Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՀԵՌԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՀԵՌԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

2 դեկտեմբերի 2010 թվականի N 47

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում հեռաբժշկության համակարգի փորձարարական ծրագրի ներդրման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` 15-օրյա ժամկետում համատեղ պատրաստել Հայաստանի Հանրապետությունում հեռաբժշկության համակարգի փորձարարական ծրագրի ներդրման ֆինանսատնտեսական հիմնավորումը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի դեկտեմբերի 2-ի

նիստի N 47 արձանագրային

որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

1. Ներածություն,

2. Հեռաբժշկության համակարգի միջազգային և տեղական փորձը,

3. Հեռաբժշկության համակարգի փորձարարական ծրագրի ներդրման նպատակները,

4. Հեռաբժշկության համակարգի փորձարարական ծրագրի նկարագիրը,

5. Հեռաբժշկության համակարգի փորձարարական ծրագրի ներդրման հետևանքով ակնկալվող արդյունքները,

6. Ծրագրի բյուջեն:

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Հեռաբժշկությունը բժշկության ոլորտում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիական ուղղություն է, որը համակարգչային և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործման միջոցով հնարավոր է դարձնում բժշկական տվյալների փոխանակումը մասնագետների միջև և նպատակ է հետապնդում բարձրացնել հիվանդությունների ախտորոշման որակը և մատչելիությունը:

2. Հեռաբժշկության հաջողությունները պայմանավորվում են կապի համակարգերի և թվային տեխնիկայի զարգացման մակարդակով: Այսօր դրանք թույլ են տալիս համակարգչի միջոցով գրանցել և թվայնացնել ցանկացած պատկեր և փոխանցել այն կարճ ժամկետում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ժամանակի իրական մասշտաբում, ցանկացած հեռավորության վրա, ստանալ և վերծանել այդ տեղեկատվությունը գրեթե առանց որակի վատթարացման և այն ներկայացնել քննարկման: Իսկ հատուկ համակարգերի և կոդավորման միջոցով հեռաբժշկական տեխնոլոգիաները թույլ են տալիս ապահովել տվյալների գաղտնիությունը:

3. Վերջին ժամանակաշրջանում հեռաբժշկության ոլորտում ունեցած զգալի ձեռքբերումները պայմանավորված են նրանով, որ անալոգային տեխնոլոգիաները փոխարինվել են տեղեկատվության փոխանցման թվային ալիքներով, և լայն տարածում են ստացել գլոբալ ցանցային հաղորդակցման միջոցները:

4. Հեռաբժշկության կիրառման կարևորագույն ոլորտներից մեկն է բնական աղետների ժամանակ բժշկական ախտորոշումը և խորհրդատվական ծառայությունների տրամադրումը: Նմանատիպ փորձ առկա է նաև ՀՀ-ում 1988 թ-ի երկրաշարժի ժամանակ: Այդ ժամանակ տեղադրվել է հեռահաղորդակցման առաջին համակարգը («Տիեզերական կամուրջ դեպի Հայաստան»), որն ապահովում էր կապն ԱՄՆ և Սովետական Միության միջև: Այն ներառում էր կապի վերգետնյա ընդհանուր գծեր, միջազգային և ամերիկյան արբանյակներ, երկրագնդին մոտ գտնվող երկու կայաններ, որոնք Երևանը կապում էին ԱՄՆ-ում չորս բժշկական կենտրոնների և Վաշինգտոնի Աերոնավտիկայի և տիեզերքի ուսումնասիրության ազգային գործակալության (NASA) գրասենյակի հետ:

5. Հեռաբժշկությունը կիրառելի է հիմնականում բժշկական ախտորոշման, բժիշկ մասնագետներին խորհրդատվություն մատուցման և կրթման նպատակներով:

6. Հայաստանի Հանրապետությունում հեռաբժշկության համակարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել 2 փուլով` առաջին փուլը առաջարկվող ներկայացված փորձարարական ծրագրի ներդրումն է, որը ներառում է համակարգի հիմնական բաղադրիչները և ընդգրկում է Հայաստանի Հանրապետության առանձին տարածաշրջաններ: Ապա, երկրորդ փուլի ընթացքում իրականացված գնահատումների հիման վրա արձանագրված դրական արդյունքների պարագայում` այդ ծրագիրը կարող է ընդլայնվել համակարգում այլ տարածաշրջանների ներգրավման միջոցով:

7. Հայաստանում հեռաբժշկության համակարգի փորձարարական ծրագիրը նպաստում է նաև ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից առաջադրված և վերջինիս հովանու ներքո իրականացվող Հայաստանի Հանրապետության տարածքների համաչափ զարգացման ծրագրին:

 

2. ՀԵՌԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՓՈՐՁԸ

 

8. Առաջին երկիրը, որը սկիզբ է դրել հեռաբժշկության գործնական կիրառմանը, եղել է Նորվեգիան, որը ավանդական բուժօգնություն մատուցելու տեսանկյունից ունի մեծ քանակությամբ չափազանց դժվարամատչելի վայրեր: Երկրորդ ծրագիրն իրականացվել է Ֆրանսիայում քաղաքացիական և ռազմածովային նավատորմի նավաստիների համար: Այսօր դժվար է գտնել արևմտյան և եվրոպական որևէ երկիր, որտեղ չեն զարգացվում հեռաբժշկական ծրագրեր:

9. Ներկայումս աշխարհում հայտնի են հեռաբժշկության ավելի քան 250 ծրագրեր, որոնք իրենց բնույթով բաժանվում են կլինիկական (գերակշռող մեծամասնություն), կրթական, տեղեկատվական և վերլուծական ծրագրերի: Աշխարհագրական տարածվածության տեսանկյունից ծրագրերը ստորաբաժանվում են տեղական (մեկ հաստատության ներսում, մոտ 27%), տարածաշրջանային (40%), ազգային (16%) և միջազգային (17%) ծրագրերի: Ծրագրերից մեծ մասը բազմանպատակ են, նրանց մի մասը (48%) կապված է հեռաուսուցման հետ: Ըստ Ռուսաստանի Դաշնության տվյալների` 23% դեպքերում հեռաբժշկությունն օգտագործվում է գյուղական և հեռավոր տարածքների բնակչության բժշկական ախտորոշման, բժշկական խորհրդատվական ծառայությունների մատուցման նպատակով:

10. Հեռաբժշկության ծրագրերի շարքում մեծ է ռենտգենաբանության, վիրաբուժության, անհետաձգելի բուժօգնության, սրտաբանության, մաշկաբանության, նյարդաբանության, հոգեբուժության և մանկաբուժության հետ կապված ծրագրերի տեսակարար կշիռը: Ամերիկյան ծրագրերի 6%-ը հեռաբժշկությունն օգտագործում են ազատազրկվածներին բուժօգնություն տրամադրելու նպատակով:

11. Հայաստանում 2008 թվականի դեկտեմբեր ամսից իր գործունեությունն է իրականացնում «Տելեբժշկության հայկական ասոցիացիա» (ՏԲՀԱ) ՀԿ-ն, որը 2010 թ. մարտ ամսվա կեսից մինչև հունիսի կեսը հաջողությամբ իրականացրեց իր առաջին հեռաբժշկական փորձարարական ծրագիրը` «Հայաստանում առողջապահական առաջնային սպասարկման որակի բարձրացում` հեռաբժշկության հայկական ասոցիացիայի զարգացման և ընդլայնման օգնությամբ», որը ֆինանսավորվում էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից` վերջինիս Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) ծրագրի շրջանակներում:

12. Ծրագրի փորձնական մոդելն ՀՀ Լոռու մարզի Ջրաշեն գյուղը կապեց ՏԲՀԱ Երևանյան գրասենյակի հետ, որի համապատասխան մասնագետները երկու ամիս անընդմեջ կապի մեջ էին գտնվում Ջրաշեն գյուղի ամբուլատորիայի բժիշկի հետ: ՈՒթ շաբաթվա ընթացքում 76 պացիենտի տրվեց 93 խորհրդատվություն:

 

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

13. Հայաստանի Հանրապետությունում հեռաբժշկության փորձարարական ծրագրի ներդրման նպատակներն են.

1) բարձրացնել որակյալ մասնագիտական բժշկական-խորհրդատվական և ախտորոշիչ ծառայությունների մատչելիությունը ՀՀ մարզերի բնակչության համար հիվանդների բուժման և բնակության վայրերում` ազգային, ռուսաստանյան և օտարերկրյա առաջատար բժշկական կենտրոնների կողմից խորհրդատվական-ախտորոշիչ օգնության տրամադրման միջոցով,

2) հեռաուսուցման ճանապարհով նպաստել մարզային բժշկական բուժանձնակազմի մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը,

3) բարձրացնել աղետներին նախապատրաստվածության մակարդակը` բնական և տեխնոգեն աղետների հետևանքով զանգվածային վնասների առաջացման դեպքում բժշկական խորհրդատվական և ախտորոշիչ ծառայությունների կազմակերպման միջոցով,

4) համապատասխան չափորոշիչների և մոնիտորինգի հիման վրա գնահատել փորձարարական ծրագրի արդյունավետությունը` հետագայում հեռաբժշկության համակարգը ընդլայնելու նպատակով:

 

4. ՀԵՌԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Ծրագիրն առաջարկվում է իրականացնել երկու տարվա ընթացքում: Ծրագրի իրականացման առաջին տարում նախատեսվում է թիրախ-հաստատություններում ձևավորել անհրաժեշտ հզորություններ, ներառյալ` հաստատությունները հագեցնել անհրաժեշտ սարքավորումներով և իրականացնել անձնակազմի ուսուցում: Ծրագրի իրականացման երկրորդ տարում նախատեսվում է փորձարարական համակարգի գործարկում և արդյունքների մոնիտորինգ:

15. Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ միջոցառումները`

1) հրավիրված միջազգային փորձագետների կողմից կիրականացվի առկա իրավիճակի, կարողությունների (շենքային պայմաններ, կադրային ներուժ, սարքավորումներով հագեցվածություն) և կարիքների գնահատում, որի արդյունքում.

ա. կսահմանվեն ուսուցման ենթակա մասնագիտական անձնակազմի տեսակները և քանակը,

բ. կմշակվեն համակարգում աշխատող մասնագետների աշխատանքային նկարագրերը և աշխատանքային ընթացակարգերը,

գ. կմշակվի և հաստատման կներկայացվի ուսուցման ծրագիրը և ժամանակացույցը

դ. կսահմանվեն անհրաժեշտ շին. աշխատանքների և սարքավորումներով հագեցման ծավալները,

ե. կգնահատվեն առկա կապուղիները և կսահմանվեն դրանց ստեղծման համար անհրաժեշտ միջոցառումները,

զ. կգնահատվեն համակարգի կառավարման և ամենօրյա վերահսկման կարիքները,

է. կիրականացվի մատուցվող ծառայությունների արժեքի հաշվարկ,

ը. կմշակվեն ծրագրում ընդգրկված բուժհաստատությունների ընտրության չափորոշիչները, ինչպես նաև ծրագրի արդյունավետության գնահատման և մոնիտորինգի մեթոդաբանությունն ու չափանիշները, որոնցով հետագայում կառաջնորդվեն ծրագրի մոնիտորինգի ընթացքում:

2) վերը նշված դրույթների հիման վրա կգնահատվեն և կհստակեցվեն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումների ծավալները,

3) հիմք ընդունելով, որ փորձարարական ծրագրի ընթացքում նախատեսվում է նաև իրականացնել շտապ օգնության համակարգի վերազինում առկա ՀՀ հեռաբժշկության և շտապ օգնության ծառայությանը կից դիսպետչերական կենտրոնի այլ հեռահաղորդակցման համակարգերի հետ համատեղելիություն ապահովելու նպատակով, կիրականացվի նաև նշյալ ծառայության ներկա իրավիճակի և վերազինման կարիքների գնահատում:

16. Հայաստանի Հանրապետությունում ծրագիրն իրականացնելու նպատակով նախատեսվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից նշանակել համակարգող և իրականացնող կազմակերպություն: Փորձագետի կողմից մշակված չափորոշիչների հիման վրա, ՀՀ առողջապահության նախարարությունը կիրականացնի համակարգի ներդրման համար տարածաշրջանների և կոնկրետ բուժհաստատությունների ընտրություն: Նախատեսվում է համակարգի նախագծման և ներդրման աշխատանքներին ներգրավել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ԲԲԸ-ն, մասնավորապես հետևյալ խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներում`

1) նախագծի մշակման, ներդրման և ֆինանսատնտեսական հաշվարկի կատարմանը

2) որակի ցուցանիշների մշակմանը

3) գիտահետազոտական աշխատանքների կոորդինացմանը

4) համակարգի հետագա պահպանման և սպասարկման աշխատանքների նախագծման, պլանավորման և կառավարման մոդելի մշակմանը:

17. Հեռաբժշկության ներդրման կենտրոնի ստեղծման և համակարգի շահագործման համար նախապատրաստական աշխատանքներ, ներառյալ` ընտրված բուժ. հաստատությունների շենքերի վերանորոգման, անհրաժեշտ տրանսպորտային միջոցների և սարքավորումների ձեռքբերման, մատակարարման և տեղադրման, անհրաժեշտ կապուղիներով ապահովման, ինչպես նաև աշխատակազմի հավաքագրման աշխատանքներ:

18. Նկարագրվող ծրագրի ընթացքում նախատեսվում է ներդնել ստացիոնար և շարժական հեռաբժշկության համակարգեր: Ամրակայված (ստացիոնար) կենտրոնների ցանցը («Պիրամիդա» համալիր) նախատեսվում է տեղակայել Հայաստանի տարբեր մակարդակներ ունեցող հիվանդանոցային բուժհաստատություններում` օգտագործելով վերջիններիս ախտորոշիչ հնարավորությունները: Ստացիոնար համակարգերի հետ տեղեկատվահաղորդակցման միջոցներով կապված կլինեն տարբեր մասնագիտացումներ ունեցող հեռաբժշկական հինգ շարժական լաբորատոր-ախտորոշիչ «Տոբոլ», «Կամա» և «Ալդան» տիպի համալիրներ: Նշված համակարգերից մեկ ամրակայված կենտրոնը և մեկ շարժական լաբորատոր-ախտորոշիչ «Ալդան» համալիրը շահագործվելու է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

19. «Պիրամիդա» ամրակայված (ստացիոնար) համալիրները նախատեսված են ախտորոշիչ շրջանակներում խորհրդատվական և ախտորոշիչ ծառայությունների տրամադրմանն ուղղված սարքային և ծրագրային օժանդակության համար, աշխատանքային կայանների ու շարժական հեռաբժշկական համալիրների կառավարման նպատակով:

20. «Պիրամիդա» ամրակայված համալիրի սարքային և ծրագրային ապահովումը հնարավորություն է տալիս անցկացնել հեռուստաբժշկական խորհրդատվություններ առցանց և արտացանց ռեժիմներում, այդ թվում նաև բարձրորակ տեսակոնֆերանս կապի օգտագործմամբ: Համակարգը թույլ է տալիս իրականացնել հետազոտված հիվանդների տարբեր բժշկական տվյալների հավաքագրում, պահպանում և մշակում` վիճակագրական և տեսանյութերի պատկերների, սարքերի ցուցմունքների թվային ձայնագրությունների և տեքստային նկարագրերի տեսքով, որոնք ստեղծվում են բուժանձնակազմի կողմից, և կապի ուղիների միջոցով փոխանցվում են հետ, ինչի շնորհիվ բժիշկները ստանում են ամբողջական տվյալներ և մասնագետների եզրակացություններ:

21. Բազմամասնագիտացված հեռաբժշկական շարժական լաբորատոր-ախտորոշիչ համալիրները զինված կլինեն.

1) թվային բարձրորակ բժշկական ախտորոշիչ սարքավորումներով (ուլտրաձայնային ախտորոշիչ սարքավորում, ֆլյուրոգրաֆ, ԷՍԳ սարք և այլն) հնարավորություն ընձեռելով գինեկոլոգիական հետազոտության, ռենտգեն-մամոգրաֆիկ հետազոտության, ֆունկցիոնալ ախտորոշման, էլեկտրոսրտագրման, սպիրոմետրիայի, ուլտրաձայնային ախտորոշման, կենսաքիմիական (արյան և մեզի էքսպրես հետազոտություններ), ինչպես նաև հիստոլոգիական և ցիտոլոգիական հետազոտությունների իրականացման համար,

2) բժշկական փաստաթղթերի էլեկտրոնային ձևակերպման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերով: Բժշկական փաստաթղթերը պարունակում են բժշկական հետազոտությունների արդյունքները և իրենց հարակից տեղեկատվությունը (հիվանդի տվյալները, եզրակացությունը և այլն), իսկ ստեղծված թվային փաստաթղթերը` թվային ձևով պահպանված տվյալները: Կապի ուղիների միջոցով հնարավոր է դառնում թվային փաստաթղթերի փոխանցումը ստացիոնար բժշկական համալիրներին, ինչպես նաև հետադարձ կապով առաջարկությունների և եզրակացությունների ստացումը շարժական բժշկական համալիրների մասնագետներին,

3) ցանկացած տեսակի ճանապարհներով և արտաճանապարհային վայրերով տեղափոխման հնարավորությամբ,

4) համակարգերով, որոնք նույնիսկ երկարատև շրջագայությունների ընթացքում ցանկացած կլիմայական պայմանների դեպքում ապահովում են հեռաբժշկական շարժական համալիրների (ՀՇՀ) անկախ գործունեությունը (էներգամատակարարումը, ջեռուցումը, օդափոխումը, օդորակումը, օդի ախտահանումը և այլ) և անձնակազմի ու սարքավորումների գործունեությունը, հիվանդների հետազոտության իրականացումը հարմարավետ պայմաններում:

22. Անձնակազմի վերապատրաստում միջազգային և տեղական մասնագետների ներգրավմամբ: Նշյալ փուլում նախատեսվում է իրականացնել նաև բնակչության իրազեկման աշխատանքներ:

23. Ծրագրի առաջին տարում նախատեսվում է նաև վերազինել առկա ՀՀ հեռաբժշկության և շտապ օգնության ծառայությանը կից դիսպետչերական կենտրոնը այլ հեռահաղորդակցման համակարգերի հետ համատեղելիություն ապահովելու նպատակով, դիսպետչերական կենտրոնի և նավիգացիոն համակարգերի սարքավորումներով հագեցում և համալրում:

24. Ծրագրի երկրորդ տարում նախատեսվում է իրականացնել ծրագրի գործարկում, ինչը ենթադրում է շարժական համալիրների և ստացիոնար համալիրների գործարկում, ներառյալ այդ համակարգերի պահպանում և անձնակազմի վարձատրություն:

25. Փորձարարական ծրագրի ավարտին կիրականացվի Ծրագրի մոնիտորինգ և արդյունավետության գնահատում:

26. Ծրագրի հիմնական մասնակիցները

1) հիմք ընդունելով ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանի 23.10.2010 թվականի նիստի արձանագրությունը` հեռուստաբժշկության համակարգի փորձարարական ծրագիրն նախատեսվում է իրականացնել Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ,

2) ծրագրի հիմնական պատասխանատու և պատվիրատու հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարարությունը,

3) ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանն տրամադրվող սարքերի համար պատասխանատվություն է կրում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը,

4) ՀՀ առողջապահության նախարարությանն են ներկայացվում ծրագրի ընթացքում հրավիրված խորհրդատուների կողմից արված առաջարկները, որն էլ, անհրաժեշտության դեպքում հաստատում է դրանք կամ ներկայացնում ՀՀ կառավարության հաստատմանը:

 

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

27. ՀՀ-ում հեռաբժշկության համակարգի փորձարարական ծրագրի ներդրման արդյունքում իրականացված մոնիտորինգի հիման վրա կգնահատվի հեռաբժշկության համակարգի գործունեության արդյունավետությունը, ներառյալ` դիմելիության ծավալները, համակարգի գործարկման ծախսերն ու օգուտները, ազդեցությունը հիվանդների բուժման որակի, ախտորոշման արագության և ուղեգրման մակարդակի վրա, ինչպես նաև կորոշվի համակարգի ընդլայնման նպատակահարմարության և անհրաժեշտության հարցը:

28. Ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետությունում հեռաբժշկության համակարգի փորձարարական ծրագրի շրջանակներում ներդրվող տեխնիկական միջոցների` միմյանց հետ փոխկապակցված տեղեկատվահաղորդակցական հեռաբժշկական լաբորատոր-ախտորոշիչ շարժական համալիրների և հեռաբժշկական ստացիոնար կենտրոնների շնորհիվ կբարձրանա բնակչության բուժսպասարկման որակը` առաջին հերթին գյուղական, հեռավոր և դժվարամատչելի տարածքներում:

29. Օգտագործվող հեռաբժշկության տեխնիկական միջոցները կապ են պաշտպանելու առաջատար ազգային և օտարերկրյա բժշկական կենտրոնների հետ, հնարավորություն ստեղծելով նրանց կողմից խորհրդատվական-ախտորոշիչ օգնություն կազմակերպել և տրամադրել պացիենտներին նրանց բուժման և բնակության, այդ թվում նաև գյուղական և հեռավոր վայրերում:

30. Հեռաբժշկության համակարգի ներդնումը կնպաստի նաև բուժանձնակազմի հեռաուսուցմանը, մասնագիտական ունակությունների կատարելագործմանը, որը իրականացվելու է հեռաբժշկության դասընթացների անցկացման և մասնագետների վերապատրաստման միջոցով, աջակցելով նոր բժշկական տեխնոլոգիաների, սարքավորումների և արտադրանքի ներդրմանը:

31. Հայաստանի Հանրապետությունում հեռաբժշկության ստեղծումն ու շահագործումը կնպաստի նաև բարձր որակավորում ունեցող տեխնիկական և բժշկական անձնակազմի համար մշտական աշխատատեղերի ստեղծմանը:

 

6. ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ

 

32. Փորձարարական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն ակնկալվում է ստանալ ՌԴ բյուջեի միջոցներից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.12.2010
N 47
Արձանագրային որոշում