Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 02.02.2002 ԹՎԱԿԱՆԻ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 02.02.2002 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 91 ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ/1737/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ/1737/05/09                                2010 թ.

Նախագահող դատավոր` Ա. Միրզոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հոկտեմբերի 01-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 05.03.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Մանվել Մկրտչյանի` գումար բռնագանձելու և ինքնակամ շինությունը քանդել պարտավորեցնելու պահանջների մասին, և Մանվել Մկրտչյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Քաղաքապետարանի` վարչական ակտը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Մանվել Մկրտչյանից 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը և նրան պարտավորեցնել քանդելու Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 23 շենքի 1-ին մուտքի դիմաց պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված ավտոտնակը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մանվել Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 20.01.2009 թվականի թիվ Վ-2/6 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 05.03.2010 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը կիրառել է ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշումը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն չի իրականացրել, չի հետազոտել և գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես` վարչական իրավախախտման վերաբերյալ 15.12.2008 թվականի արձանագրությունը, 20.01.2009 թվականի թիվ Վ-2/6 արձանագրությունը:

Դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշումը վերաբերում է շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքներին, իսկ Մանվել Մկրտչյանի կողմից պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ, առանց համապատասխան փաստաթղթերի իրականացվել են ավտոտնակի կառուցման շինարարական աշխատանքներ, մասնավորապես` տեղադրվել է մետաղական դարպաս, կողային հատվածներում իրականացվել են բետոնացման աշխատանքներ` առկա պատի բարձրացման տեսքով:

2) Դատարանը կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Դատարանը հաշվի չի առել, որ Մանվել Մկրտչյանի կողմից կատարված իրավախախտման ժամանակը վարչական իրավախախտման վերաբերյալ 15.12.2008 թվականի արձանագրության կազմման ժամանակահատվածն է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 05.03.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 15.12.2008 թվականի արձանագրության համաձայն` Մանվել Մկրտչյանը Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 23 շենքի 1-ին մուտքի դիմաց առանց քաղաքաշինական փաստաթղթերի իրականացրել է ավտոտնակի կառուցման շինարարական աշխատանքներ, մասնավորապես` տեղադրել է մետաղյա դարպաս և կողային հատվածներում իրականացրել է բետոնացման աշխատանքներ: Նշված արձանագրությամբ Մանվել Մկրտչյանը տվել է հետևյալ բացատրությունը. «Ավտոտնակը կառուցվել է նույն չափսերով 1973 թ. (ցանկապատով) հետևի բետոնի պատը կառուցվել է 1991 թ. դիմացի պատը բարձրացրել ենք վերջերս բարեկարգման նպատակով: Դարպասը մետաղական է» (գ.թ. 9-10):

2) Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 20.01.2009 թվականի թիվ Վ-2/6 արձանագրության համաձայն` Մանվել Մկրտչյանի կողմից Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 23 շենքի 1-ին մուտքի դիմաց պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ շինության կառուցման շինարարական աշխատանքներ իրականացնելու համար Երևանի քաղաքապետին առաջարկություն է ներկայացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով Մանվել Մկրտչյանին 400.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Նշված արձանագրությամբ Մանվել Մկրտչյանն ընդունել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են իր կողմից (գ.թ. 7-8):

3) Երևանի քաղաքապետի 20.01.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-2/6 որոշմամբ Մանվել Մկրտչյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության` 400.000 ՀՀ դրամի չափով տուգանքի: Միաժամանակ Մանվել Մկրտչյանին առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ (գ.թ. 6):

4) Սույն գործում առկա չէ որևէ ապացույց Մանվել Մկրտչյանի կողմից շինարարական աշխատանքներ կատարելու ստույգ ժամանակի վերաբերյալ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն` հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» 02.02.2002 թվականի թիվ 91 որոշման 2-րդ հավելվածի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների, որոնց կատարման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում» ցանկի 2-րդ կետի համաձայն` շինարարության թույլտվություն չի պահանջվում հետևյալ շինարարական աշխատանքների համար`

ա) պոկված կամ թուլացած առանձին քարերի (աղյուսների) ամրացում և նորերի տեղադրում շաղախի օգնությամբ,

բ) քարե (աղյուսե) պատերի նեղ ճեղքերի շաղախալցում,

գ) երկաթբետոնե պատերի և սյուների ամրանների պաշտպանիչ շերտերի վերականգնում,

դ) խոշորաբլոկային և խոշորապանելային պատերի ուղղահայաց և հորիզոնական ծայրակցատեղերի մաքրում և շաղախապատում` օդահոսքերից ու խոնավությունից ներքին տարածքներն ու մետաղական ամրացումները մեկուսացնելու նպատակով,

ե) քարե ցոկոլների նորոգում,

զ) քարե (աղյուսե) և բետոնե սյուների անկյունների և պաշտպանիչ անկյունների տեղադրում,

է) կլոր կամ քառանիստ գերաններից ու տախտակներից կառուցված պատերի խծուծվածքների փոխում, ճեղքերի և արանքների փակում` կանեփաթելի խրձերով,

ը) փայտյա կոնստրուկցիաների մետաղական ձգանների փոխում կամ նորերի տեղադրում:

Ցանկի 6-րդ կետի համաձայն`

ա) դռների ու դարպասների ծռված փեղկերի ուղղում և դրանց ամրացում` փայտյա շերտաձողիկների կամ մետաղյա անկյունակների միջոցով,

բ) փեղկերի ամրացում` դրանց առանձին տախտակների փոփոխմամբ,

գ) նոր օդանցքների տեղադրում,

դ) կոտրված ապակիների փոխում, փոխարինում, ակոսատների ծածկում,

ե) լուսամուտների և դռների շրջանակների ու պատերի միջև եղած արանքների խծուծում (լցում) կանեփաթելի խրձերով, շաղախներով` փայտաշեն և քարաշեն կառույցներում,

զ) լուսամուտագոգերի տակերի արանքների փակում,

է) լուսամուտների և դռների փչացած պարագաների փոխում, նորի տեղադրում,

ը) մուտքի դռների և դարպասների ջերմամեկուսացում,

թ) արտաքին դռների զսպանակների և զսպիչների տեղադրում, ներքին դռների փոխում, փոխարինում,

ժ) արտաքին լուսամուտների և արտաքին դռների փոխում, փոխարինում, արտաքին պատերի բացվածքներում ցուցափեղկերի փոփոխություն,

ժա) պատշգամբների բազրիքների արտաքին տեսքի ձևափոխում` առանց կոնստրուկտիվ փոփոխությունների:

Սույն գործով Դատարանը, հիմք ընդունելով գործի փաստական հանգամանքները և հղում կատարելով ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» 02.02.2002 թվականի թիվ 91 որոշման 2-րդ հավելվածի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների, որոնց կատարման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում» ցանկի 2-րդ և 6-րդ կետերին, հանգել է այն հետևության, որ Մանվել Մկրտչյանի կողմից իրականացվել են միայն բարեկարգման աշխատանքներ` ամրացնելով նախկինում կառուցված և տարիների վաղեմություն ունեցող ավտոտնակի բետոնյա հիմքը, որի համար շինարարության թույլտվություն չի պահանջվում:

Մինչդեռ Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 15.12.2008 թվականի արձանագրության համաձայն` Մանվել Մկրտչյանը Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 23 շենքի 1-ին մուտքի դիմաց առանց քաղաքաշինական փաստաթղթերի իրականացրել է ավտոտնակի կառուցման շինարարական աշխատանքներ, մասնավորապես` տեղադրել է մետաղյա դարպաս և կողային հատվածներում իրականացրել է բետոնացման աշխատանքներ: Նշված արձանագրությամբ Մանվել Մկրտչյանը տվել է հետևյալ բացատրությունը. «Ավտոտնակը կառուցվել է նույն չափսերով 1973 թ. (ցանկապատով) հետևի բետոնի պատը կառուցվել է 1991 թ. դիմացի պատը բարձրացրել ենք վերջերս բարեկարգման նպատակով: Դարպասը մետաղական է»: Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 20.01.2009 թվականի թիվ Վ-2/6 արձանագրությամբ Մանվել Մկրտչյանն ընդունել է շինարարական աշխատանքներն իր կողմից իրականացված լինելու հանգամանքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մանվել Մկրտչյանի կողմից պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա իրականացվել են բետոնացման աշխատանքներ` առկա պատի բարձրացման տեսքով, ինչպես նաև տեղադրվել է մետաղական դարպաս, որպիսի աշխատանքները ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների, որոնց կատարման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում» ցանկի 2-րդ և 6-րդ կետերում ընդգրկված չեն: Հետևաբար, Մանվել Մկրտչյանն առանց համապատասխան փաստաթղթերի ինքնակամ իրականացրել է ավտոտնակի կառուցման շինարարական աշխատանքներ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մանվել Մկրտչյանի կողմից պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված ավտոտնակը ենթակա է քանդման:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին օրենսդրության հիմունքներին, նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Սույն գործում առկա Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 15.12.2008 թվականի արձանագրությամբ Մանվել Մկրտչյանի տված բացատրության համաձայն` «Ավտոտնակը կառուցվել է նույն չափսերով 1973 թ. (ցանկապատով) հետևի բետոնի պատը կառուցվել է 1991 թ. դիմացի պատը բարձրացրել ենք վերջերս բարեկարգման նպատակով: Դարպասը մետաղական է»: Ընդ որում` սույն գործում առկա չէ որևէ ապացույց Մանվել Մկրտչյանի կողմից շինարարական աշխատանքներ կատարելու ստույգ ժամանակի վերաբերյալ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով չի հիմնավորվել Մանվել Մկրտչյանի կողմից շինարարական աշխատանքները Երևանի քաղաքապետի 20.01.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-2/6 որոշման կայացմանը նախորդող ոչ ուշ, քան երկու ամիսը չգերազանցող ժամանակահատվածում կատարվելու հանգամանքը: Հետևաբար անհիմն է վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ իրավախախտման ժամանակը վարչական իրավախախտման վերաբերյալ 15.12.2008 թվականի արձանագրության կազմման ժամանակահատվածն է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետի 20.01.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-2/6 որոշումն ընդունվել է օրենքի, մասնավորապես` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ, հետևաբար այն ոչ իրավաչափ վարչական ակտ է և ենթակա է անվավեր ճանաչման: Այսինքն` Դատարանն այդ մասով կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 05.03.2010 թվականի վճռի` ինքնակամ շինությունը քանդել պարտավորեցնելու պահանջը մերժելու մասը և այդ մասով այն փոփոխել. Երևանի քաղաքապետարանի հայցը բավարարել մասնակիորեն` Մանվել Մկրտչյանին պարտավորեցնել քանդելու Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 23 շենքի 1-ին մուտքի դիմաց պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված ավտոտնակը: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Մանվել Մկրտչյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 24.000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ` որպես ինքնակամ շինությունը քանդել պարտավորեցնելու պահանջի մասով հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.10.2010
N ՎԴ/1737/05/09
Որոշում