Սեղմել Esc փակելու համար:
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

27 մայիսի 2010 թվականի N 20

 

19. ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Գիտության ոլորտի զարգացման ռազմավարությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ մշակել և մինչև 2010 թվականի նոյեմբերի առաջին տասնօրյակը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի 27-ի նիստի

N 20 արձանագրային որոշման

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

1. ՆԱԽԱԲԱՆ

 

Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը (այսուհետ` ռազմավարություն) ամրագրում է 2011-2020 թվականներին գիտության ոլորտի հեռանկարային զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը: Ռազմավարությունը Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի ներկա վիճակի, առկա հիմնախնդիրների, հեռանկարային զարգացման նպատակների և ուղղությունների վերաբերյալ դրույթների ամբողջություն է:

Ռազմավարությունը հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2011-2015 և 2016-2020 թվականների ռազմավարական ծրագրերի մշակման համար: Այդ ծրագրերը ապահովելու են Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի դինամիկ և նպատակաուղղված զարգացումը և իրականացվելու են կառավարության, մասնավոր բիզնեսի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և սփյուռքի ջանքերի զուգակցմամբ:

 

2. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Անկախության տարիներին որոշակիորեն պահպանվել են հանրապետության գիտական ներուժը, գիտական կազմակերպությունները և դպրոցները, ձեռք են բերվել որոշակի նվաճումներ գիտական և գիտատեխնիկական գործունեության տարբեր բնագավառներում: Ներկայում գիտության ոլորտում գոյություն ունեն հետևյալ դրական գործոնները.

- 2009 թվականի պետական բյուջեում գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի գծով հատկացումները կազմել են 8 374 626.9 հազար դրամ, որը 2001 թվականի համեմատությամբ ավելացել է ավելի քան 3 անգամ: 2008-2009 թվականներին միջազգային դրամաշնորհներով (FP6, FP7, INTAS, CRDF, ISTC, NATO և այլն) իրականացվել է տարեկան 20 հազար ԱՄՆ դոլարը գերազանցող ավելի քան 50 գիտական ծրագիր, որոնց ֆինանսավորման ընդհանուր ծավալները կազմել են տարեկան շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար:

- Հանրապետության գիտական և գիտակրթական կազմակերպություններում գիտական գործունեությամբ զբաղվում է շուրջ 17 հազար մարդ: Պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական ծրագրերում և թեմաներում ընդգրկված է շուրջ 7.5 հազար գիտնական և գիտական աշխատող, որոնցից 3075-ը ունի գիտական աստիճան (տե՛ս Աղյուսակ 1): 2008 թվականին պաշտպանվել են 520 թեկնածուական և 46 դոկտորական ատենախոսություններ` գիտության 20 մասնագիտությունների գծով: 2009 թվականի դրությամբ ասպիրանտական համակարգում ընդգրկված է 1389 ասպիրանտ, որոնցից 678-ը` առկա և 711-ը` հեռակա ուսուցմամբ:

- Ներդրվել է պետական բյուջեից գիտական ծրագրերի և թեմաների մրցութային և ծրագրային ֆինանսավորման համակարգը: 2009 թվականին պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում են նպատակային-ծրագրային հետազոտությունների` 6, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման և զարգացման` 86, հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների` 85, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանության` 3 ծրագրեր և պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների` 710 թեմաներ: Գիտական ծրագրերը և թեմաներն իրականացվում են 116 գիտական և գիտակրթական կազմակերպություններում, որոնք ներկայացնում են Գիտությունների ազգային ակադեմիան, 11 նախարարություն, Երևանի քաղաքապետարանը և ընդհանուր թվով 17 կազմակերպություն` 2 ՊՈԱԿ, 1 ԲԲԸ, 3 ՓԲԸ, 10 ՍՊԸ և 1 ՀԿ (տե՛ս Աղյուսակ 1): Ընդհանուր առմամբ այդ 116 կազմակերպություններից 66-ը ՊՈԱԿ է, 31-ը` ՓԲԸ, 11-ը` ՍՊԸ, 2-ը` ՊՓԲԸ, 3-ը` ԲԲԸ և 3-ը` ՀԿ: 2 պայմանագրային (թեմատիկ) թեմա իրականացնում են անհատ կատարողներ:

- Կատարելագործվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության օրենսդրական և նորմատիվ-իրավական դաշտը, ստեղծվել են ավելի քան 30 ոչ պետական գիտական կազմակերպություններ, գիտական հիմնադրամներ և հասարակական կազմակերպություններ, որոնցից 17-ը պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացնում են գիտական ծրագրեր:

- Ընդլայնվել է գիտական կազմակերպությունների ինքնուրույնությունը: Պետական գիտական կազմակերպությունների տնտեսական և այլ ծախսերը 2009 թվականի պետական բյուջեով ավելի քան կրկնապատկվել են:

 

.________________________________________________________________.

|Հ/հ|          Գերատեսչություն            |Կազմ. |Գիտ. աստ.      |

|   |                                     |քանակը|ունեցողների    |

|   |                                     |      |քանակը         |

|   |                                     |      |_______________|

|   |                                     |      |Դոկտոր|թեկնածու|

|___|_____________________________________|______|______|________|

| 1 |Գիտությունների ազգային ակադեմիա      |  35  |  265 |  1001  |

|___|_____________________________________|______|______|________|

| 2 |Կրթության և  գիտության նախարարություն|  17  |  298 |   854  |

|___|_____________________________________|______|______|________|

| 3 |Առողջապահության նախարարություն       |  13  |  35  |    84  |

|___|_____________________________________|______|______|________|

| 4 |Էկոնոմիկայի նախարարություն           |  9   |  42  |   158  |

|___|_____________________________________|______|______|________|

| 5 |Գյուղատնտեսության նախարարություն     |  9   |  24  |   127  |

|___|_____________________________________|______|______|________|

| 6 |Մշակույթի նախարարություն             |  6   |   5  |    20  |

|___|_____________________________________|______|______|________|

| 7 |Բնապահպանության նախարարություն       |  2   |   2  |     3  |

|___|_____________________________________|______|______|________|

| 8 |Պաշտպանության նախարարություն         |  2   |   2  |     2  |

|___|_____________________________________|______|______|________|

| 9 |Քաղաքաշինության նախարարություն       |  1   |   1  |     4  |

|___|_____________________________________|______|______|________|

| 10|Էներգետիկայի և  բնական պաշարների     |  1   |   1  |     2  |

|   |նախարարություն                       |      |      |        |

|___|_____________________________________|______|______|________|

| 11|Տարածքային կառավարման նախարարություն |  1   |   1  |     9  |

|___|_____________________________________|______|______|________|

| 12|Արտակարգ իրավիճակների նախարարություն |  1   |   3  |     5  |

|___|_____________________________________|______|______|________|

| 13|Երևանի  քաղաքապետարան                |  2   |   7  |    24  |

|___|_____________________________________|______|______|________|

| 14|Այլ կազմակերպություններ              |  17  |  28  |    68  |

|___|_____________________________________|______|______|________|

| 15|Անհատ կատարող                        |  -   |   1  |     1  |

|___|_____________________________________|______|______|________|

| 16|Ընդամենը                             |  116 |  714 |  2361  |

.________________________________________________________________.

