020.0138.131198
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 71 ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 93 ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 38 ԵՎ 39 ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
13 նոյեմբերի 1998թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
գործում որպես պատասխանող կողմ ներգրավված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Վ. Նազարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետի, 25 հոդվածի 1 կետի և 55 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Ազգային ժողովի կողմից 1996 թվականի ապրիլի 30-ին ընդունված «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածի 8-րդ կետի և 93 հոդվածի 4-րդ կետի` «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38 և 39 հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դ. Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ Վ. Նազարյանի բացատրությունները, հետազոտելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1996 թվականի ապրիլի 30-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 1996 թվականի մայիսի 7-ին, պաշտոնական հրապարակվել 1996 թվականի մայիսի 15-ին և ուժի մեջ մտել հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահը, Սահմանադրության 55 հոդվածի 2 կետով նախատեսված կարգով, օրենքի վերաբերյալ առարկություններ կամ առաջարկություններ չի ունեցել:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրության համաձայն քննության առարկա օրենքի 71 հոդվածի 8-րդ կետը սահմանափակում է մարդու իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը, իսկ 93 հոդվածի 4-րդ կետը` նմանատիպ ենթադրության տեղիք է տալիս:
3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունող մարմնի` Ազգային ժողովի ներկայացուցիչ Վ. Նազարյանի կարծիքով օրենքի 71 հոդվածի 8-րդ կետը, խմբագրական հստակեցման անհրաժեշտություն ունենալով հանդերձ, չի հակասում ՀՀ Սահմանադրության 38 և 39 հոդվածներին: ՀՀ Սահմանադրության հիշյալ հոդվածներին չի հակասում նաև օրենքի 93 հոդվածի 4-րդ կետը:
4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածը վերնագրված է` «Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումները»: Հոդվածում ամրագրված են բաժնետերերի ընդհանուր ժողովում ձայնի իրավունքից օգտվող բաժնետերերի շրջանակը, ընդհանուր ժողովում որոշումների ընդունման, այդ որոշումների մասին բաժնետերերի տեղեկությունների հաղորդման կարգը, ինչպես նաև բաժնետիրոջ իրավունքը` որոշակի սահմանված դեպքերում դատական կարգով գանգատարկելու ընդհանուր ժողովի ընդունած որոշումները:
Օրենքի վիճարկվող 71 հոդվածի 8-րդ կետում մասնավորապես ասվում է, որ` «Բաժնետերն իրավունք ունի դատական կարգով գանգատարկել սույն օրենքի, այլ իրավական ակտերի և ընկերության կանոնադրության պահանջների խախտմամբ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումը, եթե նա չի մասնակցել ժողովին կամ այդ որոշման դեմ է քվեարկել և որոշմամբ խախտվել են նրա օրինական շահերը և իրավունքները: Դատարանն իրավունք ունի ուժի մեջ թողնել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, եթե բաժնետերերի քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, թույլ տված խախտումները էական չեն և որոշումը վնաս չի պատճառել բաժնետիրոջը»:
Օրենքի 93 հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ` «Ընկերությունը կամ ընկերության այն բաժնետերը (բաժնետերերը), որը (որոնք համատեղ) տնօրինում է (են) ընկերության տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի մեկ և ավելի տոկոսին, իրավունք ունի (ունեն) ընկերության խորհրդի անդամների, ընկերության գործադիր տնօրենի, ընկերության վարչության անդամների, ինչպես նաև կառավարիչ կազմակերպության և անհատ կառավարչի դեմ հայցով դիմել դատարան` ընկերությանը պատճառված վնասների փոխհատուցման պահանջով»:
5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38 հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք»:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39 հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք»:
Մարդու` Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքների և ազատությունների լիակատար և համապարփակ պաշտպանության կարևոր երաշխիք է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38 հոդվածով նախատեսված դատական պաշտպանության իրավունքը:
Ելնելով միջազգային իրավունքի նորմերից և սկզբունքներից, առաջնային համարելով մարդու անօտարելի իրավունքները և հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի երկրորդ մասը, առանց բացառության, ամրագրում է յուրաքանչյուր մարդու` Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը, ՀՀ Սահմանադրությունն այդ իրավունքի սահմանափակման հնարավորություն է նախատեսել միայն Սահմանադրության 45 հոդվածի հիմքերով:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45 հոդվածն ընդհանրապես արգելում է որևէ կերպ սահմանափակել յուրաքանչյուր անձի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39 հոդվածում ամրագրված իրավունքը:
6. Օրենքի վիճարկվող 71 հոդվածի 8-րդ կետը, ի հակադրություն Սահմանադրության 38 հոդվածի երկրորդ մասի, 39 և 45 հոդվածների, բաժնետերերի դատական պաշտպանության իրավունքը սահմանափակում է բաժնետերերի ժողովին չմասնակցելու, ժողովի որոշման դեմ քվեարկելու հանգամանքներով:
7. Օրենքի վիճարկվող 93 հոդվածի 4-րդ կետը ընկերության տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի մեկ տոկոսից պակաս բաժնետոմսեր տնօրինող բաժնետիրոջը զրկում է ընկերության խորհրդի անդամների, ընկերության գործադիր տնօրենի, ընկերության վարչության անդամների, ինչպես նաև կառավարիչ կազմակերպության և անհատ կառավարչի դեմ ոչ թե իրեն` որպես ֆիզիկական անձի, այլ ընկերությանը պատճառված վնասների փոխհատուցման պահանջի վերաբերյալ հայցով դատարան դիմելու իրավունքից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետով, 55, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
i
1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածի 8-րդ կետի նախապայմաններ սահմանող` «... նա չի մասնակցել ժողովին կամ այդ որոշման դեմ է քվեարկել» դրույթը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38 և 39 հոդվածներին»:
i
2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 93 հոդվածի 4-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
13 նոյեմբերի 1998 թվական
ՍԴՈ-138