ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
23 դեկտեմբերի 2010 թվականի N 50
6. ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՄՈԴԵԼԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգի կառուցվածքագործառութային մոդելի հայեցակարգային մոտեցումներին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (առաջարկել Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի, Ջերմուկի քաղաքապետերին)` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ներկայացնել առաջարկություն ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համար սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած` հայեցակարգային մոտեցումներով սահմանված պահանջները բավարարող շենքերի (տարածքների), այդ թվում` միասնական ընդունարանների վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` երկամսյա ժամկետում ամփոփել Հայաստանի Հանրապետության մարզպետների, Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի, Ջերմուկի քաղաքապետերի առաջարկությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել`
1) առաջարկություններ ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգի կառուցվածքագործառութային մոդելի շրջանակներում` սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ շենքերի (տարածքների), այդ թվում` միասնական ընդունարանների վերաբերյալ.
2) ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թ. դեկտեմբերի 23-ի նիստի
N 50 արձանագրային որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՄՈԴԵԼԻ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի նիստի N 21 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի կազմակերպման հայեցակարգով» սահմանված դրույթները նախատեսում են ինտեգրման տարբեր ձևեր, մասնավորապես` «Մեկ պատուհանի սկզբունք», «տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ինտեգրում» և այլն:
2. Ինտեգրման միջոցով ակնկալվող արդյունքի գնահատումը հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի նիստի N 21 արձանագրության 5-րդ կետի 2-րդ ենթակետի 3-րդ պարբերությամբ նախատեսված փորձնական ծրագրի իրականացումից հետո, որում կիրառվելու է ինտեգրման վերոհիշյալ տեսակները համատեղ և միաժամանակ` իրականացնելով սոցիալական ծառայություններ տրամադրող տարբեր մարմինների կողմից իրականացվող գործառույթների վերաբաշխում և հստակ սահմանում:
3. Գործառութային վերաբաշխման արդյունքում ակնկալվում է բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների արդյունավետության մեծացում` ինչպես տնտեսական, այնպես էլ հաճախորդին այդ ծառայությունները տրամադրելու տեսանկյունից:
4. Հանրապետությունում տրամադրվող սոցիալական ծառայությունների (խորհրդատվական օգնության, իրավաբանական օգնության, վերականգնողական օգնության, դրամական օգնության, բնաիրային օգնության, ժամանակավոր օթևանի տրամադրում, խնամքի կազմակերպում և սոցիալական ծառայությունների` օրենքով չարգելված այլ տեսակներ) մեջ ներկայումս առավել մեծ տեսակարար կշիռ ունի դրամական օգնության` տարաբնույթ նպաստների (պետական նպաստներ, գործազրկության նպաստ, ապահովագրական նպաստներ և այլն) և կենսաթոշակների (այսուհետ` դրամական վճարներ) վճարումները:
5. Ըստ էության, սոցիալական ծառայությունների տրամադրումը ենթադրում է սոցիալական աշխատողների մասնագիտական գործունեություն և սոցիալական դեպքի վարման համար մշակված մեթոդաբանության կիրառում: Սակայն, Հայաստանի Հանրապետության սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգը դեռևս գտնվում է անցումային փուլում և սոցիալական ծառայությունների տրամադրումը հիմնականում իրականացվում է փաստաթղթերի հետ աշխատանք կատարելու շրջանակներում, որի պարագայում երկրորդական է դիտարկվում քաղաքացու (ընտանիքի) իրական կարիքների վերհանումն ու անհատական սոցիալական ծրագրի մշակման ու իրականացման միջոցով (սոցիալական դեպքի վարում) այդ կարիքների հնարավորինս ամբողջական բավարարումը: Հարկ է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ սոցիալական ծառայությունների տրամադրումն ինքնանպատակ չէ, այլ ուղղված պետք է լինի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի) ինքնօգնության և կարիքը բավարարելու միջոցների խթանմամբ նրա վիճակի բարելավմանը:
6. Նախատեսվում է առանձնացնել.
1) դրամական վճարների (այդ թվում` կենսաթոշակների) տրամադրման բոլոր գործառույթները (նշանակում և վճարման կազմակերպում), դրանք վերապահել մեկ մարմնի` միավորելով ներկայումս գործող տարբեր ենթակայության կազմակերպությունների համանման գործառույթները: Նշված «նորաստեղծ» մարմինը կունենա իր կառուցվածքային ստորաբաժանումները` նկատի ունենալով օրենսդրությամբ սահմանված և տրամադրվող դրամական վճարների տեսակների առանձնահատկությունները.
2) սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը կամ սոցիալական աշխատանքի իրականացումը, համապատասխան գործառույթներով` դիմումների ընդունում, տնային այցելությունների կատարում, սոցիալական կարիքի գնահատում, փաստաթղթերի հավաքագրում, սոցիալական ծառայությունների տրամադրման մասին որոշման կայացում, դրամական վճարների համար առաջարկությունների ներկայացում և այլն, անհրաժեշտ է հնարավորինս ապակենտրոնացնել` մոտեցնելով բնակչությանը:
7. Պետության կողմից երաշխավորված բոլոր դրամական վճարները կտրամադրվեն մեկ մարմնի կողմից, որը համապատասխան ստորաբաժանումներ կունենա բոլոր մարզերում և տարածաշրջաններում, իսկ համայնքի կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունները կտրամադրվեն ինտեգրված համայնքային սոցիալական ծառայությունների կողմից:
8. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական ծառայությունների տրամադրումը, այդ թվում` դիմումների ընդունումը, կարիքի գնահատումը և սոցիալական ծառայություն տրամադրելու որոշում ընդունելու կամ դրամական վճարի համար առաջարկություն ներկայացնելու գործառույթները, որպես սոցիալական աշխատանքի ինստիտուտ, մեկ մարմնի կամ մեկ պատուհանի սկզբունքի կիրառման միջոցով իրականացնելը, ավելի արդյունավետ կդարձնի` դրանց տրամադրման գործընթացի համակարգման, ինչպես նաև դիմողին նմանատիպ սոցիալական ծառայությունների տրամադրման կրկնություններից խուսափելու առումով:
9. Գործառութային վերաբաշխումը հնարավորություն կտա մեծացնել մեկ աշխատողի սպասարկվող հաճախորդների թիվը, օպտիմալացնել աշխատանքը, սոցիալական ծառայությունների տրամադրման օպերատիվությունը, ինչպես նաև ծրագրերի հասցեականությունը` սահմանելով նաև ծրագրի հասցեականությունը` սահմանելով նաև համապատասխան ծանրաբեռնվածության նորմացույցեր և չափորոշիչներ:
10. Կազմակերպությունների վերակազմակերպման ընթացքում առավելագույնս կօգտագործվի առկա ռեսուրսները` հնարավորություն ընձեռելով համակարգ ընդգրկվել «սոցիալական աշխատանքի» մասնագետներին:
11. Սոցիալական ծառայություններ տրամադրող կամ սոցիալական աշխատանք իրականացնող մարմինները պետք է ունենան համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ կամ մասնագետներ (նեղ մասնագետ` որոշակի սոցիալական խմբի հետ աշխատանքի կամ կարիքին համապատասխան մասնագիտացված):
12. Նշված մոտեցումների իրականացման համար անհրաժեշտ են նաև շենքային այնպիսի պայմաններ, որոնք կբավարարեն կենտրոնացված ձևով դրամական վճարների նշանակման և վճարման գործառույթների, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի իրականացմանը: Հատկապես կարևորվում է բնակչությանը «մեկ պատուհանի» սկզբունքի կիրառմամբ ծառայությունների մատուցումը` միասնական ընդունարանների միջոցով:
13. Նշված կազմակերպությունները սպասարկելով որոշակի տարածքի բնակչությանը` ապահովելով նրանց սոցիալական պաշտպանության տարբեր իրավունքների իրացումը, ամբողջությամբ պետք է սպասարկեն հանրապետության ողջ տարածքը և ամբողջ բնակչությանը, ուստի և նշանակություն ունի դրանց աշխարհագրական տեղաբաշխումը` դրանց սպասարկման տարածքում:
14. Սոցիալական ծառայությունների տրամադրման կառավարման համակարգի բարելավման նպատակով անհրաժեշտ է 915 համայնքները պայմանականորեն միավորելով ձևավորել շուրջ 45 մարմիններ, որոնք էական դերակատարում կունենան այդ համայնքների բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների տրամադրման որոշումների կայացման գործում:
15. Համայնքային սոցիալական ծառայությունների կողմից կատարվող աշխատանքում կարևորվում է սոցիալական դեպք վարող սոցիալական աշխատողը, որը ինտեգրված սոցիալական ծառայությունների շրջանակներում, յուրաքանչյուր դիմողի (դեպքի վարման) համար այդ գործընթացում կընդգրկի նաև այլ մասնագետների` սոցիալական աշխատող, հոգեբան, մանկավարժ` յուրաքանչյուր անձի համար ստեղծելով սոցիալական գործ:
16. Սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի շրջանակներում էական դերակատարում պետք է ունենան նաև ոչ պետական` շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները, որոնք արդյունավետորեն համագործակցելով պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ` պետք է մասնակցություն ունենան սոցիալական պաշտպանության ոլորտում համապատասխան որոշումների կայացման գործում:
17. Ձևավորվող տեղեկատվական համակարգը ևս պետք է ինտեգրված լինի, որում ներառվող տվյալները հիմք են հանդիսանում քաղաքացու վերաբերյալ կազմված անհատական սոցիալական գործի շրջանակներում վերականգնողական անհատական ծրագրի հաստատման, իրականացման կամ փոփոխման համար: Այս տվյալների հիման վրա սոցիալական աշխատողներն ապահովում են հաճախորդներին սոցիալական ծառայությունների տրամադրումը` ընթացքում ճշտելով նաև քաղաքացու ներկայացրած կամ իրենց կողմից գնահատված հաճախորդի իրական կարիքները:
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի նիստի N 21 արձանագրային որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի 2)-րդ պարբերությամբ նախատեսված` մշակվող կառուցվածքագործառութային մոդելի շրջանակներում կիրականացվի դրա կիրառման փորձնական ծրագիր, որից ակնկալվող արդյունքների համար որոշիչ նշանակություն ունի սույն հավելվածի 19-րդ կետով նախատեսված տեխնիկատնտեսական պայմանների առկայությունը:
19. Մոդելի փորձնական կիրարկման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական բավարար պայմաններն են` համապատասխան շենք, որը տեղակայված լինի տվյալ մարմնի կողմից սպասարկվող տարածքի կենտրոնական մասում, ապահովելով հաճախորդների համար տրանսպորտային մատչելիությունը, ինչպես նաև բավարար տարածք` տեղավորելու համար անհրաժեշտ ստորաբաժանումները, միասնական ընդունարանները` սպասասրահներով, համակարգչային տեխնիկայի սպասարկման և շահագործման բավարար պայմաններ և այլ կոմունալ-կենցաղային հարմարություններ` բնակչությանը բարձրորակ սպասարկում ապահովելու նպատակով: