Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵԶՐԱԿԱՑՈ ...

 

 

050.0212.311098

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 212

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եզրակացությունը (կցվում է):

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի նախագծի 4-րդ հոդվածը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 4.

Առաջնորդվելով տնտեսական քաղաքականության երկարաժամկետ նպատակներով` 1998 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար տարեկան սղաճի առավելագույն չափը սահմանել մինչև 9.9 %»,

բ) 5-րդ հոդվածը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 5.

2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հանդեպ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների տարեկան չափաքանակը սահմանել 8350 մլն դրամ»:

3. Պարզ չեն 14-րդ հոդվածի «բ» ենթակետի դրույթները, նպատակահարմար կլինի այն միացնել 15-րդ հոդվածին:

4. 15-րդ հոդվածի առաջին պարբերությունում «սեփականաշնորհումից ստացված միջոցները կուտակվում են» բառերից հետո ավելացնել «ՀՀ կենտրոնական բանկում» բառերը:

5. 15-րդ հոդվածի «ա» ենթակետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.

«ա) Այդ միջոցների ներդրումից ստացված տոկոսագումարները կապիտալիզացվում են նույն հաշվում»:

6. 15-րդ հոդվածից հանել «բ» ենթակետը:

7. 15-րդ հոդվածի «բ» ենթակետը փոխարինել հետևյալ պարբերությամբ. «Կենտրոնական բանկում գանձապետարանի հատուկ հաշվում կուտակված և կապիտալիզացված միջոցներից Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման չափը չի կարող գերազանցել սույն օրենքի թիվ 3 հավելվածում նշված հատկացումների հանրագումարը` 11.350 մլն դրամը»:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետությունը մուտք է գործում շուկայական հարաբերությունների պայմաններում տնտեսական քաղաքականության իրականացման 7-րդ տարին: 1994 թվականից ի վեր ձևավորված տնտեսական զարգացման դրական միտումները բավարար չէին երկարատև տնտեսական աճի, խնայողությունների ներգրավման, ներդրումների խթանման և արտաքին աշխարհից ՀՀ կախվածության նվազեցման համար: Առանց տնտեսությունում կառուցվածքային բարեփոխումների ամբողջական իրականացման հնարավոր չէ ձեռք բերել սղաճի և տնտեսական աճի ցանկալի մակարդակներ, խթանել խնայողությունները և դրանց ուղղումը երկարաժամկետ ներդրումներին, խրախուսել արտահանումը և այլն: Ձևավորված տնտեսական միջավայրը նախապահանջ էր 1998թ. տնտեսական և դրամավարկային ծրագրավորման համար, և ներկայացված հիմնախնդիրների ու միջոցառումների մեծ մասը ուղղված էր 1998թ. և հետագա տարիներին տնտեսական քաղաքականության նպատակների իրագործմանը: Արդյունքում` 1998 թվականի ութ ամիսների ընթացքում գրանցվել են հետևյալ ցուցանիշները`

ՀՆԱ-ի իրական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 7.9%,

գրանցվել է սղաճի-5.6% մակարդակ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 14.5%,

արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 21.7%, իսկ ներմուծումը` 4.3 %,

գրանցվել է համախառն արժութային պահուստների բավականին բարձր մակարդակ, որն ապահովում է ներմուծման 4.3 ամսվա ծածկույթ` ծրագրավորված 3.3 ամսվա փոխարեն,

տարեսկզբին վարկային գծի մնացորդի դիմաց արժեթղթավորվել է 9.0 մլրդ դրամ, պահպանվել է կառավարության վարկավորման զրոյական ռեժիմը, և ընթացիկ լիկվիդայնության կարգավորման նպատակով եռամսյակների ընթացքում տրամադրվել են կարճաժամկետ վարկեր:

Ակնհայտ է, որ 1998 թվականին իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը չի հանգեցրել պահանջարկի ընդլայնման` կապված ծրագրով նախատեսված գրանտների և ֆինանսավորման աղբյուրների նվազման հաշվին ծախսերի կրճատման հետ և բնութագրվել դեֆիցիտի բավականին ցածր մակարդակով, ինչն առավելապես նպաստել է սղաճի ցածր մակարդակի ձեռքբերմանը:

Սակայն 1998 թվականի ձեռքբերումների կողքին դեռևս առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք թեև բնույթով տարբերվում են դրամավարկային քաղաքականության վրա իրենց ազդեցության տեսանկյունից, սակայն վերջինիս արդյունավետ իրականացումը մեծապես կապված է այդ խնդիրների լուծման հետ: Տարանջատելով խնդիրները` ներկայացնենք դրանք հետևյալ դասակարգմամբ.

