Սեղմել Esc փակելու համար:
«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական      Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1174/02/09     

    դատարանի որոշում                                            2010 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1174/02/09

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

    Դատավորներ`        Գ. Մատինյան  

                       Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հոկտեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարիետա Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.03.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Վտառ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) տնօրեն Մայիս Մեհրաբյանի ընդդեմ Մարիետա Պետրոսյանի` Ընկերության մասնակից Մարիետա Պետրոսյանին Ընկերությունից հեռացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Ընկերության տնօրեն Մայիս Մեհրաբյանը, դիմելով դատարան, պահանջել է Ընկերության մասնակից Մարիետա Պետրոսյանին հեռացնել Ընկերությունից:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 11.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.03.2010 թվականի որոշմամբ Դատարանի 11.12.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարիետա Պետրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության տնօրեն Մայիս Մեհրաբյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը, սխալ է մեկնաբանել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Մարիետա Պետրոսյանը չէր կարող որևէ կերպ իր գործողություններով կամ անգործությամբ դժվարացնել կամ անհնարին դարձնել Ընկերության բնականոն գործունեությունը, չվճարել հողի և կոմունալ ծառայությունների վարձավճարները, անխնա վերաբերվել Ընկերության գույքի նկատմամբ, ինչպես նաև ստանալ խոշոր չափերի եկամուտներ, քանի որ Մարիետա Պետրոսյանի ստացած եկամուտները 2003-2009 թվականների ընթացքում ամբողջությամբ արտացոլված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված հաշվետվություններում:

Բացի այդ, Դատարանն անտեսել է, որ հայցվորի բացակայության ընթացքում իրականացնելով Ընկերության տնօրենի պարտականությունները, Մարիետա Պետրոսյանը վճարել է հողի վարձավճարները, որի մասին վկայում են ներկայացված անդորրագրերի պատճենները:

Ավելին, Մայիս Մեհրաբյանն այս փաստերը հաստատելու վերաբերյալ որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ Դատարանի 10.03.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

Դատարանի կողմից վճիռ կայացվելիս որևէ նյութական կամ դատավարական իրավունքի խախտում թույլ չի տրվել: Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ գնահատել է գործում առկա բոլոր ապացույցները, ինչպես նաև վճռում նշել է այն փաստական հանգամանքները, իրավաբանական հիմնավորումները, որոնց հիման վրա կայացվել է արդարացի վճիռ: Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք բերած անձի պատճառաբանություններին, ապա դրանք որևէ պատշաճ և թույլատրելի ապացույցներով չեն հիմնավորվում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. «Վտառ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 27.10.1999 թվականին, Ընկերության մասնակիցներն են հայցվոր Մայիս Մեհրաբյանը և Հայկ Գալստյանը, յուրաքանչյուրը հավասար բաժիններով (հատոր 1-ին, գ.թ. 13):

2. 19.07.2002 թվականին բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով Հայկ Գալստյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող 50% բաժնեմասը վաճառել է Մարիետա Պետրոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 98):

3. 19.08.2003 թվականի բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով Մայիս Մեհրաբյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող 50% բաժնեմասը վաճառել է Նորայր Հարությունյանին (հատոր 1-ին, գ.թ. 43):

4. ՀՀ տնտեսական դատարանի 31.07.2007 թվականի վճռով անվավեր է ճանաչվել Մայիս Մեհրաբյանի և Նորայր Հարությունյանի միջև 19.08.2003 թվականին կնքված ընկերության բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը և ՀՀ պետական ռեգիստրի Շահումյանի տարածքային բաժնի կողմից 20.08.2003 թվականին կատարված գրանցումն ու տրված թիվ 005872 վկայագիրը: Որպես գործարքի անվավերության հետևանք վերականգնվել է մինչև իրավունքի խախտումն եղած դրությունը` ընկերության 50% բաժնեմասի նկատմամբ վերականգնվել է հայցվորի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 43):

5. Պետական ռեգիստրի Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժնում 26.06.2009 թվականին գրանցված թիվ 032850 վկայագրի համաձայն` Ընկերության կանոնադրական կապիտալում 50% բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է Մայիս Մեհրաբյանին (հատոր 1-ին, գ.թ. 27):

6. 07.08.2009 թվականի թիվ 2307392 ստուգման ակտի համաձայն` Պայքար Գևորգյանը 01.07.2009 թվականից մինչև 05.08.2009 թվականը Բաբաջանյան 50 հասցեում առանց պետական գրանցման իրականացրել է ավտոկանգառի կազմակերպման գործունեություն` ստանալով միջին օրական 4000 դրամ համախառն եկամուտ: Ակտով առաջադրվել է 80.000 ՀՀ դրամ հարկային պարտավորություն (հատոր 1-ին, գ.թ. 54-55):

7. Պայքար Գևորգյանի, Սահակ Մանուկյանի և Ռոբերտ Սեպեջյանի բացատրությունների համաձայն` Ընկերության տարածքում գործել է ավտոկանգառ (հատոր 1-ին, գ.թ. 57-60):

8. Հողի վարձավճարի վճարման ենթակա գումարի հաշվարկի վերծանման և Մարիետա Պետրոսյանի կողմից վճարված հողի վարձավճարի անդորրագրերի համաձայն` Մարիետա Պետրոսյանը վճարել է հողի վարձավճար 30.06.2003 թվականին, 25.12.2003 թվականին, 18.01.2005 թվականին, 29.04.2005 թվականին, 14.12.2005 թվականին, 22.02.2006 թվականին, 25.04.2006 թվականին, 14.07.2006 թվականին, 08.12.2006 թվականին, 29.01.2007 թվականին, 17.01.2008 թվականին, 25.03.2008 թվականին, 30.05.2008 թվականին, 01.07.2008 թվականին, 30.10.2008 թվականին, 27.11.2008 թվականին, 03.03.2009 թվականին, 25.06.2009 թվականին: Ընդհանուր վճարված գումարից վարձավճարի պարտքը կազմել է 19.280 ՀՀ դրամ, իսկ տույժ` 294.802 ՀՀ դրամ, որից 70.000 ՀՀ դրամ վճարվել է Մարիետա Պետրոսյանի կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 7-23):

9. 24.08.2009 թվականի վճարման անդորրագրի համաձայն` Ընկերությունը վճարել է 27.300 ՀՀ դրամի էներգավճար (հատոր 1-ին, գ.թ. 29):

10. 24.08.2009 թվականի վճարման անդորրագրի համաձայն` Ընկերությունը վճարել է 4.750 ՀՀ դրամի հեռախոսավարձ (հատոր 1-ին, գ.թ. 30):

11. 21.08.2009 թվականի վճարման անդորրագրի համաձայն` Ընկերությունը վճարել է 200.500 ՀՀ դրամի հողի վարձավճարի տույժ (հատոր 1-ին, գ.թ. 33):

12. 31.08.2009 թվականի վճարման անդորրագրի համաձայն` Ընկերությունը վճարել է 25.100 ՀՀ դրամի հողի վարձավճարի տույժ (հատոր 1-ին, գ.թ. 32):

13. 31.08.2009 թվականի վճարման անդորրագրի համաձայն` Ընկերությունը վճարել է 19.400 ՀՀ դրամի հողի վարձավճար (հատոր 1-ին, գ.թ. 31):

14. Ընկերության տնօրեն Մայիս Մեհրաբյանի կողմից կազմված 05.10.2009 թվականի թիվ 2 արձանագրությամբ նշվել է, որ 2003-2009 թվականների ընթացքում Մարիետա Պետրոսյանն օրենքի խախտմամբ Ընկերության ազատ տարածքը վեր է ածել անօրինական ավտոկայանատեղիի և հաշվետու չլինելով հարկային մարմիններին` ստացել է ստվերային լրացուցիչ շահույթ: Ավելին, արդյունքում որևէ ներդրում չկատարելով և անխնա շահագործելով ընկերության գույքն ու տարածքը` Մարիետա Պետրոսյանը փչացրել է այն` վերածելով ամբողջ տարածքը ավերակի, որտեղ տիրում է հակասանիտարական վիճակ: Բացի այդ, արձանագրությամբ նշվել է, որ ակվարիումների ապակիները կոտրված են, ներսի սալիկները պոկված, վնասված, քանդված և ավերված են դրսի կենդանի ձուկ պահելու 6 ռեզերվուարներից 4-ը` իրենց ջրամատակարարման համակարգով, քանդված է նաև ռեզերվուարների վրա կառուցած ծածկը, առևտրի սրահի տանիքն ամբողջովին անմխիթար վիճակում է, իսկ սրահի պատերը ճաքճքված, սրահի լուսավորության համակարգը փչացրած է, հոսանքալարերը` կիսաայրված: Միաժամանակ արձանագրությամբ արձանագրվել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Մայիս Մեհրաբյանի կողմից մարվել են պետությանը պարտք մնացած Ընկերության բոլոր պարտքերը և օրինականացվել է ավտոկանգառի գործունեությունը (հատոր 1-ին, գ.թ. 61):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա: Իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար Դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տես` Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի հայցն ընդդեմ Սեդա Սարգսյանի` գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սեդա Սարգսյանի ընդդեմ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08):

Հետևաբար, սույն քաղաքացիական գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե որն է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը, և որ կողմը պետք է կրի այդ փաստի ապացուցման դատավարական բեռը:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընկերության մասնակիցը, որը գումարային առումով տնօրինում է ընկերության առնվազն տաս տոկոս բաժնեմասը, իրավունք ունի դատական կարգով պահանջել ընկերության այլ մասնակցի հեռացումն ընկերությունից, եթե նա իր գործողություններով կամ անգործությամբ դժվարացնում կամ անհնարին է դարձնում ընկերության բնականոն գործունեությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի Մարիետա Պետրոսյանի գործողությունների կամ անգործության հետևանքով Ընկերության բնականոն գործունեության դժվարացման կամ անհնարինության փաստի առկայությունը, որի ապացուցման դատավարական բեռը կրում է Ընկերության 50 % բաժնեմասի մասնակից և հայցվոր Մայիս Մեհրաբյանը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, հիմք է ընդունել 07.08.2009 թվականի թիվ 2307392 ստուգման ակտը, Պայքար Գևորգյանի, Սահակ Մանուկյանի, Ռոբերտ Սեպերջյանի կողմից տրված հայտարարությունները, 24.08.2009 թվականի էներգավճարի գծով 27.300 ՀՀ դրամի, 31.08.2009 թվականի հողի վարձավճարի 19.400 ՀՀ դրամի, 21.08.2009 թվականի 200.500 ՀՀ դրամի հողի վարձավճարի, 24.08.2009 թվականի հեռախոսավարձի գծով 4.750 ՀՀ դրամի Ընկերության կողմից կատարված վճարումների կտրոնները, Ընկերության տնօրեն Մայիս Մեհրաբյանի կողմից կազմված 05.10.2009 թվականի թիվ 2 արձանագրությունը և հաստատված համարել, որ Մարիետա Պետրոսյանը թաքցրել է Ընկերության իրական եկամուտները, ստացել գերշահույթ և անխնա վերաբերվելով Ընկերության գույքին` այն փչացրել է: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ Մարիետա Պետրոսյանն իր գործողություններով և անգործությամբ դժվարացրել ու անհնարին է դարձրել ընկերության բնականոն գործունեությունը:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` 07.08.2009 թվականի թիվ 2307392 ստուգման ակտով քաղաքացի Պայքար Գևորգյանը 01.07.2009 թվականից մինչև 05.08.2009 թվականը Բաբաջանյան 50 հասցեում առանց պետական գրանցման իրականացրել է ավտոկանգառի կազմակերպման գործունեություն` ստանալով միջին օրական 4.000 ՀՀ դրամ համախառն եկամուտ, 24.08.2009 թվականի վճարման անդորրագրով Ընկերությունը վճարել է 27.300 ՀՀ դրամի էներգավճար, 24.08.2009 թվականի վճարման անդորրագրով` 4.750 ՀՀ դրամի հեռախոսավարձ (ցուցմունքն առ 01.08.2009 թվականը), 21.08.2009 թվականի վճարման անդորրագրով` 200.500 ՀՀ դրամի հողի վարձավճարի տույժ, 31.08.2009 թվականի վճարման անդորրագրով` 25.100 ՀՀ դրամի հողի վարձավճարի տույժ, 31.08.2009 թվականի վճարման անդորրագրով` 19.400 ՀՀ դրամի հողի վարձավճար:

Բացի այդ, սույն գործում առկա հողի վարձավճարի վճարման ենթակա գումարի հաշվարկի վերծանման և հողի վարձավճարի անդորրագրերով Մարիետա Պետրոսյանը վճարել է հողի վարձավճար 30.06.2003 թվականին, 25.12.2003 թվականին, 18.01.2005 թվականին, 29.04.2005 թվականին, 14.12.2005 թվականին, 22.02.2006 թվականին, 25.04.2006 թվականին, 14.07.2006 թվականին, 08.12.2006 թվականին, 29.01.2007 թվականին, 17.01.2008 թվականին, 25.03.2008 թվականին, 30.05.2008 թվականին, 01.07.2008 թվականին, 30.10.2008 թվականին, 27.11.2008 թվականին, 03.03.2009 թվականին, 25.06.2009 թվականին: Ընդհանուր վճարված գումարից վարձավճարի պարտքը կազմել է 19.280 ՀՀ դրամ, իսկ տույժ` 294.802 ՀՀ դրամ, որից 70.000 ՀՀ դրամ վճարվել է Մարիետա Պետրոսյանի կողմից:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության տնօրենի կողմից 24.08.2009 թվականի էներգավճարի և հեռախոսավարձի, 21.08.2009 թվականի և 31.08.2009 թվականի հողի վարձավճարի վճարման անդորրագրերով կատարված վճարումներով չի հաստատվում Ընկերության բնականոն գործունեության դժվարեցումը կամ անհնարինությունը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված 07.08.2009 թվականի թիվ 2307392 ստուգման ակտին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ ակտով քաղաքացի Պայքար Գևորգյանին է առաջադրվել հարկային պարտավորության կատարում` 01.07.2009 թվականից մինչև 05.08.2009 թվականը Բաբաջանյան 50 հասցեում առանց պետական գրանցման ավտոկանգառի կազմակերպման գործունեություն իրականացնելու համար:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 07.08.2009 թվականի թիվ 2307392 ստուգման ակտի առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված Պայքար Գևորգյանի, Սահակ Մանուկյանի, Ռոբերտ Սեպերջյանի կողմից տրված հայտարարությունները բավարար չեն հաստատված համարելու, որ Մարիետա Պետրոսյանը թաքցրել է Ընկերության իրական եկամուտները, ստացել գերշահույթ` դրանով իսկ դժվարացնելով կամ անհնարին դարձնելով Ընկերության բնականոն գործունեությունը:

Ինչ վերաբերում է Ընկերության տնօրեն Մայիս Մեհրաբյանի կողմից 05.10.2009 թվականին կազմված թիվ 2 արձանագրությանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն Մայիս Մեհրաբյանի կողմից 05.10.2009 թվականին կազմված թիվ 2 արձանագրությունը բավարար չէ հաստատված համարելու համար դրանց իրական լինելը և այն, որ արձանագրության մեջ արտացոլված տեղեկությունները կատարվել են Մարիետա Պետրոսյանի գործողությունների կամ անգործության հետևանքով: Ավելին, հենց նույն արձանագրությամբ հերքվում են Ընկերության բնականոն գործունեության դժվարացման վերաբերյալ ներկայացված փաստարկների մեծամասնությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցված չէ Ընկերության մասնակից Մարիետա Պետրոսյանի գործողություններով կամ անգործությամբ Ընկերության բնականոն գործունեությունը դժվարացնելու կամ անհնարին դարձնելու փաստը, ուստի առկա չէ նրան «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Ընկերությունից հեռացնելու իրավական հիմքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 10.03.2010 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.03.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` «Վտառ» ՍՊԸ-ի տնօրեն Մայիս Մեհրաբյանի հայցը մերժել:

2. Մայիս Մեհրաբյանից հօգուտ Մարիետա Պետրոսյանի բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.10.2010
N ԵՄԴ/1174/02/09
Որոշում