Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՇԱՎԱՐՇ, ՌԱՅԱ ՄԿՐՏՉՅԱՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՇԱՎԱՐՇ, ՌԱՅԱ ՄԿՐՏՉՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱ ...

 

 

020.0936.080211

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՇԱՎԱՐՇ, ՌԱՅԱ ՄԿՐՏՉՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 141-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 փետրվարի 2011թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող կողմի ներկայացուցիչ` փաստաբան Կ. Մեժլումյանի,

պատասխանող կողմի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Շավարշ, Ռայա Մկրտչյանների և այլոց դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացիներ Շավարշ, Ռայա Մկրտչյանների և այլոց` 17.08.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմի 06.09.2010թ. ՍԴԴԿՈ/1-25 որոշմամբ սույն գործով դիմումը քննության է ընդունվել մասնակի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, վիճարկվող նորմը, դատավարական հարաբերություններ կարգավորող այլ օրենքներ և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի դեկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածը վերնագրված է. «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման հիմքը»: Մինչև 28.10.2010թ. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-135-Ն) ընդունումն այդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 1-ին մասն ուներ հետևյալ բովանդակությունը.

«1. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել վճռաբեկ դատարան միայն նյութական իրավունքի խախտման հիմքով»:

Ըստ գործի նյութերի` վերջնական դատական ակտով (թիվ ՎԴ/4394/05/09 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 05.05.2010թ. որոշումը) դիմողների նկատմամբ կիրառվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նախկին խմբագրությամբ 141-րդ հոդվածի 1-ին մասը, որը ՀՕ-135-Ն օրենքով փոփոխվել է դիմողների կողմից սահմանադրական դատարան դիմելուց հետո և ունի հետևյալ բովանդակությունը.

«1. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան, իսկ վերաքննիչ դատարանի դատական ակտերը` վճռաբեկ դատարան, միայն նյութական իրավունքի խախտման հիմքով»:

i

Ըստ գործում առկա նյութերի` դիմողները 02.10.2009թ. ՀՀ վարչական դատարան են դիմել ՀՀ կառավարության 26.06.2009թ. թիվ 944-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել վարչական դատարանի 30.10.2009թ. որոշմամբ: 25.02.2010թ. ՀՀ վարչական դատարանից գրություն է ստացվել այն մասին, որ հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածը` դատարանը վարչական գործը քննելու է գրավոր ընթացակարգով, և որով տեղեկացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման ժամկետի մասին: Դիմողները միջնորդություն են ներկայացրել վարչական դատարան` գործը հրապարակային քննելու մասին: Դատարանը մերժել է միջնորդությունը` անհիմն լինելու պատճառաբանությամբ, և հրապարակել թիվ ՎԴ/4396/05/09 որոշումը` ՀՀ կառավարության 26.06.2009թ. 944-Ն որոշումն անվավեր ճանաչելու մասին պահանջը մերժելու վերաբերյալ:

Դիմողները վճռաբեկության կարգով բողոքարկել են վարչական դատարանի որոշումը: ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 05.05.2010թ. թիվ ՎԴ/4396/05/09 որոշմամբ վերադարձրել է բողոքը և, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի խախտման վերաբերյալ դիմող կողմի պատճառաբանությանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասը` նշել է, որ օրենսգրքի 138-րդ հոդվածը դատավարական նորմ է, և նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն նյութական իրավունքի խախտման հիմքով:

2. Վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները (2007թ. նոյեմբերի 28-ի խմբագրությամբ)` դիմող կողմը գտնում է, որ դրանք` «իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ», հակասում են ՀՀ Սահմանադրության 3, 18 և 19-րդ հոդվածներին, քանի որ վարչական դատարանին փաստացի հնարավորություն են տալիս նորմատիվ իրավական ակտերի վիճարկման գործերով վեճն ըստ էության լուծող դատական ակտեր կայացնել առանց հրապարակային դատաքննության կամ արդարադատության իրականացման սահմանադրական այլ սկզբունքների կիրառման: Դիմողն իր փաստարկները հիմնավորում է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները վկայակոչելով:

Ըստ դիմողի` վարչական արդարադատության պրակտիկան վկայում է, որ գործը գրավոր ընթացակարգով քննելու առկա ընթացակարգի պայմաններում ամբողջությամբ անտեսվում է հրապարակայնության սկզբունքը և ոտնահարվում է գործի հրապարակային քննության իրավունքը, որը հաշվի չի առնվել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից` վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները:

3. Առարկելով դիմող կողմի փաստարկների դեմ, պատասխանող կողմը գտնում է, որ վիճարկվող դրույթներն օրենսդիրը ներառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Հատուկ վարույթներ» վերտառությամբ 24-րդ գլխում, որը վկայում է դրանց առանձնահատկության, մասնավորապես` ընդհանուր վարույթային կարգով քննվող վարչական գործերի համեմատ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի քննության մեթոդաբանության և, արդյունքում` կայացված դատական ակտերի բողոքարկման հատուկ ընթացակարգի մասին: Ըստ պատասխանող կողմի` «Ի տարբերություն այլ վարույթային ընթացակարգերի, այս պարագայում դատավարական նորմերի նշանակությունն ու կարևորությունը դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության տեսանկյունից ստանում է երկրորդական նշանակություն, քանի որ այս գործերով արդարադատությունը իրականացվում է միայն նյութական իրավունքի նորմերի հիման վրա ... նորմատիվ իրավական ակտերի` դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերին (բացի ՀՀ Սահմանադրությունից) համապատասխանությունը ստուգելով»:

Պատասխանող կողմը գտնում է նաև, որ գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ դիմողները ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականությունը` ըստ էության բարձրացնում են այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, բացի դրանից, դիմումում բավարար կերպով չի հիմնավորվել օրենսգրքի վիճարկվող դրույթների սահմանադրականությունը:

4. Սույն գործով սահմանադրական դատարանը գտնում է, որ վարույթի կարճման հիմքեր չկան և անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելիս ելնել.

- մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների` միջազգային իրավական սկզբունքներին և նորմերին համապատասխան դատական պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունից (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված),

- ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածում ամրագրված` դատական պաշտպանության իրավունքի և վերջինիս կարևոր բաղադրիչ հանդիսացող` դատական ակտերի բողոքարկման, հավասարապես նաև` Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված արդար դատաքննության իրավունքի երաշխավորման անհրաժեշտությունից, ելնելով այդ բնագավառի օրենսդրական համալիր զարգացումների միասնական այն հայեցակարգից, որը բխում է դատական բողոքարկման ինստիտուտի սահմանադրականության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներից,

- ՀՀ-ում վարչական արդարադատության ինստիտուտի արդյունավետության բարձրացման և հետագա կատարելագործման վերաբերյալ սահմանադրական դատարանի նախորդ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների կենսագործման անհրաժեշտությունից:

Սույն գործով վիճարկվող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված նորմի սահմանադրականությունը գնահատելիս սահմանադրական դատարանը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ 28.10.2010թ. ՀՕ-135-Ն օրենքով վերոհիշյալ նորմը ենթարկվել է փոփոխության, որի արդյունքում դիմողների բարձրացրած հարցի իրավակարգավորումն առարկայական փոփոխության չի ենթարկվել:

5. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է.

- անձի (այդ թվում` իրավաբանական) իրավունքները և ազատությունները դատարանում պաշտպանելու իրավունքը,

- դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը,

- դատական պաշտպանության իրավունքը` հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ,

- խախտված իրավունքներն անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում և հրապարակային քննության միջոցով վերականգնելու իրավունքը:

Միաժամանակ, սահմանադրորեն նախատեսված է խախտված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության (դրա արդյունավետության) երաշխավորման առանձնահատուկ այնպիսի ինստիտուտ, ինչպիսին վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման` անձի իրավունքն է (դատական բողոքարկումը (ՀՀ Սահմ. 20-րդ հոդվածի 3-րդ մաս): Վերջինս նաև անձի իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրականացման խնդրում պետության առաջնային պարտականություն է` որոշակի ընթացակարգի, այդ թվում` դատական հնարավոր սխալների ուղղման միջոցով արդարադատության նպատակների իրագործումը: Այդպիսի ընթացակարգեր ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված են ինչպես քրեական, քաղաքացիական, այնպես էլ վարչական գործերով արդարադատության բնագավառներում: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 46-րդ և 48-րդ գլուխների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ և 5-րդ բաժինների նորմերով են հիմնականում կարգավորվում քրեական և քաղաքացիական գործերով դատական բողոքարկման հետ կապված հարաբերությունները: Վարչական գործերով այդ հարաբերությունները հիմնականում կարգավորվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19.1-րդ, 20-րդ գլուխներում, ինչպես նաև 4-րդ և 5-րդ բաժիններում ամրագրված, մասամբ էլ 24-րդ գլխի` սույն գործով վիճարկվող 141-րդ հոդվածի նորմերով:

ՈՒսումնասիրելով ՀՀ իրավական համակարգում դատական բողոքարկման (վերաքննիչ և վճռաբեկ վարույթների կարգով) հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերը, դրանց առանձնահատկությունները` սահմանադրական դատարանն արձանագրում է.

- օրենքով նախատեսված կարգով բողոքարկման ենթակա են ինչպես օրինական ուժի մեջ չմտած, այնպես էլ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը (գործով ըստ էության կայացված ակտերը, ինչպես նաև օրենքով թվարկված միջանկյալ ակտեր),

- սահմանված են դատական ակտերը վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքների հիման վրա վերանայելու իրավասություն ունեցող դատարանները, ընթացակարգերը և արդյունքում կայացվող որոշումները,

- օրենքով սահմանված են դատական ակտերի բողոքարկման հիմքերը, այդ թվում` նաև դատական սխալի հիմքով,

- ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (բացառությամբ` նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով) դատական ակտերի բողոքարկման հիմք է ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը (հիմնարար խախտումը (ՀՀ քաղ.դատ.օր.-ի 207-րդ հոդվածի 7-րդ մաս): Ընդ որում, վերոհիշյալ օրենսգրքերով (ՀՀ քր. դատ. օր.-ի 380. 1-րդ, 406-րդ հոդվածներ և այլն, ՀՀ քաղ. դատ. օր.-ի 226, 227, 228-րդ հոդվածներ և այլն, ինչպես նաև ՀՀ վարչ. դատ. օր.-ի 117.4-րդ հոդված) գործով ըստ էության կայացված դատական ակտի բեկանման (վերանայման) հիմք կարող է հանդիսանալ նյութական և դատավարական իրավունքի նորմերի միայն այնպիսի խախտումը, որն ազդել է գործի ելքի վրա (հանգեցրել է գործի սխալ լուծմանը): Եթե նյութական իրավունքի նորմի խախտման հիմքում օրենսդիրը դիտարկել է տվյալ նորմի ոչ ճիշտ մեկնաբանումը, նյութական իրավունքի այն նորմի կիրառումը, որը չպետք է կիրառվեր, կամ այն նորմի չկիրառումը, որը պետք է կիրառվեր, ապա դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքում նկատի են առնվել այնպիսիք, որոնք խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, խախտել են կողմերի դատավարական իրավունքները, հանգեցրել են արդարադատության սկզբունքների խախտմանը:

Այսպիսով, սահմանելով դատական ակտերի բողոքարկման ընթացակարգեր` որպես այդ ակտերը վերանայելու նախապայման (բացառությամբ նոր և նոր ի հայտ եկած հանգամանքներով), օրենսդիրը նկատի է ունեցել նյութական, դատավարական իրավունքի նորմերի միայն այնպիսի խախտումները, որոնց դեպքերում դրանք ազդել են գործի ելքի վրա կամ հանգեցրել են գործի սխալ լուծմանը: Իսկ որոշ դեպքերում, ինչպես, օրինակ, քաղաքացիական գործով վճռաբեկ բողոքի հիմքով, օրենսդիրն արգելել է ձևական նկատառումներով բեկանել դատարանի` ըստ էության ճիշտ վճիռը: Այսինքն` վերոթվարկյալ դեպքերում իրավակարգավորման հիմքում դրված է այն սկզբունքը, համաձայն որի` նյութական և դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով կարող է բեկանվել դատական այն ակտը, որը կայացվել է դատական սխալի արդյունքում:

i

6. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ համարելով անդրադառնալ «դատական սխալ» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությանը, ինչպես նաև դրա` որպես դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման հիմքում իրավաբանական կարևոր նշանակություն ունեցող փաստի դրսևորման շրջանակներին, գտնում է, որ այն տարածական մեկնաբանման ենթակա չէ և չի կարող ընկալվել որպես դատարանի կողմից թույլ տրված ցանկացած սխալ (վրիպում): Դատական սխալ կարող է թույլ տրվել միայն գործով ըստ էության դատական ակտի կայացման արդյունքում, այսինքն` այնպիսի ակտի, որը կոչված է լինելու լուծել գործը (քրեական, քաղաքացիական, վարչական), վերացնել դրա վիճելիությունը` որոշել կողմերի (վիճելի իրավահարաբերության մասնակիցների) իրավական անվիճելի կարգավիճակը, անձանց համար հնարավորություն ստեղծել իրացնելու իրենց իրավունքներն ու պաշտպանել օրինական շահերը, հետևաբար` կոչված է իրականացնելու ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներում ամրագրված դատական պաշտպանության կամ արդարադատության նպատակները: Այդ գործընթացում դատարանը կիրառում է ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմեր, որի արդյունքում է կայացվում դատական ակտը: Հետևաբար, այդ ակտի օրինականության վիճարկումը դատական բողոքարկման ընթացակարգով անհրաժեշտաբար կարող է լինել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով: Իսկ դատական սխալը, կամ նյութական, դատավարական իրավունքի նորմերի խախտման փաստը, որը հանգեցրել է տվյալ գործի սխալ լուծմանը, հետևաբար` խախտվել են արդարադատության նպատակները, վտանգվել է արդարադատության և դատարանի հեղինակությունը, ենթակա է գնահատման և հաստատման իրավասու դատարանի կողմից` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում:

Այսպիսով, դատական ակտերի բողոքարկումը կարգավորելու ընթացակարգային վերոհիշյալ պայմանները նախատեսելու հիմքում պետք է ընդունվեն սկզբունքներ, որոնք կոչված են երաշխավորելու ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ (1-ին մաս), 18-րդ և 19-րդ հոդվածների նորմատիվ պահանջները: Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական բողոքարկման ինստիտուտի կարգավորման և գործադրման հիմքում պետք է իրացվեն հետևյալ առաջնահերթ իրավապայմանները, մասնավորապես.

- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները` որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,

- դատական բողոքարկումը, որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները` պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները (մասնավորապես` ՀՀ Սահմ. 18, 19-րդ հոդվածներ),

- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,

- դատական ակտերի վերանայումը (վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի հիման վրա) որպես արդարադատական գործառույթ կարող է ծառայել վերոհիշյալ սահմանադրաիրավական խնդիրների իրագործմանը, եթե իրականացվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից:

7. Անդրադառնալով սույն գործով վիճարկվող իրավանորմի (ՀՀ վարչ. դատ. օր.-ի 141-րդ հոդվածի 1-ին մաս) սահմանադրականության գնահատման խնդրին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ըստ իրավակարգավորման առարկայի` այն կոչված է կարգավորելու վարչական հատուկ վարույթի կարգով նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի կայացրած դատական ակտերի բողոքարկման հետ կապված հարաբերությունները` այնքանով, որքանով կապված է դատական բողոքարկման հիմքի հետ, ըստ որի` այդպիսի գործերով կայացված դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն նյութական իրավունքի խախտման հիմքով: Այդպիսով օրենսդիրը բացառել է դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով վերոհիշյալ գործերով վարչական դատարանի կայացրած դատական ակտերը բողոքարկելու, դրանց օրինականությունն օրենքով սահմանված կարգով վիճարկելու հնարավորությունը` անձանց թույլ չտալով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ ակտերի վիճարկման վերաբերյալ գործերով լիարժեք և արդյունավետ կերպով իրացնելու դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով (ՍԴՈ-652, ՍԴՈ-665, ՍԴՈ-673, ՍԴՈ-719, ՍԴՈ-758, ՍԴՈ-780 և այլն) կարևորել է դատական բողոքարկման ինստիտուտի արդյունավետ կիրառման օրենսդրական ապահովումը, այդ թվում` վարչական արդարադատության բնագավառում, խնդիրը դիտարկելով ինչպես սահմանադրական կարգի սկզբունքներին, արդարադատության նպատակներին, այնպես էլ ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին դրա համապատասխանությունը գնահատելու և ապահովելու տեսանկյունից: Մասնավորապես ընդգծվել է դատական բողոքարկման իրավունքի, որպես դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչի, այնպիսի իրացման անհրաժեշտությունը, որով կապահովվի «...այդ իրավունքի արդյունավետ իրացումը և նվազագույնի հասցվի դատական սխալների հավանականությունը» (ՍԴՈ-780): Սահմանադրական դատարանը նաև կարևորել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները կատարելու, մասնավորապես` մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը ներպետական միջոցներով, այդ թվում` դատական, ապահովելու, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (2004) 20 հանձնարարականի հիման վրա վարչական ակտերի նկատմամբ դատական արդյունավետ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը` ընդգծելով, որ «...ներպետական օրենսդրությունը պետք է սահմանի բողոքարկման պայմանները ... որոնք պետք է համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին»:

Վերահաստատելով վերոհիշյալ որոշումներով արտահայտած իր իրավական դիրքորոշումները, միջազգային իրավական պրակտիկայի ամփոփման արդյունքում արված եզրահանգումները` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը, որով ամբողջությամբ բացառվում է նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի ակտերը դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով բողոքարկելու հնարավորությունը, չի համապատասխանում արդարադատության արդյունավետության, մարդու խախտված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև դատական բողոքարկման իրավունքի իրացման սահմանադրական և միջազգային իրավական չափանիշներին: Այն չի համապատասխանում նաև ՀՀ իրավական համակարգում օրենքով ներդրված դատական բողոքարկման ընդհանուր հայեցակարգային մոտեցումներին:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ չնայած, ի կատարումն ՍԴՈ-780 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների, ՀՀ-ում վարչական արդարադատության համակարգը համալրվեց և ներդրվեց դատական բողոքարկման նոր համակարգ, այնուամենայնիվ, բողոքարկման գործող ընթացակարգը, մասնավորապես` հատուկ վարույթի կարգով նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով, չենթարկվեց համապատասխան փոփոխությունների, որի արդյունքում սահմանափակվեց այդպիսի գործերով արդար, մատչելի և արդյունավետ դատական պաշտպանության` անձանց սահմանադրական իրավունքը: Սույն գործով պատասխանող կողմի դիրքորոշումն այն մասին, թե նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատավարական նորմերի նշանակությունն ու կարևորությունը դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության տեսանկյունից ստանում է երկրորդական նշանակություն, չի բխում արդարադատության սահմանադրաիրավական բովանդակությունից, սահմանադրական դատարանի որոշումներից, ինչպես նաև ՀՀ իրավահամակարգում օրենքով ներդրված դատական բողոքարկման ինստիտուտի կարգավորման ընդհանուր հայեցակարգից: Դատարանի` դատավարական կարգի խախտումով ընդունած որոշումը չի կարող համարվել լեգիտիմ ու արդարադատության պահանջներին համապատասխանող:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ վարույթի տեսակ (հատուկ վարույթ) չի կարող օրենքով մեկնաբանվել կամ կիրառվել այնպես, որ ամբողջովին իմաստազրկվեն ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով երաշխավորված անձի հիմնական իրավունքները կամ դրանց իրացման արգելք հանդիսանա: Հետևաբար, դատական բողոքարկման բնագավառում ՀՀ դատավարական հարաբերությունների իրավակարգավորման այն սկզբունքները, որոնք կարևորված են սույն որոշման 6-րդ կետում, պետք է դրվեն այդ ինստիտուտը կարգավորող բոլոր, այդ թվում` նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով բողոքարկման ընթացակարգային նորմերում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասն այն մասով, որով արգելափակվում է անձի իրավունքը` դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով բողոքարկելու նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 փետրվարի 2011 թվականի

ՍԴՈ-936

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.02.2011
N ՍԴՈ-936
Որոշում