Սեղմել Esc փակելու համար:
ԱՇՈՒՂՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (ԳԱՆԳԱՏ ԹԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇՈՒՂՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (ԳԱՆԳԱՏ ԹԻՎ 33268/03)

 

 

                          CONSEIL       COUNCIL

                         DE L'EUROPE   OF EUROPE

 

COUR EUROPE՛ENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԱՇՈՒՂՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 33268/03)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

17 հուլիս 2008

 

ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ 01/12/2008

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Աշուղյանն ընդդեմ Հայաստանի գործով

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ Բաժանմունք) Պալատը հետևյալ կազմով`

 

Josep Casadevall, Նախագահ

Elisabet Fura-Sandstrom,

Bostjan M. Zupancic,

Alvina Gyulumyan,

Ineta Ziemele,

Luis Lo՛pez Guerra,

Ann Power, Դատավորներ

և Stanley Naismith, Բաժանմունքի Քարտուղարի տեղակալ,

2008 թ. հունիսի 24-ին կայացած դռնփակ նիստում

կայացրեցին հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Գործը սկիզբ է առել 2003 թ. սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացի տիկին Գայանե Աշուղյանի («դիմումատու») կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (»Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն` ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված թիվ 33268/03 գանգատի առնչությամբ:

2. Դիմումատուին ներկայացնում էր պրն Ն. Եղիազարյանը: Հայաստանի Կառավարությունը («Կառավարություն») ներկայացնում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. 2005 թ. մայիսի 3-ին Դատարանը որոշեց գանգատը ուղարկել Կառավարությանը: Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Դատարանը որոշեց գործի ընդունելիության հարցի հետ միաժամանակ քննել նաև գործն ըստ էության:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

1. Դիմումատուն ծնվել է 1965 թ. և ապրում է Երևանում: Նա աշխատում է որպես խոհարար:

5. 2003 թ. փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Դիմումատուն ընտրություններից հետո մասնակցեց ընդդիմադիր կուսակցությունների կողմից Երևանում կազմակերպված մի շարք բողոքի հանրահավաքների:

 

Ա. 2003 թ. ապրիլի 7-ի հանրահավաքը

 

6. 2003 թ. ապրիլի 7-ին ժամը 17:00-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցավ ցույց Մայրության տոնի կապակցությամբ: Ցույցը տեղի ունեցավ Մաշտոցի պողոտայի վրա` Մատենադարանի հարևանությամբ: Ցույցը կրեց քաղաքական բնույթ, և բարձրաձայնվեց Կառավարության և նախագահական ընտրությունների անցկացման քննադատություն:

7. Դիմումատուն պնդեց, իսկ Կառավարությունը չառարկեց, որ ճանապարհային ոստիկանության կողմից Պողոտայի համապատասխան հատվածում երթևեկությունը կասեցվել էր նախքան հանրահավաքն սկսվելը` դրա անցկացումը հեշտացնելու նպատակով: Դիմումատուն մասնակցել է հանրահավաքին և դրան հաջորդած երթին:

8. Դիմումատուի համաձայն մոտավորապես ժամը 6-ին նա գնացել է աշխատանքի: Աշխատանքն ավարտելուց հետո մոտավորապես ժամը 9-ին դիմումատուն գնացել է տուն: Տուն գնալու ճանապարհին նրան մոտեցել են քաղաքացիական հագուստով երեք տղամարդ, որոնք առանց ներկայանալու սկսել են նրան հրելով տանել դեպի մոտակայքում գտնվող ավտոմեքենան: Դիմումատուն բացականչել է և փորձել դիմադրություն ցույց տալ: Այդ մարդիկ ոլորել են նրա թևերը, հարվածել և հրել մեքենայի մեջ: Դիմումատուն տարվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի կենտրոնական բաժին, որտեղ նա պարզել է, որ իրեն ձերբակալել են հանրահավաքին մասնակցելու համար:

9. Ոստիկանության բաժնում ձերբակալությունն իրականացրած ոստիկանները կազմել են դիմումատուին բերման ենթարկելու մասին արձանագրություն, որտեղ նշված էր, որ դիմումատուն «ձերբակալվել է ժամը 7:30-ին Խորհուրդների փողոց 12 հասցեում` հասարակական կարգը խախտելու համար»: Դիմումատուն պնդեց, որ իրեն ազատությունից զրկելու այդ ժամը ճիշտ չի արձանագրվել: Իրականում նա ձերբակալվել է ժամը 9-ին:

10. Ձերբակալումն իրականացրած ոստիկաններից մեկը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի կենտրոնական բաժնի պետին զեկուցեց, որ.

 

«...[դիմումատուն] բերման է ենթարկվել Կենտրոն ոստիկանական բաժին 2003 թ. ապրիլի 7-ին տեղի ունեցած չթույլատրված երթին մասնակցելու համար, որը սկսվել է [Մատենադարանի] մոտից մինչև Սահմանադրական դատարան և խախտել հասարակական կարգը...»:

 

11. Դիմումատուն ենթարկվել է խուզարկության, որի ընթացքում անօրինական որևէ բան չի հայտնաբերվել: Կազմվել է համապատասխան արձանագրություն:

12. Ոստիկանության աշխատակիցները հարցաքննել են դիմումատուին: Բացատրություն վերցնելու մասին արձանագրության մեջ դիմումատուն ներկայացրել է հանրահավաքին և դրան հաջորդած երթին իր մասնակցության մանրամասները: Նա inter alia նշել է, որ փողոցային երթևեկությունը խաթարվել է, երբ երթն սկսել է շարժվել Սահմանադրական դատարանի ուղղությամբ: Նա գտնվելիս է եղել առաջին շարքում` Հայաստանի դրոշը ձեռքին և բղավել է` «արդարություն»: Դիմումատուն պնդում է, որ այս բացատրությունը տրվել է ճնշման տակ և թելադրվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Չնայած բացատրության մեծ մասը ճիշտ էր, այնուհանդերձ, երթևեկությունը խափանելու մասով դա չէր համապատասխանում իրականությանը, քանի որ երթևեկությունը նախապես կասեցվել էր ճանապարհային ոստիկանության կողմից:

13. Ոստիկանության աշխատակիցները կազմել են վարչական իրավախախտման արձանագրություն, որտեղ նշվել է, որ դիմումատուն «մասնակցել է երթին և խախտել հասարակական կարգը»: Դիմումատուի գործողությունները որակվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ` ՎԻՎՕ) 172-րդ հոդվածով որպես մանր խուլիգանություն: Այս արձանագրությունը ստորագրվել է դիմումատուի կողմից: Նա ստորագրել է նաև արձանագրության այն մասի տակ, որը հավաստում է, որ նա տեղեկացվել է ՎԻՎՕ-ի 267-րդ հոդվածով սահմանված իր իրավունքների մասին: «Գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ» վերտառությամբ բաժնում դիմումատուն ևս ավելացրել է, որ «ես չեմ ցանկանում իրավաբան ունենալ»:

14. Դիմումատուն պնդեց, որ իրեն բռնություն կիրառելու սպառնալիքի տակ հարկադրել են ստորագրել ոստիկանության աշխատակիցների կողմից կազմված այս և մյուս փաստաթղթերը: Ավելին, նրանք դիմումատուին համոզել են հրաժարվել իրավաբան ունենալու մտքից` պնդելով, որ իրավաբան ունենալը չի օգնի իրեն և միայն կվնասի իր գործին: Նույն օրը` մոտավորապես գիշերը ժամը 12-ին, դիմումատուն տարվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մ.-ի մոտ, որը քննել է գործը:

15. Կառավարությունը վիճարկել է այս պնդումը: Կառավարության համաձայն դիմումատուն պահվել է ոստիկանության բաժնում երկու ժամ և տարվել դատավոր Մ.-ի մոտ երեկոյան ժամը 9:30-ին: Այս ընթացքում ոստիկանության աշխատակիցները դիմումատուին բացատրել են իրավաբան ունենալու իր իրավունքը և նրան խորհուրդ տվել օգտվել իր այս իրավունքից, ինչը նա չի ցանկացել կատարել: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը դիմումատուի կողմից ստորագրվել է կամավոր կերպով և առանց առարկությունների: Ավելին, դիմումատուն որևէ գործողություն չի ձեռնարկել իր իրավունքների պաշտպանության ուղղությամբ, ինչպես օրինակ` միջնորդություններ ներկայացնելը կամ ՎԻՎՕ-ի 267-րդ հոդվածով երաշխավորված այլ դատավարական իրավունքներից օգտվելը` չնայած դրանց մասին տեղեկացված լինելու հանգամանքին:

16. Դիմումատուի վարչական գործի նյութերը, որոնք ոստիկանության կողմից քննություն իրականացնելու համար փոխանցվել են դատավոր Մ.-ին, պարունակում էին հետևյալ փաստաթղթերը` (1) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, (2) ոստիկանության զեկուցագիրը, (3) դիմումատուի ձերբակալության արձանագրությունը, (4) դիմումատուին խուզարկելու արձանագրությունը և (5) դիմումատուի գրավոր բացատրությունը: Բոլոր այս փաստաթղթերը ստորագրվել են դիմումատուի կողմից` բացառությամբ ոստիկանության զեկուցագրից:

17. Դատավոր Մ.-ն արագ լսումից հետո դիմումատուին ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածով ենթարկեց վարչական տուգանքի` 1500 ՀՀ դրամի չափով (մոտավորապես 2,4 եվրո տվյալ պահին): Դատավորի ամբողջ եզրահանգումը ներառված էր հետևյալ նախադասության մեջ.

