Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 23-ՐԴ, 24-ՐԴ, 25-ՐԴ, 26-ՐԴ, 113-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ/3301/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ/3301/05/09                             2010 թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հուլիսի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Աշգոր» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 25.12.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Աշգոր» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), երրորդ անձ «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` սեփականության իրավունքի գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու, գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է մասնակիորեն անվավեր ճանաչել Երևանի Արարատյան 86 հասցեում գտնվող 426 քմ մակերեսով հողամասի և դրա վրա առկա անշարժ գույքի նկատմամբ 01.08.2002 թվականին Կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և պարտավորեցնել Կադաստրին կատարելու Ընկերության սեփականության իրավունքի գրանցումը վերոնշյալ հասցեում գտնվող հողամասի և դրա վրա առկա անշարժ գույքի` երկաթգծի վագոնների քարշակման մեխանիզմի, թեք գալերեայի, գետնանցման, մետաղե կուտակչի, պահակատան, կոպտատաշ քարով պարսպի, բետոնապատ հորի նկատմամբ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 25.12.2009 թվականի վճռով կոպտատաշ քարով պարսպի, երկաթգծի վագոնների քարշակման մեխանիզմի, թեք գալերեայի, գետնանցման, մետաղե կուտակչի (ամբար), պահակատան նկատմամբ պետական գրանցումն անվավեր ճանաչելու, ինչպես նաև կոպտատաշ քարով պարսպի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 113-րդ հոդվածների պահանջները, խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածը, չի կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 17-րդ և 25-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը ճիշտ չի գնահատել գործում առկա ապացույցները:

Մասնավորապես, Դատարանը չի գնահատել փորձաքննության եզրակացությունը, գեոդեզիական հանույթը, սեփականաշնորհման պայմանագիրը, 21.07.1995 թվականի թիվ 836 կարգադրությունը, 25.07.1995 թվականի հանձնման-ընդունման ակտը, 21.08.1996 թվականի ակտը, 01.10.1996 թվականի թիվ 18 ինվենտարիզացիոն քարտը և հիմնական միջոցների ցանկը:

Այսպես, փորձագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ Ընկերության սեփականության իրավունքի վկայականի «Հողամասի հատակագիծը» բաժնում հողամասի գծագրված մակերեսը կազմում է 10968.0 քմ, այնինչ նույն վկայականի «Հողամասի տվյալները» բաժնի համաձայն` այն պետք է լինի 1.1394 հա: Այսինքն` գծագրից դուրս է մնացել Ընկերությանը պատկանող 426 քմ հողատարածք:

Մինչդեռ Դատարանը եզրահանգել է, որ այդ հողատարածքի նկատմամբ չի կարող Ընկերության իրավունքը գրանցվել, քանի որ այն այլ անձի սեփականությունն է:

Դատարանը չի գնահատել գեոդեզիական հանույթը: Վճռում որևէ խոսք չկա գեոդեզիական հանույթի և դրանում առկա հանգամանքների մասին, որից և պարզ է դառնում, որ 426 քմ մակերեսով հողամասը փաստացի դուրս է մնացել սեփականության իրավունքի գրանցման վկայականի գծագրից: Տվյալ դեպքում գեոդեզիական հանույթը, հանդիսանալով հողամասերի հատակագծման ոլորտում համապատասխան իրավազորություններ, մասնագիտացում ունեցող սուբյեկտի կողմից տրված փաստաթուղթ, որոշիչ և էական նշանակություն ունի գործի լուծման համար:

Սեփականաշնորհման պայմանագիրը, 21.07.1995 թվականի թիվ 836 կարգադրությունը, 25.071995 թվականի հանձնման-ընդունման ակտը, 21.08.1996 թվականի ակտը, 01.10.1996 թվականի թիվ 18 ինվենտարիցացիոն քարտը և հիմնական միջոցների ցանկն ապացույցներ են այն մասին, որ վիճելի գույքն Ընկերության անվամբ մասնավորեցված գույք է: Ընկերությունը վիճարկել է Կադաստրի կողմից հողամասը Կազմակերպության անվամբ գրանցելը` նշելով, որ նման գրանցումը կատարվել է առանց որևէ իրավահաստատող փաստաթղթի:

Դատավարության ընթացքում թե՛ Կադաստրը և թե՛ Կազմակերպությունը չեն ներկայացրել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց, որը կարող էր հաստատել հողամասի նկատմամբ Կազմակերպության իրավունքի գրանցման իրավաչափությունը: Այսինքն` Կադաստրը չի կարողացել հիմնավորել, թե ինչի հիման վրա է կատարվել Կազմակերպության իրավունքի պետական գրանցումը: Իսկ դատավարության ընթացքում հաստատվել է, որ հողամասի նկատմամբ Կազմակերպության իրավունքի գրանցումը չունի որևէ հիմք:

Նման պայմաններում Դատարանը պետք է արձանագրեր, որ Կադաստրը, կրելով իր կողմից կատարված պետական գրանցման հիմքում ընկած հանգամանքների ապացուցման բեռը, թույլատրելի ապացույցով չի հաստատել այդ հանգամանքների առկայությունը:

Ավելին, Դատարանը, հաշվի առնելով Եզրակացությունը և գեոդեզիական հանույթը, պետք է արձանագրեր, որ կատարված գրանցումը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայականը չեն արտացոլում Ընկերությանը պատկանող իրավունքին համարժեք մակերեսով հողամաս:

Այսպիսով, Ընկերությունը, ֆորմալ` թվաբանական միավորներով ունենալով սեփականության իրավունք, սխալ գծագրման արդյունքում փաստացի զրկվել է իր սեփականությունը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հնարավորությունից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 25.12.2009 թվականի վճռի հայցը մերժելու մասը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ընկերության վկայակոչած փաստարկները հիմնված են փորձագիտական եզրակացության և գեոդեզիական հանույթի վրա, որոնց հիմքում դրված է իրավաբանական ուժ չունեցող Երևանի քաղաքապետի 02.03.2007 թվականի թիվ 415-Ա որոշումը: Այսինքն` վիճելի 426 քմ հողամասի նկատմամբ Ընկերության որևէ իրավունք չի խախտվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության և «Արտադրական տեխնոլոգիական կոմպլեկտավորում» ԲԲԸ-ի միջև 14.07.1997 թվականին կնքված թիվ 652-2 սեփականաշնորհման պայմանագրի համաձայն` «Արտադրական տեխնոլոգիական կոմպլեկտավորում» ԲԲԸ-ն ձեռք է բերել «Արտադրական տեխնոլոգիական կոմպլեկտավորում» ՊՁ-ն, որը գտնվում է Երևանի Արարատյան 86 հասցեում: Պայմանագրի 2-րդ կետի համաձայն` ձեռնարկությունը գնորդը ձեռք է բերում վերջինիս ակտիվներով և պասիվներով հանդերձ (գ.թ. 14-15):

2) Ընկերության կանոնադրության համաձայն` Ընկերությունը «Արտադրական տեխնոլոգիական կոմպլեկտավորում» ԲԲԸ-ի իրավահաջորդն է (գ.թ. 18-31):

3) 30.11.2004 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 18.21815 վկայականի համաձայն` Երևանի Արարատյան 86 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Ընկերության իրավունքի գրանցման համար հիմք են հանդիսացել ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության 14.07.1997 թվականի թիվ 652-2 սեփականաշնորհման պայմանագիրը, Երքաղխորհրդի 21.10.1957 թվականի թիվ 32 հողհատկացման արձանագրությունը, Երևանի քաղաքապետի 25.06.2004 թվականի թիվ 1168-Ա որոշումը և 13.07.2004 թվականի թիվ 4134 հողի վարձակալության պայմանագիրը: Նշված վկայականի «Հողամասի տվյալները» բաժնի համաձայն` Ընկերության հողամասի չափը կազմում է 1.1394 հա (գ.թ. 32-37):

4) «էքսպերտ ՍՎՍ» ՍՊԸ-ի 21.05.2009 թվականի թիվ 10-01 փորձաքննության եզրակացության (այսուհետ` Եզրակացություն) համաձայն`

«1. «Աշգոր» ՍՊԸ-ն երկաթգծի փակուղու հետ միասին փաստացի զբաղեցնում է 10968.0 ք.մ հողատարածք: «Աշգոր» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող պարսպի ընդհանուր երկարությունը կազմում է 162.0 քմ, ինչը համապատասխանում է սեփականության իրավունքի գրանցման վկայականի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գեոդեզիական հանույթի տվյալներին:

2. 30.11.2004 թ. «Աշգոր» ՍՊ ընկերությանը տրված թիվ 1821815 սեփականության իրավունքի գրանցման վկայականի ՀՈՂԱՄԱՍԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ բաժնում նշված է 1.1394 հա մակերեսով հողամաս: ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ բաժնում հողատարածքի գծագրված մակերեսը կազմում է 10968.0 քմ, որը չի համապատասխանում ՀՈՂԱՄԱՍԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ բաժնում նշված տվյալներին, այսինքն` պակաս է գրանցված 426.0 քմ մակերեսով հողատարածք: Արդյունքում, սեփականության իրավունքի գրանցման վկայականի հետ համեմատած, 426.0 քմ մակերեսով հողատարածքը կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից պետական գրանցում չի ստացել:

3. Ըստ 16.04.2004 թ. և 06.04.2009 թ. գեոդեզիական հանույթների, 02.03.2007 թ. հողամասի գլխավոր հատակագծի /թիվ 261-2007/ տվյալների և 30.11.2004 թ. «Աշգոր» ՍՊ ընկերությանը տրված թիվ 1821815 սեփականության իրավունքի գրանցման վկայականի ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ բաժնում կատարված գծագրից դուրս մնացած հողատարածքն ունի 71.0 x 6.0 մ չափեր, 426.0 քմ ընդհանուր մակերեսով:

4. 30.11.2004 թ. «Աշգոր» ՍՊ ընկերությանը տրված թիվ 1821815 սեփականության իրավունքի գրանցման վկայականի ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ բաժնում կատարված գծագրից դուրս մնացած 71.0 x 6.0 մ. չափեր ունեցող հողատարածքի վրա փաստացի առկա են

- երկաթգծի վագոնների քարշակման մեխանիզմը, կարապիկը -1 հատ,

- թեք գալերեան -75 գծ/մ երկարությամբ ժապավենային փոխադրիչով,

- գետնանցում 15 գծ/մ,

- մետաղե կուտակիչը /ամբար/,

- պահակատունը` 9.0 քմ մակերեսով,

- բետոնե հիմքի վրա կոպտատաշ քարով պարիսպը -71 գծ/մ (գ.թ. 50-58):

5) 06.04.2009 թվականի գեոդեզիական հանույթի համաձայն` Ընկերության կողմից փաստացի զբաղեցրած հողատարածքը կազմել է 10968 քմ (գ.թ. 72):

6) 12.06.2009 թվականի թիվ 1/2958 գրությամբ Կադաստրը 426 քմ վիճելի հողամասի և դրա վրա առկա գույքի նկատմամբ Ընկերության իրավունքի գրանցումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ գրանցված է Կազմակերպության իրավունքը (գ.թ. 62):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք իր կարծիքով էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ, իսկ 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի ուժով վարչական դատարանի կողմից գործի փաստերի ի պաշտոնե պարզման դատավարական իրավունքին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև Դատարանի իրավունքն է, սակայն Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս, օրինակ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության հայցի ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդնե ՍՊԸ-ի` 131.200 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ/5525/05/08 (2009 թ.) վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանն արձանագրելով, որ Ընկերության պահանջն ուղղված է կոնկրետ այն հողատարածքի նկատմամբ իրավունքի գրանցմանը, որը Կազմակերպության սեփականությունն է և առկա չէ վերջինիս այդ սեփականությունից զրկելու որևէ հիմք, վճռել է Ընկերության հայցը մերժել:

Մինչդեռ Դատարանը չի պարզել սույն վարչական գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը, այն է` Ընկերության 30.11.2004 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 18.21815 վկայականի «Հողամասի տվյալները» և «Հողամասի հատակագիծը» բաժինների միջև առկա հակասության հիմքերը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին և վճռաբեկ բողոքի պատասխանում բերված պատճառաբանություններին, ապա վերը նշված փաստը պարզված չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց քննարկմանը չի անդրադառնում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի թվականի 25.12.2009 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.07.2010
N ՎԴ/3301/05/09
Որոշում