Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 2010-2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 2010-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹ ...

 

 

040.1476.191110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 նոյեմբերի 2010 թվականի N 1476-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 2010-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 2010-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի նոյեմբերի 4-ի

N 1476-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 2010-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Բովանդակություն

 

Ներածություն

I. Գյուղատնտեսության ներկա վիճակի համառոտ բնութագիրը

1. Դրական տեղաշարժերը

2. Ոլորտի զարգացման խոչընդոտները և հիմնախնդիրները

II. Գյուղատնտեսության զարգացման տեսլականը

III. Ռազմավարության նպատակը

IV. Ռազմավարության հիմնական խնդիրները

V. Ռազմավարության հիմնական ուղղությունները

1) Ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարում և

հակաճգնաժամային մեխանիզմների ներդրում

2) Ագրարային բարեփոխումների խորացում, գյուղատնտեսական կոոպերատիվների

զարգացում

3) Պարենային ապահովության մակարդակի բարձրացում, սննդամթերքի

անվտանգության և հիմնական պարենային մթերքների ինքնաբավության նվազագույն

մակարդակի ապահովում

4) Տեղական արտադրության գյուղատնտեսական արտադրանքների մրցունակության

բարձրացում, ըստ նպատակահարմարության ներմուծվող պարենամթերքների

փոխարինում և արտահանման ուղղվածություն ունեցող գյուղատնտեսության

զարգացում

5) Գոտիական մասնագիտացում և արտադրության ռացիոնալ տեղաբաշխում

6) Սննդամթերքի անվտանգության ապահովում

7) Հողօգտագործման արդյունավետության բարձրացում

8) Օրգանական գյուղատնտեսության զարգացում

9) Բուսաբուծության զարգացում

10) Անասնաբուծության զարգացում

11) Գյուղատնտեսական հումքի վերամշակում

12) Գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների զարգացում և

արտադրության տեխնիկական հագեցվածության բարձրացում

13) Գյուղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացում

14) Գյուղատնտեսական ռիսկերի մեղմացում

15) Ագրարային ոլորտի վարկավորման բարելավում

16) Ագրարային ոլորտի գիտակրթական, խորհրդատվական համակարգի բարելավում

17) Գյուղատնտեսության հաշվառման համակարգի բարելավում

VI. Գյուղատնտեսության պետական կարգավորում

VII. Ռազմավարության իրականացումից ակնկալվող արդյունքները

VIII. Ռազմավարության իրականացման կառավարումը և մոնիթորինգը

 

Ներածություն

 

1. Սույն ռազմավարությունը ամրագրում է գյուղատնտեսության և գյուղի զարգացմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները 2010-2020 թվականներին:

2. Հանրապետության տնտեսության ազատականացումը, հողի և գյուղատնտեսական արտադրության մյուս միջոցների, արտադրական և սպասարկող ենթակառուցվածքների, գյուղմթերքներ իրացնող և վերամշակող կազմակերպությունների մասնավորեցումը հուսալի նախադրյալներ են ստեղծել գյուղում առկա ներուժի արդյունավետ օգտագործման համար: Այդուհանդերձ, հաշվի առնելով ագրարային ոլորտի առանձնահատկությունները, ագրարային հատվածում ստեղծված իրավիճակը, ծառացած խնդիրների մասշտաբներն ու հրատապությունը, երկրի պարենային անվտանգության և գյուղական տարածքների զարգացման առաջնահերթությունը, կարևորվում է գյուղատնտեսության և գյուղին պետական ակտիվ աջակցությունը: Այն առավելապես ուղղված է ագրարային ոլորտում իրավական հիմքի ձևավորմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար գործունեության և ներդրումների բարենպաստ պայմանների ապահովմանը, գյուղատնտեսության և գյուղի ենթակառուցվածքների զարգացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրության խթանմանը, գիտական նվաճումների և նոր տեխնոլոգիաների ներդրմանը, սննդամթերքի անվտանգության և մասնագիտական խորհրդատվության համակարգերի զարգացմանը:

3. Փաստաթղթում նախանշվում է ագրարային քաղաքականության հիմնական ուղղությունները և դրանց իրականացումն ապահովող միջոցառումները: Միաժամանակ ռազմավարությամբ սահմանվում են գյուղատնտեսության ոլորտի գերակայությունները և շուկայական գործոններով պայմանավորված նախընտրելի մասնագիտացումն ու ռացիոնալ տեղաբաշխումը, որոնք պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դոնոր համայնքի, ներդրողների և տնտեսվարող սուբյեկտների համար կարող են լինել առավել նպատակամետ գործունեության ուղենիշներ:

4. Սույն ռազմավարությունը թղթակցվում է ՀՀ կառավարության Կայուն զարգացման ծրագրին և ապահովում է հանրապետությունում ագրարային բարեփոխումների խորացման քաղաքականության շարունակականությունը, միտված է գյուղական աղքատության հաղթահարմանը և գյուղական աշխատունակ բնակչության միգրացիայի նվազեցմանը:

 

I. Գյուղատնտեսության ներկա վիճակի համառոտ բնութագիրը

 

1. Դրական տեղաշարժերը

 

5. Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկը` ագրոպարենային համակարգը, 2004-2008 թթ. ապահովել է երկրի համախառն ներքին արդյունքի 25.3, այդ թվում գյուղատնտեսությունը` 18.8 տոկոսը:

6. Հաշվի առնելով երկրի կենսագործունեության և տնտեսության կայունացման գործում գյուղատնտեսության կարևորությունը, անկախության հռչակումից անմիջապես հետո, ընտրվեց հողի և գյուղատնտեսական արտադրության մյուս միջոցների, սպասարկող ենթակառուցվածքների, գյուղմթերքներ իրացնող ու վերամշակող կազմակերպությունների մասնավորեցման քաղաքականություն: Արդյունքում, ներկայումս ագրոպարենային ոլորտում ձևավորվել է շուկայական հարաբերություններով կարգավորվող ազատ տնտեսական համակարգ, որը ներառում է շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություն, գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններ, գյուղատնտեսության սպասարկման, գյուղմթերքների իրացման ու վերամշակման բազմաթիվ մասնավոր ընկերություններ:

7. Հանրապետության գյուղատնտեսական արտադրությունում հիմնական հողօգտագործողները գյուղացիական տնտեսություններն են, որոնք տնօրինում են վարելահողերի ավելի քան 82.0, բազմամյա տնկարկների` 75.0, խոտհարքերի` 50.0 տոկոսը:

8. Ներկայումս գյուղատնտեսության համախառն արտադրանքի բացարձակ գերակշռող մասը (ավելի քան 98 տոկոսը) ապահովվում է մասնավոր հատվածի կողմից:

9. Տնտեսավարման նոր պայմաններում, երբ արմատապես փոխվել է հողօգտագործման համակարգը, և մշակովի հողատարածությունները մասնատվել են ավելի քան 1.2 մլն հողակտորների, առանձնահատուկ կարևորություն է ստանում գյուղատնտեսության արտադրական և սպասարկող ենթակառուցվածքների արդիականացումը գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացումը:

10. Միջազգային փորձը վկայում է, որ տնտեսության մյուս ճյուղերի զարգացումը և գյուղատնտեսության ոլորտում ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառումը որպես կանոն հանգեցնում են տնտեսավարող սուբյեկտների թվաքանակի կրճատման, մեկ տնտեսության հաշվով հողատարածության մեծացման և ի հաշիվ աշխատանքի արտադրողականության բարձրացման` զբաղվածների թվի նվազեցման: Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում այս օրինաչափությունները դեռևս ցայտուն դրսևորումներ չունեն: ՈՒստի ագրարային ոլորտում կարևորվում է տնտեսվարման բազմաձևության և կամավորության սկզբունքով կոոպերացիայի զարգացման անհրաժեշտությունը: Ներկա էտապում փոքր հողակտորների վրա արդյունավետ տնտեսավարմանը պետք է նպաստեն ճյուղի սպասարկող ծառայությունների և շուկայական ենթակառուցվածքների ընդլայնումն ու մրցունակության բարձրացումը: Դա, կոոպերացիայի զարգացման հետ միասին, առկա դժվարությունների հաղթահարման ամենաարդյունավետ ուղին է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն իրականացնելու գյուղական ենթակառուցվածքների զարգացման, ոռոգման համակարգերի կատարելագործման, հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, արոտավայրերի ջրարբիացման, գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների դեմ կենտրոնացված պայքարի, և այլ կարևոր ծրագրեր: Դրանց արդյունքում դրական միտումներ կան` հացահատիկի, կարտոֆիլի, բանջարեղենի արտադրության, ինչպես նաև այգեգործության բնագավառում:

11. Գյուղատնտեսական հումք արտադրող և վերամշակող ընկերությունների և փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների միջև աստիճանաբար ձևավորվում են պայմանագրային հարաբերություններ, որոնք հուսալի նախապայմաններ են ստեղծում լոլիկի, պտղի, խաղողի և կաթի արտադրության ավելացման համար:

12. Կարևորագույն ձեռքբերում է տնտեսավարող սուբյեկտների գործելաոճի և մտածողության փոփոխությունը: Ի տարբերություն ագրարային բարեփոխումների առաջին տարիների, ներկայումս արտադրողներն այլևս իրենց արտադրական խնդիրների լուծումն ամբողջականորեն չեն կապում պետական հովանավորչության հետ և ագրարային ոլորտի տարբեր գործառույթ ունեցող սուբյեկտների հետ ձևավորվում է գործընկերային հարաբերություններ: Այսպիսի գործելաոճի և մտածողության հետագա զարգացումը որպես մարդկային գործոնի դրսևորում` ագրարային բարեփոխումների խորացման հիմնական նախադրյալն է հատկապես կոոպերացիայի զարգացման ուղղությամբ:

13. Հայաստանի գյուղատնտեսության կարևոր ձեռքբերումներից մեկը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացումն է: Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (ՊԳԿ), Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին (ԳԶՄՀ) և այլ միջազգային կազմակերպություններին անդամակցությունը կարևոր ազդակ է համաշխարհային զարգացումների տիրույթում գտնվելու, ինչպես նաև համընդհանուր պահանջներին համահունչ ոլորտի իրավական ու տեխնոլոգիական կարգավորման համար, որը արտաքին ներդրումների ներգրավման և արտաքին առևտրի զարգացման կարևոր նախադրյալ է:

14. 2000 թ. համեմատությամբ 2004-2008 թթ. պարենային ապրանքների արտահանումն ավելացել է 4.7 անգամ, իսկ ընդամենը արտահանման կառուցվածքում 10.0 տոկոսից հասել է 14.4 տոկոսի: Միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն ունեցավ ՀՀ արտաքին առևտրի վրա, մասնավորապես 2009 թվականին 2008-ի նկատմամբ (հունվար-սեպտեմբերի տվյալներով) 35.4 տոկոսով կրճատվեցին գյուղատնտեսական ծագման արտադրանքների արտահանման ծավալները, որի հետևանքով 2009 թվականի հունվար-նոյեմբերի տվյալներով գյուղատնտեսական մթերքների վերամշակող արդյունաբերության համախառն արտադրանքը 7.8 տոկոսով պակասեց նախորդ տարվա համեմատությամբ:

15. ՀՀ կառավարության 2006 թ. նոյեմբերի 30-ի N 1826-Ն որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության (վերանայված տարբերակով) նախատեսված 51 միջոցառումների 90.2 տոկոսը կատարվել է կամ կատարման ընթացքում է: Ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների չկատարման հիմնական պատճառը համապատասխան ֆինանսական միջոցների բացակայությունն է (նշվածը վերաբերում է ցանկի 2-րդ, 3-րդ, 27-րդ, 41-րդ միջոցառումներին): 2006-2008 թվականներին գյուղատնտեսությունում ապահովվել է տնտեսական աճ, մասնավորապես` 2006 թվականին 0.4%, 2007 թվականին` 9.6%, 2008 թվականին` 1.3%: Կապված ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ 2009 թվականին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ճյուղում գրանցվել է անկում 0.1%-ով, դրա հետ միաժամանակ ճյուղը ունեցել է հարաբերական կայունություն տնտեսության մյուս ճյուղերի նկատմամբ: 2009 թվականին հանրապետությունում ընդհանուր տնտեսական անկումը կազմել է 14.4%:

16. Գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացմանը նպաստել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մի շարք կարևոր ծրագրերի իրականացման պետական աջակցությունը (աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

ՀՀ պետական բյուջեից գյուղատնտեսության ֆինանսավորումը

 

(մլն դրամ)

._____________________________________________________________________.

|հ/հ|Միջոցառման անվանումը                     |Տարիները               |

|   |                                         |_______________________|

|   |                                         |2008 թ.|2009 թ.|2010 թ.|

|___|_________________________________________|_______|_______|_______|

| 1 |                    2                    |   3   |   4   |   5   |

|___|_________________________________________|_______|_______|_______|

| 1 |Բույսերի պաշտպանության միջոցառումներ     | 300,0 | 300,0 | 150,0 |

|___|_________________________________________|_______|_______|_______|

| 2 |Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում   | 1353,8| 1531,4| 1000,0|

|___|_________________________________________|_______|_______|_______|

| 3 |Գյուղական խորհրդատվական ծառայությունների | 141,5 | 183,1 | 293,1 |

|   |իրականացման նպատակով ԳԱՄԿ-ների և         |       |       |       |

|   |ԳԱՀԿ-ների ֆինանսավորում                  |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

| 4 |Գյուղատնտեսության կենդանիների            | 184,3 | 217,4 | 185,0 |

|   |հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և |       |       |       |

|   |կենդանական ծագում ունեցող հումքի և       |       |       |       |

|   |նյութի փորձաքննության միջոցառումների     |       |       |       |

|   |իրականացում                              |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

| 5 |Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում,   | 369,1 | 844,7 | 547,1 |

|   |բարելավում և  ինժեներական կառուցվածքների |       |       |       |

|   |վերականգնում                             |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

| 6 |Պետական աջակցություն գյուղատնտեսական     | 1645,0| 1602,4| 558,0 |

|   |հողօգտագործողներին                       |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

| 7 |Հայաստանի Հանրապետության տավարաբուծության| 500,0 | 500,0 |  0,0  |

|   |զարգացման ծրագիր                         |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

| 8 |Տավարաբուծության զարգացման ծրագիր        |  0,0  |  0,0  | 345,0 |

|   |(Ճապոնիայի կառավարության աջակցությամբ    |       |       |       |

|   |իրականացվող «Դրամաշնորհային աջակցություն |       |       |       |

|   |սակավ ապահով ֆերմերներին» ծրագրի         |       |       |       |

|   |շրջանակներում)                           |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

| 9 |Հայաստանի Հանրապետությունում ցորենի և    | 105,1 | 188,2 |  76,6 |

|   |գարու սերմնաբուծության զարգացման ծրագիր  |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|10 |Անտառպահպանական անտառպաշտպանական,        | 1465,5| 1465,5| 765,5 |

|   |անտառվերականգնման աշխատանքների           |       |       |       |

|   |իրականացում                              |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|11 |Ճապոնիայի կառավարության «Պարենային       | 400,0 | 300,0 |  0,0  |

|   |արտադրության աճ» ծրագրի շրջանակներում    |       |       |       |

|   |ձևավորված  գործընկերային ֆոնդի հաշվին    |       |       |       |

|   |իրականացվող անտառվերականգնման            |       |       |       |

|   |միջոցառումներ                            |       |       |       |

|_____________________________________________|_______|_______|_______|

|           ԸՆԴԱՄԵՆԸ                          | 6464,3| 7132,7| 3920,3|

|_____________________________________________|_______|_______|_______|

|Այլ ծրագրեր                                  | 2275,6| 1925,6| 1874,8|

|_____________________________________________|_______|_______|_______|

|Վարկային միջոցներ                            | 589,5 | 4408,4| 3387,3|

|_____________________________________________|_______|_______|_______|

|ԱՄԲՈՂՋԸ                                      | 9329,4|13466,7| 9182,4|

._____________________________________________________________________.

 

17. ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ բավականին բարձր է բույսերի պաշտպանության կանխարգելիչ միջոցառումների և գյուղատնտեսական կենդանիների հակահամաճարակային միջոցառումների վրա կատարված ծախսերի փոխհատուցումը: Այսպես, 100-105 հազ. հա տարածքի վրա բույսերի պաշտպանության միջոցառումների արդյունքում ըստ գնահատման կանխվել է շուրջ 11 մլրդ դրամի բերքի կորուստը, իսկ հակահամաճարակային պատվաստումների արդյունքում անասնապահական մթերքների արտադրության ծավալի կորուստի կանխման չափը գնահատվում է 60-65 մլրդ դրամ: Այսպիսով, միայն այս երկու միջոցառումների մասով կատարված ծախսերը փոխհատուցվում է բազմակի անգամ:

18. Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին ծրագրի իրականացումից արդյունքները հետևյալն են.

1) ըստ կատարված ուսումնասիրությունների 2007 թվականին աջակցության ծրագրից օգտված համայնքներում հիմնական մշակաբույսերի մշակության տարածքները 2006 թվականին կազմել են` 1238.0 հա աշնանացան ցորեն և 4012.0 հա գարնանացան գարի, իսկ 2007 թվականին` 1695.0 հա աշնանացան ցորեն և 4749.0 հա գարնանացան գարի: 2007 թվականին 2006 թվականի նկատմամբ ցանքատարածությունների աճը կազմել է` աշնանացան ցորենի 36.9% և գարնանացան գարու` 18.4%: 457 հա-ի վրա կատարվել է աշնանացան ցորենի ավելի ցանք քան 2006 թվականին, որից ստացվող բերքը կազմում է 1165.4 տոննա, արժեքը` 139.8 մլն դրամ: 737 հա-ի վրա կատարվել է գարնանացան գարու ավելի ցանք քան 2006 թվականին, որից ստացված բերքը կազմում է 1842,5 տոննա, արժեքը` 202.7 մլն դրամ: Այսպիսով աշնանացան ցորենի և գարնանացան գարու համախառն արտադրանքի ընդհանուր հավելաճը կազմում է 342.5 մլն դրամ, որն կրկնակի անգամ գերազանցում է 2007 թվականի պետական աջակցության գումարին.

2) գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրի 2008 թվականի արդյունքները հետևյալն են: Հիմնական օժանդակություն ստացած մարզերի տարածաշրջաններում մշակաբույսերի տարածքները 2008 թվականին գերազանցել են նախորդ տարվա մակարդակը 8.5%-ով` ցանքատարածությունների հավելաճը կազմել է 5909.7 հա, այն դեպքում, երբ հանրապետության առումով գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները չեն ավելացել: Համախառն արտադրանքի հավելաճը գնահատվում է 2450.4 մլն դրամ, որը գերազանցում է պետական աջակցության գումարը 56.6%-ով:

3) 2008-2009 թվականներին պետական աջակցություն ստացած նախկին տարածաշրջաններում (Արագած, Մարտունի, Ճամբարակ և Աշոցք), որտեղ գրեթե բոլոր համայնքները պետական աջակցության ծրագրում ընդգրկված են եղել, ինչպես 2008 թվականին. այնպես էլ 2009 թվականին, աշնանացան և գարնանացան գարու ու ցորենի ցանքատարածությունները 2009 թ. գերազանցել են 2008 թ. մակարդակը 78.3%-ով և կազմել են 15050 հա (ցանքատարածությունների աճը` 6611 հա): Միայն տվյալ տարածաշրջաններում բերքի հավելումը գնահատվում է 15.9 հազ. տոննա, արժեքային արտահայտությամբ` 1.8 մլրդ դրամ (գերազանցում է պետական աջակցության գումարը չհաշված սուբսիդավորում ստացած մյուս տարածքները).

4) նշված և այլ ծրագրերի գնահատումը վկայում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գյուղատնտեսությանը հատկացված միջոցների արդյունավետության մասին:

19. Ագրարային բարեփոխումների առաջին տարիներին տարբեր գործոնների հետևանքով մեծ կորուստների ենթարկվեցին գյուղատնտեսության զարգացումն պայմանավորող` ագրոսպասարկման, ագրոբերրիության և ագրովերամշակման ենթակառուցվածքները: Վերջին տասնամյակում ագրովերամշակման համակարգում նկատելիորեն ավելացել են հզորությունների օգտագործումը, որի արդյունքում մեղմացել է գյուղատնտեսական հումքի մթերումների հիմնախնդիրը:

20. Միանշանակ է, որ հանրապետության գյուղատնտեսության զարգացման գլխավոր ազդակը ագրոպարենային արդյունաբերության զարգացումն է, որին պետք է նպատակաուղղել ագրարային ոլորտի ներդրումային քաղաքականությունը:

 

2. Ոլորտի զարգացման խոչընդոտները և հիմնախնդիրները

 

21. Գյուղատնտեսական արտադրության արդյունավետ զարգացմանը դեռևս լրջորեն խոչընդոտում է գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը և գյուղատնտեսության և գյուղի սպասարկող ենթակառուցվածքների դանդաղ ձևավորումը: Ներկայումս մեկ գյուղացիական տնտեսությանը միջին հաշվով բաժին է ընկնում 1.4 հա գյուղատնտեսական հողատեսքեր, այդ թվում 1.1 հա վարելահող, որը հնարավորություն չի ընձեռում իրականացնել ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառում և արդյունավետ տնտեսավարում:

22. Հայաստանի Հանրապետության նման սակավահող երկրում, որտեղ բնակչության մեկ շնչի հաշվով գյուղատնտեսական հողերը կազմում են 0.65 հա, իսկ վարելահողերը` ընդամենը 0.14 հա, գերակա խնդիր է հողային ռեսուրսների լիարժեք և արդյունավետ օգտագործումը: Սակայն տարբեր գործոնների հետևանքով ներկայումս վարելահողերի շուրջ 33.0.տոկոսը կամ 150.0 հազ. հեկտարը տարբեր պատճառներով նպատակային նշանակությամբ չի օգտագործվում, ուստի ռազմավարական կարևորագույն խնդիր է հողօգտագործման արդյունավետության բարձրացման նպատակային ծրագրի իրականացումը: Հողօգտագործման հիմնախնդիրների մասին են վկայում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները և բազմամյա տնկարկների տարածքները 1990 թվականի համեմատությամբ 2009 թվականի համապատասխանաբար 31.3 և 32.6 տոկոսով (գծապատկեր 1 և 2):

 

Գծապատկեր 1

 

Գծապատկեր 2

 

---------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերները չեն բերվում

 

23. Ժամանակակից գյուղատնտեսության զարգացման մայրուղին արդյունաբերականացումն է, այսինքն` ինտենսիվացման մակարդակի բարձրացումը, արդիական տեխնոլոգիաների և կառավարման համակարգերի կիրառումը: Այն հանգամանքը, որ դեռևս ցածր է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը և կենդանիների մթերատվությունը, արդեն իսկ խոսում է ինտենսիվացման ցածր մակարդակ ունեցող գյուղատնտեսության մասին:

24. Սերմնաբուծության համակարգի անկատարության, պարարտանյութերի ու թունաքիմիկատների անբավարար և ոչ ճիշտ օգտագործման, մշակության ագրոտեխնիկական կանոնների խախտման հետևանքով դեռևս ցածր է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը: Հիմնականում ցանքատարածությունների ավելացման և որոշ չափով ինտենսիվացման մակարդակի բարձրացման հաշվին մեծացել է հացահատիկի, բանջարեղենի և կարտոֆիլի համախառն բերքը: Ինտենսիվացման առումով որոշակի դրական տեղաշարժեր կան այգեգործությունում (գծապատկեր 3):

 

Գծապատկեր 3

 

---------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

25. Սակայն խաղողագործության ճյուղի զարգացմանը դեռևս խոչընդոտում են` խաղողի ներկայիս սորտային կազմի ոչ ամբողջական համապատասխանությունը վերամշակող արդյունաբերության և շուկայի պահանջներին, մշակության ագրոտեխնիկայի ոչ լիարժեք կատարումը և այգիների բարձր նոսրությունը:

26. Վերջին տասնամյակում ավելի քան 10 անգամ կրճատվել է հանքային, գրեթե 18 անգամ` օրգանական պարարտանյութերի և շուրջ 10 անգամ բույսերի պաշտպանության միջոցների օգտագործումը:

27. Լուրջ խնդիրներ են ծառացել գյուղատնտեսության տեխնիկական ապահովման և սպասարկման ծառայությունների բնագավառում: Ներկայումս գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ավելի քան 95 տոկոսի շահագործման ժամկետը լրացել է, որի պատճառով ցածր է սարքինության մակարդակը և արտադրողականությունը, հետևաբար` բարձր են շահագործման ծախսերը և ծառայությունների սակագները:

28. Թեև պետական աջակցությամբ զգալի աշխատանքներ են կատարվել ոռոգման համակարգերի վերականգնման և զարգացման ուղղությամբ, սակայն դեռևս այս բնագավառում առկա են բազում հիմնախնդիրներ: Հանրապետության 232.9 հազ. հա ոռոգելի հողատարածքներից փաստացի ոռոգվում է շուրջ 156 հազ. հա:

29. Անցումային շրջանում լրջորեն տուժեց նաև անասնապահությունը: Բացի բնակչության վճարունակ պահանջարկի նվազումից, սեփական կերարտադրության կրճատման և ներկրվող կերերի ծավալների կտրուկ սահմանափակման հետևանքով զգալիորեն կրճատվեց անասնագլխաքանակը և անասնապահական մթերքների արտադրությունը (գծապատկերներ 4 և 5): 1990 թ. համեմատությամբ ավելի քան 4 անգամ կրճատվել է կերային մշակաբույսերի տարածությունը, անբավարար է օգտագործվում բնական կերահանդակները: Մասնավորապես խիստ նկատելի է գյուղամերձ արոտավայրերի գերբեռնվածությունն ու էռոզիան և հեռագնա արոտների սահմանափակ օգտագործումը: Վերջիններս հանգեցնում է լուրջ տնտեսական կորուստների և արոտավայրերի դեգրադացման:

 

Գծապատկեր 4

 

---------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

30. Անասնապահության ճյուղում անասնապահական որոշ մթերքների` կաթի և ձվի արտադրության ծավալների ավելացման հետ մեկտեղ դեռևս խնդիրներ կան տոհմային գործի կազմակերպման, մասնավոր անասնաբուժական համակարգի ամրապնդման և ոլորտի պետական աջակցության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ: Դրա հետ միաժամանակ իր կարգավորումն է պահանջում սննդամթերքի անվտանգության և ստանդարտացման բնագավառները:

 

Գծապատկեր 5

 

---------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

31. Վերը նշված հիմնախնդիրներին ավելանում են գյուղմթերքների իրացման շուկայի ձևավորման դժվարությունները, որը մի կողմից պայմանավորված է տեղական շուկայում դեռևս ցածր վճարունակ պահանջարկով, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքներ գնող-իրացնող ենթակառուցվածքների բացակայությամբ, դրանց ձևավորման դանդաղ ընթացքով և արտահանման դժվարություններով:

32. Արտաքին առևտրի ապրանքային կառուցվածքում պարենի և գյուղատնտեսական հումքի բաժինը (2004-2008 թթ. տվյալներով) կազմում է արտահանման 14.3 և ներմուծման 17.1 տոկոսը: 2008 թ. տվյալներով ներմուծման արժեքը արտահանմանը գերազանցում է 4.2 անգամ, ապա պարենի և գյուղատնտեսական հումքի գծով` 4.3 անգամ: Ավելին, արտադրատեսակների այս խմբում արտահանման ավելի քան 64.0 տոկոսը բաժին է ընկնում կոնյակին, որը անհրաժեշտաբար արտահանման դիվերսիֆիկացման խնդիր է առաջադրում: ՈՒստի գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների ավելացումը, առևտրային հաշվեկշռի և կառուցվածքի բարելավումը նույնպես դիտվում է որպես ռազմավարական կարևորություն ներկայացնող հիմնախնդիր:

33. Դեռևս չի բավարարվում գյուղատնտեսությունում տնտեսվարողների վարկավորման պահանջը, մասնավորապես` գյուղացիները յուրաքանչյուր տարի շրջանառու միջոցների խիստ կարիք են զգում, իսկ գործող բանկային համակարգի կողմից վարկավորման պայմանները` գրավի առարկայի շրջանակներ, վարկավորման ժամկետ, տոկոսադրույք և այլն, դժվարամատչելի են գյուղացիական տնտեսությունների հիմնական մասի համար:

34. Գյուղատնտեսությունը որպես ռիսկային ոլորտ յուրաքանչյուր տարի զգալի կորուստներ է կրում տարբեր բնական աղետներից, ուստի կարևոր խնդիր է ռիսկերի մեղմացման միջոցառումների իրականացումը և ապահովագրական համակարգի ներդրումը: Վերջին տարիներին որոշակի ուշադրություն է դարձվել հակակարկտային տեղակայանքների կիրառման և ռադիոլոկացիոն ցանցի ներդրման ուղղությամբ: Զգալի աշխատանքներ են տարվում նաև հեղեղավտանգ տարածքներում հակահեղեղային միջոցառումների և հողերի էռոզիայի դեմ պայքարի իրականացման ուղղությամբ:

35. ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը փաստաթղթում հիմք ընդունելով ագրարային բարեփոխումների անցած ժամանակահատվածի ձեռքբերումները, ինչպես նաև թույլ տրված սխալներն ու բացթողումները, իրատեսորեն գնահատելով գյուղատնտեսության հիմնախնդիրները, սահմանվում է 2010-2020 թթ. պետական ագրարային քաղաքականության հիմնական ուղղությունները և դրանց կենսագործման միջոցառումները:

 

II. Գյուղատնտեսության զարգացման տեսլականը

 

36. Ագրարային բարեփոխումների և տնտեսության շուկայական կողմնորոշման հետևողական խորացման և ագրարային հատվածի առանձնահատկություններով պայմանավորված` պետական աջակցության արդյունքում գյուղի և գյուղատնտեսության զարգացման տեսլականն է.

1) ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառմամբ առևտրային գյուղատնտեսական կազմակերպությունների, կոոպերատիվների և շուկայական ենթակառուցվածքների հետ ինտեգրված ընտանեկան գյուղացիական տնտեսությունների զարգացում,

2) երկրի պարենային անվտանգության շահերի և ագրոպարենային արտադրանքների արտաքին առևտրի հարաբերական առավելության սկզբունքների իրատեսական համադրումով` բնակչության կայուն պարենային ապահովում և ագրովերամշակող հատվածի գյուղատնտեսական հումքի պահանջարկի բավարարում,

3) գյուղատնտեսությունում համախառն արտադրանքի ավելացում գերազանցապես աշխատանքի արտադրողականության աճի հաշվին, գյուղատնտեսության մեջ զբաղվածների թվաքանակի կրճատում և ավելցուկային աշխատուժի մի մասի օգտագործում գյուղատնտեսության սպասարկման և վերապատրաստման միջոցով ոչ գյուղատնտեսական գործունեության բնագավառներում,

4) արտադրված գյուղատնտեսական հումքի զգալի մասի վերամշակում գյուղական համայնքներում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման արդյունքում ձևավորված արտադրամասերում,

5) բուսաբուծության և անասնապահության ներճյուղային կառուցվածքում բարձր ավելացված արժեք ապահովող գյուղատնտեսական մթերքների արտադրության գերակշռություն,

6) հանրապետության բնակչության պարենային անվտանգության բարձր մակարդակ, կարևորագույն պարենամթերքների ինքնաբավության ապահովում, գյուղական աղքատության և արտագաղթի կրճատում:

 

III. Ռազմավարության նպատակը

 

37. Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության հիմնական նպատակն է ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման և հակաճգնաժամային մեխանիզմների ձևավորման միջոցով` նպաստել ճյուղի արդիականացմանը և մրցունակության բարձրացմանը:

38. Հիմնական նպատակից բխող ենթանպատակներն են.

1) Գյուղատնտեսությունում և ագրոպարենային արդյունաբերությունում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարում և ինտեգրացիոն կապերի խորացում:

2) Ագրարային ոլորտում տնտեսավարման բազմաձևության գյուղատնտեսական և միջճյուղային կոոպերացիային զարգացում:

3) Գյուղատնտեսական և ագրովերամշակման արտադրանքների իրացման գործընթացների բարելավում և արտահանման ծավալների ավելացում:

4) Գյուղատնտեսության մրցունակության բարձրացում և նոու հաուների խթանում:

5) Գյուղատնտեսության արտադրական ներուժի հողային, ջրային, աշխատանքային և ինտելեկտուալ ռեսուրսների արդյունավետ օգտագործում:

6) Միջազգային չափանիշներին համապատասխան սննդամթերքի անվտանգության ապահովում:

7) Գյուղական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական զբաղվածության ընդլայնում և գյուղական բնակչության եկամուտների ավելացում:

8) Գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացում` մասնակցային ծրագրերի իրականացման միջոցով:

9) Գյուղատնտեսության սպասարկման ծառայությունների զարգացում և մատչելիության բարձրացում:

10) Գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավում և բարձր ավելացված արժեք ապահովող արտադրանքների արտադրության խթանում:

11) Շրջակա միջավայրի և բնական լանդշաֆտների պահպանություն, ագրոտուրիզմի և օրգանական գյուղատնտեսության զարգացում:

 

IV. Ռազմավարության հիմնական խնդիրները

 

39. Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության հիմնական խնդիրներն են.

1) Ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարում և հակաճգնաժամային մեխանիզմների ներդրում:

2) Ագրարային բարեփոխումների խորացում, գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացում:

3) Պարենային ապահովության մակարդակի բարձրացում, սննդամթերքի անվտանգության և հիմնական պարենային մթերքների ինքնաբավության նվազագույն մակարդակի ապահովում:

4) Տեղական արտադրության գյուղատնտեսական արտադրանքների մրցունակության բարձրացում, ըստ նպատակահարմարության ներմուծվող պարենամթերքների փոխարինում և արտահանման ուղղվածություն ունեցող գյուղատնտեսության զարգացում:

5) Գոտիական մասնագիտացում և արտադրության ռացիոնալ տեղաբաշխում:

6) Սննդամթերքի անվտանգության ապահովում:

7) Հողօգտագործման արդյունավետության բարձրացում:

8) Օրգանական գյուղատնտեսության զարգացում:

9) Բուսաբուծության զարգացում.

ա. ագրոտեխնիկական առաջադիմական տեխնոլոգիաների ներդրում,

բ. բարձր ավելացված արժեք ապահովող մշակաբույսերի մշակության ընդլայնում,

գ. սելեկցիայի և սերմնաբուծության համակարգի զարգացում, սերմերի որակի հսկողության գործուն մեխանիզմների կիրառում,

դ. բույսերի պաշտպանության և կարանտինի միջոցառումների իրականացում,

ե. մշակաբույսերի գենետիկական բազմազանության, ներառյալ մշակաբույսերի վայրի ցեղակիցների պահպանության ապահովումը:

10) Անասնաբուծության զարգացում.

ա. անասնաբուծության ճյուղերի արդյունավետ զուգակցման և ռացիոնալ տեղաբաշխման աջակցություն,

բ. տոհմային գործի զարգացման և հոտի վերարտադրության համալիր միջոցառումների իրականացում,

գ. անասնաբուժության համակարգի բարելավում և անասնաբուժական միջոցառումների արդյունավետության բարձրացում,

դ. անասնապահության կերի բազայի զարգացում, Հայաստանի Հանրապետության մարզերի տարածաշրջաններում խտացրած կերերի արտադրության փոքր արտադրամասերի ստեղծում,

ե. անասնաբուծական առևտրային կազմակերպությունների զարգացման աջակցություն,

զ. գյուղատնտեսական կենդանիների ցեղերի գենետիկական բազմազանության պահպանության ապահովում:

11) Գյուղատնտեսական հումքի վերամշակում.

ա. ոլորտի զարգացում և վերամշակող կազմակերպությունների ռացիոնալ տեղաբաշխում,

բ. առաջավոր տեխնոլոգիաների ներդրում և արտադրանքի մրցունակության բարձրացում,

գ. մարքետինգային աջակցություն և հումք արտադրողների հետ պայմանագրային հարաբերությունների զարգացում:

12) Գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների զարգացում և արտադրության տեխնիկական հագեցվածության բարձրացում:

13) Գյուղի սոցիալական ենթակառուցվածքների զարգացում:

14) Գյուղատնտեսական ռիսկերի մեղմացում:

15) Ագրարային ոլորտի վարկավորման բարելավում:

16) Ագրարային ոլորտի գիտակրթական, խորհրդատվական համակարգի բարելավում:

17) Գյուղատնտեսության հաշվառման համակարգի բարելավում:

 

V. Ռազմավարության հիմնական ուղղությունները

 

1) Ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարում և

հակաճգնաժամային մեխանիզմների ներդրում

 

40. Վերոհիշյալ խնդիրները կլուծվեն հետևյալ ուղղություններով.

1) ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առավել հեռանկարային և արդյունավետ գործարար ծրագրերի աջակցության քաղաքականության շարունակում.

2) արտահանման ուղղվածություն ունեցող և արտաքին շուկայում մրցունակ արտադրանք արտադրող կազմակերպություններին վարկային երաշխիքների, դրամաշնորհների և տեխնիկական օժանդակության տրամադրում (այս ուղղությամբ նախընտրելի են համարվում պտուղ-բանջարեղենի վերամշակման, գինեգործական, օրգանական գյուղատնտեսական մթերքների, չոր մրգերի, կաթնամթերքի և մսամթերքի առանձին տեսակների, թարմ մրգերի, արտադրության, հետբերքահավաքային տեխնոլոգիաների կատարելագործման և կարողությունների հզորացման, մանր եղջերավոր անասունների վերարտադրության ապահովման և արտահանման, շուկայահանման խթանման և այլ ծրագրերը).

3) պետական աջակցությամբ իրականացվող ագրարային ոլորտի ռազմավարության խնդիրներին համապատասխանող ծրագրերի իրականացում, որոնք նպաստելու են գյուղատնտեսության կենսունակության և արտադրողների մրցունակության բարձրացմանը (առաջնային սերմնաբուծության և տոհմային գործի զարգացման, բույսերի պաշտպանության և անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների իրականացման, սննդամթերքի անվտանգության, ենթակառուցվածքների կարողությունների հզորացման, գյուղական համայնքների արտադրական և սոցիալական ենթակառուցվածքների բարելավման, գյուղատնտեսական հողատեսքերի բերրիության բարձրացման, հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, բնական կերահանդակների ջրարբիացման, գիտական, խորհրդատվական և տեղեկատվական ապահովման, մասնագիտական կադրերի պատրաստման, գյուղատնտեսությունում տնտեսավարողներին հասցեական աջակցության և այլ ծրագրեր).

4) ագրարային ոլորտում տնտեսավարման բազմաձևության և միջճյուղային կոոպերացիայի զարգացման խթանում (ագրովերամշակող և գյուղատնտեսական հումք արտադրող կազմակերպությունների միջև ֆյուչերսային պայմանագրերի համակարգի ընդլայնում, վարկային միջոցների, մրցակցային դրամաշնորհների և աջակցության տարբեր ձևերի կիրառմամբ համագործակցության զարգացում.

5) հանրապետության ագրարային շուկայի տարողունակության և ապրանքախմբերի կազմի ուսումնասիրության հիման վրա ներմուծվող պարենամթերքները աստիճանաբար տեղական արտադրությամբ փոխարինման խթանում (պարենային ցորենի, շաքարի, բուսական յուղի, հատիկաընդեղեն մշակաբույսերի, կենդանական յուղի, մսի և ձկան տարբեր տեսակների ինքնաբավության բարձրացում).

6) գյուղատնտեսության սպասարկման ծառայությունների մատչելիության բարձրացում և որակի բարելավում (պետություն-մասնավոր հատվածի համագործակցության զարգացմամբ` արտադրատեխնիկական սպասարկումներ, նյութատեխնիկական մատակարարումներ և այլ ծառայություններ իրականացնող կառույցների ձևավորմանն աջակցություն, տարաժամկետ վճարմամբ (ապրանքային վարկավորմամբ) գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման կազմակերպում).

7) գյուղատնտեսությունում տնտեսավարողների նպատակային և հասցեական աջակցության (սուբսիդավորման) մեխանիզմների մշակում և ներդրում (պետական աջակցությունը կուղղվի հողային ռեսուրսների օգտագործման մակարդակի բարձրացմանը, առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության բարձրացմանը, տարբեր գոտիներում նախընտրելի մասնագիտացմանը, գյուղական տարածքների համաչափ զարգացմանը, վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորմանը և այլն).

8) գյուղական բնակչության եկամուտների ավելացման և զբաղվածության բարձրացման նպատակով, հատկապես գենդերային հիմնախնդիրների լուծման առումով, գյուղական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական զբաղվածության հնարավորությունների ընդլայնում (փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում, ագրոտուրիզմի, արհեստագործության, հուշանվերների, և տնայնագործության աջակցություն):

 

2) Ագրարային բարեփոխումների խորացում, գյուղատնտեսական

կոոպերատիվների զարգացում

 

Վերոհիշյալ խնդիրները կլուծվեն հետևյալ ուղղություններով.

41. Ագրարային բարեփոխումների խորացումը նախատեսում է հողային հարաբերությունների հետագա կատարելագործում հետևյալ ուղղություններով`

1) գյուղատնտեսական հողատեսքերի, հատկապես վարելահողերի, արդյունավետ օգտագործման նպատակով «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում» հողերի ոչ նպատակային օգտագործման դեպքում կիրառվող պատժամիջոցների խստացում, հողակտորների կամավոր միավորման գործընթացին բազմակողմանի աջակցություն.

2) բնական կերահանդակների (արոտներ, խոտհարքներ), դաշտային կերարտադրության վիճակի համակողմանի ուսումնասիրում և դրանց օգտագործման արդյունավետության բարձրացման միջոցառումների մշակում.

3) լեռնային և բարձր լեռնային համայնքներում հեռագնա, մերձհամայնքային արոտների և խոտհարքների երկարաժամկետ կառավարման, օգտագործման ծրագրերի մշակում և մասնակցային սկզբունքով` դրանց իրականացում (ջրարբիացում, բարելավում, ճանապարհների վերականգնում, էլեկտրաֆիկացում, սառնարանային տնտեսությունների ստեղծում).

4) արոտավայրերի երկարաժամկետ վարձակալության խրախուսում: Պետության և դոնոր համայնքի աջակցությամբ արոտների բարելավման ու ջրարբիացման ծրագրերի իրականացում.

5) հողաբարելավման և ռեկուլտիվացիոն (խախտված հողերի վերականգնման) աշխատանքների կանոնակարգում և նպատակային ծրագրերի իրականացում: Միացյալ Ազգերի Կազմակերպության Անապատացման դեմ պայքարի Կոնվենցիայի շրջանակներում` դեգրադացված հողերի վերականգնման ծրագրերի իրականացում.

6) հողային օրենսդրությամբ սահմանված պետական և համայնքային սեփականության հողամասերի օտարման վերաբերյալ հրապարակայնության ապահովում և հողի շուկայի ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման աջակցություն.

7) իրավասու պետական կառավարման մարմինների միջոցով հողերի մոնիտորինգի, գյուղատնտեսական հողատեսքերի բազմաբնույթ կադաստրի վարման, հողերի բերրիության բարձրացման և էկոլոգիական վիճակի բարելավման ծրագրերի իրականացում.

8) գյուղացիական տնտեսություններին, գյուղատնտեսական առևտրային կազմակերպություններին արտադրության արդյունավետ կազմակերպման ուղղությամբ ըստ տարածաշրջանների և արտադրական ուղղության տնտեսությունների օպտիմալ չափերի, գյուղատնտեսական արտադրանքների եկամտաբերության և արտադրության ռացիոնալ կառուցվածքի վերաբերյալ խորհրդատվության ապահովում.

9) ոլորտի արտադրական ներուժի գնահատման և պետական նպատակային ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման համար գյուղատնտեսության համատարած հաշվառման փորձնական և հիմնական ծրագրերի իրականացում.

10) տեղական արտադրողների և ներքին շուկայի պաշտպանության նպատակով ներդրումային միջավայրի բարելավման, տարիֆային և ոչ տարիֆային կարգավորման մեխանիզմների կատարելագործման և տնտեսական այլ գործիքների կիրառման միջոցառումների իրականացում (գործարարության զարգացմանը խոչընդոտող իրավական ակտերի իռացիոնալ դրույթների բացահայտում և վերացում, անասնաբուժասանիտարական, բուսասանիտարական և կարանտին կանոնների միջազգային չափորոշիչներին, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին համապատասխանեցում):

42. Գյուղատնտեսության տնտեսավարման ձևերի զարգացման համատեքստում միջոցառումները կնպատակաուղղվեն գյուղատնտեսությունում կոոպերացիայի տարբեր ձևերի խթանմանը, որը իրականացվելու է հետևյալ ուղղություններով.

1) գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղվածություն ունեցող կոոպերատիվների համար օրենսդրության բարելավմամբ` դրանց ձևավորման և գործունեության բարենպաստ պայմանների ստեղծում:

2) կոոպերատիվների կայացմանն և գործունեության ընդլայնմանն ուղղված բազմակողմանի պետական աջակցություն,

3) գյուղացիական տնտեսությունների խոշորացման հետևողական քաղաքականության հիմքում կոոպերացիայի զարգացման ամրագրում,

4) գյուղատնտեսական մթերքների արտադրությունից մինչև սպառումը ապրանքային շարժին նպաստող կառույցների, մասնավորապես` գյուղատնտեսական հետբերքահավաքային ենթակառուցվածքների, արտադրանքների իրացման լոգիստիկ համակարգի` պահպանման, վերամշակման, փաթեթավորման և փոխադրման կարողությունների ձևավորմանն, հանրապետության մեծ քաղաքներում հանգստյան օրերի գյուղատնտեսական տոնավաճառների կազմակերպմանն, բոլոր մարզերի և տարածաշրջանների ընդգրկումով մեծածախ վաճառքի համակարգի ստեղծման նպատակով կոոպերացիայի տարբեր ձևերի զարգացմանն աջակցություն.

5) սննդամթերքի անվտանգության պահանջներին համապատասխան սպանդի կազմակերպման նպատակով` սպանդանոցների համակարգի ընդլայնում, մսի սառեցման, տեսակավորման, փաթեթավորման և վաճառքի կանոնակարգում (ներառյալ կենդանի անասունների).

6) կաթի հավաքման կետերի և սպառողական կոոպերատիվների համակարգի ընդլայնման աջակցություն, կաթնամթերքների արտադրության մեջ թարմ և վերամշակված կաթի օգտագործման կարգավորում, սննդամթերքի անվտանգության պահանջներին համապատասխան պահպանման, տեսակավորման, փաթեթավորման և վաճառքի կանոնակարգում.

7) գյուղատնտեսական արտադրանքների, հատկապես` թարմ մրգերի և բանջարեղենների միջնորդավորված վաճառքի սահմանափակում, կոոպերացիայի զարգացման միջոցով մանրածախ առևտրի օբյեկտներին մատակարարվող ապրանքների մեծածախ հավաքման կետերի ստեղծում, դրանց կարողությունների ընդլայնում, հատկապես` պահպանման, տեսակավորման, փաթեթավորման և փոխադրման միջոցներով վերազինման աջակցություն.

8) տարբեր մեխանիզմների կիրառմամբ` վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում, գրավի երաշխիքների տրամադրում, գրավի առարկաների ցանկի ընդլայնում և այլն, գյուղատնտեսական վարկավորման մատչելիության բարձրացում.

9) գյուղատնտեսությունում վարկավորման ծավալների ավելացում` մինչև 2020 թ. այն հասցնելով ճյուղի ավելացված արժեքի (համախառն ներքին արդյունքի) 14-17% տոկոսի 2008 թ. 2.4 տոկոսի դիմաց.

10) ապահովագրական համակարգի ներդրման համար նախադրյալների և պայմանների ստեղծում` ապահովագրական ռիսկերի գնահատում, ռիսկերի մեղմացման միջոցառումների իրականացում և գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրում:

 

3) Պարենային ապահովության մակարդակի բարձրացում, սննդամթերքի

անվտանգության և հիմնական պարենային մթերքների ինքնաբավության

նվազագույն մակարդակի ապահովում

 

43. Պարենամթերքի ֆիզիկական և տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացման և պարենային անվտանգության ապահովման խնդիրների լուծման համար նախատեսվում է.

1) պարենամթերքի ֆիզիկական ու տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացման քաղաքականության իրականացում «Պարենային անվտանգության ապահովման մասին» (2002 թ.) Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության քաղաքականության ծրագրի և Կայուն զարգացման ծրագրի շրջանակներում.

2) պարենամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացում և առևտրի հաշվեկշռի բարելավում: 2008 թվականի համեմատությամբ գյուղատնտեսության ավելացված արժեքի մոտ 1.5 անգամ ավելացում և գյուղատնտեսական մթերքների ապրանքայնության ներկայիս 55-56%-ի դիմաց 75%-ի ապահովում.

3) պարենամթերքի տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացում: Ծրագրվող ժամանակահատվածում 1 շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի, նվազագույն և միջին ամսական աշխատավարձի, կենսաթոշակի և նպաստի զգալի ավելացումը կարևոր նախադրյալներ են այդ խնդրի լուծման համար: Վերջինս էականորեն կնպաստի պարենամթերքի տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացմանը.

4) կայուն զարգացման ծրագրի դրույթներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության քաղաքականության դրույթների իրականացում:

5) պարենամթերքի ֆիզիկական մատչելիությանը կնպաստի գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման հետ մեկտեղ դրանց կառուցվածքի բարելավումը, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների վերամշակող արտադրությունում նոր տեխնոլոգիաների ու արտադրատեսակների ներդրմանը նպաստող ծրագրերի իրականացումը, մասնավորապես` այդ բնագավառում մատչելի պայմաններով նպատակային վարկերի տրամադրումը և այլն: Վերջինիս կնպատակաուղղվի նաև Փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության ազգային կենտրոնի միջոցով իրականացվող տարեկան ծրագրերի ընդլայնումը:

44. Հիմնական պարենային մթերքների ինքնաբավության նվազագույն մակարդակի ապահովման ռազմավարական ուղղություններն են.

1) կենսականորեն կարևորագույն պարենամթերքների, մասնավորապես` հացամթերքի, բուսական յուղի, շաքարի, մսի, ձկան տեղական արտադրության խթանում և սահմանված կարգով չնվազեցվող պաշարների ձևավորում, կարտոֆիլի վերամշակման կարողությունների ստեղծման տեխնիկական աջակցություն: Անասնապահական մթերքների ծավալների ավելացման նպատակով կերային բազայի հնարավորությունների ընդլայնում, մասնավորապես` առավել արդյունավետ կերային մշակաբույսերի (եգիպտացորեն, կերի ճակնդեղ, գետնախնձոր, ոչ ավանդական համարվող մշակաբույսեր և այլն) մշակության նոր տեխնոլոգիաների ներդրման տեխնիկական աջակցության և խորհրդատվության ապահովում.

2) տարիֆային և ոչ տարիֆային կարգավորման միջոցով` պարենամթերքի ներքին շուկայի և տեղական արտադրողների շահերի պաշտպանություն, ինչպես նաև արտահանման խթանում:

Պարենամթերքի ֆիզիկական և տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված միջոցառումները, ըստ էության, նպաստում են հիմնական պարենային մթերքների ինքնաբավության նվազագույն մակարդակի բարձրացմանը:

 

4) Տեղական արտադրության գյուղատնտեսական արտադրանքների

մրցունակության բարձրացում, ըստ նպատակահարմարության ներմուծվող

պարենամթերքների փոխարինում և արտահանման ուղղվածություն ունեցող

գյուղատնտեսության զարգացում

 

45. ՀՀ ազգային պարենային հաշվեկշռի տվյալների վերլուծությունը վկայում է, որ մի շարք առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության մակարդակը դեռևս զգալիորեն ցածր է, այսպես 2004-2008 թվականների միջին տվյալներով այն կազմել է. ցորենը` 38.7%, հատիկաընդեղեն մշակաբույսերը` 56.2%, բուսական յուղը` 4.3%, խոզի միսը` 52.5%, հավի միսը` 21.2%: Հիշատակված տվյալները վկայում են առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ներմուծումը, որոշակի հիմնավորված սահմաններում, տեղական արտադրությամբ փոխարինման կարևորությունը: Վերջինս հնարավոր է ապահովել տեղական արտադրության արտադրանքների մրցունակության բարձրացման և արտադրության ծավալների ավելացման միջոցով: Այդ նպատակով նախատեսվում է.

1) գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսությունում տնտեսվարողներին աջակցություն բուսաբուծության, անասնապահության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման բնագավառում` առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ խորհրդատվության, մատչելի պայմաններով նպատակային վարկերի ծավալների ընդլայնման և ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով.

2) գյուղական կազմակերպությունների (ձեռնարկությունների) և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շարունակականության ապահովման միջոցով տարեկան 110-120 տեխնոլոգիաների գնահատման ծրագրերի իրականացում կարևորագույն բնագավառներում, մասնավորապես`

ա. մշակաբույսերի նոր սորտերի մշակության, ցանքաշրջանառությունների կիրառման, բույսերի պաշտպանության, պարարտացման արդյունավետ տեխնոլոգիաների ներդրում,

բ. բարձր ավելացված արժեք ապահովող, հանրապետության բնատնտեսական պայմաններին համապատասխանող և շուկայական պահանջարկ ունեցող մշակաբույսերի ներդրում,

գ. գյուղատնտեսական կենդանիների բարձր մթերատու ցեղերի ներմուծում և ընտրասերման ճանապարհով անասունների տեղական ցեղերի տոհմային հատկանիշների բարելավման գործընթացի շարունակում,

դ. անասունների պահվածքի և կերակրման ոչ ավանդական արդյունավետ տեխնոլոգիաների ներդրում,

ե. գյուղատնտեսական մթերքների հետբերքահավաքային արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ` ավելացված արժեքի մեծացում,

զ. աջակցության տարբեր մեխանիզմներով (նպատակային վարկեր, գրավի երաշխիքներ, տոկոսադրույքի սուբսիդավորում, դրամաշնորհներ և այլն) արտահանման ուղղվածություն ունեցող արտադրատեսակների արտադրության և արտահանման խթանում: Վերջինս վերաբերում է թարմ մրգերի որոշ տեսակներին, օրգանական արտադրանքին, մսամթերքների և կաթնամթերքների որոշ տեսակներին, պտուղ-բանջարեղենի պահածոներին և այլն:

 

5) Գոտիական մասնագիտացում և արտադրության ռացիոնալ տեղաբաշխում

 

46. Գյուղատնտեսության արտադրական գործոնների արդյունավետ օգտագործումը, տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ հիմնավորված քաղաքականության կիրառումը և գյուղական աղքատության հաղթահարումը պահանջում է` բազմակողմանիորեն հիմնավորված գոտիական մասնագիտացում և արտադրության ռացիոնալ տեղաբաշխում: Ազատական տնտեսության պայմաններում այս գործընթացները հիմնականում կարգավորվում են շուկայական գործոններով, սակայն, նկատի ունենալով հիմնախնդրի ռազմավարական նշանակությունը, պետությունը տարածքային զարգացման քաղաքականության շրջանակներում անուղղակիորեն կարող է նպաստել արտադրության մասնագիտացմանը և ռացիոնալ տեղաբաշխմանը:

47. Ագրարային ոլորտում տնտեսական վերափոխումների ժամանակահատվածում տարբեր սոցիալ-տնտեսական գործոնների թելադրանքով նկատելիորեն խաթարվել է (անցանկալի տրանսֆորմացիայի է ենթարկվել) գյուղատնտեսական գոտիների մասնագիտացումը, որի հետևանքով զգալիորեն նվազել է ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, կրճատվել է միավոր տարածությունից ստացվող համախառն արտադրանքը և աշխատանքի արտադրողականությունը:

48. Այս իրավիճակի աստիճանական կարգավորման նպատակով, հանրապետության բնատնտեսական ներուժի հնարավորությունների գնահատման հիման վրա, ռազմավարության փաստաթղթում ներկայացվում է հանրապետության մարզերի հեռանկարային նախընտրելի մասնագիտացման ուղղությունները: Վերջինս ուղենիշային է ինչպես ագրարային, այնպես էլ տարածքային զարգացման քաղաքականության համար:

49. Նկատի ունենալով, որ հանրապետությունում առանձնացված գյուղատնտեսական գոտիները հիմնականում համընկնում են մարզային բաժանմանը` կառավարելիության տեսանկյունից գոտիական մասնագիտացումը և արտադրության տեղաբաշխումը նպատակահարմար է գտնվել ներկայացնել մարզային կտրվածքով:

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.11.2010
N 1476-Ն
Որոշում