 

«... [դիմումատուն] 2003 թ. ապրիլի 7-ին ժամը 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ... Մաշտոցի պողոտայում, մի խումբ այլ անձանց հետ միասին խոչընդոտել է փողոցային կանոնավոր երթևեկությանը, բարձրաձայն աղմկելով խախտել է հասարակական կարգը, հրահրել է հանրահավաքի մասնակիցներին կատարել նմանօրինակ գործողություններ ...»:

 

18. Դատական նիստի ձեռագիր արձանագրության համաձայն դատական քննությունը տեղի է ունեցել դռնբաց` դատավորի, դատական նիստերի քարտուղարի և դիմումատուի մասնակցությամբ: Դատավորը դիմումատուին բացատրել է իր իրավունքները և տեղեկացրել դատավորին ու դատական նիստերի քարտուղարին բացարկ հայտնելու իր հնարավորության մասին: Դիմումատուն հրաժարվել է ներկայացնել որևէ բացարկ: Նա նշել է, որ ծանոթ է իր իրավունքներին և չի ցանկանում իրավաբան ունենալ: Դատավորն ընթերցել է ոստիկանության կողմից ներկայացված միջնորդությունը դիմումատուին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Դիմումատուն պնդել է, որ ժամը 16:30-ին մասնակցել է երթին, որը տեղի է ունեցել Երևանի Կենտրոն համայնքում, որի ընթացքում նրանք խոչընդոտել են երթևեկությանը և հրավիրել նաև այլ անձանց միանալ իրենց: Դիմումատուին հարցեր չեն տրվել: Այնուհետև, դատավորն ընթերցել և քննության է առել ոստիկանության կողմից նախապատրաստված փաստաթղթերը: Դիմումատուն, ծանոթանալով այդ փաստաթղթերին, ընդունել է, որ ինքն է ստորագրել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, որից հետո վերադարձել և հրապարակել է որոշումը:

19. Դիմումատուն պնդեց, իսկ Կառավարությունը միանշանակ չի վիճարկում այն, որ վերոնշյալ արձանագրությունը կեղծ է և կազմվել է դատաքննությունից հետո ինչ-որ ժամանակ` օրինականության պատրանք ստեղծելու նպատակով: Իրականում դատական նիստերի քարտուղար չի եղել, և քննությունը չի արձանագրվել: Դատական քննությունը տևել է հինգ րոպեից ոչ ավելի և տեղի է ունեցել դատավոր Մ.-ի աշխատասենյակում: Դիմումատուն այնուհետև պնդեց, որ ի հակադրություն արձանագրության, դատական քննությանը ներկա են եղել միայն դիմումատուն, դատավորը և ուղեկցող ոստիկանը: Վերջինս չի մասնակցել դատական նիստին որպես այդպիսին, և նրա գործառույթները միայն սահմանափակվել են դիմումատուին դատարան բերելով: Դատավորը ոչ բացատրել է իր իրավունքները, ոչ էլ հարցրել, թե արդյոք նա ցանկանում է իրավաբան ունենալ: Գործի նյութերը բարձրաձայն չեն ընթերցվել, և նրան չի թույլատրվել բանավոր որևէ միջնորդություն ներկայացնել: Որևէ ապացույց չի վերցվել և հետազոտվել: Դատավորը պարզապես կազմել է վերոնշյալ որոշումը բացառապես ոստիկանության կողմից նախապատրաստված փաստաթղթերի հիման վրա և միայն վերջում խախտել է լռությունը` դիմումատուին անխուսափելի ազատազրկմամբ սպառնալու համար, եթե նա ձեռնպահ չմնա հետագա հանրահավաքներին մասնակցելուց:

20. 2003 թ. ապրիլի 8-ին դիմումատուն վերոնշյալ իրադարձությունների վերաբերյալ բողոք է ներկայացնել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազին: Մասնավորապես, նա պնդել է, որ իրեն ձերբակալել են կեղծ մեղադրանքների հիման վրա: Ոստիկանության աշխատակիցները կազմել են փաստաթուղթը և իրեն ստիպել ստորագրել առանց այն կարդալու: Կեսօրին` մոտավորապես ժամը 12:30-ի սահմաններում նրան բերել են դատավորի մոտ, որը նրա նկատմամբ նշանակել է վարչական տույժ առանց գործի քննություն իրականացնելու: Նա այնուհետև պնդել է, որ ձերբակալման ընթացքում վնասվածք է ստացել դաստակի շրջանում: Նա խնդրել է նշանակել պաշտոնական բժշկական փորձաքննություն և քրեական գործ հարուցել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:

21. Դիմումատուն պնդել է, որ ի պատասխան նրան խնդրել են ներկայանալ երկու օրից: Պարզվում է, որ դիմումատուն հետագայում հետամուտ չի եղել իր բողոքի քննությանը:

 

Բ. 2003 թ. ապրիլի 9-ի հանրահավաքը

 

22. 2003 թ. ապրիլի 9-ին` կեսօրի ժամը 12-ին, ընդդիմադիր կուսակցությունների կողմից միևնույն վայրում կազմակերպվեց մեկ այլ հանրահավաք: Հանրահավաքին հաջորդեց Կառավարության շենքի ուղղությամբ անցկացված երթը, որտեղ այդ ժամանակ տեղի էր ունենում ընտրված նախագահի պաշտոնակալության արարողությունը: Դիմումատուն գտնվում էր երթի առաջին շարքում` Հայաստանի դրոշը ձեռքին:

23. Դիմումատուի համաձայն երթը հատուկ նշանակության ուժերի կողմից խափանվեց հենց Մաշտոցի պողոտայի սկզբնամասում: Հանրահավաքի մասնակիցները պնդում էին, որպեսզի երթը շարունակվի, ուստի հատուկ նշանակության ուժերը ռետինե մահակների օգնությամբ սկսեցին ցրել հանրահավաքը: Դիմումատուն պնդեց, որ ոստիկանության աշխատակիցն իրեն հրամայել է հանձնել դրոշը: Նա մերժել է, որից հետո նրան խփել են և տարել դեպի ոստիկանության մեքենան:

24. Մոտավորապես ժամը 14:30-ի սահմաններում դիմումատուն բերվել է ոստիկանության Կենտրոն բաժին: Ձերբակալումն իրականացրած ոստիկանության աշխատակիցները կազմել են դիմումատուին ձերբակալելու վերաբերյալ արձանագրություն, որտեղ նշված էր, որ նա «ձերբակալվել է 2003 թ. ապրիլի 9-ի երթի ժամանակ հասարակական կարգը խախտելու համար»:

25. Ձերբակալությունն իրականացրած ոստիկաններից մեկը զեկուցել է ոստիկանության բաժնի պետին այն մասին, որ.

 

«... 2003 թ. ապրիլի 9-ին Մատենադարանի շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքին, այնուհետև կայացած երթի ընթացքում նկատեցի մի քաղաքացու, որը խախտում էր հասարակական կարգը` ձեռքին եղած դրոշով թափահարելով քայլում էր երթևեկելի մասով, խախտում հասարակական տրանսպորտի նորմալ երթևեկությունը, ստեղծում վթարային իրավիճակ, ձեռքի դրոշակի երկար բռնակով հարվածում պատահական անցորդների, որոնք չէին մասնակցում երթին և հրահրում մյուսներին հետևել իր օրինակին...»:

 

26. Դիմումատուն ենթարկվել է խուզարկության, որի ընթացքում անօրինական որևէ բան չի հայտնաբերվել: Կազմվել է համապատասխան արձանագրություն:

27. Ոստիկանության աշխատակիցները հարցաքննել են դիմումատուին: Նրանից վերցվել է բացատրություն, չնայած այս անգամ այն չի գրվել անձամբ դիմումատուի կողմից: Բացատրության համաձայն այն ժամանակ, երբ հատուկ նշանակության ուժերը կանգնեցրել են երթը, դիմումատուն, որը գտնվելիս է եղել առաջին շարքում, պահանջել է, որպեսզի իրենք անցնեն: Նրանք մերժել են այդ պահանջը և հրամայել նրան հեռանալ: Դիմումատուն սկսել է բղավել և իր ձեռքի դրոշի բռնակով խփել է իր հետևում կանգնած մարդկանց, որպեսզի գրավի նրանց ուշադրությունը, և վերջիններս նույնպես սկսեն պահանջել անցնել, որից հետո նրան ձերբակալել են: Դիմումատուն իր բացատրությունում ընդունել է նաև, որ Մաշտոցի պողոտան փակվել էր երթի պատճառով:

28. Ոստիկանության աշխատակիցները կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որտեղ նշվել է, որ դիմումատուն «Կենտրոն համայնքի տարածքում մի խումբ անձանց հետ բարձրաձայն աղմկել է, վիրավորել և հարվածել պատահական անցորդների»: Նրա գործողությունները որակվել են ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածով` որպես մանր խուլիգանություն:

29. Վերոնշյալ բոլոր փաստաթղթերը, ներառյալ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, ստորագրվել են դիմումատուի կողմից` բացառությամբ ոստիկանության զեկուցագրի: Նա ստորագրել է նաև արձանագրության այն մասը, որը հավաստում է, որ ինքը տեղեկացվել է ՎԻՎՕ-ի 167-րդ հոդվածով սահմանված իր իրավունքների մասին: «Գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ» բաժնում դիմումատուն ավելացրել է նաև. «Հրաժարվում են վարչական վարույթով դատապաշտպանից»:

30. Դիմումատուն սկզբնապես պնդել է, որ նա 2003 թ. ապրիլի 9-ի ձերբակալության ժամանակ հրաժարվել է ստորագրել որևէ փաստաթուղթ: Հետագայում նա պնդել է, որ ձերբակալման ժամանակ կրած վնասվածքների և ճնշման հետևանքով նա հազիվ էր կարողանում կանգնել և գտնվում էր ծանր ֆիզիկական և հոգեբանական վիճակում: Դրա արդյունքում նա առանց գիտակցելու ստորագրել է վարչական իրավախախտման արձանագրությունը` առանց դրան նախապես ծանոթանալու: Հետագայում նա նույնիսկ չի էլ հիշում, որ ստորագրել է որևէ փաստաթուղթ: Նա հրաժարվել է իրավաբան ունենալուց նույն պատճառներով, ինչ որ 2003 թ. ապրիլի 7-ին: Երեկոյան ժամը 11:00-ին նրան տարել են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նույն դատավոր Մ.-ի մոտ, որը քննում է գործը:

31. Կառավարությունը վիճարկեց այս պնդումը: Կառավարության համաձայն դիմումատուն ոստիկանության բաժնում պահվել է երկու ժամ և մոտավորապես ժամը 5-ին տարվել դատավոր Մ.-ի մոտ: Ոստիկանությունում նրա գտնվելու հանգամանքները նույնն են եղել, ինչ որ 2003 թ. ապրիլի 7-ին (տես 15-րդ պարբերությունը):

32. Դիմումատուի վարչական գործի նյութերը, որոնք ոստիկանության կողմից քննության համար փոխանցվել էին դատավոր Մ.-ին, պարունակել են հետևյալ փաստաթղթերը. (1) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, (2) ոստիկանության զեկուցագիրը, (3) դիմումատուի ձերբակալության արձանագրությունը, (4) դիմումատուին խուզարկելու մասին արձանագրությունը և (5) դիմումատուի գրավոր բացատրությունը: Բոլոր այս փաստաթղթերը ստորագրված են դիմումատուի կողմից` բացառությամբ ոստիկանության զեկուցագրից:

33. Դատավոր Մ.-ն ՀՀ ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածով դիմումատուի նկատմամբ նշանակեց վարչական տույժ` նրան ենթարկելով վարչական կալանքի` 5 օր ժամանակով: Դատավորի ամբողջ եզրահանգումը հանգում էր հետևյալին.

 

«Զանցառու [դիմումատուն] 2003 թ. ապրիլի 09-ին ժամը 11-ից 13-ը Երևանի Կենտրոն համայնքում, մի խումբ անձանց հետ միասին բարձրաձայն հայհոյելով ու հարվածելով անցորդներին` խոչընդոտել է փողոցային կանոնավոր երթևեկությանը, խախտել հասարակական կարգը:

Վարչական տույժ նշանակելիս որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք [դատարանը] հաշվի է առնում հակաիրավական վարքագիծը շարունակելը, 07.04.2003 թ., այսինքն` մեկ տարվա ընթացքում կրկին անգամ նման իրավախախտում կատարելը, իրավախախտումը մի խումբ անձանց կողմից կատարելը»:

 

34. Այս որոշման մեջ նշված էր նաև, որ դիմումատուն խնամքի տակ ոչ ոքի չի ունեցել:

35. Այս դատաքննության արձանագրությունը գրեթե նույնական է 2003 թ. ապրիլի 7-ի դատաքննության արձանագրությանը (տե՛ս վերը` պարբ. 18), այն տարբերությամբ, որ դիմումատուն իր բացատրություններում ավելացրել է, որ նա և մյուս ցուցարարները հրահրել են անցորդներին մասնակցել հանրահավաքին: Իրենք վիճաբանություններ են ունեցել նրանցից ոմանց հետ և օգտագործվել են հայհոյանքներ, քանի որ անցորդներից ոմանք փորձել են ծաղրել իրեն: Նա դրոշի բռնակով պատահաբար դիպչել է անցորդներին:

36. Դիմումատուն պնդել է, և Կառավարությունը միանշանակ չի վիճարկել, որ այս դատաքննությունն իրականում տեղի է ունեցել նույն ձևով, ինչ որ 2003 թ. ապրիլի 7-ի դատաքննությունը: Ավելին, դատավորը դիմումատուին հարցրել է. «եթե դու գրավոր խոստանաս, որ այս պահից սկսած այլևս չես մասնակցի հանրահավաքների կամ երթերի, ես կտուգանեմ քեզ և կթողնեմ գնաս տուն, հակառակ դեպքում ես քեզ կկալանավորեմ»: Դիմումատուն պատասխանել է, որ ինքը մասնակցել է և կշարունակի մասնակցել, քանի որ ինքը որևէ օրենք չի խախտել և ոչ ոք իրավունք չունի իրեն արգելել իրականացնելու իր սահմանադրական իրավունքները: Դատավորը հրապարակել է որոշումը, որից հետո դիմումատուին տարել են կալանավայր, որտեղ նա կրել է իր պատիժը:

37. 2003 թ. ապրիլի 15-ին դիմումատուն դիմեց «Փետրվարի 22» տեղական իրավապաշտպան կազմակերպությանը` բողոքելով 2003 թ. ապրիլի 7-ի և 9-ի իրադարձությունների կապակցությամբ և հայցելով դրա օգնությունը: Դիմումատուն inter alia նշել էր, որ 2003 թ. ապրիլի 7-ին ոստիկանության աշխատակիցները պատրաստել էին որոշ փաստաթղթեր և իրեն ստիպել ստորագրել դրանք` առանց նույնիսկ դրանց հետ նախապես ծանոթանալու:

38. 2003 թ. ապրիլի 18-ին հասարակական կազմակերպությունը դիմումատուի անունից բողոք է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազին:

39. 2003 թ. մայիսի 12-ի գրությամբ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազը հասարակական կազմակերպությանը տեղեկացրել է, որ 2003 թ. ապրիլի 7-ի և 9-ի որոշումները հիմնավորված են եղել և բացակայում են դրանք բողոքարկելու հիմքերը:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

40. Համապատասխան ներպետական իրավական դրույթների և միջազգային փաստաթղթերի ու զեկույցների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության համար տե՛ս Գալստյանն ընդդեմ Հայաստանի վճիռը (Galstyan v. Armenia, թիվ 26986/03, պարբ. 25-32, 15 նոյեմբեր 2007 թ.):

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ

 

I. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

41. կառավարությունը պնդեց, էր, որ դիմումատուն 2003 թ. ապրիլի 7-ի և 9-ի որոշումների կապակցությամբ չի սպառել ներպետական պաշտպանության բոլոր միջոցները, քանի որ ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածով սահմանված կարգով դրանք չի բողոքարկել Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահին:

42. Դիմումատուն վիճարկել է Կառավարության առարկությունը` պնդելով, որ 294-րդ հոդվածի ձևակերպումը հստակ չէ և տարաբնույթ մեկնաբանումների տեղիք է տալիս: Այն չի նախատեսում պատասխանատվության ենթարկված անձի` վարչական տույժ նշանակելու մասին դատարանի որոշման դեմ բողոք ներկայացնելու իրավունքը, այլ վերադաս դատարանի նախագահին օժտում է այդ որոշումն իր սեփական հայեցողությամբ վերանայելու լիազորությամբ:

43. Դատարանը նշում է, որ այն արդեն քննել է այս հարցը և գտել, որ ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածով սահմանված վերանայման հնարավորությունը արդյունավետ միջոց չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով (տե՛ս Գալստյանն ընդդեմ Հայաստանի (Galstyan v. Armenia), թիվ 26986/03, պարբ. 42, 15 նոյեմբեր 2007 թ.): Կառավարության նախնական առարկությունը, հետևապես, պետք է մերժել:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ ԿԱՊՎԱԾ ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԵՏ

 

44. Դիմումատուն պնդեց, որ 5-րդ հոդվածի 1-ին մասը, որպես ազատությունից զրկելու հիմքերից մեկը, չի նախատեսում որպես վարչական տույժ անձին կալանավորելը: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նա այնուհետև բողոքում է, որ իրեն իրավունք չի վերապահվել վիճարկելու 2003 թ. ապրիլի 9-ի որոշմամբ իր նկատմամբ կիրառված վարչական կալանքի օրինականությունը: 5-րդ հոդվածի համապատասխան դրույթները սահմանում են հետևյալը.

 

«Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել ազատությունից այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

ա. անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո,

բ. անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրության չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,

գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,

դ. անչափահասին կալանքի վերցնելը օրինական կարգադրության հիման վրա` դաստիարակչական հսկողության համար, կամ նրա օրինական կալանավորումը` նրան իրավասու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով,

ե. անձանց օրինական կալանքի վերցնելը` վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը,

զ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով:

 

...

 

4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:

 

Ընդունելիությունը

 

45. Կառավարությունը պնդեց, որ դիմումատուի «վարչական կալանքը» թույլատրելի է եղել 5-րդ հոդվածի 1 (ա) մասի համաձայն, քանի որ նրա նկատմամբ վարչական իրավախախտում կատարելու համար վարչական տույժ է նշանակվել իրավասու դատարանի կողմից: Ինչ վերաբերում է 5-րդ հոդվածի 4-րդ մասին, ապա Կառավարությունը պնդում է, որ դիմումատուն ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածի ներքո իրավունք է ունեցել վիճարկել իր կալանավորման օրինականությունը:

46. Դիմումատուն պնդեց, որ վարչական կալանքը որպես տույժի տեսակ չի կարող ներառվել կալանավորման այն հիմքերի շարքում, որոնք թույլատրելի են 5-րդ հոդվածի 1-ին մասով: Ինչ վերաբերում է 5-րդ հոդվածի 4-րդ մասին, ապա, ի լրումն ենթադրյալ չսպառման հարցի վերաբերյալ իր փաստարկներում նշված պատճառների (տե՛ս վերը` պարբ. 42), դիմումատուն պնդում է, որ ինքն ի վիճակի չի եղել վիճարկել 2003 թ. ապրիլի 9-ի որոշումը, քանի որ այդ որոշման պատճենն իրեն ուշ է տրվել` իրեն կալանքից ազատելուց հետո:

47. Դատարանը հիշեցնում է, որ վերոնշյալ Գալստյանի գործող դիմումատուի կողմից ևս նույնանման գանգատներ են ներկայացվել և դրանք ճանաչվել են ակնհայտորեն անհիմն (տե՛ս Գալստյանն (Galstyan), մեջբերված վերը, պարբ. 43-53): Դատարանը պատճառներ չի տեսնում սույն գործում այդ եզրահանգումներից շեղվելու համար:

48. Գանգատի այս մասը, հետևաբար, ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

49. Դիմումատուն մի քանի գանգատ է ներկայացրել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի (բ) և (գ) կետերի ներքո: Մասնավորապես, նա պնդել է, որ (1) իր գործը քննող արդարադատության մարմինն անկախ չի եղել, քանի որ Հայաստանում անկախ դատարաններ չկային, որովհետև դատավորները նշանակվում էին Հայաստանի Նախագահի և Արդարադատության նախարարի կողմից նախագահվող Արդարադատության խորհրդի կողմից, (2) դատավարություններն արդար չեն եղել և դատարանն անաչառ չի եղել և գործերի քննություն հիմնականում տեղի չի ունեցել և երկու դատավարություններն էլ տևել են մոտավորապես հինգ րոպե, դատավորն արհամարհել է իր բոլոր փաստարկները առանց նույնիսկ փորձելու մերժել դրանք և իր որոշումը հիմնավորել է ընդամենը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ` փաստաթուղթ, որը հնարվել էր ոստիկանության կողմից, (3) դատավարությունները հրապարակային չէին, քանի որ դրանք տեղի են ունեցել դատավորի սենյակում գիշերը համապատասխանաբար ժամը 12-ին և 11-ին, (4) իրեն տեղյակ չեն պահել իր իրավունքների մասին, և հետևաբար ինքն ի վիճակի չի եղել նախապատրաստել իր պաշտպանությունը և ներգրավել իրավաբանի, և (5) այս գործընթացի ընթացքում կայացված որոշումը պարունակում է խեղաթյուրված և կեղծ փաստեր:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համապատասխան մասը սահմանում է.

 

«1. Յուրաքանչյուր ոք ... նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի ... անկախ ու անաչառ դատարանի կողմից ... արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

 

...

 

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

 

...

 

(բ) բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

(գ) պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով...»:

 

Ա. Ընդունելիությունը

 

1. 6-րդ հոդվածի ընդունելիությունը

 

50. Չնայած տվյալ վարչական վարույթների նկատմամբ 6-րդ հոդվածի կիրառելիության հարցը անվիճելի է, Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այս հարցին իր սեփական նախաձեռնությամբ:

51. Դատարանը նշում է, որ դիմումատուն երկու դեպքում էլ մեղավոր է ճանաչվել ՎԻՎՕ-ի նույն հոդվածներով սահմանված իրավախախտման համար, ինչ որ վերոնշյալ Գալստյանը գործում, որտեղ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելի է համարվել դրա քրեական մասով (տե՛ս նույն տեղում, §§ 55-60). Դատարանը, հետևաբար, 6-րդ հոդվածը համարում է կիրառելի նաև սույն գործում առկա երկու վարույթների նկատմամբ:

 

2. Դատարանի անկախությունը

 

52. Դիմումատուն բողոքում էր դատարանի ոչ անկախ լինելու կապակցությամբ` արտահայտելով իր ընդհանուր դժգոհությունը Հայաստանում դատավորների նշանակման համակարգի վերաբերյալ: Դատարանը հիշեցնում է, որ նույնական գանգատ քննարկվել է նաև Գալստյանի գործում և այն ճանաչվել է ակնհայտորեն անհիմն (տե՛ս նույն տեղում, §§ 61-63): Դատարանը պատճառներ չի տեսնում սույն գործում շեղվել իր այդ նախկին եզրահանգումից:

53. Դատարանը եզրակացնում է, որ գանգատի այս մասն ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան:

 

3. Արդար դատաքննության այլ երաշխիքները

 

54. Կառավարությունը պնդում է, որ դիմումատուն իր պաշտպանությունը կազմակերպելու համար բավարար ժամանակ և միջոցներ չունենալու վերաբերյալ գանգատների կապակցությամբ չի սպառել ներպետական պաշտպանության բոլոր միջոցները, քանի որ երկու վարույթներում էլ նա դատարանից չի խնդրել հետաձգել գործի քննությունը:

55. Դիմումատուն այս կապակցությամբ մեկնաբանումներ չի ներկայացրել:

56. Դատարանը նշում է, որ նմանատիպ առարկություն արդեն քննարկվել է Գալստյանի գործում, որտեղ դատարանը եզրակացրեց, որ դիմումատուն, թե՛ ըստ օրենքի և թե՛ գործնականում, միանշանակորեն չի ունեցել իր գործի քննությունը հետաձգելու իրավունք (տե՛ս նույն տեղում, պարբ. 85): Դատարանը նշում է, որ սույն գործի հանգամանքները գործնականում նույնական են այն հանգամանքներին, որոնք քննվել են Գալստյանի գործում: Հետևաբար, սույն գործի նյութերում բացակայում է որևէ բան, որը Դատարանին կհուշեր շեղվել այդ եզրահանգումից:

57. Դատարանն այնուհետև նշում է, որ այս գանգատները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ակնհայտորեն անհիմն չեն: Նա այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Հետևաբար, դրանք պետք է հայտարարվեն ընդունելի:

 

Բ. Գործի ըստ էության քննությունը

 

1. Կողմերի պնդումները

 

(ա) Կառավարությունը.

 

58. Կառավարությունը պնդում էր, որ դիմումատուն բավարար ժամանակ է ունեցել իր պաշտպանությունը նախապատրաստելու համար: Վկայակոչելով Ալբերտը և Լը Կոմպտն ընդդեմ Բելգիայի (Albert and Le Compte v. Belgium, 1983 թ. փետրվարի 10-ի վճիռը, Series A թիվ 58, էջ 20-21, պարբ. 41) գործը այն պնդում էր, որ «բավարար ժամանակ»-ը պետք է գնահատվեր` հաշվի առնելով գործի հանգամանքները` ներառյալ գործի բարդությունը և դատավարության փուլը: 2003 թ. ապրիլի 7-ին դիմումատուն երեկոյան ժամը 7:30 բերման է ենթարկվել ոստիկանության բաժին այն դեպքում, երբ դատական նիստը տեղի է ունեցել երեկոյան ժամը 9:30-ին: 2003 թ. ապրիլի 9-ին համապատասխան ժամերն են եղել 14:30-ը և 17:00-ը: Երկու ժամանակահատվածների ընթացքում էլ նա չի օգտվել իր դատավարական իրավունքներից` չնայած ոստիկանության աշխատակիցների բոլոր ջանքերին: Դիմումատուին ծանոթացրել են իր դեմ հարուցված գործերի նյութերին և տեղեկացրել միջնորդություններ և բացարկներ ներկայացնելու իր իրավունքի մասին, որոնք նա չի իրականացրել: Երկու դեպքում էլ դիմումատուն կամավոր ստորագրել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և այդպիսով նա համաձայնել է դրա բովանդակությանը և, ըստ էության, ընդունել է իր մեղքը: Հաշվի առնելով դիմումատուի կողմից արձանագրությունները ստորագրելու, իրավաբան ունենալուց հրաժարվելու, որևէ միջնորդություն չներկայացնելու և մյուս դատավարական իրավունքներից չօգտվելու հանգամանքները` ոստիկանության աշխատակիցները այս ժամանակամիջոցները բավարար են համարել դիմումատուի պաշտպանության նախապատրաստման համար: Ավելին, դիմումատուն ունեցել է իր գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավունք, որը նա նույնպես չի իրականացրել: Նման հետաձգում չխնդրելով դիմումատուն ընդունել է, որ ավելի քան բավարար ժամանակ է ունեցել իր պաշտպանությունը նախապատրաստելու համար: Վերջապես, գործը անմիջապես դատարանին ներկայացնելով, ոստիկանության աշխատակիցները ապահովել են, որպեսզի դատավարությունները տեղի ունենան ողջամիտ ժամկետներում:

59. Կառավարությունը այնուհետև պնդել է, որ դիմումատուի գործերը քննվել են հրապարակայնորեն: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն գործը դռնփակ դատական նիստում քննելու համար դատարանը պետք է այդ մասին կայացնի հատուկ որոշում: Դիմումատուի գործերով այդպիսի որոշումներ չեն կայացվել, որը ցույց է տալիս, որ գործերի քննությունները իրականացվել են դռնբաց: Դատական նիստերի արձանագրությունները նույնպես նշում չեն պարունակում այն մասին, որ դրանք դռնբաց չեն եղել: Նախագահող դատավորը որևէ քայլ չի ձեռնարկել այդ դատական նիստերին հասարակության ներկայացուցիչների ներկայությունը կանխարգելելու համար:

60. Կառավարությունը վերջապես պնդում էր, որ երկու դեպքում էլ դիմումատուն ինքը չի ցանկացել ունենալ փաստաբան` չնայած այն փաստին, որ ոստիկանության աշխատակիցները նրան բացատրել են փաստաբան ունենալու իր իրավունքը և խորհուրդ տվել օգտվել այդ իրավունքից: Ավելին, դիմումատուն չի ցանկացել փաստաբան ունենալ գործի ողջ քննության, ներառյալ դատաքննությունների ընթացքում: Այսպիսով, դիմումատուի գործերի քննությունները ամբողջապես համապատասխանել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված երաշխիքներին:

 

(բ) Դիմումատուն

 

61. Դիմումատուն պնդեց, որ դատաքննություններն արդար չեն եղել: Արդար դատաքննությունը ենթադրում է գործի հանգամանքների անաչառ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, մինչդեռ բոլոր նյութերը վկայում են, որ դիմումատուի գործով այդպիսի քննություն տեղի չի ունեցել: Նա այնուհետև պնդում է, որ 2003 թ. նախագահական ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում թե՛ ոստիկանությունը և թե՛ դատարանները գործում էին իշխանությունների հրահանգների հիման վրա և անում ամեն հնարավորը, որպեսզի թափանցիկության բացակայության պայմաններում պատժեն ընդդիմության ակտիվիստներին: Ոստիկանությունը, որպես կանոն, իրենց «զոհերին» փնտրում էր ոչ թե հանրահավաքների վայրերում, այլ ավելի ուշ ժամերի և այլ վայրերում: Հաճախ հասարակությունը և մերձավոր հարազատները տեղեկանում էին դատապարտման մասին միայն դատարանի որոշման կայացումից և մեղավոր ճանաչված անձին կալանքի կրման վայր տեղափոխելուց հետո: Դատապարտվածները սովորաբար ոստիկանության բաժիններում չէին ենթարկվում վատ վերաբերմունքի, այնուհանդերձ, նրանք ենթարկվում էին հոգեբանական ներգործության տարբեր մեթոդների` նպատակ ունենալով նրանց ստիպել ստորագրել կեղծ մեղադրանքներ պարունակող փաստաթղթեր: Այդ գործերի շինծու լինելու փաստը թաքցնելու նպատակով իշխանություններն իրավաբաններին թույլ չէին տալիս մասնակցել և գործերի քննությունն անցկացնում էին ուշ ժամերի` դրանով իսկ արդյունավետորեն բացառելով դրանց հրապարակային լինելու հնարավորությունը:

62. Դիմումատուն այնուհետև վկայակոչել է իր նախկին փաստարկները, համաձայն որոնց դատական լսումները, ի հակադրություն Կառավարության պնդումների, տեղի են ունեցել համապատասխանաբար գիշերը ժամը 12-ին և 11-ին, և ոչ ոք ներկա չի գտնվել բացի դատավորից և ուղեկցող ոստիկանից: Երկու դատավարություններն էլ տևել են մոտավորապես հինգ րոպե, և քննություն որպես այդպիսին տեղի չի ունեցել: Նրան չեն տեղեկացրել իր իրավունքների մասին և չեն հարցրել թե արդյոք նա ցանկանում է փաստաբան ունենալ: Գործի նյութերը բարձրաձայն չեն ընթերցվել, և նրան թույլ չի տրվել որևէ միջնորդություն ներկայացնել: Որևէ ապացույց չի վերցվել կամ ուսումնասիրվել, և արդյունքում դատարանի որոշումները հիմնվել են միայն ոստիկանության կողմից կազմված վարչական իրավախախտումների շինծու արձանագրությունների վրա:

63. Դիմումատուն այնուհետև պնդում է, որ նաև բավարար ժամանակ և միջոցներ չի ունեցել իր պաշտպանությունը նախապատրաստելու համար: Գործի հանգամանքների վերաբերյալ Կառավարության պնդումներն ընդամենը ենթադրություններ են, որոնք հիմնված են միայն այն փաստի վրա, որ նա ստորագրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները: Այդ արձանագրությունները կեղծ էին, ինչպես և արդյունքում կայացված դատական որոշումները, որոնք պարունակում էին ոչ այլ ինչ, քան միայն ստանդարտ տեքստ: Նույնիսկ ենթադրելով, որ այդ արձանագրությունները կարելի է դիտել որպես մեղքի ընդունում, ապա ցանկացած այլ ապացույցի բացակայության պարագայում դրանք չեն կարող բավարար հիմք ծառայել իրեն դատապարտելու համար:

64. Ինչ վերաբերում է դատաքննության հրապարակայնությանը, ապա դիմումատուն պնդում էր, որ ավելի շատ պետք է հաշվի առնել այս ֆենոմենի ոչ այնքան de jure, որքան de facto ասպեկտը: Գիշերը ժամը 12-ին և 11-ին դատավորի սենյակում տեղի ունեցած դատաքննությունները չէին կարող «հրապարակային» համարվել:

 

3. Դատարանի գնահատականը

 

65. Քանի որ դիմումատուի նկատմամբ տեղի ունեցած վարչական վարույթները գործնականում ունեն նույնական հանգամանքներ, ապա Դատարանը հնարավոր է համարում դրանք քննարկել միասին:

66. Դատարանը նախապես նկատում է, որ նմանատիպ փաստեր և գանգատներ արդեն իսկ քննարկվել են վերոնշյալ Գալստյանի գործում, որտեղ Դատարանը գտել էր, որ տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 3-րդ մասի (բ) կետի խախտում 6-րդ հոդվածի 1-ին մասի զուգակցմամբ (տե՛ս վերը մեջբերված Գալստյանի (Galstyan) գործը, պարբ. 86-88): Սույն գործի հանգամանքները գործնականում նույնական են: Դիմումատուի դեմ երկու վարչական գործերն էլ քննվել են ՎԻՎՕ-ի 277-րդ հոդվածով նախատեսված արագացված կարգով: Երկու դեպքում էլ դիմումատուն նույնպես տարվել և պահվել է ոստիկանության բաժնում` առանց արտաքին աշխարհի հետ որևէ կապի, որտեղ նրան ներկայացվել է մեղադրանքը և ժամերի ընթացքում տարվել դատարան ու ճանաչվել մեղավոր: Դատարանը, հետևաբար, որևէ պատճառ չի տեսնում սույն գործում կայացնել այլ որոշում և եզրակացնում է, որ 2003 թ. ապրիլի 7-ի և 9-ի երկու դատավարություններում էլ դիմումատուն չի ունեցել արդար դատաքննություն, մասնավորապես, իր պաշտպանությունը նախապատրաստելու նպատակով բավարար ժամանակ և միջոցներ չունենալու մասով:

67. Համապատասխանաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ միասին:

68. Նկատի ունենալով նախորդ պարբերությունում շարադրված եզրահանգումը` Դատարանը անհրաժեշտ չի համարում քննության առնել նաև 6-րդ հոդվածի մյուս ենթադրյալ խախտումները:

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

69. Դիմումատուն բողոքել էր, որ 2003 թ. ապրիլի 7-ի և 9-ի որոշումներով իր նկատմամբ կիրառված սանկցիաները հակաօրինական կերպով խախտել են արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության իր իրավունքները, որոնք երաշխավորված են համապատասխանաբար 10-րդ և 11-րդ հոդվածներով, որոնք սահմանում են.

 

Հոդված 10

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից...

 

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:

 

Հոդված 11

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության իրավունք...

2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»:

 

Ա. Ընդունելիությունը

 

70. Դատարանը նշում է, որ այս գանգատներն ակնհայտորեն անհիմն չեն Կոնվենցիայի 35 հոդվածի 3-րդ մասի իմաստով: Նա այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն նաև ցանկացած այլ հիմքով: Դրանք, հետևաբար, պետք է հայտարարվեն ընդունելի:

 

Բ. Գործի ըստ էության քննությունը

 

1. Դիմումատուի գանգատների շրջանակը

 

71. Դատարանը նշում է, որ սույն գործի հանգամանքներում 10-րդ հոդվածը պետք է դիտարկել որպես lex generalis 11-րդ հոդվածի` որպես lex specialis-ի նկատմամբ: Հետևաբար անհրաժեշտություն չկա 10-րդ հոդվածի ներքո ներկայացված գանգատները քննության առնել առանձին (տե՛ս Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի (Ezelin v. France), 26 ապրիլ 1991 թ. վճիռը, Series A, թիվ 202, պարբ. 35; և Գալստյանի գործը (Galstyan), վկայակոչված վերը, պարբ. 95):

72. Մյուս կողմից, առանց անտեսելու 11-րդ հոդվածի ինքնավար դերն ու կիրառման առանձնահատուկ ոլորտը, սույն գործում այն ևս պետք է դիտարկել 10-րդ հոդվածի լույսի ներքո: Անձնական կարծիքների պաշտպանությունը, որն ապահովվում է 10-րդ հոդվածով, 11-րդ հոդվածով սահմանված խաղաղ հավաքների ազատության նպատակներից մեկն է (տե՛ս վերը մեջբերված Էզելինի գործը (Ezelin), պարբ. 37 և Գալստյանի գործը (Galstyan), մեջբերված վերը, պարբ. 96):

 

2. 2003 թ. ապրիլի 7-ի հանրահավաքը

 

(ա) Արդյոք առկա է եղել միջամտություն խաղաղ հավաքների ազատությունն իրականացնելիս

 

73. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի` 11-րդ հոդվածով սահմանված խաղաղ հավաքների ազատության իրավունքը չի խախտվել այնքանով, որքանով խոսքը վերաբերում է 2003 թ. ապրիլի 7-ի որոշմանը: Դիմումատուն մեղավոր է ճանաչվել հասարակական կարգը խախտելու համար և հետևաբար նրա նկատմամբ նշանակված տույժը կապված չի եղել դիմումատուի կողմից խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացման հետ: Կառավարության համաձայն դիմումատուն հանրահավաքից հեռու է գտնվել և զուտ խուլիգանական շարժառիթներով փակել է փողոցը, որը որևէ կապ չի ունեցել դրա հետ: Նման գործողությունները, այնուամենայնիվ, չեն կարող համարվել անհրաժեշտ անձի կողմից խաղաղ հավաքների իր իրավունքն իրականացնելու համար:

74. Դիմումատուն պնդել է, որ Կառավարության փաստարկները չեն համապատասխանում իրականությանը: Նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին հանրահավաքին իր ակտիվ մասնակցության պատճառով: Դա կատարվել է` անտեսելով այն փաստը, որ նա հանրահավաքի ընթացքում որևէ անօրինական արարք թույլ չի տվել: Նման փաստարկներ առաջ քաշելով` Կառավարությունը փորձում է դիմումատուին ներկայացնել որպես սովորական խուլիգան և ոչ թե հանրահավաքի ակտիվ մասնակից:

75. Դատարանը նշում է, որ դատարանի որոշումից ակնհայտ է, որ դիմումատուն մեղավոր է ճանաչվել հանրահավաքի ժամանակ հասարակական կարգը խախտելու համար, իսկ ավելի կոնկրետ` 2003 թ. ապրիլի 7-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Դատավորի որոշման համաձայն այն գործողությունները, որոնք հանգեցրել են դիմումատուի նկատմամբ վարչական կալանք կիրառելուն «փողոցների երթևեկությունը խոչընդոտելն է» և «բարձրաձայն աղմկելը», որոնք նա կատարել է հանրահավաքի ժամանակ և որոնք Դատարանի կարծիքով անմիջականորեն հանդիսացել են նրա կողմից հանրահավաքին մասնակցելու արդյունք: Այսպես, Կառավարության այն պնդումը, որ դիմումատուն փակել է մի փողոց, որը կապ չի ունեցել հանրահավաքի հետ, չի հիմնավորվել ներպետական դատարանի եզրահանգումներում: Դրանից հետևում է, որ դիմումատուն դատապարտվել է հանրահավաքի ժամանակ դրսևորած իր վարքագծի համար:

76. Դատարանն այնուհետև նշում է, որ քննարկվող հանրահավաքն այն նույն հանրահավաքն է, որին մասնակցել է նաև վերը նշված Գալստյանի գործով դիմումատուն: Այդ գործում Դատարանը հաստատեց, որ տվյալ հանրահավաքը նպատակ չուներ լինել ոչ խաղաղ, բացի այդ այն չէր էլ արգելվել: Ավելին, իշխանությունները երբևէ չեն փորձել հանրահավաքը անօրինական կամ չթույլատրված կամ էլ երթևեկությունը խոչընդոտող լինելու հիմքով ցրել այն կամ հրամայել դրա մասնակիցներին, այդ թվում` դիմումատուին, հեռանալ (տե՛ս նույն տեղում, պարբ. 101): Ճիշտ է, որ սույն գործում ոստիկանության զեկուցագրի համաձայն դիմումատուն մասնակցել է չթույլատրված երթին, որը Մատենադարանից շարժվել է Սահմանադրական դատարանի ուղղությամբ (տե՛ս վերը` պարբ. 10): Սակայն, ամենից առաջ, այս պնդումը չի հիմնավորվել դատաքննությունների ընթացքում, քանի որ դիմումատուն դատապարտվել է ոչ թե ենթադրյալ չթույլատրված հանրահավաքին մասնակցելու, այլ Մատենադարանի դիմաց գտնվող Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ կատարած որոշակի գործողությունների համար (տե՛ս վերը` պարբ. 17): Երկրորդ, պարզ չէ, թե ինչ հիմքերով էր նման ենթադրություն կատարել զեկուցող ոստիկանը` հաշվի առնելով, որ այդ ժամանակ Հայաստանում չկար երթեր և փողոցային քայլերթեր կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ դրույթներ պարունակող և կիրառման ենթակա իրավական ակտ, ներառյալ նման միջոցառումների կազմակերպման կանոններ (տե՛ս Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի (Mkrtchyan v. Armenia) թիվ 6562/03, պարբ. 43, 11 հունվար 2007 թ.): Դատարանն այնուհետև նշում է, որ Կառավարությունը չի պնդել նաև, որ հանրահավաքը եղել է չթույլատրված կամ հակաօրինական: Հետևաբար, սույն գործի նյութերում չկա որևէ բան, որը Դատարանին կհակեր շեղվել Գալստյանի գործում կատարված եզրահանգումներից: Այսպես, միանալով հանրահավաքին, դիմումատուն իրականացրել է խաղաղ հավաքների ազատության իր իրավունքը, և դրան հաջորդած սանկցիան իրենից ներկայացրել է այդ իրավունքի սահմանափակում:

77. Դատարանը հետևաբար եզրակացնում է, որ օրինական հանրահավաքին մասնակցելու համար դիմումատուի դատապարտումը խաղաղ հավաքների ազատության նրա իրավունքի սահմանափակում է:

 

(բ) Արդյոք միջամտությունը արդարացված է եղել

 

78. Միջամտությունը կառաջացնի 11-րդ հոդվածի խախտում, եթե այն չի եղել «նախատեսված օրենքով», ուղղված չի եղել այդ հոդվածի 2-րդ մասում նշված օրինական նպատակներից մեկի կամ մի քանիսի իրականացմանը և «անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակներին հասնելուն:

 

(i) «Օրենքով նախատեսված»

 

79. Կառավարությունը պնդել է, որ եթե Դատարանը եզրակացնի, որ տեղի է ունեցել դիմումատուի խաղաղ հավաքների ազատության իրավունքի սահմանափակում, ապա այդ սահմանափակումը նախատեսված է եղել օրենքով: Դիմումատուն փակել է Մաշտոցի պողոտան մի խումբ անձանց հետ, և դա կատարելով խախտել է հասարակական կարգը, ինչը որակվել է որպես մանր խուլիգանություն և ներառվել ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածի գործողության շրջանակում:

80. Դիմումատուն պնդել է, որ այս գործողությունները չէին կարող համարվել ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածի գործողության ոլորտում գտնվող: Համաձայն այդ հոդվածի մանր խուլիգանություն նշանակում է հասարակական վայրերում անձին հասցված անցենզուր հայհոյանքը, քաղաքացիներին վիրավորական ձևով հետամտելը և նմանօրինակ այլ գործողությունները, որոնք խախտում են հասարակական կարգը: Այնուհանդերձ, փողոցի փակումը չէր կարող դիտարկվել որպես նման գործողություն վերը նշված անձանց նկատմամբ:

81. Դատարանը նշում է, որ դիմումատուի նկատմամբ տույժ է նշանակվել ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածով սահմանված արարքի համար: Այն այնուհետև հիշեցնում է, որ այս դրույթը ձևակերպվել է բավարար որոշակիությամբ, որպեսզի բավարարվեն 11-րդ հոդվածի պահանջները (տե՛ս Գալստյանի (Galstyan) վերը մեջբերված գործը, պարբ. 107):

82. Սրանից հետևում է, որ սահմանափակումը եղել է օրենքով նախատեսված:

 

(ii) Իրավաչափ նպատակ

 

83. Կառավարությունը պնդում է, որ սահմանափակումն անհրաժեշտ է եղել անկարգությունների կանխման և այլոց իրավունքների պաշտպանության նպատակով, քանի որ դիմումատուն անձամբ ներգրավված է եղել հանրահավաքի ժամանակ հակաիրավական գործողությունների կատարմանը:

84. Դիմումատուն հատուկ կերպով չի անդրադարձել այս հարցին:

85. Դատարանը նշում է, որ ակնհայտ է, որ դիմումատուն սանկցիայի է ենթարկվել այնպիսի գործողությունների համար, որոնք իշխանությունների կողմից որակվել են որպես հասարակական կարգը խախտող: Հետևաբար, սահմանափակումը հետապնդել է օրինական նպատակ, այն է` «անկարգությունների կանխումը»:

 

(iii) «Անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»

 

86. Կառավարությունը պնդում է, որ սահմանափակումն անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում և համաչափ հետապնդվող նպատակին: Այն նպատակաուղղված է եղել դիմումատուի հակաօրինական գործողությունները կանխելուն և հասարակական անկարգություններից խուսափելուն: Կիրառված սանկցիան ամենամեղմն էր դիմումատուի կողմից կատարված իրավախախտումների համար նախատեսված տույժերի շրջանակում: Պայմանավորվող Կողմերն ունեն հայեցողության սահման, ինչ վերաբերում է սահմանափակման անհրաժեշտությանը, և ներպետական իշխանությունների կողմից ներկայացված պատճառները պատշաճ էին և բավարար:

87. Դիմումատուն ժխտել է հանրահավաքի ժամանակ փողոցը փակելու հանգամանքը: Նա այնուամենայնիվ պնդել է, որ նույնիսկ եթե ենթադրենք, որ ինքը այդպես է վարվել, ապա այդ գործողությունն իր բնույթով հասարակության համար վտանգավորության աստիճանով և հնարավոր հետևանքներով չէր կարող դիտարկվել որպես Կոնվենցիայի 11-րդ հոդվածով պաշտպանվող արժեքների համար սպառնալիք ստեղծող և այդպիսով սանկցիաներ պահանջող արարք:

88. Դիմումատուն այնուհետև պնդել է, որ նա 2003 թ. ապրիլի 7-ի հանրահավաքի ժամանակ որևէ հակաօրինական գործողություն չի կատարել, և նրա ձերբակալությունը և դատապարտումը գլխավորապես նպատակ ունեին կանխել նրա ակտիվ մասնակցությունը հետագա հանրահավաքներին: Նա վերջապես վկայակոչել է իր նախորդ պնդումները, համաձայն որոնց նա չէր կարող խոչընդոտած լիներ փողոցային երթևեկությանը, քանի որ Մաշտոցի պողոտայի տվյալ հատվածում երթևեկությունը նախքան հանրահավաքն սկսելը կասեցվել էր ճանապարհային ոստիկանության կողմից:

89. Դատարանը նկատում է, որ հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակությունում հիմնարար իրավունք է և այդպիսի հասարակության հիմնաքարերից մեկը (տե՛ս Ջին ընդդեմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (G. v. Federal Republic of Germany) մեջբերված վերը, և Ռաին, Ալմոնդը և «Բանակցիր հիմա»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (Rai, Allmond and «Negotiate Now» v. United Kingdom), թիվ 25522/94, Հանձնաժողովի 1995 թ. ապրիլի 6-ի որոշումը, DR 81-A, էջ 146): Այս իրավունքը, որի նպատակներից մեկը անձնական կարծիքի պաշտպանությունն է, ենթակա է մի շարք բացառությունների, որոնք պետք է ստանան սահմանափակ մեկնաբանում, և ցանկացած սահմանափակման անհրաժեշտություն պետք է համոզիչ կերպով հաստատվի: Երբ քննարկվում է այն հարցը, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների սահմանափակումները կարող են դիտարկվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում», Պայմանավորվող Պետությունները օգտվում են որոշակի հայեցողության սահմանից, որը սակայն անսահմանափակ չէ: Ամեն դեպքում Եվրոպական Դատարանն է, որ սահմանափակումները Կոնվենցիային համապատասխան լինելու վերաբերյալ պետք է տա վերջնական գնահատական, և դա պետք է կատարվի տվյալ գործի հանգամանքները գնահատելով (տե՛ս Օսմանին և մյուսներն ընդդեմ Նախկին Հարավսլավիայի Հանրապետություն Մակեդոնիայի (Osmani and Others v. The Former Yugoslav Republic of Macedonia (որոշում)), թիվ 50841/99, 2001 թ. հոկտեմբերի 11):

90. Դատարանն այնուհետև հիշեցնում է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու ազատությունն այնչափ կարևոր է, որ անձը չի կարող ենթարկվել կարգապահական տույժերի համակարգում նույնիսկ ամենաստորին աստիճանի վրա գտնվող սանկցիայի այնպիսի հանրահավաքի մասնակցելու համար, որը չի արգելվել, քանի դեռ այդ դեպքում անձը չի կատարել ինքնին դատապարտման ենթակա արարք (տե՛ս Էզելինի գործը (Ezelin), մեջբերված վերը, էջ 23, պարբ. 53): Ավելին, հասարակական վայրում տեղի ունեցող ցանկացած հանրահավաք կարող է առաջ բերել բնականոն կյանքի որոշակի աստիճանի խաթարում, ներառյալ երթևեկության խաթարումը, և եթե ցուցարարները բռնի գործողություններ չեն կատարում, ապա կարևոր է, որ իշխանությունները որոշակի հանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, եթե Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատությունը չպետք է զրկվի իր ողջ էությունից (տե՛ս Օյա Ատամանն ընդդեմ Թուրքիայի (Oya Ataman v. Turkey) թիվ 74552/01, պարբ. 38-42, ՄԻԵԿ 2006- ...):

91. Դատարանն ի սկզբանե նկատում է, որ դիմումատուին սույն գործում մեղավոր ճանաչող 2003 թ. ապրիլի 7-ի որոշումը բառօգտագործման տեսանկյունից նույնական է Գալստյանի գործում դիմումատուին մեղավոր ճանաչող որոշմանը միայն ժամանակին վերաբերող աննշան բացառությամբ (տե՛ս Գալստյան (Galstyan), մեջբերված վերը, պարբ. 18): Ավելին, սույն գործում դիմումատուն 2003 թ. ապրիլի 7-ի միևնույն հանրահավաքին մասնակցելու համար դատապարտվել է նույն դատավորի կողմից և նույն օրը: Սանկցիայի կիրառմանը հանգեցրած գործողությունները նմանապես «փողոցային երթևեկությանը խոչընդոտելն էր» և «բարձրաձայն աղմկելը»:

92. Դատարանը Գալստյանի գործում արդեն հաստատել է, որ փողոցը, որտեղ 2003 թ. ապրիլի 7-ին տեղի է ունեցել հանրահավաքը, այն է` Մաշտոցի պողոտան, լցված է եղել հսկայական ամբոխով, որտեղ մարդկանց թիվը հասնում էր 30 000-ի: Այնուհետև հաստատվել է նաև, որ փողոցային երթևեկությունը ճանապարհային ոստիկանության կողմից նախապես կասեցված է եղել հանրահավաքի անցկացումը հեշտացնելու նպատակով, և իշխանությունները որևէ փորձ չեն կատարել ինչ-որ պահին երթևեկությունը ապօրինի խոչընդոտելու համար հանրահավաքը ցրելու ուղղությամբ (տե՛ս նույն տեղում, պարբ. 116): Դատարանը նշում է, որ սույն գործի նյութերում չկա ոչինչ, որ իրեն կհակի շեղվել այդ եզրահանգումներից: Հետևաբար, «փողոցային երթևեկությանը խոչընդոտելը», որի համար դիմումատուն մեղավոր է ճանաչվել, նույն կերպով հանգում է հանրահավաքին նրա ֆիզիկական ներկայությանը: Ինչ վերաբերում է դիմումատուի կողմից բարձրաձայն աղմկելուն, ապա նույնպես որևէ ակնարկ չկա, որ այդ աղմուկը եղել է անհարիր կամ հրահրել բռնության: Դատարանը հետևաբար հանգում է այն եզրակացության, որ սույն գործում դիմումատուն ենթարկվել է պատասխանատվության ընդամենը տվյալ հանրահավաքին ներկա գտնվելու և ակտիվորեն մասնակցելու, այլ ոչ թե դրա ընթացքում ինչ-որ հակաիրավական, բռնի կամ անհարիր արարք կատարելու համար:

93. Դատարանը հիշեցնում է, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքի բուն էությունը կխաթարվի, եթե Պետությունը չի արգելում հանրահավաքը, սակայն այնուհետև պատասխանատվության է ենթարկում դրա մասնակիցներին, նույնիսկ եթե խոսքը գնում է տույժերի համակարգում ամենամեղմ սանկցիայի մասին հանրահավաքին ընդամենը մասնակցելու համար առանց պատժելի որևէ արարք կատարելու, ինչպես դա տեղի էր ունեցել դիմումատուի պարագայում (տե՛ս նույն տեղում, պարբ. 117): Դատարանը հետևաբար հանգում է այն եզրակացության, որ խաղաղ հավաքների ազատության դիմումատուի իրավունքի սահմանափակումը չի եղել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»:

94. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:

 

3. 2003 թ. ապրիլի 9-ի հանրահավաքը

 

(ա) Կողմերի պնդումները

 

95. Կառավարությունը ներկայացրել է այնպիսի փաստարկներ, որոնք նման են 2003 թ. ապրիլի 7-ի հանրահավաքի վերաբերյալ ներկայացրածներին` պնդելով, որ դիմումատուի արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքների ազատության սահմանափակումը նախատեսված է եղել օրենքով, հետապնդել է իրավաչափ նպատակ և անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս վերը` պարբ. 79, 83 և 86):

96. Դիմումատուն նույնպես կրկնել է իր պնդումները: Նա այնուհետև վիճարկել է ներպետական դատարանների կողմից փաստի կապակցությամբ կատարված եզրահանգումները` պնդելով, որ հանրահավաքի ժամանակ ինքը չի օգտագործել հայհոյանքներ և որևէ մեկին չի հարվածել: Այս խաբեությունները հորինվել են իշխանությունների կողմից վարչական կալանքի կիրառումն արդարացնելու նպատակով: Նրա կողմից կատարված միակ «իրավախախտումը» եղել է այն, որ ինքը հրաժարվել է ոստիկանության աշխատակիցներին հանձնել իր ձեռքին եղած դրոշը, երբ վերջիններս սկսել են ցրել հանրահավաքը: Ի պաշտպանություն իր փաստարկների դիմումատուն մատնացույց է անում այն փաստը, որ ներպետական դատարանը իր որոշման մեջ նշել է, որ նա իր խնամքի տակ ոչ ոք չունի, չնայած այն փաստին, որ նա ունի երեք երեխա:

 

(բ) Դատարանի գնահատականը

 

97. Դատարանը նշում է, որ կողմերի միջև չկար վեճ այն հարցի շուրջ, որ տեղի է ունեցել դիմումատուի` խաղաղ հավաքների ազատության սահմանափակում: Այն համարում է, որ դիմումատուին 2003 թ. ապրիլի 9-ին պատասխանատվության ենթարկելը անկասկած հանդիսանում է խաղաղ հավաքների նրա իրավունքի սահմանափակում: Ավելին, Դատարանը նշում է, որ դիմումատուն պատասխանատվության է ենթարկվել ՎԻՎՕ-ի նույն հոդվածով, ինչ որ 2003 թ. ապրիլի 7-ին: Հետևաբար սահմանափակումը նախատեսված է եղել օրենքով (տե՛ս վերը` պարբ. 82): Դատարանն այնուհետև գտնում է, որ սահմանափակումը հետապնդել է «անկարգությունների կանխման» և «այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության» իրավաչափ նպատակ:

98. Ինչ վերաբերում է սահմանափակման անհրաժեշտությանը, ապա Դատարանը ևս մեկ անգամ հիշեցնում է իր նախադեպային իրավունքն այն առումով, որ անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել այնպիսի հանրահավաքին մասնակցելու համար, որը չի արգելվել, քանի դեռ այդ անձն ինքնին որևէ պատժելի արարք չի կատարել այդ դեպքում (տե՛ս Էզելինի գործը (Ezelin), մեջբերված վերը, էջ 23, պարբ. 53): Սրանից հետևում է, որ նման գործողություններ` ներառյալ բռնություն և անհարիր արարքներ կատարելու համար սանկցիա կիրառելը կարող է համարվել արդարացված սահմանափակում: Որոշակի սահմանափակման արդարացված լինելու հարցը գնահատելիս Դատարանը պետք է հավաստիանա, որ այն պայմանավորված է եղել սոցիալական խիստ անհրաժեշտությամբ և որ ներպետական իշխանությունների կողմից ներկայացված պատճառները պատշաճ և բավարար են:

99. Սույն գործում Դատարանը նշում է, որ դիմումատուն մեղավոր է ճանաչվել որոշակի գործողություններ կատարելու համար, որոնք կարող են համարվել դատապարտելի: Այնուհանդերձ, ողջամիտ է շեշտել դիմումատուին պատասխանատվության ենթարկելիս ներպետական դատարանի կողմից արված եզրահանգումների սակավաթիվ լինելու փաստը: Դրանք փաստացի հանգում էին հետևյալ ձևակերպմանը. «[դիմումատուն], բարձրաձայն աղմկելով և հարվածելով անցորդներին, խոչընդոտել է փողոցային երթևեկությունը և խախտել հասարակական կարգը»: Այս մեղադրանքների այլ մանրամասներ չեն ներկայացվել, մասնավորապես, այնպիսիք, ինչպիսիք կարող էին լինել կոնկրետ անհարիր գործողությունները, ում էին դրանք հասցեագրված և ինչպիսի հանգամանքներում, դիմումատուի կողմից ենթադրյալ բռնություն կիրառելու եղանակը և արդյոք որևէ մեկը վնասվել է: Որևէ տուժողից կամ վկայից, բացառությամբ ձերբակալությունն իրականացրած ոստիկաններից, որևէ ապացույց չի վերցվել, և այդ եզրահանգումները կատարվել են ոչ ավելի, քան հինգ րոպե տևած դատավարությունից հետո: Դատարանն այնուհետև նշում է, որ դիմումատուի վարչական գործի նյութերը չեն պարունակում նաև այլ փաստական մանրամասներ: Նրա դեմ ներկայացված մեղադրանքում պարզապես նշվում է, որ «բարձրաձայն աղմկել է մի խումբ անձանց հետ, և հարվածել և վիրավորել պատահական անցորդների», և նույնիսկ ոստիկանության զեկուցագիրը չի պարունակում որևէ էական մանրամասն դիմումատուի ենթադրյալ պատժելի վարքագծի վերաբերյալ: Չնայած սրան, այդ նյութերը դիմումատուին պատասխանատվության ենթարկելիս հիմք են ընդունվել ներպետական դատարանի կողմից, մինչդեռ ի պաշտպանություն իրեն դատարանում իր կողմից արված հայտարարությունները դատարանի որոշման մեջ որևէ արտացոլում չեն ստացել: Նկատի ունենալով վերոնշյալը` Դատարանը հանգում է այն եզրակացության, որ ներպետական դատարանը չի իրականացնել 2003 թ. ապրիլի 9-ի հանրահավաքի ժամանակ դիմումատուի վարքագծին առնչվող հանգամանքների, ներառյալ նրա կողմից ենթադրաբար կիրառված բռնության կամ հակաիրավական գործողությունների բազմակողմանի և օբյեկտիվ գնահատում:

100. Ինչ վերաբերում է «փողոցային երթևեկությանը խոչընդոտելուն», որի մեջ դիմումատուն նույնպես ճանաչվել էր մեղավոր, ապա Դատարանը նշում է, որ չկա որևէ ապացույց, ցույց կտա, որ այն անցել է ցանկացած խաղաղ հանրահավաքին ներհատուկ և Կոնվենցիայի 11-րդ հոդվածով թույլատրելի հասարակական կյանքի բնականոն ընթացքը խանգարելու աստիճանը, եթե այդ հոդվածով երաշխավորված խաղաղ հավաքների ազատությունը չի զրկվում իր ողջ էությունից (տե՛ս, mutatis mutandis, Օյա Ատամանի գործը (Oya Ataman) մեջբերված վերը, պարբ. 38-42):

101. Վերոնշյալի լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ ներպետական դատարանի կողմից վկայակոչված պատճառները բավարար չեն դիմումատուի` խաղաղ հավաքների ազատության սահմանափակումն արդարացնելու համար, հատկապես այնպիսի խիստ պատժի տեսքով, ինչպիսին է կալանավորումը հինգ օր ժամկետով: Դատարանը նշում է, որ այս պատիժը նշանակելիս ներպետական դատարանը որպես ծանրացնող հանգամանք հաշվի է առել դիմումատուի կրկնվող վարքագիծը ավելի վաղ` 2003 թ. ապրիլի 7-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, որը նա բնորոշել էր որպես «հակասոցիալական»: Այնուամենայնիվ, որևէ բան ցույց չի տալիս, որ դիմումատուի վարքագիծը ներառել է որևէ պատժելի տարր 11-րդ հոդվածի իմաստով (տե՛ս վերը` պարբ. 93):

102. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:

 

V. ԹԻՎ 7-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

103. Դիմումատուն բողոքել է, որ նա իրավունք չի ունեցել վիճարկել 2003 թ. ապրիլի 9-ի որոշումը: Նույն հարցը ex officio բարձրացվել էր նաև 2003 թ. ապրիլի 7-ի որոշման կապակցությամբ: Դատարանն անհրաժեշտ է համարում այս հարցերը քննարկել Թիվ 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածի ներքո, որը սահմանում է հետևյալը.

 

«1. Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ դրա իրականացման հիմքերը, կարգավորվում է օրենքով:

2. Այդ իրավունքից կարող են բացառություններ արվել օրենքով սահմանված աննշան հանցագործությունների առնչությամբ...»:

 

Ա. Ընդունելիություն

 

104. Դատարանը վերհիշում է, որ երբ իրավախախտումը համարվում է քրեաիրավական բնույթ ունեցող` ընդգրկելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված բոլոր երաշխիքները, ապա այն արդյունքում ընդգրկում է նաև Թիվ 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված երաշխիքները (տե՛ս Գուրեպկան ընդդեմ ՈՒկրաինայի (Gurepka v. Ukraine), թիվ 61406/00, պարբ. 55, 6-ը սեպտեմբեր 2005 թ. և Գալստյանի գործը (Galstyan), մեջբերված վերը, պարբ. 120): Սույն գործում Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելի է համարվել երկու դատաքննությունների նկատմամբ էլ (տե՛ս վերը` պարբ. 51): Արդյունքում Թիվ 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածը նույնպես կիրառելի է սույն գործում:

105. Դատարանն այնուհետև նշում է, որ գանգատի այս մասը ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով: Այն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ նաև ցանկացած այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Գանգատի ըստ էության քննությունը

 

106. Կառավարությունը վերահաստատել է իր փաստարկները, որոնք ներկայացվել էին նախնական առարկություններում և պնդել, որ դիմումատուն ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածի համաձայն ունեցել է իր նկատմամբ կայացված որոշումը վերանայելու իրավունք:

107. Դիմումատուն նույնպես կրկնել է իր փաստարկները, որոնք ներկայացվել էին ի պատասխան Կառավարության նախնական առարկությունների և պնդել, որ 2003 թ. ապրիլի 7-ի և 9-ի որոշումները կարող էին բողոքարկվել միայն դատախազի կողմից:

108. Դատարանը նշում է, որ նույնական գանգատ քննվել է նաև վերոնշյալ Գալստյանի գործում: Այդ գործում Դատարանը նախ գտավ, որ այն իրավախախտումը, որի կատարման մեջ մեղադրվում էր դիմումատուն «աննշան հանցագործություն» չէ Թիվ 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, քանի որ ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածը որպես առավելագույն պատիժ դրա համար նախատեսում է մինչև 15 օր ժամկետով կալանք: Դատարանն այնուհետև եզրակացրեց, որ դիմումատուն իր տրամադրության տակ չի ունեցել բողոքարկման այնպիսի ընթացակարգ, որը կբավարարեր Թիվ 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածի պահանջները (Գալստյանի գործը (Galstyan), մեջբերված վերը, պարբ. 124-127):

109. Սույն գործում, ինչպես արդեն նշվել է վերը, դիմումատուն երկու դեպքում էլ մեղադրվել է նույն իրավախախտման համար և նույն ընթացակարգով, ինչ որ Գալստյանի գործում: Դատարանը հետևաբար որևէ պատճառ չի տեսնում այդ գործում իր կողմից արված եզրահանգումներից շեղվելու համար:

110. Հետևաբար 2003 թ. ապրիլի 7-ի և 9-ի որոշումների կապակցությամբ տեղի է ունեցել այս դրույթի խախտում:

 

VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

111. Դիմումատուն վերջապես բողոքում է, որ իր երկու ձերբակալություններն էլ ոստիկանության աշխատակիցների կողմից ուղեկցվել են ֆիզիկական բռնությամբ: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որը սահմանում է.

 

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

 

Ընդունելիությունը

 

112. Դատարանը նկատում է, որ սույն գործի նյութերում չկա որևէ ապացույց, այդ թվում` բժշկական ապացույց, որը կմատնանշեր, որ դիմումատուն ենթարկվել է 3-րդ հոդվածի պահանջների հետ անհամատեղելի վերաբերմունքի:

113. Հետևաբար, գանգատի այս մասը ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան:

 

VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

114. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.

 

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

115. Դիմումատուն արդարացի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել: Դրան համապատասխան Դատարանը համարում է, որ անհրաժեշտություն չկա այս կապակցությամբ դիմումատուին տրամադրել որևէ գումար:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ, ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

 

1. Ընդունելի է հայտարարում գանգատները` կապված անաչառ դատարանի կողմից արդար և հրապարակային դատաքննության բացակայության, պաշտպանության իրավունքների խախտման, արտահայտվելու ազատության իրավունքի և խաղաղ հավաքների ազատության սահմանափակման և վարչական տույժեր սահմանող որոշումները բողոքարկելու հնարավորության բացակայության հետ` համապատասխան Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի (բ) ու (գ) կետերի և 10-րդ ու 11-րդ հոդվածների և Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի, և անընդունելի` գանգատի մնացած մասերը,

 

2. Վճռում է, որ տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի (բ) կետի զուգակցմամբ այն առնչությամբ, որ դիմումատուն չի ունեցել արդար դատաքննություն, մասնավորապես այն փաստի առումով, որ նրան չեն տրամադրվել բավարար ժամանակ և միջոցներ 2003 թ. ապրիլի 7-ի և 9-ի դատաքննությունների ժամանակ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

 

3. Վճռում է, որ անհրաժեշտություն չկա քննելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո ներկայացված մյուս գանգատները,

 

4. Վճռում է, որ անհրաժեշտություն չկա քննելու Կոնվենցիայի 10-րդ հոդվածի ներքո ներկայացված գանգատը,

 

5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում դիմումատուի` խաղաղ հավաքների ազատության առնչությամբ` 2003 թ. ապրիլի 7-ի և 9-ի հանրահավաքների հետ կապված,

 

6. Վճռում է, որ տեղի է ունեցել Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում 2003 թ. ապրիլի 7-ի և 9-ի երկու որոշումների կապակցությամբ:

 

Կատարված է անգլերեն, գրավոր ծանուցվել է 17 հուլիսի 2008 թ.` համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի:

 

    Stanley Naismith                                 Josep Casadevall

    Քարտուղարի տեղակալ                                    Նախագահ

 

Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ մասի համաձայն Դատավոր Ֆուրա-Սանդստրոմի համընկնող կարծիքը կցվում է սույն վճռին:

 

J.C.M.

S.H.N

 

ԴԱՏԱՎՈՐ ՖՈՒՐԱ-ՍԱՆԴՍՏՐՈՄԻ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ

 

Դատարանը գտավ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում 6-րդ հոդվածի 1-ին մասի զուգակցմամբ` 2003 թ. ապրիլի 7-ի և 9-ի երկու դատաքննությունների կապակցությամբ, քանի որ դիմումատուն չի ունեցել արդար դատաքննություն, մասնավորապես, իր պաշտպանությունը նախապատրաստելու համար իրեն բավարար ժամանակ և միջոցներ չտրամադրելու առնչությամբ (պարբ. 66): Ընդունելով այս մոտեցումը` ես միաժամանակ կգերադասեի իրավաբանական օգնության բացակայության վերաբերյալ գանգատը քննել առանձին: Դիմումատուին ենթադրաբար չեն հարցրել, թե նա ցանկանում է արդյոք փաստաբան ունենալ (պարբ. 62): Նույն պատճառներով, որոնք արտահայտվել են Գալստյանն ընդդեմ Հայաստանի գործում իմ մասնակի չհամընկնող կարծիքում, որը ես վկայակոչում եմ, ես գտնում եմ, որ այս առումով տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում` 6-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետի զուգակցմամբ:

 

 

 

pin
Եվրոպական դատարան
17.07.2008
N 33268/03
Վճիռ