ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
9 դեկտեմբերի 2010 թվականի N 48
20. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թ. դեկտեմբերի 9-ի
նիստի N 48 արձանագրային
որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿ
Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009-2012 թթ. գործունեության միջոցառումների ծրագրում և «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգում», որպես պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ, դիտարկվում է նաև հայրենադարձությունը խթանող ծրագրերի մշակումն ու իրականացումը:
Սույն հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) հայկական պետականության ամրապնդմանը, հայ ժողովրդի միասնությանը և հայ ինքնության պահպանմանն ու ամրապնդմանը նպաստող համակարգ է, որի կենտրոնում գտնվում է հայրենիքում մշտական բնակություն հաստատել ցանկացող հայ անհատը:
Հայկական Սփյուռքում (այսուհետ` Սփյուռք) պարում է շուրջ 7 մլն հայ: Նրանց որոշ մասը Հայաստանի քաղաքական անկախության վերականգնումից հետո հաստատվել է հայրենիքում: Այսպես. 2006-2009 թթ. Հայաստանի Հանրապետության կացության հատուկ և մշտական կարգավիճակ է ստացվել շուրջ 3000 սփյուռքահայ, 2005-2009 թթ. գնել է անշարժ գույք շուրջ 15000 սփյուռքահայ, և վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ընդունել շուրջ 6000 սփյուռքահայ:
Հայեցակարգի հիմքում դրված չէ աշխարհասփյուռ հայության զանգվածային հայրենադարձության կազմակերպումը և այդ գործընթացի կանոնակարգումը: Հայեցակարգում սահմանվող դրույթները վերաբերում են այն հայերին, որոնք ցանկություն կհայտնեն բնակություն հաստատել Հայաստանի Հանրապետությունում: Նրանք կարող են լինել անհատներ կամ ընտանիքներ:
Հայրենադարձության գործընթացը և դրա կանոնակարգումը Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի համար կարևոր հիմնահարցերից է, որը`
1. ընդհանուր առմամբ հանդիսանում է հայապահպանության գրավական` Սփյուռքում հայ ինքնության որակների պահպանման, ուշացումից սփյուռքահայության տարբեր հատվածներին պաշտպանելու և ի վերջո` նրանց հայրենադարձնելու առումով,
2. Հայաստանի Հանրապետությունն իր ներկա ժողովրդագրությամբ կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության բնակչության տարածքային տեղաբաշխվածության առումով: Հայաստանի բնակչության գրեթե 40 տոկոսը կենտրոնացված է Երևանում, իսկ մարզերում և հատկապես սահմանամերձ շրջաններում զգացվում է բնակչության պակաս: ՈՒստի և հայրենադարձությունը Հայաստանի Հանրապետության համար կարող է կարևորվել ժողովրդագրական և տարածքային ռազմավարական խնդիրների լուծման նպատակով,
3. հայրենադարձության հատուկ ծրագրերը կարող են նպաստել համազգային ներուժի համախմբմանը և ի շահ հայ ժողովրդի` ռազմավարական տարբեր խնդիրների լուծմանը:
Հայեցակարգի նպատակը և խնդիրները.
Հայեցակարգի նպատակը և խնդիրներն են.
1) սահմանել «հայրենադարձ» և «հայրենադարձություն» հասկացությունները,
2) առանձնացնել հայրենադարձության հետ կապված այն առաջնահերթությունները, մոտեցումները, կարևոր և անհրաժեշտ հարաբերությունները, որոնք ենթակա են պետական կարգավորման և աջակցության,
3) հստակեցնել հայրենադարձության գործընթացի կազմակերպման կառուցակարգերը,
4) ամրագրել «Հայրենադարձության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գլխավոր սկզբունքները:
I. «ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հայեցակարգի անկյունաքարը «հայրենադարձություն» և «հայրենադարձ» հասկացությունների սահմանումն է:
1) «Հայրենադարձություն»: Հայրենադարձությունն այլ պետություններում բնակվող հայկական ծագումով անձանց` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակչություն հաստատելու գործընթաց է:
Հայրենադարձությունը բազմափուլ գործընթաց է, որը սկսվում է հայրենադարձվելու ցանկության արտահայտումից և ավարտվում Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական, կրթամշակութային և սոցիալ-տնտեսական կյանքին հայրենադարձների ամբողջական ինտեգրմամբ: Այդ գործընթացի հիմնական պատասխանատուներն են Հայաստանի Հանրապետությունը և Սփյուռքի կառույցները:
Հայրենադարձությունը ներկա պայմաններում կարող է իրականացվել`
ա. անհատական կարգով վերադարձի ձևով,
բ. պետության կողմից մշակված հայրենադարձության հատուկ ծրագրերի միջոցով:
Պետության կողմից մշակված ծրագրերի միջոցով հայրենադարձության գործընթացի իրականացումը, որպես պետական քաղաքականություն, կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:
«Հայրենադարձության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հանդիսանում է այն իրավական բազան, որը թույլ կտա ծրագրել, մշակել, ընդունել կառավարության և գերատեսչական իրավական ակտեր, կառավարել և ուղղորդել հայրենադարձության գործընթացը, մշակել ծրագրեր հայրենադարձների ինտեգրման համար:
2) «Հայրենադարձ»: Հայրենադարձն այն անձն է, որն ունի հայկական ծագում, չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ հանդիսանալով օտարերկրյա քաղաքացի` ընդունել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և «Հայրենադարձության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգն անցնելուց հետո կամավոր մշտական բնակություն է հաստատում Հայաստանի Հանրապետությունում` ստանալով հայրենադարձի կարգավիճակ:
II. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՓՈՒԼԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԸ
2. Հայրենադարձության գործընթացի կանոնակարգման և կազմակերպման նպատակով անհրաժեշտ է.
1) իրականացնել նախապատրաստական աշխատանքներ Սփյուռքում և Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի կառույցների համատեղ ուժերով,
2) աջակցել սփյուռքահայերին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացում,
3) ընդունել «Հայրենադարձության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
4) իրականացնել կազմակերպչական աշխատանքներ Սփյուռքում և Հայաստանի Հանրապետությունում, որոշել հայրենադարձության գործընթացը համակարգող պետական լիազոր մարմին, հայրենադարձությունը կազմակերպող, իրականացնող և այդ գործընթացին օժանդակող մարմիններ (Հայրենադարձության հարցերով գործակալություն, Հայրենադարձության հիմնադրամ և այլն),
5) հայրենադարձության գործընթացում ապահովել ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, մարզպետարանների, ՀՀ ԿԱ ոստիկանության ու ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունը.
6) աջակցել հայրենադարձների ինտեգրման հարցերով հասարակական կազմակերպությունների, աշխատանքային խմբերի, ինչպես նաև ինտեգրման կենտրոնների ստեղծմանը,
7) հայրենադարձության գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով ըստ անհրաժեշտության համագործակցել միջազգային կազմակերպությունների և Սփյուռքի կառույցների հետ:
8) հավաքագրել հայրենադարձվել ցանկացող անձանց վերաբերյալ տեղեկություններ,
9) Սփյուռքում իրականացնել հայրենադարձությանը նպաստող կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր,
10) աջակցել հայրենադարձներին` Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու հարցերում,
11) մշակել և իրականացնել հայրենադարձներին Հայաստանի Հանրապետության հասարակությանն ինտեգրելու ծրագրեր,
12) Հայաստանի Հանրապետությունում հաստատված հայրենադարձների վերաբերյալ տեղեկատվություն տարածել Սփյուռքում:
3. Նախապատրաստական աշխատանքները վերաբերում են գործունեության հետևյալ բնագավառներին.
1) հայրենադարձության կազմակերպման հարցերով պետական լիազոր մարմնի ներկայացուցիչների, հայրենադարձի ելքի պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսությունների և սփյուռքահայ համայնքի (այսուհետ` համայնք) ներկայացուցիչների կողմից համայնքի համակողմանի ուսումնասիրություն, որի նպատակն է`
ա. ճշտել տվյալ համայնքի կազմն ու բնույթը, համայնքային կազմակերպվածության աստիճանը,
բ. հետազոտել տվյալ պետության սահմանադրությունը և օրենսդրությունը` հայրենադարձության և երկքաղաքացիության հետ կապված խնդիրներն արդյունավետ լուծելու նպատակով,
գ. ուսումնասիրել տվյալ պետության հետ երկքաղաքացիության տրամադրման և համապատասխան այլ միջազգային պայմանագրերի կնքման հեռանկարները:
2) Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի կառույցների միջոցով համայնքներում իրականացնել կազմակերպչական և տեղեկատվության տարածման աշխատանքներ,
3) Հայաստանի Հանրապետություն-Սփյուռք կապերի և շփումների սերտացման ծրագրերի իրականացում, փոխադարձ այցելությունների և նպատակային միջոցառումների իրականացում,
4) հայրենադարձությանը միտված քարոզչության ծրագրերի իրականացում Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում:
4. Հայրենադարձության կազմակերպման և իրականացման հարցերով կարող են ստեղծվել մշտապես գործող մարմիններ ինչպես Հայաստանի Հանրապետությունում (հանրապետական և մարզային), այնպես էլ Սփյուռքում:
5. Պետական ռեսուրսի (համապատասխան լիազորություններով օժտված պետական մարմին, դեսպանություններ, հյուպատոսարաններ, լրատվամիջոցներ, մշակութային ու այլ միություններ և այլն) նպատակաուղղված օգտագործում` հայրենադարձության խթանման համար:
6. Համայնքներում կազմակերպել միջոցառումներ, ներկայացնել հայրենադարձության ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը, լիարժեք տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս ուղղությամբ անհրաժեշտ է`
1) Հատուկ քարոզչական ծրագրերի միջոցով Սփյուռքին տրամադրել Հայաստանի Հանրապետության մասին անհրաժեշտ տեղեկություններ,
2) կազմակերպել փոխադարձ այցելություններ և նպատակային միջոցառումներ` Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի համար շոշափելի, մատչելի դարձնելու նպատակով: Կազմակերպել նաև հայրենադարձվելու ցանկություն հայտնած, բայց դեռ վերջնականապես չկողմնորոշված անձանց այցելություն Հայաստանի Հանրապետություն` վերջինիս տեղում ծանոթանալու նպատակով,
3) հայրենադարձության քարոզչությունը նպատակաուղղել համայնքի երիտասարդ սերնդին, հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի բուհեր ընդունվել ցանկացող երիտասարդներին,
4) հայրենադարձության քարոզչությունը հասցեագրել նաև համայնքի այն անդամներին, որոնք արտագաղթել են Հայաստանի Հանրապետությունից, ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, և բարենպաստ պայմանների առկայության դեպքում կարող են վերադառնալ հայրենիք:
7. Կազմակերպչական գործունեություն միաժամանակ պետք է տարվի թե՛ Հայաստանի Հանրապետությունում և թե՛ համայնքներում: Այդ փուլում նախատեսվում է`
1) անհրաժեշտության դեպքում ստեղծել համայնքում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը կից հայրենադարձության մշտապես գործող կազմակերպիչ մարմին` համայնքի տարբեր շերտերի ներկայացուցիչների մասնակցությամբ.
2) սահմանել Հայաստանի Հանրապետության` հայրենադարձության հարցերով լիազոր պետական մարմին,
3) ներկայացնել հայրենադարձների համար Հայաստանի Հանրապետությունում ընձեռնվող հնարավորությունները և պայմանները,
4) ճշտել հայրենադարձների համար Հայաստանի Հանրապետությունում վերաբնակեցվելու հնարավոր տարածքները:
8. Համայնքներում հայրենադարձության հարցերով մշտապես գործող մարմինները կարող են ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում հայրենադարձության հարցերով լիազոր պետական մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության օժանդակությամբ` ի նկատի ունենալով հայրենադարձվել ցանկացողների շահերն ու նպատակները: Հայրենադարձներին անհրաժեշտ է դասակարգել ըստ խմբերի, իսկ համապատասխան ցանկության դեպքում կամ լիազոր պետական մարմնի որոշմամբ` ըստ Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքների:
9. Հայրենադարձությունը կազմակերպելիս պետք է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) ճշտել հայրենադարձվելու ցանկություն հայտնած անձանց տվյալները,
2) հայրենադարձներին տրամադրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն պարզեցված կարգով,
3) մշակել հայրենադարձների համար Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրություն («Հայրենադարձության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, Հանրապետության Նախագահի հրամանագրեր, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ, գերատեսչական իրավական ակտեր և այլն),
4) միջպետական պայմանագրով կամ այլ կարգի միջազգային ակտերով հնարավորինս լուծել տարբեր պետությունների քաղաքացիներ հանդիսացող հայրենադարձների իրավական ու սոցիալական խնդիրները ելքի պետությունների հետ,
5) հատուկ ուշադրության առարկա դարձնել հայրենադարձների կամ նրանց երեխաների սոցիալական խնդիրների լուծումը, հայրենադարձների կենսաթոշակի խնդրի կարգավորումը, ինչպես նաև բնակության պետությունը փոխելու հետևանքով ծագած այլ խնդիրների լուծումը:
10. Այն դեպքում, երբ հայրենադարձվողը սեփական միջոցներով հայրենիք տեղափոխվել չի կարող, նրա տեղափոխումը կարող է իրականացվել նաև Հայաստանի Հանրապետության միջոցներով:
11. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հետամուտ լինի հետևյալ խնդիրների իրականացմանը.
1) Հայաստանի Հանրապետությունում հայրենադարձների որոշ խմբերի համար արտոնյալ պայմաններով բնակության տարածքների հատկացում,
2) հայրենադարձների ինտեգրմանն ուղղված գործունեության իրականացում, որը Հայաստանի Հանրապետությունում հաստատված հայրենադարձների համար նախատեսված ադապտացման ծրագրերի իրականացումն է:
12. Հայաստանի Հանրապետությունում հայրենադարձների ինտեգրման գործընթացի վերաբերյալ քարոզչական ծրագիր իրականացնել համայնքներում:
III. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
13. Հայրենադարձների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակվում և իրականացվում են հայրենադարձների ինտեգրման համալիր ծրագրեր:
14. Հայրենադարձների ինտեգրումը հասարակությանը բարդ և երկարաժամկետ գործընթաց է, որի իրականացումը պահանջում է իրավական, սոցիալական-տնտեսական և կրթամշակութային խնդիրների լուծում:
15. Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած և հաստատող հայրենադարձներին տրամադրվելիք պետական աջակցության ձևերը և երաշխիքներն անհրաժեշտ է սահմանել «Հայրենադարձության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ դրանց իրականացման կառուցակարգերը` Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով:
16. Հայրենադարձների ինտեգրման նպատակով անհրաժեշտ է.
1) ապահովել պետական հովանավորություն Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած և հաստատող հայրենադարձների իրավական, սոցիալ-տնտեսական և կրթամշակութային խնդիրների լուծման համար,
2) ուսումնասիրել հայրենադարձների սոցիալական, մասնագիտական և տարիքային կազմը, նրանց խնդիրները Հայաստանի Հանրապետությունում (մայրենի լեզվի իմացության մակարդակը, նրանց ակնկալիքները պետությունից, հայրենիք տեղափոխվելու պատճառները, հայրենադարձների որոշ հատվածի` Հայաստանի Հանրապետությունից հեռանալու պատճառները և այլն)` ըստ առանձին խմբերի:
17. Ինտեգրման ծրագրերում հաշվի են առնվում հայրենադարձների տարբեր խմբերի առանձնահատկությունները:
18. Ինտեգրման գործընթացը դյուրացնելու նպատակով համագործակցություն է իրականացվում Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի կազմակերպությունների հետ:
19. Հայրենադարձների ինտեգրումն իրականացվում է կրթամշակութային, սոցիալական (հասարակական-քաղաքական, հասարակական-կենցաղային), տնտեսական, իրավական և այլ ուղղություններով:
1) Կրթամշակութային ինտեգրումը հայրենադարձներին հայրենիքի հետ կապելու ամենակարևոր ուղղություններից է: Կրթամշակութային ինտեգրումն իր մեջ ընդգրկում է մի շարք բաղադրիչներ, որոնք են`
ա. հաշվի առնելով հայրենադարձների հայոց լեզվի, հայոց պատմության, աշխարհագրության իմացության աստիճանը և տարիքը` իրականացվում է հայոց լեզվի, հայոց պատմության, գրականության և աշխարհագրության ուսուցում` համապատասխան մեթոդական ուսուցման ծրագրերի մշակմամբ և դրանց իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ,
բ. ազգային մշակույթի, արվեստի դասավանդման ծրագրերի մշակում և համապատասխան ուսումնական կենտրոններում հայրենադարձների ներգրավում,
գ. ազգային և եկեղեցական տոների ու ծեսերի վերաբերյալ ճանաչողական ծրագրերի մշակում և իրականացում,
դ. հայրենադարձների կրթամշակութային ինտեգրման կարևոր բաղադրիչներից է նրանց ոչ ֆորմալ կրթության ծրագրերում ընդգրկելը, որն առանց տարիքային սահմանափակման ապահովում է հայրենադարձի մասնակցությունը պետության քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և կրթամշակութային կյանքում,
ե. դեպի պատմամշակութային վայրեր ճանաչողական այցերի կազմակերպում:
2) Սոցիալական ինտեգրումը պետք է իրականացնել երկու հիմնական ուղղություններով` հասարակական-քաղաքական և հասարակական-կենցաղային:
ա. Հայրենադարձների հասարակական-քաղաքական ինտեգրումը կազմակերպվում է դասընթացների, սեմինարների միջոցով` նվիրված Հայաստանի Հանրապետության իրավական համակարգին, պետական կառուցվածքին, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, կրթական համակարգին և աշխատանքային գործունեություն սկսելուն: Նպաստավոր պայմաններ են ստեղծվում համայնքային կյանքում հայրենադարձների արագ ինտեգրման համար,
բ. հայրենադարձներն ըստ իրենց մասնագիտական, հասարակական, մշակութային հետաքրքրությունների ներգրավվում են հասարակական, քաղաքական, ստեղծագործական կազմակերպությունների, հայրենակցական միությունների և այլ կառույցների մեջ,
գ. Հայրենադարձների հասարակական-կենցաղային ինտեգրման համար կազմակերպվում են դասընթացներ, որտեղ հայրենադարձները ծանոթանում են տեղական կենցաղավարությանը, սովորույթներին, ավանդույթներին,
դ. ծրագրված աշխատանքներն են իրականացվում հասարակական այն շրջանակների և այն բնակավայրերի բնակիչների հետ, որտեղ ապրում են հայրենադարձները: Արդյունավետ ինտեգրումը հնարավոր է միայն երկու կողմերի` հայրենադարձների և տեղացիների պատրաստակամության և պատրաստվածության շնորհիվ,
ե. համայնքի բնակիչների, դպրոցների աշակերտների, հիմնարկների աշխատողների շրջանում անցկացվում են բացատրական աշխատանքներ, տրամադրվում են անհրաժեշտ տեղեկատվություն հայրենադարձների տեղական հասարակությանն ինտեգրվելու նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով:
3) Սոցիալական ինտեգրումն առավել արդյունավետ և հեշտ կարող է ընթանալ երիտասարդների և պատանիների շրջանում` ապահովելով անհրաժեշտ պայմաններ հայրենադարձների երեխաների համար:
ա. Հայրենադարձները Հայաստանի Հանրապետությունում կարող են օգտվել օրենսդրությամբ նախատեսվող սոցիալական ապահովության պետական ծրագրերից, այդ թվում` սոցիալական աջակցության, բնակչության զբաղվածության ապահովման և կենսաթոշակային ապահովության պետական ծրագրերից:
բ) Անհրաժեշտության դեպքում հայրենադարձների համար կարող են իրականացվել սոցիալական աջակցության հատուկ ծրագրեր:
4) Տնտեսական ինտեգրման կարևոր բաղադրիչը հայրենադարձների համար աշխատատեղերի և զբաղվածության հարցի լուծմանը նպաստելն է, ինչպես նաև աջակցությունը նրանց կողմից գործարար ծրագրերի իրականացմանը, ներդրումներին և այլ հարցերում: Այդ նպատակով անհրաժեշտ է.
ա. օժանդակել հայրենադարձների մասնագիտական կարողությունների խորացմանը,
բ. հայրենադարձների զբաղվածության խնդրի լուծման նպատակով` ելնելով նրանց մասնագիտական կարողություններից, տեղավորել այն բնակավայրերում, որտեղ կա տվյալ մասնագետի կարիքը,
գ. Աշխատաշուկայի ուսումնասիրման հիման վրա նպաստել հայրենադարձների վերապատրաստմանը և վերաորակավորմանը` նոր մասնագիտություններ ձեռք բերելու և աշխատանք գտնելու համար:
5) Իրավական ինտեգրումը ենթադրում է,
ա. հայրենադարձների ծանոթացում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իրավական համակարգին` հիմնական շեշտը դնելով այն իրավական ակտերի և նորմերի վրա, որոնք անհրաժեշտ են առաջին շրջանում նրանց ինտեգրումն արագացնելու համար («Քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, աշխատանքային, ընտանեկան, քրեական օրենսգրքերի և այլն),
բ. հայրենադարձներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության տրամադրումը:
IV. «ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
20. Հայրենադարձության գործընթացի կազմակերպման կարևորագույն քայլերից է «Հայրենադարձության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) նախագծի մշակումը, ընդունումը, ինչպես նաև այդ օրենքի կիրարկումն ապահովելու համար ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակումն ու ընդունումը:
21. Օրենքի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության աջակցությամբ հայրենիքում բնակություն հաստատելու ցանկություն հայտնած կամ արդեն հաստատած հայրենակիցների նկատմամբ պետական քաղաքականության իրականացման համար իրավական հիմքի ապահովումն է:
22. Օրենքը նպատակ ունի նաև սահմանել հայրենադարձության գործընթացի կանոնակարգման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքականության հիմնական դրույթները և սկզբունքները:
23. Օրենքում սահմանվում են.
1) հայրենադարձության նպատակը, խնդիրները, սկզբունքները,
2) «հայրենադարձ» և «հայրենադարձություն» հասկացությունները.
3) հայրենադարձվելու դիմում ներկայացնելու կարգը,
4) հայկական ծագման որոշման կարգը, որից էլ բխում է հայրենադարձվելու իրավունքի տրամադրումը,
5) հայկական ծագման հաստատման կարգը,
6) հայրենադարձվելու իրավունքի տրամադրման կարգը,
7) հայրենադարձի կարգավիճակի տրամադրման կամ մերժման հիմքերը,
8) հայրենադարձին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության տրամադրումը,
9) ինտեգրման խնդիրների լուծման կարգը, ինչպես նաև այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ արտոնությունները,
10) հայրենադարձի կարգավիճակի դադարեցման հիմքերը,
11) հայրենադարձության կազմակերպման և հայրենադարձների ինտեգրման պատասխանատու պետական լիազոր մարմնի իրավասությունները,
12) հայրենադարձության կազմակերպման ֆինանսական աղբյուրները,
13) այլ սկզբունքներ:
24. Օրենքում իրավահարաբերությունները կարգավորվում են հետևյալ կերպ.
1) Օրենքում սահմանվում է հայրենադարձության նպատակը, խնդիրները և սկզբունքները:
ա. Հայրենադարձվելու իրավունք վերապահվում է բոլոր հայերին,
բ. որպես գլխավոր սկզբունք սահմանվում է, որ ծագումով հայերը իրավունք ունեն հայրենադարձվել Հայաստանի Հանրապետություն:
2) Օրենքի հիմնական դրույթներից է «հայրենադարձ» և «հայրենադարձություն» հասկացությունների սահմանումը, քանի որ դրանից բխում է ինչպես հայրենադարձի կարգավիճակ ստացող անձանց իրավունքների և պարտականությունների հարցը, այնպես էլ միգրանտների հետ ունեցած տարբերությունները:
ա. Օրենքը սահմանում է, որ հայրենադարձն այն անձն է, որն ունի հայկական ծագում, չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ հանդիսանալով օտարերկրյա քաղաքացի` ընդունել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և «Հայրենադարձության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգն անցնելուց հետո կամավոր մշտական բնակություն է հաստատում Հայաստանի Հանրապետությունում` ստանալով հայրենադարձի կարգավիճակ:
բ. ինչ վերաբերում է «հայրենադարձություն» հասկացությանը, ապա Օրենքը սահմանում է, որ այլ պետություններում բնակվող հայկական ծագումով անձանց` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու գործընթաց է:
3) Օրենքում հստակեցվում է հայրենադարձության դիմումի ներկայացման կարգը:
ա. Հայրենադարձվել ցանկացող անձը գրավոր դիմում է ներկայացնում հայրենադարձության հարցերով Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմին (այսուհետ` պետական լիազոր մարմին):
բ. Դիմումը պետական լիազոր մարմին կարող է ներկայացվել ելքի պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական (հյուպատոսական) ներկայացուցչության և կամ հայրենադարձության հարցերով այդ պետության հայկական համայնքում ստեղծված հատուկ մարմնի միջոցով:
գ. Դիմումի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4) Օրենքը սահմանում է նաև հայկական ծագման որոշման կարգը:
Օրենքում սահմանվում է, որ հայրենադարձվել ցանկացող անձի հայկական ծագումը որոշվում է նրա` հայ ծնողներ կամ ծնող, կամ նախնիներ կամ նախնի ունենալու, հայ ազգին սեփական պատկանելությունը գիտակցելու և ընդունելու, Հայաստանի Հանրապետությունն իր հայրենիքը համարելու ինչպես նաև հայկական ծագումը հաստատելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու հիմքով:
5) Օրենքը սահմանում է, որ հայկական ծագման հաստատման համար հիմք են հանդիսանում անձնագիրը, ծննդյան վկայականը, մկրտության փաստաթուղթը, ինչպես նաև նրա բնակության երկիր հայ համայնքային կառույցի կամ եկեղեցական թեմի կողմից տրված պաշտոնական փաստաթղթերը, նշված անձի հետ անցկացված հարցազրույցի արդյունքները, ինչպես նաև որևէ այլ փաստաթուղթ, որ կարող է նպաստել անձի հայկական ծագման որոշմանը:
6) Օրենքը սահմանում է նաև հայրենադարձվելու իրավունքի տրամադրման կարգը:
ա. հայրենադարձվելու իրավունքը տրամադրվում է գրավոր դիմումի հիման վրա,
բ. Օրենքը սահմանում է հայրենադարձին արդեն հայրենիքում հայրենադարձի կարգավիճակի տրամադրում` համապատասխան վկայականի հանձնմամբ,
գ. հայրենադարձվելու ցանկություն հայտնած ընտանիքին տրվում է մեկ ընդհանուր վկայական («հայրենադարձ ընտանիքի» վկայական),
դ. հայրենադարձի կարգավիճակը հայրենադարձ անձի համար նախատեսում է արտոնություններ և պետական աջակցություն:
7) Օրենքը սահմանում է նաև հայրենադարձի կարգավիճակի տրամադրման և տրամադրումը մերժելու հիմքերը:
ա. Օրենքը սահմանում է, որ հայրենադարձի կարգավիճակ տրվում է հայկական ծագումով այն անձանց, որոնք մշտապես կամ առավելապես բնակվում են այլ պետություններում և`
բ. հանդիսանում են օտարերկրյա քաղաքացիներ.
գ. հանդիսանում են օտարերկրյա քաղաքացիներ և ընդունել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
դ. եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և ընդունել են այլ պետության քաղաքացիություն առնվազն 15 տարի առաջ:
ե. Հայրենադարձի կարգավիճակը կարող է մերժվել այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը պարզել է, որ`
զ. հայրենադարձության դիմում ներկայացնողն իրականացրել է գործողություններ հայ ժողովրդի կամ Հայաստանի Հանրապետության դեմ,
է. Հայաստանի Հանրապետության բնակիչների առողջության համար կարող է վտանգ ներկայացնել,
ը. Վտանգել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը,
թ. ունի հանցագործ անցյալ, որը կարող է վտանգել պետության հասարակական կարգը:
8) Օրենքում ամրագրվում է նաև հայրենադարձին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության տրամադրումը:
ա. Հայրենադարձին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն տրամադրվում է ավելի կարճ ժամկետներում, եթե հայրենադարձը հայրենադարձի կարգավիճակ ստանալու համար նախապես արդեն ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր:
բ. Օրենքը սահմանում է, որ հայրենադարձին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն տրամադրվում է «Քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան` պարզեցված կարգով:
9) Օրենքը սահմանում է նաև ինտեգրման խնդիրների լուծման կարգը, հայրենադարձներին և նրա ընտանիքի անդամներին օժանդակություն ցուցաբերելու կանոնները և ընթացակարգը, այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ արտոնությունները:
ա. Նպատակահարմար չէ Օրենքում նախատեսել ինտեգրման առանձին ծրագրեր, քանի որ վերջիններիս մշակման և իրականացման անհրաժեշտությունը կարող է ծագել հայրենադարձների առանձին խմբերի համար` ելնելով վերջիններիս ինտեգրման անհրաժեշտ ծավալից: Ծրագրերի կազմումն անհրաժեշտ է թողնել Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին: Վերոհիշյալ հրամանագրերը և որոշումներից բխող ծրագրերը նպատակաուղղված կլինեն Հայաստանի Հանրապետությունում հայրենադարձների կրթամշակութային, սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական, կենցաղային, լեզվական և իրավական լիակատար ինտեգրմանը, ինչպես նաև հարկային, մաքսային և սոցիալական ապահովության բնագավառներում տրվող արտոնությունների իրականացմանը:
բ. Օրենքը սահմանում է հայրենադարձներին տրամադրվող հիմնական արտոնությունները:
գ. Օրենքը սահմանում է նաև տարբեր կարգի արտոնություններ Հայաստանի Հանրապետությունում պահանջարկ ունեցող տարբեր մասնագիտությունների տիրապետող հայրենադարձների համար:
դ. Պետության տարածքային-ժողովրդագրական հիմնահարցերի լուծման նպատակով Օրենքը սահմանում է նաև տարբեր արտոնություններ` ըստ տարածքների:
ե. Հայրենադարձների ինտեգրման ծրագրերը կազմվում են 3 տարով:
10) Օրենքում սահմանվում են նաև հայրենադարձի կարգավիճակի դադարեցման հիմքերը:
Հայրենադարձի կարգավիճակի դադարեցման համար կարող են հիմք հանդիսանալ`
ա. հայրենադարձի կարգավիճակ ունեցող անձի գրավոր դիմումը,
բ. հայրենադարձի կարգավիճակ ունեցող անձի կողմից կարգավիճակը ստանալու համար գիտակցաբար կեղծ տեղեկությունների տրամադրումը,
գ. հայրենադարձի կարգավիճակ ունեցող անձի մահը,
դ. ինտեգրման փուլի ավարտվելը,
ե. հայրենադարձի կարգավիճակ ունեցող անձի մշտական արտագաղթելը Հայաստանի Հանրապետությունից:
11) Օրենքը պետք է որոշի նաև հայրենադարձության հարցերով պետական լիազոր մարմնի իրավասությունները: Պետական լիազոր մարմինը`
ա. մշակում է հայրենադարձության ոլորտի օրենսդրությունը.
բ. կազմում է հայրենադարձության, հայրենադարձների ինտեգրման ծրագրեր.
գ. կազմակերպում և համակարգում է հայրենադարձության գործընթացը.
դ. Հայաստանի Հանրապետության Նախագահին և վարչապետին ներկայացնում է հաշվետվություններ հայրենադարձության գործընթացի վերաբերյալ.
ե. այլ պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ իրականացնում է հայրենադարձության քարոզչական ծրագրեր և տեղեկատվության փոխանակում.
զ. կազմում է հայրենադարձության գործընթացի կազմակերպման բյուջետային հայտեր.
է. հաստատում է հայրենադարձության գործակալության կանոնադրությունը, սահմանում նպատակներն ու խնդիրները,
ը. կազմում է Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների նախագծեր ու ներկայացնում հաստատման:
12) Օրենքը սահմանում է, որ հայրենադարձության գործընթացի ֆինանսավորման աղբյուր կարող են հանդիսանալ`
ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն,
բ. հիմնադրամները, ներառյալ` այլ պետությունների ու միջազգային կազմակերպությունների հատկացումները, քաղաքացիների ներդրումները և այլն,
գ. դրամաշնորհները,
դ. Վարկերը,
ե. Օրենքով չարգելված այլ աղբյուրներ:
13) Օրենքը կարող է սահմանել նաև անհրաժեշտ այլ դրույթներ և սկզբունքներ: