Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈ ...

 

 

020.0929.141210

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 14 դեկտեմբերի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ վճռաբեկ դատարանի` 30.06.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1997 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հունվարի 10-ին և ուժի մեջ է մտել 1998 թվականի հունվարի 11-ից:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները» վերտառությամբ 22-րդ հոդվածը (որը 1998-2009թթ. ընթացքում 9 անգամ փոփոխվել և լրացվել է) սահմանում է այն իրավասուբյեկտներին, ինչպես նաև նրանց կողմից դատարան ներկայացվող այն պահանջները, որոնց համար նշված իրավասուբյեկտներն ազատվում են պետական տուրքի վճարումից:

2. Գործի փաստական հանգամանքները հանգում են հետևյալին.

1) ՀՀ Սյունիքի մարզի դատախազության` 21.02.2001 թվականի որոշմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասով և 89-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով քաղաքացի Արամ Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` արարքում հանցակազմի բացակայության պատճառով:

2) ՀՀ Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի` 18.05.2006 թվականի որոշմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 191.4-րդ հոդվածով, որը համապատասխանեցվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածին, նախատեսված հանցանքում քաղաքացի Արամ Դավթյանը ճանաչվել է անպարտ և արդարացվել է:

3) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 20.08.2007 թվականի որոշմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին մեղադրողի հայտարարության հիման վրա քաղաքացի Արամ Դավթյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասով, որը համապատասխանեցվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասին, կարճվել է, իսկ քրեական հետապնդումը` դադարեցվել:

4) Դիմելով դատարան և պատճառաբանելով, որ ապօրինի քրեական հետապնդման ենթարկվելու, որպես խափանման միջոց կալանք կիրառելու, չհեռանալու մասին ստորագրություն վերցնելու, իր նկատմամբ ոչ ողջամիտ ժամկետներում դատաքննություն իրականացնելու հետևանքով վնասներ է կրել` քաղաքացի Արամ Դավթյանը պահանջել է Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն բռնագանձել 226.443.431 ՀՀ դրամ:

ՀՀ հարավային քաղաքացիական դատարանի` 23.05.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Արամ Դավթյանի 7.000.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանին վճարվելիք գումար, բռնագանձելու մասով, իսկ մնացած մասով հայցը մերժվել է: Միաժամանակ վճռվել է Արամ Դավթյանից բռնագանձել 4.388.869 ՀՀ դրամ` որպես չվճարված պետական տուրք:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 19.11.2009 թվականի որոշմամբ Արամ Դավթյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ՀՀ հարավային քաղաքացիական դատարանի` 23.05.2008 թվականի վճիռը թողնվել է ուժի մեջ: Միաժամանակ որոշվել է Արամ Դավթյանից, որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրք, բռնագանձել 6.583.484 ՀՀ դրամ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի` 10.02.2010 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

ՀՀ վճռաբեկ դատարանը` գտնելով, որ վեճը լուծելու համար կիրառման ենթակա օրենքի դրույթի` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի սահմանադրականության խնդիր կարող է առաջանալ, կասեցրել է գործի վարույթը և դիմել ՀՀ սահմանադրական դատարան:

3. Դիմողը` հղում կատարելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, վկայակոչելով պետական տուրքի վերաբերյալ տարբեր երկրների օրենսդրական փորձը, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ե» կետով նախատեսված է պետական տուրքի վճարումից ազատել հայցվորներին` հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով, գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածում առկա է օրենքի բաց, որը դրսևորվում է նրանում, որ վերջինս չի նախատեսում պետական տուրքի վճարումից ազատել քրեական գործով արդարացվածներին` անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով նրանց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով: Ըստ դիմողի` անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով արդարացվածին պետական տուրքից չազատելը սահմանափակում է արդարացվածի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները: Հիմք ընդունելով իր` վերը նշված դիրքորոշումները, դիմողը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին:

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ ինքնին քաղաքացիական գործերով դատարան դիմելու համար տուրքեր վճարելու պահանջը չի կարող դիտվել որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ և ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի խախտում: Ապօրինի ձերբակալման, կալանավորման կամ որպես մեղադրյալ ներգրավելու արդյունքում ենթադրաբար պատճառված վնասի հատուցման հայց ներկայացնելու համար պետական տուրքի սահմանումը որևէ կերպ չի սահմանափակում արդարացվածի` դատական պաշտպանության իրավունքը:

Արդարացվածի կարգավիճակ ձեռք բերած անձը պետք է ապացուցի, որ իրեն ազատությունից զրկելն ապօրինի է և դրա արդյունքում ինքը նյութական վնաս է կրել: Ապօրինի ձերբակալման կամ կալանավորման համար քրեական պատասխանատվություն է սահմանված ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով: Հետևաբար, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվեն նշված հոդվածով նախատեսված հատկանիշները, դրա արդյունքում վնաս կրած անձը վիճարկվող 22-րդ հոդվածի «ե» կետի հիման վրա կազատվի պետական տուրքի վճարումից:

Արդարացվածի ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու և պատճառված վնասը հատուցելու համար օրենքով երաշխավորված է դատական պաշտպանության իրավունքը:

Վերոհիշյալ հիմնավորումներով պատասխանողը գտնում է, որ վիճարկվող հոդվածը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը:

5. Սույն գործի քննության շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթը դիտարկել հատկապես ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասի և 20-րդ հոդվածի 5-րդ մասի համատեքստում` հաշվի առնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածում թվարկված` պետական տուրքի վճարումից ազատելու դեպքերի և պետական տուրքի վճարումից ազատվող սուբյեկտների վերաբերյալ առկա իրավակարգավորման հիմքում ընկած ընդհանուր տրամաբանությունը:

Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դիմողի` իր վարույթում գտնվող կոնկրետ գործով մատնանշած փաստական հանգամանքն առնչվում է վնաս կրած անձի` փոխհատուցման պահանջին, սահմանադրական դատարանը հարկ է համարում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի դրույթներից առանձնացնել այնպիսիք, որպիսիք առնչվում են վնաս կրած անձի` փոխհատուցման պահանջին:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասում թվարկված դեպքերից միայն երեքն են առնչվում վնաս կրած անձի` փոխհատուցման պահանջին: Այդպիսիք են.

- խեղման կամ առողջության այլ վնասման, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով (օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ).

- հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով (օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետ).

- պետական նպաստների, այդ թվում` նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման, գումարների բռնագանձման վերաբերյալ հայցերով (օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իդ» կետ):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի` վերը նշված դրույթների համադրված վերլուծությունից բխում է, որ վերոհիշյալ դեպքերում հայցվորին պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություն տրամադրելու հիմքում ընկած է այն ընդհանուր օրինաչափությունը, համաձայն որի` հատկապես հաշվի են առնվում նման արտոնություն տրամադրելու անհրաժեշտությունը պայմանավորող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են վնաս կրելու հետևանքով արդարացի փոխհատուցում պահանջող անձանց` սոցիալապես առավել անապահով վիճակում գտնվելը, կրած վնասի հնարավոր չափերը, հետևաբար` նաև գույքային բնույթի հայցապահանջներով պայմանավորված պետական տուրքի չափը:

6. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ թե' «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի վերոնշյալ առաջին մասի հատկապես «ե» կետի դրույթը և թե՛ սույն գործով դիմող կողմի վարույթում գտնվող կոնկրետ գործի փաստական հանգամանքներն առնչվում են նյութական վնաս կրած անձին, կամ որ նույնն է` տուժողին, սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է անձի իրավունքը` ազատությունից ապօրինի զրկման դեպքում օրենքով սահմանված հիմքերով և կարգով ստանալու պատճառված վնասի հատուցում: Դատարանը, միաժամանակ, հարկ է համարում պարզել Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված` «տուժող» հասկացության և «օրենքով սահմանված կարգով» բառակապակցության սահմանադրաիրավական բովանդակությունը:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ին ընդունված` «Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագիր» վերտառությամբ թիվ 40/34 բանաձևի «Ա» բաժնի 2-րդ կետում բացահայտված է «տուժող»-ի, որպես հանցագործության զոհի, հասկացության միջազգային իրավական բովանդակությունը, համաձայն որի` հանցագործության զոհ է (են) համարվում այն անձը (անձինք), ում (որոնց) հանցագործությամբ կամ իշխանության չարաշահմամբ պատճառվել է վնաս, ներառյալ մարմնական կամ բարոյական վնասը, հուզական ապրումները, նյութական վնասը կամ հիմնական իրավունքների էական խախտումները, որոնք օժտված են հատուցման հավասար իրավունքով: Այդպիսով, անօրինական գործողությունների` հանցագործության և իշխանության չարաշահման արդյունքում վնաս կրած անձինք իրենց կարգավիճակով նույնացվում են և նրանց նկատմամբ պահանջվում է համարժեք վերաբերմունք:

Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով նաև միջազգային իրավունքում առկա նման մոտեցումը, գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված «տուժող» հասկացությունն ունի ընդգրկուն բովանդակություն և ներառում է ոչ միայն քրեական, այլև քրեադատավարական, վարչական, քաղաքացիաիրավական ու այլ հարաբերություններից և իրենց կամքից անկախ տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց: ՈՒստի ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված «տուժող» հասկացությունը նշանակում է նաև հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործողություններից (անգործությունից) վնաս կրած անձ:

Ընդ որում, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` անձը տուժողի դատավարական կարգավիճակ է ձեռք բերում որպես այդպիսին ճանաչվելու փաստով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության նշված դրույթի իմաստով տուժողին հասցված վնասի հատուցման իրավունքը ենթադրում է նաև արդարացված անձի կրած վնասի հատուցման հարցով քրեական դատավարությունից դուրս քաղաքացիական դատավարության կարգով համապատասխան հայց հարուցելու իրավունք:

7. Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասում և 20-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված` «օրենքով սահմանված կարգով» բառակապակցության բովանդակությանը, ապա սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրությունը հղում կատարելով օրենքին` միաժամանակ առաջադրում է տուժողին փոխհատուցելու այնպիսի կարգ սահմանելու պահանջ, որը պետք է երաշխավորի գործուն մեխանիզմ խնդրո առարկա իրավունքի արդյունավետ իրացման համար: Նման մեխանիզմի գոյությունը կարող է ապահովվել նաև այն դեպքում, երբ հատուցման իրավունքի իրացման` օրենքով սահմանված դատական կարգը պետական տուրքի վճարումից ազատելու արտոնության ձևով արդարացի պայմաններ ստեղծի այդ իրավունքի իրացման համար, և այնպիսի դեպքերում, երբ փոխհատուցման իրավունքն անվիճելի է, այսինքն` օրենքով սահմանված կարգով նախօրոք հաստատված է պետական իրավասու մարմնի, պաշտոնատար անձի այն գործողության (անգործության) փաստը, որի արդյունքում անձին պատճառվել է վնաս: Հետևաբար, օրենսդիրը պետք է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասում և 20-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված իրավունքների արդյունավետ ու անարգել իրացման նպատակով սահմանի արտադատական կամ դատական կարգով փոխհատուցման պահանջ ներկայացնելու արդյունավետ և գործուն համակարգ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծության արդյունքում` սահմանադրական դատարանը, չբացառելով պետական տուրքի գծով արտոնություններ տրամադրելու` օրենսդրի հայեցողական ազատությունը, արձանագրում է, որ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները վերաբերում են ինչպես իրավապայմանագրային պարտավորություններով պայմանավորված, այնպես էլ` չպայմանավորված դեպքերին:

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողի` վարույթում գտնվող կոնկրետ գործի փաստական հանգամանքները ևս վերաբերում են իրավապայմանագրային պարտավորություններով չպայմանավորված վնասի փոխհատուցմանը, սահմանադրական դատարանն իրավական պետության սկզբունքի տեսանկյունից իրավաչափ չի համարում այն իրողությունը, երբ հետևողականություն չի դրսևորվում տվյալ իրավակարգավորման հարցում և պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություն չի նախատեսվում արդարացված անձի համար, որը դատարան է դիմում իրեն պատճառված վնասի հատուցման պահանջով: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման պարագայում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասն առկա իրավակարգավորման շրջանակներում լիարժեք չի երաշխավորում ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասի նորմատիվ կիրառումը` խոչընդոտելով տուժող հանդիսացող անձի հատուցում ստանալու իրավունքի իրավաչափ ու արդյունավետ իրացումը:

Գործող իրավակարգավորումը վկայում է, որ կիրառված միջոցի և հետապնդված նպատակի միջև չկա ողջամիտ համաչափություն` ստեղծվել է ոչ իրավաչափ հավասարակշռություն անձի խախտված իրավունքների վերականգնման և պետության շահերի պաշտպանության միջև, որն աղավաղում է պատճառված վնասի հատուցման սահմանադրական իրավունքի էությունը:

Նման վիճակից խուսափելու նպատակով է, որ բազմաթիվ երկրների (Սլովենիա, Էստոնիա, Ռուսաստանի Դաշնություն, Լատվիա, Լիտվա և այլն) նույնաբնույթ օրենքներում հստակ նորմ է սահմանվում, որ ապօրինի դատապարտման, ապօրինի քրեական պատասխանատվության ենթարկելու հետևանքով պատճառված վնասի հատուցման գործերով կողմերն ազատվում են պետական տուրքի վճարումից: Նախատեսվում է նաև արդարացվածի համար առավել մատչելի` վնասի հատուցման արտադատական ընթացակարգ:

Ըստ գործի նյութերի` Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն նման ընթացակարգ գոյություն չունի, այլև ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ առաջին ատյանի դատարանի որոշման առկայության դեպքում, որով անձը ճանաչվել է տուժած և նախատեսվել է պատճառված վնասի հատուցում, վերաքննիչ բողոքի դեպքում նույնպես անձը չի ազատվում պետական տուրքի վճարումից: Փաստորեն ապօրինի քրեական հետապնդման ենթարկվելու դեպքերում հասցված վնասի հատուցում պահանջելու համար անձն ստիպված է վճարել պետական տուրք, որի չափը կարող է ընդհուպ գերազանցել հատուցվելիք գումարը:

Սույն խնդիրը համալիր իրավակարգավորման անհրաժեշտություն ունի, որը պետք է, մի կողմից, հաշվի առնի, որ անձին վնաս կարող է պատճառվել նաև հանրային իշխանության մարմինների գործողությունների (անգործության) հետևանքով: Մյուս կողմից` արդարացված անձին ապօրինաբար պատճառված վնասը հատուցելը և նրա խախտված իրավունքները վերականգնելը պետք է դիտվեն որպես սահմանադրական անվերապահ պահանջ, որպես անձի իրավունք, իսկ այն իրացնելու օրենսդրական ընթացակարգերը չեն կարող աղավաղել այդ իրավունքի էությունը կամ օրենքի բացի արդյունքում ընդհուպ արգելափակել այն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64, 68 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասը, այնքանով, որքանով չի սահմանում, այլ սուբյեկտներից բացի, արդարացվածին` իրավասու պետական մարմինների և պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության) հետևանքով պատճառված վնասի հատուցման հայցերով պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ արտոնություն նախատեսող դրույթ` արգելափակելով անձի սահմանադրական իրավունքի իրացումը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասին և 20-րդ հոդվածի 5-րդ մասին հակասող և անվավեր:

2. Հաշվի առնելով, որ տվյալ խնդրի իրավաչափ լուծումը և օրենքի բացի հաղթահարումը նաև օրենսդրական փոփոխությունների և համալիր իրավակարգավորման անհրաժեշտություն է ենթադրում, ինչպես նաև նկատի ունենալով, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` վեճի առարկա հոդվածի անմիջական անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ այդ հոդվածի առկա` սահմանադրականության խնդիրներ չառաջացնող, դրույթների իրացման և մարդու իրավունքների պաշտպանության առումով` ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիմքերով սույն որոշման մեջ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավանորմի ուժը կորցնելու վերջնական ժամկետ սահմանել 2011թ. հունիսի 30-ը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

14 դեկտեմբերի 2010 թվականի

ՍԴՈ-929

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
14.12.2010
N ՍԴՈ-929
Որոշում