Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 29.12.2005 ԹՎԱԿԱՆԻ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 29.12.2005 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ 50-ՐԴ ԿԵՏԻ, ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ Դ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ             Վարչական գործ թիվ ՎԴ/4671/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/4671/05/08                              2011 թ.

Նախագահող դատավոր` Ա. Ղազարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի      

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

 

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արտուշ, Հարություն Պետրոսյանների, Անժիկ Մելքոնյանի և Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական դատարանի 25.05.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Անուշ Պետրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթունի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք Արտուշ, Հարություն Պետրոսյանների, Անժիկ Մելքոնյանի` Երևանի քաղաքապետի 28.11.2007 թվականի թիվ 5080-Ա որոշման 23-րդ տողը, Արտուշ, Հարություն Պետրոսյանների և Անժիկ Մելքոնյանի անվամբ Երևանի Քանաքեռի 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 17/1 տանը կից տնամերձ հողակտորի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 000285 թերթիկը ոչ իրավաչափ և անվավեր ճանաչելու, ինչպես նաև գույքի պետական գրանցման թիվ 000061 գրանցման թերթիկի գրանցման տվյալների տեղափոխման մասում Կադաստրի կողմից իրականացված պետական գրանցումը մասնակի ոչ իրավաչափ և անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Անուշ Պետրոսյանը պահանջել է ոչ իրավաչափ և անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 28.11.2007 թվականի թիվ 5080-Ա որոշման 23-րդ տողը, Արտուշ, Հարություն Պետրոսյանների և Անժիկ Մելքոնյանի անվամբ Երևանի Քանաքեռի 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 17/1 տանը կից տնամերձ հողակտորի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 000285 թերթիկը, ինչպես նաև մասնակի` 000061 գրանցման թերթը գույքի գրանցման թիվ 01-012-4-52 մատյանի թիվ 000285 գրանցման թերթ տեղափոխելու մասով, ոչ իրավաչափ և անվավեր ճանաչել գույքի պետական գրանցման թիվ 000061 գրանցման թերթիկի գրանցման տվյալների տեղափոխման մասում Կադաստրի կողմից իրականացված պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 25.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Արտուշ և Հարություն Պետրոսյանները, Անժիկ Մելքոնյանը և Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

 

2. Արտուշ, Հարություն Պետրոսյանների և Անժիկ Մելքոնյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի «ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային, աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Դատարանը չի պարզել գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, թե հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված որ իրավունքներն են խախտվել Երևանի քաղաքապետի վիճարկվող որոշմամբ և Կադաստրի կողմից կատարված իրավունքների պետական գրանցմամբ: Մասնավորապես, Դատարանը պատշաճ գնահատման առարկա չի դարձրել այն հարցը, թե հայցի բավարարումն ինչ իրավական հետևանքներ կարող է առաջացնել հայցվորի համար այն պարագայում, երբ Վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի թիվ 3-1229 (ՎԴ) որոշմամբ Երևանի Քանաքեռի 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 17 հասցեի գույքի մի մասը դարձել է բողոք բերած անձանց սեփականությունը: Այսինքն` իրավունք սահմանող դատական ակտի առկայության պայմաններում ակնհայտ է, որ հայցի բավարարումը չի կարող հանգեցնել հայցվորի սեփականության իրավունքի վերականգմանը և ընդհանրապես նրա համար առաջացնել որևէ բարենպաստ իրավական հետևանք:

Բացի այդ, Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հասցեի տրամադրման դիմում, բացի անշարժ գույքի սեփականատիրոջից, կարող է ներկայացնել նաև դրա օգտագործողը, իսկ այն, որ բողոք բերած անձինք անշարժ գույքի օգտագործողներ են, հիմնավորվել է Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշմամբ:

Դատարանը հաշվի չի առել նաև, որ վիճելի հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը նախկինում կատարված է եղել միայն Անուշ Պետրոսյանի անվամբ, և առկա է եղել միայն մեկ կադաստրային գործ, իսկ նշված գույքի սեփականության իրավունքի փոխանցման պայմաններում առաջացել են երկու տարբեր սեփականատեր ունեցող գույքային միավորներ: Նման պայմաններում պարզ է Կադաստրի գործողությունների իրավաչափությունը` նշված գույքային միավորների կադաստրային գործերի տարանջատման ուղղությամբ: Դրանով է պայմանավորված նոր հասցե ունեցող անշարժ գույքի միավորը ոչ թե նախկին գրանցման թերթիկում գրանցելը, այլ դրա տեղափոխումը մեկ այլ գրանցման թերթ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 25.05.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի «ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային, աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի իրականացրել, չի հետազոտել և գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես` հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 01.08.2007 թվականի թիվ 3-1229 (ՎԴ) որոշմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Արտուշ, Հարություն Պետրոսյանների և Անժիկ Մելքոնյանի սեփականության իրավունքը Երևանի Քանաքեռի 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 17 հասցեի գույքի մի մասի նկատմամբ:

Ավելին, Դատարանը չի պարզել սույն գործի լուծման համար կարևորագույն նշանակություն ունեցող այն հանգամանքը, թե Երևանի քաղաքապետի վիճարկվող որոշմամբ հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված որ իրավունքներն են խախտվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 25.05.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 01.08.2007 թվականի թիվ 3-1229 (ՎԴ) որոշմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Արտուշ, Հարություն Պետրոսյանների և Անժիկ Մելքոնյանի սեփականության իրավունքը Երևանի Քանաքեռ 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 17 բնակելի տան ըստ հատակագծի 1-ին հարկի 72,4 քմ, 2-րդ հարկի 14,2 քմ մակերեսներով շինությունների և 115 քմ մակերեսով հողի նկատմամբ, որից 95 քմ մակերեսով հողամասը շինությունների տակ, իսկ 75 քմ մակերեսով ընդհանուր օգտագործվող հողամասը թողնվել է Արտուշ, Հարություն Պետրոսյաններին, Անժիկ Մելքոնյանին և Անուշ Պետրոսյանին` որպես ընդհանուր սեփականություն:

Նշված որոշմամբ հաստատվել է, որ 08.07.2003 թվականին Անուշ Պետրոսյանին տրվել են թվով երկու սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, որոնցից թիվ 1003096 վկայականի համաձայն` Անուշ Պետրոսյանին է պատկանում 86,6 քմ մակերեսով բնակելի տունը, թիվ 1003097 վկայականով` 137 քմ մակերեսով բնակելի տունը, իսկ 618,9 քմ մակերեսով հողամասն ըստ հիշատակված վկայականների` ընդհանուր սեփականություն է: Վիճելի գույքը փաստացի առանձնացված է (հատոր 1-ին, գ.թ. 27-29):

2) Երևանի քաղաքապետի 28.11.2007 թվականի թիվ 5080-Ա որոշման 23-րդ տողի համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 01.08.2007 թվականի թիվ 3-1229 (ՎԴ) որոշմամբ Արտուշ, Հարություն Պետրոսյանների և Անժիկ Մելքոնյանի սեփականության իրավունքը ճանաչված Երևանի Քանաքեռ 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 17 բնակելի տան մի մասին տրամադրվել է նոր հասցե` Երևանի Քանաքեռ 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 17 /1 (հատոր 1-ին, գ.թ. 141-143):

3) 04.04.2008 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2505034 վկայականի համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 01.08.2007 թվականի թիվ 3-1229 (ՎԴ) որոշման հիման վրա Երևանի Քանաքեռ 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 17 /1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-012-4-52 մատյանի 000285 համարի տակ գրանցվել է Արտուշ, Հարություն Պետրոսյանների և Անժիկ Մելքոնյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 32):

4) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների թիվ 000061 գրանցման թերթիկի այլ գրանցման մատյան տեղափոխման մասում Կադաստրի կողմից կատարվել է գրառում, որ թիվ 000061 գրանցման թերթը տեղափոխվել է գույքի գրանցման թիվ 01-012-4-52 մատյանի 000285 համարի գրանցման թերթ (հատոր 1-ին, գ.թ. 26):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վերը նշված հոդվածից հետևում է, որ անձն իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն կարող է հայցել միայն այն դեպքում, եթե գտնում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ անմիջականորեն խախտվել կամ կարող են խախտվել նրա իրավունքները կամ օրինական շահերը: Նշվածից հետևում է նաև, որ վարչական արդարադատություն հայցող անձի պահանջը կարող է բավարարվել միայն նրա` շահագրգիռ անձ լինելու դեպքում, այն է` եթե խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները (տե՛ս ըստ հայցի Ստիխտինգ Ադմինիստրատեկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամի, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերության, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերության և «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի, երրորդ անձ «Նեֆտեննայա կոմպանիա Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի` վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և միջամտող վարչական ակտերը վերացնելու պահանջների մասին թիվ ՎԴ/4342/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.10.2010 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ Արտուշ, Հարություն Պետրոսյանների և Անժիկ Մելքոնյանի սեփականության իրավունքը վիճելի անշարժ գույքի նկատմամբ ծագել է ոչ շուտ, քան 04.04.2008 թվականը, իսկ նրանք հասցեների տրամադրման լիազոր մարմին դիմում են ներկայացրել դեռևս 12.11.2007 թվականին, գտել է, որ դիմումը ներկայացնելու պահին Արտուշ, Հարություն Պետրոսյանները և Անժիկ Մելքոնյանը վիճելի անշարժ գույքի ոչ սեփականատերեր են, ոչ էլ օգտագործողներ, հետևաբար Երևանի քաղաքապետի 28.11.2007 թվականի թիվ 5080-Ա որոշումը կայացվել է ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ սահմանված անշարժ գույքի օբյեկտներին հասցեներ տրամադրելու կարգի խախտմամբ:

Դատարանը միաժամանակ գտել է, որ Կադաստրի գործողությունները` ուղղված ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 01.08.2007 թվականի թիվ 3-1229 (ՎԴ) որոշման կատարմանը, եղել են ոչ իրավաչափ, քանի որ Արտուշ, Հարություն Պետրոսյանների և Անժիկ Մելքոնյանի սեփականության իրավունքը պետք է գրանցվեր տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թիվ 000061 թերթիկում, այնինչ տվյալ թերթիկն ամբողջությամբ ջնջելով` սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է մեկ այլ` 01-012-4-52 մատյանի թիվ 000285 գրանցման թերթում, որը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի խախտում է:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 01.08.2007 թվականի թիվ 3-1229 (ՎԴ) որոշմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Արտուշ, Հարություն Պետրոսյանների և Անժիկ Մելքոնյանի սեփականության իրավունքը Երևանի Քանաքեռ 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 17 բնակելի տան ըստ հատակագծի 1-ին հարկի 72.4 քմ, 2-րդ հարկի 14.2 քմ մակերեսներով շինությունների և 115 քմ մակերեսով հողի նկատմամբ, որից 95 քմ մակերեսով հողամասը շինությունների տակ, իսկ 75 քմ մակերեսով ընդհանուր օգտագործվող հողամասը թողնվել է Արտուշ, Հարություն Պետրոսյաններին, Անժիկ Մելքոնյանին և Անուշ Պետրոսյանին` որպես ընդհանուր սեփականություն: Նշված որոշմամբ հաստատվել է, որ 08.07.2003 թվականին Անուշ Պետրոսյանին տրվել են թվով երկու սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, որոնցից թիվ 1003096 վկայականի համաձայն` Անուշ Պետրոսյանին է պատկանում 86,6 քմ մակերեսով բնակելի տունը, թիվ 1003097 վկայականով` 137 քմ մակերեսով բնակելի տունը, իսկ 618,9 քմ մակերեսով հողամասն ըստ հիշատակված վկայականների` ընդհանուր սեփականություն է: Վիճելի գույքը փաստացի առանձնացված է:

Այսինքն` մինչև ՀՀ վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման կայացումն Անուշ Պետրոսյանի անվամբ իրավունքների պետական գրանցման տարբեր միասնական մատյանների տարբեր համարների տակ սեփականության իրավունքով գրանցված են եղել երկու գույքային միավորներ, որոնցից վիճելի գույքի նկատմամբ նշված որոշմամբ ճանաչվել է Արտուշ, Հարություն Պետրոսյանների և Անժիկ Մելքոնյանի սեփականության իրավունքը:

Երևանի քաղաքապետի 28.11.2007 թվականի թիվ 5080-Ա որոշման 23-րդ տողի համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 01.08.2007 թվականի թիվ 3-1229 (ՎԴ) որոշմամբ Արտուշ, Հարություն Պետրոսյանների և Անժիկ Մելքոնյանի սեփականության իրավունքը ճանաչված Երևանի Քանաքեռ 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 17 բնակելի տան մի մասին տրամադրվել է նոր հասցե` Երևանի Քանաքեռ 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 17/1:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փաստացի առանձնացված վիճելի անշարժ գույքի, դրա նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի համապատասխան համարի տակ Անուշ Պետրոսյանի մյուս անշարժ գույքին չառնչվող գրանցում կատարված լինելու և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 01.08.2007 թվականի թիվ 3-1229 (ՎԴ) որոշմամբ վիճելի անշարժ գույքի նկատմամբ Արտուշ, Հարություն Պետրոսյանների և Անժիկ Մելքոնյանի սեփականության իրավունքը ճանաչվելու պայմաններում վիճելի անշարժ գույքին նոր հասցե տրամադրելով և այդ գույքի նկատմամբ Արտուշ, Հարություն Պետրոսյանների և Անժիկ Մելքոնյանի իրավունքները նույն գրանցման թերթիկում չգրանցելով` Անուշ Պետրոսյանի իրավունքներն ու օրինական շահերը որևէ կերպ չէին կարող խախտվել և չեն խախտվել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արտուշ, Հարություն Պետրոսյանների և Անժիկ Մելքոնյանի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 25.05.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` Անուշ Պետրոսյանի հայցը մերժել:

2. Անուշ Պետրոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:

Անուշ Պետրոսյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ և հօգուտ Արտուշ, Հարություն Պետրոսյանների, Անժիկ Մելքոնյանի բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքների համար վճարված պետական տուրքի գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.03.2011
N ՎԴ/4671/05/08
Որոշում