Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ, 22-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ/7731/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/7731/05/08                             2010 թ.

Նախագահող դատավոր` Հ. Բեդևյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Խունդկարյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 02.02.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Էջմիածնի Շինանյութեր» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` Կոմիտեի հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) 31.10.2008 թվականի թիվ 1036512 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 31.10.2008 թվականի թիվ 1036512 ստուգման ակտը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 02.02.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 22-րդ հոդվածները, 24-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը պատճառաբանել է, որ թեև ստուգման ընթացքում առկա էր «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կիրառման հիմքը, սակայն ստուգում իրականացնող անձինք նշված հոդվածով սահմանված կարգով Ընկերության հարկային պարտավորությունները սխալ են հաշվարկել: Վարչական գործի նյութերից երևում է, որ Դատարանն Ընկերության իրացման շրջանառությունը և հարկային պարտավորությունները ստուգողների կողմից ոչ ճիշտ հաշվարկելու հարցը պարզելու նպատակով նշանակել է դատահաշվապահական փորձաքննություն, այնինչ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 12.10.2009 թվականի թիվ 09-1547 եզրակացությունը Դատարանը քննության առարկա չի դարձրել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 02.02.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի 16.06.2008 թվականի թիվ 1036512 հանձնարարագրի հիմքով Ընկերությունում կատարված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգման արդյունքում 31.10.2008 թվականին կազմվել է թիվ 1036512 ակտը, որի 1-ին, 2-րդ, 4-րդ, 9-րդ, 11-րդ, 15-րդ և 16-րդ կետերով արձանագրված խախտումների հիմքով լրացուցիչ հարկային պարտավորություններ են առաջադրվել շահութահարկի, եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի, բնապահպանական և բնօգտագործման վճարների, պետական տուրքի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով`54.275.400 ՀՀ դրամի չափով (որից շահութահարկի գծով` 11.250.500 ՀՀ դրամ, ավելացված արժեքի հարկի գծով` 24.657.800 ՀՀ դրամ, բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով` 7.029.100 ՀՀ դրամ, եկամտահարկի գծով` 1.132.300 ՀՀ դրամ, պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` 4.778.300 ՀՀ դրամ, իսկ 5.427.500 ՀՀ դրամ` հարկային համակարգի զարգացման ֆոնդի գումար):

2) ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 12.10.2009 թվականի թիվ 09-1547 եզրակացության համաձայն` փորձագետները եզրակացություն են տվել այն մասին, որ «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության 31.10.2008 թվականի թիվ 036512 ստուգման ակտով հանքանյութերի իրացման գները ճիշտ չեն որոշվել, հետևաբար և ճիշտ չեն հաշվարկվել ստուգվող ժամանակաշրջանում արդյունահանված և իրացված արտադրանքի շրջանառությունն ու դրանից բխող հարկային պարտավորությունները:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության աշխատակիցների կողմից 31.10.2008 թվականի թիվ 1036512 ստուգման ակտում արձանագրված դրվագներով` փորձաքննությամբ կատարված ճշգրտումներով, «Էջմիածնի Շինանյութեր» ԲԲԸ-ի կողմից 2006 թվականի 3-րդ եռամսյակից մինչև 2008 թվականի 3-րդ եռամսյակը ներառյալ ընկած ժամանակաշրջանում ծավալած ձեռնարկատիրական գործունեությունից` հարկերի և վճարների գծով առաջացող պարտավորությունների չափը տույժ և տուգանքներով հանդերձ ստուգման օրվա` 31.10.2008 թվականի դրությամբ կազմում է ընդամենը 6.899.201 ՀՀ դրամ, այդ թվում` շահութահարկ` 437.283 ՀՀ դրամ, ավելացված արժեքի հարկ` 2.270.596 ՀՀ դրամ, եկամտահարկ` 81.900 ՀՀ դրամ, պարտադիր սոցիալական ապահովության վճարներ` 731.300 ՀՀ դրամ, բնապահպանական և բնօգտագործման վճարներ` 1.640.000 ՀՀ դրամ, ինչպես նաև տույժ և տուգանքներ` 1.738.171 ՀՀ դրամ»:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ապացույցը գնահատելու կամ փաստը հաստատելու համար դատարանին կօգնի գիտական, տեխնիկական կամ այլ հատուկ իմացությունը, ապա անձը, որն իր կրթության, ունակության, հմտության կամ փորձի շնորհիվ կարող է փորձագետ համարվել, կարող է դատարանին ցուցմունք տալ տվյալ ապացույցի կամ փաստի վերաբերյալ եզրակացության ձևով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կարող է նշանակել փորձագետ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` փորձագետի եզրակացությունը դատարանը տրամադրում է գործին մասնակցող անձանց և հետազոտում է գործում եղած այլ ապացույցների հետ:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս գնահատման է ենթարկել և հիմք է ընդունել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 12.10.2009 թվականի թիվ 09-1547 դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը:

Այսպես, Դատարանը գտել է, որ ստուգում իրականացնողների կողմից ստուգման ընթացքում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կիրառման համար առկա է եղել օրենքով նախատեսված հիմքը, սակայն ստուգում իրականացնողները նշված հոդվածով սահմանված կարգով Ընկերության հարկային պարտավորությունները սխալ են հաշվարկել, այսինքն` ակտով արձանագրված հանքանյութերի իրացման գները ճիշտ չեն որոշվել, հետևաբար և ճիշտ չեն հաշվարկվել ստուգվող ժամանակաշրջանում արդյունահանված և իրացված արտադրանքի շրջանառությունն ու դրանից բխող հարկային պարտավորությունները, և արդյունքում Տեսչության 31.10.2008 թվականի թիվ 1036512 ստուգման ակտն ամբողջությամբ ճանաչել է անվավեր:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, վճռի հիմքում դնելով ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 12.10.2009 թվականի թիվ 09-1547 դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը (որով հետևություններ են արվել Ընկերության պարտավորությունների չափի վերաբերյալ, մասնավորապես այն մասին, որ Ընկերության կողմից 2006 թվականի 3-րդ եռամսյակից մինչև 2008 թվականի 3-րդ եռամսյակը ներառյալ ընկած ժամանակաշրջանում ծավալած ձեռնարկատիրական գործունեությունից` հարկերի և վճարների գծով առաջացող պարտավորությունների չափը` տույժ և տուգանքներով հանդերձ, ստուգման օրվա` 31.10.2008 թվականի դրությամբ կազմում է 6.899.201 ՀՀ դրամ), խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ և 24-րդ հոդվածների պահանջները, չի կատարել նշված եզրակացության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և Տեսչության 31.10.2008 թվականի թիվ 1036512 ստուգման ակտն անվավեր է ճանաչել ամբողջությամբ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 02.02.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Խունդկարյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.06.2010
N ՎԴ/7731/05/08
Որոշում