Սեղմել Esc փակելու համար:
ԱՇՈՒՂՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (ԳԱՆԳԱՏ ԹԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՇՈՒՂՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (ԳԱՆԳԱՏ ԹԻՎ 33268/03) (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

                          CONSEIL       COUNCIL

                         DE L'EUROPE   OF EUROPE

 

COUR EUROPE՛ENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԱՇՈՒՂՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 33268/03)

(2-րդ մաս)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

17 հուլիս 2008

 

ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ 01/12/2008

 

3. 2003 թ. ապրիլի 9-ի հանրահավաքը

 

(ա) Կողմերի պնդումները

 

95. Կառավարությունը ներկայացրել է այնպիսի փաստարկներ, որոնք նման են 2003 թ. ապրիլի 7-ի հանրահավաքի վերաբերյալ ներկայացրածներին` պնդելով, որ դիմումատուի արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքների ազատության սահմանափակումը նախատեսված է եղել օրենքով, հետապնդել է իրավաչափ նպատակ և անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս վերը` պարբ. 79, 83 և 86):

96. Դիմումատուն նույնպես կրկնել է իր պնդումները: Նա այնուհետև վիճարկել է ներպետական դատարանների կողմից փաստի կապակցությամբ կատարված եզրահանգումները` պնդելով, որ հանրահավաքի ժամանակ ինքը չի օգտագործել հայհոյանքներ և որևէ մեկին չի հարվածել: Այս խաբեությունները հորինվել են իշխանությունների կողմից վարչական կալանքի կիրառումն արդարացնելու նպատակով: Նրա կողմից կատարված միակ «իրավախախտումը» եղել է այն, որ ինքը հրաժարվել է ոստիկանության աշխատակիցներին հանձնել իր ձեռքին եղած դրոշը, երբ վերջիններս սկսել են ցրել հանրահավաքը: Ի պաշտպանություն իր փաստարկների դիմումատուն մատնացույց է անում այն փաստը, որ ներպետական դատարանը իր որոշման մեջ նշել է, որ նա իր խնամքի տակ ոչ ոք չունի, չնայած այն փաստին, որ նա ունի երեք երեխա:

 

(բ) Դատարանի գնահատականը

 

97. Դատարանը նշում է, որ կողմերի միջև չկար վեճ այն հարցի շուրջ, որ տեղի է ունեցել դիմումատուի` խաղաղ հավաքների ազատության սահմանափակում: Այն համարում է, որ դիմումատուին 2003 թ. ապրիլի 9-ին պատասխանատվության ենթարկելը անկասկած հանդիսանում է խաղաղ հավաքների նրա իրավունքի սահմանափակում: Ավելին, Դատարանը նշում է, որ դիմումատուն պատասխանատվության է ենթարկվել ՎԻՎՕ-ի նույն հոդվածով, ինչ որ 2003 թ. ապրիլի 7-ին: Հետևաբար սահմանափակումը նախատեսված է եղել օրենքով (տե՛ս վերը` պարբ. 82): Դատարանն այնուհետև գտնում է, որ սահմանափակումը հետապնդել է «անկարգությունների կանխման» և «այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության» իրավաչափ նպատակ:

98. Ինչ վերաբերում է սահմանափակման անհրաժեշտությանը, ապա Դատարանը ևս մեկ անգամ հիշեցնում է իր նախադեպային իրավունքն այն առումով, որ անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել այնպիսի հանրահավաքին մասնակցելու համար, որը չի արգելվել, քանի դեռ այդ անձն ինքնին որևէ պատժելի արարք չի կատարել այդ դեպքում (տե՛ս Էզելինի գործը (Ezelin), մեջբերված վերը, էջ 23, պարբ. 53): Սրանից հետևում է, որ նման գործողություններ` ներառյալ բռնություն և անհարիր արարքներ կատարելու համար սանկցիա կիրառելը կարող է համարվել արդարացված սահմանափակում: Որոշակի սահմանափակման արդարացված լինելու հարցը գնահատելիս Դատարանը պետք է հավաստիանա, որ այն պայմանավորված է եղել սոցիալական խիստ անհրաժեշտությամբ և որ ներպետական իշխանությունների կողմից ներկայացված պատճառները պատշաճ և բավարար են:

99. Սույն գործում Դատարանը նշում է, որ դիմումատուն մեղավոր է ճանաչվել որոշակի գործողություններ կատարելու համար, որոնք կարող են համարվել դատապարտելի: Այնուհանդերձ, ողջամիտ է շեշտել դիմումատուին պատասխանատվության ենթարկելիս ներպետական դատարանի կողմից արված եզրահանգումների սակավաթիվ լինելու փաստը: Դրանք փաստացի հանգում էին հետևյալ ձևակերպմանը. «[դիմումատուն], բարձրաձայն աղմկելով և հարվածելով անցորդներին, խոչընդոտել է փողոցային երթևեկությունը և խախտել հասարակական կարգը»: Այս մեղադրանքների այլ մանրամասներ չեն ներկայացվել, մասնավորապես, այնպիսիք, ինչպիսիք կարող էին լինել կոնկրետ անհարիր գործողությունները, ում էին դրանք հասցեագրված և ինչպիսի հանգամանքներում, դիմումատուի կողմից ենթադրյալ բռնություն կիրառելու եղանակը և արդյոք որևէ մեկը վնասվել է: Որևէ տուժողից կամ վկայից, բացառությամբ ձերբակալությունն իրականացրած ոստիկաններից, որևէ ապացույց չի վերցվել, և այդ եզրահանգումները կատարվել են ոչ ավելի, քան հինգ րոպե տևած դատավարությունից հետո: Դատարանն այնուհետև նշում է, որ դիմումատուի վարչական գործի նյութերը չեն պարունակում նաև այլ փաստական մանրամասներ: Նրա դեմ ներկայացված մեղադրանքում պարզապես նշվում է, որ «բարձրաձայն աղմկել է մի խումբ անձանց հետ, և հարվածել և վիրավորել պատահական անցորդների», և նույնիսկ ոստիկանության զեկուցագիրը չի պարունակում որևէ էական մանրամասն դիմումատուի ենթադրյալ պատժելի վարքագծի վերաբերյալ: Չնայած սրան, այդ նյութերը դիմումատուին պատասխանատվության ենթարկելիս հիմք են ընդունվել ներպետական դատարանի կողմից, մինչդեռ ի պաշտպանություն իրեն դատարանում իր կողմից արված հայտարարությունները դատարանի որոշման մեջ որևէ արտացոլում չեն ստացել: Նկատի ունենալով վերոնշյալը` Դատարանը հանգում է այն եզրակացության, որ ներպետական դատարանը չի իրականացնել 2003 թ. ապրիլի 9-ի հանրահավաքի ժամանակ դիմումատուի վարքագծին առնչվող հանգամանքների, ներառյալ նրա կողմից ենթադրաբար կիրառված բռնության կամ հակաիրավական գործողությունների բազմակողմանի և օբյեկտիվ գնահատում:

100. Ինչ վերաբերում է «փողոցային երթևեկությանը խոչընդոտելուն», որի մեջ դիմումատուն նույնպես ճանաչվել էր մեղավոր, ապա Դատարանը նշում է, որ չկա որևէ ապացույց, ցույց կտա, որ այն անցել է ցանկացած խաղաղ հանրահավաքին ներհատուկ և Կոնվենցիայի 11-րդ հոդվածով թույլատրելի հասարակական կյանքի բնականոն ընթացքը խանգարելու աստիճանը, եթե այդ հոդվածով երաշխավորված խաղաղ հավաքների ազատությունը չի զրկվում իր ողջ էությունից (տե՛ս, mutatis mutandis, Օյա Ատամանի գործը (Oya Ataman) մեջբերված վերը, պարբ. 38-42):

101. Վերոնշյալի լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ ներպետական դատարանի կողմից վկայակոչված պատճառները բավարար չեն դիմումատուի` խաղաղ հավաքների ազատության սահմանափակումն արդարացնելու համար, հատկապես այնպիսի խիստ պատժի տեսքով, ինչպիսին է կալանավորումը հինգ օր ժամկետով: Դատարանը նշում է, որ այս պատիժը նշանակելիս ներպետական դատարանը որպես ծանրացնող հանգամանք հաշվի է առել դիմումատուի կրկնվող վարքագիծը ավելի վաղ` 2003 թ. ապրիլի 7-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, որը նա բնորոշել էր որպես «հակասոցիալական»: Այնուամենայնիվ, որևէ բան ցույց չի տալիս, որ դիմումատուի վարքագիծը ներառել է որևէ պատժելի տարր 11-րդ հոդվածի իմաստով (տե՛ս վերը` պարբ. 93):

102. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:

 

V. ԹԻՎ 7-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

103. Դիմումատուն բողոքել է, որ նա իրավունք չի ունեցել վիճարկել 2003 թ. ապրիլի 9-ի որոշումը: Նույն հարցը ex officio բարձրացվել էր նաև 2003 թ. ապրիլի 7-ի որոշման կապակցությամբ: Դատարանն անհրաժեշտ է համարում այս հարցերը քննարկել Թիվ 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածի ներքո, որը սահմանում է հետևյալը.

 

«1. Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ դրա իրականացման հիմքերը, կարգավորվում է օրենքով:

2. Այդ իրավունքից կարող են բացառություններ արվել օրենքով սահմանված աննշան հանցագործությունների առնչությամբ...»:

 

Ա. Ընդունելիություն

 

104. Դատարանը վերհիշում է, որ երբ իրավախախտումը համարվում է քրեաիրավական բնույթ ունեցող` ընդգրկելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված բոլոր երաշխիքները, ապա այն արդյունքում ընդգրկում է նաև Թիվ 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված երաշխիքները (տե՛ս Գուրեպկան ընդդեմ ՈՒկրաինայի (Gurepka v. Ukraine), թիվ 61406/00, պարբ. 55, 6-ը սեպտեմբեր 2005 թ. և Գալստյանի գործը (Galstyan), մեջբերված վերը, պարբ. 120): Սույն գործում Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելի է համարվել երկու դատաքննությունների նկատմամբ էլ (տե՛ս վերը` պարբ. 51): Արդյունքում Թիվ 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածը նույնպես կիրառելի է սույն գործում:

105. Դատարանն այնուհետև նշում է, որ գանգատի այս մասը ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով: Այն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ նաև ցանկացած այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Գանգատի ըստ էության քննությունը

 

106. Կառավարությունը վերահաստատել է իր փաստարկները, որոնք ներկայացվել էին նախնական առարկություններում և պնդել, որ դիմումատուն ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածի համաձայն ունեցել է իր նկատմամբ կայացված որոշումը վերանայելու իրավունք:

107. Դիմումատուն նույնպես կրկնել է իր փաստարկները, որոնք ներկայացվել էին ի պատասխան Կառավարության նախնական առարկությունների և պնդել, որ 2003 թ. ապրիլի 7-ի և 9-ի որոշումները կարող էին բողոքարկվել միայն դատախազի կողմից:

108. Դատարանը նշում է, որ նույնական գանգատ քննվել է նաև վերոնշյալ Գալստյանի գործում: Այդ գործում Դատարանը նախ գտավ, որ այն իրավախախտումը, որի կատարման մեջ մեղադրվում էր դիմումատուն «աննշան հանցագործություն» չէ Թիվ 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, քանի որ ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածը որպես առավելագույն պատիժ դրա համար նախատեսում է մինչև 15 օր ժամկետով կալանք: Դատարանն այնուհետև եզրակացրեց, որ դիմումատուն իր տրամադրության տակ չի ունեցել բողոքարկման այնպիսի ընթացակարգ, որը կբավարարեր Թիվ 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածի պահանջները (Գալստյանի գործը (Galstyan), մեջբերված վերը, պարբ. 124-127):

109. Սույն գործում, ինչպես արդեն նշվել է վերը, դիմումատուն երկու դեպքում էլ մեղադրվել է նույն իրավախախտման համար և նույն ընթացակարգով, ինչ որ Գալստյանի գործում: Դատարանը հետևաբար որևէ պատճառ չի տեսնում այդ գործում իր կողմից արված եզրահանգումներից շեղվելու համար:

110. Հետևաբար 2003 թ. ապրիլի 7-ի և 9-ի որոշումների կապակցությամբ տեղի է ունեցել այս դրույթի խախտում:

 

VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

111. Դիմումատուն վերջապես բողոքում է, որ իր երկու ձերբակալություններն էլ ոստիկանության աշխատակիցների կողմից ուղեկցվել են ֆիզիկական բռնությամբ: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որը սահմանում է.

 

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

 

Ընդունելիությունը

 

112. Դատարանը նկատում է, որ սույն գործի նյութերում չկա որևէ ապացույց, այդ թվում` բժշկական ապացույց, որը կմատնանշեր, որ դիմումատուն ենթարկվել է 3-րդ հոդվածի պահանջների հետ անհամատեղելի վերաբերմունքի:

113. Հետևաբար, գանգատի այս մասը ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան:

 

VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

114. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.

 

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

115. Դիմումատուն արդարացի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել: Դրան համապատասխան Դատարանը համարում է, որ անհրաժեշտություն չկա այս կապակցությամբ դիմումատուին տրամադրել որևէ գումար:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ, ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

 

1. Ընդունելի է հայտարարում գանգատները` կապված անաչառ դատարանի կողմից արդար և հրապարակային դատաքննության բացակայության, պաշտպանության իրավունքների խախտման, արտահայտվելու ազատության իրավունքի և խաղաղ հավաքների ազատության սահմանափակման և վարչական տույժեր սահմանող որոշումները բողոքարկելու հնարավորության բացակայության հետ` համապատասխան Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի (բ) ու (գ) կետերի և 10-րդ ու 11-րդ հոդվածների և Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի, և անընդունելի` գանգատի մնացած մասերը,

 

2. Վճռում է, որ տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի (բ) կետի զուգակցմամբ այն առնչությամբ, որ դիմումատուն չի ունեցել արդար դատաքննություն, մասնավորապես այն փաստի առումով, որ նրան չեն տրամադրվել բավարար ժամանակ և միջոցներ 2003 թ. ապրիլի 7-ի և 9-ի դատաքննությունների ժամանակ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

 

3. Վճռում է, որ անհրաժեշտություն չկա քննելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո ներկայացված մյուս գանգատները,

 

4. Վճռում է, որ անհրաժեշտություն չկա քննելու Կոնվենցիայի 10-րդ հոդվածի ներքո ներկայացված գանգատը,

 

5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում դիմումատուի` խաղաղ հավաքների ազատության առնչությամբ` 2003 թ. ապրիլի 7-ի և 9-ի հանրահավաքների հետ կապված,

 

6. Վճռում է, որ տեղի է ունեցել Թիվ 7 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում 2003 թ. ապրիլի 7-ի և 9-ի երկու որոշումների կապակցությամբ:

 

Կատարված է անգլերեն, գրավոր ծանուցվել է 17 հուլիսի 2008 թ.` համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի:

 

    Stanley Naismith                                 Josep Casadevall

    Քարտուղարի տեղակալ                                    Նախագահ

 

Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ մասի համաձայն Դատավոր Ֆուրա-Սանդստրոմի համընկնող կարծիքը կցվում է սույն վճռին:

 

J.C.M.

S.H.N

 

ԴԱՏԱՎՈՐ ՖՈՒՐԱ-ՍԱՆԴՍՏՐՈՄԻ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ

 

Դատարանը գտավ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում 6-րդ հոդվածի 1-ին մասի զուգակցմամբ` 2003 թ. ապրիլի 7-ի և 9-ի երկու դատաքննությունների կապակցությամբ, քանի որ դիմումատուն չի ունեցել արդար դատաքննություն, մասնավորապես, իր պաշտպանությունը նախապատրաստելու համար իրեն բավարար ժամանակ և միջոցներ չտրամադրելու առնչությամբ (պարբ. 66): Ընդունելով այս մոտեցումը` ես միաժամանակ կգերադասեի իրավաբանական օգնության բացակայության վերաբերյալ գանգատը քննել առանձին: Դիմումատուին ենթադրաբար չեն հարցրել, թե նա ցանկանում է արդյոք փաստաբան ունենալ (պարբ. 62): Նույն պատճառներով, որոնք արտահայտվել են Գալստյանն ընդդեմ Հայաստանի գործում իմ մասնակի չհամընկնող կարծիքում, որը ես վկայակոչում եմ, ես գտնում եմ, որ այս առումով տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում` 6-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետի զուգակցմամբ:

 

 

pin
Եվրոպական դատարան
17.07.2008
N 33268/03
Վճիռ