Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ/4764/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ/4764/05/09                                2010 թ.

Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հոկտեմբերի 01-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի-1 հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 28.04.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանի ընդդեմ Տեսչության` 13.10.2009 թվականի թիվ 1304990 ակտը մասնակիորեն և 31.10.2009 թվականի թիվ 106496 որոշումը վերացնելու պահանջի մասին, և Տեսչության հակընդդեմ հայցի ընդդեմ Տաթևիկ Մելիքյանի` 2.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Տաթևիկ Մելիքյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 13.10.2009 թվականի թիվ 1304990 ակտի 6-րդ կետը և Տեսչության պետի 31.10.2009 թվականի թիվ 106496 որոշումը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Տաթևիկ Մելիքյանից 31.10.2009 թվականի թիվ 106496 որոշմամբ նշանակված 2.000.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 28.04.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Տաթևիկ Մելիքյանը հայցադիմումով ընդունել է, որ 23.000 ՀՀ դրամը ՀԴՄ չի մուտքագրել, հետևաբար գնորդի կողմից տեղի է ունեցել գումարի վճարում և գործարքի կատարում:

Բացի այդ, գործում առկա ստուգման ակտով և Տաթևիկ Մելիքյանի հայտարարությամբ հիմնավորվել է ոսկյա մատանու դիմաց 23.000 ՀՀ դրամ և 40 ԱՄՆ դոլար վճարված լինելու հանգամանքը: Մինչդեռ Դատարանը գտել է, որ Տաթևիկ Մելիքյանի 13.10.2009 թվականի հայտարարությունը, որով նա ընդունել է թույլ տրված խախտումները, ապացուցողական նշանակություն չի կարող ունենալ, իսկ դատարանում տրված ճիշտ հակառակ բովանդակությամբ հայտարարությունը հավաստի է: Այսպիսով, վճիռը հիմնավորված և օրինական չէ, քանի որ Դատարանը չի իրականացրել գործի լրիվ և բազմակողմանի քննություն, օբյեկտիվորեն չի ուսումնասիրել և գնահատել գործում առկա բոլոր ապացույցներն ու հանգամանքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 28.04.2010 թվականի վճիռը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 11.10.2007 թվականի «Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման» թիվ 01 Ա 114066 վկայականի համաձայն` Տաթևիկ Մելիքյանը 10.10.2007 թվականին գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր (գ.թ. 14):

2) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 09.10.2009 թվականի թիվ 1304990 հանձնարարագրի համաձայն` 10.10.2009 թվականից մինչև 13.10.2009 թվականը անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանի մոտ կատարվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի և արժութային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգում (գ.թ. 36):

3) Ստուգման արդյունքներն արձանագրվել են 13.10.2009 թվականի թիվ 1304990 ակտում, որի 2-րդ կետի համաձայն` Տաթևիկ Մելիքյանը հսկիչ-դրամարկղային մեքենա չի մուտքագրել 38.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով գնված մեկ հատ կանացի ադամանդե քարով ոսկյա մատանու գումարը և չի տրամադրել համապատասխան կտրոն, իսկ 6-րդ կետի համաձայն` նշված ապրանքի դիմաց վճարվել է 23.000 ՀՀ դրամ և 40 ԱՄՆ դոլար: Ստուգման ակտով անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանին առաջադրվել է պետական բյուջե մուծման ենթակա 75.000 ՀՀ դրամ հարկային պարտավորություն` որպես «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքով նախատեսված տուգանք (գ.թ. 8-9):

4) 13.10.2009 թվականի հայտարարության համաձայն` Տաթևիկ Մելիքյանն ընդունել է, որ վաճառված ոսկյա մատանու դիմաց գնորդը վճարել է 23.000 ՀՀ դրամ և 40 ԱՄՆ դոլար, ինչպես նաև վճարված գումարը չի մուտքագրել հսկիչ-դրամարկղային մեքենա և չի տրամադրել համապատասխան կտրոն (գ.թ. 10):

5) 13.10.2009 թվականի թիվ 1304990 ակտի հիման վրա 29.10.2009 թվականին կազմվել է «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 700 արձանագրությունը (գ.թ. 11):

6) Տեսչության պետի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 31.10.2009 թվականի թիվ 106496 որոշման համաձայն` անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանը կանխիկ դրամի հաշվառումը հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտմամբ իրականացնելու, ինչպես նաև արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.1-րդ հոդվածի 1-ին մասի և 165-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի կիրառմամբ ենթարկվել է 2.000.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 12):

7) Սույն գործով Տաթևիկ Մելիքյանը չի վիճարկել ապրանքի համար վճարված գումարը հսկիչ-դրամարկղային մեքենա չմուտքագրելու և համապատասխան կտրոն չտրամադրելու հանգամանքը: «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի խախտման համար Տաթևիկ Մելիքյանին ստուգման ակտով առաջադրված 75.000 ՀՀ դրամ գումարը նրա կողմից վճարվել է (գ.թ. 5-7):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման և աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպես նաև այդ գործարքների դիմաց դրամական (փողային) վճարումները Հայաստանի Հանրապետության դրամով իրականացնելու պահանջը չկատարելն առաջացնում են տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտումը համարվում է մեկ խախտում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

Սույն գործով Դատարանը վկաների ցուցմունքների հիման վրա հաստատված է համարել, որ անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանի կողմից ապրանքը չի իրացվել ԱՄՆ դոլարով, իսկ Տաթևիկ Մելիքյանի 13.10.2009 թվականի հայտարարությունը չի դիտել նշված փաստը հաստատող ապացույց:

Մինչդեռ 13.10.2009 թվականի հայտարարությամբ Տաթևիկ Մելիքյանն ընդունել է, որ վաճառված ոսկյա մատանու դիմաց գնորդը վճարել է 23.000 ՀՀ դրամ և 40 ԱՄՆ դոլար, ինչպես նաև վճարված գումարը չի մուտքագրել հսկիչ-դրամարկղային մեքենա և չի տրամադրել համապատասխան կտրոն:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել նշված հայտարարությունը, որով հաստատվում է անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանի կողմից ապրանքը ԱՄՆ դոլարով վաճառելու հանգամանքը: Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նշված փաստը հաստատվում է նաև Տաթևիկ Մելիքյանի կողմից ապրանքի համար վճարված գումարը հսկիչ-դրամարկղային մեքենա չմուտքագրելու և համապատասխան կտրոն չտրամադրելու հանգամանքը չվիճարկելով: Ավելին, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի խախտման համար ստուգման ակտով անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանին առաջադրվել է 75.000 ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որը նրա կողմից կատարվել է: Այսինքն` տվյալ դեպքում գումարը հսկիչ-դրամարկղային մեքենա չմուտքագրելու համար Տաթևիկ Մելիքյանի կողմից առաջադրված 75.000 ՀՀ դրամ հարկային պարտավորության կատարումը վկայում է, որ Տաթևիկ Մելիքյանն ընդունել է վաճառված ապրանքի ամբողջ գումարը վերցնելու հանգամանքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանն ապրանքն իրացրել է ԱՄՆ դոլարով` խախտելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ինչի հետևանքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Հետևաբար Տեսչության 13.10.2009 թվականի թիվ 1304990 ակտի 6-րդ կետը և Տեսչության պետի 31.10.2009 թվականի թիվ 106496 որոշումն ընդունվել են օրենքի պահանջների պահպանմամբ, և դրանք անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 28.04.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանի հայցը մերժել: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի-1 հարկային տեսչության հակընդդեմ հայցը բավարարել` անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի-1 հարկային տեսչության «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 31.10.2009 թվականի թիվ 106496 որոշմամբ սահմանված 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը:

2. Անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի-1 հարկային տեսչության բռնագանձել 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցադիմումի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

Անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մելիքյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.10.2010
N ՎԴ/4764/05/09
Որոշում