 

Աղյուսակ 1. 2009 թվականի տվյալներով պետական գիտական ծրագրերի և թեմաների իրականացման մեջ ներգրավված կազմակերպությունները և գիտական աստիճան ունեցող կատարողները:

 

- Գիտության ոլորտի երիտասարդացման քաղաքականության շրջանակներում 2008-2009 թվականներին կազմակերպվել է 4 երիտասարդական ամառային դպրոց, որին մասնակցել է ավելի քան 150 երիտասարդ գիտնական և ասպիրանտ: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ ապահովվել է 6 երիտասարդ գիտնականների և ասպիրանտների մասնակցությունը միջազգային գիտաժողովներին:

- Ընդհանուր առմամբ 2008-2009 թվականներին պետական բյուջեի ֆինանսավորմամբ ապահովվել է բարձր վարկանիշ ունեցող 20 գիտնականի մասնակցությունը միջազգային գիտաժողովների, սեմինարների և խորհրդակցությունների աշխատանքներին: Պետական աջակցություն է ստացել հանրապետությունում կազմակերպված միջազգային նշանակության 25 գիտաժողով:

- 2008-2009 թվականներին ստեղծվել է անկախ գիտական փորձաքննության համակարգը, որում ընդգրկվել է շուրջ 1200 գիտնական` հանրապետությունից և օտարերկրյա պետություններից:

- 2008 թվականից առանձնակի ուշադրություն է դարձվել հայագիտությանը: Մասնավորապես, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան) և Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տնտեսական ծախսերի ավելացման հետ մեկտեղ, ավելի քան 40% ավելացել է մեկ հաստիքի հաշվարկով միջին աշխատավարձը: 2008-2009 թվականներին հայագիտական հետազոտական ծրագրերն ավելացել են երեքով, այդ թվում` մեկ պետական նպատակային ծրագիր:

- Գիտական որոշ ուղղություններ իրենց ուրույն տեղն ունեն միջազգային գիտական և գիտակրթական տարածքում, ընդլայնվել է միջազգային համագործակցությունը: 2008-2009 թվականներին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից ստորագրվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում համագործակցության հուշագրեր և համաձայնագրեր Ռուսաստանի Դաշնության հիմնարար հետազոտությունների հիմնադրամի, Ֆրանսիայի Հանրապետության գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի, Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ:

- Հանրապետության գիտնականների հեղինակությամբ կամ համահեղինակությամբ իրականացվել են միջազգային բարձր մակարդակին համապատասխանող մի շարք աշխատանքներ, որոնք հրապարակվել են հեղինակավոր գիտական ամսագրերում: Գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների անձնագրային տվյալներով` 2007 թվականին հանրապետության գիտնականների հեղինակությամբ կամ համահեղինակությամբ հանրապետական և օտարերկրյա գրախոսվող պարբերականներում հրապարակվել է 5569 աշխատություն (ներառյալ գիտական կազմակերպությունների համատեղ աշխատանքները), ստացվել է հեղինակային իրավունքի 181 վկայագիր, որից 3-ը` օտարերկրյա պետություններում: Ընդ որում, 492 աշխատություն հրատարակվել է միջազգային առաջատար գիտատեղեկատվական և գիտավերլուծական կայքերում ընդգրկված ամսագրերում (ըստ «Թոմսոն Ռոյթեր» կայքի): Այդպիսի հոդվածների ընդհանուր քանակը 1991-2008 թվականների ընթացքում կազմել է 6171 (տե՛ս Նկար 1).

 

_________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Նկար 1. 1991-2008 թվականների ընթացքում հանրապետության գիտնականների և գիտական աշխատողների հեղինակությամբ կամ համահեղինակությամբ հրատարակված և միջազգային առաջատար գիտատեղեկատվական կայքերում ընդգրկված հոդվածների քանակը` ըստ տարիների:

 

- Մի շարք գիտնականներ արժանացել են բարձր գնահատականի և մրցանակների, ինչպես հանրապետությունում, այնպես էլ միջազգային ասպարեզում. վերջին 5 տարվա ընթացքում գիտության բնագավառի ներկայացուցիչներին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 30 և շուրջ 100 միջազգային մրցանակ:

Այս բոլորով հանդերձ սակայն, գիտության ոլորտում արմատական բարեփոխումների ձգձգումը հանգեցրել է բազմաթիվ խնդիրների: Դրանց պատճառներն են`

- խորհրդային ժամանակների համեմատ ֆինանսավորման կտրուկ կրճատումը և դրա ցածր արդյունավետությունը,

- պետական առաջնահերթությունների բացակայությունը,

- գիտական ներուժի զարգացման և վերարտադրության հնարավորության սահմանափակումը,

- առկա նյութատեխնիկական բազայի և ենթակառուցվածքների անբավարար մակարդակը,

- գիտական արդյունքների ներդրման և առևտրայնացման համակարգի դանդաղ ձևավորումը:

Ներկայում գիտության ոլորտում առկա են հետևյալ հիմնախնդիրները.

- Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի պետական քաղաքականության մշակումը և աշխատանքների կազմակերպումը չեն իրականացվել բավարար ձևով` հաշվի առնելով ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգի ձևավորման պահանջները: Խզվել է հիմնարար հետազոտություններ-կիրառական հետազոտություններ-ինովացիոն գործունեություն կապը, հետազոտություններում մեծ թիվ են կազմում թեմատիկ կրկնությունները և տեղի են ունենում պետական սուղ միջոցների փոշիացում:

- Առկա նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները չեն ապահովում գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը: Գիտական սարքավորումների բացարձակ մեծամասնությունը հնացած է, նրանց տեխնիկական վիճակը հնարավորություն չի տալիս իրականացնելու բարձր մակարդակի գիտական, հատկապես կիրառական բնույթի հետազոտություններ, իսկ պահպանումը և շահագործումը պահանջում են մեծ ֆինանսական միջոցներ: Գրեթե բացակայում է ԽՍՀՄ-ում երբեմնի մեծ համբավ վայելող գիտական սարքաշինությունը:

- Բացակայում է ներհանրապետական գիտատեղեկատվական միասնական համակարգը` ներառյալ էլեկտրոնային գրադարանների ցանցը: Չկա միջազգային գիտատեղեկատվական ցանցից ազատ օգտվելու համակարգված հնարավորություն: Գիտահրատարակչական գործունեությունը չի բավարարում միջազգային չափանիշներին, բարձր վարկանիշ ունեցող միջազգային գիտատեղեկատվական ցանկերում փոքր թիվ են կազմում հանրապետական գիտական պարբերականները:

- Շարունակվում է բարձր որակավորում ունեցող կադրերի արտահոսքը գիտության ոլորտից` 1991-2008 թվականների ընթացքում շուրջ 2 անգամ պակասել է պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցողների թվաքանակը: Բացակայում է երիտասարդ կադրերի ներգրավման և հաստատման պետական նպատակային քաղաքականությունը, շարունակվում է ոլորտի «ծերացումը»: Գիտական կադրերի պատրաստման պետական պատվերի ձևավորումը կատարվում է տարերայնորեն` չունի լուրջ գիտական հիմնավորում, և հաշվի չի առնվում պահանջարկ-առաջարկ կապը:

- Ըստ հանրապետության գիտության և տեխնիկայի զարգացման գերակա ուղղությունների, գիտական ներուժի օպտիմալ օգտագործման հնարավորության և միջազգային գիտական «շուկայում» ունեցած պահանջարկի` ընտրված չեն հիմնարար հետազոտությունների առաջնայնությունները: Բացակայում է տնտեսության այս կամ այն ոլորտի զարգացմանն ուղղված հետազոտությունների պետական պատվերը: Կիրառական հետազոտությունների ենթակառուցվածքները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Բավարար ուշադրություն չի դարձվում գիտական արդյունքի ապրանքայնացման և այլ երկրներում դրանց իրականացման խնդիրներին:

- Չհստակեցված գիտական և գիտատեխնիկական քաղաքականության պայմաններում, դժվարությամբ են ընթանում գիտության ոլորտի բարեփոխումները, դանդաղ է ձևավորվում կրթության, գիտության, տեխնոլոգիայի և ինովացիայի ներդաշնակ փոխկապակցված համակարգը:

- Տնտեսական և հասարակական զարգացումներում նպատակների նախանշումը և ձեռքբերումը չի իրականացվում ընթացիկ ձևով, փոխադարձ քննարկումների հիման վրա:

- Չեն հատկացվել միջազգային համագործակցության պետական առաջնայնությունները, այն հիմնականում իրականացվում է կազմակերպությունների կամ առանձին գիտնականների նախաձեռնությամբ և կրում է տարերային ու խիստ անձնավորված բնույթ: Քիչ են համաֆինանսավորման սկզբունքով իրականացվող (հատկապես` կիրառական բնույթի) միջազգային գործընկերային ծրագրերը, որոնք մեծ հավանականությամբ կարող են հանգեցնել առևտրայնացման ենթակա արդյունքների:

- Հայաստանյան և օտարերկրյա, հատկապես, սփյուռքի հայագիտական կառույցների թույլ կապերը, միասնական գիտատեղեկատվական դաշտի և հայագիտական հանդեսի բացակայությունը լրջորեն խաթարում են միջազգային չափանիշներին բավարարող աշխատանքների իրականացումը և էականորեն թուլացնում հայագիտությունը միջազգային գիտական նշանակության ուղղություն դարձնելու ջանքերը:

- Հասարակական գիտակցության մեջ նվազել է գիտության հեղինակությունը և գիտական աշխատողի մասնագիտական կարիերայի գրավչությունը:

- Անկախության տարիներին, հայտնի պատճառներով, չի իրականացվել գիտության և տեխնիկայի զարգացմանը նոր թափ հաղորդող որևէ նշանակալից ծրագիր, որը էապես կնպաստեր հանրապետության գիտության, տեխնիկայի և տնտեսության զարգացմանը, միջազգային գիտակրթական և գիտատեխնիկական տարածքում հանրապետության համար կապահովեր առաջատար դիրք` որևէ ուղղության կամ ուղղությունների գծով:

Վերոնշյալ հիմնախնդիրները լուծելու, ինչպես նաև ունեցած ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու համար սահմանվել է գիտության ոլորտի զարգացման տեսլականը, ձևակերպվել են իրականացվելիք առաքելությունները, ընտրվել են հեռանկարային թիրախները և դրանց հասնելու մարտավարությունները:

 

3. ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գիտության ոլորտի զարգացման տեսլականը`

2020 թվականին Հայաստանի Հանրապետությունը գիտելիքահենք տնտեսություն ունեցող, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների ու մշակումների մակարդակով Եվրոպական գիտատեխնիկական տարածքում մրցունակ երկիր է:

Այս տեսլականի ներքո իրականացվելիք առաքելությունները.

- ձևավորել գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգ,

- արդիականացնել գիտության ոլորտի նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները,

- ապահովել գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճ,

- ապահովել երիտասարդ կադրերի ներհոսք գիտության ոլորտ, և իրականացնել գիտական ներուժի կառավարելի, սահուն սերնդափոխություն,

- ապահովել հիմնարար գիտական հետազոտությունների արդյունավետ պետական հովանավորություն և առաջընթաց զարգացում,

- խթանել գիտական կազմակերպություններում տնտեսության մեջ օգտագործվող գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների իրականացումը, նորամուծությունների և արտոնագրերի ավելացումը,

- ձևավորել գիտության, տեխնոլոգիաների և ինովացիա պարունակող գիտելիքների զարգացումն ապահովող ներդաշնակ համակարգ` խթանելով մասնավոր բիզնեսի ներգրավումը դեպի գիտություն և ապահովել այդ գիտելիքների նպատակաուղղված ներդրումը կրթության և տնտեսության այս կամ այն ոլորտ,

- ապահովել հայագիտության ոլորտի առաջնային զարգացումը,

- էապես ընդլայնել գիտության և տեխնոլոգիաների բնագավառում միջազգային համագործակցությունը,

- ապահովել համաշխարհային գիտական և գիտատեխնոլոգիական տարածքում Հայաստանի Հանրապետությանը վայել դիրքի ձեռքբերում ու հաստատում:

 

4. ԹԻՐԱԽՆԵՐԸ

 

ԹԻՐԱԽ 1. Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգի ձևավորում:

 

ԹԻՐԱԽ 2. Գիտության, կրթության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող երիտասարդ կադրերի թվաքանակի կայուն աճի ապահովում, գիտության ոլորտի նյութատեխնիկական բազայի և ենթակառուցվածքի արդիականացում:

 

ԹԻՐԱԽ 3. Հիմնարար և կիրառական բնույթի` ներառյալ տնտեսության մեջ օգտագործվող գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների խթանում:

 

ԹԻՐԱԽ 4. Կրթության, գիտության, տեխնոլոգիաների և ինովացիայի ներդաշնակ համակարգի ձևավորում, տնտեսական և հասարակական զարգացումներում գիտական հետազոտությունների դերակատարման աճի ապահովում:

 

ԹԻՐԱԽ 5. Հայագիտության ոլորտի առաջնային զարգացում:

 

ԹԻՐԱԽ 6. Միջազգային գիտական և գիտատեխնիկական համագործակցության զարգացում, համաշխարհային գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական տարածքում սեփական դիրքի ձեռքբերում ու հաստատում:

 

5. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԹԻՐԱԽ 1. Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգի ձևավորում

Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումն ապահովող արդյունավետ, ճկուն համակարգի ձևավորման համար անհրաժեշտ է ներդաշնակեցնել գիտելիքի ստեղծման և կիրառման գործընթացները: Այն հնարավորություն կընձեռի, ըստ հանրապետության գիտության և տեխնիկայի զարգացման գերակա ուղղությունների ու տնտեսության պահանջարկի, կենտրոնացնելու առկա նյութատեխնիկական բազան և մարդկային ռեսուրսները, կատարելու իրապես հասցեագրված, տնտեսության պահանջներից բխող հետազոտություններ և արագացնելու առաջատար տեխնոլոգիաների կիրառությունը տնտեսության մեջ: Բացի դրանից, կբարձրանա գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտին հատկացվող պետական և ոչ պետական ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը:

Միջոցառումների արդյունավետությունը էապես պայմանավորված է պետական բյուջեից և տնտեսության մասնավոր հատվածից հատկացվող ֆինանսական ծավալների զգալի ավելացումով (2020 թվականին այն մոտեցնելով միջին եվրոպական չափանիշներին), ֆինանսավորման բազմաձևության օգտագործմամբ, նոր մեխանիզմների ներդրումով և արդյունավետության բարձրացումով:

Մարտավարություն`

1) Անկախ գերատեսչական պատկանելությունից և սեփականության ձևից` գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի բոլոր մակարդակներում միասնական գիտական և գիտատեխնիկական քաղաքականության մշակում և իրականացում:

2) Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգի ձևավորում:

3) Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների համար հատկացվող պետական և ոչ պետական միջոցների էական ավելացմանը նպաստող միջոցառումների իրականացում, դրանց նպատակային-արդյունավետ օգտագործում և վերահսկում:

4) Գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում և կառավարման ձևերի արդիականացում:

5) Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ու մշակումների մրցունակ ոլորտի և դրա առաջանցիկ զարգացման կայուն և անհրաժեշտ պայմանների ապահովում:

6) Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ու մշակումների արդյունքների կիրառմանն աջակցող պայմանների ստեղծում:

 

ԹԻՐԱԽ 2. Գիտության, կրթության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող երիտասարդ կադրերի թվաքանակի կայուն աճի ապահովում, գիտության ոլորտի նյութատեխնիկական բազայի և ենթակառուցվածքի արդիականացում

Գիտության, կրթության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող երիտասարդ կադրերով համալրելու և գիտական ներուժի արդյունավետ վերարտադրությունն ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել իրավական, տնտեսական և կազմակերպական պայմաններ ու երաշխիքներ` երիտասարդ կադրերի համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար: Հարկավոր է մշակել գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման հիմնավորված ծրագիր` նպատակ ունենալով ստեղծել գիտելիքահենք տնտեսության և հասարակության հիմքը հանդիսացող բարձր կրթական և մասնագիտական մակարդակ ունեցող կադրերի ինքնավերարտադրվող համակարգ: Բացի այդ, պետք է նաև իրականացնել միջոցառումներ` լրացնելու միջին սերնդի գիտնականների թվաքանակի այն «բացը», որն առաջացել է գիտության ոլորտից մինչ այժմ շարունակվող կադրերի արտահոսքից, այդ թվում նաև` արտերկիր:

Համաշխարհային տնտեսության գլոբալիզացիայի պայմաններում, երբ օրեցօր սրվում են սպառողական պահանջարկի աճի և բնական ռեսուրսների նվազմամբ պայմանավորված հակասությունները, էապես բարդանում են նաև ազգային անվտանգության հիմնահարցերը: Այս պայմաններում զգալիորեն ավելանում է բարձր կրթական մակարդակ ունեցող մասնագետների պահանջարկը, մասնագետներ, որոնք ի վիճակի պետք է լինեն մասնակցելու նոր գիտելիքների և տեխնոլոգիաների ստեղծմանն ու դրանց արդյունավետ օգտագործմանը: Այս իմաստով հանրապետության համար սկզբունքային է դառնում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներուժի նպատակային օգտագործումը` չբացառելով գիտելիքի առևտրայնացման ասպարեզում վերջիններիս սեփական դերակատարումն ունենալու հավակնությունը, ինչպես նաև գիտնականի ազատ տեղաշարժի` միջազգայնորեն ընդունված իրավունքի հարգումը: Բացառիկ ռազմավարական կարևորություն է ստանում բարձր կրթական մակարդակ ունեցող մարդկանց անկառավարելի արտահոսքից ներհոսքի անցնելու խնդիրը:

Գիտության, կրթության և տեխնիկայի բնագավառը երիտասարդ կադրերով համալրելու նախապայմանը գիտական կադրեր պատրաստելու պետական պատվերի ձևավորման մեխանիզմի հստակեցումն է, որը մի կողմից միտված կլինի գիտության մեջ իրենց ապագան պատկերացնող երիտասարդների ընտրությանը, մյուս կողմից` կնպաստի գիտական և գիտակրթական ավանդույթներ ունեցող և (կամ) բարձր գիտական արդյունք ապահովող կազմակերպությունների զարգացմանն ու գիտական ներուժի արդյունավետ վերարտադրությանը: Անհրաժեշտ է գիտական և գիտակրթական կադրերի պատրաստման գործող եղանակները համալրել նորերով, մասնավորապես, մագիստրոսական և ասպիրանտական ուսուցումը ապագայում իրականացնել նաև ստեղծվելիք հետազոտական համալսարաններում: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ համալսարաններում հնարավոր է անհամեմատ ավելի բարձր արդյունավետությամբ զուգակցել ասպիրանտական ուսուցման գիտական և կրթական բաղադրիչները, քանի որ միայն ակտիվ գիտական միջավայրում է հնարավոր պատրաստել բարձր որակավորում ունեցող և գիտության ժամանակակից պահանջներին համապատասխանող մասնագետներ:

Զուգահեռաբար պետք է իրականացնել ասպիրանտական կրթության` որպես բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բովանդակային բարեփոխումներ, մշակել ատենախոսությունների գիտական մակարդակի բարձրացմանը նպաստող մեխանիզմներ և ներդնել գիտական աստիճանաշնորհման առավել արդյունավետ համակարգ: Այդ միջոցառումները պետք է զուգակցվեն երիտասարդ գիտնականների սոցիալ-տնտեսական, այդ թվում` աշխատանքի վարձատրության պայմանների բարելավման և նրանց կողմից կատարվող հետազոտությունների աջակցության մեխանիզմների ձևավորումով և ներդրումով: Բացի այդ, ըստ հանրապետության գիտության և տեխնիկայի զարգացման գերակա ուղղությունների, անհրաժեշտ է մշակել միջազգային առաջատար կենտրոններում երիտասարդ կադրերի պատրաստման պետական ծրագիր:

Գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավման և գիտական ներուժի արդյունավետ վերարտադրման համար անհրաժեշտ է ապահովել գիտական աշխատողի` եվրոպական չափանիշներին մոտ աշխատանքի վարձատրություն, ինչպես նաև ձևավորել գիտնականի մասնագիտական կարիերայի զարգացման հստակ մեխանիզմներ, այն է` ասպիրանտուրա, հետդոկտորանտուրա, ժամանակավոր աշխատանք, մշտական աշխատանք և կենսաթոշակի անցնելուց հետո խորհրդատվական աշխատանք կատարելու իրավունք: Այդպիսի սխեման ենթադրում է գիտական կազմակերպություններում մշտական և ժամանակավոր աշխատողների ինստիտուտների ներդրում (ինչպես ընդունված է բարձր գիտակրթական մակարդակ ունեցող շատ երկրներում) և մրցութային կարգով աշխատանքային կարիերայի հաջորդ մակարդակին անցնելու ու տարբեր կազմակերպությունների մրցույթներին մասնակցելու միջոցով աշխատանքային տեղի ընտրության հնարավորություն:

Գիտական ներուժի նպատակային վերարտադրությանն ուղղված միջոցառումները պետք է ուղեկցվեն գիտական աշխատանքներն արդյունավետ կատարելու համար համապատասխան պայմանների ապահովմամբ և գիտական աշխատողի մասնագիտական կարիերայի գրավչության բարձրացմամբ: Դրանք կնպաստեն գիտության ոլորտից հեռացած կադրերի, առաջին հերթին օտարերկրյա պետություններում աշխատող հայազգի գիտնականների, վերադարձին և հնարավորինս կմեղմեն միջին սերնդի գիտնականների թվաքանակի «ճգնաժամի» հետևանքները:

Գիտության ոլորտի նյութատեխնիկական բազայի և ենթակառուցվածքների, այդ թվում, գիտատեղեկատվական ցանցի արդիականացումը, գիտական հետազոտությունների բարձրակարգ գիտատեղեկատվական հենքի ապահովումը և գիտահրատարակչական գործունեության նոր մեխանիզմների ներդրումն անհրաժեշտ է իրականացնել միասնական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում: Այդպիսի համակարգային ծրագրերի իրականացումը հնարավորություն կընձեռի արդիականացնելու, որոշ դեպքերում նաև` ստեղծելու գիտության ոլորտի նոր ենթակառուցվածքներ, բարձրացնելու գիտական սարքավորումների օգտագործման արդյունավետությունը, ստեղծելու եզակի և թանկարժեք հետազոտական սարքավորումների համատեղ օգտագործման կենտրոններ, օպտիմալացնելու գիտական սարքավորումների պահպանմանը հատկացվող ֆինանսական ծախսերը: Անհրաժեշտ է ստեղծել ներհանրապետական գիտատեղեկատվական միասնական ցանց, բարձրացնել միջազգային գիտատեղեկատվական ցանցում հանրապետության գիտական և գիտակրթական կազմակերպությունների ինտեգրման աստիճանը և իրականացնել միջոցառումներ` ուղղված հանրապետական գիտական ամսագրերի մասնագիտական մակարդակի բարձրացմանն ու դրանց ընդգրկմանը միջազգային առաջատար գիտավերլուծական շտեմարաններում:

Մարտավարություն`

1) Գիտական և գիտակրթական կադրերի պատրաստման գիտականորեն հիմնավորված պետական պատվերի ձևավորում:

2) Գիտական և գիտակրթական կադրերի պատրաստման համակարգի կատարելագործում, այդ թվում նաև` հետազոտական համալսարանների ստեղծում:

3) Միջազգային առաջատար գիտական, գիտակրթական և գիտատեխնիկական կենտրոններում մասնագետների պատրաստման մեխանիզմների մշակում:

4) Ասպիրանտական կրթության` որպես բարձրագույն կրթության երրորդ աստիճանի, բովանդակային բարեփոխումների ապահովում, գիտական աստիճանաշնորհման ժամանակակից համակարգի ձևավորում:

5) Ատենախոսություններին առաջադրվող պահանջների հստակեցում` ուղղված դրանց գիտական մակարդակի բարձրացմանը:

6) Գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավման և հաստատման մեխանիզմների մշակում:

7) Երիտասարդ գիտնականների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման մեխանիզմների ներդրում (բնակարաններ ձեռք բերելու համար արտոնյալ պայմաններով հիպոտեկային վարկերի տրամադրում, աշխատավարձերի և հավելավճարների բաշխման ճկուն համակարգի ներդրում և այլն):

8) Երիտասարդ գիտնականների խրախուսման, նրանց կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին աջակցության ապահովում:

9) Երիտասարդ գիտական կադրերի պատրաստումն արդյունավետորեն իրականացնող գիտական ղեկավարների, գիտական և (կամ) գիտակրթական կազմակերպությունների խրախուսման մեխանիզմների մշակում:

10) Գիտնականների և գիտական աշխատողների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման մեխանիզմների գիտական աշխատանքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովում:

11) Օտարերկրյա պետություններում աշխատող հայազգի գիտնականների համար հանրապետություն վերադառնալու և գիտական աշխատանքն արդյունավետ շարունակելու պայմանների ապահովում:

12) Գիտության ոլորտի հեղինակության և գիտական աշխատողի մասնագիտական կարիերայի գրավչության բարձրացում:

13) Գիտության ոլորտի նյութատեխնիկական բազայի և ենթակառուցվածքների արդի վիճակի վերլուծություն և համապատասխան տվյալների բազայի ստեղծում:

14) Ըստ հանրապետության գիտության և տեխնիկայի զարգացման գերակա ուղղությունների` գիտության ոլորտի նյութատեխնիկական բազայի և ենթակառուցվածքների արդիականացում:

15) Եզակի և թանկարժեք հետազոտական սարքավորումների համատեղ օգտագործման կենտրոնների ձևավորում և համապատասխան սպասարկման ծառայությունների ստեղծում:

16) Գիտական սարքաշինության, նոր նյութերի ստեղծման ծրագրերի մշակում և աջակցություն` արտադրության զարգացման ոլորտում դրանք ներդնելուն:

17) Ներհանրապետական միասնական գիտատեղեկատվական, այդ թվում` էլեկտրոնային միասնական գրադարանային ցանցի ստեղծում:

18) Միջազգային գիտատեղեկատվական ցանցն ազատորեն օգտագործելու համապատասխան պայմանների ապահովում:

19) Հանրապետական գիտական ամսագրերի մասնագիտական մակարդակի բարձրացման, միջազգային գիտավերլուծական առաջատար կայքերում դրանք ընդգրկելու և գիտահրատարակչական գործունեության արդիականացման աջակցության մեխանիզմների մշակում:

 

ԹԻՐԱԽ 3. Հիմնարար և կիրառական բնույթի` ներառյալ տնտեսության մեջ օգտագործվող գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների խթանում

Հիմնարար և կիրառական բնույթի, ներառյալ տնտեսության մեջ օգտագործվող գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների դինամիկ զարգացման համար անհրաժեշտ է, ըստ հանրապետության գիտության և տեխնիկայի զարգացման գերակա ուղղությունների, ապահովել հիմնարար և կիրառական հետազոտությունների արդյունավետ պետական հովանավորություն: Բացի այդ, անհրաժեշտ է մշակել տնտեսության մեջ կիրառական արդյունքների ներդրման մեխանիզմներ և ստեղծել պայմաններ` գիտական գործունեության մեջ տնտեսության մասնավոր հատվածի մասնակցությունը, հատկապես ներդրումային (վենչուրային) կապիտալի մուտքը խրախուսելու համար:

Հաշվի առնելով հիմնարար գիտության աշխարհայացքային դերը և նշանակությունը որպես կիրառական հետազոտությունների ու մշակումների հիմք` հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հիմնարար հետազոտությունների խթանմանն ու պետական աջակցությանը: Նախ` առանց հիմնարար գիտության հնարավոր չէ ապահովել կրթության ողջ գործընթացը. գիտելիքի կուտակումն ու ընդլայնումն անընդհատ գործընթաց է, որտեղ որևէ սահման ընդհանրապես գոյություն չունի: Երկրորդ` կիրառական գիտությունն իր տնտեսական արժեքով և ճկունությամբ հենվում ու սնվում է հիմնարար գիտության արդյունքներից. գիտելիքը կամ նրա հիման վրա ստեղծված տեխնոլոգիաները ժամանակի ընթացքում «ծերանում» են, և տնտեսության զարգացման համար նոր մեթոդների առաջարկի անհրաժեշտություն է առաջանում: Երրորդ` առանց հիմնարար գիտության, թարմ կամ ինովացիա պարունակող գաղափարներ չեն առաջանում, չեն լինում ո՛չ նոր տեխնոլոգիաների «ծիլեր», ո՛չ էլ դրանց հայտնաբերման «հոտառություն»: Չի լինում նաև այն գիտական միջավայրը, որն ի զորու է իրականացնելու նոր տեխնոլոգիաների «տեղափոխումը» կիրառական հետազոտությունների հարթություն նույնիսկ այն դեպքում, երբ դրանք մեզ տրամադրվեն ուրիշների կողմից: Բացի այդ, հիմնարար գիտությունն ունի նաև հասարակության ընդհանուր մշակութային մակարդակը բարձրացնելու առաքելություն: Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ հիմնարար գիտության մեջ ներդրված միջոցները տասնապատիկ ետ են վերադարձվում, օրինակ, պակասում են հասարակության արատավոր երևույթները վերացնելու ուղղությամբ ծախսվող ֆինանսական հատկացումները:

Հիմնարար հետազոտությունների աջակցության ծրագիր մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ հիմնարար գիտությունը միաժամանակ համամարդկային արժեք ունեցող և աշխարհում տվյալ պետության տեղն ու դերը պայմանավորող կատեգորիա է: Զարգացած հիմնարար գիտություն ունեցող պետության կապիտալը բարձր որակավորում ունեցող մասնագետ հետազոտողներն են, կրողը և օգտագործողը` հասարակության յուրաքանչյուր անդամը:

Սահմանափակ բնական ռեսուրսներ և գիտական ու գիտատեխնիկական տարածք ունենալու փաստը, ինչպես նաև նմանատիպ, բայց զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ հանրապետության տնտեսության մեջ գիտական հետազոտությունների արդյունքների և առաջատար տեխնոլոգիաների ներդրման հարցում վճռորոշ դերը պետք է պատկանի պետությանը: Գիտահետազոտական արդյունքների կիրառումը շատ հաճախ պահանջում է համեմատաբար երկար ժամանակ, դժվար է կանխատեսել դրանց շահութաբերությունը և, հետևաբար, տնտեսության մասնավոր ոլորտը ոչ միշտ է պատրաստ նմանատիպ ռիսկային ներդրումների: Այդպիսի մոդելի համատեքստում բացառիկ կարևորություն է ձեռք բերում պետական միասնական քաղաքականության իրականացումը, որը հնարավորություն կընձեռի բացառելու կիրառական հետազոտությունների թեմաների կրկնությունները, օպտիմալացնելու ոլորտում ներգրավված գիտական կազմակերպությունների թիվը, կենտրոնացնելու պետական և ոչ պետական ռեսուրսները տնտեսության առաջադրած գիտատեխնիկական խնդիրների լուծման վրա: Այս տեսանկյունից` պետական նպատակային ծրագրերը պետք է ուղղված լինեն տնտեսության այս կամ այն ոլորտի կոնկրետ խնդիրների լուծմանը և կազմվեն գիտության ոլորտում պետական քաղաքականությունը մշակող ու իրականացնող պետական մարմնի, Գիտությունների ազգային ակադեմիայի և շահագրգիռ գերատեսչությունների կողմից:

Մարտավարություն`

1) Գիտության և տեխնիկայի զարգացման գերակա ուղղությունների շրջանակներում իրականացվող հիմնարար հետազոտություններին աջակցություն:

2) Տեխնոլոգիաների բեկումնային զարգացումն ապահովող հիմնարար հետազոտությունների պետական աջակցության առաջնայնությունների մշակում:

3) Հիմնարար գիտությունների ոլորտում ժամանակի չափանիշներին համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում:

4) Երկրի ներսում և միջազգային ասպարեզում հայրենական հիմնարար և կիրառական գիտական ուղղությունների աջակցության ապահովում:

5) Կիրառական հետազոտությունների պետական պատվերի ձևավորում, տնտեսության մեջ կիրառական հետազոտությունների արդյունքների ներդրման մեխանիզմների մշակում:

6) Գիտական հետազոտությունների և մշակումների բնագավառում տնտեսության մասնավոր հատվածի մասնակցության պայմանների ստեղծում:

7) Կիրառական հետազոտությունների արդի ենթակառուցվածքների և գիտակրթական միջավայրի ձևավորում, միջազգային համագործակցության խթանում, մասնավորապես, համաֆինանսավորման սկզբունքով միջազգային համատեղ հետազոտական լաբորատորիաների ստեղծում:

8) Կիրառական բնույթի պետական նպատակային ծրագրերի մշակում:

9) Բնական, հատկապես` հողային, ջրային և անտառային պաշարների օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված նպատակային հետազոտությունների խթանում:

10) Բնապահպանական անվտանգության բարձրացմանը, հատկապես Սևանա լճի պահպանմանն ու դրա պաշարների օպտիմալ օգտագործմանն ուղղված հետազոտություններին աջակցություն:

11) Էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման, այդ թվում` էներգետիկ անկախության և այլընտրանքային էներգիայի աղբյուրներ որոնելու հետազոտական աշխատանքների զարգացում:

12) Հանրապետության բնակչության կենսաբանական անվտանգության և երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված իրականացվող հետազոտություններին աջակցություն:

13) Հետազոտական զբոսաշրջության զարգացմանը նպաստող միջոցառումներին աջակցություն:

 

ԹԻՐԱԽ 4. Կրթության, գիտության, տեխնոլոգիաների և ինովացիայի ներդաշնակ համակարգի ձևավորում, տնտեսական և հասարակական զարգացումներում գիտական հետազոտությունների դերակատարման աճի ապահովում

Գիտելիքի վրա հիմնված հասարակությունում գիտելիքը և մասնագիտական հմտությունը (որակավորումը) համարվում են զարգացման ամենակարևոր ռազմավարական ռեսուրսը, իսկ պետական կառավարման, տնտեսական, սոցիալական և բնապահպանական ոլորտի նպատակները ձեռք են բերվում գիտելիքի, վերլուծության, քննարկումների և համագործակցության հիման վրա: Սակայն գիտելիքը և հմտությունը տնտեսության ու հասարակության առաջադիմության ռազմավարական գործոն կարող են դառնալ, եթե անհրաժեշտ մակարդակով խթանվեն հիմնարար և կիրառական հետազոտությունները, ստեղծվի կրթության, գիտության, տեխնոլոգիաների և ինովացիայի ներդաշնակ, ինքնավերարտադրվող համակարգ, ներդրվեն գիտական հետազոտությունների և մշակումների արդյունքների կիրառման հստակ մեխանիզմներ և հասարակության մեջ ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որ ինչպես տնտեսական, այնպես էլ հասարակական նպատակների նախանշումը և ձեռքբերումը իրականացվի գիտական վերլուծությունների ու քննարկումների հիման վրա:

Գիտելիքահենք հասարակության զարգացման հիմքը հանդիսացող նորագույն տեխնոլոգիաները (տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիաներ, նանոտեխնոլոգիաներ, նոր նյութերի ստացման տեխնոլոգիաներ և այլն) խորն ազդեցություն ունեն տնտեսական զարգացման տեմպերի վրա, փոխարինում կամ բարելավում են արդեն իսկ գոյություն ունեցող տեխնոլոգիաները և խթանում են նորերի զարգացումը: Սակայն, արդի ժամանակներում տնտեսական հաջողությունների մեջ որոշիչ դերը պատկանում է ոչ թե պարզ վերարտադրությանը, այլ հասարակության մեջ ստեղծագործ միջավայրի ձևավորման և ներդրման մակարդակին: Այն հասարակությունը, որն ընդունակ է ստեղծելու կրթության, գիտության, տեխնոլոգիաների և ինովացիայի սիներգետիկ համակարգ, երբ փոխգործակցության շնորհիվ համակարգի ընդհանուր արդյունքն ավելի մեծ է, քան նրա մասերի արդյունքների գումարը, տնտեսական աճի ավելի լավ հեռանկարներ ունի: Այդպիսի համակարգի ձևավորումը ենթադրում է ոլորտի կազմակերպման ուղղահայաց մոդելից անցում հորիզոնականի, որը, կայուն համակարգ լինելով, բաղկացած կլինի ոչ կայուն տարրերից: Ընդ որում, նմանատիպ համակարգի գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է հիմնարար հետազոտություններից մինչև գիտատեխնիկական արդյունքների օգտագործում շղթայում տնտեսության մասնավոր հատվածի ներգրավվածության մակարդակով և հասարակության գիտակցության դերի և հեղինակության աստիճանով:

Մարտավարություն`

1) Գիտական և գիտատեխնիկական ոլորտի կառավարման և զարգացման նոր, կայուն համակարգի ձևավորում:

2) Հասցեագրված հետազոտությունների խթանման մեխանիզմների մշակում` ապահովելով հետազոտությունների առարկայական դասակարգման (ըստ ուղղությունների) սկզբունքից անցումը պրոբլեմայինի (ըստ խնդիրների):

3) Գիտական արդյունքների, այդ թվում` տեխնոլոգիաների ապրանքային ձևերի սահմանում, դրանց ըստ ոլորտների և բնագավառների համակարգման ու կիրառման պատասխանատու պետական մարմինների լիազորությունների հստակեցում:

4) Գիտական ներմուծությունների ոլորտում ձեռներեցության ներգրավվածության աստիճանի բարձրացման ապահովում, գիտական կազմակերպությունների համար նպաստավոր տնտեսական միջավայրի, այդ թվում` արտոնյալ վարկերի տրամադրման մեխանիզմների ձևավորում:

5) Գիտական նորամուծությունների կենտրոնների ստեղծում, այդ թվում` նաև պետական և ոչ պետական գիտահետազոտական կազմակերպությունների հիմքի վրա:

6) Գիտատեխնիկական ոլորտում վենչուրային ներդրումների խրախուսում, նորամուծության ռիսկերի ապահովագրության մեխանիզմների ձևավորում:

7) Պետության դերակատարության ակտիվացում` գյուտարարների ստեղծագործական գործունեության արդյունքների արտոնագրերի վաճառքի և օտարերկրյա պետություններում արտոնագրելու հարցում:

8) Գիտահետազոտական կազմակերպությունների մի մասի վերակազմավորում ինովացիոն կազմակերպությունների` զարգացած մարքեթինգային և կոմերցիոն կառույցներով:

9) Կրթության, գիտության, տեխնոլոգիաների և ինովացիայի փոխգործակցող, ներդաշնակ համակարգի ձևավորում:

10) Պետական կառավարման, տնտեսության, սոցիալական և բնապահպանական ոլորտի նպատակների նախանշման, դրանց հասնելու ուղիների ընտրության և իրագործման գործընթացում գիտելիքի, վերլուծության, քննարկումների և համագործակցության մեխանիզմների մշակում:

 

ԹԻՐԱԽ 5. Հայագիտության ոլորտի առաջնային զարգացում

Հայագիտության և հասարակական գիտությունների զարգացման խթանումը պետք է դառնա պետության ազգային քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը` կոչված պահպանելու ինչպես ժողովրդի ազգային նկարագիրը, այնպես էլ սերունդներին կրթելու, հայեցի դաստիարակելու և հայրենիքին նվիրված քաղաքացիներ պատրաստելու առաքելությունը: Գիտության հայագիտական ճյուղերը պետք է նպատակաուղղվեն Հայաստանի Հանրապետության անկախ պետականության կայացմանն ու հզորացմանը, նպաստեն հայոց ազգի գաղափարախոսության ձևավորմանը, դառնան ազգային ու մշակութային անվտանգության ապահովման հզոր գործոն:

Այս հարցում իր կարևորագույն համակարգող դերակատարումը պետք է ունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան:

Հայագիտության զարգացումը պահանջում է բազմաթիվ հիմնարար և կիրառական խնդիրների լուծում, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն հիրավի դառնա պետական հատուկ հոգածության առարկա` ստանալով արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ միջոցներ ու պայմաններ: Ոլորտում հրատապ խնդիր է դարձել միասնական հայագիտական ցանցի ստեղծումը հայաստանյան և օտարերկրյա պետությունների, առաջին հերթին սփյուռքի հայագետների ներգրավմամբ` երիտասարդ մասնագետների պատրաստման, վերապատրաստման և փոխանակման, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխանող գիտական հանդես հրատարակելու առումներով: Այդ մոտեցումը հնարավորություն կտա հաշվի առնել և կիրառել թեմաների ընտրության ու գիտական վերլուծությունների մեթոդաբանության արդի միջազգային չափանիշները, բարձրացնել գիտական հետազոտությունների մասնագիտական մակարդակը և կնպաստի հայագիտությունը միջազգային նշանակության գիտական ուղղություն դառնալուն: Անչափ կարևոր են նաև Հայաստանի Հանրապետության անմիջական հարևան ժողովուրդների պատմության, մշակույթի ու լեզվի ուսումնասիրությունները:

Հայագիտության առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծման համար պետք է մշակել և իրականացնել պետական ռազմավարական ծրագիր` կոչված ապահովելու հայագիտության գերակա ճյուղերի միջնաժամկետ ու երկարաժամկետ զարգացումը: Միայն պետական ու գիտականորեն հիմնավորված մոտեցումներով է հնարավոր Հայաստանի Հանրապետությունը որպես հայագիտության կենտրոն պահպանելու և հետագա զարգացումն ապահովելու հեռանկարը:

Մարտավարություն`

1) Հայագիտության զարգացման ռազմավարության ու պետական պատվերի մանրամասն և հիմնավորված երկարաժամկետ ծրագրի մշակում:

2) Հայագիտության բնագավառում նոր գիտական ու գիտակրթական ենթակառուցվածքների ստեղծում և զարգացում, հայագիտական կենտրոնների ստեղծում ՀՀ մարզերում և արտասահմանում: Հայոց լեզուն, հայ ժողովրդի պատմությունը, ծագումնաբանությունն ու պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային հանրությանը ներկայացնելու ապահովում:

3) Հայագիտության բնագավառում միջազգային համագործակցությունը խթանող մեխանիզմների ձևավորում, այդ թվում` օտարերկրյա գիտական կենտրոններում երիտասարդ կադրերի պատրաստում և Հայաստանի Հանրապետությունում հայագետ օտարերկրյա կադրերի վերապատրաստում:

4) Օտարերկրյա պետությունների հետ համագործակցության խթանում, այդ թվում` նրանց տարածքում գտնվող հայկական պատմական, հոգևոր ու մշակութային արժեքների պահպանման և հետազոտման աշխատանքներին նպաստում:

5) Սփյուռքում հայապահպանության ուղղությամբ միջազգային համագործակցության խթանում: Սփյուռքի պատմության, արդի վիճակի խորը ուսումնասիրություն, արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման ուղիների մշակում` բացառելով ուղղագրության փոփոխության հարցերը:

6) Արտերկրում գործող հայագիտական կենտրոնների աջակցության և համագործակցության մեխանիզմների մշակում:

7) Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ստեղծում:

 

ԹԻՐԱԽ 6. Միջազգային գիտական և գիտատեխնիկական համագործակցության զարգացում, համաշխարհային գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական տարածքում սեփական դիրքի ձեռքբերում ու հաստատում

Ժամանակակից գիտության առջև ծառացած հիմնահարցերի մեծ մասը, ինչպիսիք են, օրինակ` համամոլորակային (գլոբալ) կլիմայի փոփոխությունները, պարենային և էներգետիկ անվտանգությունը, վարակիչ հիվանդությունները, հիմնարար և կիրառական խոշորամասշտաբ խնդիրները և այլն, համընդհանուր մարտահրավերներ են, և դրանց լուծումները նույնպես պահանջում են համընդհանուր պատասխան միջոցառումներ: Համաշխարհային կարևորության շատ գիտական հետազոտություններ հնարավոր է իրականացնել միայն խոշորամասշտաբ համագործակցությունների շրջանակներում. դրանք հաճախ պահանջում են ֆինանսական և մարդկային ռեսուրսների այնպիսի կենտրոնացում, որը դուրս է ցանկացած` նույնիսկ տնտեսապես ամենազարգացած երկրի հնարավորությունների սահմաններից: Միջազգային համագործակցությունը մատչելի է դարձնում հետազոտությունների ավելի լայն շրջանակ, ռեսուրսներ և ենթակառուցվածքներ, նպաստում է հետազոտողների մոտ նոր գաղափարների և մոտեցումների ձևավորմանը, հնարավորություն է տալիս նրանց համեմատելու իրենց աշխատանքը բնագավառի լավագույնների հետ ու արդյունքում` բարձրացնելու մասնագիտական մակարդակը: Այդ գործոնների պատճառով գիտության և տեխնիկայի բնագավառում միջազգային համագործակցությունը ներկայում դառնում է ավելի կարևոր, քան երբևէ, և յուրաքանչյուր երկրի գիտական գործունեության արագ աճող բաղկացուցիչ մասն է:

Այս կամ այն երկրի համար գիտության ոլորտում միջազգային համագործակցության հաջողված լինելը մեծապես պայմանավորված է այդ երկրի գիտատեխնիկական ներուժի մակարդակով. պետք է հաշվի առնել ինչպես տեղական, այնպես էլ համընդհանուր հիմնահարցերի անհրաժեշտությունը և առաջնահերթությունները: Միջազգային գիտական համագործակցության շարժիչ ուժը համընդհանուր նպատակների զուգակցումն ու ներդաշնակությունն է: Ըստ էության, պետք է հիմնականում խթանել այն միջազգային ծրագրերը, որոնք նպաստելու են այնպիսի ուժեղ գիտական բազայի զարգացմանը կամ ստեղծմանը, որն ընդունակ է ծրագրի ավարտից հետո երկար ժամանակ բավարարելու գիտության, հասարակության և տնտեսության պահանջները:

Միջազգային համագործակցությունը հնարավորություն է ընձեռում մասնակցելու գիտության և տեխնիկայի համաշխարհային մակարդակի առաջնային հիմնախնդիրների լուծմանը, բարձրացնելու հանրապետության գիտական և գիտատեխնիկական ներուժի մասնագիտական մակարդակը, ինտեգրվելու միջազգային գիտական, գիտակրթական և գիտատեխնիկական տարածք, ինչպես նաև պատրաստելու բարձր մասնագիտական որակավորում ունեցող կադրեր, պահպանելու հանրապետության ուրույն տեղը միջազգային ասպարեզում կամ ձեռք բերելու նորը: Կարևորագույն խնդիր է գիտական, գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում միջազգային իրավահավասար և փոխշահավետ գործակցության զարգացման համար բարենպաստ պայմանների ու մեխանիզմների (կառույցների) ստեղծումը:

Սահմանափակ բնական պաշարներ ունեցող երկրի զարգացման կարևորագույն պայմաններից մեկը գիտական և տեխնոլոգիական գործունեության բնագավառներում նշանակալի առաջընթաց ապահովելն է: Գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական տարածքում ինքնահաստատման համար անհրաժեշտ է իրականացնել միջազգային մակարդակին համապատասխանող խոշորամասշտաբ, բեկումնային ծրագրեր (կամ ծրագիր` ըստ տնտեսական նպատակահարմարության), որոնք կզարգացնեն տվյալ ուղղությանը հարակից այլ գիտական և գիտատեխնիկական ճյուղեր, կառաջադրեն նոր պահանջներ և լուծումներ կրթությանը, գիտությանը և տնտեսությանը, նոր թափ կհաղորդեն հանրապետության գիտության ու տեխնիկայի զարգացմանն ընդհանրապես: Այդպիսի հավակնոտ ծրագրերի (ծրագրի) իրականացումը կնպաստի, որ հանրապետությունը բարձր կրթական մակարդակ և որակավորում ունեցող մասնագետներ «արտահանող» երկրից վերածվի «ներմուծողի», արդյունքում հնարավոր կլինի պահպանել և զարգացնել միջազգային մակարդակին համապատասխանող գիտական դպրոցները կամ ստեղծել նորերը:

Բացի դրանից, գիտելիքի ստեղծման, առաջատար տեխնոլոգիաների կամ գիտատար արտադրության գծով համաշխարհային շուկայում ուրույն տեղը և դերը կապահովի գիտելիքի առևտրայնացման համար համապատասխան շուկայի առկայությունը, առավելագույնս կխթանի հանրապետության տնտեսության և հետևաբար նաև` հասարակության առաջընթաց զարգացումը: Նպատակին հասնելու արդյունավետ ճանապարհն ակտիվ պետական քաղաքականության մշակումն ու իրականացումն է, որը ենթադրում է գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում ռեսուրսների կենտրոնացում և ոլորտի նկատմամբ պետական հովանավորչության ապահովում` համապատասխան հարկային, մաքսային արտոնությունների տրամադրում, ոլորտում ազատ ձեռներեցության խթանում, պետական և ոչ պետական վենչուրային հիմնադրամների ձևավորման խրախուսում և այլն:

Մարտավարություն`

1) Հանրապետության գիտության և տեխնիկայի զարգացման գերակա ուղղությունների շրջանակներում հիմնարար և կիրառական նշանակության հետազոտությունների (այդ թվում նաև` միտված գիտական արդյունքի առևտրայնացմանը) ընդլայնմանն ուղղված միջազգային համագործակցության պետական ծրագրի մշակում:

2) Համապատասխան չափանիշների և չափորոշիչների սահմանմամբ միջազգային համագործակցությանը հանրապետության գիտական և գիտակրթական կազմակերպությունների մասնակցության աջակցության մեխանիզմների մշակում:

3) Համատեղ միջազգային գիտական կենտրոնների, լաբորատորիաների, գիտակրթական և գիտաարտադրական կառույցների ստեղծում, այդ թվում` խթանելով հայրենական գիտական և գիտատեխնիկական արդյունքների արտահանումը միջազգային շուկա:

4) Միջազգային համագործակցության շրջանակներում մասնագետների պատրաստման մեխանիզմների մշակում` ըստ հանրապետության գիտության և տեխնիկայի զարգացման գերակա ուղղությունների:

5) Արտերկրում աշխատող հայ գիտնականների գիտելիքների, փորձի և հնարավորությունների օգտագործման գործուն համակարգի ձևավորում:

6) Գիտության և տեխնիկայի զարգացման համաշխարհային կանխատեսումների համատեքստում հանրապետության գիտական և գիտատեխնիկական հնարավորությունների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարի գնահատում:

7) Հանրապետության տնտեսության համար բեկումնային նշանակություն ունեցող գիտական և գիտատեխնիկական խնդիրների ձևակերպում, համապատասխան պետական ծրագրերի (ծրագրի) մշակում:

