Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ (ՀԱՇՎԵՏՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

6 մայիսի 2010 թվականի N 17

 

16. ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ (ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ` 2005-2008 ԹԹ.) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑ

(3-րդ մաս)

 

Հոդված 6. Կոլեկտիվ գործարքների իրավունքը

 

Հոդված 6§1

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

 

Հայաստանի Հանրապետությունում այս ոլորտը կարգավորվում է հետևյալ իրավական փաստաթղթերում.

 

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով:

2. ՀՀ աշխատանքային օրենսգիրք` ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին:

3. «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ընդունվել է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին, փոփոխվել է 2005 թվականի հոկտեմբերի 24-ին:

4. «Գործատուների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ընդունվել է 2007 թվականի փետրվարի 27-ին:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է (հոդված 39), որ սոցիալական գործընկերությունը աշխատողների (նրանց ներկայացուցիչների), գործատուների (նրանց ներկայացուցիչների), իսկ օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության միջև փոխհարաբերությունների համակարգ է, որը կոչված է ապահովելու աշխատողների և գործատուների շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում:

Այնուհետև օրենքը սահմանում է նման գործընկերության հիմնական սկզբունքները, համակարգը, գործընկերության ձևերը:

Սոցիալական գործընկերության հիմնական սկզբունքներն են կողմերի իրավահավասարությունը, կոլեկտիվ բանակցությունների ազատությունը, կողմերի շահերը հաշվի առնելը և հարգալից վերաբերմունք դրսևորելը, կողմերի և նրանց ներկայացուցիչների կողմից աշխատանքային օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները պահպանելը, կողմերի ներկայացուցիչների լիազորվածությունը, քննարկման առաջարկվող` աշխատանքի վերաբերյալ հարցերի ընտրության ազատությունը, պարտավորություններ ստանձնելու կամավորությունը, ընդունվող պարտավորությունների իրատեսական լինելը, կոլեկտիվ պայմանագրի կատարման պարտադիր լինելը, կոլեկտիվ պայմանագրի կատարման նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը, կողմերի կամ նրանց ներկայացուցիչների մեղքով կոլեկտիվ պայմանագրի չկատարման համար պատասխանատվությունը:

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է (հոդված 40), որ սոցիալական գործընկերության կողմերն են աշխատողները և գործատուները` ի դեմս իրենց ներկայացուցիչների: Եռակողմ սոցիալական գործընկերության դեպքում աշխատողների և գործատուների ներկայացուցիչների հետ հավասար հիմունքներով մասնակցում են ՀՀ կառավարության ներկայացուցիչները:

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է (հոդված 41), որ սոցիալական գործունեության համակարգը ներառում է հետևյալ մակարդակները.

1. հանրապետական մակարդակ, որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի բնագավառի հարաբերությունների կարգավորման հիմունքները: Այդ գործընկերության կողմերն են ՀՀ կառավարությունը, արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը, գործատուների հանրապետական միությունը,

2. ճյուղային մակարդակ, որը սահմանում է տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում աշխատանքի բնագավառի հարաբերությունների կարգավորման հիմունքները: Այդ գործընկերության կողմերն են արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը և գործատուների համապատասխան ճյուղային միությունը,

3. տարածքային մակարդակ, որը սահմանում է որոշակի տարածքում աշխատանքի բնագավառի հարաբերությունների կարգավորման հիմունքները: Այդ գործընկերության կողմերն են արհեստակցական կազմակերպությունների համապատասխան տարածքային միությունը և գործատուների համապատասխան տարածքային միությունը:

4. կազմակերպության մակարդակ, որը սահմանում է գործատուի և աշխատողների միջև աշխատանքի բնագավառի որոշակի փոխադարձ պարտավորություններ: Այդ գործընկերության կողմերն են գործատուն և արհեստակցական միությունը:

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է (հոդված 42), որ սոցիալական գործընկերությունը, որպես կանոն, իրականացվում է հետևյալ ձևերով.

1. կոլեկտիվ բանակցությունների վարում` կապված կոլեկտիվ պայմանագրի նախագիծ կազմելու և կնքելու հետ,

2. փոխադարձ խորհրդատվությունների անցկացում և տեղեկատվության փոխանակում:

 

Աշխատանքային հարաբերություններում օրինաստեղծ գործունեությունը կարգավորելու նպատակով սոցիալական գործընկերների բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, արհմիությունների կոնֆեդերացիայի ու Աշխատանքի Միջազգային Կազմակերպության միջև 2006-2009 թվականներին կնքվել է տեխնիկական համագործակցության ծրագիր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահն 2009 թվականի ապրիլի 27-ին ստորագրել են Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր, որով սահմանվում են սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման լրացուցիչ երաշխիքներ և դրանց իրականացման համար կողմերի համատեղ գործողությունները: Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը կգործի մինչև 2012 թվականի հունիսի 30-ը:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը սոցիալական գործընկերության շրջանակներում մշակել և Աշխատանքի միջազգային կազմակերպություն և ներկայացրել «Աշխատանքի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» ազգային նկարագիրը:

 

Հոդված 6§2

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն`

 

«Աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է` գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության համար ազատորեն միավորելու իրավունքի ապահովումը (ներառյալ` արհեստակցական և գործատուների միություններ ստեղծելու կամ դրանց անդամագրվելու իրավունքը):

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն`

 

Իրենց իրավունքների ու շահերի պաշտպանության և ներկայացման նպատակով գործատուները և աշխատողները կարող են օրենքով սահմանված կարգով իրենց կամքով ազատորեն միավորվել` ստեղծելով արհեստակցական ու գործատուների միություններ:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 45-րդ հոդվածով`

1. Կոլեկտիվ պայմանագիրը գործատուի (գործատուի ներկայացուցչի) կամ գործատուների միության և արհեստակցական միության, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության միջև գրավոր ձևով կնքված կամավոր համաձայնությունն է, որը կարգավորում է աշխատողների և գործատուների միջև աշխատանքային հարաբերությունները: Կոլեկտիվ պայմանագրերը երկկողմ են, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցությամբ կնքվող կոլեկտիվ պայմանագրի, որը եռակողմ է:

2. Կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների կողմերը և նրանց ներկայացուցիչներն իրենց շահերը համաձայնեցնում և վեճերը լուծում են կոլեկտիվ բանակցությունների միջոցով: Կոլեկտիվ բանակցությունների ցանկություն հայտնող կողմը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել մյուս կողմին: Ծանուցման մեջ նշվում են կոլեկտիվ բանակցությունների նպատակը, ինչպես նաև առաջարկությունները և պահանջները:

3. Կոլեկտիվ բանակցության կողմերը պայմանավորվում են կոլեկտիվ բանակցությունները սկսելու օրվա և ընթացակարգի վերաբերյալ:

4. Կոլեկտիվ բանակցությունների վարումը պետք է իրականացվի ողջամիտ և առանց ձգձգումների:

5. Կոլեկտիվ պայմանագրի կողմերը կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն կոլեկտիվ բանակցությունների հետ կապված հարցերի վերաբերյալ հարցումներ անելու միմյանց: Հարցման պատասխանները պետք է ներկայացվեն հարցումն անելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում: Այդ ժամկետը կարող է փոփոխվել կողմերի կամ նրանց ներկայացուցիչների լրացուցիչ պայմանավորվածությամբ:

6. Տեղեկատվություն տրամադրող կողմն իրավունք ունի մյուս կողմից պահանջելու չհրապարակել ստացված տեղեկատվությունը:

7. Կոլեկտիվ բանակցությունները համարվում են ավարտված կոլեկտիվ պայմանագիր կնքելու կամ տարաձայնությունների մասին արձանագրություն կազմելու կամ կողմերից մեկի կողմից մյուս կողմին կոլեկտիվ բանակցություններից դուրս գալու մասին գրավոր ծանուցում ուղարկելու պահից, եթե կողմերն այլ որոշում չեն ընդունել:

8. Կոլեկտիվ բանակցությունները համարվում են չկայացած, եթե սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան` ծանուցում ստացած կողմը հրաժարվում է մասնակցել կոլեկտիվ բանակցություններին:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն`

1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կողմերն են կազմակերպության աշխատողների կոլեկտիվը` ի դեմս կազմակերպությունում գործող արհեստակցական միության, և գործատուն` ի դեմս կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազորած անձի:

2. Կազմակերպությունում մի քանի արհեստակցական միությունների առկայության դեպքում կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը կնքվում է արհեստակցական միությունների միասնական ներկայացուցչական մարմնի և գործատուի միջև:

3. Արհեստակցական միությունների միասնական ներկայացուցչական մարմինն ստեղծում են արհեստակցական միությունները` համապատասխան բանակցությունների միջոցով: Արհեստակցական միությունների համաձայնության բացակայության պատճառով արհեստակցական միությունների միասնական ներկայացուցչական մարմին չստեղծվելու դեպքում միասնական ներկայացուցչական մարմնի ստեղծման մասին որոշում կարող է ընդունել աշխատողների ժողովը (համաժողովը):

4. Կազմակերպությունում արհեստակցական միության բացակայության պատճառով աշխատողների ներկայացուցչության և շահերի պաշտպանության գործառույթները համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությանը փոխանցված լինելու դեպքում կոլեկտիվ պայմանագրի կողմերն են գործատուն և համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությունը:»:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 58 հոդվածի համաձայն`

1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան` կոլեկտիվ պայմանագիր կնքելու համար բանակցություններ սկսելու համաձայնություն ձեռք բերած կողմերը կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի մշակման համար հավասար անդամության սկզբունքով ձևավորում են հանձնաժողով: Հանձնաժողովի կազմը ամրագրվում է արձանագրությամբ: Արձանագրության ստորագրման օրը համարվում է կոլեկտիվ բանակցությունների սկիզբը:

2. Սկսելով կոլեկտիվ բանակցությունները` կողմերը պայմանավորվում են իրենց կողմից տրամադրման ենթակա տեղեկատվության բովանդակության, դրա ներկայացման ժամկետների, կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի մշակման կարգի և ժամկետների վերաբերյալ, որն ամրագրվում է արձանագրությամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք չբերվելու դեպքում կազմվում է արձանագրություն տարաձայնությունների մասին: Արձանագրությունում նշվում են տարաձայնությունների վերացման վերաբերյալ կողմերի առաջարկությունները, ինչպես նաև սահմանվում է կոլեկտիվ բանակցությունների վերսկսելու ժամկետը:

4. Կոլեկտիվ բանակցությունների արդյունքում մշակված կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի նախագիծը ներկայացվում է աշխատողների ժողովի (համաժողովի) քննարկմանը: Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի նախագիծը աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից հավանության չարժանանալու դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) կարող է որոշում ընդունել կոլեկտիվ բանակցությունները նորից սկսելու կամ կոլեկտիվ աշխատանքային վեճ նախաձեռնելու մասին: Կոլեկտիվ աշխատանքային վեճ կարելի է նախաձեռնել նաև, եթե հնարավոր չի լինում վերացնել սույն հոդվածի 3-րդ մասում նշված տարաձայնությունները: Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի նախագիծը աշխատողների ժողովում (համաժողովում) հավանության արժանանալու դեպքում պայմանագիրը ստորագրում են գործատուի և աշխատողների ներկայացուցիչները:

Եթե կոլեկտիվ պայմանագրի նախագծի քննարկմանը հրավիրված աշխատողների ժողովին (համաժողովին) գործատուի մոտ աշխատողների (պատվիրակների) կեսից ավելին չեն մասնակցում, ապա ոչ ուշ, քան ժողովի (համաժողովի) անցկացման օրվանից հետո` հինգ օրվա ընթացքում, հրավիրվում է աշխատողների նոր ժողով (համաժողով):

Քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների (ծառայողների) նկատմամբ կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների նորմերը կարող է կիրառվել միայն համապատասխան օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով:

Քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ չեն կիրառվում օրենսգրքի կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների բաժնում սահմանված նորմերը:

ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն կուսակցություններ և արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են սահմանափակվել զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 45-րդ հոդվածի համաձայն կոլեկտիվ պայմանագիրը գործատուի (գործատուի ներկայացուցչի) կամ գործատուների միության և արհեստակցական միության, իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության միջև գրավոր ձևով կնքված կամավոր համաձայնությունն է, որը կարգավորում է աշխատողների և գործատուների միջև աշխատանքային հարաբերությունները: Կոլեկտիվ պայմանագրերը երկկողմ են, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցությամբ կնքվող կոլեկտիվ պայմանագրի, որը եռակողմ է:

Կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների կողմերը և նրանց ներկայացուցիչներն իրենց շահերը համաձայնեցնում և վեճերը լուծում են կոլեկտիվ բանակցությունների միջոցով: Կոլեկտիվ բանակցությունների ցանկություն հայտնող կողմը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել մյուս կողմին: Ծանուցման մեջ նշվում են կոլեկտիվ բանակցությունների նպատակը, ինչպես նաև առաջարկությունները և պահանջները:

Կոլեկտիվ բանակցության կողմերը պայմանավորվում են կոլեկտիվ բանակցությունները սկսելու օրվա և ընթացակարգի վերաբերյալ:

Կոլեկտիվ բանակցությունների վարումը իրականացվում է ողջամիտ և առանց ձգձգումների:

«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, գործատուներն ու այլ կազմակերպությունները, նրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև այլ անձինք պարտավոր են չխախտել արհեստակցական միության և նրա մասնակիցների (անդամների)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները:

Արհեստակցական միության, նրա ներկայացուցչի իրավունքները խախտելը կամ կազմակերպության կանոնադրական գործունեությանը խոչընդոտելը արհեստակցական միության ղեկավարներին ու ներկայացուցիչներին հետապնդելն առաջ է բերում պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գործատուի նախաձեռնությամբ, այդ թվում` նաև աշխատողների կրճատման դեպքում աշխատողի աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու, ինչպես նաև աշխատողին այլ աշխատանքի փոխադրելու, նրան կարգապահական տույժի ենթարկելու հետ կապված հարաբերություններին, կոլեկտիվ և անհատական վեճերին արհեստակցական միության մասնակցությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

«Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն գործատուների միությունը իրավունք ունի անցկացնելու խորհրդակցություններ (բանակցություններ) միությունների և պետական մարմինների հետ` սոցիալ-տնտեսական քաղաքականությանն առնչվող հիմնական ուղղությունների վերաբերյալ:

ՀՀ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է կոլեկտիվ բանակցությունների ազատությունը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն կազմակերպությունում արհեստակցական միության բացակայության դեպքում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից աշխատողների ներկայացուցչության և շահերի պաշտպանության գործառույթները կարող է փոխանցվել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը: Այդ դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) ընտրում է ներկայացուցիչ (ներկայացուցիչներ), որը ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության պատվիրակության կազմում մասնակցում է տվյալ գործատուի հետ վարվող կոլեկտիվ բանակցություններին:

Կոլեկտիվ բանակցությունների նախնական խորհրդակցությունների անցկացման կարգը սահմանվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով:

 

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

 

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 53-րդ հոդվածի հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում են կողմերը կամ այդ նպատակով նրանց լիազորած ներկայացուցիչները: Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողություն և վերահսկողություն կարող է իրականացնել պետական լիազոր մարմինը, եթե կոլեկտիվ պայմանագրի կողմերը անկարող են ինքնուրույն իրականացնել հսկողություն և համապատասխան խնդրանքով դիմել են պետական լիազոր մարմին:

 

Հոդված 6§3

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը, որը վերաբերում է մասնավոր և հանրային հատվածներում վիճելի հարցերի շուրջ համաձայնության գալու և միջնորդ դատարանի վարույթների հարցերին, հնարավորության դեպքում բոլոր համապատասխան դեպքերում դատարանների կամ դատական այլ մարմինների կողմից կայացված որոշումները: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

 

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 64) կոլեկտիվ աշխատանքային վեճը արհեստակցական միության և գործատուի կամ կոլեկտիվ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող կողմերի միջև տարաձայնություններն են` կողմերի ներկայացրած ու չբավարարված պահանջների վերաբերյալ, որոնք ծագում են կոլեկտիվ պայմանագրի կնքման առիթով բանակցությունների, ինչպես նաև օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված պայմանների փոփոխման կամ աշխատանքի նոր պայմանների սահմանման, կոլեկտիվ պայմանագրի կնքման և կատարման ընթացքում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն կոլեկտիվ աշխատանքային վեճերի քննարկման կարգը կազմված է հետևյալ փուլերից.

1) կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկում հաշտեցման հանձնաժողովում (այդ թվում` միջնորդի մասնակցությամբ): Կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկումը հաշտեցման հանձնաժողովի կողմից կոլեկտիվ վեճերի քննարկման պարտադիր փուլ է.

 

2) կոլեկտիվ աշխատանքային վեճի քննում դատարանում, եթե կոլեկտիվ աշխատանքային վեճը վերաբերում է կոլեկտիվ պայմանագրի կատարման ընթացքին:

Կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմն իրավունք չունի խուսափելու հաշտեցման ընթացակարգերից:

Կոլեկտիվ աշխատանքային վեճը լուծելու համար կողմերի ներկայացուցիչները, հաշտեցման հանձնաժողովը, միջնորդը պարտավոր են օգտագործել օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասով հաշտեցման հանձնաժողովում ներկայացված պահանջների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում ընդունվում է գրավոր որոշում` կոլեկտիվ աշխատանքային վեճը լուծված համարվելու և հաշտեցման գործընթացն ավարտվելու մասին: Հաշտեցման հանձնաժողովի որոշումը կողմերի համար ունի պարտադիր ուժ և ենթակա է կատարման հաշտեցման հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Հաշտեցման հանձնաժողովում ներկայացված պահանջների կամ դրանց մի մասի վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում, կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերը կազմում են արձանագրություն տարաձայնությունների վերաբերյալ և ընդունում են որոշում` կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկումը միջնորդի մասնակցությամբ շարունակելու (եթե վեճը վերաբերում է կոլեկտիվ պայմանագրի կնքմանը կամ փոփոխմանը) կամ վեճը չլուծվելու և հաշտեցման գործընթացն ավարտելու մասին:

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 71) կոլեկտիվ աշխատանքային վեճը քննարկվում է միջնորդի մասնակցությամբ, եթե վեճը վերաբերում է կոլեկտիվ պայմանագրի կնքմանը կամ փոփոխմանը:

Անհրաժեշտության դեպքում կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերը կարող են դիմել աշխատանքի բնագավառի պետական լիազորված մարմին` միջնորդի թեկնածության վերաբերյալ:

Կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկումը միջնորդի մասնակցությամբ իրականացվում է նրան հրավիրելուց հետո յոթ օրվա ընթացքում, հաշտեցման հանձնաժողովում ներկայացված պահանջների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում ընդունվում է գրավոր որոշում կոլեկտիվ աշխատանքային վեճը լուծված համարելու, իսկ ներկայացված պահանջների կամ դրանց մի մասի վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` վեճը չլուծվելու և հաշտեցման գործընթացն ավարտելու մասին:

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 72) կոլեկտիվ պայմանագրի դրույթների կատարման վերաբերյալ կոլեկտիվ աշխատանքային վեճի դեպքում հաշտեցման հանձնաժողովում համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերը տարաձայնությունների վերաբերյալ արձանագրությունը կազմելուց և վեճը չլուծվելու ու հաշտեցման գործընթացն ավարտելու մասին որոշումն ընդունելուց հետո` տասն օրվա ընթացքում կարող են դիմել դատարան:

 

Հոդված 6§4

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը, որը վերաբերում է մասնավոր և հանրային հատվածներում հավաքական գործողություններին, հնարավորության դեպքում տրամադրելով տեղեկատվություն բոլոր համապատասխան դեպքերում դատարանների կամ դատական այլ մարմինների կողմից կայացված որոշումների մասին: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն կազմակերպության կոլեկտիվ պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը սահմանվում է կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով: Եթե կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով նման կարգ սահմանված չէ, ապա կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի փոփոխությունները և լրացումները կատարվում են պայմանագրի կնքման համար օրենսգրքով սահմանված ընթացակարգերով:

Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ կոլեկտիվ աշխատանքային վեճ առաջանալու դեպքում դա քննարկվում է հաշտեցման հանձնաժողովում (այդ թվում` միջնորդի մասնակցությամբ): Կոլեկտիվ աշխատանքային վեճը չլուծվելու (այդ թվում` կոլեկտիվ բանակցությունները չկայանալու, հաշտեցման հանձնաժողովում հարցի քննարկումից հրաժարվելու) դեպքում մնացած ժամկետով շարունակում է գործել կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը, իսկ գործադուլ կազմակերպելն արգելվում է:

2009 թվականի հունիսի 9-ի թիվ ՀՕ-130-Ն «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն 60-րդ հոդվածի 2-րդ մասից հանվել է «իսկ գործադուլ կազմակերպելն արգելվում է» բառերը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 73-րդ հոդվածը` «Գործադուլը կոլեկտիվ պայմանագրի կնքման հետ կապված կոլեկտիվ վեճը չլուծվելու (ներառյալ` կոլեկտիվ բանակցությունները չկայանալու, հաշտեցման հանձնաժողովում հարցի քննարկումից հրաժարվելու) կամ հաշտեցման հանձնաժողովի` օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ընդունած` աշխատողներին բավարարելու որոշումը չկատարելու դեպքում մեկ կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի աշխատանքի ժամանակավոր դադարեցումն է:» շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 73. Գործադուլը

1. Գործադուլը կոլեկտիվ աշխատանքային վեճի լուծման նպատակով մեկ կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի աշխատանքի լրիվ կամ մասնակի ժամանակավոր դադարեցումն է:

2. Արհեստակցական միությունը օրենսգրքով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում գործադուլ կազմակերպելու իրավունք ունի, եթե`

1) հաշտեցման գործընթացների արդյունքում կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի կնքման հետ կապված վեճը չի լուծվել.

2) գործատուն խուսափում է հաշտեցման գործընթաց իրականացնելուց.

3) գործատուն չի կատարում հաշտեցման հանձնաժողովի` օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ընդունված` աշխատողներին բավարարող որոշումը կամ նախօրոք կնքված կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները:»:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 75-րդ հոդվածով արգելվում է գործադուլ հայտարարել ոստիկանությունում, զինված ուժերում (դրան հավասարեցված այլ ծառայություններում), պահպանության ծառայություններում, ինչպես նաև կենտրոնացված էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման կազմակերպություններում, անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններում: Նման կազմակերպությունների և ծառայությունների աշխատողների առաջադրած պահանջները քննարկվում են սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում` համապատասխան արհեստակցական կազմակերպության և գործատուի մասնակցությամբ:

2. Տարերային աղետի գոտիներում, ինչպես նաև այն տարածաշրջաններում, որոնցում սահմանված կարգով հայտարարված է ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ (դրություն), գործադուլներն արգելվում են մինչև տարերային աղետի հետևանքների վերացումը կամ ռազմական դրության, արտակարգ իրավիճակի (դրության) սահմանված կարգով վերացումը:

3. Կոլեկտիվ պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում արգելվում է գործադուլ հայտարարելը:

2009 թվականի հունիսի 9-ի թիվ ՀՕ-130-Ն «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասը «Կոլեկտիվ պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում արգելվում է գործադուլ հայտարարելը» ճանաչվել է ուժը կորցրած:

 

Հոդված 22. Աշխատանքային պայմանների և աշխատանքային միջավայրի սահմանմանը և բարելավմանը մասնակցելու իրավունքը

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

 

Կարգավորվում է հետևյալ իրավական փաստաթղթերում.

 

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն

 

- ՀՀ աշխատանքային օրենսգիրք և այլ իրավական ակտեր

 

ա) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 244 և 245 հոդվածների համաձայն` գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքի նորմալ պայմաններ, որպեսզի աշխատողները կարողանան կատարել աշխատանքի նորմաները: Այդպիսի պայմաններ են`

1) մեխանիզմների, սարքավորումների և աշխատանքի այլ միջոցների սարքին վիճակը.

2) տեխնիկական փաստաթղթերով ժամանակին ապահովելը.

3) աշխատանքի կատարման համար անհրաժեշտ նյութերի և գործիքների պատշաճ որակը և դրանց ժամանակին տրամադրելը.

4) արտադրությունն ապահովելը էլեկտրաէներգիայով, գազով և էներգիայի այլ տեսակներով.

5) առողջության համար աշխատանքի անվտանգ և անվնաս պայմանները (անվտանգության տեխնիկայի նորմերի և կանոնների պահպանումը, պատշաճ լուսավորությունը, ջերմությունը, օդափոխությունը, սահմանված նվազագույն նորմերից ցածր աղմուկը, ճառագայթումը, վիբրացիան և աշխատողի առողջության համար բացասական ներգործություն ունեցող այլ գործոններ).

6) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են որոշակի աշխատանքներ կատարելու համար:

 

Յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը և շրջապատող միջավայրը պետք է լինեն անվտանգ, հարման և առողջության համար անվնաս, կահավորված` աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

Նոր և վերակառուցված օբյեկտները (համալիրները, ձեռնարկությունները, գործարանները, արտադրամասերը և այլն) շահագործման են հանձնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

 

բ) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 49-րդ և 242-րդ հոդվածների համաձայն`

 

1. Հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի բովանդակությունը և կառուցվածքը որոշում են պայմանագրի կողմերը:

 

2. Հանրապետական կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել`

 

1) աշխատանքի անվտանգությունը և հիգիենան ապահովող լրացուցիչ միջոցառումներ.

2) զբաղվածության լրացուցիչ երաշխիքներ.

3) սոցիալ-աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ, որոնք կողմերը համարում են անհրաժեշտ.

4) կոլեկտիվ պայմանագրի կատարման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և դրա կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը:

3. Ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերով կարող են սահմանվել`

1) աշխատանքի վարձատրության պայմանները, աշխատանքի վարձատրության կարգավորման մեխանիզմները` հաշվի առնելով սղաճի մակարդակը և գների աճը.

2) աշխատանքի պայմանները.

3) աշխատաժամանակը և հանգստի ժամանակը (ներառյալ` արձակուրդների տրամադրումը և դրանց տևողությունը).

4) աշխատողների թվաքանակի կրճատման կարգը և պայմանները, երաշխիքները կրճատումների դեպքերում.

5) աշխատանքի անվտանգության և հիգիենայի պայմանները.

6) արտադրության էկոլոգիական անվտանգության և աշխատողների առողջության պահպանման պայմանները.

7) աշխատողների` մասնագիտություն ձեռք բերելու, որակավորումը բարձրացնելու և վերաորակավորվելու պայմանները.

8) այնպիսի երաշխիքներ և հատուցումներ, որոնք կողմերը համարում են անհրաժեշտ.

9) կոլեկտիվ պայմանագրի կատարման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և դրա կատարման նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու կարգը.

10) կոլեկտիվ պայմանագիրը չկատարելու համար պատասխանատվությունը.

11) կոլեկտիվ աշխատանքային վեճերի դեպքում աշխատողների և գործատուների կողմից պահանջների ներկայացման կարգն ու ժամկետները.

12) կոլեկտիվ վեճերից, գործադուլներից խուսափելուն ուղղված սոցիալական գործընկերության միջոցառումները.

13) կողմերի համաձայնությամբ` այլ հարցեր: (հոդված 49):

 

Աշխատողների անվտանգությունը և առողջությունը աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի և առողջության պահպանման համակարգ է, որը ներառում է իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական-տեխնիկական, սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելիչ, վերականգնողական և այլ միջոցառումներ (հոդված 242):

 

Հոդված 28. Ձեռնարկությունում և նրանց տրամադրվելիք մեխանիզմներում աշխատողների ներկայացուցիչների պաշտպանվածության իրավունքը

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի, այդ թվում, հնարավորության դեպքում, դատարանների և դատական այլ մարմինների կայացրած որոշումների նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ գործատուները և աշխատողները կարող են ձեռք բերել աշխատանքային իրավունքներ և պարտավորություններ, փոփոխել կամ հրաժարվել դրանցից և պաշտպանել դրանք իրենց ներկայացուցիչների միջոցով: Գործատուների և աշխատողների ներկայացուցչությունը կարող է իրականացվել ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական աշխատանքային հարաբերություններում: Ներկայացուցչությունը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով, իսկ ներկայացուցչությունը անհատական աշխատանքային հարաբերություններում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:

 

