Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԱԽ-1-Ո-3

2011 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԱՐԻԲԵԿ ԱՐԱՄՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

    նախագահությամբ`                       Ա. Մկրտումյանի

 

    մասնակցությամբ ԱԽ անդամներ`           Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

                                          Կ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի,

                                          Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի,

                                          Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի,

                                          Մ. Մակյանի, Մ. Մարտիրոսյանի,

                                          Հ. Փանոսյանի,  Ս. Օհանյանի

 

    մասնակցությամբ դատավոր`               Ս. Արամյանի    

 

    քարտուղարությամբ`                     Ն. Գաբրիելյանի

 

2011 թվականի հունվարի 21-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Սարիբեկ Արամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

 

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 23.12.2010 թվականի թիվ N-Կ-2-13/2010 որոշմամբ Դատարանի դատավոր Սարիբեկ Արամյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 20.12.2010 թվականի թիվ Ե-10106 գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

 

Կարգապահական հանձնաժողովն Արդարադատության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության համար հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որը կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

Ըստ եզրակացության`

Հասմիկ Ավետիսյանը (ՈՒշակյան) (այսուհետ` Դիմումատու) 26.03.2010 թվականին դիմել է Դատարան` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով: Դիմումատուն հայտնել է, որ Կոմիտասի փողոցի 36ա շենքի թիվ 31 բնակարանի (այսուհետ` Բնակարան) սեփականատերն էր հայրը` Երվանդ Մինասի ՈՒշակյանը, որը մահացել է 12.11.1997 թվականին, իսկ 05.01.2003 թվականին մահացել է նաև մայրը` Արշալույս Ռուբենի Մարտիրոսյանը: Ծնողներն ունեցել են երկու երեխա` ինքը և եղբայրը` Մինաս Երվանդի ՈՒշակյանը, որը մահացել է 2005 թվականին: Բնակարանի նկատմամբ ծնողների մահից հետո ժառանգություն չի ձևակերպվել ո՛չ իր և ո՛չ էլ եղբոր` Մինաս ՈՒշակյանի կողմից: Բնակարանը պահպանվել և վերանորոգվել է իր կողմից, եղբոր ընտանիքը ՀՀ-ում չի բնակվել, նրանք մշտական բնակություն են հաստատել ՌԴ-ի Գեորգիևսկ քաղաքում, որտեղ էլ իր եղբայրը հուղարկավորված է: ժառանգական գույքը պահպանելու գործողություններ կատարելու և Բնակարանում եղած` ծնողներին պատկանող գույքի որոշ մասը ստանալու հիմքերով ընդունել է նրանց ժառանգությունը: Եղբայրը, ընտանիքով բնակվելով Ռուսաստանում, չի տիրապետել ժառանգական գույքը, հոգ չի տարել դրա պահպանման համար, հետևաբար, չի ընդունել ծնողների ժառանգական գույքը: Ծնողների մահից հետո ինքը հոգ է տարել Բնակարանը երրորդ անձանց ոտնձգություններից պահպանելու համար, ուստի համարվում է ժառանգությունն ընդունած ժառանգ:

Դիմումատուն մինչև 28.04.2010 թվականին նշանակված դատական նիստը 20.04.2010 թվականին դիմումով փոխել է պահանջի հիմքը և հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Մարինե Մինասի ՈՒշակյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով, որով հայտնել է, որ իրեն հայտնի է դարձել, որ Բնակարանի նկատմամբ ժառանգությունն ընդունելու համար Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտարին է դիմել հանգուցյալ եղբոր դուստրը` Մարինե ՈՒշակյանը (այսուհետ` Պատասխանող), որն այդ բնակարանում երբևիցե հաշվառում չի ունեցել: Սույն գործով Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածով, որոշում է կայացրել Պատասխանողի ծանուցումը կազմակերպել նրա վերջին հայտնի բնակության վայրի վարչական շրջանի միջոցով, որի ղեկավարի գրությամբ հայտնվել է, որ Պատասխանողը նշված հասցեում չի բնակվում:

Դատարանի 24.05.2010 թվականի թիվ ԵԱՔԴ 0575/02/10 վճռով (դատավոր Ս. Արամյան) հայցը բավարարվել է: Հայցը բավարարելիս Դատարանը ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ, 1225-րդ, 1226-րդ և 1229-րդ հոդվածներով և դատաքննությամբ հիմնավորված է համարել, որ հայցվորը, լինելով ժառանգատուի առաջին հերթի միակ ժառանգը, ժառանգական գույքը փաստացի տիրապետել և կառավարել է, ձեռնարկել և ձեռնարկում է միջոցներ երրորդ անձանց հավակնություններից գույքը պաշտպանելու համար, մինչդեռ Պատասխանողի հայր Մինաս Երվանդի ՈՒշակյանը, բնակվելով ՌԴ-ում և հաշվառված չլինելով վիճելի բնակարանում, չի տիրապետել այն և բաց է թողել ժառանգության ընդունման` օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Տվյալ դեպքում ժառանգատուի մահից հետո հայցվորին է անցել ծնողներին պատկանող որոշակի գույք, հետևաբար վերը նշված հոդվածի ուժով նույնպես հայցվորն ընդունել է ժառանգատուին պատկանող Բնակարանը:

Սույն քաղաքացիական գործով Պատասխանողի մայրը` Սիլվա Լաչինյանը, վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան (այսուհետ` Վերաքննիչ դատարան), որի 02.09.2010 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանի 02.09.2010 թվականի որոշման դեմ Սիլվա Լաչինյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան, որը 03.12.2010 թվականին որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել Վերաքննիչ դատարանի 02.09.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Դատարան` նոր քննության:

Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գրությունը, գրությանը կից ներկայացված փաստաթղթերը, գտել է, որ Դատարանի դատավոր Ս. Արամյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Մասնավորապես.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետը մասնավորապես սահմանում է, որ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով): Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է գործին մասնակցող անձի նշած հասցեով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պատասխանողին պատշաճ ձևով ուղարկում է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացնում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում` նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետում նախատեսված իրավական հետևանքների մասին:

Սույն գործով Դիմումատուն 20.04.2010 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան: Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները Պատասխանողին պատշաճ ձևով չի ուղարկել, որով և Պատասխանողը զրկվել է նույն օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի պատասխան ներկայացնելու իրավունքից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:

Դատարանը 28.04.2010 թվականին նշանակված դատական նիստի ժամանակ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածով, արձանագրային որոշում է կայացրել Պատասխանողի ծանուցումը նրա վերջին հայտնի բնակության վայրի վարչական շրջանի ղեկավարի միջոցով կազմակերպելու մասին, իսկ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի գրությամբ դատարանին հայտնվել է, որ Պատասխանողը նշված հասցեում չի բնակվում:

Կարգապահական հանձնաժողովը, սակայն, հարկ է համարում փաստել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման առանձնահատկություններին: Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետից հետևում է, որ պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին ծանուցում ուղարկելը, համայնքի կողմից դատական ծանուցագիրն ստանալը և այն ստանալու փաստը հավաստող մակագրությամբ դատարանի կողմից հաղորդագրություն ստանալը գործի քննությունը սկսելու համար նախապայման է միայն այն դեպքում, երբ անհայտ է պատասխանողի փաստացի գտնվելու վայրը, այսինքն` երբ դատարանը պատշաճ կերպով կատարում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված` ծանուցագիրը գործին մասնակցող անձի նշած հասցեով ուղարկելու պարտավորությունը, որի արդյունքում պարզվում է, որ ծանուցվող անձն այդ հասցեում չի գտնվում: Այսինքն` նշված հոդվածով նախատեսված գործողությունները դատարանն իրավասու է իրականացնել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` գործին մասնակցող անձանց ծանուցելու հնարավորությունները սպառելուց հետո (տե՛ս Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի` բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1689(Ա) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետը, դիմել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` Պատասխանողին դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցելու խնդրանքով: Մինչդեռ, նշված գործողությունը կարող էր իրականացվել միայն այն պարագայում, երբ Դատարանը պատշաճ ձևով կատարած լիներ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված` ծանուցագիրը գործին մասնակցող անձի նշած հասցեով ուղարկելու պարտավորությունը, որի արդյունքում պարզված լիներ, որ ծանուցվող անձն այդ հասցեում չի գտնվում, իսկ Դատարանը, հիմք ընդունելով միայն վիճելի բնակարանի վարձակալների հայտարարությունն այն մասին, որ Պատասխանողը վերոնշյալ բնակարանում չի բնակվում, արձանագրել է, որ Պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ է: Նման պայմաններում ակնհայտ է, որ Դատարանը Պատասխանողին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին և հայցադիմումից տեղեկացված լինելով Պատասխանողի փաստացի բնակության վայրի մասին` հարցում է կատարել Պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին: Ավելին, 28.04.2010 թվականի դրությամբ, ինչպես նաև նույն օրը կայացած դատական նիստի ժամանակ, Պատասխանողի թե՛ գրանցման, թե՛ փաստացի բնակության հասցեներն արդեն Դատարանին հայտնի են եղել (հիմք` դատական նիստի արձանագրություն և հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումը, որում նշված է Պատասխանողի թե՛ Երևան քաղաքի, թե՛ ՌԴ-ի հասցեները), այնուամենայնիվ, Դատարանը գործին մասնակցող անձի նշած հասցեներով Պատասխանողին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցելու ուղղությամբ որևէ դատավարական գործողություններ չի կատարել:

Կարգապահական հանձնաժողովը հարկ է համարում նշել նաև, որ գործում առկա` ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետի գրության առկայության պայմաններում, համաձայն որի` Երևանի Կոմիտասի փողոցի 36ա շենքի թիվ 31 բնակարանում հաշվառված են Սիլվա Լաչինյանը, Լիանա և Երվանդ Մինասի ՈՒշակյանները, Դատարանը պետք է նախ պարզեր Բնակարանի նկատմամբ այլ անձանց իրավունքների առկայության փաստը և Բնակարանում հաշվառում ունեցող այլ անձանց նույնպես դատաքննությանը ներգրավելու ուղղությամբ ձեռնարկեր համապատասխան դատավարական գործողություններ, քանի որ վերը նշված գրությունից ակնհայտ է, որ Բնակարանի սեփականատերն այլ ժառանգներ նույնպես ունի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործը դատաքննության նշանակելու մասին որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, որում նշվում է գործի դատաքննության ժամանակի և վայրի մասին:

Դատարանը 13.05.2010 թվականին որոշում է կայացրել գործը դատական քննության նշանակելու մասին, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.9-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Դատարանն իր վճռով ապացուցված է համարել այն փաստը, որ հայցվորը, հանդիսանալով ժառանգատուի առաջին հերթի միակ ժառանգը, ժառանգական գույքը փաստացի տիրապետել և կառավարել է, ձեռնարկել և ձեռնարկում է միջոցներ երրորդ անձանց հավակնություններից գույքը պաշտպանելու համար: Սակայն հարկ է նշել, որ նշված փաստերի վերաբերյալ հայցվորը Դատարանին որևէ պատշաճ ապացույց չի ներկայացրել: Բացի այդ, Դատարանն ապացուցված է համարել նաև այն փաստը, որ ժառանգատուի մահից հետո Դիմումատուին է անցել ծնողներին պատկանող որոշակի գույք, հետևաբար ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, սակայն նշվածի վերաբերյալ նույնպես Դատարանին պատշաճ ապացույցներ չեն ներկայացվել, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` ապացուցման պարտականությունը տվյալ դեպքում դրված է եղել հենց հայցվորի վրա:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով, իսկ տվյալ դեպքում Դիմումատուի կողմից ժառանգական գույքը փաստացի տիրապետելու, ինչպես նաև ժառանգատուին պատկանող որոշակի գույքն իրեն անցնելու վերաբերյալ ապացույցները չեն կարող հիմնավոր լինել միայն դատաքննությանը Դիմումատուի բանավոր պնդմամբ: Վերոգրյալից հետևում է, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործում առկա ապացույցները:

Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գրությունը, կից ներկայացված նյութերը, գտել է, որ թիվ ԵԱՔԴ/0575/02/10 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Արամյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է դատավարական օրենքի նորմերի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի կատարել վերը նշված դատավարական նորմերից բխող և դատարանի կողմից կատարման ենթակա պահանջները, չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդար դատաքննության իրավունքի և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները.

 

Դատավոր Ս. Արամյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Երևանի Կոմիտասի փողոցի 36ա կոոպերատիվ շենքի թիվ 31 բնակարանի սեփականության իրավունքը գրանցված է Երվանդ Մինասի ՈՒշակյանի անվամբ (հիմք` գ/թ 11-ում առկա վկայականը):

Երվանդ ՈՒշակյանը մահացել է 12.11.1997 թվականին, իսկ նրա կինը` Արշալույս Ռուբենի Մարտիրոսյանը մահացել է 04.01.2003 թվականին (գ/թ 7, 8):

Ծնողների մահից հետո նրանց երկու երեխաները` Հասմիկ Ավետիսյանը (ՈՒշակյան) և Մինաս ՈՒշակյանը, ժառանգությունն ընդունելու համար չեն դիմել:

26.03.2010 թվականին Հասմիկ Երվանդի ՈՒշակյանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով, որը 29.03.2010 թվականին ընդունվել Է վարույթ և նախապատրաստվել դատաքննության` այն նշանակելով 28.04.2010 թվականին:

Հասմիկ Ավետիսյանը (ՈՒշակյան) մինչև նախնական դատական նիստի օրը` 20.04.2010 թվականին, դիմումով փոխել է պահանջի հիմքը` ներկայացնելով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով հայցադիմում, որում պատասխանող է ներգրավել հանգուցյալ եղբոր` Մինաս ՈՒշակյանի դստերը` Մարինե ՈՒշակյանին` նրա հասցեն նշելով Երևանի Կոմիտասի փողոցի 36ա շենքի թիվ 31 բնակարանը, իսկ փաստացի բնակությանը` ՌԴ Գեորգիևսկ քաղաք:

Պահանջի հիմքը փոխելը հայցվորը պատճառաբանել է նրանով, որ 2005 թվականին Ռուսաստանի Գեորգիևսկ քաղաքում մահացած և այնտեղ հուղարկավորված եղբոր` Մինաս ՈՒշակյանի դուստր Մարինե ՈՒշակյանը, որը նույնպես բնակվում է Գեորգիևսկ քաղաքում, դիմել է Կենտրոն տարածքի նոտարին` պապի ժառանգությունն ընդունելու համար, որը նոտարի կողմից կասեցվել է (գ/թ 23, 25):

28.04.2010 թվականին նշանակված դատական նիստի ընթացքում, չունենալով իրազեկության այլ աղբյուր, միջոցներ եմ ձեռնարկել հայցվորի միջոցով պարզելու պատասխանողի` Գեորգիևսկ քաղաքում ունեցած հասցեն, որն անցել է ապարդյուն: Այդ հանգամանքն է փաստում նշված օրվա դատական նիստի արձանագրությունը, որի համաձայն իմ համապատասխան հարցին հայցվորը պատասխանել է.

«... Ռուսաստանի կոնկրետ հասցեն չեմ կարող հայտնել, և Մարինե ՈՒշակյանը 2005 թվականից այս հասցեում չի բնակվում» (գ/թ 26):

Պատասխանողի վերաբերյալ, առավել ևս Կոմիտասի փողոցի 36ա շենքի թիվ 31 բնակարանում հաշվառված լինելու մասին որևէ տվյալ նշված չէ նաև Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետի 10.04.2010 թվականի տեղեկանքում (գ/թ 21):

Վերը նշվածից հետևում է, որ դատարանին հայտնի չի եղել Մարինե ՈՒշակյանի` Ռուսաստանի Դաշնությունում բնակության հստակ հասցեն, իսկ հայցվորը չի միջնորդել պատասխանողի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94 հոդվածի 2-րդ կետի համաձայն` հայցվորի միջնորդությամբ է, որ դատարանը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով հայտարարում է պատասխանողի և (կամ) նրա գույքի հետախուզում:

Հետագայում է միայն գործի 2-րդ հատորում առկա լիազորագրի պատճենից պարզվում, որ Մարինե Մինասի ՈՒշակյանի` ծնված 26.01.1984 թվականին, թիվ 20 08 957/66 անձնագիրը տրվել է 09.06.2008 թվականին ՌԴ-ի Վորոնեժ քաղաքի Չեխովի փողոցի թիվ 30 տանը:

Հետևաբար, անընդունելի է հանձնաժողովի որոշման 4-րդ էջում նշված հետևյալ եզրահանգումը.

«Ավելին, 28.04.2010 թվականի դրությամբ, ինչպես նաև նույն օրը կայացած դատական նիստի ժամանակ պատասխանողի թե՛ գրանցման, թե՛ փաստացի բնակության հասցեներն արդեն դատարանին հայտնի են եղել (հիմք` դատական նիստի արձանագրություն և հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումը, որում նշված են պատասխանողի` թե՛ Երևան քաղաքի, թե՛ ՌԴ-ի հասցեները), այնուամենայնիվ, դատարանը գործին մասնակցող անձի նշած հասցեներով պատասխանողին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցելու ուղղությամբ որևէ դատավարական գործողություններ չի կատարել»:

Իրականում հայցադիմումում պատասխանողի հասցեն նշվել է` ք. Երևան, Կոմիտասի փողոց, 36ա շենք, 31 բնակարան, փաստացի բնակվող` ՌԴ, Գեորգիևսկ քաղաք` չնշելով փաստացի բնակության որևէ կոնկրետ հասցե (գ/թ 23 և 25): Սակայն, ինչպես նշվեց, վերադաս դատարանին ներկայացված լիազորագրի քսերոպատճենից պարզվել է, որ պատասխանողը հաշվառված է Վորոնեժ քաղաքում:

Պատասխանողի փաստացի բնակության (գտնվելու) վայրը պարզված չլինելու հանգամանքներում դատարանը, հաշվի առնելով, որ հնարավոր չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի պահանջների պահպանմամբ ապահովել Մ. ՈՒշակյանի ծանուցումը, 28.04.2010 թվականի նախապատրաստական նիստի արձանագրային որոշմամբ պատասխանողի ծանուցումը կազմակերպել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Ընդ որում, Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարին 29.04.2010 թվականի գրությամբ խնդրվել է Մարինե ՈՒշակյանին 13.05.2010 թվականին` ժամը 15-ին նշանակված դատական նիստի մասին` միաժամանակ ուղարկելով հայցադիմումի օրինակը` Մ. ՈՒշակյանին հանձնելու համար: Այդ գրությամբ չի խնդրվել հայտնել պատասխանողի Կոմիտասի փողոցի 36ա շենքի 31 բնակարանում բնակվելու կամ չբնակվելու մասին, այլ խնդրվել է պատասխանողին ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին` նրան հանձնելով հայցադիմումի օրինակը (գ/թ 29):

Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի գրությամբ հայտնվել է, որ Մարինե ՈՒշակյանը Կոմիտասի փողոցի 36ա շենքի 31 բնակարանում չի բնակվում: Չնայած իմ կողմից չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78 հոդվածի 1-ին և 3-րդ կետերով ծանուցման հերթականությունը, սակայն վերջնական արդյունքը պետք է լիներ նույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով ծանուցման կազմակերպումը, քանի որ պատասխանողը միակ հայտնի նշված հասցեում չի բնակվում, իսկ պատասխանողին նշված կարգով ծանուցումը կազմակերպվել է` միայն գործի համար պարզված հանգամանքներից ելնելով:

Հանձնաժողովը որոշման 5-րդ էջում արձանագրել է հետևյալը`

«Կարգապահական հանձնաժողովը հարկ է համարում նշել նաև, որ գործում առկա` ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետի գրության առկայության պայմաններում, համաձայն որի` Երևանի Կոմիտասի փողոցի 36ա շենքի 31 բնակարանում հաշվառված են Սիլվա Լաչինյանը, Լիանա և Երվանդ Մինասի ՈՒշակյանները, դատարանը պետք է պարզեր բնակարանի նկատմամբ այլ անձանց իրավունքների առկայության փաստը և բնակարանում հաշվառում ունեցող այլ անձանց նույնպես դատաքննությանը ներգրավելու ուղղությամբ ինչ-որ դատավարական գործողություններ կատարեր, քանի որ վերը նշված գրությունից ակնհայտ է, որ բնակարանի սեփականատերն այլ ժառանգներ նույնպես ունի»:

Նշված փաստարկն անընդունելի է, քանի որ այդ գրությունում Երվանդ Մինասի ՈՒշակյանի (ծնված` 1978 թվականին)` տվյալ հասցեում հաշվառում ունենալու վերաբերյալ նշում չկա, հետևաբար նա հաշվառում չունի, իսկ մյուս երկու անձինք` ժառանգատուի հարսը և թոռը, այդ բնակարանի նկատմամբ որևէ գրանցված իրավունք չունեն, որը հիմնավորվում է 15.09.2004 թվականին տրված և գործում առկա սեփականության իրավունքի գրանցման վկայականով, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 16.03.2010 թվականին տրված թիվ 1068ա գրությամբ, որոնց համաձայն բնակարանի միակ սեփականատերն է Երվանդ ՈՒշակյանը (ավագը):

Եթե հանձնաժողովը «բնակարանի սեփականատերն այլ ժառանգներ նույնպես ունի» արտահայտությունում նկատի է ունեցել ժառանգության ներկայացման իրավունքը կամ ժառանգության փոխանցման (տրանսմիսիա) իրավունքը, ապա դրա պատասխանը տրված է դատարանի` 24.05.2010 թվականի թիվ ԵԱՔԴ/0575/02/10 վճռի պատճառաբանական մասում, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221 (ժառանգությունը ներկայացման իրավունքով) և 1229 (ժառանգության իրավունքի փոխանցում) հոդվածները վճիռը կայացնելու ժամանակ կիրառելի չեն եղել, քանի որ Մինաս Երվանդի ՈՒշակյանի մահվան վերաբերյալ ապացույց չի ներկայացվել:

Հետևաբար, ոստիկանության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի հիշյալ գրությունից ակնհայտ չէ, որ բնակարանի սեփականատերն ունի այլ ժառանգներ, հանձինս նրա հարսի և թոռների: Հետևաբար նրանց իրավունքներին ու շահերին առնչվող վճիռ չի կայացվել:

Եթե հանձնաժողովը նկատի է ունեցել հետագայում վերադաս դատարանին ներկայացված մահվան վկայականի պատճենը, որի համաձայն Մինաս Երվանդի ՈՒշակյանը մահացել է 2005 թվականի նոյեմբերի 5-ին (հատոր 2-րդ, գ/թ 96), և նրա ժառանգները ներկայացման իրավունքով հանդիսանում են ժառանգներ, ապա դա նույնպես անընդունելի է:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի` առաջին հերթի ժառանգներ են հանդիսանում ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:

Ներկայացման իրավունքով ժառանգման պայմանները մասնավորեցված է նույն օրենսգրքի 1221 հոդվածում, որի 1-ին կետի համաձայն` մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն): Մինչդեռ Մինաս Երվանդի ՈՒշակյանը մահացել է ոչ թե մինչև ժառանգության բացումը, այլ դրանից մի քանի տարի հետո: Հետևաբար դատարանի 24.05.2010 թվականի վճռով չի խախտվել Մինաս ՈՒշակյանի երեխաների իրավունքները:

Հանձնաժողովն արձանագրել է, որ գործը դատաքննության նշանակելու մասին դատարանի 13.05.2010 թվականի որոշումը չի ուղարկվել դատավարության մասնակիցներին, որով խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.9-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգը:

Գործը դատաքննության է նշանակվել հայցվորի ներկայությամբ, այն հայտարարվել և ձայնագրվել է, ուստի հայցվորը պատշաճ տեղեկացված է եղել նաև դատաքննության ժամանակի և վայրի մասին, իսկ պատասխանողի գտնվելու վայրն անհայտ է եղել, որի պատճառով գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը լրացուցիչ չի ուղարկվել:

Այնուհետև նշվել է դատարանի վճռի պատճառաբանական մասի որոշ հատվածներ` մասնավորապես արձանագրվել է, որ «Դատարանն ապացուցված է համարել այն փաստը, որ ժառանգատուի մահից հետո հայցվորին է անցել ծնողներին պատկանող որոշակի գույք, սակայն դրա վերաբերյալ դատարանին պատշաճ ապացույցներ չեն ներկայացվել:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով, իսկ ժառանգական գույքը փաստացի տիրապետելու, ինչպես նաև ժառանգատուին պատկանող որոշակի գույք հայցվորին անցնելու վերաբերյալ ապացույցները չեն կարող հիմնավոր լինել միայն դատաքննությանը դիմումատուի բանավոր պնդմամբ:

Վերոգրյալից հետևում է, որ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործում առկա ապացույցները»:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն` այդ տեղեկությունները հաստատվում են նաև գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Դատաքննության ընթացքում հայցվորը ցուցմունք է տվել և պնդել, որ իր եղբոր կինը 2004 թվականից բնակվում է ՌԴ-ում, որի հասցեն չգիտի (ըստ 2-րդ հատորի գ/թ 10-ի` Սիլվա Լաչինյանը 24.06.2006 թվականին Գեորգիևսկի շրջանի ՆԳ բաժնից ստացել է 0706770529 անձնագիրը և հաշվառված է Գեորգիևսկ քաղաքի Միռի փողոցի 3-րդ շենքի թիվ 52 բնակարանում):

Այնուհետև հայցվորը նախագահողի հարցին ի պատասխան հավաստել է, որ հոր մահից հետո իրեն է անցել նրա գույքից ոսկեղեն և որոշակի գույք, իսկ մոր մահից հետո իրեն տրվել է նրա մատանին և ժամացույցը (հատոր 1-ին գ/թ 34):

Մի՞թե հայցվորի նշված ցուցմունքը թույլատրելի և վերաբերելի ապացույց չէ, ինչպես նշում է հանձնաժողովը` հղում կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51 հոդվածի 1-ին մասին, դրանից եզրահանգելով, որ թույլ է տրվել նույն օրենսգրքի 53-րդ հոդվածի կոպիտ խախտում:

Օրենքով թույլատրված նշված ապացույցը ինչպիսի՞ հիմքով դատարանը պետք է անհիմն համարեր:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, որը և իմ կողմից կատարվել է»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1. Դիմումատուն 26.03.2010 թվականին դիմել է Դատարան` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով:

2. Դիմումատուն մինչև 28.04.2010 թվականին նշանակված դատական նիստը 20.04.2010 թվականին դիմումով փոխել է պահանջի հիմքը և հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Մարինե Մինասի ՈՒշակյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով, որով հայտնել է, որ իրեն հայտնի է դարձել, որ Կոմիտասի փողոցի 36ա շենքի թիվ 31 բնակարանի նկատմամբ ժառանգությունն ընդունելու համար Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտարին է դիմել իր հանգուցյալ եղբոր դուստրը` Մարինե ՈՒշակյանը, որն այդ բնակարանում երբևիցե հաշվառում չի ունեցել:

3. Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածով, որոշում է կայացրել Պատասխանողի ծանուցումը կազմակերպել նրա վերջին հայտնի բնակության վայրի վարչական շրջանի միջոցով, որի ղեկավարի գրությամբ հայտնվել է, որ Պատասխանողը նշված հասցեում չի բնակվում:

4. Դատարանի 24.05.2010 թվականի թիվ ԵԱՔԴ 0575/02/10 վճռով (դատավոր` Ս. Արամյան) հայցը բավարարվել է: Հայցը բավարարելիս Դատարանը ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ, 1225-րդ, 1226-րդ և 1229-րդ հոդվածներով և դատաքննությամբ հիմնավորված է համարել, որ հայցվորը, լինելով ժառանգատուի առաջին հերթի միակ ժառանգը, ժառանգական գույքը փաստացի տիրապետել և կառավարել է, ձեռնարկել և ձեռնարկում է միջոցներ երրորդ անձանց հավակնություններից գույքը պաշտպանելու համար:

5. Պատասխանողի մայրը` Սիլվա Լաչինյանը, վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, որի 02.09.2010 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

6. Վերաքննիչ դատարանի 02.09.2010 թվականի որոշման դեմ Սիլվա Լաչինյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան, որը 03.12.2010 թվականին որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել Վերաքննիչ դատարանի 02.09.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Դատարան` նոր քննության:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննարկելով Դատարանի դատավոր Ս. Արամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի համաձայն` բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև, իսկ 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական գործերով արդարադատությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև` քաղաքացիների ու իրավաբանական անձանց հավասարության սկզբունքների հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետը մասնավորապես սահմանում է, որ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով): Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է գործին մասնակցող անձի նշած հասցեով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն է հայտնել ՀՀ վճռաբեկ դատարանն իր թիվ 3-2236(Ա) 2006 թվականի որոշմամբ, որում մասնավորապես նշված է. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները պատշաճ ծանուցված են համարվում այն դեպքում, երբ դատարանում հավաստի տեղեկություն է ստացվում դատական ծանուցագիրը հասցեատիրոջը հանձնելու մասին: Գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանն է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը` կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում: Մրցակցային դատաքննության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, որի չպահպանելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դատավարական իրավունքի էական խախտում»:

Հարկ է նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման առանձնահատկություններին: Վճռաբեկ դատարանը մասնավորապես նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետից հետևում է, որ պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին ծանուցում ուղարկելը, համայնքի կողմից դատական ծանուցագիրն ստանալը և այն ստանալու փաստը հավաստող մակագրությամբ դատարանի կողմից հաղորդագրություն ստանալը հանդիսանում է գործի քննությունը սկսելու համար նախապայման միայն այն դեպքում, երբ անհայտ է պատասխանողի փաստացի գտնվելու վայրը, այսինքն` երբ դատարանը պատշաճ կերպով կատարում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված` ծանուցագիրը գործին մասնակցող անձի նշած հասցեով ուղարկելու պարտավորությունը, որի արդյունքում պարզվում է, որ ծանուցվող անձն այդ հասցեում չի գտնվում: Այսինքն` նշված հոդվածով նախատեսված գործողությունները դատարանն իրավասու է իրականացնել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված գործին մասնակցող անձանց ծանուցելու հնարավորությունները սպառելուց հետո (տե՛ս Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի` բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1689(Ա) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված են միմյանց հաջորդող դատավարական գործողություններ, և դատարանի պարտականությունն է նաև դրանք կատարել հաջորդաբար, այն է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով ապահովել գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցում, այնուհետև պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի կարգով սկսել գործի քննությունը, որն ի դեպ գործի քննությունը սկսելու համար նախապայման է:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 28.04.2010 թվականին նշանակված դատական նիստի ժամանակ ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածով, արձանագրային որոշում է կայացրել Պատասխանողի ծանուցումը նրա վերջին հայտնի բնակության վայրի վարչական շրջանի ղեկավարի միջոցով կազմակերպելու մասին, առանց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված պահանջը կատարելու, իսկ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի գրությամբ Դատարանին հայտնվել է, որ Պատասխանողը նշված հասցեում չի բնակվում:

Այսինքն` Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով Պատասխանողին պատշաճ ձևով չի ծանուցել դատական գործի քննության ժամանակի և վայրի մասին, որով Դատարանը չի կատարել կողմերին պատշաճ ձևով ծանուցելու պարտականությունը. որը, իր հերթին, հանգեցրել է կողմի` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի խախտման:

Միաժամանակ, ՀՀ դատական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` դատարաններն արդարադատությունն իրականացնում են Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերին և օրենքներին համապատասխան:

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ մի այն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե՛ս, օրինակ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ 3-2504(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումը):

Խորհուրդը գտնում է, որ դատարանը գործը քննելիս պարտավոր է պատշաճ կերպով պատճառաբանել դատական ակտը:

Մինչդեռ, Խորհուրդը գտնում է, որ Դատարանը թույլ է տվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի, 51-րդ հոդվածի 1-ին կետի, 53-րդ հոդվածի 1-ին կետի խախտումներ, և համամիտ է Կարգապահական հանձնաժողովի նաև այն եզրահանգման հետ, որ հայցվորը պատշաճ ապացույցներ չի ներկայացրել այն մասին, որ նա ժառանգատուի առաջին հերթի միակ ժառանգն է, ժառանգական գույքը փաստացի տիրապետել և կառավարել է, ձեռնարկել և շարունակում է ձեռնարկել միջոցներ երրորդ անձանց հավակնություններից գույքը պաշտպանելու համար: Միաժամանակ, ուշադրության է արժանի այն, որ Դատարանն ապացուցված է համարել նաև այն փաստը, որ ժառանգատուի մահից հետո Դիմումատուին է անցել ծնողներին պատկանող որոշակի գույք, հետևաբար ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, ինչի վերաբերյալ նույնպես Դատարանին պատշաճ ապացույցներ չեն ներկայացվել:

Ավելին, դատաքննության ժամանակ Դատարանը հայցվորին հարց է ուղղել այն մասին, թե նա ինչու է ցանկանում միայնակ ժառանգել ժառանգատուի ամբողջ գույքը, հայցվորը պատասխանել է, որ նա չի հավակնում ամբողջ գույքին, այլև ցանկանում է ժառանգել մասնակի կամ հավասար բաժիններով եղբոր հետ: Մինչդեռ, Դատարանն անտեսելով վերոգրյալը, վճռով հաստատված է համարել հայցվորի` միակ ժառանգ լինելու հանգամանքը և նրան ճանաչել է ամբողջ ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:

Ինչ վերաբերում է հայցի բավարարման հիմքում դրված հայցվորի ցուցմունքին, որը Դատարանը գնահատել է որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի ուժով թույլատրելի ապացույց, ապա Խորհուրդը գտնում է, որ այն չէր կարող դրվել վճռի հիմքում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան ապացուցված չէ սույն օրենսգրքով:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցների նկատմամբ, որոնց հետ գործին մասնակցող մյուս անձինք սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ քանի որ հայցվորի կողմից Դատարանին ներկայացված ապացույցին` հայցվորի տված ցուցմունքին, Պատասխանողը ընդհանրապես չի ծանոթացել գործի քննության ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված չլինելու պատճառով, հետևաբար Դատարանն այն չէր կարող դնել վճռի հիմքում և դրանում նշված հանգամանքները համարեր ապացուցված:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը արձանագրում է, որ Դատարանը թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 161-րդ հոդվածով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Արամյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

    Արդարադատության խորհրդի անդամներ`        Գ. Բադիրյան

                                             Կ. Բաղդասարյան

                                             Տ. Բարսեղյան

                                             Ա. Թումանյան

                                             Գ. Խանդանյան

                                             Ա. Խաչատրյան

                                             Մ. Մակյան

                                             Մ. Մարտիրոսյան

                                             Ս. Օհանյան

 

 

pin
Արդարադատության խորհուրդ
21.01.2011
N ԱԽ-1-Ո-3
Որոշում