EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS
COUR EUROPE՛ENNE DES DROITS DE L'HOMME
ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱՍԱՏՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 24173/06)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
9 փետրվար 2010
ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ
09/05/2010
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Ասատրյանն ընդդեմ Հայաստանի գործում,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ Բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով`
Josep Casadevall, Նախագահ,
Elisabet Fura,
Bostjan M. Zupancic,
Alvina Gyulumyan,
Ineta Ziemele,
Luis Lo՛pez Guerra,
Ann Power, դատավորներ,
և Santiago Quesada, Բաժանմունքի Քարտուղար,
2010 թ. հունվարի 19-ին կայացած դռնփակ նիստում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկիզբ է առել 2006 թ. մայիսի 22-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի քաղաքացի տկն Սիլվա Ասատրյանի (»դիմումատու») կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված թիվ 24173/06 գանգատի հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացնում էր Երևանում գործող փաստաբան պրն Կ. Մեժլումյանը: ՀՀ կառավարությունը («Կառավարություն») ներկայացնում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. 2007 թ. դեկտեմբերի 6-ին Երրորդ Բաժանմունքի Նախագահը որոշեց գանգատն ուղարկել Կառավարությանը: Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Դատարանը որոշեց նաև իրականացնել գործի ընդունելիության և ըստ էության միաժամանակյա քննություն:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
4. Դիմումատուն ծնվել է 1960 թ. և ապրում է Երևան քաղաքում:
5. 2005 թ. սեպտեմբերի 23-ին ժամը 17-ն անց 50-ին, դիմումատուն ձերբակալվեց սպանության փորձ կատարելու կասկածանքով:
6. 2005 թ. սեպտեմբերի 26-ին դիմումատուին պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց:
7. Նույն օրը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի համապատասխան միջնորդությունը և թույլատրեց դիմումատուի նկատմամբ կիրառել կալանավորում` երկու ամիս ժամկետով, որի սկիզբը պետք է հաշվվեր 2005 թ. սեպտեմբերի 23-ից:
8. 2005 թ. նոյեմբերի 14-ին քննիչը միջնորդություն հարուցեց առաջին ատյանի դատարան` խնդրելով երկարացնել դիմումատուի կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով:
9. 2005 թ. նոյեմբերի 22-ին առաջին ատյանի դատարանը քննեց այս միջնորդությունը և որոշեց մերժել այն: Որոշումը ենթակա էր բողոքարկման:
10. 2005 թ. նոյեմբերի 23-ին ժամը 11-ի սահմաններում դիմումատուի փաստաբանն այս որոշման պատճենը ներկայացրեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետին, որտեղ պահվում էր դիմումատուն:
11. Նույն օրը դատախազը բողոքարկեց վերոնշյալ որոշումը:
12. Նույն օրն ավելի ուշ` ժամը 17-ն անց 30-ին, ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը սկսեց դատախազի ներկայացրած բողոքի քննությունը: Դատական նիստ դիմումատուին ուղեկցում էին ազգային անվտանգության մարմինների չորս աշխատակիցներ ծառայողական ավտոմեքենայով:
13. Դիմումատուի փաստաբանը ներկայացավ նիստին ժամը 17-ն անց 45-ին և խնդրեց տրամադրել տասը րոպե տևողությամբ ընդմիջում դիմումատուի հետ խորհրդակցելու համար: Կառավարությունը նշեց, որ փաստաբանը կանխամտածված ուշացել է նիստից, մինչդեռ դիմումատուն պնդեց, որ իր փաստաբանն այդ նիստի մասին տեղեկացվել է հեռախոսով միայն ժամը 17-ն անց 30-ին:
14. Ժամը 17-ն անց 50-ին լրացավ 2005 թ. սեպտեմբերի 26-ի որոշմամբ սահմանված դիմումատուի կալանքի ժամկետը:
15. Ընդմիջումից հետո փաստաբանը բացարկ հայտնեց դատարանի կազմին: Նախևառաջ, նա պնդեց, որ դատարանը դիմումատուին բավարար ժամանակ չի տրամադրել իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, ինչպես նաև չի ապահովել կողմերի մրցակցային սկզբունքը: Այնուհետև, դատարանի շենքում գտնվող ազգային անվտանգության չորս աշխատակիցներն արգելեցին փաստացի ազատության մեջ գտնվող դիմումատուին դուրս գալ շենքից: Այսպիսով, այն փաստը, որ այս ամենը տեղի էր ունենում Վերաքննիչ դատարանի շենքում, ենթադրում էր, որ դատավարության ելքը կանխորոշված էր:
16. Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ բացարկը քննելու համար, որից հետո վերադարձավ և հայտարարեց այն մերժելու մասին իր որոշումը:
17. Այնուհետև, դատարանը պաշտպանության կողմի համար հայտարարեց քսան րոպե տևողությամբ ընդմիջում` դատախազի բողոքին և գործի նյութերին ծանոթանալու համար: Ընդմիջման ընթացքում շտապ օգնության կանչ արվեց դիմումատուի ինքնազգացողության վատթարացման պատճառով: Նրա արյան ճնշումը բարձրացավ մինչև 180/100, սակայն ներարկում չէր կարելի անել, քանի որ դիմումատուն ալերգիկ էր, ուստի բժիշկը խորհուրդ տվեց հետաձգել նիստը:
18. Նիստը վերսկսվեց ժամը 20-ն անց 03-ին: Դիմումատուի փաստաբանը խնդրեց հետաձգել նիստը` հաշվի առնելով դիմումատուի առողջական վիճակի վատթարացումը, ինչպես նաև իր կողմից դատախազի բողոքի հետ համապատասխան պայմաններում ծանոթանալու հանգամանքը: Դատարանը բավարարեց այս խնդրանքը և հետաձգեց նիստը մինչև 2005 թ. նոյեմբերի 24-ը ժամը 13-ը:
19. Դատական նիստն ավարտվեց 20-ն անց 30-ի սահմաններում:
20. Դիմումատուն պնդեց և Կառավարությունը չառարկեց, որ դատական նիստի ողջ ընթացքում դիմումատուին հսկել են ազգային անվտանգության չորս աշխատակիցները և չեն թույլատրել ազատ տեղաշարժվել, ընդմիջումների ընթացքում լքել նիստերի դահլիճը կամ գնալ տուն: Դատական նիստի ավարտից հետո նշված աշխատակիցները նրան հարկադրաբար տարել և նստեցրել են նույն մեքենայի մեջ և տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս ամենը կատարվել է այն բանից հետո, երբ աշխատակիցներից մեկը խորհրդակցական սենյակում նախագահող դատավորի հետ անհատական խորհրդատվություն է ունեցել և նրանից ցուցումներ է ստացել:
21. 2005 թ. նոյեմբերի 24-ին ժամը 13-ին Վերաքննիչ դատարանը վերսկսեց դատախազի բողոքի քննությունը: Դիմումատուն ներկա չէր նիստին:
22. Դիմումատուի փաստաբանը կրկին վիճարկեց դատարանի կազմի անաչառությունը` պնդելով, որ դատարանը դրսևորել է կողմնակալ վերաբերմունք: Մասնավորապես, մինչև դիմումատուի կալանքի ժամկետի լրանալը դատարանն անհապաղ նիստ նշանակեց դատախազի բողոքը քննելու համար: Այնուհետև, դատարանը ազատ չարձակեց դիմումատուին` չնայած այն հանգամանքին, որ նրա կալանքի ժամկետը չէր երկարացվել: Վերջապես, նիստի ավարտից հետո նախագահող դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղ խորհրդակցություն ունեցավ ազգային անվտանգության աշխատակցի հետ, որի արդյունքում որոշվեց դիմումատուին կալանքի տակ պահել: Այնուհետև, նրան տեղափոխեցին ազգային անվտանգության մեկուսարան: Փաստաբանները պնդեցին, որ վերոնշյալը ցույց է տալիս, որ Վերաքննիչ դատարանն անաչառ չի եղել:
23. Դատարանը քննեց բացարկը և որոշեց մերժել այն:
24. Այնուհետև դիմումատուի փաստաբաններից մեկը հայտարարություն արեց` նշելով, որ 2005 թ. նոյեմբերի 23-ի նիստից հետո ազգային անվտանգության աշխատակիցները դիմումատուին տարել են անորոշ ուղղությամբ` չնայած այն հանգամանքին, որ համաձայն օրենքի նա արդեն ազատ էր: Փաստաբանները հրաժարվեցին մասնակցել նիստին այդպիսի հանգամանքներում և լքեցին նիստերի դահլիճը:
25. Վերաքննիչ դատարանը քննեց դատախազի բողոքը նրանց բացակայությամբ և որոշեց բեկանել առաջին ատյանի դատարանի 2005 թ. նոյեմբերի 22-ի որոշումը և երկարացնել դիմումատուի կալանքի ժամկետը ևս երկու ամիս ժամանակով:
26. 2005 թ. նոյեմբերի 28-ին դիմումատուի փաստաբաններից մեկը նամակով դիմեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետին, նշելով.
«... Դուք ..., որպես [դիմումատուին] կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի ղեկավար, 23.11.05 թ-ին ժամը 17.45-ին ոչ միայն ազատ չեք արձակել նրան, այլև չորս աշխատակիցների հսկողության ներքո 150 ՏՏ 02 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայով ուղարկել եք դատարան, [դատական նիստի] ողջ ընթացքում, մինչև [նույն օրը] ժամը 20.30 Ձեր աշխատակիցների միջոցով հսկողություն եք իրականացրել [նրա] նկատմամբ` նրան արգելելով ազատ տեղաշարժվել. նույն աշխատակիցների միջոցով 20.30-ից 20.45-ի սահմաններում Ս. Ասատրյանի և նրա պաշտպան Կ. Մեժլումյանի կամքին հակառակ Ս. Ասատրյանին հարկադրաբար (թևերից բռնած, հրելով) նստեցրել եք վերը նշված ավտոմեքենան և տեղափոխել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ու նրան ընդունել եք, մեր տեղեկություններով առանց համապատասխան դատական որոշման: Այդ ընթացքում (ժամը 21.00-ից 23-ի սահմաններում), ի դեպ, պաշտպանական կողմը բազմիցս զանգահարել է Ձեզ և Դուք հայտարարել եք, որ [դիմումատուին] կպահեք մինչև հաջորդ օրվա 13.00-ին նշանակված դատական քննության ավարտը...»:
27. 2005 թ. դեկտեմբերի 5-ին դիմումատուի փաստաբանները բողոքարկեցին Վերաքննիչ դատարանի որոշումը նյութական իրավունքի խախտման հիմքով: Իրենց բողոքում նրանք կրկին բողոքեցին այն փաստի դեմ, որ 2005 թ. նոյեմբերի 23-ին դիմումատուն ազատ չէր արձակվել:
28. 2005 թ. դեկտեմբերի 8-ին դիմումատուի փաստաբանները նույնաբովանդակ հայտարարությամբ դիմեցին Գլխավոր դատախազին:
29. 2005 թ. դեկտեմբերի 9-ի նամակով ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրեց բողոքը, քանի որ սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ վճռաբեկ դատարանն այլևս իրավասու չէր այն քննելու:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք (ՔԴՕ)
30. ՔԴՕ համապատասխան դրույթները սահմանում են հետևյալը.
Հոդված 11. Անձի անձեռնմխելիությունը
«5. Դատարանը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը և դատախազը պարտավոր են անհապաղ ազատ արձակել անազատության մեջ ապօրինի պահվող յուրաքանչյուր անձի: Կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի ղեկավարն իրավունք չունի կալանքը կրելու համար անձին ընդունել առանց համապատասխան դատական որոշման և պարտավոր է անհապաղ ազատ արձակել կալանքի տակ պահելու ժամկետը լրացած յուրաքանչյուր անձի:»
Հոդված 136. Խափանման միջոց կիրառելու կարգը
«2. Կալանավորումը ... կիրառվում են միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ` դատարանում քրեական գործը քննելիս...»
Հոդված 137. Կալանավորումը
«5. Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան»:
Հոդված 138. Կալանքի տակ պահելու ժամկետը
«1. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է ձերբակալելիս անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից...
...
3. Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի...
4. Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը դատարանի կողմից, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, կարող է երկարացվել մինչև 1 տարի:»
Հոդված 139. Կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը
«1. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն: Դատարանը, համաձայնվելով կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությանը, ոչ ուշ, քան դատարանի կալանքի տակ պահելու որոշած ժամկետը լրանալուց 5 օր առաջ, համապատասխան որոշում է կայացնում:
...
3. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացնելիս դատարանը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում է սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում` յուրաքանչյուր դեպքում 2 ամսից ոչ ավելի ժամանակով:»
Հոդված 141. Կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի
պարտականությունները
«Կալանքի տակ պահելու վայրի վարչակազմը պարտավոր է` ... (10) անհապաղ ազատ արձակել առանց դատարանի համապատասխան որոշման կալանքի տակ պահվող, ինչպես նաև դատարանի որոշմամբ կալանքի տակ պահելու սահմանված ժամկետը լրացած անձանց:»
Հոդված 142. Մեղադրյալին կալանքից ազատելը
«1. Մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող համապատասխան մարմնի որոշման հիման վրա կալանքից ենթակա է ազատման, եթե` ... (4) լրացել և չի երկարացվել կալանավորման մասին որոշում կայացնելիս կալանքի տակ պահելու` դատարանի կողմից սահմանված ժամկետը...
...
3. ... Սույն հոդվածի առաջին մասի [4-րդ կետով] նախատեսված դեպքերում... մեղադրյալին անմիջապես ազատում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը:»
Հոդված 150. Խափանման միջոցների բողոքարկումը
«2. Խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:»
Բ. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք
31. Օրենքին համապատասխան դրույթները սահմանում են հետևյալը.
Հոդված 13. Ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքները
««Ձերբակալված կամ կալանավորված անձն իրավունք ունի` ... դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմել ... դատարանին»:
Հոդված 18. Ձերբակալված և կալանավորված անձանց առաջարկությունները,
դիմումները, բողոքներն ու դրանց քննարկելու կարգը
«... [Դ]ատավորին ... հասցեագրված ... բողոքները կնքված փաթեթով մեկ օրվա ընթացքում ուղարկվում են [նրան]»:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
32. Դիմումատուն բողոքեց, որ իր կալանավորումը 2005 թ. նոյեմբերի 23-ին ժամը 17-ն անց 50-ից մինչև այն պահն ընկած ժամանակահատվածը, երբ 2005 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը որոշեց երկարացնել կալանավորման ժամկետը, անօրինական է: Նա վկայակոչեց Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (գ) կետը և 4-րդ մասը, որոնք համապատասխանաբար սահմանում են.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
...
(գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար;
...
4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:
Ա. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (գ) կետը
1. Կողմերի պնդումները
33. Կառավարությունն ընդունեց, որ դիմումատուն իսկապես ազատությունից զրկված է եղել 2005 թ. նոյեմբերի 23-ին ժամը 17-ն անց 50-ից մինչև այն պահն ընկած ժամանակահատվածը, երբ հաջորդ օրը ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը որոշեց երկարացնել նրա կալանքի ժամկետը: Կառավարությունն, այնուամենայնիվ, պնդեց, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Մասնավորապես, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պատասխանատու էր դիմումատուի շարունակական ապօրինի կալանքի համար` որևէ քայլ չձեռնարկելով նրան ազատ արձակելու համար, չնայած այն փաստին, որ ստացել էր առաջին ատյանի դատարանի` 2005 թ. նոյեմբերի 22-ի որոշումը: Դիմումատուն, այնուամենայնիվ, չի բողոքարկել վարչակազմի անգործությունը ներպետական ատյաններում:
34. Կառավարությունն այնուհետև պնդեց, որ 2005 թ. նոյեմբերի 23-ին Վերաքննիչ դատարանը արեց ամեն հնարավորը դատախազի բողոքը քննելու և այդ խնդիրը լուծելու համար: Նույնը չի կարելի ասել դիմումատուի և նրա փաստաբանի մասին, ովքեր արեցին ամեն հնարավորը դատախազի բողոքի քննությանը խոչընդոտելու համար: Մասնավորապես, փաստաբանը նիստին ուշ ներկայացավ և մի քանի անգամ պահանջեց ընդմիջում հայտարարել, որը բավարարվեց դատարանի կողմից: Դատարանը չկարողացավ ավարտել դատախազի բողոքի քննությունը և ստիպված եղավ հետաձգել նիստը` հաշվի առնելով դիմումատուի առողջական վիճակը: Այսպիսով, 2005 թ. նոյեմբերի 23-ին որոշման կայացման ուշացման և նիստի վերջնական հետաձգման հիմնական պատճառներն էին դիմումատուի փաստաբանի վարքագիծը և դիմումատուի առողջական վիճակի վատթարացումը: Այսպիսի հանգամանքներում, Giulia Manzoni v. Italy (1997 թ. հուլիսի 1, § 25, Վճիռների և որոշումների Ժողովածու 1997-IV) գործում ընդունված մոտեցումը կիրառելի է նաև սույն գործում:
35. Դիմումատուն պնդեց, որ դատարանի կողմից իր նկատմամբ կիրառած կալանքը, որի ժամկետը չի երկարացվել, սպառվել էր 2005 թ. նոյեմբերի 23-ին ժամը 17-ն անց 50-ին և օրենքը պահանջում էր, որ նա ազատ արձակվի ոչ ուշ, քան նույն օրը ժամը 17-ն անց 51-ը: Դատարանը ստացավ դատախազի բողոքը այդ օրը կեսօրին և նշանակեց նիստ, որը պետք է կայանար նույն օրը, ինչի վերաբերյալ ժամը 17-ն անց 30-ին փաստաբանները հեռախոսով տեղեկացվեցին: Այնուամենայնիվ, երբ սպառվեց նրա կալանքի ժամկետը, դատարանը նրան ազատ չարձակեց և ազգային անվտանգության աշխատակիցների օգնությամբ նա պահվեց դատական նիստերի դահլիճում: Նրան նույնիսկ չթույլատրեցին լքել դատական նիստերի դահլիճը ընդմիջումների ընթացքում` չնայած պաշտոնապես ազատության մեջ գտնվելուն: Այնուհետև, նախագահող դատավորի հետ խորհրդակցելուց հետո և նրա ցուցումներով ազգային անվտանգության չորս աշխատակիցները հարկադրաբար դիմումատուին հետ տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ, որտեղ վերջինս պահվեց մինչև հաջորդ օրը, երբ Վերաքննիչ դատարանը որոշեց երկարացնել նրա կալանքի ժամկետը:
36. Դիմումատուն նաև պնդեց, որ սպառել է իրավական պաշտպանության բոլոր մատչելի ներպետական միջոցները: Մասնավորապես, հաշվի առնելով, որ կալանքի ժամկետը լրանալու պահին նա գտնվում էր Վերաքննիչ դատարանում, որը` չնայած ՔԴՕ-ի 11 հոդվածի 5-րդ մասի պահանջների նրան ազատ չէր արձակել, որի հետևանքով բացարկ էր հայտարարվել դատարանի կազմին: Բացի այդ, նա բողոք էր բերել Վերաքննիչ դատարանի 2005 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ նյութական իրավունքի հիման վրա, որտեղ նա նաև բարձրացրել էր այդ հարցը: Ավելին, Կառավարության կողմից դիմումատուին ազատ չարձակելու մեջ միայն քրեակատարողական հիմնարկի վարչակազմին մեղադրելն անհիմն էր, քանի որ նա գտնվում էր դատարանում, երբ նրա կալանքի ժամկետը լրացել էր, և դատարանի պարտականություններն էր նրան ազատ արձակելը: Այսպես, դիմումատուի շարունակական անօրինական կալանքը դատարանի, ազգային անվտանգության աշխատակիցների և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ընդհանուր պարտավորությունն էր:
2. Դատարանի գնահատականը
(ա) Ընդունելիությունը
37. Դատարանն առաջին հերթին նշում է, որ դիմումատուն Վերաքննիչ դատարանի 2005 թվականի նոյեմբերի 24-ին հաջորդած իր կալանքի ենթադրյալ անօրինական լինելն առաջին անգամ բողոքարկել է 2008 թվականի նոյեմբերի 11-ին Դատարան ներկայացրած իր առարկություններում: Դրանից հետևում է, որ այս բողոքը բերվել է ժամկետից դուրս և պետք է մերժվի համաձայն Կոնվենցիայի 35 հոդվածի 1-ին և 4-րդ մասերի:
38. Ինչ վերաբերում է 2005 թվականի նոյեմբերի 23-ի ժամը 17-ն անց 50-ի անց և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից կալանքը երկարացնելու վերաբերյալ որոշման միջև ընկած կալանքի ժամանակահատվածի ենթադրյալ անօրինական լինելու վերաբերյալ բողոքին, Դատարանը գտնում է, որ Կառավարության` իրավական պաշտպանության միջոցների չսպառման վերաբերյալ պահանջն ուղղակիորեն առնչվում է սույն գանգատի առարկային և, հետևաբար, պետք է միացվի դրա ըստ էության քննությանը:
39. Դատարանը նշում է, որ այս գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է ճանաչվի ընդունելի:
(բ) Ըստ էության քննությունը
40. Դատարանը կրկնում է, որ ցանկացած կալանքը պետք է լինի օրինական: «Օրենքով սահմանված կարգով» արտահայտությունը հիմնականում վերաբերում է ներպետական օրենսդրությանը և սահմանում է պարտականություն` համապատասխանել դրա նյութական և ընթացակարգային դրույթներին, ինչպես նաև ենթադրում է, որ անձին ազատությունից զրկող ցանկացած միջոց պետք է համատեղելի լինի 5-րդ հոդվածի` անձին կամայականություններից պաշտպանելու նպատակի հետ (տե՛ս Winterwerp v. the Netherlands, 1979 թ. հոկտեմբերի 24, § 39, Սերիա Ա թիվ 33, և Lukanov v. Bulgaria, 1997 թ. մարտի 20, § 41, Վճիռների և որոշումների Ժողովածու 1997-II):
41. Դատարանն այնուհետև կրկնում է, որ 5-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված ազատության իրավունքի բացառությունների ցանկը սպառիչ է, և միայն այդ բացառությունների նեղ մեկնաբանությունն է համատեղելի այդ դրույթի նպատակի հետ (տե՛ս Quinn v. France, 1995 թ. մարտի 22, § 42, Սերիա Ա թիվ 311, վերը վկայակոչված` Giulia Manzoni, § 25, K-F. v. Germany, 1997 թ. նոյեմբերի 27, §§ 70, Վճիռների և որոշումների Ժողովածու 1997-VII, Labita v. Italy [ՄՊ], թիվ 26772/95, § 170, ՄԻԵԴ 2000-IV, և Nikolov v. Bulgaria, թիվ 38884/97, § 80, 2003 թ. հունվարի 30):
42. Դատարանը նախկինում ընդունել է, որ նման հանգամանքներում կարող են լինել որոշ ուշացումներ մինչև կալանավորված անձին ազատ արձակելը: Սակայն, դա վերաբերում է այն դեպքերին, երբ կալանքի ժամկետը լրացել է դատարանի կարգադրության` այլ ոչ թե օրենքով սահմանված պայմանների արդյունքում: Դատական նիստերի ընթացքի և ադմինիստրատիվ ընթացակարգերի գործնական դիտարկումներից պարզ է դառնում, որ դատարանի նման որոշման կատարումը կարող է լինել ժամանակատար, ինչը սակայն պետք է հասցվի նվազագույնի, և ցանկացած դեպքում չգերազանցի մի քանի ժամը (տե՛ս վերը վկայակոչված` Quinn, § 42, վերը վկայակոչված Giulia Manzoni, § 25, վերը վկայակոչված Labita, § 171, և վերը վկայակոչված Nikolov, § 82): Սակայն, երբ առավելագույն կալանքի ժամկետը և ազատ արձակումը կարգավորված են օրենքով, ի տարբերություն դատարանի որոշման, իշխանությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները, որպեսզի երաշխավորեն, որ չգերազանցվի թույլատրված ժամկետը (տե՛ս վերը վկայակոչված K.-F., §§ 72, որտեղ նույնիսկ 45 րոպեով ուշացումը համարվել է 5-րդ հոդվածի 1 (գ) մասի խախտում, քանի որ կալանքի առավելագույն ժամկետը նախապես հայտնի էր և վերջնական):
43. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին` Դատարանը նշում է, որ համաձայն ՔԴՕ-ի 136 հոդվածի 2-րդ մասի` կալանավորումը կարող է կիրառվել միայն դատարանի որոշմամբ: Համաձայն ՔԴՕ 138 հոդվածի` կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից և չի կարող լինել երկու ամսից ավելի, քանի դեռ այն չի երկարացվել դատարանի կողմից: Դիմումատուն արգելանքի տակ էր վերցվել 2005 թ. սեպտեմբերի 23-ի ժամը 17-ն անց 50-ին: Այսպես, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2005 թ. սեպտեմբերի 26-ի որոշմամբ սահմանված նրա կալանքի ժամկետն ուժի մեջ էր մինչև 2005 թ. նոյեմբերի 23-ի ժամը 17-ն անց 50-ը: Նոյեմբերի 22-ին առաջին ատյանի դատարանը մերժեց երկարացնել դիմումատուի կալանքի ժամկետը: Սակայն, դիմումատուն ազատ չի արձակվել կալանքից հաջորդ օրը` ժամը 17-ն անց 50-ին: Փոխարենը` նրա կալանքի ժամկետը լրանալուց 20 րոպե առաջ նա տարվել է դատարան` մասնակցելու դատախազի կողմից 2005 թ. նոյեմբերի 22-ի որոշման դեմ բերված բողոքի քննության նիստին: Ավելին, նիստը մինչև մոտ 20-ն անց 30-ը հետաձգելուց հետո դիմումատուն հետ է տարվել քրեակատարողական հիմնարկ` չնայած այն փաստի, որ ՔԴՕ 141 հոդվածով պահանջվում է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմ անմիջապես ազատ արձակի կալանավորին, երբ լրացել է նրա` դատարանի որոշմամբ սահմանված կալանքի ժամկետը:
