ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 47
14. «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԻՆ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, 3-րդ մասի 5-րդ կետին և 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան`
1. Հավանություն տալ «Սևանա լճի ափին բարձր լեռնային մարզական կենտրոն» հայեցակարգին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` վեցամսյա ժամկետում ապահովել Սևանա լճի ափին բարձր լեռնային մարզական կենտրոն հիմնադրելու գործարար ծրագրի կազմման աշխատանքների կատարումը` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի դեկտեմբերի 2-ի
նիստի N 47 արձանագրային
որոշման
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԻՆ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
1. Հիմնական նպատակ
1) Սույն հայեցակարգի հիմնական նպատակն է Սևանա լճի ափին հիմնել համաշխարհային մասշտաբով եզակի բարձրլեռնային մարզական համալիր, որը.
ա) համալրված կլինի գերժամանակակից մարզագույքով և մարզասարքերով,
բ) կտրամադրի մարզական, առողջարարական և զբոսաշրջային բարձրակարգ ծառայություններ
գ) կունենա առևտրի սրահներ, որտեղ կվաճառվի բարձրորակ արտադրանք,
դ) կտրամադրի երեխաների խնամքի ծառայություններ:
2) Ընտրված զբոսաշրջային երթուղիներն ու շրջայցերը մարզահամալիրի մարզիկ այցելուներին հնարավորություն կընձեռնի մարզական վարժանքների նպատակով այցելության ընթացքում ծանոթանալ նաև Հայաստանի պատմությանը, մշակույթին և գեղատեսիլ բնությանը, իսկ երեխաների խնամքի ծառայությունները Սևանա լիճը կդարձնեն ընտանեկան հանգիստը անցկացնելու համար ամենագրավիչ վայրերից մեկը աշխարհում:
3) Համալիրը կդառնա հանրահայտ զբոսաշրջավայր և հայկական հիմնական զբոսաշրջային արդյունքներից մեկը: Համալիրը կծառայի նաև օլիմպիական մարզական բազա հայ մարզիկների համար: Այն կլինի ոչ միայն բարձրակարգ մարզումների աշխարհահռչակ վայր, այլև տարաբնույթ գործունեության համար գեղեցիկ համալիր Սևանա լճի ափին:
4) Համալիրի հիմնումը մեծապես կնպաստի նաև տեղական համայնքի սոցիալ տնտեսական զարգացմանը` զբոսաշրջային և հարակից բնույթի աշխատատեղերի ստեղծման միջոցով:
2. Բարձր լեռնային մարզումների նշանակությունը
Մարզական վարժանքները բարձրլեռնային պայմաններում կիրառվում են ոչ միայն պրոֆեսիոնալ մարզիկների կողմից, այլև մասսայական սպորտի և սպորտային զբոսաշրջության բնագավառում` օրգանիզմի դիմադրողականության զարգացման և կոփման նպատակով, քանի որ ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության պայմաններում մարզման ժամանակ արյան կարմիր գնդիկները առավելագույնս հարստացվում են թթվածնով:
3. Հայաստանում մարզահամալիրի հիմնման նպատակահարմարությունը
1) Մարզահամալիրի հիմնման համար Սևանա լճի` որպես բարենպաստ վայրի ընտրությունը պայմանավորվում է հետևյալ հանգամանքներով.