Վիճակագրական բնույթի խնդիրներ, որոնց անկատարությունը կամ բացակայությունը դժվարացնում է դրամավարկային քաղաքականության ընթացքի վերաբերյալ գնահատականների ձևավորումը.

-տնտեսական վիճակագրության կատարելագործման և նոր մոտեցումների կիրառման խնդիրները, այն է` տարվա ընթացքում իրական ՀՆԱ-ի աճի, մակրոտնտեսական ցուցանիշների տրամադրումը երեք ամսից ոչ ուշ ժամանակային չափով, ինչպես նաև միկրոտնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշների ապահովումը,

-համախմբված բյուջեի վիճակագրական բազայի կատարելագործումը և հրապարակայնության ապահովումը` ուղղորդվելով տնտեսական իրավիճակի վրա պետբյուջեի ազդեցության ամբողջական գնահատման տեսանկյունից:

Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների արդյունավետ կոորդինացումն ապահովող խնդիրները.

-ՀՀ պետբյուջեի եռամսյակային ծրագրերի բացակայությունը, ինչպես նաև պետբյուջեի ցուցանիշների` եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ամսական ծրագրավորման ոչ բարձր մակարդակը,

-պետբյուջեի եկամուտների, ծախսերի և դրանցով պայմանավորված դեֆիցիտի անհամաչափության խնդիրը,

-բյուջետային տարվա եզրափակիչ շրջանառության կանոնակարգումը, որը հնարավորություն կընձեռի հստակեցնել ՀՀ ԿԲ-ի և պետբյուջեի փոխհարաբերությունները:

Մակրոտնտեսական ցանկալի համամասնությունների պահպանման, երկարաժամկետ հատվածում տնտեսական կայուն աճի համար երաշխիքների ապահովման տեսանկյունից առանձնացնենք`

-տնտեսությունում գոյություն ունեցող սեզոնայնության հարթման խնդիրը,

-դեռևս բացասական ներքին խնայողությունները, որը առկա միջազգային ճգնաժամերի պայմաններում առավել կարևորվում է,

-պետբյուջեի ցուցանիշների սեզոնայնության հարթեցումը, որն իր ազդեցությունն ունի ինչպես տնտեսության առանձին հատվածների, այնպես էլ հարկաբյուջետային քաղաքականության արդյունքների վրա,

-բյուջեի ընթացիկ եկամուտների և ծախսերի կանխատեսումների արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև ՀՆԱ-ում պետական բյուջեի դեֆիցիտի միջնաժամկետ` մինչև 2002 թվականը նախանշված սցենարի ապահովումը:

Ամփոփելով նշենք, որ դեռևս առկա են մի շարք կազմակերպական և օրենսդրական փոփոխությունների ենթակա խնդիրներ, որոնցից են.

-նախորդ տարիներից փոխանցված չվճարումների հիմնահարցի լուծման հստակեցումը,

-ոչ բանկային ֆինանսական հաստատությունների օրենսդրության կատարելագործումը և նրանց գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

-գանձապետարանի լիարժեք գործունեության ապահովումը, որը կհանդիսանա բյուջեի միջոցների արդյունավետ կառավարման նախադրյալ:

Վերոհիշյալ խնդիրներից բացի, առկա են նաև մի շարք նոր խնդիրներ, որոնց իրականացումը կնպաստի տնտեսական քաղաքականության միջնաժամկետ նպատակներին տնտեսությունում կառուցվածքային բարեփոխումների համապատասխանեցմանը: Երկար և միջնաժամկետ հատվածներում մակրոտնտեսական ցանկալի համամասնությունների պահպանման տեսանկյունից առանձնացնենք հետևյալ խնդիրները.

