ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0773/02/09
դատարանի որոշում 2010 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ /0773/02/09
Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան
Դատավորներ` Ն. Հովսեփյան
Ա. Մկրտչյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Աբելյանի
Վ. Ավանեսյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի հուլիսի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սիրաս Քլոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2010 թվականի որոշման դեմ` ըստ Նիկոլ Փիրումյանի հայցի ընդդեմ Սիրաս Քլոյանի, Վարդանուշ Այվազյանի և երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Զեյթուն» տարածքային ստորաբաժանման` ընդհանուր հողատարածքից բաժինն առանձնացնելու և բաժանիչ պատ կառուցել թույլատրելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Նիկոլ Փիրումյանը պահանջել է Երևանի Կ. ՈՒլնեցի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող ընդհանուր սեփականության ներքո գտնվող 152,2 քմ հողամասից առանձնացնել իր բաժինը և թույլատրել կառուցելու բաժանիչ պատ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 15.10.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.02.2010 թվականի որոշմամբ Դատարանի 15.10.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է Դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սիրաս Քլոյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Նիկոլ Փիրումյանի ներկայացուցիչ Գառնիկ Փիրումյանը և Վարդանուշ Այվազյանի ներկայացուցիչ Հրաչ Ալեզյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 49-րդ հոդվածների 1-ին կետերը, 53-րդ և 60-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Նիկոլ Փիրումյանը և նրա ներկայացուցիչը գործի ողջ քննության ընթացքում միջնորդել են հետաձգել գործի քննությունը, որպեսզի Դատարան ներկայացնեն իրենց պահանջը հիմնավորող ապացույց` հողամասի բաժանման հնարավոր տարբերակի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն, սակայն մինչև դատաքննության ավարտը նման ապացույց չեն ներկայացրել, չեն ներկայացրել նաև համապատասխան փորձաքննություն նշանակելու միջնորդություն: Ավելին, Նիկոլ Փիրումյանը, ունենալով հնարավորություն ավելի վաղ ստանալու և ներկայացնելու «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փորձաքննության ազգային բյուրոյի» եզրակացությունը, այն վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է վճռի հրապարակումից 1 ամիս անց` 2009 թվականի նոյեմբերին: Այսպիսով, Դատարանը, հայցը մերժելով, կայացրել է օրինական ու հիմնավորված վճիռ, քանի որ հայցվորը չի ներկայացրել իր պահանջները հիմնավորող որևէ ապացույց:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.02.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.10.2009 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանների հիմնավորումները
Վճռաբեկ բողոքում նշված փաստարկը, թե իբր Նիկոլ Փիրումյանը, ունենալով հնարավորություն ավելի վաղ ստանալու և ներկայացնելու «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փորձաքննության ազգային բյուրոյի» եզրակացությունը, այն վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է վճռի հրապարակումից 1 ամիս անց` 2009 թվականի նոյեմբերին, անհիմն է, քանի որ տվյալ դեպքում հատուկ գիտելիքներ են պահանջվել անհրաժեշտ ապացույց ներկայացնելու և հարցի օբյեկտիվ լուծման համար, սակայն Դատարանն իր նախաձեռնությամբ փորձաքննություն չի նշանակել, և այդ իսկ պատճառով փորձագետի եզրակացությունը, որպես ապացույց, հնարավոր է եղել ձեռք բերել միայն 12.11.2009 թվականին` Դատարանի կողմից վճիռը հրապարակելուց հետո միայն:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 49-րդ հոդվածների 1-ին կետերի խախտմանը, ապա ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանի 18.02.2010 թվականի որոշումը հիմնավոր է և բխում է վերոհիշյալ հոդվածների պահանջներից: ՈՒստի, վերոգրյալ հիմքերով վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 17.03.2005 թվականի թիվ 05-895 օրինական ուժի մեջ մտած վճռով Վերաքննիչ դատարանը քննել էր Նիկոլ Փիրումյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի տարածքային ստորաբաժանման, Վարդանուշ Այվազյանի, Սիրաս Քլոյանի` ընդհանուր հողամասից իրեն հասանելիք բաժնեմասը, ընդհանուր մուտք համարվող հողամասը առանձնացնելու պահանջի մասին, և Սիրաս Քլոյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Նիկոլ Փիրումյանի և Վարդանուշ Այվազյանի` 152,2 քմ մակերեսով հողամասն իրեն հատկացնելու և ընդհանուր հողամասից իր բաժինը` առանց որևէ համատեղ սեփականություն պահպանելու, առանձնացնելու պահանջի մասին քաղաքացիական գործը:
Վճռով Երևանի Կ. ՈՒլնեցի փողոցի թիվ 28 տան ընդհանուր հողատարածքից 228,4 քմ մակերեսով հողամասն առանձնացվել է որպես Նիկոլ Փիրումյանի սեփականություն, իսկ 152,2 քմ մակերես ունեցող հողամասը, որպես ընդհանուր մուտք, թողնվել է երեք համասեփականատերերի ընդհանուր օգտագործմանը: Միաժամանակ վճռվել էր Սիրաս Քլոյանի հակընդդեմ հայցը մերժել (հատոր 1-ին, գ.թ. 15-16, 13-14):
2. Սույն գործով Նիկոլ Փիրումյանի հայցի առարկան Երևանի Կ. ՈՒլնեցի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող մուտքի ուղի համարվող ընդհանուր սեփականության ներքո գտնվող 152,2 քմ հողամասից իր բաժինն առանձնացնելն է (հատոր 1-ին, գ.թ. 2):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ սույն օրենսգրքի 110 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:
Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցվորը չի ներկայացրել իր պահանջները հիմնավորող որևէ ապացույց, այն է` վիճելի հողամասի բաժանման հնարավոր տարբերակի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն:
Վերաքննիչ դատարանը, դատական ակտը բեկանելով և գործը նոր քննության ուղարկելով, պատճառաբանել է, որ Դատարանը չի ձեռնարկել օրենքով թույլատրվող բոլոր միջոցները վեճը լուծելու, ինչպես նաև կողմերի արդար դատաքննության իրավունքի իրականացումն ապահովելու համար:
Մինչդեռ սույն գործում առկա է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.03.2005 թվականի թիվ 05-895 օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով Վերաքննիչ դատարանը քննել է Նիկոլ Փիրումյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի տարածքային ստորաբաժանման, Վարդանուշ Այվազյանի, Սիրաս Քլոյանի` ընդհանուր հողամասից իրեն հասանելիք բաժնեմասը, ընդհանուր մուտք համարվող հողամասը առանձնացնելու պահանջի մասին, և Սիրաս Քլոյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Նիկոլ Փիրումյանի և Վարդանուշ Այվազյանի` 152,2 քմ մակերեսով հողամասն իրեն հատկացնելու և ընդհանուր հողամասից իր բաժինը` առանց որևէ համատեղ սեփականություն պահպանելու, առանձնացնելու պահանջի մասին քաղաքացիական գործը: Տվյալ վճռով Նիկոլ Փիրումյանի պահանջը` ընդհանուր հողամասից իրեն հասանելիք բաժնեմասն առանձնացնելու մասին, բավարարվել է` Երևանի Կ. ՈՒլնեցի փողոցի թիվ 28 տան ընդհանուր հողատարածքից 228,4 քմ մակերեսով հողամասն առանձնացվել է որպես Նիկոլ Փիրումյանի սեփականություն, իսկ 152,2 քմ մակերես ունեցող հողամասը, որպես ընդհանուր մուտք, թողնվել է երեք համասեփականատերերի` Նիկոլ Փիրումյանի, Սիրաս Քլոյանի և Վարդանուշ Այվազյանի ընդհանուր օգտագործմանը:
Այսինքն` ընդհանուր սեփականությունում մասնակիցների բաժինները բնեղենով առանձնացվել են, իսկ սույն գործով վիճելի հողամասը ծառայում է որպես ընդհանուր մուտք:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 17.03.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով ըստ էության մերժվել է Նիլոլ Փիրումյանի պահանջը ընդհանուր մուտքի ճանապարհ հանդիսացող վիճելի հողամասի բաժանման վերաբերյալ և 152,2 քմ մակերես ունեցող հողամասը թողնվել է երեք համասեփականատերերի` Նիկոլ Փիրումյանի, Սիրաս Քլոյանի և Վարդանուշ Այվազյանի ընդհանուր օգտագործմանը, իսկ սույն գործով հայցապահանջը կրկին վերաբերում է Երևանի Կ. ՈՒլնեցի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող մուտքի ուղի համարվող ընդհանուր սեփականության ներքո գտնվող 152,2 քմ հողամասից բաժինն առանձնացնելուն:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով արդեն իսկ առկա է նույն կողմերի միջև, նույն առարկայի վերաբերյալ, նույն հիմքով օրինական ուժի մեջ մտած վճիռ, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով սույն գործի վարույթը ենթակա է կարճման:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք բերած անձի փաստարկներին, ապա գործի վարույթի կարճման պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2010 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան