Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                            ԵԷԴ/0032/01/10         

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԷԴ/0032/01/10

Նախագահող դատավոր` Հ. Տեր-Ադամյան

Ռ. Ազարյան

Ա. Պետրոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                                                              

    քարտուղարությամբ                          Կ. Աբրահամյանի

 

    մասնակցությամբ պաշտպան                    Կ. Աղաջանյանի

 

    ամբաստանյալ                               Ս. Դավթյանի

 

    2010 թվականի նոյեմբերի 5-ին               ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սերյոժա Գերասիմի Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի օգոստոսի 9-ի որոշման դեմ ամբաստանյալի պաշտպան Կարապետ Աղաջանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Թիվ 12143709 քրեական գործը հարուցվել է 2009 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննական մարմնի 2009 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ Սերյոժա Գերասիմի Դավթյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2010 թվականի մարտի 17-ի որոշմամբ Ս. Դավթյանին առաջադրված մեղադրանքի ծավալը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2010 թվականի մարտի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 11-ի դատավճռով ամբաստանյալ Ս. Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ս. Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:

3. Մեղադրող Ս. Մկրտչյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 11-ի դատավճիռը, վերացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը և Ս. Դավթյանին թողել է կրելու դատավճռով նշանակված պատիժը` ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի օգոստոսի 9-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ս. Դավթյանի պաշտպան Կ. Աղաջանյանը:

Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները` տուժող Արսեն Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Արուսիկ Գևորգյանը, վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել` հայտնելով, որ ամբաստանյալը հոգացել է տուժողի բուժման ծախսերը, իրենք հաշտվել են, և չեն առարկում, որպեսզի Ս. Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվի:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Ս. Դավթյանը դատապարտվել է հետևյալ արարքի համար.

2009 թվականի դեկտեմբերի 18-ին` ժամը 1400-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 87 հասցեում գտնվող «Էրեբունի» թաղապետարանի դիմաց նա հանդիպել է իր ծանոթ Արսեն Գևորգյանին: Մոտակա սննդի խանութից օղի, հաց և այլ մթերքներ գնելով` նրանք գնացել են նույն հասցեում գտնվող «Վարդավառի» զբոսայգի, որտեղ օղի խմելուց հետո` նրանց միջև ծագած վիճաբանության ընթացքում, Ս. Դավթյանն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Ա. Գևորգյանի կրծքավանդակի շրջանին` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում արարքի հասարակական վտանգավորությունը, ամբաստանյալի ինքնությունը և գործի ողջ հանգամանքները: Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ վերջինս մեծահասակ է (74 տարեկան), նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, մասնակիորեն ընդունել է մեղքը և զղջացել է կատարած արարքի համար: Ս. Դավթյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան» (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 214):

Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում նշել է նաև. «Դատարանը նկատի է առնում նաև տուժող Ա. Գևորգյանի կողմից դրսևորված հակաօրինական վարքագիծը, որով պայմանավորվել է Ս. Դավթյանի կատարած արարքը» (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 214):

7. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Հանցավորի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, որոնք հաշվի են առնվել Առաջին ատյանի դատարանի կողմից, անիրական են և բավարար չեն հանգելու այն հետևության, որ ամբաստանյալ Ս. Դավթյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու» (տե՛ս քրեական գործ, 2-րդ հատոր, էջ 31):

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև. «Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ս. Դավթյանը հանցանքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների առկայության պայմաններում, նշել է, որ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան, հիմնավորված է համարել, որ տուժողը դրսևորել է հակաօրինական վարքագիծ, սակայն չի կոնկրետացրել, թե տուժողի որ գործողությունն է համարվում հակաօրինական, իսկ քրեական գործի նյութերում նման ապացույց ձեռք չի բերվել: Ըստ էության պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրվել է միայն ամբաստանյալի տարիքը» (տե՛ս քրեական գործ, 2-րդ հատոր, էջ 31):

8. Սույն գործում առկա են ինչպես ամբաստանյալի, այնպես էլ տուժողի ցուցմունքները տուժողի կողմից ամբաստանյալին հրելու և վերջինիս վայր ընկնելու վերաբերյալ (ամբաստանյալ Ս. Դավթյանի ցուցմունքը` տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, 13 և 17 էջեր, տուժող Ա. Գևորգյանի ցուցմունքը` տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 35, ինչպես նաև առերեսման մասին արձանագրությունը` տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 87):

9. Սույն գործում առկա է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ Ավանի հոգեբուժական կլինիկայի տեղեկանքն առ այն, որ Ս. Դավթյանը կլինիկայում հաշվառված է «Փսիխապաթիա հիստերիկ շրջանի» ախտորոշմամբ (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 62):

10. Սույն գործում առկա է նաև թիվ 3 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Խ. Ավետիսյանի կողմից տրված բնութագիրն այն մասին, որ Ս. Դավթյանին ճանաչում է շուրջ 50 տարի, հանգիստ անձնավորություն է (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 123):

11. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի նկարագրական մասում նշված է, որ Ս. Դավթյանը ծնվել է 1936 թվականի հուլիսի 13-ին (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 213):

12. Առաջադրված մեղադրանքում Ս.Դավթյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, 14, 17 և 213 էջեր):

13. Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պահանջագրի` Ս. Դավթյանը դատվածություն չունի (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 40):

14. Առաջին ատյանի դատարանի դատական նիստի արձանագրման համառոտագրում նշված է, որ տուժող Ա. Գևորգյանն ամբաստանյալի նկատմամբ որևէ պահանջ չունի (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջ 204): Իսկ ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում տուժող Արսեն Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Արուսիկ Գևորգյանը հայտնել են, որ ամբաստանյալ Ս.Դավթյանը հոգացել է տուժողի բուժման ծախսերը, իրենք հաշտվել են, և չեն առարկում, որպեսզի վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվի:

15. Գործի նյութերից երևում է, որ Ս. Դավթյանը 2-րդ կարգի հաշմանդամ է:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

16. Բողոք բերած անձը փաստարկել է, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունած որոշմանը, և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

17. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, այն է` խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների պահանջները:

Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, այն չի համապատասխանում քրեական գործի հանգամանքներին, բացի այդ, դատարանի կողմից նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և ամբաստանյալի անձին:

Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ս. Դավթյանը 74 տարեկան է, թոշակառու, նախկինում դատապարտված չի եղել, վատառողջ է` տառապում է ծանր հիվանդությամբ, 2-րդ կարգի հաշմանդամ է, բնութագրվում է դրական, իրեն մեղավոր է ճանաչել և անկեղծորեն զղջացել կատարածի համար, աջակցել է նախաքննությանը` տալով ինքնախոստովանական ցուցմունքներ և օգնել քրեական գործի բացահայտմանը: Ըստ բողոքաբերի` դատարանի կողմից հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել տուժող Ա. Գևորգյանի հակաօրինական գործողությունների հետևանքով, բացի այդ, քրեական գործում բացակայում են Ս. Դավթյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները:

18. Վերոգրյալի հիման վրա` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի օգոստոսի 9-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 20-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I.Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությունը.

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի առնված ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներն անիրական գնահատելու վերաբերյալ:

20. ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների ցանկը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն սույն հոդվածի առաջին մասում»:

Դատարանի կողմից պատիժ նշանակելիս հաշվի առնվող մեղմացնող հանգամանքների չափանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Պ. Բայրամյանի վերաբերյալ գործով որոշման մեջ: Համաձայն այդ որոշման` «(...) Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է (...) անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի` պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են.

ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն` գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,

(...)» (տե՛ս Պարույր Բայրամյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-84/07 որոշումը):

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ վերջինս մեծահասակ է (74 տարեկան), նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, մասնակիորեն ընդունել է մեղքը և զղջացել է կատարած արարքի համար, ինչպես նաև հաշվի է առել տուժող Ա. Գևորգյանի կողմից դրսևորված հակաօրինական վարքագիծը, որով պայմանավորվել է Ս. Դավթյանի կատարած արարքը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի հաշվի առած` ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներն անիրական են, ինչպես նաև նշել է, որ Առաջին ատյանի դատարանը չի հիմնավորել, թե տուժողի որ գործողությունն է համարվում հակաօրինական (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

22. Նախորդ կետում շարադրված` Վերաքննիչ դատարանի հետևության իրավաչափությունը գնահատելու համար Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է գտնում Առաջին ատյանի դատարանի կողմից Ս. Դավթյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի առնված հանգամանքներին անդրադառնալ առանձին:

Այսպես` սույն գործով մեղադրական եզրակացության և Առաջին ատյանի դատարանի դատական ակտի ուսումնասիրությունից երևում է, որ Ս. Դավթյանը ծնվել է 1936 թվականին (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը), այսինքն` գործի քննության պահին նա եղել է 74 տարեկան: ՈՒստի նշված հանգամանքը չի կարող անիրական գնահատվել: Առաջին ատյանի դատարանի կողմից մատնանշված ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հաջորդ հանգամանքը` դրական բնութագրվելը, հիմնավորվում է թիվ 3 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Խ. Ավետիսյանի կողմից տրված բնութագրով, հետևաբար այս հանգամանքը ևս չի կարող անիրական գնահատվել: Մասնակիորեն մեղքն ընդունելու և կատարած արարքի համար զղջալու հանգամանքները հիմնավորվում են ամբաստանյալի թե՛ նախաքննական և թե՛ դատաքննական ցուցմունքներով (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը): Իսկ արատավորված լինելու վերաբերյալ գործով որևէ ապացույց ձեռք չի բերվել (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը):

Ինչ վերաբերում է տուժողի հակաիրավական գործողությունների բացակայության մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, ապա գործում առկա են ինչպես ամբաստանյալի, այնպես էլ տուժողի ցուցմունքները տուժողի կողմից ամբաստանյալին հրելու և վերջինիս վայր գցելու վերաբերյալ (տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը):

23. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում շարադրված հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մատնանշված պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները` 74 տարեկան լինելը, նախկինում արատավորված չլինելը, դրական բնութագրվելը, մասնակիորեն մեղքն ընդունելը և կատարած արարքի համար զղջալը, իրական են և սույն գործով կարող են դիտվել որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ:

Հետևաբար, անհիմն է Վերաքննիչ դատարանի հետևությունն Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի առնված ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներն անիրական լինելու վերաբերյալ:

24. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանման տեսանկյունից արդյո՞ք հիմնավորված է Ս.Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

25. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին»: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները»:

26. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել մի շարք որոշումներում: Մասնավորապես, Հ. Բաղդասարյանի վերաբերյալ որոշման մեջ արձանագրվել է, որ «(...) պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունն առանց իրական պատիժ նշանակելու ամբաստանյալի ուղղվելու հնարավորության մասին: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին (...)» (տե՛ս Հուսիկ Բաղդասարյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԱՎԴ2/0059/01/08 որոշումը): Նույնանման մոտեցում է արտահայտվել նաև Վճռաբեկ դատարանի ՎԲ-50/07, ՎԲ-192/07, ՎԲ-01/08 որոշումներում:

Թ. Տեր-Գրիգորյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով դրանք բնութագրում են ինչպես կատարված հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս:

(...) Նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը» (տե՛ս Թամարա Տեր-Գրիգորյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-192/07 որոշումը): Նույնանման մոտեցում է արտահայտվել նաև Ռոբերտ Խատոյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի մայիսի 4-ի թիվ ՎԲ-55/07 որոշմամբ:

27. Այսպիսով, վերը նշված օրենսդրական կարգավորումներից և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներից հետևում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու համար անհրաժեշտ է դատարանի համոզվածությունը, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատժատեսակն իրական կրելու: Ընդ որում, այդ համոզվածությունը պետք է հիմնված լինի գործի օբյեկտիվ տվյալների վրա, և պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավորի անձին վերաբերող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

28. Զարգացնելով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցավորի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների կոնկրետ համակցությունը կարող է բավարար լինել հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար` անկախ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող որևէ հանգամանքի առկայությունից: Այլ կերպ` պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող որևէ հանգամանքի առկայությունն ինքնին չի բացառում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը, եթե դատարանը հանգում է հիմնավոր եզրակացության, որ հանցանք կատարած անձի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու:

29. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը Ս. Դավթյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել կատարված արարքի հասարակական վտանգավորությունը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները և գործի մյուս վերաբերելի հանգամանքները: Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ` Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել վերջինիս տարիքը (74 տարեկան), նախկինում արատավորված չլինելը, դրական բնութագրվելը, կատարած արարքի համար զղջալը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի առնված` ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները բավարար չեն հանգելու այն հետևության, որ վերջինիս ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ս.Դավթյանը հանցանքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

30. Հիմք ընդունելով սույն որոշման 26-28 կետերում վկայակոչված և սահմանված հիմնավորումները և դրանք համադրելով 29-րդ կետում շարադրված փաստական հանգամանքների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած Ս. Դավթյանի կողմից իրեն մեղսագրվող արարքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելու հանգամանքին, այնուամենայնիվ, հանցավորի անձը բնութագրող տվյալների և պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող կոնկրետ հանգամանքների համակցությունը (հատկապես հանցանք կատարած անձի տարիքը, այդ տարիների ընթացքում արատավորված չլինելը և առողջական վիճակը), ինչպես նաև այն հանգամանքը, որ տուժողը չի առարկում Ս. Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեմ (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը), սույն գործով բավարար են հանգելու այն հետևության, որ Ս. Դավթյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու և հիմք են ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման համար:

Նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ Ս. Դավթյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով սույն գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: Վճռաբեկ դատարան գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի այս հետևությունը բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:

Հետևաբար Ս. Դավթյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չպետք է կիրառել:

31. Վերացնելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ս. Դավթյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելը` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերի, մասնավորապես` 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող` անօրինական և չհիմնավորված որոշման կայացմանը:

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: Քանի որ գործի նյութերով հերքվում են ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները և միաժամանակ հաստատվում է Առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինականությունը և հիմնավորվածությունը, ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա բեկանել վերաքննիչ դատարանի դատական ակտը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:

32. Սույն որոշման նախորդ կետում նշված նկատառումներով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բեկանել Ս. Դավթյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի օգոստոսի 9-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 11-ի դատավճռին` սույն որոշմամբ շարադրված հիմնավորումներով և պատճառաբանություններով հանդերձ:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սերյոժա Գերասիմի Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի օգոստոսի 9-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 11-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.11.2010
N ԵԷԴ/0032/01/10
Որոշում