44. Դատարանը դիտարկում է, որ Կառավարությունն ընդունել է, որ դիմումատուն անկասկած զրկված է եղել իր ազատությունից 2005 թ. նոյեմբերի 23-ի ժամը 17-ն անց 50-ի և Վերաքննիչ դատարանի կողմից 2005 թ. նոյեմբերի 24-ին առաջին ատյանի դատարանի որոշումը չեղյալ համարելու և նրա կալանքը երկարացնելու միջև ընկած ժամանակահատվածում: Կառավարությունը, սակայն, պահանջել է, որ կիրառվի վերը վկայակոչված Giulia Manzoni գործով ընդունված մոտեցումը: Դատարանը համաձայն չէ Կառավարության պահանջի հետ: Մասնավորապես, կան նաև այլ համանման գործեր, որոնք վերաբերում են այն իրավիճակին, երբ դատարանը կարգադրել է ազատ արձակել դիմումատուին, բայց այդ որոշումն իրականացնելու համար իշխանություններին անհրաժեշտ էր որոշ ժամանակ` բոլոր համապատասխան ադմինիստրատիվ ընթացակարգերը կատարելու համար: Սույն գործում, սակայն, առաջին ատյանի դատարանն իր 2005 թ. նոյեմբերի 22-ի որոշմամբ չի կարգադրել ազատ արձակել դիմումատուին, այլ պարզապես մերժել է երկարացնել նրա կալանքը: Այսպես, դիմումատուի սահմանված կալանքի ժամկետը շարունակվեց և պետք է լրանար հաջորդ օրը, որի վերաբերյալ իշխանությունները տեղյակ էին և պարտավոր էին այն իրականացնել` քանի դեռ առաջին ատյանի դատարանի որոշումը չեղյալ չէր հայտարարվել: Այս իմաստով սույն գործն ավելի համանման է վերը վկայակոչված K.-F. գործին, քան Կառավարության կողմից մատնանշված գործին: Սակայն, սույն գործը պետք է տարբերել նույնիսկ նշված գործից` հետևյալ հիմնավորմամբ:
45. Կառավարությունը բերել է այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանում դիմումատուի գործի ուշացած քննությունը փաստաբանների գործողությունների հետևանք էր, մինչդեռ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո` դիմումատուն ինքը չի բողոքարկել վարչակազմի անգործությունը: Դատարանի համար, սակայն, համոզիչ չեն այդ փաստարկները: Դատարանը կրկնում է, որ Պայմանավորվող կողմերը պետք է այնպես ձևավորեն իրենց իրավական համակարգը, որ իրավապահ մարմինները կարողանան կատարել իրենց պարտականությունը, այն է` խուսափել ազատությունից չարդարացված ձևով զրկելուց (տե՛ս Shukhardin v. Russia, թիվ 65734/01, § 93, 2007 թ. հունիսի 28, և Matyush v. Russia, թիվ 14850/03, § 73, 2008 թ. դեկտեմբերի 9): Դատարանը նշում է, որ ՔԴՕ 139 հոդվածով պահանջվում է, որ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվի դատարան և քննության առնվի վերջինիս կողմից ոչ ուշ, քան կալանքի ժամկետը լրանալուց համապատասխանաբար` տասը և հինգ օր առաջ: Սակայն, քննիչը և առաջին ատյանի դատարանը չեն պահպանել ժամկետները` դրանով իսկ առաջացրել են դիմումատուի կալանքի երկարացման հարցի քննության անտեղի ուշացումներ (տե՛ս վերը նշված պարբ. 8 և 9): Բացի այդ, դիմումատուն բերվել է Վերաքննիչ դատարան նրա կալանքի ժամկետը լրանալուց միայն 20 րոպե առաջ: Կառավարությունը, սակայն, չի տվել որևէ բացատրություն նշված ուշացումների վերաբերյալ: Նման հանգամանքներում դիմումատուն չի կարող մեղադրվել այն բանում, որ Վերաքննիչ դատարանը թերացել է ավարտել նրա կալանքի ժամկետը երկարացնելու հարցի քննությունը մինչև դրա լրանալը` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ամբողջ դատաքննությունը տևել է 20 րոպեից շատ ավելի երկար, այսինքն` մոտ երեք ժամ, և ավելին` արդյունքում այն հետաձգվել է:
46. Բոլոր դեպքերում, եթե նույնիսկ ընդունենք, որ վերաքննիչ բողոքի դատական քննության սկզբում կարճ ուշացումը կարող է վերագրվել դիմումատուի փաստաբանին` դա չի ազդում այն փաստի վրա, որ դիմումատուի կալանքի ժամկետը լրացել էր նման ուշացումով ծրագրված դատաքննության սկզբից քիչ անց, և օրենքով պահանջվում էր նրան ազատ արձակել: Չնայած դրան` Վերաքննիչ դատարանը շարունակում էր դիմումատուին վերաբերվել ինչպես կալանավորի: Դատարանը նրան ազատ չէր արձակել ոչ միայն ժամը 17-ն անց 50-ին, երբ լրացել էր նրա կալանքի ժամկետը, այլ նաև` դատաքննությունը հետաձգելուց հետո: Ավելին, դիմումատուն պնդել է, և Կառավարությունը չի վիճարկել, որ քրեակատարողական հիմնարկ հետ տեղափոխումը տեղի է ունեցել դատարանի լրիվ իմացությամբ և նույնիսկ` վերջինիս ոչ պաշտոնական կարգադրությամբ: Նման հանգամանքներում, կարելի է ենթադրել, որ իշխանությունները մտադրություն չեն ունեցել ազատ արձակել դիմումատուին մինչև առաջին ատյանի դատարանի 2005 թ. նոյեմբերի 22-ի որոշման դեմ բերված բողոքի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Որևէ քայլ չէր ձեռնարկվել դիմումատուին ազատ արձակելու համար, և դրան ուղղված դիմումատուի փաստաբանների բոլոր փորձերը, պարզապես, արհամարվում էին: Այսպես, սույն գործին չեն վերաբերում որոշակի ուշացումներ, որոնք համապատասխանում են կալանավորի ազատ արձակումը կարգավորող իրավական կանոններին` ինչպես վերը վկայակոչված K.-F. գործով, այլ իշխանությունների` այդ թվում դատարանների կողմից այդ կանոններին չհետևելը:
47. Նման հանգամանքներում կասկածելի է, որ եթե դիմումատուն առանձին բողոք բերեր դատարան` դատաքննությունից հետո քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո վարչակազմի կողմից նրան չազատելու դեմ, ապա դա կարող էր հանգեցնել այլ արդյունքի և ապահովեր նրա ազատ արձակումը: Ավելին, Կառավարությունը չի մատնանշել, թե որ դատավարական ընթացակարգը դիմումատուին կարող էր տրամադրել այնպիսի արդյունավետ և անմիջական իրավական պաշտպանության միջոց, որը կնպաստեր նրա ազատ արձակմանը` ելնելով գործի առանձնահատկություններից: Այս առումով, առաջին հերթին պետք է նշել, որ դիմումատուն հետ է տարվել քրեակատարողական հիմնարկ համեմատաբար ուշ ժամին, և, ամեն դեպքում` սահմանված աշխատանքային ժամից դուրս: Ավելին, քրեակատարողական հիմնարկում նրա ոչ իրավաչափ մնալու ժամկետը համեմատաբար կարճ էր` մոտ 17 ժամ: Այդուհանդերձ, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով նման դեպքերում չի նախատեսվում անհետաձգելիություն և նույնիսկ թույլատրվում է կալանավորի բողոքները մեկ օրվա ընթացքում ուղարկել դատավորին: Դատարանը կրկնում է, որ սպառման ենթակա են միայն այն իրավական պաշտպանության միջոցները, որոնք քննարկվող ժամանակահատվածում տեսականորեն և գործնականում արդյունավետ են և մատչելի, կարող են վերականգնել դիմումատուի խախտված իրավունքները, ինչպես նաև առաջարկում են հաջողության իրատեսական հնարավորություններ (տե՛ս Kalashnikov v. Russia (որոշում), թիվ 47095/99, 2001 սեպտեմբերի 18, և Melnik v. Ukraine, թիվ 72286/01, § 67, 2006 մարտի 28): Հաշվի առնելով վերոնշյալը` Դատարանը գտնում է, որ Կառավարության պահանջն իրավական պաշտպանության միջոցների չսպառման վերաբերյալ պետք է մերժվի:
48. Դատարանը եզրակացնում է, որ 2005 թ. նոյեմբերի 23-ին` ժամը 17-ն անց 50-ի և Վերաքննիչ դատարանի կողմից 2005 թ. նոյեմբերի 24-ին դիմումատուի կալանքը երկարացնելու մասին որոշում կայացնելու միջև ընկած ժամանակահատվածում նա շարունակել է մնալ անազատության մեջ` չնայած այն փաստի, որ չկար նրան նշված ժամանակահատվածում կալանքի ենթարկելու մասին դատարանի որոշում` ինչպես պահանջվում է օրենքով: Դրանից հետևում է, որ դիմումատուին ազատությունից զրկելն այդ ժամանակահատվածում եղել է անօրինական:
49. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1 (գ) մասի խախտում:
Բ. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը
50. Դատարանը նշում է, որ դիմումատուն նույն փաստերի կապակցությամբ նաև վկայակոչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը` պնդելով, որ նրա իրավաչափ կալանքն առաջացնում է նաև այդ դրույքի խախտում:
51. Դատարանը, սակայն, գտնում է, որ սույն գանգատը բխում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1 (գ) մասի ներքո սույն գործում բարձրացված հիմնական հարցերից: Հաշվի առնելով 5-րդ հոդվածի 1 (գ) մասի վերաբերյալ եզրակացությունները` Դատարանը գտնում է, որ սույն գանգատի ընդունելիության և ըստ էության առանձին քննության անհրաժեշտություն չկա:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
52. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
53. Դիմումատուն պահանջել է 5,000 եվրո որպես ոչ նյութական վնասի հատուցում, քանի որ ներպետական իշխանությունների կողմից իրեն կալանքից ազատ չարձակելու արդյունքում կրել է տառապանք ու ապրել հիասթափություն:
54. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց ի հաստատումն իր այն պնդման, որ նա կրել է ոչ նյութական վնաս: Նույնիսկ եթե նա կրել է նման վնաս, ապա խախտման ճանաչումն ինքնին բավարար փոխհատուցում կլինի: Ամեն դեպքում, պահանջված գումարը չափազանցված է:
55. Դատարանը գտնում է, որ անօրինական կալանքի արդյունքում դիմումատուն կրել է ոչ նյութական վնաս: Առաջնորդվելով արդարացիության սկզբունքով` Դատարանը որոշում է դիմումատուին տրամադրել 2,000 եվրո որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Բ. Ծախսեր և ծախքեր
526. Դիմումատուն նաև պահանջել է 6,000 եվրո Դատարանի առջև կրած ծախսերի և ծախքերի հատուցման համար: Այն ներառում է 5,000 եվրո դատական ծախսերի համար և 1,000 եվրո թարգմանչական և կազմակերպչական ծախսերի համար, ինչպիսիք են` փոստային, լուսապատճենման և այլ ծախսեր: Ինչ վերաբերում է դատական ծախսերին` դիմումատուն նշել է, որ ՀՀ օրենսդրության համաձայն, գործն ընդունած փաստաբանի ծառայություններից չի կարելի հրաժարվել: Նա չի վճարել փաստաբանին ներպետական դատարաններին բողոքներ բերելու և իր գործը Դատարանին ներկայացնելու համար, սակայն փաստաբանը բարեխիղճ մատուցել է իր ծառայությունները: Հետևաբար, չկա վճարումը կատարելու մասին այնպիսի ապացույց, որը կարող էր ներկայացվեր Դատարանին:
537. Կառավարությունը պնդել է, որ այս պահանջները պետք է մերժվեն, քանի որ դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց, որ նա իրականում կատարել է ծախսեր: Նա նաև չի հիմնավորել, որ այդ ենթադրյալ ծախսերը եղել են անհրաժեշտ և ողջամիտ:
5458. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի դիմումատուի դատական ծախսերը հատուցվում միայն այն դեպքում, եթե ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և իրենց ծավալով ողջամիտ: Սույն գործում դիմումատուն ընդունել է, որ նա չի վճարել իր փաստաբանին, որը նրան ներկայացրել է ներպետական դատարանների և Դատարանի առջև: Նա նաև կաշկանդված չէր որևէ պայմանագրով նման վճարումն ապագայում կատարելու համար: Ինչ վերաբերում է ենթադրյալ թարգմանչական ծախսերին, ապա ի հիմնավորումն այդ ծախսերի դիմումատուն չի ներկայացրել որևէ փաստաթղթային ապացույց: Հետևաբար, այս պահանջները պետք է մերժվեն: Մյուս կողմից` Դատարանը որոշել է դիմումատուին տրամադրել 500 եվրո` Դատարանի առջև կրած ծախսերի համար:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
59. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Որոշում է միանալ Կառավարության իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու փաստարկներին և մերժել այն.
2. Հայտարարում է 2005 թ. նոյեմբերի 23-ի ժամը 17-ն անց 50-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից 2005 թ. նոյեմբերի 24-ի կալանքը երկարացնելու մասին որոշում կայացնելու միջև ընկած ժամանակահատվածում դիմումատուի կալանքի անօրինականության վերաբերյալ գանգատն ընդունելի` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1 (գ) մասի ներքո.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1 (գ) մասի խախտում.
4. Վճռում է, որ չկա Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի ներքո գանգատի ընդունելիության և ըստ էության առանձին քննության անհրաժեշտություն.
5. Վճռում է, որ
(ա) պատասխանող պետությունը, վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմումատուին պետք է վճարի հետևյալ գումարները.
(i) 2,000 (երկու հազար) եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում` փոխարկված ՀՀ դրամի վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով` գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը.
(ii) 500 (հինգ հարյուր) եվրո` գումարած նշված գումարի վրա դիմումատուի նկատմամբ հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը` որպես ծախսերի և ծախքերի հատուցում` փոխարկված ՀՀ դրամի վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար` գումարած երեք տոկոսը.
6. Մերժում է դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերեն, գրավոր ծանուցվել է 2010 թ. փետրվարի 9-ին` համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի:
Santiago Quesada Josep Casadevall
Քարտուղար Նախագահ