ա) Սևանա լիճը գտնվում է ծովի մակերևույթից մոտավորապես 2000 մետր բարձրության վրա: Մարզահամալիրի հիմնման համար լճի մոտ նախնական ընտրված տարածքը ունի ավելի քան 3000 մետր երկարությամբ լճափ:
բ) Մաքուր ջրով լիճը և լեռնային լանդշաֆտը հոյակապ հնարավորություն են ընձեռնում նույն տեղում ինչպես ջրային, այնպես էլ «ցամաքային» մարզաձևերի մարզումների կազմակերպման համար: Իսկ հարուստ պատմամշակութային ժառանգությունը և եվրոպական երկրներից Հայաստանի հասանելիությունն այս վայրը դարձնում են էլ ավելի գրավիչ ընդհանրապես զբոսաշրջության համար:
գ) Նոսր բնակեցվածությամբ Սևանա լճի ավազանը ընձեռնում է հեծանվավազքի ուղիների և վազքուղիների տարբեր համակարգերի կառուցման համար մեծ տարածքներ:
դ) Ժամային փոքր տարբերությունը (2-3 ժամ) շատ ավելի լավ կընդունվի մարզիկների կողմից, քան համեմատության համար բերված ԱՄՆ Արիզոնա նահանգում գտնվող հանրահայտ Ֆլագստաֆ մարզահամալիրը:
ե) Ջերմուկն իր առողջարարական և բուժական հաստատություններով` գտնվելով հասանելիության սահմաններում մեծ հնարավորություններ է ստեղծում Սևանում մարզական և Ջերմուկում առողջարարական/բուժական զբոսաշրջության համակցման համար:
զ) Տարվա ընթացքում հետկեսօրյա ավելի քան 2800 լուսավոր ժամերը, +16 oC միջին ջերմաստիճանը (հուլիս) և մաքուր օդը Սևանը մարզումների համար դարձնում են գերազանց վայր նույնիսկ ամռանը: Նման նշանակության այլ վայրերի համեմատությամբ, օրինակ` Շվեյցարիայում Սեն Մորիցի, որտեղ հուլիսին միջին ջերմաստիճանը +5 oC է, այստեղ ընտելացումը կլիմային տեղի է ունենում շավ ավելի հեշտ և արագ:
է) Քանի որ շատ կարևոր մարզական առաջնություններ և միջոցառումներ (մարաթոնային վազք, եռամարտ, հեծանվավազք և այլն) տեղի են ունենում ուշ գարնանը և վաղ ամռանը, ապա մարտ և սեպտեմբեր ամիսներին համեմատ մեղմ ջերմաստիճանը և չոր եղանակը այստեղ հիանալի պայմաններ են ապահովում մարզումների համար, մինչդեռ Սեն Մորիցը մարտին դեռ ծածկված է ձյունով իսկ սեպտեմբերին այնտեղ արդեն խոր աշուն է:
2) Շատ մարզիկներ` մասնավորապես Ռուսաստանից արդեն ընտրել են Սևանը, որպես իրենց հիմնական բարձրլեռնային մարզումների բազա:
4. Մարզահամալիրի նախագծման և հիմնման հայեցակարգային սկզբունքները
1) Հնարավորություններ
Մարզահամալիրը պետք է համապատասխանի մարզական-մասնագիտական, զբոսաշրջային և տնտեսական պահանջներին:
2) Ճարտարապետություն
Մարզահամալիրը պետք է բաղկացած լինի տիպիկ հայկական, բնական քարով երեսպատված շենքերից` լուսագալվանական և արևային մարտկոցներով հագեցված եզակի երկրաջերմային էներգիաստեղծման համակարգով:
3) Գլխավոր մասնաշենք
Գլխավոր մասնաշենքը պետք է լինի բարձրակարգ ծառայությունների հիմնական կենտրոնը` իր նախագծմամբ ուղղված մարզիկների կարիքներին:
Մարզահամալիրը պետք է նախագծվի հաշվի առնելով հետևյալ սկզբունքները.
ա) հմտորեն պլանավորված և առանձնացված զբոսաշրջային միջավայր,
բ) ամբողջությամբ նորագույն սարքերով և մարզագույքով կահավորված համալիր,
գ) տեղի բնակչության համար հասանելիություն բարձրլեռնային մարզական կենտրոնի ողջ տարածքի համար
դ) օդային հաղորդակցություն Զվարթնոց օդանավակայանի հետ:
5. Մարզահամալիրի կառուցվածքը
1) Մարզումների փակ բազմանպատակ կենտրոն
ա) Մարզումների փակ բազմանպատակ կենտրոնը նախատեսվում է հետևյալ մարզաձևերի համար` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, սպորտային և գեղարվեստական մարմնամարզություն, բռնցքամարտ:
բ) Կենտրոնը պետք է ունենա հետևյալ հարմարություններն ու հարմարանքները` 200-մետրանոց փակ վազքուղի, 50-մետրանոց փակ սպրինտ-վազքուղի, մագլցման պատ, սպորտային և գեղարվեստական մարմնամարզության դահլիճ, մարզասարքերի դահլիճ, բռնցքամարտի դահլիճ, խաղային մարզաձևերի դահլիճ, էրգոմետր, սպիննինգ, վազող ճանապարհ (պրոֆեսիոնալ, մինչև 25 կմ/ժամ արագությամբ), հանդերձարաններ
2) Ջրային մարզաձևերի փակ կենտրոն
Կենտրոնը պետք է ունենա հետևյալ հարմարություններն ու հարմարանքները` լողավազան 50 մետր երկարությամբ հինգ լողուղիով, սաունա, վերականգնողական լողավազան, լողախցիկներ, հանդերձարաններ` փականներով անհատական պահարաններով:
3) Բացօթյա մարզադաշտեր և հարմարություններ
ա) Բացօթյա մարզադաշտերը պետք է նախատեսված լինեն հետևյալ մարզաձևերի համար` ֆուտբոլ, աթլետիկա (թռիչք երկարություն, թռիչք բարձրություն, գնդի նետում, բարձրացատկ, նիզակի նետում)
բ) Բացօթյա մարզադաշտերը պետք է ունենան հետևյալ հարմարություններն ու հարմարանքները` ֆուտբոլային դաշտ արհեստական ծածկույթով, թենիսի 4 կորտ, ծովափնյա վոլեյբոլի 3 կորտ, 400-մետրանոց վազքուղի` 6 արահետով, ասֆալտապատ ճանապարհ վազքի, հեծանվավազքի, անվաչմուշկներով սահքի համար, արագաչափ (էլեկտրոնային և շարժական), լուսավորում պրոժեկտորներով
4) Հարմարություններ բացօթյա ջրային սպորտաձևերի համար
Մարզահամալիրը պետք է տրամադրի հարմարություններ Սևանա լճում հետևյալ սպորտաձևերի համար` հեռահար լող, եռամարտ, թիավարություն բայդարկաներով և կանոեներով, վինդսերֆինգ, քայթսերֆինգ
5) Գոլֆի դաշտ
Մարզահամալիրը պետք է ունենա գոլֆի դաշտ 18 անցքերով: Այն կլինի աշխարհում ամենաբարձր 18 անցքերով գոլֆի դաշտերից մեկը: Գոլֆի դաշտը պետք է նաև ունենա փոքր կորտ (1,2x1,2 կմ) և բարձր տեխնիկական զինվածություն:
6) Հարմարություններ գեոքեշինգի համար
Գեոքեշինգը հանրաճանաչ «նապաստակն ու շները» խաղի ժամանակակից տարբերակն է: Մարզական խաղի նպատակն է ԳԴՀ (գլոբալ դիրքորոշման համակարգ) ընդունիչների օգնությամբ մեծ տարածության մեջ գտնել հակառակորդ խմբի թաքցրած «գանձը»: Գեոքեշինգը սպորտը զվարճանքի հետ համատեղելու հիանալի միջոց է և օրեցօր գտնում է առավել լայն տարածում ամբողջ աշխարհում:
6. Տեղակայում
Համալիրի տեղակայման համար նախնական ընտրվել է Ծովագյուղին հարող լճափնյա տարածքը, հետևյալ սկզբունքներից ելնելով.
1) Բարենպաստ բարձրություն բարձրլեռնային մարզումների համար-2000 մետր ծովի մակերևույթից բարձր:
2) Բարձրադիր ճանապարհներ և արահետներ վազքի և լեռնային հեծանվավազքի համար
3) Լճի հիանալի տեսարան
4) Հասանելիություն Զվարթնոց օդանավակայանից
5) Կարճ հեռավորություն Դիլիջանի արգելոցից և Երևանից
6) Զբոսաշրջային գրավչության այլ օբյեկտների առկայություն: