Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ...

 

 

020.0931.281210

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 375.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 28 դեկտեմբերի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 71-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 02.07.2010թ. սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998թ. հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998թ. սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ մտել 1999թ. հունվարի 12-ից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Արագացված կարգի կիրառման հիմքերը» վերտառությամբ 375.1-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնվելու դեպքում իրավունք ունի միջնորդելու արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենuգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:

Մինչև դատաքննությունն սկսելը մեղադրողը դատարանի առաջարկությամբ կարող է իր դիրքորոշումը փոխել, թեպետ արագացված կարգ կիրառելու դեմ առարկել է մեղադրական եզրակացությունում»:

2. Սույն գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ՍԴ/0130/01/10/41105010/ քրեական գործն ըստ մեղադրանքի Մ. Ս. Ղուկասյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:

16.06.2010թ. Սյունիքի մարզի դատախազության դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը` միաժամանակ առարկելով դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ: 22.06.2010թ. գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան և նույն օրն ընդունվել է վարույթ:

Մինչև գործի դատաքննությունն սկսելն ամբաստանյալը, օգտվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով իրեն վերապահված իրավունքից, միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:

Դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով մեղադրողին առաջարկել է փոխել իր դիրքորոշումը, սակայն վերջինս օգտվելով իր դատավարական իրավունքից` այն չի փոխել:

Դատարանը` գտնելով, որ իր կողմից կիրառման ենթակա դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը, 29.06.2010թ. որոշում է կայացրել ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:

3. Դիմողի կողմից վիճարկվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` «Եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ...», ինչպես նաև «Մինչև դատաքննությունն սկսելը մեղադրողը դատարանի առաջարկությամբ կարող է իր դիրքորոշումը փոխել, թեպետ արագացված կարգ կիրառելու դեմ առարկել է մեղադրական եզրակացությունում» դրույթները: Ըստ դիմողի` վիճարկվող դրույթները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված կարգով առավելագույնից մեղմ պատիժ ակնկալելու, ինչպես նաև օրենքով նախատեսված դատական ծախսերից ազատվելու ամբաստանյալի դատավարական իրավունքի իրացումը կախվածության մեջ են դնում մրցակցող կողմի` դատախազի դրական դիրքորոշումից` խախտելով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված` անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի պահանջները:

Ըստ դիմողի` վիճարկվող իրավակարգավորումը խախտում է նաև դատարանի անկախության սկզբունքը, ինչպես նաև մեղադրողի համար կամայական խտրականության դրսևորման նախադրյալներ է ստեղծում:

4. Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող նորմերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը հետևյալ պատճառաբանությամբ: Դատավարության արագացված կամ ըստ էության պարզեցված կարգ կիրառելու նախապայմանն ամբաստանյալի կամ մեղադրյալի կողմից իրեն առաջադրված մեղադրանքի ընդունումն է, որը բնորոշ է «մեղքի ընդունման գործարքին» կամ մի շարք երկրների քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված «համաձայնեցման վարույթին»: Յուրաքանչյուր դեպքում համաձայնությունը կայացվում է դատախազի և մեղադրյալի միջև: Այդ ինստիտուտի էությունն այն է, որ մեղադրյալն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը համաձայնում է արագացված կարգով դատական քննություն անցկացնել: Այս պարագայում դատարանի դերը սահմանափակվում է բացառապես համաձայնությունը հաստատելով և դրա կայացման ընթացքում քրեական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան պահանջների պահպանումն ստուգելով: Նման կարգավորումն ուղղակիորեն բխում է քրեական դատավարությունում մրցակցության սկզբունքից, որի համաձայն դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում:

Պատասխանողը գտնում է նաև, որ անհիմն են դիմողի փաստարկները ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի խախտման վերաբերյալ, քանզի վիճարկվող իրավակարգավորումն այդ հոդվածում ամրագրված իրավունքի հետ որևէ առնչություն չունի:

Ինչ վերաբերում է դատական քննության արագացված կարգի կիրառման հարցում տուժողի կարծիքը հաշվի առնելուն, ապա պատասխանողը նշում է, որ այդ հարցին անդրադարձել է ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 2010թ. մարտի 26-ի որոշման մեջ, որում իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ դատական քննության արագացված կարգ կիրառելու հարցում տուժողի համաձայնությունը պարտադիր է:

Վիճարկվող դրույթների սահմանադրականության վերոհիշյալ հիմնավորման հետ միաժամանակ, պատասխանող կողմը միջնորդել է գործի վարույթը կարճել` նկատի ունենալով, որ դիմողն առավելապես բարձրացրել է «...իրավակարգավորման նպատակահարմարության հարց, իսկ վիճարկվող իրավադրույթի սահմանադրականության խնդրին անդրադարձել է խիստ հպանցիկ»:

5. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ գործի վարույթը կարճելու հիմքեր չկան` նկատի ունենալով, որ դիմողն առաջադրում է հետևյալ սահմանադրաիրավական խնդիրները.

- վիճարկվող նորմի սահմանադրականության տեսանկյունից իրավաչափ է, արդյոք, դատախազի առարկությունը դիտել որպես դատական քննության արագացված կարգ կիրառելը բացառող նախապայման,

- իրավաչափ է, արդյոք, դատարանի կողմից դատական քննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ ամբաստանյալի միջնորդության բավարարման հնարավորությունը պայմանավորել այդ կարգը կիրառելու առնչությամբ մեղադրողի առարկության բացակայությամբ:

Առաջադրված խնդիրներին վեճի առարկա իրավանորմերի սահմանադրականության տեսանկյունից ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական քննության արագացված կարգի` որպես դատավարական ինստիտուտի բովանդակության, էության ու առանձնահատկությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում ամրագրված` դատախազության` դատարանում մեղադրանքի պաշտպանության գործառույթի համատեքստում` հաշվի առնելով նաև դատավարական իրավահարաբերությունների ու գործողությունների հիմքում ընկած` դատավարության սուբյեկտների գործառույթների տարանջատման սկզբունքը:

6. Դատական քննության արագացված կարգը` որպես նոր դատավարական ինստիտուտ, Հայաստանի Հանրապետության քրեադատավարական օրենսդրություն է ներմուծվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» 21.02.2007թ. ՀՕ-93-Ն ՀՀ օրենքով: Այն, որպես նոր դատավարական ինստիտուտ, նպատակ ունի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով քննությունն իրականացնել պարզեցված ընթացակարգերով:

Դատական քննության արագացված կարգի կիրառումը` որպես տարբերակված վարույթ, միջազգային պրակտիկայում արմատավորված դատավարական գործելաձև է: Արագացված դատաքննությունը նպատակ ունի լուծել կազմակերպաիրավական որոշակի խնդիրներ, որոնցից են, մասնավորապես` ա/ դատավարական տնտեսումը, այսինքն` առանձին քրեական գործերով ժամանակի, միջոցների և ջանքերի կրճատումը` դրանք ավելի բարդ գործերի վարույթի համար օգտագործելու նպատակով, բ/ հանցագործության կատարման և պատժի նշանակման միջև ընկած ժամանակահատվածի կրճատումը, նպատակ ունենալով ուժեղացնել դատավարության և քրեական պատժի նախազգուշական ազդեցությունը, գ/ կողմերին հաշտեցնելը և այլն:

Արագացված դատական քննության ընթացքում մեղադրանքը պետք է ներկայացվի ամբողջովին, բանավոր և անմիջականորեն պետք է քննվեն գործով ձեռք բերված ապացույցները: Արագացված դատաքննության ընթացակարգը դատավարության մասնակիցներին տրամադրում է ոչ պակաս, իսկ երբեմն` նույնիսկ ավելի շահավետ երաշխիքներ նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության առումով, քան դատավարության ընդհանուր կարգը: Հարկ է ընդգծել, որ արագացված դատաքննության նպատակներից ելնելով, որևէ կերպ չի կարելի հրաժարվել մրցակցային դատավարության այնպիսի հիմնարար սկզբունքներից, ինչպիսիք են կողմերի հավասարությունը և մեղադրյալի պաշտպանության իրավունքը:

Դատական քննության արագացված կարգի կիրառումը` որպես ողջամիտ ժամկետում քրեական գործերի լուծման երաշխիք, խրախուսվում է նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի փաստաթղթերում/մասնավորապես` «Քրեական արդարադատության պարզեցման վերաբերյալ» 17.09.1987թ. N 6 R(87)18 հանձնարարականի 1, 7, 8 կետերը/: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն 2002թ. սեպտեմբերի 18-ին ընդունել է նաև «Արդարադատության արդյունավետության ապահովման հարցերով եվրոպական հանձնաժողովի հիմնադրման մասին» 2002 (12) բանաձևը, որում շեշտադրվում է դատական քննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու, դատական քննության ձգձգումներից խուսափելու և դատական ծախսերը կրճատելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

7. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9.1-րդ բաժնի դրույթներով սահմանված` դատական քննության արագացված ընթացակարգի հիմնական հատկանիշներն են.

- դատական քննության արագացված կարգ կիրառելու համար բավարար չէ կողմերից միայն մեկի` ամբաստանյալի կամ մեղադրողի համաձայնությունը, պահանջվում է նաև այդ կարգը կիրառելու դեմ մյուս կողմի առարկության բացակայությունը, այսինքն` եթե դատախազը մեղադրական եզրակացությունում առարկել է արագացված կարգ կիրառելու դեմ, ապա այդ կարգն ամբաստանյալի միջնորդության պարագայում չի կարող կիրառվել, և, հակառակը, դատախազի առարկության բացակայության դեպքում դատական քննության արագացված կարգը չի կարող կիրառվել առանց ամբաստանյալի համապատասխան միջնորդության,

- դատախազը դատական քննության արագացված կարգի դեմ կարող է առարկել միայն մեղադրական եզրակացությունում: Վերջինում արագացված կարգի դեմ առարկության բացակայությունն օրենսդրի կողմից դիտարկվում է որպես արագացված կարգ կիրառելու վերաբերյալ լռելյայն համաձայնություն,

- դատախազն արագացված կարգի կիրառման դեմ մեղադրական եզրակացությունում արտահայտած դիրքորոշումը կարող է փոխել դատարանի առաջարկությամբ, սակայն դատախազը կաշկանդված չէ այդ առաջարկությամբ,

- արագացված դատական քննության կարգ կարող է կիրառվել միայն այն հանցագործություններով, որոնց համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը,

- դատարանը պետք է համոզվի, որ ամբաստանյալը գիտակցում է իր ներկայացրած միջնորդության բնույթը և հետևանքները, միջնորդությունը ներկայացված է կամավոր և պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո:

8. Արագացված կարգով դատական քննությունը քրեական դատավարության ձև է, որն օրենքով սահմանված կարգով միտված է գործն առավել սեղմ ժամկետում և պարզեցված կանոններով լուծելուն: Այս ինստիտուտի առանցքում «գործարքն» է քրեական դատավարության երկու կողմերի` մեղադրանքի և պաշտպանության կողմերի միջև, որի շրջանակներում մեղադրյալը համաձայնում է առաջադրված մեղադրանքին, ինչի դիմաց նրա համար երաշխավորվում է պատժի այնպիսի չափ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժ, ինչպես նաև ամբաստանյալն ազատվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-8-րդ կետերով նախատեսված դատական ծախսերից: Համաձայնելով արագացված դատաքննությանը` ամբաստանյալը նաև կամովին հրաժարվում է մի շարք սահմանադրաիրավական երաշխիքներից, այն է` անմեղության կանխավարկածի սկզբունք, գործի հրապարակային քննության և այլ իրավունքներ: Մյուս կողմից` մեղադրողը հրաժարվում է մեղադրանքը պաշտպանելու իր գործառույթը լրիվ ծավալով իրականացնելուց` դրանով հնարավորություն ստանալով տնտեսել իր միջոցները, ինչպես նաև մեղադրյալին (ամբաստանյալին) խրախուսել համագործակցելու քրեական հետապնդման մարմինների հետ:

Դատական քննության արագացված կարգը հանդիսանում է քրեական դատավարությունում դիսպոզիտիվության դրսևորում: Իր հերթին, քրեական դատավարությունում դիսպոզիտիվությունը հանդիսանում է իրավական ազատության, հավասարության, դատավարության կողմերի` իրենց նյութական և դատավարական իրավունքները տնօրինելու ազատության դրսևորում: Դիսպոզիտիվության սուբյեկտները դատավարության կողմերն են` մեղադրանքի և պաշտպանության կողմերը: Մեղադրանքի կողմում որպես դիսպոզիտիվության լիիրավ սուբյեկտ հանդես է գալիս դատախազը, քանի որ նրան են պատկանում քրեական հետապնդման օրինականությունը երաշխավորելու լիազորությունները:

Արագացված կարգով դատական քննության բովանդակությունից ու էությունից բխում է, որ այս ինստիտուտի իրավակարգավորման շրջանակներում անհրաժեշտ է ապահովել հավասարակշռություն դատավարության կողմերի իրավունքների և օրինական շահերի միջև:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ խնդրո առարկա ինստիտուտի գործող իրավակարգավորումը` դատական քննության ընդհանուր կարգից բացառություն հանդիսացող արագացված կարգի կիրառումը միայն դատավարության երկու կողմերի միաժամանակյա համաձայնության պայմաններում է ապահովում իրավաչափ հավասարակշռություն մեղադրանքի և պաշտպանության կողմերի իրավունքների և օրինական շահերի միջև: Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ արագացված կարգ կիրառելու դեմ դատախազության (մեղադրող կողմի) առարկությունը չի կարող դիտվել որպես «բացարձակ վետոյի» իրավունք, այդ առարկությունը պետք է լինի փաստարկված:

9. ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում ամրագրված է դատախազի` մեղադրանքի պաշտպանության գործառույթը: Այս գործառույթի շրջանակներում դատախազն իր հայեցողությամբ տնօրինում է ինչպես մեղադրանքի, այնպես էլ մեղադրանքի պաշտպանության ծավալները: Դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ դատախազի փաստարկված առարկությունը նշանակում է, որ դատախազը տվյալ գործով նախընտրում է մեղադրանքի պաշտպանության սահմանադրական իր լիազորությունն իրականացնել ողջ ծավալով:

Մրցակցային դատավարությունում մեղադրանքի, պաշտպանության և գործի լուծման գործառույթների տարանջատման պայմաններում դատարանը` որպես գործի լուծման գործառույթը կրող սուբյեկտ, գործը քննում է ըստ ներկայացված մեղադրանքի և իրավասու չէ դուրս գալու մեղադրանքի շրջանակներից:

Ինչպես մեղադրանքի, այնպես էլ դրա պաշտպանության ծավալների վերաբերյալ մեղադրողի` որպես պետության անունից քրեական հետապնդում իրականացնող դատավարական սուբյեկտի դիրքորոշումը պետաիշխանական ակտ է, որը պարտադիր է դատավարության մյուս սուբյեկտների համար: Այդ պարտադիրությունը դրսևորված է, մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասում, որի համաձայն` մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը պարտավոր է կայացնել արդարացման դատավճիռ:

10. Քրեական գործերով մրցակցային դատաքննության իրավունքը նշանակում է, որ ե՛ւ մեղադրանքի կողմին, ե՛ւ պաշտպանության կողմին պետք է տրվի հնարավորություն ծանոթանալու միմյանց ներկայացրած փաստարկներին և ներկայացնելու իրենց դիտողությունները միմյանց փաստարկների վերաբերյալ (տե'ս, Ռովը և Դեվիսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 2000թ. փետրվարի 16-ի վճիռը, Rowe and Davis v. the United Kingdom): Մրցակցային դատավարությունում դատարանը չի կարող ստանձնել ո'չ մեղադրանքի, ո'չ պաշտպանության գործառույթ: Դատարանը չի կարող հանդես գալ մեղադրանքի կամ պաշտպանության կողմում:

Ելնելով մրցակցության սկզբունքի նշված բովանդակությունից` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական քննության արագացված կարգ կիրառելու հարցի լուծման առնչությամբ մրցակցության սկզբունքի իրացումն արդեն իսկ ապահովվում է` մեղադրանքի և պաշտպանության կողմերին հնարավորություն տալով արտահայտելու իրենց տեսակետներն արագացված կարգով դատական քննության կազմակերպման հարցի վերաբերյալ: Ավելին, այն դեպքում, երբ արագացված կարգով դատական քննության կազմակերպման հարցում դատարանին իրավասություն վերապահվի կիրառել արագացված դատական քննության կարգ` որպես ընդհանուր կարգից բացառություն, առանց կողմերից մեկի համաձայնության, տվյալ դեպքում` առանց մեղադրանքի կողմի համաձայնության, դրանով ոչ միայն կխաթարվեն արագացված կարգով դատական քննության ինստիտուտի ողջ էությունն ու բովանդակությունը, այլ նաև տվյալ հարցի լուծման շրջանակներում դատարանն ըստ էության հանդես կգա պաշտպանության կողմում` ի խախտումն մրցակցության սկզբունքի:

Հաշվի առնելով մրցակցային դատավարության այն հիմնական հատկանիշներից մեկը, ըստ որի` մրցակցային դատավարության պայմաններում կողմերն են տնօրինում իրենց դատավարական լիազորությունների ծավալը, սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական քննության արագացված կարգի կիրառումը երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանավորելը ոչ միայն չի խախտում մրցակցության սկզբունքը, այլև նման մոտեցումն արդարացված է հենց մրցակցային դատավարության տեսանկյունից:

Մրցակցային դատավարության կարևոր բաղադրատարրերից է նաև դատավարության կողմերի հավասարությունը: Կողմերի հավասարությունը, ըստ Եվրոպական դատարանի մեկնաբանության, նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմի պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ` ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ (տե'ս, ի թիվս այլնի, Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդեռլանդների գործով 1993թ. սեպտեմբերի 22-ի վճիռը, Dombo Beheer v. Netherlands): Հաշվի առնելով կողմերի դատավարական հավասարության նշված բովանդակությունը` սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումը, թույլ չտալով դատական քննության արագացված կարգի կիրառումն այդ հարցում դատավարության կողմերից մեկի, տվյալ դեպքում` մեղադրողի, համաձայնության բացակայության դեպքում, դրանով իսկ ապահովում է կողմերի հավասարությունը:

11. Վիճարկվող իրավակարգավորման` դատարանի անկախության սկզբունքի հետ առնչակցության խնդիրը սահմանադրական դատարանը հարկ է համարում դիտարկել նաև մրցակցային դատավարությունում դատավարական իրավահարաբերությունների ու գործողությունների հիմքում ընկած` մեղադրանքի, պաշտպանության և գործի լուծման գործառույթների տարանջատման սկզբունքի, ինչպես նաև դատավորի անկախության բովանդակության լույսի ներքո:

Քրեական դատավարությունում դատարանին պատկանում է գործի լուծման գործառույթը, որի շրջանակներում էլ իրացվում է դատավորի անկախության սկզբունքը: Դատարանի անկախության սկզբունքը չի կարող դրսևորվել դատավարության կողմերի` մեղադրանքի կամ պաշտպանության կողմի գործառույթի տիրույթում: Դատական քննության արագացված կարգի` որպես տարբերակված դատավարական ձևի ինստիտուտի բովանդակությունից բխում է, որ նման կարգի կիրառման շուրջ համաձայնության կայացումը մեղադրանքի և պաշտպանության գործառույթների շրջանակում է, հետևաբար, դատարանը կաշկանդված է այդ կարգը կիրառելու դեմ կողմերից յուրաքանչյուրի առարկությամբ:

Դատարանի դատավարական անկախությունը դատավորի անկողմնակալ և օբյեկտիվ վերաբերմունքն է կողմերի նկատմամբ, ինչպես նաև նրա կողմից ապացույցների անկողմնակալ և օբյեկտիվ գնահատականը` ելնելով միայն իր ներքին համոզմունքից: Դատական քննության արագացված կարգ կիրառելու հարցի լուծման, ամբաստանյալի միջնորդության առնչությամբ որոշում կայացնելու գործընթացում դատարանի դատավարական անկախությունը դրսևորվում է նման կարգ կիրառելու վերաբերյալ դատավարության երկու կողմերի փոխադարձ համաձայնության պայմաններում դատական քննության արագացված կարգ կիրառելու` օրենքով նախատեսված պայմանների առկայությունը գնահատելիս: Այսինքն` դատարանն ամբաստանյալի միջնորդության քննարկմանը ձեռնամուխ է լինում միայն դատական քննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ դատավարության կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում և անկախության սկզբունքի հիման վրա լուծում է ամբաստանյալի միջնորդությունը բավարարելու հարցը` պարզելով դատական քննության արագացված կարգ կիրառելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածով նախատեսված պայմանների առկայությունը:

Ինչ վերաբերում է դիմողի այն փաստարկին, որ դատական քննության արագացված կարգ կիրառելու հնարավորությունը դատախազի կամքից կախվածության մեջ դնելը խախտում է անձի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, ապա սահմանադրական դատարանը նման փաստարկն անհիմն է համարում, քանի որ նման կարգ կիրառելու դեմ դատախազի առարկության դեպքում դատական քննությունն իրականացվում է ընդհանուր կարգով: Ի տարբերություն արագացված դատաքննության, ընդհանուր կարգով իրականացվող դատական քննության ընթացքում իրենց ողջ ծավալով գործում են ինչպես ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով, այնպես էլ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված բոլոր դատավարական երաշխիքները:

Ելնելով դատական քննության արագացված կարգի` որպես դատավարական ինստիտուտի վերոհիշյալ բովանդակությունից ու էությունից, մրցակցային դատավարության հիմնական հատկանիշներից, ինչպես նաև հաշվի առնելով դատավարական սուբյեկտների գործառույթների տարանջատման սկզբունքը` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոնշյալ իրավական դիրքորոշումների շրջանակներում դատական քննության արագացված կարգի կիրառման հնարավորությունը մեղադրանքի և պաշտպանության կողմերի փոխադարձ համաձայնության առկայությամբ պայմանավորելն իրավաչափ է, բխում է խնդրո առարկա ինստիտուտի բովանդակությունից ու էությունից և համահունչ է մրցակցային դատավարության պահանջներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` «Եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ...», ինչպես նաև «Մինչև դատաքննությունն սկսելը մեղադրողը դատարանի առաջարկությամբ կարող է իր դիրքորոշումը փոխել, թեպետ արագացված կարգ կիրառելու դեմ առարկել է մեղադրական եզրակացությունում» դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

28 դեկտեմբերի 2010 թվականի

ՍԴՈ-931

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.12.2010
N ՍԴՈ-931
Որոշում