ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ2/0162/05/10
Վարչական գործ թիվ ՎԴ2/0162/05/10 2010 թ.
Նախագահող դատավոր` Հ. Թորոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Աբելյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի դեկտեմբերի 03-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով Լյովա Բեջանյանի և Հենրիկ Միկիչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.07.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Գեղամ Յարալյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժնի (այսուհետ` ԴԱՀԿ)` 21.07.2008 թվականի «Կատարողական վարույթը հետաձգելու մասին» որոշումը վերացնելու և կատարողական վարույթը վերսկսելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գեղամ Յարալյանը պահանջել է պարտավորեցնել ԴԱՀԿ-ին վերացնել 21.07.2008 թվականի «Կատարողական վարույթը հետաձգելու մասին» որոշումը և վերսկսել կատարողական վարույթը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է պարտավորեցնել ԴԱՀԿ-ին վերսկսել թիվ 11-43704 կատարողական վարույթը և ապահովել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 28.09.2007 թվականին տրված թիվ 07-623 կատարողական թերթի պահանջների կատարումը: Հայցը մնացած մասով մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Լյովա Բեջանյանը և Հենրիկ Միկիչյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի և 118.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Դատարանը գործի քննությանը մասնակից չդարձված Լյովա Բեջանյանի և Հենրիկ Միկիչյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, որը հանգեցրել է գործի սխալ լուծման: Ըստ էության, հայցի առարկան անմիջականորեն վերաբերում է Լյովա Բեջանյանին և Հենրիկ Միկիչյանին, քանի որ ըստ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 28.09.2007 թվականին տրված թիվ 07-623 կատարողական թերթի` վերջիններս պետք է վտարվեն ՀՀ Տավուշի մարզի Արճիս գյուղում գտնվող Գեղամ Յարալյանին պատկանող տարածքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 30.07.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել Դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2007 թվականի վճռով բավարարվել է Գեղամ Յարալյանի հայցն ընդդեմ Լյովա Բեջանյանի և Հենրիկ Միկիչյանի` տարածքից վտարելու պահանջի մասին, և վճռվել է պատասխանողներին վտարել ՀՀ Տավուշի մարզի Արճիս գյուղում գտնվող, Գեղամ Յարալյանին պատկանող տարածքից (գ.թ. 6-8):
2) ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարանի 18.07.2008 թվականի «Վճռի կատարումը հետաձգելու մասին» որոշմամբ հետաձգվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2007 թվականի վճռով Լյովա Բեջանյանի և Հենրիկ Միկիչյանի վտարումը ՀՀ Տավուշի մարզի Արճիս գյուղում գտնվող, Գեղամ Յարալյանին պատկանող տարածքից (գ.թ. 17):
3) ԴԱՀԿ-ի հարկադիր կատարող Վ. Հարությունյանի 21.07.2008 թվականի «Կատարողական վարույթը հետաձգելու մասին» որոշմամբ ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարանի 18.07.2008 թվականի «Վճռի կատարումը հետաձգելու մասին» որոշման հիման վրա թիվ 11-43704 կատարողական վարույթը հետաձգվել է` մինչև դատարանի կողմից հետաձգման որոշումը վերացնելը (գ.թ.25):
4) Լյովա Բեջանյանը և Հենրիկ Միկիչյանը սույն գործի քննությանը մասնակից չեն դարձվել:
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով անձին երաշխավորվում է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վճռաբեկ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` կատարողական վարույթի կողմերն են պահանջատերն ու պարտապանը: Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:
Նշված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տես` Լաուրա Մկրտչյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տես ըստ հայցի Լաուրա Մկրտչյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին, թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
Սույն գործի փաստերի համաձայն`ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2007 թվականի վճռից, ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարանի 18.07.2008 թվականի «Վճռի կատարումը հետաձգելու մասին» որոշումից, ԴԱՀԿ-ի հարկադիր կատարող Վ. Հարությունյանի 21.07.2008 թվականի «Կատարողական վարույթը հետաձգելու մասին» որոշումից ակնհայտ է, որ Լյովա Բեջանյանը և Հենրիկ Միկիչյանը թիվ 11-43704 կատարողական վարույթով պարտապաններ են: Այնինչ, սույն գործով Դատարանի 30.07.2010 թվականի վճիռը, որով ԴԱՀԿ-ը պարտավորվել է վերսկսել թիվ 11-43704 կատարողական վարույթը և ապահովել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 28.09.2007 թվականին տրված թիվ 07-623 կատարողական թերթի պահանջների կատարումը, կայացվել է գործին մասնակից չդարձված անձանց` Լյովա Բեջանյանի և Հենրիկ Միկիչյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն ուղղակիորեն առնչվում է բողոք բերած անձանց իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ, վերջիններս գործի քննությանը մասնակից չեն դարձվել:
Այսինքն` բողոք բերած անձինք զրկվել են իրենց դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է վերջիններիս` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում գործի հրապարակային քննության իրավունքը:
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.07.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան