Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

4 նոյեմբերի 2010 թվականի N 43

 

19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թ. նոյեմբերի 4-ի

նիստի N 43 արձանագրային

որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարումը.

1) Ռադիոակտիվ թափոններն առաջանում են ռադիոակտիվ նյութերի հետ աշխատանքների իրականացման արդյունքում և անվտանգության ապահովման նպատակներից ելնելով դրանք պետք է մեկուսացվեն կենսոլորտից:

2) Ռադիոակտիվ թափոնների կառավարումը ըստ ժամանակակից միջազգային մոտեցումների իր մեջ ներառում է հետևյալ փուլերը.

- ռադիոակտիվ թափոնների առաջացում (առաջացման վայրում հավաքում, տեսակավորում, փոխադրման համար ընդունելի վիճակի բերում),

- նախնական մշակումը (առանձնացում, քիմիական բաղադրության կարգավորում, ապաակտիվացում, փոխադրման համար ընդունելի վիճակի բերում),

- մշակումը (ծավալի փոքրացում, ռադիոիզոտոպների հեռացում, բաղադրության փոփոխում, փոխադրման համար ընդունելի վիճակի բերում),

- կոնդիցիայի բերում (վերափոխում կայուն պինդ վիճակի, տեղադրում հատուկ տարաների (կոնտեյներների) մեջ, պաշտպանիչ (տեղափոխման համար ընդունելի լրացուցիչ) տարաների մեջ տեղադրում),

- պահեստավորումը (նույնականացում, թաղման համար ընդունելության չափանիշներին համապատասխանության ստուգում, թաղման տեղի որոշում),

- թաղումը մերձմակերեսային կամ խորը երկրաբանական ֆորմացիաներում կառուցված գերեզմանոցում:

Ռադիոակտիվ թափոնների կառավարման փուլերը ներկայացված են հավելված 1-ում:

Աշխատած միջուկային վառելիքը հանդիսանում է բարձր ակտիվության` երկար ապրող իզոտոպներ պարունակող ռադիոակտիվ նյութ, որը բացի ճառագայթային վտանգից, պարունակում է նաև միջուկային վտանգ: Այն առաջանում է միջուկային ռեակտորում միջուկային վառելիքի «այրման» արդյունքում և նրանում մնացորդային ջերմանջատումը բարձր է: Այդ պատճառով աշխատած միջուկային վառելիքի պահման ժամանակ անհրաժեշտ է ջերմահեռացման համակարգի առկայությունը: Ռեակտորում գտնվելու ժամանակ միջուկային վառելիքում տեղի են ունենում ֆիզիկական փոփոխություններ, որի հետևանքով ռեակտորից հանված աշխատած միջուկային վառելիքը ունի շատ բարձր ռադիոակտիվություն, այդ թվում և նեյտրոնային ճառագայթում:

Այդ ամենից ելնելով, աշխատած միջուկային վառելիքը անհրաժեշտ է բերել անվտանգ վիճակի և նոր միայն տեղադրել հատուկ պահեստներում: Աշխատած միջուկային վառելիքի նկատմամբ կան նաև հատուկ պահանջներ, որոնք պայմանավորված են «Միջուկային զենքի չտարածման մասին» միջազգային պայմանագրից բխող երաշխիքների ապահովման և «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի պահանջներով:

3) Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ նյութերի հետ աշխատանքները սկսվել են անցյալ դարի 50-ական թվականներից և մեծ չափերի են հասել 80-ականի կեսերին: Ռադիոակտիվ նյութերի հետ աշխատանքներ և իրականացվել տնտեսության գրեթե բոլոր բնագավառներում` արդյունաբերություն, առողջապահություն, գիտություն, կրթություն, գյուղատնտեսություն, երկրաբանություն, էներգետիկա և այլն:

4) 1976 թվականից, Հայկական ատոմային էլեկտրակայանի (այսուհետ` ՀԱԷԿ) առաջին էներգաբլոկի թողարկումից հետո, ՀԱԷԿ-ը դարձավ ռադիոակտիվ թափոնների (այսպես կոչված միջուկային թափոնների) հիմնական և աշխատած միջուկային վառելիքի միակ աղբյուրը:

5) Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում, բացի վերը թվարկվածներից, ռադիոակտիվ թափոնների այլ աղբյուրներ չկան: Սակայն կարելի է ակնկալել, որ ապագայում, ուրանի հանքանյութի արդյունահանման հետ կապված, կարող է առաջանալ ռադիոակտիվ թափոնների նոր աղբյուր:

6) Ռադիոակտիվ թափոնների առաջացման խոշոր աղբյուր կհանդիսանան ՀԱԷԿ-ի շահագործումից հանվող էներգաբլոկները, իսկ Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկը շահագործման հանձնելուց հետո` նաև այն:

7) Ռադիոակտիվ թափոնների աղբյուր կարող են լինել նաև ռադիոակտիվ աղտոտման ենթարկված շրջակա բնական միջավայրի օբյեկտները (հող, ջուր, բուսականություն):

2. Ռադիոակտիվ թափոնների դասակարգումը

1) Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնները դասակարգվում են.

ա) ըստ ագրեգատային վիճակի` պինդ, հեղուկ և գազային.

բ) ըստ տեսակարար ակտիվության` ցածր, միջին և բարձր ակտիվության.

գ) ըստ կյանքի տևողության (պարունակվող ռադիոակտիվ իզոտոպների կիսատրոհման պարբերության)` կարճ ապրող և երկար ապրող.

դ) ըստ պարունակվող ռադիոակտիվ իզոտոպների ճառագայթման տեսակի` ալֆա ճառագայթող, բետա ճառագայթող և գամմա ճառագայթող:

2) Ռադիոակտիվ թափոնների այդպիսի դասակարգումը տարբերվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (այսուհետ` ԱԷՄԳ) անվտանգության ժամանակակից ստանդարտներով դասակարգումից, ինչը դժվարեցնում է Հայաստանի Հանրապետությունում ԱԷՄԳ-ի ստանդարտների պահանջների ներդրումը:

3. Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման նկարագրությունը

1) Անցյալ դարի 50-ական թվականներին, Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ, Սովետաշենի քաղաքային աղբանոցի մի հատվածում կառուցվել է ռադիոակտիվ թափոնների թաղման օբյեկտ, որը նախատեսված էր առողջապահական, գիտական, արդյունաբերական և այլ նպատակներով ռադիոակտիվ նյութերի օգտագործման արդյունքում առաջացած ռադիոակտիվ թափոնների (այսպես կոչված` մունիցիպալ ռադիոակտիվ թափոնների) մեկուսացման համար: Այն բանից հետո, երբ հայտնաբերվեց, որ թաղման օբյեկտի տեղակայման վայրի սողանքի պատճառով օբյեկտը կանգնած է քանդման վտանգի առաջ, որոշում կայացվեց կառուցել թաղման նոր օբյեկտ և այն կառուցվեց արդեն շահագործվող ՀԱԷԿ-ի արդյունաբերական հարթակում` ՀԱԷԿ-ի գլխավոր մասնաշենքից 1,5 կմ արևմուտք ընկած տարածքում: Թաղման նոր օբյեկտը կառուցվեց, այդ ժամանակ գոյություն ունեցող, մերձմակերեսային գերեզմանոցի տիպային նախագծի հիման վրա և այն շահագործման հանձնվեց 1980 թվականին: Օբյեկտը շահագործվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի կողմից: Համաձայն նախագծի, «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ պետք է իրականացներ մունիցիպալ թափոնների աղբյուր հանդիսացող օբյեկտներից առաջացած պինդ և հեղուկ թափոնների հավաքումը, դրանց տեղադրումը փոխադրման համար նախատեսված կոնտեյներների մեջ, հատուկ կահավորված ավտոմեքենայով գերեզմանոց փոխադրումը, ցեմենտացման եղանակով թաղման համար ընդունելի վիճակի բերումը, երկաթբետոնե հատուկ տարաների (չվերադարձվող կոնտեյներների) մեջ լցնումը, երկաթբետոնե հորերում տեղադրումը և ցեմենտապատումը: Համաձայն նախագծի, օգտագործումից դուրս եկած բարձր ակտիվության ռադիոիզոտոպային աղբյուրները պետք է պահպանվեին հատուկ գալարախողովակային հարմարանքներ ունեցող մեկուսիչ հորերում:

Ելնելով նրանից, որ օբյեկտը շահագործվում է նախագծից զգալի շեղումներով (սարքավորումների խափանման կամ բացակայության պատճառով չի իրականացվում թափոնների ցեմենտացում, չվերադարձվող կոնտեյներների մեջ լցնում, հատուկ տեխնիկական միջոցների բացակայության պատճառով չեն շահագործվել գալարախողովակային հարմարանքները), 2009 թվականին «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ն ստացել է լիցենզիա, համաձայն որի թույլատրվում է օբյեկտն օգտագործել միայն ցածր ու միջին ակտիվության մունիցիպալ ռադիոակտիվ թափոնների պահեստավորման նպատակով:

2) ՀԱԷԿ-ում կառուցված են ցածր, միջին և բարձր ակտիվության հեղուկ և պինդ ռադիոակտիվ թափոնների պահեստարաններ, որոնք նախատեսված են ՀԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետի (30 տարվա) ընթացքում առաջացած թափոնների պահեստավորման համար: ՀԱԷԿ-ի նախագծում ի սկզբանե նախատեսված չի եղել ՀԱԷԿ-ի շահագործման արդյունքում առաջացած ռադիոակտիվ թափոնների թաղում: Ներկայումս ՀԱԷԿ-ի ցածր ու բարձր ակտիվության պինդ թափոնների պահեստարանները լցված են մասամբ և դրանց ծավալը բավարար է մինչև ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործումից հանումն ընկած ժամանակահատվածում առաջացող թափոնների պահեստավորման համար: Ինչ վերաբերվում է միջին ակտիվության պինդ թափոնների պահեստարանին, ապա ՀԱԷԿ-ի սկզբնական նախագծով չնախատեսված խոր գոլորշիացման տեղակայանքի աշխատանքի արդյունքում առաջացած պնդացված հեղուկ ռադիոակտիվ թափոններ պարունակող տակառների պահման համար դրա ծավալը բավարար չէ: ՀԱԷԿ-ի հատուկ մասնաշենքի տանիքի մի մասը վերակառուցվել և օգտագործվում է այդ տակառների ժամանակավոր պահման նպատակով, որի տարածքը ևս բավարար չէ մինչև ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործումից հանումն ընկած ժամանակահատվածում առաջացած պնդացված հեղուկ ռադիոակտիվ թափոններ պարունակող տակառների պահման համար:

ՀԱԷԿ-ի ցածր ակտիվության հեղուկ թափոնների պահեստարանը դատարկվում է պահվող հեղուկների անընդհատ վերամշակման շնորհիվ, իսկ միջին և բարձր ակտիվության հեղուկ թափոնների պահեստարանները լցված են մասամբ:

3) ՀԱԷԿ-ի նախագծով նախատեսված է աշխատած միջուկային վառելիքի պահումը ապարատային բաժանմունքի կենտրոնական սրահում գտնվող աշխատած միջուկային վառելիքի պահման թաց ավազաններում, որոնք ապահովում են ջերմանջատիչ հավաքվածքներից (ՋԱՀ-երի) մնացորդային ջերմանջատման հեռացումը: Պահման թաց ավազաններում 3-ից 5 տարի պահման ընթացքում ՋԱՀ-երի հովացման մակարդակը բավարարում էր Ռուսաստանի տարածքում տեղաբաշխված աշխատած միջուկային վառելիքի մշակման ձեռնարկություններ անվտանգ փոխադրման պայմաններին: Վերոհիշյալ փոխադրումները իրականացվում էին մինչև 1990 թվականը, սակայն ՀՀ շրջափակումը, ապա և ԽՍՀՄ փլուզումը, նման փոխադրումները դարձրեցին տեխնիկապես անհնար: Այդ պատճառով ՀԱԷԿ-ում մնացին ավելի քան 612 աշխատած ՋԱՀ-եր: ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վերաշահագործմանը զուգընթաց, անհրաժեշտություն առաջացած ազատել աշխատած միջուկային վառելիքի պահման ավազանները այնտեղ մնացած ՋԱՀ-երից, որի համար ՀԱԷԿ-ի հարթակում կառուցվեց Ֆրանսիական «Ֆրամատոմ» կազմակերպության կողմից նախագծված NUHOMS-56 պիտի երկարաժամկետ չոր պահման պահեստարան: Այն շահագործման հանձնվեց 2000 թվականին` որպես առանձին միջուկային տեղակայանք, և ամբողջությամբ` 616 ՋԱՀ-ով լցվեց 2005 թվականին:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի հետագա շահագործումը նախատեսում է տարեկան մինչև 100 աշխատած ՋԱՀ-ի առաջացում: Հիմք ընդունելով «ԱԷԿ-ի անվտանգության ապահովման ընդհանուր դրույթներ» փաստաթղթի պահանջները, ըստ որի ցանկացած պահի պետք է ապահովվի ռեակտորի ակտիվ գոտուց միջուկային վառելիքի ամբողջական հեռացումը, 2008 թվականին շահագործման հանձնվեց աշխատած միջուկային վառելիքի չոր եղանակով պահման պահեստարանի երկրորդ հերթը, որը նախատեսված է 672 աշխատած ՋԱՀ-ի պահման համար, որը ներկայումս մասամբ լցված է:

4. Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման հիմնախնդիրներն են.

1) Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնները չեն վերամշակվում և չեն թաղվում, այլ պահեստավորվում են, դրանով իսկ ռադիոակտիվ թափոնների հետագա կառավարումը ծանր բեռ է դառնում ապագա սերունդների համար,

2) աշխատած միջուկային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների - կառավարման երկարաժամկետ ծրագրերի բացակայությունը, որի առկայությունը թույլ կտար ավելի նպատակաուղղված լուծել ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրները,

3) ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման հարցերով մասնագիտացված կազմակերպության («ազգային օպերատորի») բացակայությունը, ինչը թույլ չի տալիս համակարգել ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման հետ կապված գործունեություն իրականացնող մարմինների ու կազմակերպությունների աշխատանքները,

4) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտների ռադիոակտիվ թափոնների ու աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման միջազգային փորձի ոչ բավարար ներդնումը:

 

II. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ

 

5. Հայեցակարգի նպատակն է ամրագրել ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը:

6. Հայեցակարգում նախանշվում են այդ քաղաքականության հիմնական ուղղությունները և դրանց իրականացումն ապահովող գործողությունները: Միաժամանակ սահմանվում են ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման գերակայությունները, որոնք ռադիոակտիվ նյութերի հետ գործունեություն իրականացնող սուբյեկտների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար կարող են լինել նպատակամետ գործունեություն ու համագործակցության ուղենիշ:

7. Հայեցակարգը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունից և ապահովում է Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման քաղաքականության շարունակականությունը` հիմնվելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների և այլ կարգավորող միջազգային փաստաթղթերի պահանջների վրա (հավելված 2), ինչպես նաև զարգացած երկրներում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման մոդելների վրա:

 

III. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

8. Միջազգային հանրությունն ԱԷՄԳ-ի միջոցով մշակել է ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման համընդհանուր սկզբունքներ, որոնք կիրառելի են բոլոր պետությունների համար և վերաբերվում են բոլոր տեսակի ռադիոակտիվ թափոններին ու աշխատած միջուկային վառելիքին` անկախ դրանց բնույթից:

9. Հայաստանի Հանրապետությունն լինելով ԱԷՄԳ-ի անդամ` իր վրա պարտավորություն է վերցրել ապահովել ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը` բացառելով բնակչության (այդ թվում` նաև պետությունների) և շրջակա միջավայրի վրա իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունը, իսկ հնարավոր ազդեցության ռիսկը դարձնել նվազագույն:

10. Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը պետք է ապահովի ռադիոակտիվ թափոնների ու աշխատած միջուկային վառելիքի կառավարման համապատասխանությունը ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտներով սահմանվող հետևյալ հիմնարար սկզբունքներին.

1) վնաս չհասցվի մարդկանց առողջությանը,

2) վնաս չհասցվի շրջակա միջավայրին, ներառյալ բնական ռեսուրսներին,

3) հաշվի առնվեն հարակից պետությունների բնակչության և շրջակա միջավայրի վրա ռադիոակտիվ թափոնների վնասակար ազդեցության հնարավոր հետևանքները,

4) ապագա սերունդների վրա ռադիոակտիվ թափոնների կանխատեսելի ազդեցությունն առնվազն չգերազանցի ներկա սերնդի վրա այդ ազդեցության ընդունելի մակարդակները,

5) ապագա սերունդների վրա չդրվի չարդարացված լրացուցիչ բեռ,

6) ռադիոակտիվ թափոնների կառավարումը կարգավորող իրավական համակարգը պետք է նախատեսի ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման բնագավառում իրավասությունների և պարտականությունների հստակ տարանջատում, ինչպես նաև կարգավորվող անկախ գործառույթների ապահովում,

7) ռադիոակտիվ թափոնների առաջացումն ըստ ակտիվության և ծավալի պետք է պահվի գործնականորեն հասանելի նվազագույն մակարդակի վրա,

8) պետք է ըստ ամենայնի հաշվի առնվի ռադիոակտիվ թափոնների առաջացման և նրանց կառավարման բոլոր փուլերի փոխկապակցվածությունը,

9) ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների անվտանգությունը պատշաճ մակարդակով պետք է ապահովվի նրա կենսական ցիկլի բոլոր փուլերում:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ելնելով ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման սկզբունքներից, պետք է ապահովի հետևյալ պայմանների կատարումը.

1) ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ֆինանսական բեռը կրեն այն կազմակերպությունները և անձինք, որոնց գործունեության արդյունքում առաջացել են այդ թափոնները,

2) բնակչությունը տեղեկացված լինի ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման բոլոր ասպեկտներին այնքանով, որքանով դրանք չեն պարունակում պետական, ծառայողական կամ կոմերցիոն գաղտնիք,

3) ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման վերաբերյալ կայացվող որոշումները պետք է հիմնված լինեն ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների պահանջների, ինչպես նաև ազգային և միջազգային փորձի վրա,

4) ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման վերաբերյալ որոշումներ կայացնելիս անորոշությունների առկայության դեպքում նախապատվությունը տալ առավել պահպանողական որոշմանը,

5) ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ժամանակ հնարավորինս ապահովել աշխատանքների համակարգված իրականացումը, ինչը կբացառի դրանց կրկնությունը,

6) ուժեղացնել ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման հարցերով միջազգային համագործակցությունը, ինչը կնպաստի հայեցակարգի պահանջների լիարժեք ներդրմանը,

7) կազմակերպել ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման աշխատանքներում ներգրավված անձնակազմի մասնագիտական ուսուցումն ու վերապատրաստումը:

 

IV. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Օրենսդրական կատարելագործում

1) Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված են հետևյալ միջազգային փաստաթղթերը` «Միջուկային անվտանգության մասին», «Միջուկային վնասի դեպքում քաղաքացիական պատասխանատվության մասին», «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին», «Միջուկային վթարի կամ ռադիացիոն վթարային իրադրության դեպքում օգնության մասին» և «Միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիաները:

2) Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն ընդունել է այդ բնագավառին առնչվող հետևյալ օրենքները` «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին»:

3) Հայաստանի Հանրապետության կառավարությունը ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ընդհանուր և առանձին գործունեությունների կարգերի, լիցենզավորման, ռադիոակտիվ թափոնների ներմուծման և դրանց արտահանման, միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման, ինչպես նաև ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների վերաբերյալ ընդունել է 24 որոշումներ:

4) Չնայած ընդունված իրավական ակտերը հիմնականում կարգավորում են ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման հետ կապված իրավահարաբերությունները, սակայն կարգավորման կարիք ունեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են ռադիոակտիվ թափոնների դասակարգման համապատասխանեցումը ԱԷՄԳ ստանդարտներով սահմանվող դասակարգմանը, ռադիոակտիվ թափոնների պետական գրանցումն ու հաշվառումը, ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի պահեստարանների ու գերեզմանոցների հրապարակի ընտրությունը, նախագծումը, կառուցումը, շահագործումը, շահագործումից հանումը (գերեզմանոցների փակումը), փակված գերեզմանոցների տեղադրման հարթակներում ինստիտուցիոնալ հսկողության իրականացումը և այլն: Անհրաժեշտ է այդ հարցերի կարգավորման նպատակով կատարելագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, մշակել նոր իրավական ակտեր կամ լրամշակել եղած ակտերը` հիմնվելով ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների ու միջազգային փորձի վրա: Օրենսդրության կատարելագործման հարցում շատ կարևոր է նաև հնարավորինս կարճ ժամկետում միանալ «Ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման մասին» միացյալ կոնվենցիային, ինչը կբարձրացնի Հայաստանի Հանրապետության վարկանիշը:

13. Կառավարման համակարգի կատարելագործում

1) Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների կառավարման լիազոր պետական մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, իսկ աշխատած միջուկային վառելիքի կառավարման լիազոր պետական մարմին չի սահմանված:

2) Հիմնվելով ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների պահանջների վրա և հաշվի առնելով միջազգային փորձը, նպատակահարման է ստեղծել ազգային օպերատոր, որը պատասխանատու կլինի ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման հետ կապված աշխատանքների համակարգված իրականացման և ռադիոակտիվ թափոնների պահեստարանների ու գերեզմանոցների անվտանգ շահագործման համար և կհանդիսանա ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի պահեստարանները և ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործող կազմակերպություն:

3) Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման անվտանգության պետական կարգավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն: Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման աշխատանքների ընդլայնմանը զուգընթաց անհրաժեշտ կլինի պետական կոմիտեի անձնակազմի համալրումը ռադիոակտիվ թափոնների կառավարման գծով մասնագիտացված կադրերով:

Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման համակարգի սխեման և նրանում ներգրավված մարմինների ու կազմակերպությունների գործառույթները ներկայացված են հավելված 3-ում:

14. Ֆինանսական ապահովում

1) Ելնելով նրանից, որ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության` ռադիոակտիվ թափոնները և աշխատած միջուկային վառելիքը պետական սեփականություն են, անհրաժեշտ է ունենալ ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման հատուկ հիմնադրամ, ինչը թույլ կտա համակարգված և նպատակային իրականացնել ռադիոակտիվ թափոնների աղբյուր հանդիսացող օբյեկտներից ազգային օպերատորին փոխանցած ռադիոակտիվ թափոնների կառավարման հետ կապված այնպիսի աշխատանքների ֆինանսավորումը, ինչպիսիք են ռադիոակտիվ թափոնների փոխադրումը, ռադիոակտիվ թափոնների վերամշակման տեղակայանքների ստեղծումը, ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի պահեստարանների, ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրությունը, նախագծումը, կառուցումը, շահագործումը, պահեստարանների շահագործումից հանումը, գերեզմանոցների փակումը, ռադիոակտիվ թափոնների փակված գերեզմանոցների տեղադրման վայրերում ինստիտուցիոնալ հսկողության իրականացումը: Դրանով իսկ կկրճատվեն ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի հետ կապված աշխատանքների համար անհրաժեշտ բյուջետային հատկացումները:

2) Հատուկ հիմնադրամի համալրումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` կազմակերպությունների ու անձանց գործունեության արդյունքում առաջացած ռադիոակտիվ թափոնների փոխադրման, վերամշակման, պահեստավորման և թաղման ծառայությունների դիմաց գանձված վճարներից:

15. Ռադիոակտիվ թափոնների կառավարման հզորությունների կատարելագործում

1) Անհրաժեշտ է ստեղծել ռադիոակտիվ թափոնների վերամշակման արդիական տեղակայանքներ ինչը թույլ կտա արդեն կուտակված ռադիոակտիվ թափոնները բերել անվտանգ փոխադրման, պահման կամ թաղման համար ընդունելի վիճակի:

2) Անհրաժեշտ է կառուցել ժամանակակից պահանջներին համապատասխանող ռադիոակտիվ թափոնների պահեստարաններ ու գերեզմանոցներ, որոնց կարիքն ավելի սուր կզգացվի ՀԱԷԿ-ի էներգաբլոկները շահագործումից հանման ժամանակ առաջանալիք ռադիոակտիվ թափոնների վնասազերծման համատեքստում:

ՀԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործումից հանման աշխատանքները սկսելուց առաջ անհրաժեշտ կլինի նաև ակտիվ գոտուց հեռացվող աշխատած միջուկային վառելիքի համար գործող պահեստարանի նոր հերթերի կառուցում:

Նոր պահեստարանների և գերեզմանոցների տեսակի և հզորության նախատեսման համար անհրաժեշտ կլինի հաշվի առնել եղած ու սպասվելիք (առնվազն մոտակա 50 տարիների համար) ռադիոակտիվ թափոնների (ըստ դասերի) և աշխատած միջուկային վառելիքի ծավալները:

3) Անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի նպատակային էկոերկրաբանական հետազոտություն, ինչը թույլ կտա ճշտել կառուցվելիք պահեստարանների ու գերեզմանոցների տեղադրման հրապարակների համար ընդունելի տարածքները:

4) Քանի որ սեփական լայնածավալ և համալիր հետազոտությունների և տեխնոլոգիական մշակումների իրագործումը Հայաստանի Հանրապետությունում ներկայումս տնտեսապես արդարացված չէ, ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման պրոցեսը կատարելագործելու նպատակով անհրաժեշտ է ուսումնասիրել տվյալ բնագավառին առնչվող միջազգային փորձը, վերլուծել և հիմնավորել Հայաստանի Հանրապետությունում դրանց կառավարման նպատակահարմարությունը:

 

V. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

 

16. Միջուկային անվտանգության ոլորտում կարևոր նշանակություն ունեն հանրության իրազեկման հետ կապված հարցերը: Բնակչությանը, հասարակական կազմակերպություններին և լրատվական միջոցներին պետք է լայն և հավաստի տեղեկատվություն տրամադրվի ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման կատարելագործմանն ուղղված բոլոր ասպեկտների վերաբերյալ, բացառությամբ պետական, ծառայողական կամ կոմերցիոն գաղտնիք պարունակող տեղեկատվության, որի արդյունքը կլինի ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարմանն առնչվող հարցերի պատշաճ ըմբռնումը:

17. Միջուկային անվտանգության ոլորտում հանրության իրազեկման հետ կապված հարցերը կարևորվում են հետևյալ նկատառումներով.

1) ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման, միջուկային տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև ճառագայթային ազդեցության նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների լուսաբանման միջոցով անհրաժեշտ է բարձրացնել բնակչության տեղեկացվածության մակարդակը.

2) ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտում ծագող հիմնախնդիրների ժամանակին լուծման նպատակով անհրաժեշտ է մշտապես ուսումնասիրել հասարակական կարծիքը.

3) անհրաժեշտ է բնակչությանը պարբերաբար տեղեկացնել Հայաստանի Հանրապետությունում միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորող պահանջների կատարման մասին.

4) ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման երաշխիքների ապահովման միջոցով պետք է ձեռք բերվի հասարակության վստահությունը.

5) անհրաժեշտ է հնարավորինս պարզեցնել ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման հարցերով որոշումների կայացման գործընթացը` այդ մասին հասարակությանը ներկայացնելով իրական և հավասարակշռված տեղեկատվություն:

 

VI. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

18. Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման պրոցեսի կատարելագործման նպատակով անհրաժեշտ է մշակել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործողության մեջ դնել ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ազգային ռազմավարությունը և դրանով նախատեսվող պրոցեսի կատարելագործման գործողությունների 5-ամյա ծրագրեր, որոնք, ըստ գերակայության, կսահմանեն ներդրման համար անհրաժեշտ միջոցառումները, դրանց իրականացման ուղիները, միջոցները, ժամկետները և իրականացման համար պատասխանատուներին:

19. Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ուժեղացմանն ուղղված գործողությունները.

 

- ռադիոակտիվ թափոնների դասակարգման համապատասխանեցումը ԱԷՄԳ ստանդարտներով սահմանվող դասակարգմանը,

- ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման երկարաժամկետ ծրագրերի մշակում,

- ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման հարցերով մասնագիտացված կազմակերպության («ազգային օպերատոր») ստեղծում,

- աշխատած միջուկային վառելիքի կառավարման լիազոր պետական մարմնի սահմանում,

- ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման հատուկ հիմնադրամի ստեղծում,

- ռադիոակտիվ թափոնների վերամշակման արդիական տեղակայանքների ստեղծում,

- ժամանակակից պահանջներին համապատասխանող ռադիոակտիվ թափոնների պահեստարանների և գերեզմանոցների կառուցում,

- «Ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման մասին» միացյալ կոնվենցիային Հայաստանի Հանրապետության միացում:

 

VII. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

20. Հայեցակարգի նպատակներից ելնելով օգտագործվել են հետևյալ հասկացությունները.

 

Աշխատած միջուկային վառելիք` միջուկային ռեակտորի ակտիվ գոտում ճառագայթված միջուկային վառելիք, որը վերջնականապես հեռացվել է ակտիվ գոտուց,

 

Աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարան` աշխատած միջուկային վառելիքի ժամանակավոր պահման համար նախատեսված օբյեկտ, որում բացակայում է ջրային միջավայրը,

 

Մունիցիպալ ռադիոակտիվ թափոններ` ռադիոակտիվ թափոններ, որոնք առաջացել են առողջապահական, գիտական, գյուղատնտեսական և այլ նպատակներով ռադիոակտիվ նյութերի օգտագործման արդյունքում,

 

Ռադիոակտիվ թափոն` ռադիոակտիվ նյութ կամ մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությամբ նյութ կամ առարկա, որը չի նախատեսվում օգտագործել որևէ նպատակով և ենթակա է կենսոլորտից մեկուսացման,

 

Ռադիոակտիվ թափոնների պահեստարան` ռադիոակտիվ թափոնների ժամանակավոր պահման համար նախատեսված օբյեկտ.

 

Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոց` ռադիոակտիվ թափոնների թաղման համար նախատեսված օբյեկտ.

 

Ռադիոակտիվ նյութ` ցանկացած ագրեգատային վիճակում գտնվող նյութ, որում առկա ռադիոակտիվ իզոտոպների ակտիվությունը կամ տեսակարար ակտիվությունը հավասար է կամ գերազանցում է ճառագայթային անվտանգության նորմերով սահմանված ազատման մակարդակները:

 

Աշխատած միջուկային վառելիքի կառավարում` իրականացվող գործունեության տեսակներ` կապված աշխատած միջուկային վառելիքի փոխբեռնման, փոխադրման, տեղաշարժման, պահպանման և պահեստավորման հետ, բացառությամբ` միջուկային տեղակայանքի հարթակից դուրս փոխադրումը:

 

Հավելված 1

 

Ռադիոակտիվ թափոնների (ՌԹ) կառավարման փուլերը

 

._____________________________________________________________________.

|  I փուլ      .________________.  .________________________________. |

|              |Եթե կիսատրոհման |  |- Առաջացման վայրում ՌԹ հավաքում,| |

|ՌԹ առաջացում  |պարբերությունը  |<_|- Տեսակավորում,                 | |

|              |< 15 օրից       |  |- Փոխադրման համար ընդունելի     | |

|              .________________.  |վիճակի բերում                   | |

|                      |           .________________________________. |

.______________________|_____________________________|________________.

.______________________|_____________________________\/_______________.

|  II փուլ             |           .________________________________. |

|                      |           |- Առանձնացում,                  | |

|Նախնական մշակում      |           |- Քիմ. բաղադրության կարգավորում,| |

|                      |           |- Ապաակտիվացում,                | |

|                      |           |- Փոխադրման համար ընդունելի     | |

|                      |           |վիճակի բերում                   | |

|                      |           .________________________________. |

.______________________|_____________________________|________________.

.______________________|_____________________________\/_______________.

|   II փուլ            |           .________________________________. |

|                      |           |- Ծավալի փոքրացում,             | |

|   Մշակում            |           |- Ռադիոիզոտոպների հեռացում,     | |

|                      |           |- Բաղադրության փոփոխում,        | |

|                      |           |- Փոխադրման համար ընդունելի     | |

|                      |           |վիճակի բերում                   | |

|                      |           .________________________________. |

.______________________|_____________________________|________________.

.______________________|_____________________________\/_______________.

|   IV փուլ            |           .________________________________. |

|                      |           |- Վերափոխումը կայուն պինդ վիճակի| |

|                      |           |- Տեղադրում հատուկ տարաների     | |

|Կոնդիցիայի բերում     |           |(կոնտեյներների) մեջ,            | |

|                      |           |- Պաշտպանիչ (տեղափոխման համար   | |

|                      |           |ընդունելի) լրացուցիչ տարաների   | |

|                      |           |մեջ տեղադրում                   | |

|                      |           .________________________________. |

.______________________|_____________________________|________________.

.______________________\/____________________________\/_______________.

|    V փուլ    .________________.  .________________________________. |

|              |Ժամանակավոր     |  |- Պահումը պահեստարանում         | |

|Պահեստավորում |պահում (մինչև   |  |(նույնացում, թաղման համար       | |

|              |վերջնական       |  |ընդունելության չափանիշներին     | |

|              |տրոհում)        |  |համապատասխանության ստուգում,    | |

|              .________________.  |թաղման տեղի որոշում)            | |

|                      |           |                                | |

|                      |           | .___________.  .___________.   | |

|                      |           | |T1/2 < 30 տ|  |T1/2 > 30 տ|   | |

|                      |           ._|___________|__|___________|___. |

.______________________|__________________|_______________|___________.

.______________________\/_________________\/______________\/__________.

|  VI փուլ ._____________________. ._______________. .______________. |

|          |Ազատման մակարդակներից| |Թաղում         | |Թաղումը խորը  | |

|  Թաղում  |ցածր արժեքների       | |մերձմակերեսային| |երկրաբանական  | |

|          |դեպքում կարգավորող   | |գերեզմանոցում  | |ֆորմացիաներում| |

|          |հսկողությունից       | ._______________. |կառուցված     | |

|          |ազատում (դիտարկում   |                   |գերեզմանոցում | |

|          |որպես արդյունաբերական|                   .______________. |

|          |թափոն)               |                                    |

|          ._____________________.                                    |

._____________________________________________________________________.

 

Հավելված 2

 

ՑԱՆԿ

 

ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ

կառավարման միջազգային ստանդարտների

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|            ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ                |

|___|_________________________________________________________________|

| 1.|Policies and Strategies for Radioactive Waste Management         |

|   |NW-G-1.1, IAEA                                                   |

|___|_________________________________________________________________|

| 2.|The Management System for the Processing, Handling and Storage of|

|   |Radioactive Wast                                                 |

|   |GS-G-3.3, IAEA                                                   |

|___|_________________________________________________________________|

| 3.|The Management System for the Disposal Radioactive Waste         |

|   |GS-G-3.4, IAEA                                                   |

|___|_________________________________________________________________|

| 4.|Radiation Protection and Radioactive Waste Management in the     |

|   |Operation of Nuclear Prower Plants                               |

|   |NS-G-2.7, IAEA                                                   |

|___|_________________________________________________________________|

| 5.|Safety Assessment for Near Surface Disposal of Radioactive Waste |

|   |WS-G-1.1, IAEA                                                   |

|___|_________________________________________________________________|

| 6.|Decommissioning of Medical, Industrial and Research Facilities   |

|   |WS-G-2.2, IAEA                                                   |

|___|_________________________________________________________________|

| 7.|Predisposal Management of Low and Intermediate Level Radioactive |

|   |Waste                                                            |

|   |WS-G-2.5, IAEA                                                   |

|___|_________________________________________________________________|

| 8.|Predisposal Management of High Level Radioactive Waste           |

|   |WS-G-2.6, IAEA                                                   |

|___|_________________________________________________________________|

| 9.|Management of Waste from the Use of Radioactive Material in      |

|   |Medicine,                                                        |

|   |WS-G-2.7, IAEA                                                   |

|___|_________________________________________________________________|

|10.|Remediation Process for Areas Affected by Past Activities and    |

|   |Accidents                                                        |

|   |WS-G-3.1, IAEA                                                   |

|___|_________________________________________________________________|

|11.|Release of Sites from Regulatory Control on Termination of       |

|   |Practices                                                        |

|   |WS-G-5.1, IAEA                                                   |

|___|_________________________________________________________________|

|12.|Safety Assessment for Decommissioning of Facilities Using        |

|   |Radioactive Material                                             |

|   |WS-G-5.2, IAEA                                                   |

|___|_________________________________________________________________|

|13.|Safety of Nuclear Fuel Cycle Facilities                          |

|   |NS-R-5, IAEA                                                     |

|___|_________________________________________________________________|

|14.|Costing of Spent Fuel Storage                                    |

|   |NF-T-3.5, IAEA                                                   |

|___|_________________________________________________________________|

|15.|Determination and Use of Scaling Factors for Waste               |

|   |Characterization in Nuclear Power Plants                         |

|   |NW-T-1.18, IAEA                                                  |

|___|_________________________________________________________________|

|16.|Geological disposal of radioactive waste: Technological          |

|   |implications for irretrievability                                |

|   |NW-T-1.19, IAEA                                                  |

|___|_________________________________________________________________|

|17.|Disposal Approaches for Long-Lived Low and Intermediate Level    |

|   |Radioactive Waste                                                |

|   |NW-T-1.20, IAEA                                                  |

|___|_________________________________________________________________|

|18.|Operation of Spent Fuel Storage Facilities                       |

|   |AEA Safety Series No. 117                                        |

|___|_________________________________________________________________|

|19.|Handling, Conditioning and Storage of Spent Sealed Radioactive   |

|   |Sources                                                          |

|   |IAEA-TECDOC-1145                                                 |

|___|_________________________________________________________________|

|20.|Long Term Storage of Spent Nuclear Fuel - Survey and             |

|   |Recommendations                                                  |

|   |IAEA-TECDOC-11293                                                |

|___|_________________________________________________________________|

|21.|Operation and Maintenance of Spent Fuel Storage and              |

|   |Transportation Casks/Containers                                  |

|   |IAEA TECDOC 1532                                                 |

|___|_________________________________________________________________|

|22.|Categorizing Operational Radioactive Wastes                      |

|   |IAEA-TECDOC-1538                                                 |

._____________________________________________________________________.

 

Հավելված 3

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ (ՌԹ) ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

.______________________.

|  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ   |

.______________________.

.________________.        ._________________________. .___________________.

|ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ- |        |ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ| |ՏԵՂԱԿԱՆ            |

|ՆԵՐ ԵՎ          |        |ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | |ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ    |

|ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ-|        |(ՌԹ կառավարման լիազոր    | |ՄԱՐՄԻՆՆԵՐ          |

|ՆԵՐ             |        |պետական մարմին)          | .___________________.

|(բնապահպանական, |        |  .__________________.   | .___________________.

|հիգիենիկ և  այլ |        |  | ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ |   | |ՀԱՏՈՒԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ  |

|անվտանգության   |        |  .__________________.   | |ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ|

|հարցերի         | .______|____. |  |   |           | |(հատուկ հիմնադրամ  |

|կարգավորում)    | |      .______|__|___|___________. |կառավարում)        |

.________________. |       ._____.  |   .____.        .___________________.

.________________. |._____________. | ._____________. .___________________.

|ՀՀ              | ||     ՌԹ      |_|_|     ՌԹ      | |ՍՊԱՍԱՐԿՈՂ          |

|ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ  | ||ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐ| | |ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐ| |ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ|

|ԱՌԸՆԹԵՐ         | |._____________. | ._____________. |(երկրաբանական      |

|ՄԻՋՈՒԿԱՅԻՆ      | |        .__.    |    .__.         |հետազոտություններ  |

|ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ   | |        .________________.        |կատարող, նախագծային|

|ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ     | |        | ՌԹ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ  |        |շինարարական,       |

|ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ  | |        |ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ|        |մոնտաժային,        |

|(կարգավորման    | |        .________________.        |տրանսպորտային      |

|մարմին)         | |                |                 |և  այլն)           |

.________________. |        ._____________________.   .___________________.

.________|ՌԹ ԱՂԲՅՈՒՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ|   .___________________.

|ՕԲՅԵԿՏՆԵՐ            |   |ԳԻՏԱԿԱՆ            |

._____________________.   |ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ|

.___________________.

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|ՄԱՐՄԻՆԸ/ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ|               ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ                 |

|_________________________|___________________________________________|

|Ազգային օպերատոր         |- Ռադիոակտիվ թափոնների և  աշխատած          |

|                         |միջուկային վառելիքի կառավարման հետ կապված  |

|                         |գործունեություն իրականացնող մարմինների ու  |

|                         |կազմակերպությունների աշխատանքների          |

|                         |համակարգում                                |

|                         |- Տիրազուրկ ռադիոակտիվ նյութերի կառավարում |

|                         |- ՌԹ պահեստարանների և  գերեզմանոցների      |

|                         |տեղադրման հրապարակի որոշում.               |

|                         |- ՌԹ պահեստարանների և  գերեզմանոցների      |

|                         |կառուցում.                                 |

|                         |- ՌԹ պահեստարանների և  գերեզմանոցների      |

|                         |շահագործում                                |

|_________________________|___________________________________________|

|ՌԹ աղբյուր հանդիսացող    |- Առաջացման վայրում ՌԹ հավաքում,           |

|օբյեկտներ շահագործող     |տեսակավորում, փոխադրման համար ընդունելի    |

|կազմակերպություններ      |վիճակի բերում,                             |

|                         |- ՌԹ նախնական մշակում (առանձնացում,        |

|                         |քիմիական բաղադրության կարգավորում,         |

|                         |ապաակտիվացում, փոխադրման համար ընդունելի   |

|                         |վիճակի բերում),                            |

|                         |- ՌԹ կառավարման հատուկ հիմնադրամ           |

|                         |փոխանցումների կատարում` ՌԹ փոխադրման,      |

|                         |վերամշակման, պահեստավորման և  թաղման       |

|                         |աշխատանքների իրականացման համար             |

|_________________________|___________________________________________|

|ՌԹ վերամշակող            |- ՌԹ վերամշակում (ծավալի փոքրացում,        |

|կազմակերպություն         |ռադիոիզոտոպների հեռացում, բաղադրության     |

|                         |փոփոխում)                                  |

|                         |- ՌԹ կոնդիցիայի բերում (վերափոխումը կայուն |

|                         |պինդ վիճակի, տեղադրում հատուկ տարաների     |

|                         |(կոնտեյներների) մեջ, պաշտպանիչ (տեղափոխման |

|                         |համար ընդունելի) լրացուցիչ տարաների մեջ    |

|                         |տեղադրում)                                 |

|_________________________|___________________________________________|

|ՌԹ պահեստարաններ         |- ՌԹ պահեստարանում տեղադրման աշխատանքների  |

|շահագործող               |իրականացում                                |

|կազմակերպություն         |                                           |

|_________________________|___________________________________________|

|ՌԹ գերեզմանոցներ         |- Մերձմակերեսային կամ խորը երկրաբանական    |

|շահագործող               |ֆորմացիներում կառուցված գերեզմանոցներում ՌԹ|

|կազմակերպություն         |թաղման աշխատանքների իրականացում            |

|_________________________|___________________________________________|

|ՌԹ կառավարման լիազոր     |- Մշակում և  սահմանված կարգով Հայաստանի    |

|պետական մարմին           |Հանրապետության կառավարություն է            |

|                         |ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում  |

|                         |ՌԹ կառավարման իրավական ակտերի նախագծեր,    |

|                         |ռազմավարությունը, ՌԹ կառավարման պետական    |

|                         |նպատակային ծրագրերը, համակարգում է ծրագրի  |

|                         |իրականացման աշխատանքները                   |

|                         |- Իրականացնում է ՌԹ կառավարման բնագավառում |

|                         |գիտատեխնիկական, ներդրումային և             |

|                         |կառուցվածքային պետական քաղաքականություն    |

|                         |- Մշակում և  իրականացնում է ՌԹ կառավարմանը,|

|                         |ՌԹ պահեստարանների ու գերեզմանոցների        |

|                         |անվտանգության մակարդակի բարձրացմանն ու     |

|                         |ֆիզիկական պաշտպանության ուժեղացմանն ուղղված|

|                         |միջոցառումներ                              |

|_________________________|___________________________________________|

|Կարգավորող մարմին        |- Ռադիոակտիվ թափոնների և  աշխատած          |

|                         |միջուկային վառելիքի անվտանգության նորմերի  |

|                         |ու կանոնների, օրենսդրական ակտերի նախագծերի |

|                         |մշակման կազմակերպում, մշակում              |

|                         |- Ռադիոակտիվ թափոնների և  աշխատած          |

|                         |միջուկային վառելիքի հետ կապված             |

|                         |գործունեության լիցենզավորում               |

|                         |- Օբյեկտների և  իրականացվող աշխատանքների   |

|                         |անվտանգության գնահատում և  վերահսկում      |

|_________________________|___________________________________________|

|Հատուկ հիմնադրամի        |- Հատուկ հիմնադրամի գումարների ելքի        |

|կառավարման խորհուրդ      |վերահսկում                                 |

|                         |- ՌԹ կառավարման գործընթացի ֆինանսավորում   |

|_________________________|___________________________________________|

|Սպասարկող                |- Երկրաբանական հետազոտությունների          |

|կազմակերպություններ      |իրականացում                                |

|                         |- Նախագծային աշխատանքների իրականացում.     |

|                         |- Շինարարական աշխատանքների իրականացում.    |

|                         |- Մոնտաժային աշխատանքների իրականացում.     |

|                         |- Տեղափոխման աշխատանքների իրականացում.     |

|_________________________|___________________________________________|

|Գիտական                  |- Թափոնների կառավարման հարցերով գիտական և  |

|կազմակերպություններ      |հետազոտական աշխատանքների իրականացում       |

|_________________________|___________________________________________|

|Նախարարություններ և      |- Կադրերի պատրաստում                       |

|գերատեսչություններ       |- Բնապահպանական անվտանգության կարգավորում  |

|                         |- Ֆիզիկական պաշտպանության կարգավորում      |

|_________________________|___________________________________________|

|Տեղական ինքնակառավարման  |- Հողի հատկացում                           |

|մարմիններ                |                                           |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.11.2010
N 43
Արձանագրային որոշում