Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ1/0073/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ1/0073/05/09                             2010 թ.

Նախագահող դատավոր` Հ. Հովհաննիսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Յուպիտեր» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 18.12.2009 թվականի վճռի դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գորիսի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Հարկային տեսչություն)` 20.05.2009 թվականի թիվ 1000041 ստուգման ակտը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է մասնակիորեն` 15.601.300 ՀՀ դրամի մասով անվավեր ճանաչել 20.05.2009 թվականի թիվ 1000041 ստուգման ակտը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 18.12.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հարկային տեսչությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել նույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 24-րդ, 26-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցը մերժելու համար հիմք է ընդունել ստուգման ընթացքում Ընկերության կողմից փաստաթղթեր չներկայացնելու փաստը, սակայն անտեսել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջն այն մասին, որ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Եթե Ընկերությունը կրում է ստուգողի պահանջով անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու պարտավորություն, ապա ստուգող վարչական մարմինն էլ կրում է իր արձանագրած խախտումները հիմնավորելու, ապացուցելու պարտականություն, ինչը տվյալ դեպքում չի կատարվել:

Դատարանը, անդրադառնալով միայն ստուգման ընթացքում փաստաթղթեր չներկայացնելու հանգամանքին, ըստ էության չի գնահատել որպես ապացույց ներկայացված փորձագետի եզրակացությունը, ըստ որի ակտում արված հետևությունները չեն պարունակում հիմնավորումներ, փաստաթղթերին հղումներ, և այդ հետևությունները չեն բխում Ընկերության սկզբնական հաշվառման փաստաթղթերից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 18.12.2009 թվականի վճիռը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանի 18.12.2009 թվականի վճիռով նյութական և դատավարական իրավունքի նորմերը չեն խախտվել: Ստուգման արդյունքում կազմված ակտը բխում է օրենսդրության, մասնավորապես` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջներից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 09.03.2009 թվականի թիվ 1000041 հանձնարարագրով Ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում: Ստուգումն իրականացնելու համար սահմանվել է 15 անընդմեջ աշխատանքային օր: Ստուգման հանձնարարագրի օրինակը հանձնվել է 17.04.2009 թվականին, իսկ ստուգումը փաստացի սկսվել է 20.04.2009 թվականին (գ.թ. 5):

2) Հարկային տեսչության պետի 29.04.2009 թվականի թիվ 428 զեկուցագրի հիման վրա` Ընկերությունում իրականացվող ստուգման ժամկետը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 30.04.2009 թվականի թիվ 1-07/699-Ա հրամանով երկարաձգվել է 10 անընդմեջ աշխատանքային օրով (գ.թ. 59, 60):

3) Ստուգման արդյունքներով 20.05.2009 թվականին կազմված թիվ 1000041 ակտով Ընկերությանը շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն 18.651.800 ՀՀ դրամ` ներառյալ տույժերի և տուգանքների գումարները (գ.թ. 6-13):

4) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի գանգատարկման հանձնաժողովի 03.07.2009 թվականի թիվ 51/1 որոշմամբ որոշվել է ստուգման ակտը թողնել անփոփոխ: Որոշմամբ արձանագրվել է, որ ստուգման ընթացքում Ընկերության տնօրենի կողմից չեն ներկայացվել Ընկերության կողմից օգտագործված վառելիքի և պահեստամասերի ծախսը հիմնավորող փաստաթղթերը: Միաժամանակ նաև արձանագրվել է, որ Ընկերության տնօրենի կողմից նշվել է, որ օգտագործված վառելիքի և պահեստամասերի ծախսը հիմնավորող փաստաթղթերը գտնվում են ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վարդուտ գյուղի գրասենյակում (գ.թ. 16):

5) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 18.08.2009 թվականի Հմ`22050909 փորձագետի եզրակացության համաձայն` թիվ 1000041 ակտի դրվագներով և սույն փորձաքննությամբ ճշգրտված տվյալներով Ընկերության նկատմամբ հաշվարկվում է ընդամենը 3.050.500 ՀՀ դրամ, այդ թվում` շահութահարկ` 1.185.300 ՀՀ դրամ, ավելացված արժեքի հարկ` 172.100 ՀՀ դրամ, տուգանք` 1.317.700 ՀՀ դրամ, տույժ` 375.400 ՀՀ դրամ (գ.թ.77-92):

6) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների հետաքննության վարչության «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 31.08.2009 թվականի որոշմամբ Ընկերության վերաբերյալ նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Որոշման հիմքում դրվել է թիվ 22050909 փորձագիտական եզրակացությունը (գ.թ.93):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստուգման նպատակը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելը, Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելը և տնտեսավարող սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելն է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պարզում է այս կամ այն ապացույցի վերաբերելիության հարցը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:

Տվյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ոչ իրավաչափ է դիտում նաև այն վարչական ակտը, եթե ներկայացվել են այնպիսի փաստաթղթեր, որոնցից ակնհայտ է, որ ըստ էության տվյալ վարչական ակտով պետք է ընդունվեր այլ որոշում: Ընդ որում տվյալ ակտի ոչ իրավաչափ` անվավեր լինելու հանգամանքը ճանաչվում է ինչպես այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, այնպես էլ դատական կարգով:

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ 18.08.2009 թվականի Հմ` 22050909 եզրակացությունը հիմնված է հայցվորի կողմից ներկայացված լրացուցիչ փաստաթղթերի պատճենների հիման վրա, որոնք չեն ներկայացվել ստուգող մարմնին և չեն դրվել ստուգման ակտի հիմքում, ինչպես նաև որ ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության 31.08.2009 թվականի որոշումը հիմնված է 18.08.2009 թվականի Հմ` 22050909 եզրակացության վրա, հանգել է այն հետևության, որ ստուգման ակտը կայացվել է Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա, և դրա հաշվարկները բխում են այդ փաստաթղթերից, ուստի այն իրավաչափ է:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` 20.05.2009 թվականին կազմված թիվ 1000041 ստուգման ակտով Ընկերությանը շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն 18.651.800 ՀՀ դրամ` ներառյալ տույժերի և տուգանքների գումարները, հետագայում` 18.08.2009 թվականի Հմ`22050909 փորձագիտական եզրակացությամբ թիվ 1000041 ակտի դրվագներով և սույն փորձաքննությամբ ճշգրտված տվյալներով Ընկերության նկատմամբ հաշվարկվել է ընդամենը 3.050.500 ՀՀ դրամ, այդ թվում` շահութահարկ` 1.185.300 ՀՀ դրամ, ավելացված արժեքի հարկ` 172.100 ՀՀ դրամ, տուգանք` 1.317.700 ՀՀ դրամ, տույժ` 375.400 ՀՀ դրամ: ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի հետաքննության վարչության «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 31.08.2009 թվականի որոշմամբ մերժվել է Ընկերության վերաբերյալ նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Տվյալ որոշման հիմքում դրվել է թիվ 22050909 փորձագիտական եզրակացությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի հետաքննության վարչության «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 31.08.2009 թվականի որոշումը և 18.08.2009 թվականի Հմ` 22050909 փորձագիտական եզրակացությունը Դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի ուժով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատվեր, քանի որ այդ փաստաթղթերի առկայության դեպքում Ընկերության նկատմամբ կարող էր ընդունվել այլ որոշում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 18.12.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.06.2010
N ՎԴ1/0073/05/09
Որոշում