Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ, 9-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ Դ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ             Վարչական գործ թիվ ՎԴ/0480/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ/0480/05/09                               2010 թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի        

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի          

                                              Վ. Աբելյանի            

                                              Ս. Անտոնյանի           

                                              Վ. Ավանեսյանի          

                                              Մ. Դրմեյանի            

                                              Գ. Հակոբյանի           

                                              Է. Հայրիյանի           

                                              Տ. Պետրոսյանի          

                                              Ե. Սողոմոնյանի

                               

2010 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լևոն Բարսեղյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 01.07.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Լևոն Բարսեղյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի (այսուհետ` Կոմիտեի նախագահ)` տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու և 2010 թվականի հունվարի 18-ի թիվ 1 հարցումով հայցված տեղեկատվությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լևոն Բարսեղյանը պահանջել է ճանաչել տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը և պարտավորեցնել Կոմիտեի նախագահին տրամադրել 2010 թվականի հունվարի 18-ի թիվ 1 հարցումով հայցված տեղեկատվությունը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 01.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Բարսեղյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 27-րդ, 27.1-րդ հոդվածները, չի կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 9-րդ հոդվածները, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ, 27-րդ, 112-րդ, 113-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն առանց ուսումնասիրելու փնտրվող տեղեկությունների հիմքում ընկած Կոմիտեի գործողությունների իրավաչափությունը, հանգել է հետևության, որ «դրանք որևէ կերպ չեն առնչվում այն գործառույթներին, որոնց իրականացման առաքելությունը կրում է այդ մարմինը» և եզրակացրել է, որ Լևոն Բարսեղյանի կողմից փնտրվող տեղեկատվությունն առաջացել է Կոմիտեի գործառույթներից դուրս իրականացրած գործողությունների արդյունքում, ուստի դրանք «չեն կարող պահանջվել պատասխանող վարչական մարմնից»:

Դատարանը, տեղեկատվության իրավունքի խախտման փաստն ապացուցելու բեռը դնելով Լևոն Բարսեղյանի վրա, անտեսել է նույնանման փաստական հանգամանքներով այլ գործերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունների վերաբերյալ Լևոն Բարսեղյանի բացատրությունները և վճռում չի արտահայտել որևէ դիրքորոշում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 01.07.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է եղել կատարել լրացուցիչ աշխատանք: Հատկանշական է, որ 20.01.2010 թվականին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում մուտք եղած դիմումին ըստ էության պատասխան տրվել է 30-օրյա ժամկետի պահպանմամբ` 16.02.2010 թվականին:

Դատական քննության ընթացքում մատնանշվել է այն հանգամանքը, որ «տեղեկություն» հասկացության իրավական ամբողջության և առկայության համար պարտադիր է ոչ միայն վերջինիս վերաբերվելը անձին, առարկային, փաստին, հանգամանքին, իրադարձությանը, եղելությանը կամ երևույթին, այլև վերջինիս` օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված լինելը: Տվյալ դեպքում հաշվի առնելով, որ տեղեկատվությունների գրանցումը, դասակարգումը և պահպանումը նախատեսող կարգ դեռևս գոյություն չունի, ակնհայտ է, որ «տեղեկություն» եզրույթի կիրառումը հայցվորի նշած իրավական իմաստով գոյություն ունենալ չի կարող:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 18.01.2010 թվականի «Տեղեկություն ստանալու հարցում-1/2010» գրավոր հարցմամբ Լևոն Բարսեղյանը Կոմիտեի նախագահին խնդրել է տրամադրել հետևյալ տեղեկությունները. «ա. Հայկական շոու բիզնեսի որ երգիչները և հումորիստներն են մասնակցել Կոմիտեի պատվերով «Մարիոտ-Արմենիա» հյուրանոցային համալիրի Տիգրան Մեծ սրահում 2009 թվականի դեկտեմբերի 27-ին Կոմիտեի վերադաս մարմնի տարածքային հարկային տեսչությունների, մաքսատների և մաքսակետերի պաշտոնական անձանց համար կազմակերպված Ամանորի միջոցառումում:

բ. Երբ է սկսվել և երբ է ավարտվել Կոմիտեի պատվերով «Մարիոտ-Արմենիա» հյուրանոցային համալիրի Տիգրան Մեծ սրահում 2009 թվականի դեկտեմբերի 27-ին Կոմիտեի վերադաս մարմնի տարածքային հարկային տեսչությունների, մաքսատների և մաքսակետերի պաշտոնական անձանց համար կազմակերպված Ամանորի միջոցառումը, խնդրում եմ նշել ժամերով:

գ. Կոմիտեի աշխատակիցներից ովքեր են որպես խրախուսանքի միջոց պարգևատրվել «Տերմինալ Պահեստ» ՍՊԸ-ից ձեռք բերված Breitling մակնիշի շվեյցարական արտադրության ժամանակացույցներով, խնդրում եմ պարգևատրվածներին հիշատակել անուն-ազգանուններով և պաշտոններով, ինչպես նաև հիշատակել նրանց հանձնված ժամացույցները` ըստ տեսակների» (գ.թ. 12):

2. Պահանջված տեղեկատվությանն ի պատասխան, Կոմիտեն 16.02.2010 թվականի թիվ 4211/1 գրությամբ հայտնել է, որ ««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` տեղեկությունը անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն են` անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից: Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցումը, դասակարգումը և պահպանումն իրականացվում են ՀՀ կառավարության սահմանած կարգով: Օրենքի վերոնշյալ դրույթներով նախատեսված իրավական ակտերի բացակայության պայմաններում` հիմք է ընդունվում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է` եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից» (գ.թ. 23):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից:

ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` տեղեկությունը` անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն են` անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ):

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդրի կողմից երաշխավորվել է յուրաքանչյուր անձի իրավունքն օրենքով սահմանված կարգով դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու իր փնտրած տեղեկությունը: Ընդ որում, տեղեկատվություն փնտրողին պետք է տրվի պատշաճ` լրիվ և սպառիչ պատասխան:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի իրավական հիմնավորումը:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի, որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ պահանջվող տեղեկությունները որպես տեղեկատվություն չեն կարող պահանջվել պատասխանող վարչական մարմնից, քանի որ դրանք որևէ կերպ չեն առնչվում այն գործառույթներին, որոնց իրականացման առաքելությունը կրում է այդ մարմինը:

Մինչդեռ, սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ պահանջվող տեղեկությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի ուժով չի համարվում օրենքով սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալ, որևէ կերպ չի հիմնավորել իր այդ պնդումը, ինչպես նաև չի հիմնավորել պահանջվող տեղեկությունը տվյալ վարչական մարմնի գործառույթների հետ կապված չլինելու հանգամանքը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճիռն անհիմն է:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 01.07.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2010
N ՎԴ/0480/05/09
Որոշում