վարչական անձնակազմի և հաշվապահների միջին ամսական հաշվարկային աշխատավարձի բարձրացումը նույնպես կիրականացվի 2013 թվականին` 7.3 տոկոսով: 2011-2013 թվականներին վարչական անձնակազմի միջին ամսական հաշվարկային աշխատավարձը կհասցվի ըստ տարիների` համապատասխանաբար 176.2 ; 176.2 և 189.1 հազ. դրամի, իսկ հաշվապահների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը` 87.8 ; 87.8 և 94.3 հազ. դրամի: . ՈԻսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի միջին ամսական հաշվարկային աշխատավարձը 2011 թվականին նախատեսվում է բարձրացնել 8.3%-ով, իսկ 2013 թվականին` 7.7%-ով, պայմանավորված 2011 և 2013 թվականներին հանրապետությունում նվազագույն աշխատավարձի համապատասխանաբար` 32.5 և 35.0 հազ. դրամի չափով սահմանմամբ: Ծրագրային ժամանակահատվածի վերջում աշխատավարձին ուղղվող միջոցները կկազմեն հանրակրթության ոլորտում ընթացիկ ծախսերի մոտ 85.5%-ը: . 2011 թվականին ավագ դպրոցների համակարգի ներդրման գծով նախատեսվել է 99.8 մլն դրամ, որի շրջանակներում ցանցում ընդգրկվելիք նոր ավագ դպրոցների ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության լաբորատորիաների համար ձեռք կբերվեն սարքավորումներ: Միաժամանակ, ավագ դպրոցներում կհիմնվեն ռեսուրս-կենտրոններ (ժամանակակից գրադարաններ), կվերապատրաստվեն ավագ դպրոցի ուսուցիչները, տնօրենները և գրադարանավարները: . Կշարունակվի ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, կրթության բովանդակային և մեթոդական սպասարկումը: Նշված նպատակներով պետական բյուջեից միջնաժամկետ հատվածում նախատեսվում է յուրաքանչյուր տարի հատկացնել 491.5 մլն դրամ: Միաժամանակ, յուրաքանչյուր տարի շուրջ 364.5 մլն դրամ կհատկացվի ուսումնամեթոդական գրականության և ուսումնադիտողական պարագաների, ինչպես նաև մանկավարժական պարբերականների մշակման ու ձեռքբերման գծով: . Նախատեսվել են միջոցներ հանրապետության դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկման և համակարգչային սարքավորումների պահպանման, շարժական ինտերնետային կայանի շահագործման,Մայքրոսոֆթի համակարգչային ծրագրերի արտոնագրման նպատակով (2011 թվականի սեպտեմբերից Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում կընդգրկվեն 256 դպրոց կամ` 2011 թվականին արդեն նշված ցանցում ընդգրկված կլինի շուրջ 1200 դպրոց): Նշված աշխատանքների իրականացման համար ըստ տարիների նախատեսվում է հատկացնել` համապատասխանաբար 858.1; 991.1 և 999.2 մլն դրամ: . Զգալի միջոցներ են նախատեսվել քննությունների թեստերի, ուղեցույցերի մշակման, ավարտական քննությունների անցկացման, TIMSS-2011 և PIRLS-2011 միջազգային ստուգատես-հետազոտությունների հիմնական փուլին Հայաստանի Հանրապետության մասնակցության գծով` ըստ տարիների 373.4 ; 488.7 և 502.9 մլն դրամի չափով: . Պետությունը շարունակելու է տարրական դասարանների աշակերտներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքերով ապահովելու քաղաքականությունը, նշված նպատակներով 2011-2013 թվականներին յուրաքանչյուր տարվա համար նախատեսվել է համապատասխանաբար` 469.4 և 120.0 մլն դրամ: 2011 թվականին ավագ դպրոցների դասագրքերի հրատարակման գծով նախատեսվել է 295.2 մլն դրամ: . 3000 դպրոցահասակ երեխայի ամառային հանգստի կազմակերպման գծով 2011-2012 թվականներին նախատեսվել է 214.5 մլն դրամ, իսկ 2013 թվականին` 218.9 մլն դրամ: . ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների պակասը լրացնելու նպատակով կշարունակվեն ՀՀ մարզերը մանկավարժական կադրերով համալրելու աշխատանքները, որի նպատակով յուրաքանչյուր տարի նախատեսվել է 83.2 մլն դրամ: . Կրթական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության գծով, նկատի ունենալով օբյեկտների շինարարության և հիմնանորոգման շարունակական բնույթի ապահովումը, յուրաքանչյուր տարի նախատեսվել է 6402.0 մլն դրամ: Միջնաժամկետ հատվածում աշակերտ/ ուսուցչական դրույք հարաբերակցությունը կմնա 14.5-ի մակարդակին, իսկ աշակերտ/ոչ ուսուցչական դրույք հարաբերակցությունը` 23.9-24.0 սահմաններում:

 

Մասնագիտական կրթական ծրագրեր

Մասնագիտական կրթական ծրագրերի (նախնական մասնագիտական /արհեստագործական/, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրեր, ինչպես նաև նշված ծրագրերի իրականացմանն օժանդակող մի շարք ծրագրեր) գծով ծախսերը 2011 թվականին 2010 թվականի նկատմամբ կավելանան 2.1%-ով և կկազմեն 14861.1 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 13.7%-ը: 2012 թվականին ծախսերը 2011 թվականի նկատմամբ կնվազեն 10.7%-ով և կկազմեն 13272.9 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 12.4%-ը (նվազումը պայմանավորված է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կապիտալ ծախսերի գծով միջոցների նվազեցմամբ), իսկ 2013 թվականին ծախսերը 2012 թվականի նկատմամբ կաճեն 5.2%-ով` կազմելով 13966.8 մլն դրամ, կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 12.5%-ը:

2011-2013 թվականներին մասնագիտական կրթության ոլորտի ծախսերը հիմնականում պայմանավորված են հետևյալ գործոններով.

2011-2013 թվականներին զգալի միջոցներ են նախատեսվել աշխատավարձերի բարձրացման գծով: Այն`

. նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական

հաստատություններում իրականացվել է հանրակրթության համակարգում

նախատեսվող բարձրացումների տոկոսներով:

. 2011 թվականին միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների

մանկավարժական և վարչական անձնակազմի միջին ամսական հաշվարկային

աշխատավարձերը հաշվարկվել են 10%, իսկ 2013 թվականին` 7.3% աճով,

բացառությամբ հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա ուսուցում

իրականացնող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, որոնց

մանկավարժական և վարչական անձնակազմերի աշխատավարձերը հաշվարկվել են

հանրակրթության համակարգում առաջարկվող ընդհանուր սկզբունքներով:

ՈԻսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի գծով աշխատավարձերի

բարձրացումը նախատեսվել է` հաշվի առնելով 2011 և 2013 թվականներին

հանրապետությունում նվազագույն աշխատավարձի համապատասխանաբար` 32.5 և

35.0 հազ. դրամի չափով սահմանումը:

. Բարձրագույն և հետբուհական կրթական հաստատություններում աշխատավարձերի

բարձրացումը նախատեսվել է` հաշվի առնելով 2011 և 2013 թվականներին

հանրապետությունում նվազագույն աշխատավարձի համապատասխանաբար` 32.5 և

35.0 հազ. դրամի չափով սահմանումը: Օրդինատորների կրթաթոշակի չափը

նախատեսվել է 2011-2013 թվականներին հանրապետությունում սահմանվող

նվազագույն աշխատավարձի չափով:

Միջնաժամկետ հատվածում կշարունակվեն աշխատանքները «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրի գծով, ընդ որում` նշված ծրագրի շրջանակներում կապիտալ ծախսերի իրականացման համար 2011 թվականին նախատեսվել է 1600,0 մլն դրամ:

Մասնագիտական կրթության ոլորտում նախատեսվում է մշակել և կիրարկել Եվրամիության չափանիշներին և պահանջներին համապատասխան որակի հավաստման ընթացակարգեր ու գործընթացներ, աջակցել բուհերի որակի ապահովման ներքին համակարգերի ներդրմանը, Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համապատասխան արդիականացնել մանկավարժական կրթությունը և բարձրացնել ուսուցչական կադրերի պատրաստման որակը: Գործողությունների հիմնական մասն ընթանալու է Հայկական պետական մանկավարժական համալսարանի և միջազգային ճանաչում ունեցող եվրոպական բուհի միջև` երկարաժամկետ, լայնամասշտաբ համագործակցության միջոցով:

 

Այլ ծրագրեր

2011 թվականին այլ ծրագրերի (Արտադպրոցական դաստիարակություն, Լրացուցիչ կրթություն, կրթական այլ ընթացիկ ծրագրեր) գծով ծախսերը 2010 թվականի նկատմամբ կաճեն 69.6%-ով և կկազմեն 5974.3 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 5.5%-ը, 2012 թվականին ծախսերը 2011 թվականի նկատմամբ կնվազեն 34.6%-ով` կազմելով 3909.2 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 3.7%-ը (նվազումը պայմանավորված է կրթական այլ ընթացիկ ծրագրերի գծով միջոցների նվազեցմամբ), իսկ 2013 թվականին ծախսերը 2012 թվականի նկատմամբ կաճեն 23.9%-ով` կազմելով 4841.8 մլն դրամ, կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 4.3%-ը:

Արտադպրոցական հաստատությունների մանկավարժական և վարչական անձնակազմի միջին ամսական հաշվարկային աշխատավարձերի բարձրացումը 2011 թվականին նախատեսվել է 10%-ի, իսկ 2013 թվականին` 7.3%-ի չափով: ՈԻսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի միջին ամսական հաշվարկային աշխատավարձերը 2013 թվականին բարձրացվել են 10 տոկոսով, ընդ որում` աշխատավարձերի բարձրացումը նախատեսվել է` հաշվի առնելով նաև 2011 և 2013 թվականներին հանրապետությունում նվազագույն աշխատավարձի համապատասխանաբար` 32.5 և 35.0 հազ. դրամի չափով սահմանումը:

2011-2013 թվականներին միջոցներ են նախատեսվել երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով երեխաների ուսուցման նպատակով` 2011-2012 թվականներին 323.7 մլն դրամի, 2013 թվականին` 345.3 մլն դրամի չափով:

Կշարունակվեն աշխատանքները Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովման գծով` յուրաքանչյուր տարի 50.0 մլն դրամի, ինչպես նաև մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության գծով` յուրաքանչյուր տարի 250.0 մլն դրամի շրջանակներում:

Լրացուցիչ կրթական հաստատությունների գծով ծախսերի հաշվարկում հաշվի է առնվել ինչպես աշխատավարձերի բարձրացումը, այնպես էլ վերապատրաստման, վերաորակավորման ինստիտուտներում և մասնագիտական դասընթացներում վերապատրաստվողների թվաքանակի ավելացումը: Աշխատողների միջին ամսական հաշվարկային աշխատավարձերը 2013 թվականին բարձրացվել են 10 տոկոսով, ընդ որում` աշխատավարձերի բարձրացումը նախատեսվել է` հաշվի առնելով նաև 2011 և 2013 թվականներին հանրապետությունում նվազագույն աշխատավարձի համապատասխանաբար` 32.5 և 35.0 հազ. դրամի չափով սահմանումը: Միաժամանակ, դասախոսական 1 ժամի արժեքը 2013 թվականին հաշվարկվել է 2575 դրամի չափով` 2011-2012 թվականների 2400 դրամի դիմաց:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.07.2010
N 859-Ն
Որոշում