ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՀՅՔԴ2/0081/02/08
Վարչական գործ թիվ ՀՅՔԴ2/0081/02/08 2010 թ.
Նախագահող դատավոր` Ա. Ալավերդյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Է. Հայրիյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ե. Խունդկարյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի հուլիսի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Օֆելյա Զիրոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 17.11.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Հայկ Զուրաբյանի և Օֆելյա Զիրոյանի ընդդեմ Նորայր Վեքիլյանի, Նորիկ-Մուշեղ Աբրահամյանի, Նելլի Գյուլզատյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման, Անդրանիկ Սեդրակյանի` լիազորագիրը տրամադրելու վերաբերյալ նոտարական սեղանամատյանում կատարված թիվ 5089 պետական գրանցումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հայկ Զուրաբյանը և Օֆելյա Զիրոյանը պահանջել են անվավեր ճանաչել 06.10.2003 թվականին Հայկ Զուրաբյանի և Օֆելյա Զիրոյանի կողմից Նորայր Վեքիլյանին տրված թիվ 5089 լիազորագիրը, ինչպես նաև Հայկ Զուրաբյանի և Օֆելյա Զիրոյանի անունից գործող Նորայր Վեքիլյանի և Նորիկ-Մուշեղ Աբրահամյանի միջև 15.01.2004 թվականին կնքված Վանաձորի Վարդանանց փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 տան և հողամասի վերաբերյալ առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 22.01.2004 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 1741899 վկայականը:
ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 20.08.2008 թվականի որոշմամբ նշված քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 25.02.2009 թվականի որոշմամբ քաղաքացիական գործը տարածքային ընդդատության կանոններին համապատասխան փոխանցվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Հայկ Զուրաբյանը և Օֆելյա Զիրոյանը, փոփոխելով հայցի հիմքը և առարկան, պահանջել են անվավեր ճանաչել 06.10.2003 թվականին Հայկ Զուրաբյանի և Օֆելյա Զիրոյանի կողմից Նորայր Վեքիլյանին լիազորագիր տրամադրելու հիմքով նոտարական սեղանամատյանում կատարված թիվ 5089 պետական գրանցումը և կիրառել Հայկ Զուրաբյանի և Օֆելյա Զիրոյանի կողմից 06.10.2003 թվականին Նորայր Վեքիլյանին լիազորագիր տրամադրելու գործարքի անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել Հայկ Զուրաբյանի և Օֆելյա Զիրոյանի անունից գործող Նորայր Վեքիլյանի և Նորիկ-Մուշեղ Աբրահամյանի միջև 15.01.2004 թվականին կնքված Վանաձորի Վարդանանց փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 տան և հողամասի վերաբերյալ առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 22.01.2004 թվականին կատարված իրավունքի պետական գրանցման միասնական 4-41 մատյանի թիվ 270 համարի տակ Նորիկ-Մուշեղ Աբրահամյանի անվամբ իրականացված իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև Նորիկ-Մուշեղի Աբրահամյանի և Անդրանիկ Սեդրակյանի միջև 10.11.2007 թվականին կնքված Վանաձորի Վարդանանց փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 տան և հողամասի վերաբերյալ թիվ 3762 առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 16.11.2007 թվականին կատարված իրավունքի պետական գրանցման միասնական 06-001-004-041 մատյանի թիվ 270 համարի տակ Անդրանիկ Սեդրակյանի անվամբ իրականացված իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.09.2009 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն առարկայական ընդդատության կանոններին համապատասխան ուղարկվել է ՀՀ վարչական դատարան:
ՀՀ վարչական դատարանի 17.11.2009 թվականի (այսուհետ` Դատարան) վճռով վարչական գործի վարույթը կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Օֆելյա Զիրոյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Հայկ Զուրաբյանը և Օֆելյա Զիրոյանը, փոփոխելով հայցի հիմքը և առարկան, պահանջել են անվավեր ճանաչել 06.10.2003 թվականին Հայկ Զուրաբյանի և Օֆելյա Զիրոյանի կողմից Նորայր Վեքիլյանին լիազորագիր տրամադրելու հիմքով նոտարական սեղանամատյանում կատարված թիվ 5089 պետական գրանցումը: Այսինքն` հայցվորները վիճարկում են նոտարական գրանցամատյանում կատարված գրանցումը, հետևաբար Նորայր Վեքիլյանի մահն ինքնին հիմք չէ վարչական գործի վարույթը կարճելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 17.11.2009 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Նոտարական կարգով վավերացված 06.10.2003 թվականի թիվ 5089 լիազորագրով Հայկ Զուրաբյանը և Օֆելյա Զիրոյանը տրամադրել են Նորայր Վեքիլյանին լիազորագիր Վանաձորի Վարդանանց փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 հասցեում գտնվող տան և հողամասի վերաբերյալ իրենց անունից կատարելու որոշակի գործողություններ և կնքելու որոշ գործարքներ, այդ թվում նաև` կնքելու օտարման պայմանագիր (թիվ 327 քրեական գործի նյութեր, գ.թ.75):
2. Նոտարական կարգով վավերացված 15.01.2004 թվականի առուվաճառքի պայմանագրով Հայկ Զուրաբյանի և Օֆելյա Զիրոյանի անունից լիազորված Նորայր Վեքիլյանը Վանաձորի Վարդանանց փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 տունը և հողամասը վաճառել է Նորիկ-Մուշեղ Աբրահամյանին (հատոր 1-ին, գ.թ.47), որից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման և Նորիկ-Մուշեղ Աբրահամյանին 22.01.2004 թվականին տրվել է սեփականության իրավունքի գրանցման թիվ 1741899 վկայականը (հատոր 3-րդ, գ.թ.100-102):
3. 16.11.2007 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1876293 վկայականի համաձայն` Վանաձորի Վարդանանց փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 տան և հողամասի սեփականատերն Անդրանիկ Սեդրակյանն է, (հիմք` նոտարական կարգով վավերացված 10.11.2007 թվականի առուվաճառքի թիվ 3762 պայմանագիրը) (հատոր 2-րդ, գ.թ.73-75):
4. Նորայր Վեքիլյանը մահացել է 17.02.2008 թվականին (հատոր 3-րդ, գ.թ.71):
5. Դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նորայր Վեքիլյանը մահացել է, վարչական գործի վարույթը կարճել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը:
Տվյալ դեպքում, վարչական գործի վարույթը կարճելիս Դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Նորայր Վեքիլյանը մահացել է և վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը և պատճառաբանել, որ «հայցվորների վկայակոչած փաստերը, մասնավորապես` 2003 թ. Հայցվոր` Հայկ Զուրաբյանի և Նորայր Վեքիլյանի միջև փոխառության պայմանագրի կնքման, նրանից` 8.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ստանալու, այդ գումարը չվերադարձնելու, Նորայր Վեքիլյանի կողմից` 06.10.2003 թ. «խաբեությամբ, փաստաթղթեր կեղծելու միջոցով» լիազորագիր վերցնելու և նրա կողմից շինծու գործարք կնքելու վերաբերյալ, հնարավոր չէ պարզել պատասխանող` Նորայր Վեքիլյանի փոխարեն դատավարության մեջ այլ անձի, այն է` նրա իրավահաջորդների փոխարինմամբ»:
Մինչդեռ Դատարանը, նշելով, որ վերոհիշյալ փաստերը հնարավոր չէ պարզել Նորայր Վելիքյանի փոխարեն դատավարությանն այլ անձ ներգրավելու միջոցով, չի հիմնավորել իր պնդումը: Մասնավորապես, սույն քաղաքացիական գործով ներկայացված է լիազորագիրը տրամադրելու վերաբերյալ նոտարական սեղանամատյանում կատարված թիվ 5089 պետական գրանցումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներ տվյալ գրանցումը կեղծիքի հիման վրա կատարված լինելու հիմքով: Այսինքն` տվյալ դեպքում նշված պահանջը կարող է քննվել առանձին, քանի որ տվյալ պահանջով որպես կողմ է ընդգրկվել նաև գրանցող մարմինը` նոտարը:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե՛ս, օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. Գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)): ՈՒստի, սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ իրավական հարցին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճռի մասը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճռի` Նորայր Վեքիլյանի մասով կարճելը հիմնավոր է, քանի որ Դատարանն իրավացիորեն գտել է, որ Նորայր Վեքիլյանի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը նրա մասով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վարչական դատարանի 17.11.2009 թվականի վճռի` Նորայր Վեքիլյանի մասը թողնել օրինական ուժի մեջ, իսկ վճռի մնացած մասը բեկանել և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգել և այդ հարցին անդրադառնալ գործի ըստ էության քննության ժամանակ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Է. Հայրիյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ե. Խունդկարյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան