Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ԵՎ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ԵՎ 280-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ դատարանի որոշում     Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1357/02/09

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1357/02/09                           2010 թ.

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

Դատավորներ` Գ. Մատինյան

Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարգարիտա Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.02.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ջոնիկ Սարգսյանի ընդդեմ Մարգարիտա Սարգսյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ջոնիկ Սարգսյանը պահանջել է Երևանի Կովկասյան փողոցի թիվ 58 տան հասցեում գտնվող շինության 1-ին հարկի և փաստացի զբաղեցված հողատարածքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 12.11.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.02.2010 թվականի որոշմամբ Դատարանի 12.11.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարգարիտա Սարգսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ջոնիկ Սարգսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 53-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը նշել է, որ Դատարանը քննության առարկա չի դարձրել Երևանի Կովկասյան փողոցի թիվ 62, 79, 81 տան բնակիչների հայտարարությունները, ինչպես նաև մերժելով հայցվորի` տեղատեսություն կատարելու միջնորդությունը և չպարզելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) կողմից տրված գրություններում հակասությունների և իրարամերժ փաստերի առկայության հանգամանքը, չի կատարել գործի պատշաճ քննություն:

Մինչդեռ վերոնշյալ հայտարարությունները չեն կարող հիմք հանդիսանալ հայցը բավարարելու համար, քանի որ Ջոնիկ Սարգսյանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, որ վիճելի հողամասը և կառույցը տիրապետել է որպես սեփականություն, կամ տիրապետումը հիմնվել է այնպիսի փաստի վրա, որը նրան հիմք է տվել ենթադրելու, որ այդ գույքը տիրապետել է որպես սեփականը: Գործի քննության ընթացքում չի ապացուցվել նաև Ջոնիկ Սարգսյանի կողմից այդ գույքի պահպանմանը և կառավարմանը մասնակցելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է Կադաստրի կողմից տրված գրություններին, ապա դրանցում որևէ հակասություն չկա: Ավելին, 30.09.2009 թվականի թիվ Կ/Ղ Ել-4553ա գրությամբ հստակ նշված է, որ վիճելի հասցեի 300.0 քմ հողամասը ընդհանուր սեփականություն չէ, այլ համարվում է Մարգարիտա Սարգսյանի սեփականությունը, իսկ նախկին գրություններում հողամասը ընդհանուր սեփականություն նշելը վրիպակի արդյունք է:

Տեղատեսություն կատարելու միջնորդությունը մերժելու հետ կապված անհրաժեշտ է նշել, որ Ջոնիկ Սարգսյանի կողմից նման միջնորդություն` ո՛չ գրավոր և ո՛չ էլ բանավոր, գործի ամբողջ քննության ընթացքում չի ներկայացվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.02.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.11.2009 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Անհիմն է վճռաբեկ բողոք բերած անձի այն պնդումը, որ Երևանի Կովկասյան փողոցի թիվ 62, 79, 81 տան բնակիչների հայտարարությունները չեն կարող հայցը բավարարելու հիմք հանդիսանալ, քանի որ դրանցով հաստատվում է այն փաստը, որ վիճելի հասցեում 1959 թվականից մինչ իրենց մահն ապրել է Սերգեյ Սարգսյանի և Զինավար Հակոբյանի ընտանիքը, իսկ նրանց մահից հետո տան 1-ին /կիսանկուղային/ հարկում ապրում է Ջոնիկ Սարգսյանն իր ընտանիքով:

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ Դատարանը չի պարզել Կադաստրի կողմից տրված գրություններում տան, հողամասի կարգավիճակի վերաբերյալ առկա հակասությունը: Դատարանը, մերժելով տեղատեսություն կատարելու միջնորդությունը, պատշաճ քննություն չի կատարել, չի պարզաբանել բնակելի տան մուտքերի, հողամասի առանձնացման, բազմաթիվ անգամ տան վիճելի հատվածում վերանորոգման աշխատանքներ կատարելու հանգամանքները, որոնք էական նշանակություն ունեն սույն վեճի լուծման համար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Երևանի 26 կոմիսարների շրջսովետի գործկոմի կողմից 29.05.1958 թվականին Երևանի Կովկասյան փողոցի 58 հասցեում գտնվող 300 քմ մակերեսով հողամասը հատկացվել է Մարգարիտա Սարգսյանի ամուսնուն` Սոկրատ Սարգսյանին` երկհարկանի բնակելի շենք կառուցելու նպատակով (գ.թ. 27):

2. Գործում առկա գույքային թերթի «Հետագա նշումներ և գրանցումներ» բաժնի` թիվ 1911 ժառանգական վկայականի համաձայն` 1985 թվականից Սոկրատ Սարգսյանի մահից հետո նրա գույքի ժառանգն է Մարգարիտա Սարգսյանը: Մարգարիտա Սարգսյանի անվամբ տրված Երևանի Կովկասյան փողոցի թիվ 58 տան վերաբերյալ 04.01.1985 թվականի հատակագծի համաձայն`հողամասի չափը նշված է 15 x 20 մետր (գ.թ. 25-26):

3. Երևանի Արաբկիր համայնքի թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 20.07.2009 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Մարգարիտա Սարգսյանը բնակվում է Երևանի Հ. Սահյան /նախկինում` Կովկասյան/ փողոցի թիվ 58 տանը, որը կառուցվել է 1962 թվականին (գ.թ. 35):

4. Կադաստրի 08.04.2009 թվականի թիվ 940 գրության համաձայն` 06.04.2009 թվականին Մարգարիտա Սարգսյանը դիմել է Կադաստր Երևանի Կովկասյան փողոցի 58 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու համար, որը մերժվել է փաստաթղթերն օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան լինելու պատճառով, այն է` ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասին կից առկա է 6,4 քմ մակերեսով ինքնակամ զբաղեցրած հողամաս և 6,4 քմ մակերեսով կառուցված շինություն (գ.թ. 28):

5. Կադաստրի 26.06.2009 թվականի թիվ 2949ա և 07.09.2009 թվականի թիվ 4115ա գրությունների համաձայն` Երևանի Կովկասյան փողոցի 58 հասցեում Մարգարիտա Սարգսյանի անվամբ գրանցված է 300 քմ մակերեսով հողամաս` որպես ընդհանուր համատեղ սեփականություն, իսկ Ջոնիկ Սարգսյանի կողմից զբաղեցրած շինության մակերեսը կազմում է 92,5 քմ, հողի մակերեսը` 300 քմ` որպես ընդհանուր սեփականություն (գ.թ. 53, 55):

6. Կադաստրի 30.09.2009 թվականի թիվ 4553ա գրության համաձայն` Երևանի Կովկասյան փողոցի 58 հասցեի երկհարկանի բնակելի տունը գտնվում է 300 քմ մակերեսով հողամասի վրա: Սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ տրված է միայն երկրորդ հարկի սեփականատեր Մարգարիտա Սարգսյանի անվամբ, իսկ առաջին հարկի վերաբերյալ ոչ մի իրավահաստատող փաստաթուղթ առկա չէ, որից հետևում է, որ 300 քմ մակերեսով հողամասը համարվում է սեփականություն, այլ ոչ թե ընդհանուր սեփականություն: Իրենց նախկին գրություններում «ընդհանուր սեփականություն» նշումը վրիպակ է (գ.թ. 62):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ջոնիկ Սարգսյանը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ վեճի առարկա գույքը տիրապետել է բարեխիղճ, բացահայտ և տասը տարի անընդմեջ:

Վերաքննիչ դատարանը դատական ակտի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ սույն գործով Դատարանը քննության առարկա չի դարձրել Երևանի Կովկասյան փողոցի թիվ 62, 79, 81 տան բնակիչների հայտարարությունները, ինչպես նաև մերժելով հայցվորի` տեղատեսություն կատարելու միջնորդությունը և չպարզելով Կադաստրի կողմից տրված գրություններում հակասությունների և իրարամերժ փաստերի առկայության հանգամանքը` չի կատարել գործի պատշաճ քննություն:

Սույն գործի փաստերի համաձայն` Մարգարիտա Սարգսյանը 1985 թվականից Երևանի Կովկասյան փողոցի 58 հասցեում գտնվող 300 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող երկհարկանի բնակելի տան երկրորդ հարկի սեփականատերն է, որտեղ բնակվում է մինչ օրս, իսկ Ջոնիկ Սարգսյանն զբաղեցնում է շինության 1-ին հարկի 92,5 քմ մակերեսը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չէ Ջոնիկ Սարգսյանի կողմից վիճելի գույքի բարեխիղճ տիրապետումը հավաստող որևէ ապացույց, մասնավորապես` գույքը վերջինիս կամ իր իրավանախորդների փաստացի տիրապետմանն անցնելու հիմքը վկայող որևէ փաստ, որը տիրապետողին կարող էր տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն: Բացի այդ, սույն գործի նյութերով չի հիմնավորվում նաև Ջոնիկ Սարգսյանի կողմից վիճելի գույքը որպես սեփականը տիրապետելու, այսինքն` գույքի կառավարմանը մասնակցելու, դրա պահպանման համար հոգ տանելու հանգամանքը, ինչպես իր սեփական գույքի դեպքում:

Ավելին, սույն գործի փաստերի համաձայն`Մարգարիտա Սարգսյանն է մասնակցել գույքի կառավարմանը, հոգ տարել դրա մասին, չի կատարել այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտ կվկայեին գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված Երևանի Կովկասյան փողոցի թիվ 62, 79, 81 տան բնակիչների հայտարարություններին, ըստ որոնց, որ վիճելի հասցեում 1959 թվականից մինչև իրենց մահն ապրել է Սերգեյ Սարգսյանի և Զինավար Հակոբյանի ընտանիքը` իրենց զավակներով, որոնց մահից հետո տան 1-ին հարկը զբաղեցնում է Ջոնիկ Սարգսյանն իր ընտանիքով, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք բավարար չեն վիճելի գույքը տիրապետելու բարեխղճությունը հաստատված համարելու համար:

Ինչ վերաբերում է Կադաստրի գրությունների հակասության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի արտահայտած դիրքորոշմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված գրությունները չեն հակասում միմյանց, քանի որ Կադաստրի 30.09.2009 թվականի թիվ 4553ա գրությամբ նշվել է, որ վիճելի հասցեի 300 քմ մակերեսով հողամասը համարվում է սեփականություն, այլ ոչ թե ընդհանուր սեփականություն, իսկ իրենց նախկին գրություններում «ընդհանուր սեփականություն» նշումն ընդամենը վրիպակ է:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա չէ վիճելի գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ չորս վավերապայմանների միաժամանակյա առկայությունը, ինչը բավարար է հայցը մերժելու համար:

Ինչ վերաբերում է «Տեղատեսություն կատարելու մասին» միջնորդության մերժման Վերաքննիչ դատարանի կողմից բերված պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձեռքբերման վաղեմությամբ սեփականության իրավունքի ծագման վավերապայմանների բացակայության պայմաններում տեղատեսություն կատարելը սույն գործի լուծման համար որևէ էական նշանակություն չունի:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանությամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.02.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.11.2009 թվականի վճռին:

2. Ջոնիկ Սարգսյանից հօգուտ Մարգարիտա Սարգսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.06.2010
N ԵԱՔԴ/1357/02/09
Որոշում