Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

112.0006.200111

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        01            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11211032

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

4 նոյեմբերի 2010 թվականի թիվ 6-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ

(2-րդ մաս)

 

ԲԱԺԻՆ II
ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ IX
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

122. Ոստիկանության զորքերին առաջադրված խնդիրներն արդյունավետ իրականացնելու համար որոշիչ նշանակություն ունի գաղափարական համոզվածությունը, հոգեբանական կայունությունը, բարոյական բարձր ոգին և անձնակազմի ծառայողամարտական վարպետությունը: Այս հատկանիշների ամրապնդման գործում մեծ դեր ունի անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքների որակը: Ոստիկանության զորքերում և նրա ստորաբաժանումներում անձնակազմի հետ տարվող աշխատանքները նպատակաուղղված են ամրապնդելու մարտունակությունը և մարտական պատրաստականությունը:

123. Անձնակազմի հետ տարվող աշխատանքները (ԱՀՏԱ) կազմակերպվում և իրականացվում են` համաձայն ՀՀ ոստիկանության պետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանների և կարգադրությունների, ինչպես նաև` անձնակազմի հետ տարվող աշխատանքների համապատասխան ծառայության ուղեցույցների և խնդիրների:

124. Անձնակազմի հետ տարվող աշխատանքներն ուղղվում են անձնակազմի ամուր գաղափարական դաստիարակության, մարտական պատրաստության, հոգեբանական վիճակի բարելավման, զինվորական կարգապահության, զենքին և հատուկ միջոցներին վարպետորեն տիրապետելու, մարտական և հատուկ տեխնիկայի օգտագործման, ծառայողական վարպետության, մարտական ծառայության օրինակելի կատարման բարելավմանը: Դաստիարակչական աշխատանքներն ակտիվացվում են իրավիճակի և լարվածության աստիճանին համապատասխան, որի ընթացքում աշխատանքները պետք է լինեն նպատակաուղղված, հստակ, օպերատիվ և ճկուն: Աշխատանքները կազմակերպելու համար անհրաժեշտ է լայնորեն օգտագործել եղած հնարավորությունները, դաստիարակչական աշխատանքների ձևերն ու մեթոդները: Դաստիարակչական աշխատանքների կարևորագույն մեթոդ է համարվում անհատական մոտեցման մեթոդը, որը պարտավոր են սահուն և նրբանկատորեն իրականացնել ոստիկանության զորքերի բոլոր պաշտոնատար անձինք: Դաստիարակչական աշխատանքների կատարման ընթացքում հրամանատարները և հրամանատարների անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալները, ինչպես նաև` այդ աշխատանքներում ընդգրկված սպաները պարտավոր են մշտական կապ հաստատել պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, գերատեսչությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև` պահպանվող օբյեկտների վարչակազմերի ղեկավարների հետ:

125. Դաստիարակչական աշխատանքների խնդիրներն են`

1) անձնակազմի հավատարմությունը զինվորական երդմանը.

2) զինծառայողներին բարձր պատասխանատվության ոգով դաստիարակելը.

3) զինվորական կարգապահության ամրապնդումը զորամասերում, ստորաբաժանումներում, մարտական ծառայության ընթացքում զինծառայողների կողմից իրենց դերի և նշանակության գիտակցման ապահովումը, հրամանատարների (պետերի) հեղինակության և միանձնյա ղեկավարման ամրապնդումը, զինծառայողների միջև ոչ կանոնադրական հարաբերությունների և զինվորական կոլեկտիվում բացասական երևույթների կանխարգելումը.

4) անձնակազմի դաստիարակումը ռազմահայրենասիրական ոգով, ծառայության պատշաճ կատարման օրինակներով.

5) անձնակազմի մարտական և հոգեբանական բարձր որակների ձևավորումը, անսասան գաղափարական և հոգեբանական կայունության, զինվորական բարձր ակտիվության ապահովումը.

6) ՀՀ տարածաշրջանում և աշխարհում տիրող քաղաքական իրավիճակի և ծառայողամարտական խնդիրների վերաբերյալ զինծառայողներին տեղեկատվությամբ, կրթական անհրաժեշտ բազայով, ժամանակին մամուլով ապահովելը.

7) մարտական ծառայության առաջավոր փորձի քարոզչության կազմակերպումը և ներդրումը, անձնակազմի ուսուցումը և դաստիարակումը` աչքի ընկած զինծառայողների դրական օրինակով.

8) զինվորական գույքի նկատմամբ զինծառայողներին խնայողական վերաբերմունք դաստիարակելը, ինչպես նաև անտնտեսվարության և վատնման նկատմամբ պայքարի ծավալումը.

9) ստորաբաժանումներում տիրող բարոյահոգեբանական և կարգապահական վիճակի վերաբերյալ վերադաս հրամանատարներին ժամանակին և օբյեկտիվ տեղեկություններ հաղորդելը.

10) անձնակազմին համարձակության, տոկունության, ինքնատիրապետման, ազնվության և անկաշառելիության, հնարամտության և նախաձեռնության, բարեկամության և զինվորական ընկերության, փոխադարձ սատարման և աջակցման, մարտական ծառայության արդյունավետ կատարման զգացումով ձևավորումը.

11) մարտական գործողություններում հակառակորդի նկատմամբ անհանդուրժողականություն դրսևորելու, թշնամական քարոզչության գաղափարախոսությանը հակազդելու, զինծառայողներին ծառայողական զգոնության և անձնական պատասխանատվության աստիճանը բարձրացնելու, պետական և ծառայողական գաղտնիքների հրապարակումները բացառելու, հայրենիքի հանդեպ հանցավոր մտայնությունները ժամանակին հայտնաբերելու և կանխարգելելու գործում վճռականության ձևավորելը.

12) նորակոչիկների անհատական դաստիարակչական աշխատանքների կազմակերպումը.

13) զինվորական գույքի նկատմամբ խնայողաբար վարվելու և դրանք արդյունավետ օգտագործելու պատասխանատվության բարձրացումը:

 

ԳԼՈՒԽ X
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

126. Դաստիարակչական աշխատանքների կազմակերպումը և անցկացումը խաղաղ և պատերազմական իրավիճակներում հրամանատարների, պետերի, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալների կարևորագույն պարտականությունն է: Նրանք ցանկացած իրավիճակում պարտավոր են անձամբ զբաղվել իրենց ենթակաների իրավական, բարոյական և զինվորական դաստիարակությամբ:

127. Դաստիարակչական աշխատանքները անմիջականորեն կազմակերպում և անցկացնում է զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը, նա պատասխանատու է այդ աշխատանքների վիճակի և գործունեության համար: Նա պարտավոր է.

1) իմանալ իրավիճակը, դրված խնդիրները և դրանց կատարման արդյունքները, ենթակա ստորաբաժանումների իրական վիճակը և դրա հիման վրա մշակել, անցկացնել համապատասխան դաստիարակչական աշխատանքներ.

2) ենթակաների հետ ժամանակին անցկացնել հարցադրումներ, զարգացնել նրանց նախաձեռնությունները, ստորաբաժանումների հրամանատարներին և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալներին ծանոթացնել կոլեկտիվի համախմբման մեթոդներին և ձևերին.

3) անձնակազմի հետ դաստիարակչական աշխատանքներ կազմակերպելու պրակտիկայում հասնել բոլոր սպաների ամենօրյա մասնակցությանը, ընդհանրացնել և տարածել առաջավոր փորձը, օպերատիվ արձագանքել իրավիճակի փոփոխություններին.

4) նախաձեռնություն, ստեղծագործական մոտեցում ցուցաբերել անձնակազմի նկատմամբ, արդյունավետորեն ազդելու միջոցներ ձեռնարկել ծառայողական, մարտական խնդիրների բարեհաջող կատարման և բացասական երևույթների բացառման նպատակով:

128. Անցկացված դաստիարակչական աշխատանքների, կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը զեկուցում է հրամանատարին և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով բարձրաստիճան հրամանատարությանը:

129. Հրամանատարը և նրա անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը պարտավոր են նաև.

1) ժամանակին անձնակազմին հասցնել տեղեկատվություն առկա իրավիճակի մասին, բացատրել դրված խնդիրները և պահանջները.

2) պահակախմբերում և զորային վերակարգերում, հերթափոխերում և պահակակետերում անձնակազմին տեղաբաշխելիս հաշվի առնել նրանց գործնական ունակությունները, բարոյահոգեբանական վիճակը, ծառայության փորձը, անհատական յուրահատկությունները.

3) պահակախմբերում, վերակարգերում ծառայության նշանակված զինծառայողներին անընդմեջ սերմանել ծառայության հանդեպ բարձր զգոնության և պատասխանատվության զգացում, ընդհանրացնել և տարածել ծառայողական, մարտական պրակտիկայում նրանց դրական փորձը.

4) ապահովել զինծառայողների կողմից ծառայողամարտական կանոնադրական նորմերի հստակ յուրացումը, պաշտպանական և կապի տեխնիկական միջոցների օգտագործման կանոնների տիրապետումը.

5) զինծառայողների բարոյահոգեբանական պատրաստվածությանը, նրանց` կողմից դժվարություններ հաղթահարելուն, զորահավաքի և մարտական ծառայության ժամանակ վստահ և հմուտ գործելակերպին հասնելու համար անձամբ տանել դաստիարակչական աշխատանքներ պահակախմբերում և վերակարգերում` ապահովելով սպաների, ենթասպաների և ստորաբաժանման ակտիվի մասնակցությունն այդ գործում:

130. Հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը պահակախմբերում և վերակարգերում ընտրում է ագիտատորներ, մարտական թերթիկների խմբագրողներ և ակտիվիստներ, դնում նրանց առջև խնդիրներ, աշխատանքների արդյունավետ կատարման նպատակով անցկացնում հրահանգավորում, օգնում նրանց պարտականությունների կատարման գործում, ընդհանրացնում և տարածում նրանց առաջավոր փորձը:

131. Դասակի (մարտական խմբի) հրամանատարը դաստիարակչական աշխատանքներ կատարելիս պարտավոր է.

1) ենթականերին դաստիարակել հավատարմության զգացումով` զինվորական երդման և պարտքի նկատմամբ.

2) անձնակազմին պարբերաբար բացատրել իրավիճակի առանձնահատկությունները, ավագ հրամանատարության (պետերի) կողմից դրված խնդիրների կատարման արդյունավետ եղանակները, խրախուսել զինծառայողների` ծառայողամարտական խնդիրների կատարման ժամանակ ցուցաբերած հերոսությունները.

3) ենթակաների մոտ կանոնադրական պահանջների և ամենօրյա անհատական աշխատանքների միջոցով ձևավորել բարձր բարոյահոգեբանական և մարտական որակ, դաստիարակել գիտակցված զինվորական կարգապահություն, ուսումնասիրել անձնակազմի տրամադրվածությունը.

4) զինծառայողներին սերմանել զինվորական բարեկամության և ընկերության զգացումով, անձնական փորձով օրինակ ծառայել զինվորական պարտքի կատարման համար:

132. Ավագ հրամանատարները (պետերը) և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով սպաները պարտավոր են մշտապես կատարելագործել և բարձրացնել դաստիարակչական աշխատանքները ստորաբաժանումներում, հասնել այն բանին, որպեսզի ոչ մի զինծառայող դուրս չմնա գաղափարական ազդեցության ոլորտից, ակտիվորեն ազդել զինվորական կոլեկտիվի կյանքի և գործունեության վրա, օգնություն ցուցաբերել հրամանատարներին և նրանց անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալներին:

 

ԳԼՈՒԽ XI
ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՐԳԵՐՈՒՄ

 

133. Պահակախմբի և վերակարգի անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքների նպատակը բարձր մարտական պատրաստվածության, զգոնության, զինվորական կարգապահության, օրինականության պահպանման, օրինակելի մարտական ծառայության կատարման ապահովումն է:

134. Յուրաքանչյուր պահակախմբի համար (մեկ կամ մի քանի օրով հանդերձավորվող), հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը մշակում է դաստիարակչական աշխատանքների պլան, որտեղ նշում է ակտիվի կազմը, բաշխումը, միջոցառումները և երբ, ում հետ, որտեղ պետք է դրանք անցկացվեն:

135. Ակտիվիստներին և պահակախմբում ընդգրկված զինծառայողներին, ովքեր կատարում են ծառայողամարտական խնդիրներ մեկ օրից պակաս տևողությամբ, հրահանգավորման ժամանակ դաստիարակչական աշխատանքների գծով տրվում են հստակ անհատական առաջադրանքներ: Դաստիարակչական աշխատանքներն անցկացվում են մարտական ծառայության նախապատրաստման, ծառայության և կատարված խնդիրների ամփոփման ժամանակ:

136. Պահակախմբի վերակարգի նախապատրաստման ընթացքում անձնակազմին բացատրվում է իրավիճակը, ծառայության բնույթը, ծառայողամարտական խնդրի առանձնահատկությունները և կատարման կարգը:

137. Հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը պարտավոր է հրահանգավորել պահակախմբերին, վերակարգերի պետերին և նշանակված ակտիվի անդամներին, նրանց բացատրել անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքներ տանելու ժամանակը, բովանդակությունը, մեթոդները և ձևերը, ում հետ և ինչ հարցերով պետք է անցկացնել անհատական դաստիարակչական աշխատանքներ, ապահովել պահակակետերը և վերակարգը` անհրաժեշտ գրականությամբ, թերթերով և ամսագրերով, սեղանի խաղերով և քարոզչական նյութերով, ստուգել սպաների և ենթասպաների (ովքեր նշանակված են մարտական ծառայությունը հսկելու համար) պատրաստվածությունը, դաստիարակչական աշխատանքներ տանելու ունակությունները:

138. Մարտական ծառայություն իրականացնելու ժամանակահատվածում հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը, մյուս պաշտոնատար անձինք, վերակարգի պետերը դաստիարակչական աշխատանքներն ուղղում են մարտական խնդրի բարեհաջող կատարմանը:

139. Անձնակազմին բացատրվում է ընթացիկ իրավիճակը, ծառայողամարտական խնդրի կատարման պետական կարևորությունը, մարտական կանոնադրության առանձին դրույթները, պարտականություններն` ըստ պահակակետային ամփոփագրի, օրինականության և կարգապահության պահպանման և իրավիճակի փոփոխման:

140. Պահակախմբի (վերակարգի) պետը առաջադրանք կատարելու ժամանակ հենվում է ակտիվի վրա և իր տեղակալների միջոցով ակտիվի անդամներին գործնական օգնություն և օժանդակություն է ցուցաբերում` միջոցառումների անցկացման գործում, նրանց հետ միասին կոլեկտիվում ստեղծում է բարենպաստ մթնոլորտ և օգնում նորակոչիկների ծառայողական վարպետություն ձեռք բերելու հարցում: Նա անցկացնում է յուրաքանչյուր հերթափոխի ամփոփում` նշելով զինծառայողների գործողություններում տեղ գտած թերությունները, հոգ է տանում անձնակազմի ժամանակին և լիովին հանգստի, սննդի կազմակերպման և առողջության պահպանման հարցերի կարգավորման համար:

141. Պահակախմբի պետը պարտավոր է` լինել զգոն և արդարացի, անձնական օրինակով ենթականերին ցույց տալ և պահանջել մշտական մարտական պատրաստություն և զգոնություն, ապահովել մարտական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունների և անվտանգության կանոնների օրինակելի կատարումը, միջոցներ ձեռնարկել ոչ կանոնադրական փոխհարաբերությունները կանխելու ուղղությամբ, անմիջապես զեկուցել զինծառայողների վարքի շեղումների, անառողջ մթնոլորտի և տրամադրությունների վերաբերյալ, այդ մասին տեղյակ պահել ծառայությունը ստուգող անձանց:

142. Հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը պարտավոր է ամեն օր ստուգել պահակախմբի, վերակարգի դաստիարակչական աշխատանքների պլանի կատարումը, պարզել մարտական ծառայության ժամանակ անձնակազմի պարտականությունների և զինվորական կարգապահության պահանջների կատարման որակը, զեկուցել այդ մասին ստորաբաժանման հրամանատարին` նշելով ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին, նշված բացթողումների վերացման և ձեռնարկած միջոցառումների մասին անել հետևություններ ու ներկայացնել առաջարկություններ` դաստիարակչական աշխատանքների արդյունավետությունը բարելավելու համար:

143. Հրամանատարը և նրա անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը անձնակազմի` վաշտ վերադառնալուց հետո անցկացնում են պահակակետերի (վերակարգի) մարտական ծառայության և անցկացված դաստիարակչական աշխատանքների արդյունքների ամփոփում:

 

ԳԼՈՒԽ XII
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

144. Արտակարգ իրավիճակների ժամանակ տարբեր զորամասերից ստորաբաժանումների ընդգրկման դեպքում (համահավաք) դաստիարակչական աշխատանքների ղեկավարման համար ավագ հրամանատարը նշանակում է անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալին:

145. Արտակարգ իրավիճակների դեպքում զորքերի գործողության ողջ ժամանակահատվածի համար անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով նշանակված սպաները մշակում են անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքների պլան և ապահովում դրա կատարումը: Պլանում պետք է նախատեսվի անձնակազմի գծով սպաների տեղաբաշխումը, ակտիվի ընտրումը և հրահանգավորումը:

146. Պլանով պետք է նախատեսվեն. անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով սպաների բաշխումը` ըստ ստորաբաժանումների և մարտակարգի, ակտիվի ընտրությունը և հրահանգավորումը, իրադրության առանձնահատկությունները, խնդիրները, նպատակները, սպասվող գործողությունների բնույթը և ձևերը, նմանատիպ պայմաններում գործողությունների ժամանակ զորքերի ունեցած փորձը, բացատրական աշխատանքներ` ուղղված զինծառայողների վարքի և բնակչության հետ փոխհարաբերությունների նորմերի պահպանմանը, զգոնության, ռազմական գաղտնիքը խստիվ պահպանելու անհրաժեշտության միջոցառումներ` գործողությունների շրջանում հրահրիչ լուրերի և խուճապային տրամադրությունների նախազգուշացման և կանխման վերաբերյալ, տեղի իշխանությունների, ոստիկանության և այլ մարմինների, գործողությունների շրջանում տեղակայված զորամասերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով մարմինների հետ կապերի և փոխհարաբերությունների հաստատումը, բացատրական աշխատանքների կազմակերպումը տեղի բնակչության հետ:

147. Դաստիարակչական աշխատանքներում հատուկ ուշադրություն է դարձվում.

1) բնակավայրերում զանգվածային անկարգությունների կանխման նպատակով զորքերի գործողություններին` անձնակազմին բացատրելով հասարակական կարգի զանգվածային խախտման սոցիալական վտանգի, դրանց կանխման, խիզախ և վճռական գործողությունների մասին` հնարավոր հրահրումներից խուսափելու նպատակով ծանոթացնելով տեղի բնակչության սովորույթներին և ծիսակատարություններին.

2) հրդեհի և տարերային աղետների հետևանքների վերացմանը ներգրավելու ժամանակ անձնակազմին բացատրել նյութական արժեքները փրկելու եղանակներն ու ձևերը, տուժողներին օգնություն ցույց տալու կարգը, զինծառայողների զորահավաքը փրկարարական աշխատանքներում, պետական և հասարակական գույքի, հասարակական կարգի պահպանությունը, զինծառայողների արիության և ազնվության օրինակների քարոզչությունը.

3) զորքերի կողմից կարանտինային և անասնաճարակային միջոցառումների ապահովման ընթացքում անձնակազմին խորապես բացատրել համաճարակի և սանիտարահիգիենիկ կենցաղային պահանջների խստորեն պահպանման անհրաժեշտությունը, հոգալ զինծառայողների պայմանների ստեղծման մասին, կազմակերպել ակտիվի մանրակրկիտ ընտրությունը և բաշխումը, հատկապես ՀԱԿ-ի և տրանսպորտի ստուգման ծառայության ժամանակ` սերտ համագործակցելով տեղական մարմինների հետ:

148. Արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելիս դաստիարակչական աշխատանքները պետք է անցկացվեն առավելագույն օպերատիվությամբ, որի համար անհրաժեշտ է օգտագործել դաստիարակչական աշխատանքների ազդեցության հնարավորությունները` անձնակազմի զորամասից դուրս գալուց առաջ, երթի դադարի ժամանակ, հավաքակետերում և մարտակարգում հատկացված տեղերում:

149. Արտակարգ իրավիճակների ժամանակ զորքերի գործողությունների ընթացքում դաստիարակչական աշխատանքների հիմնական ձևը ենթակաների հետ հրամանատարների և նրանց անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալների անձնական շփումն է: Իրավիճակի փոփոխման ժամանակ և նոր խնդիրների ծագման դեպքերում հրամանատարներն ու նրանց անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալները պարտավոր են դրանք ժամանակին հասցնել անձնակազմին և կազմակերպել դաստիարակչական աշխատանքներ` հաշվի առնելով այդ փոփոխությունները և հրամանատարի ընդունած որոշումները: Եթե զորքի գործողությունները տևում են մի քանի օր, ապա ծառայողամարտական խնդիրների կատարման և դաստիարակչական աշխատանքների արդյունքների ամփոփումը կատարվում է ամեն օրվա վերջում:

150. Այն ծառայողը, ում վրա դրված է անձնակազմի հետ տարվող աշխատանքների անմիջական կազմակերպումը, զորքի գործողությունների ավարտից հետո, անցկացված միջոցառումների, բարոյահոգեբանական վիճակի, զինվորական կարգապահության, զինվորների կողմից ցուցաբերած հերոսական օրինակների, խիզախության և արիության իր ուսումնասիրությունների ու առաջարկությունների մասին զեկուցում է հրամանատարին և նրա անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալին:

151. Հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը կազմակերպում է անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով սպաների կողմից անցկացված դաստիարակչական աշխատանքների վերլուծություն` նշելով բացթողումները և դրանց վերացման ուղիները, շտաբի հետ համատեղ կազմում է առավել աչքի ընկնող զինծառայողների խրախուսման նյութերը:

 

ԲԱԺԻՆ III
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ԳԼՈՒԽ XIII
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

152. Հասարակական կարգի պահպանության նպատակով պարեկապահակետային ծառայության գործունեության կազմակերպման խնդիրների, նպատակի, իրավական հիմքերի, ինչպես նաև` պարեկապահակետային ծառայություն իրականացնելու կարգի, պարեկապահակետային ծառայություն իրականացնող հատուկ վերակարգերի պարտականությունների վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 151-Ն որոշմամբ:

153. Հասարակական կարգի պահպանության խնդիրների իրականացմանը ներգրավվում են հասարակական կարգի պահպանության զորամասերը`

1) հասարակական կարգի պահպանության զորամասերի տեղակայման վայրում` ոստիկանության զորքերի հրամանատարի և ավագ օպերատիվ պետի որոշմամբ, տեղակայման վայրից դուրս` ոստիկանության զորքերի հրամանատարի որոշմամբ.

2) ուսումնական զորամասը հասարակական կարգի պահպանության համար զանգվածային միջոցառումներ անցկացնելիս (իրավիճակից ելնելով)` ոստիկանության զորքերի հրամանատարի որոշմամբ:

154. Հասարակական կարգի պահպանության ծառայություն իրականացնելու համար ոստիկանության զորքերի ուժերի և միջոցների հատկացման չափաքանակը որոշում է ոստիկանության պետը: Պարեկապահակային ծառայություն իրականացնելու համար հատկացված զորամասերի ուժերը և միջոցները օգտագործվում են կենտրոնացված և, որպես կանոն, բարդ օպերատիվ իրավիճակային շրջաններում (տեղամասերում):

155. Տարին մեկ անգամ ոստիկանության զորքերի շտաբը` ոստիկանության հասարակական կարգի պահպանության վարչության հետ համատեղ, մշակում է հասարակական կարգի պահպանության ծառայությունում անձնակազմի օգտագործման պլան, որում նշվում է ոստիկանության այն ստորաբաժանման անվանումը, որի տրամադրության տակ ուղարկվում է պարեկային ստորաբաժանումը, հատկացված անձնակազմի և տրանսպորտային միջոցների, հետիոտն և ավտոպարեկների քանակը, ծառայություն իրականացնելու օրերը և ժամանակը, ուսումնական, հավաքակայանատնտեսական և հանգստի օրերը, ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ մարզումների և զորավարժությունների անցկացման տեղերը և ժամանակը: Պլանը ստորագրվում է զորամասի հրամանատարի և հասարակական կարգի ապահովման վարչության պետի կողմից և հաստատվում ավագ օպերատիվ պետի կողմից:

156. Ոստիկանության զորքերի շտաբը հասարակական կարգի ապահովման վարչության հետ համատեղ մասնակցում է քաղաքի տարածքում պարեկապահակային ծառայության ուժերի և միջոցների համալիր օգտագործման սկզբունքային ուրվագծերի և պարեկների երթուղիների քարտերի մշակմանը: Քաղաքի տարածքում պարեկապահակային ծառայության ուժերի և միջոցների համալիր օգտագործման սկզբունքային ուրվագծերի և պարեկների երթուղիների քարտերի մեկ օրինակը, ինչպես նաև` շարքային անձնակազմի համար ծառայողական վկայականների որոշված նմուշների ձևաթերթերը ավագ օպերատիվ պետը ուղարկում է ոստիկանության զորքերի շտաբ:

157. Զորային վերակարգի անձնակազմի համազգեստի ձևը, սպառազինությունը և հանդերձավորումը յուրաքանչյուր օրվա համար որոշում է ոստիկանության զորքերի հրամանատարը: Հասարակական կարգը պահպանող զորային վերակարգերը հրազենով զինելու որոշումը ընդունում է ավագ օպերատիվ պետը` համաձայնեցնելով ոստիկանության զորքերի հրամանատարի հետ: Զորային վերակարգերին ձեռնաշղթաներ և կապելու հարմարանքներ (1 մետր երկարությամբ կանեփե կամ կապրոնե ճոպան, պարան) տրվում է զորամասի հրամանատարի որոշմամբ:

158. Հերթափոխից առաջ պարեկապահակային ծառայություն կատարելու համար նշանակված յուրաքանչյուր զինծառայողի տրվում է սուլիչ, անհատական վիրակապային փաթեթ, գրպանի էլեկտրական լապտեր: Բացի այդ, զորային վերակարգի պետին տրվում է ծառայողական պայուսակ, շարքային անձնակազմի համար որոշված նմուշի ծառայողական վկայական (պարեկի, հասարակական կարգի պահպանման պահակակետերի պետերին), ծառայողական գիրք, երթուղու քարտ, պարեկի ստուգողական թերթ (հասարակական կարգի պահպանման պահակակետի), լուսանկարներ, հետախուզվող անձանց վերաբերյալ կողմնորոշիչներ, տեղեկություններ հափշտակված ավտոտրանսպորտային միջոցների մասին, ռադիոկայան և հատուկ հեռախոսների բանալիներ (տեղադրված երթուղու կամ նրա մոտ):

159. Զորային վերակարգերի հերթապահը հրահանգավորումից հետո զորամասի շտաբից (վաշտի հրամանատարից) ստանում է պարեկապահակային ամփոփագիրք: Զորային վերակարգի անձնակազմը հերթափոխի համար շարվում է ծավալուն երկտողան շարքով: Պարեկային տրանսպորտը տեղակայվում է դրա համար առանձնացված տեղում:

160. Ծառայության անցնելու համար անձնակազմի պատրաստվածությունը ստուգելուց հետո զորամասի հրամանատարը կամ նրան փոխարինող անձը թույլատրում է ծառայության անցնելու:

161. Տրանսպորտային միջոցներով անձնակազմի տեղափոխումը զորամասից ոստիկանության ստորաբաժանումներ և հակառակը, որպես կանոն, իրականացվում է շարասյունով: Զորամասի հրամանատարի կողմից որոշված կետերում ստորաբաժանման անձնակազմը տրանսպորտային միջոցով դուրս է գալիս շարասյան կազմից և շարժվում նախապես որոշված երթուղով համապատասխան ոստիկանության ստորաբաժանում (բաժին): Պարեկային տրանսպորտային միջոցների կայանումը կազմակերպվում է ոստիկանության ստորաբաժանումների ցանկապատված տարածքում կամ զորային վերակարգի անձանց հսկողության տակ:

162. Հասարակական կարգի պահպանության իրականացման ժամանակաընթացքում ստորաբաժանման ղեկավարումը իրականացնում է զորամասի հրամանատարը կամ նրա տեղակալներից որևէ մեկը: Նա պատասխանատու է զորային վերակարգի ծառայության նախապատրաստման, ժամանակին ոստիկանության ստորաբաժանումներ ժամանելու (ծառայության կատարման վայր), առաջադրված խնդիրների լիարժեք կատարման, ծառայության ժամանակ զինվորական կարգապահության պահպանման, անձնակազմի կողմից օրինականության պահպանման համար և պարտավոր է`

1) տիրապետել քաղաքում տիրող օպերատիվ իրավիճակին և ավագ օպերատիվ պետից (զորամասի հրամանատարից) ստացված առաջադրանքին.

2) ապահովել անվտանգության կանոնները առաջադրված խնդիրների կատարման վայր անձնակազմի տեղափոխման ժամանակ.

3) ստուգել զորային վերակարգերի հերթապահների, պարեկային խմբերի պետերի և պարեկների ծառայության կատարումը` ծառայողական փաստաթղթերում կատարելով նշումներ.

4) մշտական կապ պահպանել քաղաքի ոստիկանության ստորաբաժանման հերթապահի հետ, նրա հետ փոխանակել տեղեկություններ` պարեկապահակային ծառայության կատարման տարածքում տիրող իրադրության վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, քաղաքի ոստիկանության ստորաբաժանման պետի որոշմամբ (համաձայնեցնելով ոստիկանության զորքերի հրամանատարի հետ) կատարել ուժերի և միջոցների տեղաշարժ.

5) զորային վերակարգերի հերթապահներից ընդունել զեկույցներ, ծառայության ավարտից հետո ստուգել անձնակազմի, գույքի առկայությունը և ամփոփել ծառայության արդյունքները.

6) զորամասի հրամանատարին զեկուցել ծառայության արդյունքների մասին (այն դեպքում, երբ ստորաբաժանումների ղեկավարումը իրականացնում է նրա տեղակալը):

163. Հասարակական կարգի պահպանության զորային վերակարգերը, բացառությամբ օպերատիվ պետի ղեկավարմանը հատկացված հատուկ մեքենայացված զորամասի վերակարգերի, առաջադրանքները կատարում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատու ծառայողի անմիջական ղեկավարությամբ:

164. Հասարակական կարգի պահպանության խնդիրներն իրականացնելիս հասարակական կարգի պահպանման զորամասերի զինծառայողների իրավունքները, պարտականությունները սահմանվում են «Ոստիկանության մասին», «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 151-Ն որոշմամբ:

 

ԳԼՈՒԽ XIV
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

165. Զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայողամարտական խնդիրների կատարման համար զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը ընդունում է որոշում, որը գրաֆիկորեն ձևավորվում է քաղաքի ուրվագծի վրա (զանգվածային միջոցառումներ անցկացվող շրջանի ուրվագծի վրա) կարճ պարզաբանող գրությամբ, որը հաստատվում է ավագ օպերատիվ պետի կողմից:

166. Զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության համար ներգրավված ուժերի և միջոցների խմբավորումը կարող է ներառել շրջապատման, պարեկության և պահպանության խմբերը, հատուկ վերակարգերը և ռեզերվը: Անձնակազմի գործողությունները ապահովելու համար ստեղծվում են բժշկական կետեր (պահակակետեր):

167. Շրջապատման խումբը կազմված է զորային շղթաներից, ՀԱԿ-ի վերակարգերից, հասարակական կարգի պահպանման պահակակետերից և պարեկներից:

168. Զորային շղթաները օգտագործվում են շրջանի (տեղամասի) օղակման համար` այնտեղ քաղաքացիների անկազմակերպ մուտքն արգելելու նպատակով:

169. ՀԱԿ-ի վերակարգերը նշանակվում են զանգվածային միջոցառումների անցկացման շրջանում` տրանսպորտի և հետիոտնի մուտքը ապահովելու համար: ՀԱԿ-ի շրջանցումները արգելելու նպատակով հարակից տարածքը ապահովվում է հասարակական կարգի պահպանման պահակակետերով և պարեկներով: ՀԱԿ-ի վերակարգերի պետեր, որպես կանոն, նշանակվում են ոստիկանության (ԱԱԾ) մարմինների ղեկավար կազմի անձինք:

170. Պարեկային խումբը կազմված է պարեկներից և հասարակական կարգի պահպանման պահակակետերից: Երթուղիներում պարեկությունը իրականացվում է իրավախախտումները կասեցնելու, ինչպես նաև` զանգվածային միջոցառումների անցկացման շրջանի մատույցներում մարդկանց կուտակումներ թույլ չտալու նպատակով:

171. Պահպանության խումբը ստեղծվում է իրավիճակի բարդացման և օբյեկտները, ինչպես նաև` տարբեր իրավախախտումների համար ձերբակալված անձանց պահպանելու անհրաժեշտության առաջացման ժամանակ: Այն կազմված է պահակախմբերից` յուրաքանչյուրում 5 զինծառայողից ոչ պակաս քանակով:

172. Բժշկական կետեր (պահակակետեր) նշանակում են ստորաբաժանումների (զորային վերակարգերի) զինծառայողներին, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև զանգվածային միջոցառումների մասնակիցներին` առաջին բժշկական օգնություն ցույց տալու համար:

173. Զորամասի հրամանատարի և ավագ օպերատիվ պետի որոշմամբ, կախված կոնկրետ ստեղծված իրավիճակից, ծառայության կատարման շրջանում կարող են նշանակվել նաև այլ վերակարգեր:

174. Ռեզերվը կարող է լինել զինված և չզինված: Զինված ռեզերվի անձնակազմը ունենում է հաշվեցուցակային զենք: Զինամթերքը լիցքավորված պահունակներում պահպանվում է փակված և կնքված արկղում: Ռեզերվի կազմը, տեղաբաշխումը և օգտագործման կարգը որոշում է զորամասի հրամանատարը` ավագ օպերատիվ պետի հետ համատեղ:

175. Ծառայողամարտական խնդիրների կատարման որոշման հիման վրա զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը տալիս է հրաման, որում նշում է`

1) առաջին կետում` զանգվածային միջոցառման բնույթը և դրա անցկացման շրջանում հասարակական կարգի վիճակը.

2) երկրորդ կետում` զորամասի (ստորաբաժանման) խնդիրը.

3) երրորդ կետում` համագործակցող ուժերի խնդիրները.

4) չորրորդ կետում` գործողությունների մտահղացումը.

5) հինգերորդ կետում` «Հրամայում եմ» բառից հետո առանձին ենթակետով դրվում է յուրաքանչյուր ստորաբաժանման (ինքնուրույն գործող զորային վերակարգի) խնդիրը, հատկացված ուժերի և միջոցների քանակը, դրանց խմբավորումը և խմբավորման տարրերի խնդիրները, համախմբման շրջանները, ոստիկանության (ԱԱԾ) ստորաբաժանումների վերակարգերի հետ համագործակցելու կարգը, անձնակազմի համազգեստի ձևը և հանդերձավորումը, ծառայության կատարման տևողությունը, պահեստազորի կազմը և տեղակայման վայրը.

6) վեցերորդ կետում` զենքի կիրառման, ավտոտրանսպորտի, ինժեներական, տեխնիկական և հատուկ միջոցների օգտագործման կարգը, անձնակազմի անվտանգության կանոնները, ռեժիմային միջոցառումները, բերման ենթարկած խախտողներին (հանցագործներին) ոստիկանության մարմիններ հանձնելու կարգը.

7) յոթերորդ կետում` գործողություններին պատրաստ լինելու ժամանակը.

8) ութերորդ կետում` ղեկավարման օժանդակ կետի ծավալման տեղը և ժամանակը, կապի կարգը զեկույցների (տեղեկատվության) ներկայացման ժամկետը:

176. Ստորաբաժանումների (զորային վերակարգերի) հետ` միմյանց, ինչես նաև ոստիկանության (ԱԱԾ) մարմինների վերակարգերի հետ համագործակցությունը կազմակերպվում է ըստ խնդիրների, տեղի և ժամանակի: Ընդ որում, զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը օպերատիվ պետի հետ համատեղ որոշում են`

1) ծառայության կատարման շրջանում ուժերի և միջոցների կենտրոնացման և ելման դրության զբաղեցման ժամանակը և հաջորդականությունը.

2) զանգվածային միջոցառման անցկացման շրջանի շրջապատման և այնտեղից կողմնակի անձանց դուրսբերման կարգը.

3) քաղաքացիների կուտակումների, շրջափակող օղակի ճեղքման և ճեղքման վտանգի, անկարգությունների կասեցման, հրահրումների, խուճապի առաջացման, զանգվածային միջոցառման մասնակիցների կամ զորային վերակարգերի վրա հարձակման դեպքում գործողությունների կարգը.

4) միմյանց և զորամասի շտաբի հետ ստորաբաժանումների և խմբավորման տարրերի կապի կազմակերպման և ղեկավարման կարգը.

5) խնդիրը կատարելուց հետո ստորաբաժանումների (զորային վերակարգերի) հավաքի տեղը և զորամաս վերադառնալու կարգը:

177. Հասարակական կարգի պահպանության ծառայության կատարման համար ստորաբաժանումների նախապատրաստումը ներառում է օպերատիվ իրավիճակի և ստացված խնդրի պարզաբանումը զինծառայողներին, զորային վերակարգերի անձնակազմերի և պետերի հրահանգավորումը, դաստիարակչական միջոցառումների անցկացումը, զենքի, հատուկ տեխնիկայի, համազգեստի և հանդերձանքի նախապատրաստումը, պարապմունքների, շարային ստուգատեսների, մարզումների և զորավարժանքների անցկացումը:

178. Զորամասը (ստորաբաժանումը) ծառայության կատարման վայր ժամանում է զանգվածային միջոցառման սկսվելուց 1,5-ից 2 ժամ առաջ: Զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը կազմակերպում է ավտոտրանսպորտի պահպանությունը, կապ է հաստատում օպերատիվ պետի (տեղամասի, հատվածի պետի) հետ, ճշտում է իրավիճակը, անձամբ և շտաբի սպաների միջոցով ստուգում է ստորաբաժանումների (զորային վերակարգերի) ելման դիրքի (տեղամասեր, հատվածներ) ժամանակին զբաղեցնելը, ճշտում է ստորաբաժանումների (զորային վերակարգերի) խնդիրները, ստուգում է ծառայության կատարման նպատակով անձնակազմի պատրաստությունը:

179. Զանգվածային միջոցառման անցկացման շրջանը շրջապատելուց հետո ազատվում է կողմնակի անձանցից: Դրա համար հատկացված ստորաբաժանումը հրապարակի լայնությամբ շարվում է երկու տողանով և օպերատիվ պետի ցուցումով սկսում են շրջապատված շրջանի կենտրոնից շարժվել հակառակ ուղղություններով` դուրս մղելով այնտեղ հայտնված քաղաքացիներին: Միաժամանակ զորային վերակարգերը ոստիկանության (ԱԱԾ) մարմինների աշխատակիցների հետ համատեղ զննում են տրիբունաները և կողմնակի անձանց թաքնվելու այլ հնարավոր տեղերը: Քաղաքացիների մուտքը շրջապատված շրջան (շրջանից) իրականացվում է ՀԱԿ-ի միջոցով:

180. ՈՒղղորդ միջանցքների կառուցման համար հատկացված ստորաբաժանումները ոստիկանության (ԱԱԾ) մարմինների աշխատակիցների հետ համատեղ նախօրոք կամ շարասյան շարժման սկզբում գրավում են իրենց համար նշված տեղերը: Զինծառայողները շղթայում շարվում են մեկընդմեջ` դեմքով դեպի հակառակ կողմեր:

181. Շրջապատող խմբի ստորաբաժանումը ոստիկանության (ԱԱԾ) այլ ստորաբաժանումների հետ համատեղ կազմում են սահմանափակող ուղղանկյուններ:

182. Զանգվածային միջոցառման մասնակիցների շարասյուները սահմանափակող ուղղանկյուններին մոտենալուն պես զորային վերակարգերի պետերը օպերատիվ պետի կարգադրությամբ շղթաներում ստեղծում են անցումներ, նրանցով ներս են թողնում շարասյուները, որից հետո դրանք նորից փակում:

183. Զորային շղթաների անձնակազմերը չեն թույլատրում քաղաքացիների անցումը մեկից մեկ այլ սահմանափակող ուղղանկյուն: Հատուկ ուշադրություն է դարձվում առաջին շղթայի ճեղքմանը և քաղաքացիների ելքը դեպի տրիբունա սահմանափակելուն: Բացառիկ դեպքերում օպերատիվ պետի ցուցումով թույլատրվում է միջոցառման առանձին մասնակիցներին բաց թողնել սահմանափակող ուղղանկյուններից:

184. Զորային շղթաների ճեղքման վտանգի (ճեղքման) դեպքում ստորաբաժանման հրամանատարը (զորային վերակարգի պետը) զեկուցում է օպերատիվ պետին, նրա ցուցումով վտանգավոր տեղամասում մեծացնում է շղթայի խտությունը և վերականգնում շղթայի գիծը: Այդ նպատակի համար, անհրաժեշտության դեպքում, օգտագործվում է ռեզերվը:

185. Ծառայության կատարման շրջանում անկարգություններ, հրահրում, զանգվածային միջոցառման մասնակիցների կամ զորային վերակարգերի վրա հարձակում կատարելու դեպքում, խուճապի և այլ պատահարների առաջացման ժամանակ ռեզերվով ուժեղացված զորային վերակարգերը ոստիկանության (ԱԱԾ) այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ համատեղ, օպերատիվ պետի որոշմամբ ձեռք են առնում անհրաժեշտ միջոցներ` պատահարի վերացման և խախտողների ձերբակալման համար: Միջոցառման անցկացման շրջան քաղաքացիների ելքն ու մուտքը ժամանակավորապես դադարեցվում է:

186. Կառավարական պատվիրակությունների ընդունման և ճանապարհելու ժամանակ հասարակական կարգը պահպանելիս ստորաբաժանումը ոստիկանության (ԱԱԾ) այլ ստորաբաժանումների հետ համատեղ ծառայություն են կատարում պատվիրակության ուղևորման ուղեգծի երկարությամբ` փողոցների երթուղային մասի եզրերի մոտ տեղադրելով զորային շղթաներ կամ գտնվում են օպերատիվ պետի ռեզերվում: Զինծառայողները շղթայում շարվում են մեկընդմեջ` դեմքով դեպի հակառակ կողմը: Անցումների և բակերի միջոցով քաղաքացիների մուտքը դեպի պատվիրակության շարժման երթուղի արգելելու համար կարող են դրվել լրացուցիչ վերակարգեր:

187. Մարզական, մշակութային միջոցառումներ անցկացնելու ժամանակ ստորաբաժանումը (զորային վերակարգը) ոստիկանության վերակարգերի հետ համատեղ հսկիչ կետերի, դրամարկղերի մոտ և տրիբունաներում ապահովում է կարգուկանոնը, կատարում ծառայություն մարզադաշտի, համերգասրահի շրջապատում և նրա առաջին շարքերում, իսկ անհրաժեշտության դեպքում, քաղաքացիների մարզադաշտ, համերգասրահ և հասարակական տրանսպորտից օգտվելու վայրեր անցնելու համար ստեղծում ուղղորդող միջանցքներ:

188. Զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը ծառայության ընթացքում կազմակերպում է իրավիճակի տվյալների հավաք և դրա փոփոխության հաշվարկով անձամբ ձեռք է առնում միջոցներ:

189. Ստորաբաժանումները ծառայությունը դադարեցնում են օպերատիվ պետի թույլտվությամբ: Ստորաբաժանման հրամանատարները (զորային վերակարգերի պետերը) ստուգում են անձնակազմի, զենքի, զինամթերքի, հանդերձանքի առկայությունը, զեկուցում են այդ մասին ըստ հրամանի, որից հետո զինծառայողներին դուրս են բերում ավտոտրանսպորտ նստեցնելու համար որոշված վայրերը և մեկնում մշտական տեղակայման վայր:

 

---------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
04.11.2010
N 6-Ն
Հրաման