8) Բեկումնային նշանակություն ունեցող ծրագրերի (ծրագրի) իրականացման համար կադրերի նպատակային պատրաստման մեխանիզմների մշակում` ներառյալ արտերկրում մասնագետների պատրաստում և վերապատրաստում` օգտագործելով նաև սփյուռքի հնարավորությունները:

9) Կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի (ծրագրի) իրականացման ապահովում:

 

6. ԱՄՓՈՓՈՒՄ

 

Ռազմավարության նպատակներին հասնելու համար կմշակվեն համապատասխան փոփոխություններ և լրացումներ` «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Մշակվելու է նաև հայագիտության բնագավառի առաջընթաց զարգացումն ապահովող առանձին ռազմավարական ծրագիր, որում պետք է զուգակցվեն Հայաստանի Հանրապետության կառավարության, մասնավոր բիզնեսի, քաղաքացիական հասարակության և սփյուռքի ջանքերն ու գիտական ներուժը:

Ռազմավարությունն ընտրված թիրախներին հասնելու հնգամյա ռազմավարական ծրագրերի (2011-2015 և 2016-2020 թվականների համար) և համապատասխան ժամանակացույցի մշակման հիմք կհանդիսանա, որտեղ յուրաքանչյուր մարտավարության շրջանակում կամրագրվեն հասցեական գործողություններ, պետական պատասխանատու մարմիններ և անհրաժեշտության դեպքում` օրենսդրական փաթեթներ:

 

 

ՑԱՆԿ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|  Միջոցառման անվանում   |   Նպատակ/արդյունք   |   Կատարող    |Ժամկետ |

|________________________|_____________________|______________|_______|

|         1              |          2          |       3      |   4   |

|________________________|_____________________|______________|_______|

|1. Հայաստանի            |ՀՀ գիտության ոլորտի  |ՀՀ կրթության  |2010 թ.|

|Հանրապետության գիտության|զարգացման 2011-2015  |և  գիտության  |       |

|ոլորտի զարգացման        |թվականների           |նախարարության |       |

|2011-2015 թվականների    |ռազմավարական ծրագրի  |գիտության     |       |

|ռազմավարական ծրագրի և   |իրականացման          |պետական կոմիտե|       |

|միջոցառումների          |գիտականորեն          |ՀՀ            |       |

|ժամանակացույցի մշակում: |հիմնավորված          |գիտությունների|       |

|                        |մեխանիզմների և       |ազգային       |       |

|                        |համապատասխան իրավական|ակադեմիայի հետ|       |

|                        |հիմքերի մշակում`     |համատեղ       |       |

|                        |ոլորտի զարգացման     |              |       |

|                        |գիտատեխնիկական       |              |       |

|                        |Ֆորսայթ վերլուծության|              |       |

|                        |հիման վրա:           |              |       |

|________________________|_____________________|______________|_______|

|2. Հայաստանի            |ՀՀ գիտության ոլորտի  |ՀՀ կրթության  |2010 թ.|

|Հանրապետության գիտության|զարգացման 2011-2015  |և  գիտության  |       |

|ոլորտի զարգացման        |թվականների           |նախարարության |       |

|2011-2015 թվականների    |ռազմավարական ծրագրի  |գիտության     |       |

|ռազմավարական ծրագրի և   |և  միջոցառումների    |պետական կոմիտե|       |

|միջոցառումների          |ժամանակացույցի       |ՀՀ            |       |

|ժամանակացույցի          |մշակման գործընթացում |գիտությունների|       |

|հասարակական             |գիտական լայն         |ազգային       |       |

|քննարկումների           |հասարակության        |ակադեմիայի հետ|       |

|կազմակերպում:           |ներգրավում:          |համատեղ       |       |

|________________________|_____________________|______________|_______|

|3. «Հայաստանի           |ՀՀ գիտության ոլորտի  |ՀՀ կրթության  |2010 թ.|

|Հանրապետության գիտության|զարգացման 2011-2015  |և  գիտության  |       |

|ոլորտի զարգացման        |թվականների           |նախարարության |       |

|2011-2015 թվականների    |ռազմավարական ծրագրի  |գիտության     |       |

|ռազմավարական ծրագիրը և  |իրականացման իրավական |պետական կոմիտե|       |

|միջոցառումների          |հիմքերի ապահովում:   |              |       |

|ժամանակացույցը          |                     |              |       |

|հաստատելու մասին»       |                     |              |       |

|Հայաստանի Հանրապետության|                     |              |       |

|կառավարության որոշման   |                     |              |       |

|նախագծի ներկայացում     |                     |              |       |

|Հայաստանի Հանրապետության|                     |              |       |

|կառավարություն:         |                     |              |       |

|________________________|_____________________|______________|_______|

|4. (4-րդ կետն ուժը կորցրել է 27.01.11 թիվ 3 որոշում)                 |

|________________________|_____________________|______________|_______|

|5. (5-րդ կետն ուժը կորցրել է 27.01.11 թիվ 3 որոշում)                 |

|________________________|_____________________|______________|_______|

|6. (6-րդ կետն ուժը կորցրել է 27.01.11 թիվ 3 որոշում)                 |

|________________________|_____________________|______________|_______|

|7. Հայաստանի            |ՀՀ գիտության ոլորտի  |ՀՀ կրթության  |2015 թ.|

|Հանրապետության գիտության|զարգացման 2016-2020  |և  գիտության  |       |

|ոլորտի զարգացման        |թվականների           |նախարարության |       |

|2016-2020 թվականների    |ռազմավարական ծրագրի  |գիտության     |       |

|ռազմավարական ծրագրի և   |իրականացման          |պետական կոմիտե|       |

|միջոցառումների          |գիտականորեն          |ՀՀ            |       |

|ժամանակացույցի մշակում: |հիմնավորված          |գիտությունների|       |

|                        |մեխանիզմների և       |ազգային       |       |

|                        |համապատասխան իրավական|ակադեմիայի հետ|       |

|                        |հիմքերի մշակում` ՀՀ  |համատեղ       |       |

|                        |գիտության ոլորտի     |              |       |

|                        |զարգացման 2011-2015  |              |       |

|                        |թվականների           |              |       |

|                        |ռազմավարական ծրագրի  |              |       |

|                        |իրականացման          |              |       |

|                        |արդյունքների         |              |       |

|                        |գնահատման հիման վրա: |              |       |

|________________________|_____________________|______________|_______|

|8. Հայաստանի            |ՀՀ գիտության ոլորտի  |ՀՀ կրթության  |2015 թ.|

|Հանրապետության գիտության|զարգացման 2016-2020  |և  գիտության  |       |

|ոլորտի զարգացման        |թվականների           |նախարարության |       |

|2016-2020 թվականների    |ռազմավարական ծրագրի  |գիտության     |       |

|ռազմավարական ծրագրի և   |և  միջոցառումների    |պետական կոմիտե|       |

|միջոցառումների          |ժամանակացույցի       |ՀՀ            |       |

|ժամանակացույցի          |մշակման գործընթացում |գիտությունների|       |

|հասարակական             |գիտական լայն         |ազգային       |       |

|քննարկումների           |հասարակայնության     |ակադեմիայի հետ|       |

|կազմակերպում:           |ներգրավում:          |համատեղ       |       |

|________________________|_____________________|______________|_______|

|9. «Հայաստանի           |ՀՀ գիտության ոլորտի  |ՀՀ կրթության  |2015 թ.|

|Հանրապետության գիտության|զարգացման 2016-2020  |և  գիտության  |       |

|ոլորտի զարգացման        |թվականների           |նախարարության |       |

|2016-2020 թվականների    |ռազմավարական ծրագրի  |գիտության     |       |

|ռազմավարական ծրագիրը և  |իրականացման իրավական |պետական կոմիտե|       |

|միջոցառումների          |հիմքերի ապահովում:   |              |       |

|ժամանակացույցը          |                     |              |       |

|հաստատելու մասին»       |                     |              |       |

|Հայաստանի Հանրապետության|                     |              |       |

|կառավարության որոշման   |                     |              |       |

|նախագծի ներկայացում     |                     |              |       |

|Հայաստանի Հանրապետության|                     |              |       |

|կառավարություն:         |                     |              |       |

._____________________________________________________________________.

(ցանկն ու ժամանակացույցը փոփ. 27.01.11 թիվ 3 որոշում)

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2010
N 20
Արձանագրային որոշում