Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 277-ՐԴ, 476...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 277-ՐԴ, 476-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Օ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ          Վարչական գործ թիվ ՎԴ/4056/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ/4056/05/09                           2011 թ.

Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի       

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի          

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աիդա Շահվերդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 05.06.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Աիդա Շահվերդյանի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի գույքի մասնավորեցման աճուրդային հանձնաժողովի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք Կարեն Շխոյանի և Հրազդանի նոտարական տարածքի նոտարի` մասնակի` 11,76 քմ մակերեսով միջանցիկ տարածքի մասով Հրազդան համայնքի գույքի մասնավորեցման աճուրդային հանձնաժողովի 04.02.2008 թվականի «Գույքի (օբյեկտի) աճուրդով մասնավորեցման մասին» թիվ 1 արձանագրությունը, Հրազդանի քաղաքապետարանի և Կարեն Շխոյանի միջև 03.03.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 34 շենքի 1-ին հարկի ոչ բնակելի տարածքի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Աիդա Շահվերդյանը պահանջել է մասնակի` 11,76 քմ մակերեսով միջանցիկ տարածքի մասով, անվավեր ճանաչել Հրազդան համայնքի գույքի մասնավորեցման աճուրդային հանձնաժողովի 04.02.2008 թվականի «Գույքի (օբյեկտի) աճուրդով մասնավորեցման մասին» թիվ 1 արձանագրությունը, նույն տարածքի մասով Հրազդանի քաղաքապետարանի և Կարեն Շխոյանի միջև 03.03.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 34-րդ շենքի 1-ին հարկի ոչ բնակելի տարածքի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 05.06.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աիդա Շահվերդյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ, 476-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-26-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ հրապարակային սակարկություններով օտարվող բնակելի տարածքը ներառել է նաև իրեն սեփականության իրավունքով պատկանող ոչ բնակելի տարածքի միջանցիկ անցումային 11,76 քմ մակերեսով նախամուտքը:

Դատարանն արձանագրել է, որ չի հիմնավորվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 34-րդ շենքի 1-ին հարկի ոչ բնակելի տարածքի 11,76 քմ մակերեսով միջանցիկ տարածքի Աիդա Շահվերդյանի իրավունքներով ծանրաբեռնված լինելու հանգամանքը, մինչդեռ գործում առկա հատակագծով հիմնավորվում է, որ սեփականության իրավունքով պատկանող ոչ բնակելի տարածք հնարավոր է մուտք գործել միայն միևնույն միջանցքից, որը ներկայումս ներառված է Կարեն Շխոյանին վաճառված ընդհանուր տարածքի մեջ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 06.05.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. 18.03.2008 թվականի թիվ 2517904 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` Հրազդան, Կենտրոն թաղամասի 34-րդ շենքի ոչ բնակելի տարածքի նկատմամբ գրանցվել է Աիդա Շահվերդյանի սեփականության իրավունքը (գ.թ. 27-28, 34-35):

2. Հրազդանի քաղաքային համայնքի ավագանու 14.10.2004 թվականի «Հրազդանի քաղաքային համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի և ոչ բնակելի տարածքների օտարման մասին» որոշմամբ թույլատրվել է քաղաքապետարանին աճուրդային կարգով օտարել համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ ոչ բնակելի տարածքները` Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 34-րդ շենքի առաջին հարկի ոչ բնակելի տարածքը 81,7 քմ մակերեսով` մեկնարկային գինը 164.000 ՀՀ դրամ (գ.թ.22):

3. Հրազդանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Դ. Գևորգյանի 28.07.2009 թվականի թիվ Կ-2141 գրության համաձայն` Աիդա Շահվերդյանին պատկանող ոչ բնակելի տարածքի մուտքը հնարավոր է ապահովել 11,76 քմ մակերեսով միջանցիկ տարածքով (գ.թ.20):

4. Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 34-րդ շենքին կից շինության առաջին հարկի հատակագծից հետևում է, որ Աիդա Շահվերդյանին և Կարեն Շխոյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքներ հնարավոր է մուտք գործել միևնույն միջանցիկ հատվածով (գ.թ. 27):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետի համաձայն`անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի իրավական հիմնավորումը:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռի մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Աիդա Շահվերդյանը չի ներկայացրել որևէ ապացույց և չի հիմնավորվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 34-րդ շենքի 1-ին հարկի ոչ բնակելի տարածքի 11,76 քմ մակերեսով միջանցիկ տարածքն իր իրավունքներով ծանրաբեռնված լինելու հանգամանքը:

Մինչդեռ, Դատարանը չի պատճառաբանել, թե ինչու է մերժում գործում առկա հետևյալ ապացույցները` Հրազդանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Դ. Գևորգյանի 28.07.2009 թվականի թիվ Կ-2141 գրությունը, ըստ որի` Աիդա Շահվերդյանին պատկանող ոչ բնակելի տարածքի մուտքը հնարավոր է ապահովել 11,76 քմ մակերեսով միջանցիկ տարածքով, ինչպես նաև Կենտրոն թաղամասի 34-րդ շենքին կից շինության առաջին հարկի հատակագիծը, որից երևում է, որ Աիդա Շահվերդյանին և Կարեն Շխոյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքներ հնարավոր է մուտք գործել միևնույն միջանցիկ հատվածով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կայացված դատական ակտը հիմնավորված չէ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 05.06.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.03.2011
N ՎԴ/4056
Որոշում