Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵ ...

 

 

020.0942.220211

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 68-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 22 փետրվարի 2011թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.

Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող կողմի ներկայացուցիչ Ա. Զեյնալյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««Հանրապետություն» կուսակցության դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը «Հանրապետություն» կուսակցության` 07.09.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի դեկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Ճանաչման հայցը» վերտառությամբ 68-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 3-րդ մասը սահմանում է.

«Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`

1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.

2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ

3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ դիմողը 16.11.2009թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարության` վերջինիս անգործությունը ոչ իրավաչափ (անվավեր) և միավորումների, արտահայտվելու ազատության, խտրականությունից զերծ լինելու, պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների խախտման փաստերը ճանաչելուն պարտավորեցնելու պահանջների մասին: ՀՀ վարչական դատարանի` 23.11.2009թ. «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժվել է (Վարչական գործ թիվ ՎԴ/4816/05/09/):

ՀՀ վարչական դատարանի վերոհիշյալ որոշումը 01.12.2009թ. բողոքարկվել է և ՀՀ վարչական դատարանը 04.12.2009թ. կոլեգիալ կազմով կայացված` «Բողոքը մերժելու մասին» որոշմամբ ներկայացված բողոքը մերժել է: ՀՀ վարչական դատարանի` 04.12.2009թ. կոլեգիալ կազմով կայացված` «Բողոքը մերժելու մասին» որոշումը 21.12.2009թ. բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան: ՀՀ վճռաբեկ դատարանի` 10.02.2010թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի` իր կողմից վիճարկվող 3-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին: Այդ առնչությամբ դիմողը կարևորել է վիճարկվող իրավանորմում ՀՀ Սահմանադրության հիշյալ հոդվածներով նախատեսված դատական պաշտպանության իրավունքի և դրա արդյունավետ իրացումն ապահովող, ի մասնավորի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի շրջանակներում կարևորված` որոշակիության, մատչելիության և արդյունավետ միջոցների իրավական չափորոշիչների երաշխավորվածության հարցը:

Վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված «վարչարարություն» եզրույթի սահմանումը, ինչպես նաև նույն օրենքի 69 և 96-րդ հոդվածները` դիմողը եզրակացնում է, որ դատավարական օրենսգիրքը պետք է նախատեսի համապատասխան իրավակարգավորում` վարչական մարմնի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու հայցով վարչական դատարան դիմելու իրավունքն ապահովելու համար: Մինչդեռ, նրա պնդմամբ, տվյալ գործով վարչական դատարանը սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներին տվել է այնպիսի մեկնաբանություն, ըստ որի` վարչական մարմնի անգործությունն անվավեր ճանաչելու հայցապահանջով հայցը դատարանն իրավասու չէ վարույթ ընդունել:

Ի թիվս վերոնշյալի` դիմողը, վկայակոչելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի R2004 (20) հանձնարարականում ամրագրված «վարչական ակտ» եզրույթի սահմանումը, տեսակետ է արտահայտել այն մասին, որ եթե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասում գործածված «վարչական ակտ» եզրույթը ներառում է «գործողություն» ակտը ևս, ապա այլևս անիմաստ է երեք ակտերը միասին մեկ եզրույթով հիշատակելուց զատ առանձին հիշատակել նաև դրանցից մեկը: Նրա կարծիքով` դա ստեղծում է անորոշություն, ինչպես նաև երկիմաստ ու հայեցողական մեկնաբանությունների հնարավորություն է տալիս, որը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին:

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ պետությունը կարող է կանոնակարգել դատական պաշտպանության իրավունքի իրականացման ընթացակարգը, մեխանիզմներն ու ժամկետները` այդ իրավունքը կրողին ներկայացնելով օրենսդրական ամրագրում ստացած հստակ պայմաններ: Պատասխանողը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 65-68-րդ հոդվածների համադրված վերլուծության արդյունքներով եզրակացնում է, որ օրենսգիրքը հստակ սահմանում է այն բոլոր իրավական մեխանիզմները, որոնք ապահովում են ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացումը:

Միաժամանակ, վերլուծելով գործի փաստական հանգամանքները, պատասխանողը գտնում է, որ դիմողը չի իրացրել դատական պաշտպանության իրավունքի կենսագործմանն ուղղված` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավական բոլոր միջոցները:

Պատասխանողը միջնորդում է նաև գործի վարույթը կարճել այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել, և վիճարկվող նորմի սահմանադրականության հարցի բարձրացումը, ըստ էության, չի հետապնդում սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության նպատակ:

5. ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ գործի վարույթը կարճելու հիմքեր չկան, և հաշվի առնելով, որ դիմողը, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում կիրառվող եզրութաբանությունը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը վիճարկում է դրանում առկա հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակության առումով, հարկ է համարում առաջին հերթին անդրադառնալ նշված օրենքում վարչական ակտ, գործողություն և անգործություն հասկացությունների տարանջատման խնդրին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ինչպես ընդհանուր իրավակարգավորման առարկայի, այնպես էլ առանձին նորմերի (2-րդ հոդվածի 2-րդ մաս, 3-րդ հոդված, 69-րդ հոդված, 71-րդ հոդվածի 1-ին մաս, 76-րդ հոդված, 96-րդ հոդված, 101-րդ հոդված, 102-րդ հոդված, 108-րդ հոդված) համադրված վերլուծությունը վկայում է, որ այդ օրենսդրական ակտում հստակ տարբերակում է կատարված վարչական ակտ, գործողություն և անգործություն եզրույթների միջև` դրանցից յուրաքանչյուրին ներհատուկ բովանդակությանը համապատասխան: Օրենքի 69-րդ հոդվածում գործածվող «ակտ» եզրույթի կիրառմամբ օրենսդիրը չի նույնացրել հիշյալ երեք եզրույթները` դրանք ներկայացնելով որպես «վարչական ակտ»: Նշված հոդվածի վերլուծությունը վկայում է, որ վերջինիս իրավակարգավորման առարկայի իմաստով պարզապես «ակտ» եզրույթն օգտագործվել է որպես հավաքական հասկացություն, ինչը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 65-68, 70-72, 114, 145, 154-156, 158-րդ հոդվածների իրավակարգավորման շրջանակներում, չի կարող հիմք հանդիսանալ նշված եզրույթների նույնացման համար:

Միաժամանակ, սահմանադրական դատարանը կարևորում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման տրամաբանության բացահայտումը` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման տեսանկյունից:

Այս առումով ՀՀ սահմանադրական դատարանն իր` ՍԴՈ-719, ՍԴՈ-721, ՍԴՈ-780, ՍԴՈ-844, ՍԴՈ-882 որոշումներում կարևորել է վարչական մարմինների անգործության դեմ դատական պաշտպանության անհրաժեշտությունը, առանց որի լիարժեք չի լինի իրավունքների և ազատությունների պաշտպանության համակարգը:

Անդրադառնալով ՀՀ օրենսդրության, մասնավորապես` վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման տրամաբանության բացահայտմանը` սահմանադրական դատարանը, օրենսգրքի հոդվածների համակարգային վերլուծության հիման վրա, արձանագրում է, որ օրենսդիրը նպատակ է հետապնդել վարչական արդարադատության համակարգում սահմանելու այնպիսի իրավական կարգավորում, որը կերաշխավորի անձանց դատական պաշտպանության իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացումը ոչ միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունվող վարչական և նորմատիվ ակտերի, նրանց գործողությունների, այլև նրանց անգործության դեմ: Շարունակելով նշված տրամաբանության հետևողական իրացումը` օրենսդիրը, որպես օրենսգրքի 1-ին և 3-րդ հոդվածների արդյունավետ իրացումն ապահովող իրավական երաշխիք, օրենսգրքում ներառել է «Գործի քննությունը և լուծումը վարչական դատարանում» վերտառությամբ երկրորդ բաժինը և վերջինիս ներքո` «Գործ հարուցելու հիմքը և հայցի տեսակները» վերտառությամբ 11-րդ գլուխը: Այն նախատեսում է վարչական դատարան ներկայացվող հայցերի հետևյալ տեսակները` վիճարկման հայց (օրենսգրքի 65-րդ հոդված), պարտավորեցման հայց (օրենսգրքի 66-րդ հոդված), գործողության կատարման հայց (օրենսգրքի 67-րդ հոդված) և ճանաչման հայց (օրենսգրքի 68-րդ հոդված), որոնց միջոցով անձինք անմիջականորեն ձեռնամուխ են լինում իրենց խախտված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանությանը:

Նշված հայցատեսակների` օրենսգրքի 65-67-րդ հոդվածների ուսումնասիրությունը վկայում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից դրսևորվող անգործության արդյունքում անձանց խախտված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանությունը երաշխավորելուն է կոչված ինչպես պարտավորեցման, այնպես էլ գործողության կատարման հայցը: Ընդ որում` պարտավորեցման հայցի դեպքում դատական պաշտպանությունն իրականացվում է ընդդեմ այնպիսի անգործության, որն առնչվում է վարչական ակտի ընդունմանը, իսկ գործողության կատարման հայցի դեպքում` այնպիսի անգործությանը, որը չի առնչվում վարչական ակտի ընդունմանը:

Ավելին, վարչական դատավարության օրենսգրքի այն ընդհանուր տրամաբանությունը, որ վարչական արդարադատության շրջանակներում հավասարապես պետք է ապահովվի դատական պաշտպանությունը նաև ընդդեմ վարչական մարմինների և պաշտոնատար անձանց անգործության, իր հետևողական արտացոլումն է գտել նաև Վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածում, որտեղ օրենսդիրը «վարչական ակտ» և «գործողություն» եզրույթների հետ մեկտեղ օգտագործում է նաև «անգործություն» եզրույթը` այն տարածելով նաև ճանաչման հայցի վրա:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, ի տարբերություն օրենսգրքի 1-ին, 3-րդ և 70-րդ հոդվածների, օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասում դրսևորվել է անհետևողական մոտեցում` «վարչական ակտ» և «գործողություն» եզրույթների հետ մեկտեղ չի շեշտվել «անգործություն» եզրույթը: Սակայն օրենսգրքի իրավակարգավորման տրամաբանությունից բխում է, որ այն իրավակիրառական պրակտիկայի կողմից չպետք է մեկնաբանվի ի վնաս մարդկանց իրավունքների պաշտպանության:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասն օրենսգրքի այլ նորմերի համակարգային վերլուծության տրամաբանությամբ ենթադրում է նաև վարչական մարմնի անգործության դեմ դատական պաշտպանության դեպքերը, և իրավակիրառողը պետք է ելնի օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավանորմի նման մեկնաբանությունից, հաշվի առնելով, որ.

ա) օրենսգրքի 1-ին և 3-րդ հոդվածներով սահմանված` օրենսդրի նպատակից և իրավակարգավորման ուղղվածությունից բխում է, որ նշված հոդվածները դատական պաշտպանության հնարավորություն են նախատեսում նաև վարչական մարմնի անգործության պարագայում,

բ) օրենսդիրն օրենսգրքի 70-րդ հոդվածում «վարչական ակտ» և «գործողություն» եզրույթների հետ մեկտեղ ճանաչման հայցին է հավասարապես վերագրում նաև «անգործություն» եզրույթը:

6. ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ հարկ է համարում արձանագրել, որ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի վիճարկվող 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցի առարկային բնորոշ է հետևյալ առանձնահատկությունը. ճանաչման հայցի առարկայի շրջանակներում օրենսդիրը հնարավորություն է ընձեռում վիճարկել այն միջամտող վարչական ակտերի կամ գործողությունների (անգործության) իրավաչափությունը, որոնք այլևս իրավաբանական ուժ և նշանակություն չունեն դրանց հասցեատիրոջ համար: Ընդ որում, նման հայց ներկայացնելու դեպքում հայցվորը պետք է հետապնդի օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերում նշված խնդիրների լուծման նպատակ:

Վերոհիշյալ առանձնահատկությունը վկայում է, որ օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասը հանդես է գալիս որպես իրավունքների պաշտպանության առանձին ինստիտուտ, որն իր իրավակարգավորման առարկայով և հետապնդվող նպատակներով բովանդակային առումով տարբերվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-67-րդ հոդվածների հիման վրա տրամադրվող դատական պաշտպանության ինստիտուտից, և եթե վերջիններիս շրջանակում դատական պաշտպանությունն իրականացվում է ընդդեմ անձի համար իրավաբանական ուժ և նշանակություն ունեցող ակտերի, ապա օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի պարագայում դատական պաշտպանությունն իրականացվում է ընդդեմ անձի համար այլևս իրավաբանական ուժ և նշանակություն չունեցող ակտերի, այսինքն` այնպիսի ակտերի, որոնք իրենց ընդունմամբ, կատարմամբ կամ դրսևորմամբ հասցեատիրոջ համար ուղղակի իրավական հետևանք չունեն:

7. ՀՀ սահմանադրական դատարանը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան, հարկ է համարում անդրադառնալ նաև վիճարկվող նորմի հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի սահմանադրականության հարցին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակները» վերտառությամբ 114-րդ հոդվածի 1-ին մասն սպառիչ կերպով թվարկում է վարչական գործով կայացվող` գործն ըստ էության լուծող դատական ակտերի տեսակները: Ընդ որում, նշված դատական ակտերի տեսակները թվարկող դրույթները միաժամանակ առնչվում են վարչական դատարանի լիազորություններին: Այդ կապակցությամբ սահմանադրական դատարանը, հաշվի առնելով նաև ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասը, արձանագրում է, որ դատարանների համար օրենքներով սահմանված համապատասխան լիազորությունների առկայությամբ և դրանց իրացմամբ է, որ հնարավոր է դառնում երաշխավորել անձանց` դատարանի մատչելիության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի ուսումնասիրությունը վկայում է, որ այն կոչված է ապահովելու, մասնավորապես, օրենսգրքի 65-68-րդ հոդվածների իրացումը` երաշխավորելով նշված հոդվածների շրջանակներում ներկայացված հայցապահանջների առնչությամբ արդարադատության իրականացումը: Մասնավորապես, օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը համակարգային առումով փոխկապակցված է օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի հետ, և կոչված է ապահովելու այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու` հայցվորի իրավունքի իրականացումը: Մինչդեռ, ի տարբերություն օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի, որտեղ վարչական ակտից զատ նախատեսված է նաև վարչական մարմնի գործողությունը (վերոնշյալ իրավական դիրքորոշումների շրջանակներում` նաև անգործությունը) վիճարկելու հնարավորությունը, ինչպես նաև ի խախտումն օրենսգրքի, մասնավորապես, 1-ին, 3-րդ և 70-րդ հոդվածների իրավակարգավորման տրամաբանության, օրենսգրքի 114-րդ հոդվածը վարչական դատարանին վերապահում է համապատասխան լիազորություն միայն վարչական ակտի առնչությամբ: Արդյունքում` հաշվի առնելով նաև, որ օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասն առնչվում է վարչական դատարանի լիազորություններին, և վարչական դատարանը, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան, կարող է գործել միայն Սահմանադրությամբ և օրենքով հստակ սահմանված լիազորությունների շրջանակում, սահմանադրական դատարանը գտնում է, որ նշված դրույթը վարչական մարմնի գործողությունը և անգործությունը վիճարկելու մասով արգելափակում է օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման հնարավորությունը` պատճառ հանդիսանալով ինչպես դատարանի մատչելիության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների խախտման, այնպես էլ պետության արդարադատական գործառույթի արգելափակման:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում` հաշվի առնելով նաև վարչական մարմնի անգործության դեմ դատական պաշտպանության հնարավորությունը:

i

2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի հետ համակարգային առումով փոխկապակցված` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն այն մասով, որը վարչական ակտի հետ մեկտեղ չի ներառում վարչական մարմնի գործողությունը և անգործությունը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

22 փետրվարի 2011 թվականի

ՍԴՈ-942

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.02.2011
N ՍԴՈ-942
Որոշում