Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 18.09.1998 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ5/0092/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ5/0092/05/08                             2010 թ.

Նախագահող դատավոր` Էդ. Նահապետյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հուլիսի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ա/ձ Նաիրա Մադոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 16.02.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ա/ձ Նաիրա Մադոյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արթիկի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` 20.11.2007 թվականի թիվ 1022008 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` ա/ձ Նաիրա Մադոյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Արթիկի տարածքային հարկային տեսչության 20.11.2007 թվականի թիվ 1022008 ակտը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 16.02.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ա/ձ Նաիրա Մադոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշմամբ հաստատված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգի 1-ին բաժնի 2-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի, 27-րդ հոդվածի 3-րդ մասի, 113-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով որպես հարկային մարմնի կողմից հարկային պարտավորությունների հաշվարկման հիմք նշված չէ հաշվապահական փաստաթղթերում ապրանքների մանրածախ իրացման արժեքը ներմուծված ապրանքների արժեքից էականորեն ցածր ցույց տալը: Ավելին, նշված հոդվածի կիրառման համար պարտադիր է դրանում նշված խախտումներից որևէ մեկը, որն ապացուցելու պարտականությունը կրում է հարկային մարմինը: Մինչդեռ վերջինս, ակտում արձանագրելով, որ Նաիրա Մադոյանի մոտ տեղի է ունեցել գների տրանսֆեր` հարկային պարտավորությունների պլանավորման նպատակով գների նպատակային ձևակերպում, չի կատարել այդ խախտումն ապացուցելու պարտականությունը:

Բացի այդ, Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 07.10.2008 թվականին կազմված դատա-հաշվապահական փորձաքննության եզրակացությունը և ՀՀ հյուսիսային քրեական դատարանի 19.01.2009 թվականի դատավճիռը, որոնցով հաստատված գումարն էականորեն տարբերվել է վիճարկվող ստուգման ակտում արձանագրված գումարից:

Այսպիսով, Դատարանը չի որոշել, թե գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել և որոնք չեն պարզվել, այլ վճիռը պատճառաբանել է միայն հայցադիմումի պատասխանում և վերը նշված փորձագիտական եզրակացությունում տեղ գտած նախադասությունների տառացի շարադրմամբ, առանց դրանց վերլուծությունների և գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները հաստատելու:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 16.02.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 01.09.2006 թվականի «Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման» թիվ 01 Ա 101991 վկայականի համաձայն` Նաիրա Մադոյանը 01.09.2006 թվականին գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր (հ. 1, գ.թ. 13):

2) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 24.09.2007 թվականի թիվ 1022008 հանձնարարագրի համաձայն` 31.10.2007 թվականից մինչև 20.11.2007 թվականը ա/ձ Նաիրա Մադոյանի մոտ կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության լուծարային ստուգում (հ. 1, գ.թ. 16):

3) Ստուգման արդյունքներն արձանագրվել են 20.11.2007 թվականի թիվ 1022008 ակտում, որի համաձայն` ա/ձ Նաիրա Մադոյանին 2006-2007 թվականների համար առաջադրվել է պետական բյուջե մուծման ենթակա 223.318.500 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` տույժ-տուգանքներով հանդերձ 157.929.500 ՀՀ դրամ եկամտահարկ, 1.750.100 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ, 41.307.000 ՀՀ դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ:

Ստուգման ակտի 3-րդ կետի համաձայն` ա/ձ Նաիրա Մադոյանի մոտ տեղի է ունեցել գների տրանսֆեր, հարկային պարտավորությունների պլանավորման նպատակով գների նպատակային ձևակերպում, ինչպես նաև ներմուծված ապրանքներն իրացվել են մաքսային արժեքից էականորեն ցածր գներով: Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի դրույթները` հարկային պարտավորությունները հաշվարկվել են անուղղակի եղանակով` ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի որոշմամբ սահմանված կարգով (հ. 1, գ.թ. 5-10):

4) Դատարանի 25.12.2008 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը կասեցվել է մինչև ա/ձ Նաիրա Մադոյանի կողմից հայտարարագրերում խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով վերջնական ակտ կայացնելը (հ. 2, գ.թ. 21-25):

5) Նշված քրեական գործով փորձաքննություն նշանակելու մասին որոշման հիման վրա ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 29.05.2008 թվականին տրված դատա-հաշվապահական փորձաքննության եզրակացության համաձայն` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշմամբ սահմանված կարգով հարկ վճարողների ակտիվների, հասույթի հաշվարկային 25 տոկոս վերադիրի դրույթով հաշվարկելու, ինչպես նաև «Ավելացված արժեքի հարկի» մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի համաձայն` ավելացված արժեքի հարկի գծով առաջացող 82.251.500 /68.333+13.918.500/ ՀՀ դրամ բացասական տարբերությունը չհաշվանցելու /չպակասեցնելու/ պայմաններում ա/ձ Նաիրա Մադոյանի լրացուցիչ հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունները կկազմեն ընդամենը 31.281.200 ՀՀ դրամ, այդ թվում` հարկեր` 16.864.700 ՀՀ դրամ /սոցիալական ապահովագրության վճար` 3.325.800 ՀՀ դրամ, եկամտահարկ` 12.593.100 ՀՀ դրամ, ավելացված արժեքի հարկ` 945.800 ՀՀ դրամ/, տույժեր` 4.297.800 ՀՀ դրամ, տուգանք` 10.118.700 ՀՀ դրամ (հ. 1, գ.թ. 92-106):

6) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 07.10.2008 թվականի դատա-հաշվապահական փորձաքննության եզրակացության համաձայն` հաշվի առնելով ա/ձ Նաիրա Մադոյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից, եկամտահարկի դիմաց 14.11.2007 թվականին, 28.11.2007 թվականին և 29.11.2007 թվականին կատարված մուծումները, ինչպես նաև անձնական հաշվի քարտերում արտացոլված գերավճարների գումարները, ըստ առանձին հարկատեսակների հարկային պարտավորությունների չափը` տույժերով և տուգանքներով հանդերձ, կկազմի 21.077.900 ՀՀ դրամ (հ. 2, գ.թ. 35-39):

7) ՀՀ հյուսիսային քրեական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 19.01.2009 թվականի դատավճռով Նաիրա Մադոյանը դատապարտվել է այն բանի համար, որ հարկային մարմիններին ներկայացված հարկման հիմք հանդիսացող 2006 թվականի 4-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում և 2006, 2007 թվականների ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների մասին հայտարարագրերում իրացման շրջանառության իրական ծավալները և եկամուտները պակաս է ցույց տվել և այդ եղանակով չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի` 16.864.700 ՀՀ դրամ հարկեր և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ վճարելուց: Դատավճռով հաստատվել է, որ ա/ձ Նաիրա Մադոյանն ամբողջությամբ կամովին վերականգնել է պատճառված վնասը (հ. 2, գ.թ. 45-46):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հարկ վճարողը չի ներկայացնում հարկվող օբյեկտների գծով հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառման և (կամ) գրանցումների վերաբերող) սահմանված փաստաթղթերը կամ դրանք վարում է սահմանված կարգի կոպիտ խախտումներով, կամ ակնհայտ կեղծ տվյալներ է մտցնում հարկային տեսչություն ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը, ապա հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային տեսչությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մասնավորապես, հիմնվելով հարկ վճարողի ակտիվների, հարկ վճարողի իրացման շրջանառության ծավալների, հարկ վճարողի արտադրության և շրջանառության ծախսերի, գույքագրման և չափագրման տվյալների, օրենքով սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունների, համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների միջև կիրառված գների և այլ ցուցանիշների, հասույթի հաշվարկային 25 տոկոս վերադիրի, օրենքով իրականացված հսկիչ գնումների վրա:

ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշմամբ հաստատված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգի 1-ին բաժնի 2-րդ մասի գ) կետի համաձայն` «շահագրգռվածության հիման վրա կատարված (կնքված) գործարքներ» են համարվում այն գործարքները, որոնք կատարվել (կնքվել) են`

- հարկ վճարողի և այդ հարկ վճարողի կախյալ հարկ վճարողի միջև` առանց «բացված ձեռքի սկզբունքի» պահպանման:

սույն կարգի կիրառման առումով հարկ վճարողը մեկ այլ (հիմնական) հարկ վճարողի նկատմամբ համարվում է կախյալ հարկ վճարող, եթե հիմնական հարկ վճարողն ունի օրենքով չարգելված ձևով մյուս հարկ վճարողի որոշումները կանխորոշելու իրավունք.

- այն հարկ վճարողների միջև, որոնց որոշումները կանխորոշելու իրավունք ունեցողը միևնույն հարկ վճարողն (վճարողներն) է (են), կամ (որոշումները կանխորոշելու իրավունք ունեցող հարկ վճարողի ֆիզիկական անձ լինելու դեպքում) նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, քույրերը, եղբայրները, այլ հարազատները և (կամ) ազգականները:

«Բացված ձեռքի սկզբունքը» համարվում է չպահպանված, եթե հարկային տեսչության մարմինների կողմից կատարված վերլուծությունները և համադրումներն ապահովում են փաստարկներ` եզրակացնելու համար, որ, ըստ էության, տեղի է ունեցել գների տրանսֆեր (հարկվող օբյեկտների կարգավորման, հարկային պարտավորությունների պլանավորման նպատակով գների նպատակային ձևակերպում)` համանման պայմաններում և հանգամանքներում այլ երկու անկախ հարկ վճարողների (սուբյեկտների) միջև սովորաբար կիրառվող գներից տարբերվող, իսկ ներմուծված ապրանքների դեպքում` նաև մաքսային արժեքից ցածր գներով (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկ վճարողների կողմից գնային զեղչերի կիրառման դեպքերի) գործարքի կատարման ձևով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց` հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

Դատարանը 25.12.2008 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը կասեցրել է մինչև Նաիրա Մադոյանի կողմից հայտարարագրերում խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափի հարկերից խուսափելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով վերջնական ակտ կայացնելը, մինչդեռ պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել նշված քրեական գործով փորձաքննություն նշանակելու մասին որոշման հիման վրա ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 29.05.2008 թվականին տրված դատա-հաշվապահական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն` ա/ձ Նաիրա Մադոյանի պարտավորությունները տույժ-տուգանքներով հանդերձ կազմում են 31.281.200 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ հյուսիսային քրեական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 19.01.2009 թվականի դատավճիռը, որով հաստատված է Նաիրա Մադոյանի կողմից 2006-2007 թվականների համար առանց տույժ-տուգանքների 16.864.700 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություններ ունենալու հանգամանքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրինական ուժի մեջ մտած 19.01.2009 թվականի դատավճռով հաստատված հանգամանքները սույն վարչական գործով պարտադիր են դատարանի համար և վերստին ապացուցման կարիք չունեն: Հետևաբար, 20.11.2007 թվականի ստուգման ակտով ա/ձ Նաիրա Մադոյանին 2006-2007 թվականների համար առաջադրված 223.318.500 ՀՀ դրամ պարտավորություններն իրավաչափ են միայն քրեական դատավարության կարգով հաստատված 31.281.200 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների մասով (223.318.500 - 31.281.200 = 192.037.300):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 20.11.2007 թվականի ստուգման ակտը մասամբ ընդունվել է օրենքի խախտմամբ, մասնավորապես` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշմամբ հաստատված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգի 1-ին բաժնի 2-րդ մասի սխալ մեկնաբանման հետևանքով, հետևաբար այն ենթակա է մասնակիորեն անվավեր ճանաչման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 16.02.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. անհատ ձեռնարկատեր Նաիրա Մադոյանի հայցը բավարարել մասնակիորեն. 192.037.300 (մեկ հարյուր իննսուներկու միլիոն երեսունյոթ հազար երեք հարյուր) ՀՀ դրամի մասով անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Արթիկի տարածքային հարկային տեսչության 20.11.2007 թվականի թիվ 1022008 ակտը: Հայցի մնացած մասը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.07.2010
N ՎԴ5/0092/05/08
Որոշում