040.1694.201210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1694-Ն
«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամ:
2. «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամում հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
3. Հաստատել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
4. «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արա Մանուկյանին (անձնագիր` AH0585586, տրված` 012-ի կողմից, 21.05.2008 թ.):
5. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի պետական գրանցումը.
2) «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի դեկտեմբերի 2-ի
N 1694-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:
2. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունն է:
3. Հիմնադրամի գործունեության սկզբունքներն են` օրինականությունը, մարդասիրությունը, կամավորությունը, ժողովրդավարությունը և հրապարակայնությունը:
4. Իր գործունեության ընթացքում հիմնադրամը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հիմնադրամների մասին», Արտակարգ իրավիճակների և բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
5. Հիմնադրամի անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամ.
2) անգլերեն լրիվ` «Disaster Risk Reduction National Platform» foundation.
3) ռուսերեն լրիվ` Ֆօնդ «Նացիօնալնայա պլատֆօռմա պօ սնիժենիյու ռիսկա բեդստվիի».
4) հայերեն կրճատ` ԱՌՆԱՊ հիմնադրամ.
5) անգլերեն կրճատ` DRRNP Foundation.
6) ռուսերեն կրճատ` Ֆօնդ ՆՊՍՌԲ:
6. Հիմնադրամի գործունեության ժամկետը սահմանափակված չէ:
7. Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում` տվյալ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
8. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0054, Դավթաշենի 4-րդ թաղամաս, Անաստաս Միկոյան 109/8:
II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
9. Հիմնադրամն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
10. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ունի հիմնադրի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում:
11. Հիմնադրամն իրավունք ունի`
1) իր անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` դրամով և (կամ) արտարժույթով:
12. Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմներ և ձևաթղթեր (իր անվանման հայերենով պարտադիր նշումով), ինչպես նաև այլ անհատականացման միջոցներ:
III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
13. Հիմնադրամի շահառուներն են` Հայաստանի Հանրապետության բնակիչները, արտակարգ իրավիճակների կանխման, կանխարգելման և հետևանքների վերացման գործունեություն իրականացնող պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները:
IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿԸ
14. Հիմնադրամի նպատակը Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկի նվազեցման բազմաճյուղ մեխանիզմի հիմնմանը, տեխնածին և տարերային բնույթի արտակարգ իրավիճակների ռիսկի նվազեցմանը, արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցմանն ու վերացմանն օժանդակելն է:
V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
15. Հիմնադրամի խնդիրներն են`
1) աջակցել աղետների ռիսկի կառավարման ոլորտում դերակատարների պարտավորությունների և իրավասությունների հստակեցման, ենթագերատեսչական շահերի ներդաշնակեցման, աղետների ռիսկի կառավարման համակարգում ներգրավված մարմինների ու կազմակերպությունների գործունեության և համագործակցության ապահովման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման գործընթացներին.
2) օժանդակել`
ա. աղետների ռիսկի կառավարման ոլորտում գիտական և կրթական ներուժի զարգացմանը, հանրային իրազեկման ապահովմանը և վերլուծական կարողությունների հզորացմանը,
բ. արտակարգ իրավիճակների կանխման և կանխարգելման միջոցառումների իրականացմանը,
գ. արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման միջոցառումների իրականացմանը,
դ. աղետների ռիսկի կառավարման կարողությունների հզորացմանը,
ե. արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրմանը, հնարավոր հետևանքների նվազեցմանը,
զ. սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացմանը,
է. արտակարգ իրավիճակներում տուժած բնակչությանն օգնության (նյութական և ոչ նյութական) ցուցաբերմանը.
3) իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ.
4) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ միջոցառումներ:
VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
16. Հիմնադրամն ինքնուրույն որոշում է իր կառուցվածքը և գործունեության ձևերը:
17. Հիմնադրամն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար իրավունք ունի`
1) անարգել տարածելու իր գործունեության մասին տեղեկություններ.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.
3) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ և հիմնարկներ.
4) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը.
5) ձեռք բերելու, ստանալու, վարձակալելու կամ այլ պայմաններով, այդ թվում` նաև անվճար, օգտագործելու անշարժ գույք, հիմնական միջոցներ, տրանսպորտ, օրենքով չարգելված այլ գույք.
6) օտարելու կամ վարձակալության և անհատույց օգտագործման հանձնելու հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած անշարժ և շարժական գույք.
7) ինքնուրույն կազմավորելու իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` դրամաշնորհների, նվիրատվությունների, ներդրումների, փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալու փոխառություններ (վարկեր), դրամաշնորհներ, նվիրատվություններ, այդ թվում` արտարժույթով.
8) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:
18. Հիմնադրամը`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` կարող է անդամակցել միջազգային ոչ կառավարական և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին.
2) կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն միայն այն դեպքում, երբ դա ծառայում է իր նպատակներին: Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից:
19. Հիմնադրամն իրավունք ունի անձամբ զբաղվելու միայն սույն կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:
20. Հիմնադրամը պարտավոր է`
1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան.
2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.
4) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
21. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձանց, ինչպես նաև իրավասու պետական մարմինների պահանջով հիմնադրամը պարտավոր է հնգօրյա ժամկետում նրանց ընձեռել հնարավորություն` իր կանոնադրությանը, կանոնադրության մեջ կատարվող լրացումներին և փոփոխություններին ծանոթանալու համար:
22. Հիմնադրամը և հիմնադրամի պաշտոնատար անձինք օրենքով սահմանված պատասխանատվություն են կրում անօրինական գործունեություն ծավալելու համար:
23. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:
24. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար:
VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
25. Հիմնադրամն իր նպատակներին համապատասխան կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) տարերային և տեխնածին բնույթի վտանգների կանխմանն ու կանխարգելմանը, դրանց նկատմամբ խոցելիության նվազեցմանը, բնակչության պաշտպանությանն ու պատրաստվածության բարձրացմանն ուղղված գործունեություն.
2) լեռնային և այլ վայրերում հովեկների և զբոսաշրջային խմբերի ուղեկցում, փրկարարական ծառայությունների մատուցում, բարձրահարկ շենքերի և այլ կառույցների հակահրդեհային, օդափոխության և այլ համակարգերի տեղադրում, սպասարկում, հակահրդեհային, քիմիական պաշտպանության և այլ ծառայությունների մատուցում.
3) գիտական և հետազոտական ուսումնասիրությունների կատարում, նորագույն տեխնոլոգիաների մշակում և ներդրում.
4) աղետների ռիսկի կառավարման, կլիմայական փոփոխություններին հարմարվողականության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներին առնչվող գիտաժողովների, կոնֆերանսների, սեմինարների, դասընթացների և այլ միջոցառումների կազմակերպում:
VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ
26. Հիմնադրամը որպես սեփականություն կարող է ունենալ առանձնացված գույք (այդ թվում` դրամական միջոցներ, արժեթղթեր և գույքային իրավունքներ):
27. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներն են`
1) հիմնադրի ներդրումը.
2) ֆիզիկական, իրավաբանական անձանց, այդ թվում` նաև օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները, նվիրաբերությունները, փոխառությունները, վարկերը, ներդրումները.
3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը` ներառյալ արտակարգ իրավիճակների բնագավառում կնքված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ներգրավվող փոխառությունները.
4) դրամաշնորհները.
5) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
6) հանգանակությունները.
7) օրենքով չարգելված այլ միջոցներ:
28. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների` բացառությամբ հիմնադրամի վարչակառավարչական ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրները, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:
29. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերը ներառում են հիմնադրամի կառավարման, հիմնադրամի աշխատողների աշխատավարձի, ինչպես նաև հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերը:
IX. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
30. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով:
31. Հիմնադրամի մարմիններն են հոգաբարձուների խորհուրդը և տնօրենը:
32. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ):
33. Խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած, գործունակ, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և (կամ) աղետների ռիսկի կառավարման ոլորտում աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք չեն հանդիսանում հանրային ծառայող:
34. Խորհուրդը բաղկացած է յոթ անձից, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը:
35. Հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, ինչպես նաև բնածին և մարդածին աղետների ռիսկերի, հետևանքների նվազեցման և վերացման, ապահովման ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինը:
36. Խորհրդի անդամները միաժամանակ չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ:
37. Հոգաբարձուների խորհրդի անդամներն ունեն իրավունքներ և պարտականություններ, որոնք սահմանված են «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
38. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության` հասարակական հիմունքներով: Խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում` նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:
X. ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ, ՆՐԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
39. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց լիազորություններն ստանձնում են 4 տարի ժամկետով: Հոգաբարձուների խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո` եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներն ընտրված են, ապա դրա հաջորդ օրվանից:
40. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է`
1) խորհրդի նախագահին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա.
2) եթե նա նշանակվել է ի պաշտոնե` նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում.
3) նրա կողմից իր պարտականությունների պատշաճ չկատարման դեպքում` հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով.
4) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում.
5) եթե դադարել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.
6) նրա մահվան դեպքում.
7) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում:
41. Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում 30 օրվա ընթացքում հիմնադիրը կամ հոգաբարձուների խորհրդի նախագահը (իսկ նրա բացակայության դեպքում` նրա պարտականությունները կատարողը) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն են ներկայացնում նոր անդամի թեկնածությունը:
42. Հոգաբարձուների խորհրդի անդամը համարվում է ընտրված, եթե նրա կողմից ներկայացվել է խորհրդի կազմում ընդգրկվելու գրավոր համաձայնություն և թեկնածությունը հաստատվել է խորհրդի կողմից:
XI. ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
43. Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
44. Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության և ազատման, հիմնադրամի կառավարչի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
45. Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների (2/3) մեծամասնությամբ:
46. Եթե խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
XII. ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
47. Խորհրդի իրավասությանն են պատկանում`
1) հիմնադրամի ռազմավարության ուղենիշների և ծրագրերի հաստատումը.
2) հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
3) հիմնադրամի բյուջեի և դրանում կատարվող փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների, հաստիքացուցակի, հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.
4) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.
5) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
6) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրությունը` նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշումների ընդունումը.
7) տնտեսական ընկերությունների, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.
8) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.
9) տարեկան առնվազն մեկ անգամ տնօրենի հաշվետվությունը լսելը.
10) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
11) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.
12) այլ խորհրդակցական մարմինների կազմի և աշխատակարգի հաստատումը.
13) հիմնադրամի ներքին կանոնակարգերի հաստատումը.
14) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
15) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
16) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
17) խորհրդի նախագահի, տնօրենի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.
18) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.
19) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.
20) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:
48. Խորհրդի իրավասության ենթակա հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:
XIII. ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
49. Խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները` իրենց կազմից:
50. Խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
51. Խորհրդի նախագահը`
1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, սույն կանոնադրության 48-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված, ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) իրականացման և 3-րդ, 6-րդ, 7-րդ և 14-րդ կետերով նախատեսված հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.
2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.
3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրության վարումը.
4) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ սույն կանոնադրության 41-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերում:
52. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից մեկը:
53. Խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի արտահերթ նիստեր կարող են հրավիրվել հոգաբարձուների խորհրդի նախագահի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, կամ խորհրդի անդամների 1/3-ի պահանջով` խորհրդի նախագահի կողմից` համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում հոգաբարձուների խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև առցանց եղանակով կամ հարցման կարգով:
XIV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԸ
54. Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը:
55. Հիմնադրամի տնօրենը նշանակվում է մրցութային կարգով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է խորհուրդը: Տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է խորհուրդը:
56. Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրով: Տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրն ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված այլ անձ:
57. Տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը` բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` խորհրդի իրավասության ենթակա հարցերի: Տնօրենը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը:
58. Տնօրենը`
1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից` նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը գերազանցող գործարքները համաձայնեցնելով խորհրդի նախագահի հետ.
2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
3) գործում է առանց լիազորագրի.
4) տալիս է լիազորագրեր.
5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
6) բանկերում բացում է հիմնադրամի ընթացիկ, հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
7) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.
8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
9) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատողներին, այդ թվում` հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին.
10) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:
XV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
59. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները: Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները կազմվում են «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
XVI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
60. Հիմնադրամն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ:
61. Հիմնադրամի ֆինանսական գործունեության վերստուգումը կատարվում է անկախ աուդիտորի կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ: Անկախ աուդիտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մրցութային կարգով և հաստատվում խորհրդի կողմից:
XVII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
62. Հիմնադրամը վերակազմակերպվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
63. Հիմնադրամը վերակազմակերպվում է խորհրդի որոշմամբ:
64. Հիմնադրամի լուծարումը նրա գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
65. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա: Հիմնադրամի անունից որպես շահագրգիռ անձ կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը:
66. Հիմնադրամը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
67. Հիմնադրամի լուծարմամբ պայմանավորված` պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, հիմնադրամի մնացած գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
68. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գործունեությունը` դադարած` պետական գրանցման պահից:
(հավելվածը խմբ. 29.07.2021 թիվ 1231-Ն որոշում)