-հարկային օրենսդրության վերջնական ձևավորումը, որը ենթադրում է տնտեսության և ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը նպաստող հարկային արդյունավետ մեխանիզմների մշակում և ներդրում,

-հարկային քաղաքականության և վարչարարության կատարելագործում, որը կնպաստի հարկային եկամուտների հավաքագրման արդյունավետության բարձրացմանը և հարկային համակարգի պարզեցմանը,

-պետական ծախսերի կառավարման և վերահսկողության բարելավումը, որի նախադրյալներն են 1999 թվականից պետական տարբեր մակարդակների ցուցանիշների համախմբումը և դրանց գործառնությունների վիճակագրության վարումը,

-պետական բյուջեի և տեղական համայնքների բյուջեների կատարման նկատմամբ վերահսկողության ուժեղացումը,

-պետական պարտքի կայունության ապահովման խնդիրը, որը կայուն տնտեսական աճի ապահովման երաշխիք կհանդիսանա` նպաստելով ֆինանսական շուկայի հոսքերի, տոկոսադրույքների ու դրամավարկային քաղաքականությունների սահուն համադրմանը,

-բյուջետային համակարգի մասին օրենքի կատարելագործման խնդիրը, որը կհստակեցնի տնտեսական զարգացմանը համապատասխան պետության բոլոր մակարդակների դերը,

-տնտեսության առանձին ճյուղերի և ոլորտների նպատակային ծրագրերի ձևավորումը, միկրոմակարդակում ձեռնարկությունների ծրագրերի և կապիտալ ներդրումների հրապարակայնության ապահովումը,

-վերը նշվածի հետ կապված` նաև պետական մասնակցությամբ ձեռնարկությունների ֆինանսական գործունեության հրապարակայնությունը և մոնիտորինգը,

-պետության կարևորագույն հատվածների` էներգետիկայի, կրթության, առողջապահության զարգացման ռազմավարության համադրումը մակրոտնտեսական ծրագրերին:

Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների արդյունավետ կոորդինացման միջոցով դրամավարկային և հարկաբյուջետային ծրագրավորված ցուցանիշների ապահովման տեսանկյունից առանձնացնենք հետևյալ խնդիրները.

-բյուջեի ցուցանիշների ծրագրավորման բարելավումը` զուգորդելով դրամավարկային քաղաքականության գործիքների հետ,

-նախորդ տարիներից առկա և չլուծված կապիտալի և ֆինանսական շուկաների կարգավորման մեխանիզմների ստեղծումը:

Նշված խնդիրների կողքին կարևորվում է վերջիններիս համապատասխան իրավական դաշտի հստակեցումը:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի բյուջետային ուղերձում 1998 թվականի մակրոտնտեսական իրավիճակը և հարկաբյուջետային քաղաքականությունը բնութագրող թվային տվյալները համադրելի չեն ըստ ներկայացվող ժամանակահատվածների (ՀՆԱ-ում հարկային եկամուտների 19% ցուցանիշը կիսամյակի համար է, իսկ ՀՆԱ-ում պետբյուջեի դեֆիցիտի 1.7%-ը` ինն ամիսների համար), և առկա են թվային անճշտություններ (սպառողական գների ինդեքսի աճի ցուցանիշը ինն ամիսների ընթացքում կազմել է-5.7, մինչդեռ ուղերձում նշված է 0.9 և այլն):

Վերոհիշյալ կառուցվածքային միջոցառումները պետք է ուղղվեն տնտեսական քաղաքականության մակրոտնտեսական համամասնությունների պահպանմանը և ծառայեն որպես տնտեսության նկատմամբ համընդհանուր վստահության ձեռքբերման գրավական: Վերջինիս հետ կապված մի շարք խնդիրներ են առաջ գալիս 1999 թվականի համախմբված բյուջեի ուղերձում զետեղված մակրոտնտեսական համամասնությունների մասով: Այս առումով ՀՀ կենտրոնական բանկը կարևորում է 1999թ. մակրոտնտեսական իրավիճակը բնութագրող նպատակային հետևյալ խնդիրները, որոնք արտահայտվել են ՀՀ ԿԲ-ի 1999թ. ֆինանսական ծրագրում.

ա) իրական արտահանման աճ` 4.3%-ով,

բ) ՀՆԱ-ում ընթացիկ հաշվի ճեղքվածքի մինչև 20 % մակարդակի ապահովումը,

գ) դրամական զանգվածի տարվա ընթացքում սահուն աճի ապահովումը (մինչև 18%),

դ) ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական պահուստների ներմուծման առնվազն 4.3 ամսվա պաշարների ապահովումը,

ե) համախմբված բյուջեի դեֆիցիտի ՀՆԱ-ի մինչև 5.0 %-ի կրճատումը, ամբողջ տարվա ընթացքում ցածր մակարդակի պահպանումը,

զ) ՀՀ կենտրոնական բանկի կողմից պետբյուջեի զրոյական վարկավորումը:

1999թ. պետական բյուջեի ծրագիրը նախատեսում է ՀՆԱ-ի 5.7 % դեֆիցիտ (ներառյալ 3-րդ հավելվածով նախատեսված սեփականաշնորհման ծախսերը): 1998 թվականի ինն ամիսների ընթացքում պետբյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 3.4 %-ը, որի հետևանքով դեֆիցիտի ծրագրային ցուցանիշի ապահովման ծանրությունը բաժին է ընկնում չորրորդ եռամսյակին: 1999 թվականի ՀՆԱ-ում դեֆիցիտի 5.7% մակարդակը այն սահմանն է, որ թույլ կտա ապահովել ինչպես սղաճի, ընթացիկ հաշվի դեֆիցիտի, այնպես էլ միջնաժամկետ տնտեսական ծրագրերի իրականացումը: Սակայն անհրաժեշտ է ապահովել 1999 թվականի ընթացքում բյուջեի դեֆիցիտի հավասարաչափ բաշխում` ըստ եռամսյակների: Պետական բյուջեի մեծ դեֆիցիտը հնարավորություն չի ընձեռի նաև ապահովելու տոկոսադրույքների նախատեսվող ցածր մակարդակ: Նախորդ տարվա նկատմամբ սղաճի 12.9% ընտրված մակարդակը բավականին բարձր ցուցանիշ է, քանի որ այն կարելի է ապահովել 1999 թվականի առաջին եռամսյակում մոտ 15-16% սղաճի պայմաններում, որն էլ, իր հերթին ձևավորելով սպասումներ սղաճի բարձր մակարդակի վերաբերյալ, հնարավոր է, որ վտանգի հաջորդ երկու եռամսյակներում նախատեսված դեֆլյացիոն երևույթները, և տարվա ընթացքում նախատեսված 9.9% սղաճի մակարդակը դառնա անիրական: Եթե նախատեսված սղաճի բարձր մակարդակը առաջին եռամսյակում ձևավորվելու է որպես հետևանք վարչարարական միջոցառումների, ապա անհրաժեշտ է իրականացնել կոշտ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն` չեզոքացնելու առաջին եռամսյակում սղաճի նման բարձր տեմպերի ձևավորումը, և տարեկան 9.9% մակարդակը ապահովել առավել հարթ սցենարով եռամսյակների ընթացքում:

Կարևորվում է ՀՀ արտաքին տնտեսական և քաղաքական միջավայրի գնահատումը, որը առկա ճգնաժամերի և նրանց խորացման պայմաններում չի կարող չանդրադառնալ ՀՀ տնտեսության վրա: ՈՒստի պահանջվում է ծրագրավորված ցուցանիշների նկատմամբ ամենայն բծախնդրություն, հատկապես արտաքին հատվածի ցուցանիշների և տնտեսություն ներքին և արտաքին ֆինանսական հոսքերի առումով:

Առաջարկում ենք նաև ՀՀ 1999 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ տնտեսական քաղաքականության զարգացման ուղղությունների 1999-2001թթ. ժամանակահատվածն ընդլայնել մինչև 2002 թվականը: Ըստ այդմ, ներկայացված աղյուսակ 1-ում առաջարկվում է 1999-2002թթ. դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության զուգորդմամբ ապահովել 6-9% սղաճի տարեկան տեմպերի դինամիկա, ՀՆԱ-ում վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դեֆիցիտի նվազում 21.7%-ից մինչև 14%-ի, ներքին խնայողությունների տեմպերի ավելացում: Նշենք, որ միջնաժամկետ ծրագրում առկա թուլացումը պայմանավորված է 1998 և 1999 թվականներին բյուջեի մեծ դեֆիցիտների, ներդրումների նկատմամբ աճող պահանջարկի արդյունքում ձևավորված սղաճի սպասումներով: Սակայն առաջնորդվելով սղաճի, որպես ՀՀ կենտրոնական բանկի հիմնական խնդրի, կարևորությամբ` ճշգրտման է ենթարկվել միայն սղաճի ցուցանիշը, որը, սակայն, չի ուղեկցվել ընթացիկ հաշվի դեֆիցիտի և խնայողությունների աճով: Այսպիսով` դեռևս առկա է արտամղման երևույթը, ներքին խնայողությունների բացասական մակարդակ:

 

ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 1996-2002ԹԹ.

 

Աղ.1

._______________________________________________________________________.

|      ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ     |  1996|  1997| 1998*|  1999|  2000|  2001|  2002|

|______________________|______|______|______|______|______|______|______|

|ՀՆԱ, իրական աճը (%)   |   5.8|   3.1|   5.5|   4.0|   6.2|   6.2|   6.2|

|______________________|______|______|______|______|______|______|______|

|Սղաճ` նախորդ տարվա    |      |      |      |      |      |      |      |

|վերջի նկատմամբ (%)    |   5.7|  21.7|   3.0|   9.9|     7|     6|     6|

|______________________|______|______|______|______|______|______|______|

|Սղաճ` նախորդ տարվա    |      |      |      |      |      |      |      |

|նույն ժամ.նկատմամբ (%)|  18.6|  14.0|  9.61|  12.4|     8|     6|     6|

|______________________|______|______|______|______|______|______|______|

|ՀՆԱ անվանական         |      |      |      |      |      |      |      |

|(մլրդ դրամ)           | 660.3| 798.6| 940.2|  1100|1302.0|1465.0|1650.0|

|______________________|______|______|______|______|______|______|______|

|Դրամական զանգված      |      |      |      |      |      |      |      |

|(մլրդ դրամ)           |  54.5|  70.8|  89.1| 103.8| 118.0| 132.0| 150.0|

|______________________|______|______|______|______|______|______|______|

|Դրամական զանգվածի     |      |      |      |      |      |      |      |

|աճը (%)               |  32.8|  29.8|  25.0|  17.7|  13.6|  12.6|  12.5|

|______________________|______|______|______|______|______|______|______|

|Արտահանում/ՀՆԱ (%)    |  23.1|  14.4|  15.5|  16.0|  17.0|  18.0|  20.0|

|______________________|______|______|______|______|______|______|______|

|Ներմուծում/ՀՆԱ (%)    |  55.7|  48.8|  43.9|  41.4|  40.0|  40.0|  39.0|

|______________________|______|______|______|______|______|______|______|

|Վճ. հաշվեկշռի ընթացիկ |      |      |      |      |      |      |      |

|հաշիվ/ՀՆԱ (%)         | -26.6| -27.8| -21.7| -19.8| -18.6|   -16|   -14|

|______________________|______|______|______|______|______|______|______|

|ՀՀ պետբյուջեի         |      |      |      |      |      |      |      |

|դեֆիցիտ/ՀՆԱ (%)       |  -9.1|  -6.7|  -5.3|  -4.6|  -3.5|  -2.9|  -1.9|

|______________________|______|______|______|______|______|______|______|

|Համախառն արտաքին      |      |      |      |      |      |      |      |

|պահուստներ (մլն դոլ.) |   168|   243|   351|   392|   393|   393|   395|

|______________________|______|______|______|______|______|______|______|

|Համախառն ներմուծման   |      |      |      |      |      |      |      |

|ծածկույթը (ամիս)      |   2.2|   2.8|   4.0|   4.2|   4.0|   4.0|   4.0|

._______________________________________________________________________.

----------------

1 Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ սղաճի հաշվարկման համար հիմք է ընդունվել 1998 թվականի բնականոն սղաճը, որի մեջ ներառված չեն պետության կողմից կարգավորվող գների, մրգի և բանջարեղենի գների փոփոխությունները:

* Ներկայացված են 1998 թվականի ակնկալվող տարեկան մակրոտնտեսական ցուցանիշները:

 

Աղյուսակը պետք է համալրվի նաև սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող մի շարք այլ ցուցանիշների կանխատեսումներով, որը կհանդիսանա բյուջեի նախագծի կարևորագույն հատվածներից մեկը, ինչն էլ կազմում է հանրապետության տնտեսական քաղաքականության միջին և երկարաժամկետ ռազմավարությունը:

Թեև ՀՀ 1999 թվականի պետական բյուջեի նախագիծը, ի տարբերություն բյուջետային ուղերձի, առանձնանում է հստակությամբ և նպատակայնությամբ, այնուհանդերձ, նրանում առկա են մի շարք թերություններ, մասնավորապես.

1999թ. բյուջեի եկամուտները, մեր կարծիքով, ծրագրավորված են բավական բարձր մակարդակով, մասնավորապես`

- Լավատեսական են գրանտների ծավալները` 15.1 մլրդ դրամ, ընթացիկ տարվա

7,5 մլրդ, 1997թ. 12,4 մլրդ, 1996թ. 9,6 մլրդ 1995թ. 19,6 մլրդ դրամի

դիմաց: Նախորդ տարիների բյուջեի փորձը ցույց է տալիս, որ գրանտների

ծրագրավորված ցուցանիշները հիմնականում գերագնահատվել են, և

փաստացի տարեկան մուտքերը կազմել են ծրագրավորվածի շուրջ 30%-ը:

Սակայն հուսադրող է այն հանգամանքը, որ գրանտների մի մասը կապակցված

է համապատասխանաբար կապիտալ ծախսերի հետ, որոնց բացակայությունը

կուղեկցվի կապիտալ ծախսերի կրճատմամբ:

- Նախորդ տարվա համեմատ 1999 թվականի հարկային եկամուտների 24.5 %

անվանական աճը նույնպես լավատեսական է: Հաշվի առնելով հարկային

օրենսդրության մեջ նախատեսվող փոփոխությունները (եկամտահարկի,

շահութահարկի և ավելացված արժեքի հարկման բազաների նվազում)`

եկամուտների վերը նշված աճի ապահովումը առավել անհավանական է թվում:

1998 թվականին եկամուտների նկատված զգալի աճը մեծ չափով

վարչարարության հետ է կապված: Ներկայումս վարչարարության խստացումը

չի կարող բարձր արդյունավետություն ապահովել, և դրանից ստացված

արդյունքը կլինի ոչ այդքան մեծ:

Անդրադառնալով 1999 թվականի պետական բյուջեի ծախսային հոդվածներին` նշենք, որ «կառավարության պահուստային ֆոնդ» հոդվածում ցանկալի է առանձնացնել ՀՀ կառավարության երաշխիքներով տրվող վարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Ամփոփելով նշենք, որ 1999 թվականի պետական բյուջեն ինքնին բնութագրում է հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, բարեփոխումների գործընթացի արագացմանն ուղղված կառավարության ջանքերը: Սակայն, ինչպես նաև նախորդ տարի, առաջ է գալիս անհանգստություն` արձանագրված նպատակների իրագործման վերաբերյալ: Այդ տեսանկյունից կարևորվում է առկա բոլոր առաջարկությունների և հարցադրումների քննարկման, միջոցառումների ծրագրի հստակեցման ու ամբողջականացման` ներառելով նաև ծրագրերի գործնական կիրառումն ապահովող տեխնիկական պայմանները, կառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Վերոհիշյալ խնդիրների արմատական լուծումը միայն երաշխիք կհանդիսանա ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության արդյունավետության, իսկ հակառակ պարագայում կասկածի տակ է դրվում դրամավարկային քաղաքականության ծրագրային համամասնությունների ապահովումը` սղաճի ծրագրավորված մակարդակը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
31.10.1998
N 212
Որոշում