Ներկայացուցչությունը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում ծագում է, եթե ներկայացուցիչը ներկայացնում է աշխատողների կեսից ավելիի կամքը: Նման ներկայացուցչության միջոցով ստանձնած ընդհանուր բնույթի պարտավորությունները պարտադիր են նաև կոլեկտիվի ներկայացուցչին հատուկ լիազորություններ չվերապահած բոլոր այն աշխատողների համար, ովքեր ստանձնած պարտավորությունների գործողության ոլորտում են:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է (հոդված 23), որ աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնել և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանել կարող են արհեստակցական միությունները: Կազմակերպությունում արհեստակցական միության բացակայության դեպքում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից աշխատողների ներկայացուցչության և շահերի պաշտպանության գործառույթները կարող են փոխանցվել համապատասխան ճյուղային և տարածքային արհեստակցական միությանը: Այդ դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) ընտրում է ներկայացուցիչ (ներկայացուցիչներ), որը ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության պատվիրակության կազմում մասնակցում է գործատուի հետ վարվող կոլեկտիվ բանակցություններին:

 

Միևնույն անձը միաժամանակ չի կարող ներկայացնել աշխատողների և գործատուների շահերն ու պաշտպանել դրանք:

 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 23-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու իրավունք ունեն աշխատողների ներկայացուցիչները` արհեստակցական միությունները կամ աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված մարմինը: Աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված, աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնող և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանող մարմինը ունի արհեստակցական միությանը հավասար իրավունքներ` բացառությամբ գործադուլ անելու իրավունքից:

 

Կազմակերպությունում աշխատողների ներկայացուցիչների բացակայության դեպքում` աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից աշխատողների ներկայացուցչության և շահերի պաշտպանության գործառույթները կարող են փոխանցվել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը: Այդ դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) ընտրում է ներկայացուցիչ (ներկայացուցչություններ), որը ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության պատվիրակության կազմում մասնակցում է տվյալ գործատուի հետ վարվող կոլեկտիվ բանակցություններին:»:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը (հոդված 25) սահմանում է, որ աշխատողների ներկայացուցիչներն իրավունք ունեն վարելու կոլեկտիվ բանակցություններ, կնքելու կոլեկտիվ պայմանագրեր, իրականացնելու դրանց կատարման հսկողությունը, գործատուին ներկայացնելու առաջարկություններ աշխատանքի կազմակերպման վերաբերյալ, կազմակերպելու և գլխավորելու գործադուլներ և օրինական այլ միջոցառումներ, որոնց անցկացնելու իրավունք ունեն աշխատողները, առաջարկություններ ներկայացնելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ իրականացնելու ոչ պետական վերահսկողություն, օրենքով սահմանված կարգով գործատուից ստանալու տեղեկատվություն, ՀՀ օրենսդրությանը, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերին հակասող կամ աշխատողների ներկայացուցչի իրավունքները խախտող գործատուի և նրա լիազորած անձանց որոշումները և գործողությունները բողոքարկելու դատական կարգով:

 

Աշխատողների ներկայացուցիչներն իրավասու են կատարելու նաև օրինական այլ գործողություններ` իրականացնելով աշխատողների շահերի ներկայացուցչությունը:

 

1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն գործատուն պարտավոր է`

1) հարգել աշխատողների ներկայացուցիչների իրավունքները և չխոչընդոտել նրանց գործունեությանը: Աշխատողների ներկայացուցչի գործունեությունը չի կարող դադարեցվել գործատուի ցանկությամբ.

2) խորհրդակցել աշխատողների ներկայացուցիչների հետ աշխատողների իրավական վիճակի վրա ազդող որոշումներ ընդունելիս, իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերում ստանալ նրանց համաձայնությունը.

3) ապահովել կոլեկտիվ բանակցությունների վարումը սեղմ ժամկետներում.

4) օրենսգրքով սահմանված ժամկետներում, իսկ ժամկետներ սահմանված չլինելու դեպքում ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, քննարկել աշխատողների ներկայացուցիչների առաջարկությունները և տալ գրավոր պատասխաններ.

5) աշխատողների ներկայացուցիչներին անվճար տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ` աշխատանքին վերաբերող հարցերի վերաբերյալ.

6) կատարել կոլեկտիվ պայմանագրով սահմանված այլ պարտականություններ.

7) ապահովել աշխատողների ներկայացուցչի` օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացումը:

2. Աշխատողների ներկայացուցչի կողմից գործատուի իրավունքները, օրենսդրության պահանջները կամ պայմանագրերի նորմերը խախտելու դեպքերում գործատուն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու դատարան` աշխատողների ներկայացուցչի անօրինական գործունեությունը դադարեցնելու պահանջով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքով (հոդված 43) սահմանվում է, որ աշխատողներն իրավունք ունեն ստանալ աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ օրենքով չարգելված տեղեկատվություն: Աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվությունը գործատուն տրամադրում է աշխատողների ներկայացուցիչներին: Տրամադրվող տեղեկատվության չափը պայմանավորվում է սոցիալական գործընկերության մակարդակով:

 

Տեղեկատվությունը ներառում է`

 

1) տեղեկություններ` գործատուի ներկա և ապագա գործունեության մասին,

 

2) տեղեկություններ` կադրերի զբաղվածության հնարավոր փոփոխությունների մասին,

 

3) տեղեկություններ` աշխատողների թվաքանակի հնարավոր կրճատումների դեպքում իրականացվելիք միջոցառումների մասին,

 

4) այլ տեղեկություններ` աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ, եթե այդ տեղեկությունները պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիք չեն համարվում:

 

Տեղեկատվության տրամադրման կարգը և պայմանները սահմանվում են կողմերի համաձայնությամբ:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը (հոդված 119) սահմանում է, որ աշխատողների ներկայացուցչական (արհեստակցական միության) մարմիններում ընտրված աշխատողները իրենց լիազորությունների իրականացման ժամկետում, գործատուի նախաձեռնությամբ (հոդված 113) չեն կարող ազատվել աշխատանքից` առանց աշխատանքի պետական տեսուչի նախնական համաձայնության, բացառությամբ.

 

- կազմակերպության լուծարման (անհատական ձեռնարկատիրոջ գործունեության դադարման),

 

- գործատու սնանկ ճանաչվելու,

 

- փորձաշրջանի անբավարար արդյունքի,

 

- աշխատողի կողմից պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու,

 

- աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու,

 

- աշխատանքի շարունակումը անհնար դարձնող դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու,

 

- օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի աշխատանքներ կատարելու համար հատուկ իրավունքից աշխատողի զրկման,

 

- բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի եզրակացությանը համապատասխան այդ պաշտոնը աշխատողի կողմից զբաղեցնելու կամ այդ աշխատանքը կատարելու անհնարինության,

 

- աշխատողի տասնչորսից մինչև տասնվեց տարեկան լինելու պատճառով ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժշկի կամ աշխատանքի պետական տեսուչի աշխատանքային պայմանագրի լուծման պահանջի դեպքերում:

 

2. Աշխատողների ներկայացուցչին աշխատանքից ազատելու մասին համաձայնություն ստանալու վերաբերյալ գործատուն պետք է դիմի աշխատանքի պետական տեսուչին: Աշխատանքի պետական տեսուչը պարտավոր է պատասխանել գործատուին դիմումն ստանալու օրվանից հետո` 14 օրվա ընթացքում: Աշխատանքի պետական տեսուչն աշխատողին ազատելու համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին որոշումը պարտավոր է ներկայացնել գրավոր: Եթե սահմանված ժամկետում պատասխան չի տրվում, ապա գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը:

 

3. Աշխատողին ազատելու համաձայնություն չտալու մասին որոշումը գործատուն կարող է բողոքարկել դատական կարգով: Դատարանը կարող է անվավեր ճանաչել այդ որոշումը, եթե դրանով ոտնահարվում են գործատուի շահերը:

 

4. 1-ին մասով նախատեսված երաշխիքը կարող է կիրառվել աշխատողների ներկայացուցիչ չհամարվող աշխատողների նկատմամբ, եթե դա նախատեսված է կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով:

 

«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (հոդվածներ 23 և 25) սահմանում է, որ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, գործատուներն ու այլ կազմակերպությունները, նրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև այլ անձինք պարտավոր են չխախտել արհեստակցական միության և նրա մասնակիցների (անդամների) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները:

 

Հասարակական պարտականությունների կատարման, արհմիութենական միջոցառումներին մասնակցելու ժամանակահատվածում արհեստակցական միության ընտրովի մարմինների անդամների աշխատանքից բացակայության և այդ ընթացքում նրանց վարձատրության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և գործատուի հետ կնքած կոլեկտիվ պայմանագրով (համաձայնագրով):

 

Արհեստակցական միության մարմիններում ընտրված անձանց համար կոլեկտիվ պայմանագրով (համաձայնագրով) կարող են նախատեսվել այլ երաշխիքներ:

 

«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (հոդված 23) սահմանում է, որ արհեստակցական միության, նրա ներկայացուցչի իրավունքները խախտելը կամ կազմակերպության կանոնադրական գործունեությանը խոչընդոտելը, արհեստակցական միության ղեկավարներին ու ներկայացուցիչներին հետապնդելն առաջ է բերում պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը (հոդված 38) սահմանում է, որ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:

 

Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`

 

1) իրավունքը ճանաչելով,

 

2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով,

 

3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով կամ վերացնելով,

 

4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով,

 

5) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին հակասող ակտը չկիրառելով,

 

6) իրավունքի ինքնապաշտպանությամբ,

 

7) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով,

 

8) վնասի հատուցում ստանալով,

 

9) տուգանք (տուժանք) բռնագանձելով,

 

10) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով,

 

11) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

 

«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (հոդված 23) սահմանում է, որ գործատուն, կոլեկտիվ պայմանագրով (համաձայնագրով) սահմանված կարգով, արհեստակցական միությանը տրամադրում է անհրաժեշտ պայմաններ` արհեստակցական միության կանոնադրությամբ նախատեսված աշխատանքների կազմակերպման և կատարման համար:

Պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, գործատուներին, այլ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց արգելվում է խոչընդոտել կամ միջամտել արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է (Հոդված 41)`

 

Աշխատողների ներկայացուցիչների` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավունքների իրականացմանը խոչընդոտելը`

 

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

 

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում`

 

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

 

3) Խնդրում են տրամադրել համապատասխան թվային տվյալներ, վիճակագրություն կամ ցանկացած այլ համապատասխան տեղեկատվություն:

 

Աղյուսակ. Աշխատուժի շարժն ըստ տնտեսական ոլորտների (9)

 

______________________________

9) Աշխատանքի շուկան ՀՀ 2003-2007, ԱՎԾ 2008 թ.:

 

._________________________________________________________________________.

|             |Աշխատանքի ընդունվածների և  ազատվածների թիվը աշխատողների    |

|             |ցուցակային թվի նկատմամբ (արտահայտած տոկոսներով)            |

|             |___________________________________________________________|

|             |    2003   |   2004    |   2005    |    2006   |   2007    |

|             |___________|___________|___________|___________|___________|

|             |Աշխա-|Աշխա-|Աշխա-|Աշխա-|Աշխա-|Աշխա-|Աշխա-|Աշխա-|Աշխա-|Աշխա-|

|             |տանքի|տան- |տանքի|տան- |տանքի|տան- |տանքի|տան- |տանքի|տան- |

|             |ըն-  |քից  |ըն-  |քից  |ըն-  |քից  |ըն-  |քից  |ըն-  |քից  |

|             |դուն-|ազատ-|դուն-|ազատ-|դուն-|ազատ-|դուն-|ազատ-|դուն-|ազատ-|

|             |ված- |ված- |ված- |ված- |ված- |ված- |ված- |ված- |ված- |ված- |

|             |ների |ների |ների |ների |ների |ների |ների |ների |ների |ների |

|             |թիվը |թիվը |թիվը |թիվը |թիվը |թիվը |թիվը |թիվը |թիվը |թիվը |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ընդամենը     | 16.4| 23.6|  156| 18.7| 20.0| 18.4| 17.8| 16.4| 19.4| 17.6|

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Գյուղատնտե-  | 22.4| 36.7| 35.6| 37.8| 46.5| 39.5| 36.0| 44.0| 57.6| 53.0|

|սություն     |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Արդյունաբե-  | 25.9| 31.8| 27.1| 32.2| 35.8| 37.4| 30.6| 28.8| 30.7| 29.3|

|րություն     |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Շինարարու-   | 85.1| 92.8| 74.8| 70.2| 93.5| 69.5| 80.2| 76.2| 77.1| 62.7|

|թյուն        |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Տրանսպորտ և  | 15.8| 20.8| 11.6| 15.5| 13.1| 12.7| 15.1| 12.9| 13.3| 16.4|

|կապ          |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ֆինանսական   | 31.8| 31.8| 18.4| 10.2| 18.5|  9.8| 28.3| 20.0| 31.0| 17.8|

|գործունեու-  |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|թյուն        |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Կրթություն   |  3.3|  9.4|  3.7|  7.3|  3.8|  4.3|  8.3|  7.6|  9.4|  9.3|

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Առողջապահու- |  2.9| 22.1|  2.7| 10.6|  4.2|  3.4|  5.9|  5.4|  7.9|  6.8|

|թյուն և      |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|սոցիալական   |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|ծառայություն-|     |     |     |     |     |     |     |     |     |     |

|ների         |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|մատուցում    |     |     |     |     |     |     |     |     |     |     |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Այլ          | 16.1| 18.0| 13.8| 13.4| 18.0| 15.0| 16.4| 14.9| 19.6| 16.2|

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ. Աշխատանքից ազատվածների բաշխումը ըստ ազատման պատճառների և

տնտեսության ոլորտների` բոլոր ազատվածների նկատմամբ, %

 

.______________________________________________________________________

|                   |Սեփական ցանկությամբ     |Աշխատատեղերի կրճատման   |

|                   |ազատվածներ              |հետևանքով  ազատվածներ   |

|___________________|________________________|________________________|

|                   |2003|2004|2005|2006|2007|2003|2004|2005|2006|2007|

|___________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|Ընդամենը           |57.4|57.8|64.7|74.3|74.5|18.4|21.5|16.2| 5.5| 5.8|

|___________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|Գյուղատնտեսություն |33.3|23.3|76.5|72.7|65.0|16.7|17.6| 5.9| 0.0| 6.9|

|___________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|Արդյունաբերություն |55.2|63.5|67.0|67.5|74.5|19.4|16.8|14.2| 3.7| 4.1|

|___________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|Շինարարություն     |54.8|53.8|62.6|66.2|74.2|12.5|14.2|16.8| 9.1| 5.0|

|___________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|Տրանսպորտ և  կապ   |61.0|56.2|61.8|82.2|75.0|20.2|29.8|19.9| 6.1| 7.1|

|___________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|Ֆինանսական         |45.7|53.1|74.1|88.6|74.3|41.3|21.9| 3.7| 2.9| 9.9|

|գործունեություն    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|___________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|Կրթություն         |40.6|33.3|50.0|79.2|65.4|42.6|56.5|40.0| 6.9| 7.9|

|___________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|Առողջապահություն և |91.7|72.1|57.1|78.3|80.8| 3.3|20.9|14.3|13.0| 8.6|

|սոցիալական         |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|ծառայությունների   |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|մատուցում          |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|___________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|Այլ                |49.6|64.5|61.9|81.9|79.5|13.0|18.3|18.1| 5.7| 5.8|

.______________________________________________________________________

 

.____________________  _________________________.

|                   |  |Այլ պատճառներով         |

|                   |  |ազատվածներ              |

|___________________|  |________________________|

|                   |  |2003|2004|2005|2006|2007|

|___________________|  |____|____|____|____|____|

|Ընդամենը           |  |24.3|20.9|19.3|14.4|13.3|

|___________________|  |____|____|____|____|____|

|Գյուղատնտեսություն |  |55.6|52.9|17.6| 9.1|28.2|

|___________________|  |____|____|____|____|____|

|Արդյունաբերություն |  |25.4|19.7|18.4|19.4|12.0|

|___________________|  |____|____|____|____|____|

|Շինարարություն     |  |32.7|31.1|20.6|19.5|14.2|

|___________________|  |____|____|____|____|____|

|Տրանսպորտ և  կապ   |  |18.8|14.9|19.4| 9.3|13.1|

|___________________|  |____|____|____|____|____|

|Ֆինանսական         |  |13.0|25.0|22.2| 8.6|15.1|

|գործունեություն    |  |    |    |    |    |    |

|___________________|  |____|____|____|____|____|

|Կրթություն         |  |17.8|10.1|10.0|11.1|14.4|

|___________________|  |____|____|____|____|____|

|Առողջապահություն և |  | 5.0| 7.0|28.6| 4.3|10.2|

|սոցիալական         |  |    |    |    |    |    |

|ծառայություններ    |  |    |    |    |    |    |

|մատուցում          |  |    |    |    |    |    |

|___________________|  |____|____|____|____|____|

|Այլ                |  |36.6|19.4|21.9| 9.5|12.5|

.____________________  _________________________.

 

2005-2008 թթ. ձեռնարկություններում աշխատողների ներկայացուցիչների իրավունքների ապահովման հարցերի հետ կապված ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 119-րդ հոդվածի հիման վրա քննարկվել է գործատուների կողմից ներկայացված արհմիության նախագահների և աշխատողների ներկայացուցիչների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը գործատուի նախաձեռնությամբ լուծելու նպատակով համաձայնություն տալու վերաբերյալ 3 միջնորդություններ: Բոլոր երեք դեպքերում միջնորդությունները մերժվել են` ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի որոշմամբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.05.2010
N 17
Արձանագրային որոշում