ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵԷԴ/0009/12/10
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
գործ թիվ ԵԷԴ/0009/12/10
Նախագահող դատավոր` Ե. Դարբինյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Հ. Ղուկասյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ Կ. Աբրահամյանի
մասնակցությամբ դատախազ Ա. Ստեփանյանի
2010 թվականի նոյեմբերի 5-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազության` պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազի վճռաբեկ բողոքը դատապարտյալ Մյասնիկ Ենգիբարի Հակոբյանին պատժի հետագա կրումից ազատելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունիսի 28-ի որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Մյասնիկ Ենգիբարի Հակոբյանը Գերագույն դատարանի 1994 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճռով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 4-րդ մասով, 182-րդ հոդվածի 2-րդ մասով և 213-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 12 (տասներկու) տարի ժամկետով:
2. 1999 թվականի մայիսի 12-ին ՀՀ վճռաբեկ դատարանը Մ. Հակոբյանի պատիժը պակասեցրել է և թողել կրելու ազատազրկում 8 (ութ) տարի ժամկետով: Մ. Հակոբյանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել է:
3. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2001 թվականի հոկտեմբերի 31-ի դատավճռով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 4-րդ մասով, 15-89-րդ հոդվածի 2-րդ մասով Մյասնիկ Ենգիբարի Հակոբյանը դատապարտվել է ազատազրկման 8 (ութ) տարի ժամկետով: Նույն դատարանի 2003 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ Մ. Հակոբյանի արարքները համապատասխանեցվել են գործող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին: Նա պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել է:
4. Երևանի քրեական դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 4-ի դատավճռով Մյասնիկ Ենգիբարի Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի հիման վրա նա վերջնական դատապարտվել է ազատազրկման 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
5. 2010 թվականի մարտի 17-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջնորդագիր է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` դատապարտյալ Մ. Հակոբյանին հիվանդության պատճառով պատիժը կրելուց ազատելու մասին:
6. Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրափակիչ ախտորոշման համաձայն` դատապարտյալ Մ. Հակոբյանը տառապում է «Ձախ երիկամի քաղցկեղ, ձախ երիկամային երակի ուռուցքային թրոմբ, մակրոհեմատուրիա անեմիա վիճակ ձախակողմյան նեֆրէկտոմիայից հետո: Ռեցիդիվ ներաճով ձախ գոտկային մկան, մետաստազ հետորովայնամզային ավշահանգուցներ: T4N2Mx (4-րդ փուլ): Վենտրալ և աջ աճուկային ճողվածք: Ողնաշարի օստրիոխոնդրոզ»: Նշված ախտորոշմամբ հիվանդությունը ներառված է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2 հավելվածում տեղ գտած ծանր հիվանդությունների ցանկում, որն արգելք է հանդիսանում պատիժը կրելուն:
7. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 24-ի որոշմամբ մերժվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի` դատապարտյալ Մ. Հակոբյանին պատժի հետագա կրումից ազատելու մասին միջնորդությունը:
8. Դատապարտյալ Մ. Հակոբյանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով Մ. Հակոբյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի միջնորդությունը մերժելու մասին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 24-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2010 թվականի հունիսի 28-ի որոշմամբ բեկանել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 24-ի որոշումը և դատապարտյալ Մ. Հակոբյանին ազատել է Երևանի քրեական դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 4-ի դատավճռով նշանակված պատժի հետագա կրումից:
9. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազը` խնդրելով ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունիսի 28-ի որոշումը և օրինական ուժ տալ դատապարտյալ Մ. Հակոբյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի միջնորդությունը մերժելու մասին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 24-ի որոշմանը:
Վճռաբեկ դատարանը 2010 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
10. Դատապարտյալ Մյասնիկ Հակոբյանին պատժի հետագա կրումից ազատելու միջնորդությունը քննության առնելիս առաջին ատյանի դատարանի դատական նիստին որպես կողմ մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Ա. Ստեփանյանը (տե՛ս Նյութեր, էջ 7):
11. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և դատական նիստում քննության նշանակելու մասին 2010 թվականի հունիսի 28-ի որոշումից երևում է, որ դատական նիստին կանչվել են դատախազը և «Վարդաշեն» ՔԿՀ-ի ներկայացուցիչը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստին դատախազի մասնակցությունն ապահովելու համար ծանուցում է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վ.Ավետիսյանին, սակայն ծանուցումն ուղարկվել է բոլորովին այլ գործով` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ դատապարտյալ Ի. Սայադյանի վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցելու համար (տե՛ս Նյութեր, էջ 19):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
12. Ըստ բողոք բերած անձի` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 23-րդ, 52-րդ, 54-րդ և 438-րդ հոդվածների պահանջները, դատախազին մասնակից չի դարձրել դատական նիստին: Դատական նիստին մասնակից չի դարձվել նաև դատապարտյալ Մ.Հակոբյանը, ում մասնակցությունը դատական նիստին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի համաձայն, պարտադիր է:
Բողոքաբերի պնդմամբ դատարանի կողմից չի ապահովվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն` հիվանդության պատճառով դատապարտյալին ազատելու հարցը դատարանի կողմից լուծելիս պարտադիր է նաև եզրակացություն տված բժշկական հանձնաժողովի ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին:
13. Բողոքաբերը նշել է նաև, որ դատական ակտ կայացնելիս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի և 406-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներ, քրեադատավարական օրենքի էական խախտումներ, ինչպես նաև օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումներ, որոնք գործին մասնակցող անձանց` մասնավորապես դատախազին, օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:
14. Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած` Արայիկ Հմայակի Սիմոնյանի վերաբերյալ 2006 թվականի դեկտեմբերի 22-ի ՎԲ-329/06 որոշմանը` բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունիսի 28-ի որոշումը և օրինական ուժ տալ դատապարտյալ Մ. Հակոբյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի միջնորդությունը մերժելու մասին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 24-ի որոշմանը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից թո՞ւյլ են տրվել արդյոք ՀՀ քրեական դատավարության սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումներ, որոնք դատախազին օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը:
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Դատարանն ապահովում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությանը կողմերի մասնակցության իրավունքը: (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատարանի կողմից քրեական գործեր և դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցեր քննելիս դատախազի մասնակցությունը պարտադիր է»:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործի քննության կարգն ամրագրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է` «Դատական նիստին պարտադիր մասնակցում է դատախազը (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է` «Դատական որոշման հետ կապված հարցերը դատարանի կողմից քննվում են դատական նիստում` դատապարտյալի մասնակցությամբ: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում պարտադիր է նաև պաշտպանի և դատախազի մասնակցությունը»:
Վկայակոչված և շարադրված իրավական դրույթների վերլուծությունից բխում է, որ դատարանի կողմից քրեական գործերը, ինչպես նաև դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը քննելիս պետք է պարտադիր ապահովվի դատախազի մասնակցությունը: Այս կանոնից միակ բացառությունը վերաբերում է այն դեպքին, երբ դատարանում իրականացվում է բողոքի քննություն` վճռաբեկության կանոններով: Ինչպես երևում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և դատական նիստում քննության նշանակելու մասին որոշումից, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բողոքի քննությունը վճռաբեկության կանոններով չի կատարել:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դատապարտյալ Մ. Հակոբյանին պատժի հետագա կրումից ազատելու միջնորդությունը քննության առնելիս առաջին ատյանի դատարանի դատական նիստին որպես կողմ մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Ա. Ստեփանյանը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):
Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և դատական նիստում քննության նշանակելու մասին 2010 թվականի հունիսի 28-ի որոշումից երևում է, որ դատական նիստին կանչվել են դատախազը և «Վարդաշեն» ՔԿՀ-ի ներկայացուցիչը:
Գործի նյութերից երևում է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստին դատախազի մասնակցությունն ապահովելու համար ծանուցում է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վ. Ավետիսյանին, սակայն ծանուցումն ուղարկվել է բոլորովին այլ գործով` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ դատապարտյալ Ի. Սայադյանի վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցելու համար (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը): Նշված պատճառով դատախազը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական նիստին չի մասնակցել:
18. Վերը շարադրվածի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական քննության ժամանակ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումներ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ և 23-րդ հոդվածներ), որոնք գործին մասնակցող անձանց` տվյալ պարագայում դատախազին, օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը: Այդ խախտումները քրեադատավարական օրենքի էական խախտումներ են, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:
19. Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը պետք է բավարարվի մասնակիորեն, քանի որ վճռաբեկ բողոքում բարձրացված են դատավարական իրավունքի խախտման վերաբերյալ հարցեր, սակայն բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունիսի 28-ի ըստ էության որոշումը և օրինական ուժ տալ դատապարտյալ Մ. Հակոբյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի միջնորդությունը մերժելու մասին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մայիսի 24-ի որոշմանը: ՈՒստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` սույն գործով Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
20. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Մյասնիկ Ենգիբարի Հակոբյանին պատիժը հետագայում կրելուց ազատելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունիսի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Հ. Ղուկասյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան