Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՋԻՊԻԷՍ (ԳԼՈԲԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՋԻՊԻԷՍ (ԳԼՈԲԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) GPS ՌԵՖԵՐԵՆՑ ԿԱՅԱՆՆԵՐ ...

 

 

040.1720.291210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2010 թվականի N 1720-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՋԻՊԻԷՍ (ԳԼՈԲԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) GPS ՌԵՖԵՐԵՆՑ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ժ» և 5-րդ հոդվածի «գ» կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման և մշտական գործող ՋիՊիէս/GPS (գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման հայեցակարգը հաստատելու մասին» N 52 արձանագրային որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 120-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում մշտական գործող ՋիՊիէս (գլոբալ դիրքորոշման համակարգ) GPS ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2) Հայաստանի Հանրապետությունում մշտական գործող ՋիՊիէս (գլոբալ դիրքորոշման համակարգ) GPS ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման ծախսերի նախահաշիվը և սխեման` համաձայն N 2 հավելվածի.

3) Մշտական գործող ՋիՊիէս (գլոբալ դիրքորոշման համակարգ) GPS ռեֆերենց կայանի ստեղծման միջոցառումների իրականացման ծախսերի նախահաշիվը` համաձայն N 3 հավելվածի (գաղտնի):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի դեկտեմբերի 23-ի

N 1720-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՋԻՊԻԷՍ (ԳԼՈԲԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) GPS ՌԵՖԵՐԵՆՑ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի N 1028 որոշման համաձայն գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմին է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն: Այդ ժամանակահատվածից սկսած բնագավառը վերածնունդ ապրեց` մշակվեցին բնագավառում իրականացվող գործընթացները կարգավորող նորմատիվ իրավական և տեխնիկական փաստաթղթեր, ծրագրեր, ձեռք բերվեցին ժամանակակից արբանյակային և էլեկտրոնային գործիքներ, սարքավորումներ և դրանցով չափագրված նյութերի մշակման համար անհրաժեշտ ծրագրային փաթեթներ:

2. Ելնելով արբանյակային տեխնոլոգիաներով ստեղծվող գեոդեզիական ցանցերի առավելություններից և նպատակահարմարությունից Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառը միջազգային գեոդեզիական և քարտեզագրական ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի N 225 որոշման պահանջի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրվել է ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգ:

3. 2002-2004 թվականներին իրականացվեցին ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ազգային գեոդեզիական ցանցի ստեղծման աշխատանքներ, որի մեջ ընդգրկվեցին 0-ական դասի, 1-ին դասի և 2-րդ դասի ցանցի հիմնակետերը:

4. 2004 թվականի հունիսի 1-ին Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում կայացած սիմպոզիումում Հայաստանի Հանրապետության տարածքի ՎիՋիԷս-84 (WGS-84) համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում 0-ական դասի հավասարակշռված 5 կետերն ընդգրկվել են համաեվրոպական ՅԵՅՈՒՌԵՖ (EUREF)-ի համակարգում, որպես Բ (B) կարգի կետեր: Նոր ռեֆերենց ցանցին տրված է ԱՐՄՌԵՖ (RMREF)02 անվանումը:

5. Արբանյակային տեխնոլոգիաների ներդրումը բարձրացրեց կոորդինատների որոշման ճշտությունը, հիմնովին փոխեց գեոդեզիական ցանցի կետերի կառուցման և դիտարկման պահանջները: Ներկայումս պետական նշանակության գեոդեզիական աշխատանքների արդյունավետության բարձրացման և աշխարհում գոյություն ունեցող հզոր սարքավորումների և նոր տեխնոլոգիաների պահանջով արդիական խնդիր է դարձել Հայաստանի Հանրապետության տարածքներում ռեֆերենց կայանների ներդրումը, որի արդյունքում աշխարհի զարգացած երկրների հետ մեկտեղ կարող ենք ունենալ իրական ժամանակում աշխատող ժամանակակից միասնական արբանյակային գեոդեզիական ցանց, որը կապահովի շարժական և անշարժ օբյեկտների ճշգրիտ տեղադիրքի որոշումը:

6. Հայաստանի Հանրապետությունում մշտական գործող ՋիՊիէս (գլոբալ դիրքորոշման համակարգ) GPS ռեֆերենց կայանների ցանցի ստեղծումը, համաձայն «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների, համարվում է պետական նշանակության գեոդեզիական աշխատանք:

7. Մշտական գործող կայանների ցանցը հնարավորություն է տալիս ռովեր կայանի միջոցով իրական ժամանակում, ծածկույթի ընդգրկման շրջանում, կարճ ժամանակամիջոցում ստանալու տեղադիրքի կոորդինատները` սանտիմետրային ճշտությամբ:

8. Ռեֆերենց կայանների դերը կայանում է նրանում, որ դրանք, ունենալով ստատիկ ռեժիմում բարձր ճշտությամբ որոշված կոորդինատներ, ռովեր կայանից ստացված կոորդինատներին տալիս են համապատասխան ուղղումներ` արդյունքում ստանալով բարձր ճշտությամբ որոշված կոորդինատներ պլանային և բարձունքային համակարգերում:

9. Ռեֆերենց կայաններից տվյալները փոխանցվում են ղեկավարման կենտրոն, որտեղ ստուգվում են դրանց ամբողջականությունն ու հավաստիությունը:

10. Ռեֆերենց կայանների տվյալների համակարգը կիրառվում է դիրքորոշման բազմաթիվ բնագավառներում, այդ թվում`

1) գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում` տարբեր դասերի և նշանակության գեոդեզիական ցանցերի կետերի կոորդինատների որոշման նպատակով.

2) երկրակեղևի հորիզոնական և ուղղաձիգ տեղաշարժերի մոնիթորինգի իրականացման նպատակով.

3) օդա- և տիեզերալուսանկարների կենտրոնների կապակցման նպատակով.

4) կադաստրային հատակագծերի և քարտեզների ստեղծման ու թարմացման, հողերի սահմանագծման նպատակով.

5) հողամասերի սահմանների և անշարժ գույքի տեղադիրքի որոշման նպատակով.

6) երկրատեղեկատվական համակարգերի տվյալների հավաքագրման, թարմացման և արխիվացման նպատակներով.

7) քաղաքաշինության բնագավառում.

8) տարբեր նշանակության օբյեկտների, վերգետնյա և ստորգետնյա հաղորդակցուղիների (երկաթգիծ, ավտոճանապարհ, էլեկտրական և կապի գծեր, խողովակաշարեր և այլն) նախագծման, նշահարման, ինչպես նաև տեղադիրքերի որոշման համար.

9) նավիգացիոն համակարգերի գործունեության ընթացքում բարձր ճշտությամբ տվյալների ապահովման նպատակով.

10) արտակարգ իրավիճակների ժամանակ դեպքերի տեղադիրքերի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության ապահովման նպատակով:

11. 2008 թվականից Երևան քաղաքում «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքում տեղադրվել և գործում է մշտական գործող «Կոմիտաս» ռեֆերենց կայանը:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

12. Սույն ծրագրի նպատակը մշտական գործող ՋիՊիէս (գլոբալ դիրքորոշման համակարգ) GPS ռեֆերենց կայանների ցանցի ստեղծումն է:

13. Մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման նպատակն ու խնդիրներն են`

1) մեկ միասնական կոորդինատային ծածկույթի (տարածություն) ստեղծում.

2) ռեֆերենց կայանների ցանցի կենտրոնացված կառավարում.

3) ցանցից օգտվողների համար մարդկային ռեսուրսի և տեխնիկական միջոցների խնայողություն.

4) տեղագրագեոդեզիական և նավիգացիոն տարաբնույթ խնդիրների լուծում (իրական ժամանակում տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների, անշարժ գույքի միավորների ճշգրիտ տեղադիրքի որոշում, սահմանների ամրացում և այլն).

5) օգտագործողներին տեղագրագեոդեզիական և նավիգացիոն տեղեկատվության տրամադրում.

6) գոյություն ունեցող ցանկացած և հեռանկարային արբանյակային համակարգերի հետ աշխատելու հնարավորության ապահովում.

7) ստատիկ և դինամիկ ռեժիմներում կայանների աշխատանքի ապահովում:

14. Ըստ ուսումնասիրման արդյունքների` ռեֆերենց կայանները Հայաստանի Հանրապետության տարածքներում նպատակահարմար է տեղադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1720-Ն որոշման N 3 հավելվածի սխեմայում ներկայացված հետևյալ բնակավայրերում`

1) քաղ. Երևան (Կոմիտաս)` առկա է.

2) Արագածոտնի մարզ, քաղ. Թալին.

3) Արարատի մարզ, գ. ՈՒրցալանջ.

4) Գեղարքունիքի մարզ, քաղ. Վարդենիս.

5) Լոռու մարզ, քաղ. Սպիտակ.

6) Սյունիքի մարզ, քաղ. Կապան.

7) Սյունիքի մարզ, գ. Անգեղակոթ.

8) Տավուշի մարզ, քաղ. Իջևան:

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

15. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`

1) Ռեֆերենց կայանների տեղադրման վայրի ընտրություն` հաշվի առնելով տեխնիկական բոլոր անհրաժեշտ չափորոշիչները.

2) մշտական գործող արբանյակային դիրքորոշման ցանցի նախագծում և տեղադրում, որի ընթացքում հաշվի են առնվելու հետևյալ կարևոր գործոնները`

ա. իրական ժամանակում ԱրԹիՔեյ (RTK) կապի առավել ընդունելի մեթոդները (համացանց, ռադիո և հեռուստակապ (ՋիՊիԱռԷս) (GPRS),

բ. ռեֆերենց կայանների տեղադրման նյութական ծախսերը,

գ. ռեֆերենց կայանների ցանցի և ռովերների շահագործման ծախսերը,

դ. ռեֆերենց կայանների տեղադիրքերի ճիշտ ընտրությունը, որպեսզի ապահովվի նրանց կողմից սպասարկվող տարածքի ծածկույթը.

3) ռեֆերենց կայանների անխափան աշխատանքն ապահովող սարքավորումների և ծրագրային միջոցների ձեռքբերում և տեղադրում համապատասխան վայրերում.

4) 8 մշտական գործող կայաններով (կայանների միջև եղած հեռավորությունը 90-95 կմ) ԱրԹիՔեյ (RTK) ընդունիչները պետք է գտնվեն կայանից մինչև 50 կմ հեռավորության վրա: Դիտարկված տվյալների փոխանցումն ու կայանների կողմից դրանց ծրագրային մշակումը պետք է կատարվեն անընդմեջ.

5) ռեֆերենց կայանների ցանցի տվյալների փոխանակման անընդհատությունն ապահովելու նպատակով օգտագործվելու են Հայաստանի Հանրապետությունում տվյալ ժամանակ անխափան գործող համացանցի կապի միջոցները.

6) ռեֆերենց կայանների ցանցի կառավարման, տվյալների հավաքագրման, արխիվացման և սպառողին տեղեկատվության տրամադրման նպատակով ղեկավարման կենտրոնի ստեղծում.

7) մասնագետների վերապատրաստում և ուսուցում.

8) ռեֆերենց կայանների ցանցից օգտվողներին (ռովերներին) տեխնիկական տվյալներով ապահովում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

16. Ծրագրի իրականացումից հետո ակնկալվում է ունենալ Հայաստանի Հանրապետության տարածքում 50 կմ շառավղով և 5 կմ վերածածկույթով 8 կայաններից բաղկացած ընդհանուր մշտական գործող ռեֆերենց կայանների ցանց, որը կապահովի հետևյալ արդյունքները`

1) ռեֆերենց ցանցի ծածկույթի ընդգրկման շրջանում աշխատանքների իրականացում իրական ժամանակում մեկ միասնական կոորդինատային համակարգում.

2) ֆինանսական, տեխնիկական միջոցների, աշխատաժամանակի և մարդկային ռեսուրսի զգալի տնտեսում.

3) աշխատանքի արտադրողականության և որակի զգալի բարձրացում,

4) նախագծային աշխատանքներում տեղագրագեոդեզիական աշխատանքների ծախսերի զգալի կրճատում:

17. Հայաստանի Հանրապետության տարածքում ռեֆերենց կայանների ներդրումը կապահովի մեծ ճշգրտություն, աշխատանքի հավաստիություն և գեոդեզիայի ու քարտեզագրության գործունեություն իրականացնող սուբյեկտների համար հասանելիություն, այսինքն, օգտագործողները կունենան ավտոմատացված բազմաչափ, բազմաշերտ տեղեկատվական համակարգ, որը հասանելի կլինի ցանկացած օգտագործողին:

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1720-Ն որոշման N 2 հավելվածի ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսավորման առկայության դեպքում ծրագրի 15-րդ կետում նշված աշխատանքների իրականացման համար կպահանջվի մեկ տարի ժամանակ:

 

V. ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՋԻՊԻԷՍ (ԳԼՈԲԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) GPS ՌԵՖԵՐԵՆՑ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

19. Մշտական գործող ՋիՊիէս (գլոբալ դիրքորոշման համակարգ) GPS ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա ներդրումների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1720-Ն որոշման N 2 հավելվածի ծախսերի նախահաշվում նշված միավորների արժեքների համար հիմք են ներկայումս աշխարհում գոյություն ունեցող նմանատիպ ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից առաջարկվող գները:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի դեկտեմբերի 23-ի

N 1720-Ն որոշման

 

ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՋԻՊԻԷՍ (ԳԼՈԲԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) GPS ՌԵՖԵՐԵՆՑ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

._________________________________________________________________.

|NN |Աշխատանքի անվանումը|Չափի  |Միավորի|Միավորի|Քանակը|Գումարը    |

|ը/կ|                   |միավո-|արժեքը |արժեքը |      |(հազ. դրամ)|

|   |                   |րը    |եվրո   |(հազ.  |      |           |

|   |                   |      |(500   |դրամ)  |      |           |

|   |                   |      |դրամ)  |       |      |           |

|___|___________________|______|_______|_______|______|___________|

|1. |Սարքավորումներ     |հատ   |  40000|  20000|   7  |     140000|

|   |(ռեֆերենց կայան)   |      |       |       |      |           |

|___|___________________|______|_______|_______|______|___________|

|2. |Սարքավորումներ     |հատ   |  25000|  12500|   7  |      87500|

|   |(ռովեր կայան)      |      |       |       |      |           |

|___|___________________|______|_______|_______|______|___________|

|3. |Ծրագրային          |ծրագիր|  60000|  30000|   1  |      30000|

|   |ապահովության       |      |       |       |      |           |

|   |միջոցներ           |      |       |       |      |           |

|___|___________________|______|_______|_______|______|___________|

|4. |Ռեֆերենց կայանների |հատ   |   4000|   2000|   7  |      14000|

|   |տեղադրման          |      |       |       |      |           |

|   |աշխատանքներ        |      |       |       |      |           |

|_____________________________________________________|___________|

|    Ընդամենը                                         |     271500|

|_____________________________________________________|___________|

|    ԱԱՀ 20%                                          |      54300|

|_____________________________________________________|___________|

|    Ընդամենը                                         |     325800|

._________________________________________________________________.

 

ՍԽԵՄԱ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՋԻՊԻԷՍ (ԳԼՈԲԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) GPS ՌԵՖԵՐԵՆՑ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.2010
N 1720-Ն
Որոշում